Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ԵՎ 235-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ԵՎ 235-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    Հայաստանի Հանրապետության                        ԵԱԴԴ/0028/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0028/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    Դատավորներ`        Մ. Պապոյան

                       Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյան

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   մասնակցությամբ դատախազ`    Պ. Պետրոսյանի

                   պաշտպաններ`                Գ. Մելիքյանի

                                              Ա. Պապիկյանի

                                              Տ. Եգորյանի

 

    2019 թվականի դեկտեմբերի 20-ին                    ք. Երևանում

                                 

7. Ս.Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանն իր բողոքում փաստել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ, 67-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 2-րդ, 7-րդ, 11-րդ, 17-19-րդ, 23-րդ, 105-րդ, 358-րդ, 360-րդ, 365-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 9-րդ և 235-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

7.1. Բողոքաբերի կարծիքով` Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստել է, որ Ս.Կիրակոսյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները հիմնվել են բացառապես անթույլատրելի, միևնույն աղբյուրից բխող իրարամերժ ապացույցների ոչ բավարար համակցության վրա, իսկ դատաքննությունն ընթացել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքի և մրցակցության պահանջների խախտմամբ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

7.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Ս.Կիրակոսյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը և հռչակել վերջինիս անմեղությունը:

8. Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-29-րդ, 61-րդ, 63-64-րդ, 66-67-րդ, 71-72-րդ, 75-րդ, 78-81-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 18-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 225-րդ հոդվածների պահանջները` կայացնելով անօրինական, անհիմն և չպատճառաբանված դատական ակտ:

Բողոքի հեղինակի կարծիքով` Առաջին ատյանի դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, չեն բխում քննության ընթացքում ձեռք բերված, դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությունից, Առաջին ատյանի դատարանը ոչ ճիշտ է գնահատել ապացույցները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները:

8.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն մերժել է պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները, իսկ Վերաքննիչ դատարանը դրան որևէ անդրադարձ չի կատարել և որևէ կերպ չի գնահատել ստորադաս դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին դատական քննության մեծ մասից Ժ.Սեֆիլյանի և Գ.Սաֆարյանի` կամայականորեն հեռացված լինելուն, ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցին, պաշտպանության կողմի վկաների հարցաքննությանը:

8.2. Բողոքաբերը գտել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի անձը բնութագրող ու պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները` նշանակելով անհամաչափ խիստ պատիժներ, իսկ Վերաքննիչ դատարանը թեև նվազեցրել է նշված անձանց պատիժները, սակայն ո՛չ Գ.Սաֆարյանի, և ո՛չ էլ Ժ.Սեֆիլյանի մասով չի ներկայացրել պատճառաբանված ու հիմնավորված վերլուծություն առ այն, թե ինչու նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին:

8.3. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից իբրև ծանրացնող հանգամանք դիտարկված` Ժ.Սեֆիլյանի` հանցանքի կատարման մեջ առանձնահատուկ ակտիվ դերին` բողոքաբերը փաստել է, որ այն հիմնված չէ քրեական գործում առկա նյութերի և դատարանում հետազոտված ապացույցների վրա, քանի որ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որ Ժ.Սեֆիլյանն ավելի մեծ եռանդով կամ առանձնահատուկ եղանակով է մասնակցել «Հիմնադիր Խորհրդարանի» կողմից կազմակերպվող գործողություններին կամ որ հանցավոր նպատակների իրականացման հարցում դրսևորել է վճռականություն, ունեցել է նախաձեռնող դերակատարում:

8.4. Վերոգրյալի հիման վրա, Ժ.Սեֆիլյանի ու Գ.Սաֆարյանի պաշտպան Տ.Եգորյանը խնդրել է վերջիններիս մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը և հռչակել Ժ.Սեֆիլյանի ու Գ.Սաֆարյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում կամ նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել: Միևնույն ժամանակ, պաշտպան Տ.Եգորյանը միջնորդել է կասեցնել գործի քննությունը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

9. Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված որոշում` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 104-107-րդ և 127-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, բողոքաբերի համոզմամբ, Վերաքննիչ դատարանի հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով չի հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, մասնավորապես` պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չեն ենթարկվել դատավարության մասնակիցների նախաքննական ու դատաքննական ցուցմունքները: Ավելին, Վերաքննիչ դատարանը, ըստ բողոք բերած անձի, թույլատրելի է ճանաչել մի շարք վկաների` հակասական և իրարամերժ նախաքննական ցուցմունքները` ընդհանրական ձևով փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի հետազոտած և մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թույլատրելի են:

