Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                      ԿԴ/0002/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ/0002/01/18

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Ս. Համբարձումյան

                       Ս. Մարաբյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                              նախագահությամբ`     Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ`     Հ. Ասատրյանի

                                                  Ս. Ավետիսյանի

                                                  Ե. Դանիելյանի

                                                  Ա. Պողոսյանի

                                                  Ս. Օհանյանի

                             քարտուղարությամբ`    Ն. Թումանյանի

                   մասնակցությամբ ամբաստանյալ`    Ա. Գալստյանի

                                       տուժող`    Ի. Աբրահամյանի

 

    2020 թվականի հունվարի 10-ին                      ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Արամայիսի Գալստյանի պաշտպան Մ.Ալավերդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մայիսի 20-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է թիվ 20168717 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2017 թվականի նոյեմբերի 2-ին Արտակ Արամայիսի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2018 թվականի հունվարի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2018 թվականի մայիսի 30-ի դատավճռով Ա.Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նույն դատավճռով որոշվել է տուժող, քաղաքացիական հայցվոր Իշխան Մերուժանի Աբրահամյանի ներկայացուցիչ Քրիստինե Ղազարյանի քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն` Ա.Գալստյանից հօգուտ Ի.Աբրահամյանի բռնագանձվել է 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում, քաղաքացիական հայցի մնացած մասը թողնվել է առանց քննության:

3. Նշված դատավճռի դեմ դատական քննության արագացված կարգ կիրառելու և քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու մասով տուժող Ի.Աբրահամյանի ներկայացուցիչ Ք.Ղազարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպան Մ.Ալավերդյանը:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ. «(...) Նա 2017 թվականի մայիսի 1-ին կնքված թիվ 2017/05/01 աշխատանքային պայմանագրով աշխատանքի անցնելով «Արամ-Շին 2007» ՍՊ ընկերությունում որպես աշխղեկ, ձեռնամուխ է եղել 2017 թվականի մայիսի 1-ին «Գլաս ուորլդ քամփնի» ՓԲ ընկերության և «Արամ-Շին 2007» ՍՊ ընկերության միջև թիվ 01.05/17 կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը, որի համար աշխատանքի է ընդունել Իշխան Մերուժանի Աբրահամյանին: (...) «Արամ-Շին 2007» ՍՊ ընկերության աշխղեկ Արտակ Գալստյանը, հանդիսանալով աշխատանքի անվտանգության հրահանգավորման, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման պատասխանատու անձ, խախտել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 10.01.2001թ. թիվ 82 հրամանով սահմանված, ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001թ. պետական գրանցում ստացած, «ՀՀ տարածքում գործող հանրապետական միջպետական շինարարական նորմերի ցանկ»-ում ներառված ՍՆԻՊ III-4-80 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» նորմատիվ ակտի (...) 1.19* կետի և դրա հիման վրա ԳՕՍՏ 12.0.004-90` «Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում» միջպետական ստանդարտի 7.1, 7.2 և 7.9 կետերը` Ի.Աբրահամյանին չի ուսուցանել և հրահանգավորել աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգները, որոնք վերջինս պարտավոր էր կատարել ողջ աշխատանքային գործունեության ընթացքում, բացի այդ` ՍՆԻՊ III-4-80-ի 1.10*, 1.11*, 4.17* և 4.18* կետերի պահանջները` չի ապահովվել հատուկ հագուստով, կոշիկներով և մյուս պաշտպանիչ միջոցներով, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ բոլոր անձինք, ովքեր գտնվում են շինարարական հրապարակում, պարտավոր են կրել պաշտպանիչ սաղավարտներ, իսկ առանց բանվորական (աշխատանքային) հարթակով կահավորված հենովի սանդուղքները թույլատրվում են օգտագործել միայն մի հարթության մակարդակից մյուսին անցնելու և այնպիսի աշխատանքների կատարման համար, որոնք չեն պահանջում սանդուղքի կոնստրուկցիայի վրա հենում, իսկ հենովի սանդուղքի վրա կանգնած աշխատելիս, պետք է վերջի հատվածից մեկ մետրից ներքև գտնվել և 1.3 մետր ու ավել բարձրության վրա գտնվելիս աշխատել միայն անվտանգության ապահովիչ գոտիով ամրակապված վիճակում` գոտու զսպանակակեռիկը ամրացված շենքի կայուն կոնստրուկցիայից կամ որևէ այլ կայուն տեղից, ինչպես նաև առանց աշխատանքների կատարման նախագծի և դրանով սահմանված անվտանգ մեթոդով աշխատելու պայմաններում, մասնավորապես` առանց ամբարձիչ կռունկի միջոցով տանիքի սալի հնարավոր ընկնելը ապահովելու, Ի.Աբրահամյանին հանձնարարել է առանց հենակի աստիճանի վրա պաշտպանիչ գոտու բացակայությամբ հենման կետից 6 մետր բարձրության վրա կատարել ապամոնտաժման աշխատանքներ, ինչի արդյունքում էլ 2017թ. մայիսի 10-ին, ժամը 14:00-ի սահմաններում զոդման սարքի միջոցով Ի.Աբրահամյանի կողմից եռհարկանի շինության տանիքի սալի հենման անկյունակը կտրելու արդյունքում վերջինիս մի մասը կամ քարե պատի մի մասը` բետոնե լիցքի հետ միասին, ընկել է սանդուղքի վրա, կոտրել այն և Ի.Աբրահամյանը, ընկնելով գետնին, ստացել է կյանքին վտանգ սպառնացող, առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող` աջ և ձախ հոնքային շրջանների սալջարդ վերքերի, աջ այտային, ակնակապիճային և քունքային շրջանների արյունազեղումների, ճակատային, աջ քունքային, քթի, կզակի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդի, բազմաթիվ քերծվածքների, դիմային գանգի ոսկրերի, ծոծորակոսկրի, սեպոսկրի մարմնի կոտրվածքների, գլխուղեղի սալջարդի, ձախ ազդրի, ձախ սրունքի շրջանների սալջարդ վերքերի, ձախ ազդոսկրի բաց, ձախ ճաճանչոսկրի փակ կոտրվածքների ձևով մարմնական վնասվածքներ»(1):

