Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ԵՎ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                ԵԱՆԴ/0018/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0018/11/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2019 թվականի դեկտեմբերի 20-ին                    ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ դիմող Էրիկ Աբգարյանի ներկայացուցիչ Լիլիթ Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Նոր Նորքի բաժնում հարուցվել է թիվ 17165515 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել ավագ քննիչ Լ.Ադամյանի (այսուհետ` նաև Քննիչ) վարույթ:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ Էրիկ Աբգարյանը ճանաչվել է տուժող:

2015 թվականի դեկտեմբերի 25-ին Քննիչի կողմից որոշում է կայացվել Է.Աբգարյանին հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագով Նարեկ Հակոբյանի, Արտակ Մինասյանի և անհայտ անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

2015 թվականի դեկտեմբերի 28-ին Քննիչի կողմից որոշում է կայացվել թիվ 17165515 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին` որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

2016 թվականի հունվարի 18-ին Է.Աբգարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը վերահասցեագրվել է Երևան քաղաքի դատախազությանը: Երևան քաղաքի դատախազի տեղակալը 2016 թվականի փետրվարի 19-ի գրությամբ տուժող Է.Աբգարյանին հայտնել է, որ նա բաց է թողել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով սահմանված` որոշման բողոքարկման 7-օրյա ժամկետը, քանի որ Քննիչի` թիվ 17165515 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը Է.Աբգարյանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 28-ին, իսկ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել 2016 թվականի հունվարի 18-ին:

2. 2016 թվականի մարտի 12-ին Է.Աբգարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերականգնել իր խախտված իրավունքները` վերացնելով Քննիչի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի` քրեական հետապնդում չիրականացնելու և 2015 թվականի դեկտեմբերի 28-ի` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ Է.Աբգարյանի բողոքը բավարարվել է, և վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել որոշմամբ արձանագրված` անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 16-ի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ:

3. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Արամյանի` 2017 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Քննիչի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի` «Քրեական հետապնդում չիրականացնելու» և 2015 թվականի դեկտեմբերի 28-ի` «Քրեական գործի վարույթը կասեցնելու» մասին որոշումները վերացվել են:

4. 2017 թվականի հունիսի 23-ին Քննիչի կողմից որոշում է կայացվել Է.Աբգարյանին հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագով Նարեկ Հակոբյանի, Արտակ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նույն օրը Քննիչի կողմից որոշում է կայացվել թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու և Է.Աբգարյանին ծեծի ենթարկած, ինքնությունը չպարզված անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

5. Է.Աբգարյանը Քննիչի` քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը 2017 թվականի հուլիսի 26-ին բողոքարկել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն` խնդրելով հարգելի համարել բողոքարկման բաց թողնված ժամկետը և վերացնել նշված որոշումը:

Է.Աբգարյանի վերոնշյալ բողոքը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Պ.Մարտիրոսյանի կողմից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի քննարկմանը: Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու մասին Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ Է.Աբգարյանի բողոքը թողնվել է առանց քննության` բողոքարկման ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ: Նույն որոշմամբ մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Է.Աբգարյանի միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

6. 2017 թվականի օգոստոսի 31-ին Է.Աբգարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է իր բողոքը ճանաչել հիմնավորված, որոշում կայացնել իր իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` Քննիչի պարտականությունը սահմանելու վերաբերյալ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Է.Աբգարյանի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված` Է.Աբգարյանի իրավունքների խախտումները:

7. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Արամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 11-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և դիմող Է.Աբգարյանի բողոքը մերժելու մասին:

8. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Է.Աբգարյանի ներկայացուցիչ Լիլիթ Պինգոլցյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ բավարարվել էր Էրիկ Աբգարյանի` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Ադամյանի` 25.12.2015թ. քրեական հետապնդում չիրականացնելու և 28.12.2015թ. գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների դեմ բերված բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել որոշմամբ արձանագրված` անձի իրավունքների և ազատությունների խախտումները: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. ապրիլի 14-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի նշված որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017թ. փետրվարի 16-ի որոշմամբ արձանագրված` անձի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու ուղղությամբ, այլ առանց որևէ քննչական գործողություններ կատարելու 23.06.2017թ. կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը և թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու մասին բողոքարկվող որոշումը:

Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշման վերլուծությունից պարզ է դառնում, որ քննիչը (...) հանգել է եզրակացության, որ. «... կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ինքնությունը չպարզված անձը, Էրիկ Աբգարյանին ծեծի ենթարկելով և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով` կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ հանցանքն ավարտված համարելու օրվանից` 14.06.2015 թ.-ից անցել է 2 տարուց ավել ժամանակ, որպիսի պայմաններում առկա է քրեական վարույթը բացառող հանգամանք, ուստի սույն քրեական գործով վարույթը ենթակա է կարճման` քրեական պատասխանատվության օրենքով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով (...)»:

(...)

