Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ, 17-ՐԴ, 35-ՐԴ, 358-ՐԴ, 395-ՐԴ ԵՎ 398-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԱԴԴ/0081/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0081/01/16

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Ա. Ազարյան

                       Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                      նախագահությամբ`     Լ. Թադևոսյանի

           մասնակցությամբ դատավորներ`     Հ. Ասատրյանի

                                          Ս. Ավետիսյանի

                                          Ե. Դանիելյանի

                                          Ա. Պողոսյանի

                                          Ս. Օհանյանի

                    քարտուղարությամբ`     Ն. Թումանյանի

 

    2020 թվականի հունվարի 10-ին                      ք. Երևանում

դռնբաց դատական նիստում քննության առնելով Կամո Վլադիսլավի Բալայանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացրած բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ժ.Թովմասյանի` 2015 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 62228515 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Կամո Վլադիսլավի Բալայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Կ.Բալայանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Կ.Բալայանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հունիսի 14-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Կ.Բալայանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, Կ.Բալայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նույն դատավճռով ամբաստանյալ Կ.Բալայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել տուգանքի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ալբերտ Սամվելի Վարդանյանը:

3. Մեղադրող Ա.Շահբազյանի և պաշտպաններ Ս.Մալխասյանի, Ս.Խչեյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ ներկայացված բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 14-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Կ.Բալայանին հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելու պահանջով պաշտպան Ս.Խչեյանի կողմից բերված բողոքը Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունվարի 26-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժել է:

5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բողոք է ներկայացրել Կ.Բալայանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Կ.Բալայանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «Նա, ՀՀ կառավարության թիվ 857-ՆԳ որոշման համաձայն ունենալով հետախուզվողի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու որոշման առկայության պայմաններում հետախուզական գործը կարճելու պարտականություն, հիմք ընդունելով միայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետախուզության գծով տեղակալ Ա.Վարդանյանի հայտնած տվյալները, որ հետախուզվող մեղադրյալ Գագիկ Հարությունյանի հետախուզումը դադարեցնելու կապակցությամբ առկա են հիմքեր, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, այն է` չի պարզել Գ.Հարությունյանի հետախուզական գործը կարճելու հիմք հանդիսացող Գ.Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման առկայությունը և 2015թ. մայիսի 11-ին ստորագրել է Ա.Վարդանյանի կողմից կազմված, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող` Գ.Հարությունյանի հետախուզական գործը կարճելու մասին որոշումը, որտեղ գրառված են եղել ակնհայտ կեղծ տեղեկություններ, իբր, վերջինիս վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է:

Այնուհետև, հետախուզական գործը կարճելու վերաբերյալ համապատասխան ձևի փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ Գ.Հարությունյանի տվյալները հանվել է Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները, ինչի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող և քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը չլրացած Գ.Հարությունյանը 2015թ. հուլիսի 29-ին անարգել վերադարձել է ՀՀ և մինչև 2015թ. հոկտեմբերի 2-ը թաքնվել է քննությունից:

Կ.Բալայանի վերոհիշյալ անփութության հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության կոնկրետ մարմինը` ՀՀ ոստիկանությունը, որը զրկվել է նաև հետախուզվողին հայտնաբերելու օրենքով սահմանված իր գործառույթների իրականացման հնարավորությունից»(1):

-----------------

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 211-216:

 

6.1. 2016 թվականի հունիսի 27-ի զննության արձանագրության համաձայն` «Հետախուզական գործի 209-րդ էջում առկա է Գ.Հարությունյանի վերաբերյալ թիվ 10406701 հետախուզական գործի դադարեցման վերաբերյալ որոշումը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ուղարկելու մասին գրությունը` թվագրված 2015 թվականի մայիսի 11 ամսաթվով, 211-րդ էջում առկա է ձև 5 տեսակի քարտը հետախուզումը դադարեցնելու մասին` թվագրված 2015 թվականի մայիսի 11-ով»(2):

-----------------------

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 270:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական նորմերի էական խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 17-րդ, 35-րդ, 358-րդ, 395-րդ և 398-րդ հոդվածների պահանջները:

Բողոքաբերի պնդմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ձևակերպումից հետևում է, որ իրեն մեղսագրվող արարքն ավարտվել է 2015 թվականի մայիսի 11-ին, որպիսի պայմաններում սահմանված երկու տարի վաղեմության ժամկետը լրացել է 2017 թվականի մայիսի 11-ին, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով դատավճիռը կայացվել է 2017 թվականի հունիսի 14-ին: Այսինքն` Առաջին ատյանի դատարանը, վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ իր կամահայտնությունը չպարզելով, կայացրել է մեղադրական դատավճիռ, ինչը մտել է օրինական ուժի մեջ:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել իր նկատմամբ կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և քրեական գործի վարույթը կարճել` դադարեցնելով քրեական հետապնդումը, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Կ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետում նշված հիմքով (...) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները(3):

---------------------

3) Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված 1-ին մասով նկարագրված արարքն անզգույշ հանցագործություն է, որի համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, վերոնշյալ հանցանքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նյութական է, ուստի այն ավարտված է համարվում հանրորեն վտանգավոր հետևանքները վրա հասնելու պահից:

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Կ.Բալայանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելով, չի կատարել իր պարտականությունը, ինչի արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է` հեղինակազրկվել է պետական իշխանության կոնկրետ մարմինը` ՀՀ ոստիկանությունը, որը զրկվել է նաև հետախուզվողին հայտնաբերելու օրենքով սահմանված իր գործառույթների իրականացման հնարավորությունից(4):

--------------

4) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Ըստ գործում առկա նյութերի` Կ.Բալայանին մեղսագրվող արարքն ավարտվել է 2015 թվականի մայիսի 11-ին(5): ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով Կ.Բալայանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2017 թվականի հունիսի 14-ին(6):

-----------------

5) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

6) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

12. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Բալայանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի մայիսի 11-ին, իսկ 2017 թվականի մայիսի 11-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, հետևաբար Կ.Բալայանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Կ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելու արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Կամո Վլադիսլավի Բալայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը բեկանել, Կամո Վլադիսլավի Բալայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և գործի վարույթը նրա մասով կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                  Նախագահող`     Լ. Թադևոսյան

                 Դատավորներ`     Հ. Ասատրյան

                                 Ս. Ավետիսյան

                                 Ե. Դանիելյան

                                 Ա. Պողոսյան

                                 Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.01.2020
N ԵԱԴԴ/0081/01/16
Որոշում