9.1. Բացի այդ` բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ քրեաիրավական որակում է տվել Ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքներին` հիմնվելով գործի տվյալներից չբխող ենթադրությունների վրա: Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել այս կամ այն ապացույցներին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տալիս, կամ դրանց մի մասն արժանահավատ, իսկ մյուսներն անարժանահավատ համարելիս: Բողոքաբերը նաև փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն անհիմն լինելու հիմքով Ժ.Սեֆիլյանին անմեղ ճանաչելու փոխարեն, Վերաքննիչ դատարանը կայացրել է այլ` գործի նյութերից չբխող որոշում:

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունք չէ, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ ոչ միայն չեն հիմնավորում Ժ.Սեֆիլյանի մեղավորությունը հանցանք կատարելու մեջ, այլև հաստատապես վկայում են նրա անմեղության մասին:

9.2. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Ա.Պապիկյանը խնդրել է մասնակիորեն` Ժ.Սեֆիլյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը, և ճանաչել ու հռչակել վերջինիս անմեղությունն առաջադրված մեղադրանքներում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Հ.Թոփչյանի և Ս.Կիրակոսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ.Սաֆարյանի արարքում 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Ժ.Սեֆիլյանի արարքում 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրականացնելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, Հ.Թոփչյանի, Ս.Կիրակոսյանի, Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի մեղավորության մասին հանգել է ճիշտ հետևության:

11.1. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Թոփչյանի և Ս.Կիրակոսյանի մեղքը` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ.Սաֆարյանի մեղքը` 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և Ժ.Սեֆիլյանի մեղքը` 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներում հաստատվում, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքվում են ամբաստանյալներ Հ.Թոփչյանի, Գ.Գրիգորյանի նախաքննական ցուցմունքներով, որոնք ոչ միայն համապատասխանում են միմյանց, այլև հաստատվում են քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցներով, այդ թվում` Հ.Պետրոսյանի, սույն գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Ս.Գալոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների` ներքին և արտաքին դիտման արդյունքում ստացված փաստական տվյալներով և ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումներով, իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղի առկայության փաստով, նշված իրեղեն ապացույցը զննելու մասին 2016 թվականի մայիսի 20-ի արձանագրությամբ, ստվարաթղթե արկղում հայտնաբերված ինքնաձիգերով ու փամփուշտներով, դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությամբ(5):

 

------------------------

5) Տե՛ս սույն որոշման 4.1-րդ և 5-րդ կետերը:

 

Ինչ վերաբերում է պաշտպան Գ.Մելիքյանի այն փաստարկին, որ իրեղեն ապացույց ճանաչված ստվարաթղթե արկղը, դրա մեջ հայտնաբերված ինքնաձիգերը և փամփուշտները, ստվարաթղթե արկղը զննելու մասին 2016 թվականի մայիսի 20-ի արձանագրությունն ու դատաձգաբանական փորձաքննության թիվ 1390-16 եզրակացությունը պետք է ճանաչվեին անթույլատրելի ապացույցներ(6), ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Հ.Թոփչյանը զենք և զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել, և վերջինիս անձնական խուզարկությունը (որպիսի գործողությունը ներառել է նաև նրա մոտ գտնվող իրերի, այդ թվում` ստվարաթղթե արկղի և դրա պարունակության ամրագրումը) կատարվել է քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ պաշտպանության կողմը որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել, որը կվկայեր այն մասին, որ հիշյալ ապացույցների ձեռքբերման ընթացքում թույլ է տրվել դատավարության մասնակիցների իրավունքների կամ արդար դատաքննության իրավունքի խախտում, որն ազդել է կամ կարող էր ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա(7):

 

------------------------

6) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

7) Տե՛ս սույն որոշման 4.1-րդ և 5-րդ կետերը:

 

11.2. Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն փաստարկին, որ սույն գործով դատական քննությունն ընթացել է պաշտպանության և մրցակցության պահանջների խախտմամբ(8), ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ առումով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ Ժ.Սեֆիլյանը և Գ?Սաֆարյանն իրենք են իրենց զրկել Առաջին ատյանի դատարանի դատական քննությանը մասնակցելու իրավունքի իրացումից, քանի որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատական սանկցիաներն ամբաստանյալների նկատմամբ կիրառվել են որպես դատական քննության բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված նրանց գործողությունների հակազդման միջոց, և որ Առաջին ատյանի դատարանի կողմից, այնուամենայնիվ, ապահովվել է վերջիններիս պաշտպանության իրավունքը, ևս հիմնավոր ու իրավաչափ են(9):