Դատարանը կրկնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած լինելը քրեական գործով վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) հիմք է (տե՛ս Ա.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը): Իսկ ոչ ռեաբիլիտացիոն այս հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում ոչ թե փաստվում է նրա անմեղությունը, այլ վերջինիս մեղավորության հարցը մնում է չլուծված, այսինքն` անձը ձեռք չի բերում արդարացվածի կարգավիճակ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով (անձը չի օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով երաշխավորված արդարացվածի բոլոր իրավունքներից), ուստիև չեն բացառվում բացասական բնույթ ունեցող որոշ սոցիալ-իրավական հետևանքների առաջացումը (վնասի հատուցման պարտականություն, հետագայում աշխատանքի անցնելու խոչընդոտներ և այլն): Հետևաբար` նշված հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելն առանց վերջինիս դիրքորոշումը (համաձայնությունը կամ առարկությունը) պարզելու զրկում է նրան իր անմեղության ապացուցման, իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարևորագույն իրավունքներից:

(...)

Դատարանը միաժամանակ արձանագրում է նաև, որ անտրամաբանական է անհայտ անձի նկատմամբ վաղեմության ժամկետները անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու նախաքննական մարմնի որոշումը նաև այն պատճառաբանությամբ, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի` վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Անհայտ է, թե ինչ հանգամանքներում է նախաքննական մարմինը պարզել, որ անհայտ անձը այդ ժամանակահատվածում չի կատարել միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք, և չի ընդհատվել անհայտ անձի կատարած ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետը:

Այսպիսով` Դատարանը հանգում է հետևության, որ գործի նախաքննության ընթացքում թույլ է տրվել Է.Աբգարյանի իրավունքների խախտում, ուստի վերջինիս բողոքը հիմնավորված է և ենթակա է բավարարման, չնայած այն հանգամանքին, որ նրա կողմից խախտվել են նշված հարցը դատախազին բողոքարկելու ժամկետները (...)»(1):

 

----------------------------

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 141-144:

 

10. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «2017 թվականի հուլիսի 26-ին Էրիկ Աբգարյանը քննիչ Լ.Ադամյանի 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին` խնդրելով որոշում կայացնել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Ադամյանի թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնել:

Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանը 2017 թվականի օգոստոսի 01-ին որոշում է կայացրել (...) Թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու մասին (...) քննիչ Լ.Ադամյանի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ Էրիկ Աբգարյանի կողմից 2017 թվականի հուլիսի 26-ին բերված բողոքը թողնել առանց քննության` բողոքարկման ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ:

(...)

(...) Վերաքննիչ դատարանը գալիս է համոզման, որ Դատարանը, անդրադառնալով դիմող Էրիկ Աբգարյանի բողոքի հիմքերին ու հիմնավորումներին և բավարարելով վերջինիս կողմից ներկայացված բողոքը` ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Ադամյանի 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ, թույլ է տվել քրեադատավարական նորմերի խախտում, մասնավորապես խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմող Էրիկ Աբգարյանը, իրազեկված լինելով Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի 2017 թվականի օգոստոսի 01-ին կայացված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում դատարան բողոքարկելու իր իրավունքի մասին, Դատարան է բողոքարկել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Ադամյանի 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը:

Այսինքն, դիմող Էրիկ Աբգարյանի կողմից չեն պահպանվել Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի 2017 թվականի օգոստոսի 01-ին կայացված որոշման բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի 2017 թվականի օգոստոսի 01-ին կայացված որոշման առկայությունը (օրինական ուժի մեջ գտնվելը) խոչընդոտում է քննիչի 2017 թվականի հունիսի 23-ի կայացրած որոշման դեմ դիմողի ներկայացրած բողոքն ըստ էության քննարկելու հնարավորությունը:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս պայմաններում քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը չէր կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իսկ Դատարանը պարտավոր էր մերժել դրա դեմ բերված բողոքը` առանց անդրադառնալու դրա հիմքերին: Մինչդեռ Դատարանն ըստ էության քննության է առել դիմող Է.Աբգարյանի բողոքը, քննարկման առարկա դարձրել բողոքաբերի փաստարկները` դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից (...)»(2):

 

