ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 03-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 8
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
դատավորների ընդհանուր ժողովի
2018 թ. նոյեմբերի 8-ի
թիվ 03-Լ որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով).
1.1. Հանձնաժողովը կազմված է ութ անդամից, որոնք իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:
1.2. Հանձնաժողովի նախագահի փոփոխությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
1.3. Հանձնաժողովի գործունեությունն ապահովում է Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժինը (այսուհետ` Սպասարկող անձնակազմ):
1.4. Հանձնաժողովը կարող է ունենալ կլոր կնիք, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, շուրջը հայերեն լեզվով գրված է «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով» բառերը:
2. Հանձնաժողովի նախագահը.
2.1. Հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
2.2. Հանձնաժողովի նախագահը վարում է Հանձնաժողովի նիստերը, Հանձնաժողովի անդամներին (այդ թվում` նաև իրեն) մակագրում է ստացված հաղորդումները, Հանձնաժողովին ներկայացնում է Հանձնաժողովին ուղղված տեղեկությունները:
2.3. Հանձնաժողովի նախագահը քվեարկությունների ժամանակ ունի Հանձնաժողովի անդամին հավասար ձայնի իրավունք:
2.4. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ տվյալ հարցի քննարկմանը չմասնակցելու դեպքում հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:
3. Հանձնաժողովի նիստերը.
3.1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է դռնփակ նիստերի միջոցով, որոնք, ըստ անհրաժեշտության, հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից:
3.2. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Դատական դեպարտամենտի կողմից Հանձնաժողովին տրամադրված վայրում:
3.3. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հանձնաժողովի որևէ անդամի կամ Հանձնաժողովի հանձնարարությամբ Սպասարկող անձնակազմի կողմից:
3.4. Հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:
3.5. Հանձնաժողովի նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ Սպասարկող անձնակազմի կողմից Հանձնաժողովի բոլոր անդամներին տրամադրվում են Հանձնաժողովին հասցեագրված բոլոր դիմումների, հաղորդումների, միջնորդությունների և ձեռքբերված նյութերի պատճենները, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմված տեղեկանքները:
3.6. Հանձնաժողովում ստացված դիմումների, հաղորդումների, միջնորդությունների, ինչպես նաև Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունների ուսումնասիրությունը Հանձնաժողովի նախագահը հնարավորինս ըստ մասնագիտացման և հավասարաչափ մակագրում է Հանձնաժողովի անդամներին:
3.7. Հանձնաժողովի զեկուցող անդամը նիստի ժամանակ իրեն մակագրված հարցն ուսումնասիրում է մինչև հաջորդ նիստի հրավիրումը: Հանձնաժողովի զեկուցող անդամն իրեն մակագրված հարցի վերաբերյալ զեկուցում է Հանձնաժողովին:
3.8. Հանձնաժողովի կողմից լրացուցիչ ուսումնասիրության կամ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված հարցի քննարկումը կարող է հետաձգվել:
4. Հանձնաժողովի որոշումները և դրանց ընդունման կարգը.
4.1. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում հարցի քննարկման արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ չհարուցելու, կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթը կարճելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշումներ:
4.2. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի որոշումն համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից:
4.3. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը դեմ քվեարկած անդամն իրավունք ունի ստորագրել այն, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում պարտավոր է ներկայացնել պատճառաբանված հատուկ կարծիք, որը հանդիսանում է ընդունված որոշման անբաժանելի մասը:
4.4. Հանձնաժողովում քննարկվող հարցը Հանձնաժողովի անդամին վերաբերելու դեպքում Հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում Հանձնաժողովի նիստին` հարցի քննարկմանը և որոշման կայացմանը վերաբերող մասերով:
4.5. Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ չհարուցելու մասին` Հանձնաժողովի նիստում անդամների կողմից քննարկելուց և քվեարկելուց հետո կայացվում է արձանագրային որոշում:
4.6. Կարգապահական վարույթ չհարուցվելու մասին որոշում կայացնելիս Հանձնաժողովը հաղորդում ներկայացրած անձին տալիս է պատճառաբանված գրավոր պատասխան, որը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:
4.7. Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթը կարճելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշումները կայացվում են Հանձնաժողովի նիստում անդամների կողմից քննարկելուց և քվեարկելուց հետո ու դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված Հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած անդամների կողմից:
4.8. Առանձին փաստաթղթերի ձևով Հանձնաժողովի որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
4.9. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների և գրավոր պատասխանների բնօրինակները կցվում են վարույթին և պահվում են Դատական դեպարտամենտում:
5. Սպասարկող անձնակազմը.
5.1. Սպասարկող անձնակազմը պարտավոր է պահպանել գաղտնիություն Հանձնաժողովում քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ: Նման գաղտնիության չպահպանման դեպքում Սպասարկող անձնակազմի համապատասխան աշխատակցի վարքագծի վերաբերյալ Հանձնաժողովը տեղեկացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարին` համապատասխան աշխատակցի վերաբերյալ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը քննարկման առարկա դարձնելու համար:
5.2. Սպասարկող անձնակազմը, ստանալով Հանձնաժողովին հասցեագրված դիմումները, հաղորդումները և միջնորդությունները, մեկ շաբաթյա ժամկետում ձեռք է բերում իրեն հասանելի անհրաժեշտ նյութեր և դրանց վերաբերյալ կազմում է տեղեկանք:
5.3. Սպասարկող անձնակազմը Հանձնաժողովի անդամներին տրամադրելու համար մեկ շաբաթյա ժամկետում նախապատրաստում և տրամադրում է ներկայացված դիմումների, հաղորդումների, միջնորդությունների, ձեռք բերված հասանելի անհրաժեշտ նյութերի և կազմված տեղեկանքի պատճենները:
5.4. Սպասարկող անձնակազմը Հանձնաժողովի հանձնարարությամբ եռօրյա ժամկետում կազմում է որոշումների, գրավոր պատասխանների և այլ գրությունների նախագծերը և ներկայացնում Հանձնաժողովին:
5.5. Սպասարկող անձնակազմը Դատական դեպարտամենտի Ընդհանուր բաժնի կամ Առաջին բաժնի միջոցով իրականացնում է փաստաթղթերի առաքում` առձեռն կամ փոստային առաքման միջոցով: Փոստային առաքման դեպքում փաստաթղթաշրջանառությունը կատարվում է հետստացման հավաստագրերի միջոցով:
5.6. Սպասարկող անձնակազմը Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների պատճենները տրամադրում է Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը` համապատասխան դատավորի անձնական գործին կցելու համար: