Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՔՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

    վերաքննիչ քրեական դատարանի որոշում             ԱՐԱԴ1/0045/01/17

Գործ թիվ ԱՐԱԴ1/0045/01/17

Նախագահող դատավոր` Ա. Վարդանյան

 

    Դատավորներ`        Ա. Նիկողոսյան

                       Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                      նախագահությամբ`    Լ. Թադևոսյանի

           մասնակցությամբ դատավորներ`    Հ. Ասատրյանի

                                         Ս. Ավետիսյանի

                                         Ե. Դանիելյանի

                                         Ա. Պողոսյանի

                                         Ս. Օհանյանի

                    քարտուղարությամբ`    Ն. Թումանյանի

 

    2020 թվականի հունվարի 10-ին                      ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում հարուցվել է թիվ 29156217 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մայիսի 16-ի, մայիսի 21-ի, մայիսի 28-ի և հուլիսի 6-ի որոշումներով թիվ 29156317, 29156417, 33152817, 29157617, 24151817, 81151817, 49156817, 31152417 և 29156217 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 29156217 համարով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 10 (տասը) դրվագով, և 178-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Ս.Տեր-Վարդանյանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 10 (տասը) դրվագով, և 178-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, յուրաքանչյուր դրվագով, Ս.Տեր-Վարդանյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, և 178-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, ու վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, և տուգանք` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը, և պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի հունիսի 5-ից: Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը` թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Սուրեն Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 10 (տասը) դրվագով, մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր-թղթադրամներ օգտագործելով` նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար:

Բացի այդ, Ս.Տեր-Վարդանյանին 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ 2017 թվականի մայիսի 15-ին, Երևան քաղաքից պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղ: Ժամը 14:30-ի սահմաններում հասնելով Տորֆավան գյուղի գերեզմանատան մոտ, նկատել է մոտակայքում ոչխարի հոտ պահող, նույն գյուղի բնակիչ` Գոհար Միքայելի Միրզոյանին: Նրա հետ խոսել է գառներ գնելու հարցի շուրջ և համաձայնության գալով, օգտվելով Գոհար Միրզոյանի` արտարժույթին ծանոթ չլինելու հանգամանքից, խաբեությամբ, իր մոտ եղած վճարման միջոց չհանդիսացող թղթադրամներ ներկայացնելով որպես իրական թղթադրամներ, նրանից գնել է ընդհանուրը 125.000 ՀՀ դրամ արժեքի 4 հատ գառ, դրանց դիմաց Գոհար Միրզոյանին խաբեությամբ տվել է վճարման միջոց չհանդիսացող 15.000 ՌԴ ռուբլու տեսքով հուշանվեր-թղթադրամներ, որից հետո գառները տեղադրելով տաքսի ավտոմեքենայում, հեռացել է այդտեղից»(1):

 

---------------

1. Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 188-193:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Տվյալ դեպքում ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելիս` Դատարանը հաշվի է առնում հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, այն որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

(...) Սույն դատավճռում շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում արձանագրված դատողությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ, Դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի կատարած հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, որոնք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների հետ և հաշվի առնելով նաև նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից` կարևորելով նաև տուժողների դիրքորոշումն ինչպես դեպքերի, այնպես էլ ամբաստանյալների հանդեպ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որը համաչափ է կատարված արարքներին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է` սոցիալական արդարությունը վերականգնելու, Ս.Տեր-Վարդանյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար: (...)»(2):

 

----------------

2. Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 105-117:

 

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով նաև գործն արագացված դատաքննության կարգով քննելիս պատիժ նշանակելու առանձնահատկությունները, բավարար ջանասիրությամբ անհատականացրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժները, յուրաքանչյուր դրվագով նշանակել համաչափ պատիժ, իսկ հանցագործությունների համակցությամբ, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` նաև վերջնական պատիժ:

(...)