----------------------------

2) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 61-70:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 11-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ: Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է` սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, ինչի արդյունքում խախտելով արդար դատաքննության և օրինականության սկզբունքները` անհիմն որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու մասին: Բողոքի հեղինակը գտել է, որ դատախազի` «Բողոքն առանց քննության թողնելու մասին» 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշումը, եթե անգամ դատախազը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու լիազորություն ունենար, խոչընդոտ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով Քննիչի` քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը բողոքարկելու համար:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է քննիչի որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացակարգը, ըստ որի` քննիչի որոշումը դատարան բողոքարկելու համար անհրաժեշտ նախապայման է այդ որոշումը դատախազին բողոքարկելը: Բողոքաբերն ընդգծել է, որ գործի նյութերից ակնհայտ է, որ Է.Աբգարյանը Քննիչի որոշումը բողոքարկել է դատախազին, իսկ դատախազը դիմող Է.Աբգարյանի բողոքը թողել է առանց քննության, այսինքն` դիմողի բողոքը դատախազի կողմից չի բավարարվել, որպիսի հանգամանքն էլ վկայում է, որ դիմողը պահպանել է քրեադատավարական օրենքով բողոքարկման համար սահմանված ընթացակարգը:

12. Բողոքաբերն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, իսկ Վերաքննիչ դատարանը, նշված դատական ակտը բեկանելով, թույլ է տվել դատական սխալ: Ի հիմնավորումն իր այդ պնդման` բողոքաբերը փաստել է, որ ինչպես երևում է Քննիչի կայացրած որոշումից, անձը, որը պետք է ներգրավվի սույն գործով որպես մեղադրյալ, անհայտ է, իսկ նման պայմաններում հնարավոր չէ որոշել նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած կամ ընդհատված լինելու հարցը: Բացի այդ, բողոքաբերը նաև փաստել է, որ պահպանված չէ նշված հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու համար անձի համաձայնությունը ստանալու վերաբերյալ օրենքի իմպերատիվ պահանջը:

13. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ դիմող Է.Աբգարյանը դատախազին բողոքարկել է ոչ թե «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը, այլ նույն օրվա` «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և գնահատման ենթարկել ոչ թե «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման, այլ նույն օրվա մեկ այլ` «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման բողոքարկման ընթացակարգը, որը չի բողոքարկվել:

14. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Է.Աբգարյանի բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

(...)»:

16.1 ՀՀ սահմանադրական դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշման համաձայն` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասում (...) «...սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» ձևակերպումից բխում է, որ մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինների ոչ բոլոր որոշումները կարող են անմիջականորեն բողոքարկվել դատարան: Դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների ցանկը, ի թիվս այլնի, սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն` դատարան կարող են բողոքարկվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` դարձյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում: Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքով նախատեսված դեպքերում» ձևակերպումը նշանակում է, որ օրենսգրքով կարող է սահմանվել 290-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որոշումների բողոքարկման միջնորդավորված կարգ և ներկայացվել մինչև դատական պաշտպանության դիմելը` օրենսգրքով նախատեսված արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պահանջ:

(...)

Իր հերթին, օրենսգրքի 263-րդ հոդվածը սահմանել է 290-րդ հոդվածի 2-րդ մասում մատնանշված` քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման երկաստիճան համակարգ, որի համաձայն` մինչդատական վարույթում նշված որոշումը պետք է բողոքարկվի նախ վերադաս դատախազին, ապա վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 263-րդ հոդվածների հարաբերակցության խնդրին` ժամկետային կարգի սահմանման առնչությամբ, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե օրենսգիրքը նախատեսում է 290-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ընդհանուր կարգից շեղում այլ իրավադրույթներում, ապա իրավական անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ էր թեկուզ հավելել` «...եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ» բառակապակցությունը: Առկա խմբագրությունը և նշված երկու հոդվածներում ժամկետային կարգավորումները հստակ տարբերակված չեն, որը, ինչպես վկայում են քննության առարկա գործի նյութերը, մարդու իրավունքների խախտման իրական վտանգ է բովանդակում (...)»(3):

 

----------------------------

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշման 5-րդ կետը:

 

Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և կոնկրետ գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող ու անվավեր և նշված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2011 թվականի հունիսի 30-ը(4):

 

----------------------------

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը:

 

16.2. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե`

ա) բողոքարկված որոշումը կամ գործողությունը (անգործությունը) մտնում են արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ,

բ) բողոքաբերի կողմից պահպանվել են արդյոք այդ որոշման կամ գործողության (անգործության) բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը,

գ) բողոքաբերի կողմից պահպանվել են արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային սահմանները,