 

------------------------

8) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ և 8.1-րդ կետերը:

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

11.3 Անդրադառնալով գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին պաշտպան Տ.Եգորյանի միջնորդությանը(10), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմքերը բացակայում են:

 

------------------------

10) Տե՛ս սույն որոշման 8.4-րդ կետը:

 

12. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Թոփչյանի և Ս.Կիրակոսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ.Սաֆարյանի` 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Ժ.Սեֆիլյանի` 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

13. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան` Ա.Պապիկյանի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկին, որ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քրեական հետապնդումը` նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով դադարեցնելով` Վերաքննիչ դատարանը կայացրել է գործի փաստական հանգամանքներից չբխող որոշում(11), գտնում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հանգել է իրավաչափ հետևության, և այդ առումով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները ևս օրինական են ու հիմնավոր(12):

 

------------------------

11) Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:

12) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալներ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` համաներման մասին օրենք ընդունված լինելու հիմքով:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

15.1. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

15.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»(13):

 

------------------------

13) Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

 

15.3 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում(14):

 

------------------------

14) Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը:

 

16. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` «Համաներում հայտարարելով`

1) 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.

2) սույն մասի 1-ին կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան.

(...)»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել`

(...)

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալներ Գ.Սաֆարյանը և Ժ.Սեֆիլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին, Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված` հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել են դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ(15):

 

------------------------

15) Տե՛ս սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Գ.Սաֆարյանը և Ժ.Սեֆիլյանը մեղավոր են ճանաչվել 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակ ունեցող անձինք գործով առկա չեն:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքը Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:

18.1 Հետևաբար, հիմք ընդունելով սույն որոշման 15-15.3-րդ կետերում ներկայացված իրավանորմերն ու իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` համաներման մասին օրենք ընդունված լինելու հիմքով:

18.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սաֆարյանը և Ժ.Սեֆիլյանը հնարավորություն են ունեցել Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրենց առաջադրված մեղադրանքը, հետևաբար, համաներման մասին օրենք ընդունված լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրանց դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(16):

 

------------------------

16) Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը:

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ.Սեֆիլյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

20.1. Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից(17):

 

------------------------

17) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումները:

 

20.2. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները(18):

 

------------------------

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը, mutatis mutandis, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Նարեկ Սարգսյանի գործով վերը հիշատակված, Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումները:

 

20.3. Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներից` հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կրկնում է իր` նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ հանցակիցների նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանի կողմից հաշվի են առնվում հանցագործության կատարմանն անձի փաստացի մասնակցության բնույթն ու աստիճանը, այդ մասնակցության նշանակությունը հանցագործության նպատակներին հասնելու համար, նրա ազդեցությունը պատճառված կամ հնարավոր վնասի բնույթի և չափի վրա: Հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը բնութագրում է անձի մասնակցության աստիճանը. նրան է պատկանում նախաձեռնությունը, նա հանդես է գալիս որպես հանցագործության ոգեշնչող և առավել հաստատակամորեն է ձգտում հասնել հանցավոր արդյունքի: Ընդ որում, օրենքը ոչ թե խոսում է հանցագործության մեջ անձի պարզապես ակտիվ դերի մասին, այլ մատնանշում է նրա առանձնապես ակտիվ դերը: Այստեղից հետևում է, որ հանցագործության մեջ հանցավորի վարքագիծը պետք է արտահայտվի ոչ թե պարզապես ինչ-որ առաջարկությունների, նախաձեռնությունների ձևով, այլ առանձնանալու, աչքի ընկնելու, օրինակ` կազմակերպչականության, մյուս մասնակիցների համախմբման, կարգապահության պահպանման, առաջնորդելու բոլոր դրսևորումներով և այլն: Այդպիսի անձը հանցագործության մյուս մասնակիցների մեջ առավել մեծ վտանգ է ներկայացնում(19):

 

------------------------

19) Տե՛ս Վաչիկ Մնացականյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08 որոշման 22-րդ կետը:

 

