Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԴ4/0010/01/17

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև

Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2019 թվականի դեկտեմբերի 23-ին                    ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Վարուժան Հարութի Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճռով Վարուժան Հարութի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կալանքի` 2 (երկու) ամիս ժամկետով:

2. Ամբաստանյալ Վարուժան Հարությունյանի պաշտպան Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճիռը` Վ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով փոփոխվել է, և 2 (երկու) ամիս ժամկետով կալանքը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

3. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի` «քրեական գործով իրեղեն ապացույցը ոչնչացնելու մասին» ակտի համաձայն` իրեղեն ապացույց ճանաչված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ոչնչացվել է(1):

 

_____________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 130:

 

4. Դատապարտյալ Վ.Հարությունյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Վարուժան Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա 2016 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Չկալովկա-Նորաշեն գյուղերի վարչական տարածքում գտնվող աղբաթափման վայրի հարակից դաշտամիջյան հատվածից, առանց իրացնելու նպատակի կանեփ տեսակի բույսի թփերը քաղելու, չորացնելու և մանրացնելու միջոցով, ապօրինի պատրաստել է զգալի չափի` 0.51 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ապօրինի պահել է իր մոտ, ինչն էլ 2017 թվականի մարտի 16-ին, ժամը 19:05-ին նրա հագին եղած ձմեռային վերարկուի ծոցագրպանում հայտնաբերվել է ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների կողմից` նրա անձնական խուզարկության ժամանակ (...)»(2):

 

_____________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 67:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է հարուցել դատական ակտերի վերանայման վարույթ, բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչել և հռչակել իր անմեղությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վարուժան Հարությունյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(3):

 

_____________________

3) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(4):

 

_____________________

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(5):

 

_____________________

5) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վարուժան Հարությունյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի զգալի չափի` 0.51 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու համար(6):

 

_____________________

6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Վ.Հարությունյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.51 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Վ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Հարությունյանի կողմից կատարված արարքի վրա:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վ.Հարությունյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը վերանայելու համար:

16. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Վ.Հարությունյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Վ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վարուժան Հարութի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վարուժան Հարութի Հարությունյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Վարուժան Հարութի Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2019
N ԳԴ4/0010/01/17
Որոշում