Սույն դատական ակտում նշված իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված` ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու` նկատի ունենալով նրա կատարած հանցագործությունների թիվը և հանգամանքները, դրանց նույնական բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը հատուցված չլինելու հանգամանքը, որոնք վկայում են ամբաստանյալի անձի և կատարված հանցագործությունների վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, այլ կերպ ասած` առկա չէին և առկա չեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք դատարանին թույլ կտային և թույլ կտան հանգել այն համոզման, որ պատժի նպատակներին տվյալ դեպքում հնարավոր է հասնել ամբաստանյալ Սուրեն Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու եղանակով: (...)»(3):

 

-------------------

3. Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 70-89:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 64-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը համակցության մեջ պատշաճ չի գնահատել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը և արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը:

8.1. Այսպես, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել այն, որ Ս.Տեր-Վարդանյանը 62 տարեկան է, բնութագրվում է դրական և պատրաստակամ է փոխհատուցել տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի դիտել մեղքն ընդունելն ու կատարվածի համար զղջալը:

8.2. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նաև այն հանգամանքը, որ ազատազրկում պատժատեսակն իր բացասական ազդեցությունն է ունենալու Ս.Տեր-Վարդանյանի առողջության վրա:

8.3. Բացի այդ, ըստ բողոքաբերի, մարված դատվածության պայմաններում, Առաջին ատյանի դատարանի դատավճռում նախկինում հանցանք կատարած լինելու փաստի արձանագրումն անուղղակի կերպով նպաստել է Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակելուն:

8.4. Արդյունքում բողոքաբերը փաստարկել է, որ համակցության մեջ գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով ևս հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշումը և Ս.Տեր-Վարդանյանին դատապարտել մեղմ պատժատեսակի կամ պատժաչափի, կամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի արդարացիության և պատիժը կրելու անհրաժեշտության հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործը քննելիս և լուծելիս նյութական ու դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափությունն ու պատիժը կրելու անհրաժեշտության հիմնավորվածությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել և հաշվի է առել ամբաստանյալին մեղսագրված հանցագործությունների քանակը, հանգամանքները, դրանց բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը հատուցված չլինելու հանգամանքը` իրավաչափորեն փաստելով, որ դրանք վկայում են ամբաստանյալի անձի և նրան մեղսագրված հանցագործությունների վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին(4):

 

--------------

4. Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

11.1. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից բարձրացված այն փաստարկին, որ մարված դատվածության պայմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռում նախկինում հանցանք կատարած լինելու փաստի արձանագրումն անուղղակի կերպով նպաստել է Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ամբաստանյալի կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները` համադրելով դրանք ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների հետ, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը` սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից կարևորելով նաև տուժողների դիրքորոշումը(5):

 

-----------------

5. Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

12. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի արդարացիության և պատիժը կրելու անհրաժեշտության հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն օրինական են և հիմնավոր:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (...) կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

15. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում, քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

15.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»(6):

 

---------------

6. Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

 

15.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում(7):

 

-------------------

7. Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը:

 

16. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

17.1 ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է: Մասնավորապես, խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, համարվում է ավարտված, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո իրական հնարավորություն ունի իր հայեցողությամբ այն տնօրինելու կամ օգտագործելու(8):

 

--------------------

8. Տե՛ս Լուսինե Նավասարդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշման 10-րդ կետը:

 

18. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում (9):

 

------------------

9. Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը:

 

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է (10):

 

------------------

10. Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2017 թվականի մայիսի 15-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով որակված` Ս.Տեր-Վարդանյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի ապրիլի 19-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի հունիսի 28-ին(11): Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(12):

 

--------------------

11. Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը:

12. Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի` որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետևաբար, Ս.Տեր-Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ անցած է եղել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի հունիսի 28-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ս.Տեր-Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

21. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Իսկ ամբաստանյալ Ս.Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձը չի վիճարկել իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում: Այլ խոսքով` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) չի վիճարկել իրեն առաջադրված մեղադրանքը:

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, իսկ 10 (տասը) դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով մասնակի գումարելով, պետք է պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով: Նշանակված պատժին, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ, անհրաժեշտ է մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով և տուգանք` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը պատժի ժամկետին հաշվակցելով` պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2017 թվականի հունիսի 5-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Սուրեն Վարդանի Տեր-Վարդանյանի նկատմամբ 10 (տասը) դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով մասնակի գումարելով պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով:

Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ չափով տուգանքը, ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով և տուգանք` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը պատժի ժամկետին հաշվակցելով` պատժի կրման սկիզբը հաշվել 2017 թվականի հունիսի 5-ից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

    Նախագահող`            Լ. Թադևոսյան

    Դատավորներ`           Հ. Ասատրյան

                          Ս. Ավետիսյան

                          Ե. Դանիելյան

                          Ա. Պողոսյան

                          Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.01.2020
N ԱՐԱԴ1/0045/01/17
Որոշում