դ) բողոքաբերն արդյոք ուներ բողոք բերելու իրավասություն,

ե) առկա է արդյոք բողոքին կցվող նյութերի ցանկը (դատավարական փաստաթղթերի պատճեններ, փորձագետի եզրակացություն, տեղեկանք և այլն),

զ) ստորագրված է արդյոք բողոքը:

Վերոնշյալ հանգամանքները պարզելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին(5):

 

----------------------------

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հայկ Մելքոնյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԱԴԴ/0009/11/10 որոշման 12-րդ կետը, mutatis mutandis, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը:

 

16.3. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանի կողմից պարզման ենթակա նշված հանգամանքներից` որոշման կամ գործողության (անգործության) բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը պահպանած լինելու պահանջի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները ենթակա են նաև դատախազական հսկողության: Ընդ որում, ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից, անձն իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց առաջ պարտավոր է սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը` դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում: Այլ խոսքով` դատախազի կողմից շահագրգիռ անձի բողոքի մերժումն անհրաժեշտ նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործի դնելու համար(6): Իսկ որպես մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման նախապայման դատախազական հսկողության սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում և արդյունավետ վերացնելու օրենսդրի կամքով: Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության երաշխավորմանն ուղղված հսկողական և վերահսկողական տվյալ միջոցների զուգակցումը հետապնդում է մեկ այլ իրավաչափ նպատակ. անձանց շահերի քրեաիրավական պաշտպանությունն իրականացնելով արտադատական կառուցակարգի գործադրմամբ` հնարավորինս սահմանափակել դատական գործիքակազմի ներգրավումը և զերծ մնալ ավելորդ հանրային-իրավական միջոցների վատնումից:

 

----------------------------

6) Տե՛ս Հովհաննես Գինոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշման 13-րդ կետը:

 

16.4. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պարզում է, որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջները, ապա առանց անդրադառնալու բողոքի հիմքերին` պետք է մերժի այն: Այսպիսով, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն(7):

 

----------------------------

7) Տե՛ս, mutatis mutandis, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշումը:

 

17. Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական հետապնդման մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշումը կարող է բողոքարկվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում, եթե այն բողոքարկելու իրավունք ունեցող անձի կողմից պահպանվել է նշված որոշումը 7-օրյա ժամկետում արտադատական, այսինքն` դատախազական հսկողության կարգով բողոքարկելու դատավարական պահանջը: Ընդ որում, այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշումն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորած անգործությունը:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Քննիչը 2017 թվականի հունիսի 23-ին որոշում է կայացրել Է.Աբգարյանին հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագով Ն.Հակոբյանի և Ա.Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նույն օրը Քննիչը նաև մեկ այլ որոշում է կայացրել` քրեական գործով վարույթը կարճելու և Է.Աբգարյանին ծեծի ենթարկած, ինքնությունը չպարզված անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով(8).

 

----------------------------

8) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

- քրեական գործի վարույթը կարճելու մասին Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը Է.Աբգարյանը բողոքարկել է դատախազական հսկողության կարգով` խնդրելով հարգելի համարել բողոքարկման բաց թողնված ժամկետը և վերացնել նշված որոշումը: Սակայն Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ Է.Աբգարյանի կողմից բերված բողոքը թողնվել է առանց քննության` բողոքարկման ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ: Նույն որոշմամբ մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ(9):

 

----------------------------

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Է.Աբգարյանի բողոքը, որով վերջինս խնդրել է որոշում կայացնել իր իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` քննիչ Լ.Ադամյանի պարտականությունը սահմանելու վերաբերյալ, բավարարվել է: Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ Է.Աբգարյանի բողոքը հիմնավորված է և ենթակա է բավարարման, չնայած այն հանգամանքին, որ խախտվել են նշված հարցը դատախազին բողոքարկելու ժամկետները(10):

 

----------------------------

10) Տե՛ս սույն որոշման 6-րդ և 8-րդ կետերը:

 