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն հանդիսացող` «AK-74» տեսակի մարտական ակոսափող «971737» և «304598» գործարանային համարների երկու ինքնաձիգ ու չորս ինքնաձիգի պահունակ` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտներով: Վերաքննիչ դատարանը Ժ.Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը (Վահագն Ժիրայրի Սեֆիլյան` ծնված 2006 թվականի հունիսի 27-ին): Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Ժ.Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցագործության կատարման մեջ առանձնապես ակտիվ դերը, որն արտահայտվել է նրանում, որ հիշյալ հանցանքի կատարման մեջ նա դրսևորել է առանձնակի ակտիվություն և ունեցել ավելի մեծ դերակատարություն(20):

 

------------------------

20) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 20-20.3-րդ կետերում շարադրված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակելիս պատշաճ վերլուծության ու գնահատման չի ենթարկել վեջինիս անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

22.1. Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել անձը բնութագրող դրական այն հանգամանքը, որ Ժ.Սեֆիլյանն ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը(21):

 

------------------------

21) Տե՛ս սույն որոշման 4.1-րդ կետը:

 

22.2. Ինչ վերաբերում է որպես ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը դիտարկելուն, ապա Վճռաբեկ դատարանը, սույն որոշման 20.3-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրում է, որ գործի նյութերում առկա փաստական տվյալներն այն մասին, որ Ժ.Սեֆիլյանի հանձնարարությամբ համապատասխան հրազենն ու ռազմամթերքը Հ.Թոփչյանը հանձնել է Հ.Պետրոսյանին, ապա հետ վերցրել(22), սույն գործով չեն կարող ինքնին բավարար համարվել քննարկվող ծանրացնող հանգամանքի առկայությունը փաստելու համար, քանի որ այդպիսիք չեն վկայում կոնկրետ հանցանքի կատարման մեջ Ժ.Սեֆիլյանի առանձնահատուկ ակտիվ դերակատարության մասին:

 

------------------------

22) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

22.3. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ.Սեֆիլյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է ոչ համաչափ` ակնհայտ խիստ պատիժ, ինչը չի բխում հանցագործության բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության և ծանրացնող հանգամանքների բացակայության մասին փաստերի ամբողջական վերլուծությունից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժ.Սեֆիլյանի անձը բնութագրող հանգամանքները, սույն գործում առկա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը ու հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Նշված հանգամանքը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով, արձանագրում է, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներն հնարավորություն են տալիս բեկանելու և փոփոխելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը:

23. Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն որոշման 18.1-րդ և 22.3-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ, պետք է դադարեցնել:

Ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցել Ժ.Սեֆիլյանի` 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև 2015 թվականի մայիսի 4-ը և 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2018 թվականի հունիսի 13-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը` համապատասխանաբար 28 (քսանյութ) օրը և 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 24 (քսանչորս) օրը, և նշանակված պատիժը համարել կրած:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ պետք է վերացնել ամբաստանյալ Գ.Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և վճարած գումարը վերադարձնել երաշխավորողներ` Ալեն Սիմոնյանին, Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, Վահե Էնֆիաջյանին, Վարդան Բոստանջյանին, Վարդևան Գրիգորյանին, Իվետա Տոնոյանին, Շաքե Իսայանին, Արթուր Մանուկյանին, Լուիզա Սարգսյանին, Նոռա Առուստամյանին, Սերգեյ Բագրատյանին ու Գևորգ Պետրոսյանին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ամբաստանյալ Հրայր Իվանի Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանի, ամբաստանյալ Սասունիկ Դավթի Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանի վճռաբեկ բողոքները մերժել: Ամբաստանյալ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի պաշտպան Տ.Եգորյանի և ամբաստանյալ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի պաշտպաններ Տ.Եգորյանի ու Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի և Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել:

Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել:

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցել Ժ.Սեֆիլյանի` 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև 2015 թվականի մայիսի 4-ը և 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2018 թվականի հունիսի 13-ը կալանքի տակ գտնվելու ժամկետները` համապատասխանաբար 28 (քսանութ) օրը և 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 24 (քսանչորս) օրը, և նշանակված պատիժը համարել կրած:

Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և վճարած գումարը վերադարձնել երաշխավորողներ` Ալեն Սիմոնյանին, Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, Վահե Էնֆիաջյանին, Վարդան Բոստանջյանին, Վարդևան Գրիգորյանին, Իվետա Տոնոյանին, Շաքե Իսայանին, Արթուր Մանուկյանին, Լուիզա Սարգսյանին, Նոռա Առուստամյանին, Սերգեյ Բագրատյանին ու Գևորգ Պետրոսյանին:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2019
N ԵԱԴԴ/0028/01/17
Որոշում