- Վերոնշյալ դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, դիմող Է.Աբգարյանի բողոքը` մերժվել: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ դիմող Է.Աբգարյանը, իրազեկված լինելով Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում դատարան բողոքարկելու իր իրավունքի մասին, դատարան է բողոքարկել քննիչ Լ.Ադամյանի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը: Այսինքն, դիմող Է.Աբգարյանի կողմից չեն պահպանվել Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշման բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշման առկայությունը խոչընդոտում է Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ դիմողի ներկայացրած բողոքն ըստ էության քննարկելու հնարավորությունը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ դիմող Է.Աբգարյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը պահպանած չլինելու պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր քննարկել քննիչ Լ.Ադամյանի` 2017 թվականի հունիսի 23-ի` «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումները վերացնելու վերաբերյալ դիմող Է.Աբգարյանի բողոքն ու արդյունքում կատարել եզրահանգումներ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այս պայմաններում Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի` «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը չէր կարող լինել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իսկ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր մերժել դրա դեմ բերված բողոքը` առանց անդրադառնալու դրա հիմքերին, մինչդեռ ըստ էության քննարկման առարկա է դարձրել բողոքաբերի փաստարկները` դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից(11):

 

----------------------------

11) Տե՛ս սույն որոշման 7-րդ և 9-րդ կետերը:

 

19. Սույն որոշման 16-17-րդ կետերում ներկայացված իրավանորմերը և իրավական դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ է կայացրել, սակայն այն մասամբ սխալ է պատճառաբանել: Այսպես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա էր ոչ թե Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը, այլ դրա դեմ բերված բողոքի կապակցությամբ` 2017 թվականի օգոստոսի 1-ին Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի կայացրած որոշումը: Նման եզրահանգում կատարելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի` վերը հիշատակված թիվ ՍԴՈ-930 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում դատարան բողոքարկելու վերաբերյալ դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և տվյալ գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր, և նշված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ է սահմանվել 2011 թվականի հունիսի 30-ը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն կարգավորումը, որը դեռևս 2011 թվականի հունիսի 30-ին ուժը կորցրած է ճանաչվել:

19.1. Փաստելով, որ Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը չէր կարող լինել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա` Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի վերլուծությունից բխող այն կարգավորումը, որ դատարան կարող են բողոքարկվել քրեական գործը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` դատախազական հսկողության արտադատական պաշտպանության միջոցը սպառելուց հետո, այլ կերպ` քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումը դատախազին բողոքարկելուց հետո անձը կարող է իրացնել նախաքննության մարմնի այդ նույն որոշումը դատարան բողոքարկելու հնարավորությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերելի կարգավորումներից չի բխում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշման առկայությունը խոչընդոտում է Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ դիմողի ներկայացրած բողոքն ըստ էության քննարկելու հնարավորությանը:

20. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր Է.Աբգարյանի բողոքը ոչ թե այն պատճառաբանությամբ, որ բողոքարկման ոչ ենթակա որոշում է բողոքարկվել, ինչպես ոչ իրավաչափորեն նշել է Վերաքննիչ դատարանը, այլ այն պատճառաբանությամբ, որ Է.Աբգարյանի կողմից չի պահպանվել համապատասխան որոշման բողոքարկման արտադատական կարգը: Մասնավորապես, կոնկրետ դեպքում Քննիչի` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը դատախազական հսկողության կարգով բողոքարկվել է 7-օրյա ժամկետի բացթողմամբ, այսինքն` չի պահպանվել նախաքննության մարմնի որոշման բողոքարկման արտադատական կարգը, ինչը նախաքննության մարմնի այդ նույն որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում բողոքարկելու դեպքում այն մերժելու հիմք է:

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև Վերաքննիչ դատարանը մասամբ սխալ է պատճառաբանել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Է.Աբգարյանի բողոքը մերժելու վերաբերյալ իր հետևությունները, այդուհանդերձ կայացրել է գործը ճիշտ լուծող դատական ակտ:

22. Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ բողոքաբերի կողմից բարձրացված` սույն որոշման 12-րդ կետում նշված հարցերին:

23. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և գնահատման ենթարկել ոչ թե «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման, այլ նույն օրվա մեկ այլ` «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման բողոքարկման ընթացակարգը, որն առանձին որոշում է և չի բողոքարկվել(12):

 

----------------------------

12) Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

 

Նշված փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման բովանդակության ուսումնասիրությունից, մասնավորապես, նշված որոշման մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումներից` «2017 թվականի հուլիսի 26-ին Էրիկ Աբգարյանը քննիչ Լ.Ադամյանի 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին` խնդրելով թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնել:

Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանը 2017 թվականի օգոստոսի 01-ին որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչ Լ.Ադամյանի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ բողոքը թողնել առանց քննության», երևում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշումը անվանելով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, նկատի է ունեցել թիվ 17165515 քրեական գործով վարույթը կարճելու և Է.Աբգարյանին ծեծի ենթարկած, ինքնությունը չպարզված անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քննիչի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը:

24. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումը չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Էրիկ Նադիրի Աբգարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2019
N ԵԱՆԴ/0018/11/17
Որոշում