_____________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 47-48:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, հիմք ընդունելով մեղադրանքն ամբողջ ծավալով ամբաստանյալ Արտակ Գալստյանի կողմից կամովին ու գիտակցաբար ընդունելու և դրա հետ համաձայն լինելու փաստերը, հանգում է այն հետևության, որ նա կատարել է (...) ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող արարքը, այն կատարելու համար ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:

(...)

Նկատի ունենալով, որ հարուցված քաղաքացիական հայցը չի հակասում օրենքին և չի վերաբերում այլ անձանց իրավունքներին, դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցը պետք է բավարարել մասնակի և ամբաստանյալ Արտակ Արամայիսի Գալստյանից հօգուտ տուժող, քաղաքացիական հայցվոր Իշխան Աբրահամյանի բռնագանձել 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում, իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը պետք է թողնել առանց քննության (...)»(2):

------------------------

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 105, 109:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Այն դեպքում, երբ արագացված կարգով դատական քննության ժամանակ դատարանը պարզում է, որ ամբաստանյալը համաձայն չէ պատճառված վնասի բնույթի և չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ` դատարանը պետք է որոշում կայացնի արագացված դատական քննություն չկիրառելու և ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

(...)

Մինչդեռ, (...) պարզելով, որ քաղաքացիական հայցը մասնակիորեն ընդունելու մասին ամբաստանյալի կողմից արված հայտարարության պայմաններում վերջինս համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ համաձայն չէ հայցապահանջի հետ, Առաջին ատյանի դատարանը, խախտելով քրեադատավարական օրենքի պահանջը, շարունակել է գործի քննությունն արագացված կարգով:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանն իրավասու չէր դատական քննության արագացված կարգ կիրառել այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն չէր քաղաքացիական հայցի չափի հետ (...)»(3):

----------------------

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 75:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անհիմն է, այն հակասում է ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ տուժողի ներկայացուցչի կողմից ներկայացված գումարն ընդհանրապես արտացոլված չի եղել մեղադրական եզրակացության մեջ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ամբաստանյալի կողմից քաղաքացիական հայցի պահանջը մասնակի ընդունելը հիմք չէր կարող լինել ընդհանուր կարգով դատաքննության անցնելու համար, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Առաջին ատյանի դատարանը պետք է շարունակեր գործի քննությունը ընդհանուր կարգով, քանի որ ամբաստանյալը չի ընդունում հայցապահանջը, ուստի համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, անհիմն է և չի բխում քրեադատավարական օրենքի պահանջներից:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է քաղաքացիական հայցը մասնակի ընդունելու պայմաններում դատական քննության արագացված կարգ կիրառելու իրավաչափությանը: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք, և վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի համատեքստում(4)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:

--------------------

4) Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

 

10.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Գալստյանին մեղսագրված արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել (...)»:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի» 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

(...)»:

12. Վերոնշյալ իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վարուժան Ավետիսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ. «(...) Անձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով:

(...) «Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է»(5):

 

------------------------

5) Տե՛ս Վարուժան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը:

 

Զարգացնելով Վարուժան Ավետիսյանի գործով արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Դավիթ Սիմիդյանի գործով նշել է. «(...) Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (...): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (...): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար: (...)»(6):

 

------------------------

6) Տե՛ս Դավիթ Սիմիդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը:

 

12.1 Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով արձանագրել է. «Արարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող «օրենքով» նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:

Այսինքն` նշված սկզբունքի ներքո իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որդեգրած քրեական քաղաքականության արտացոլումն այնպիսի «օրենքում», որում նկարագրված կանոնները և դրանց խախտման դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բովանդակային առումով այնքան որոշակի կլինեն, որ հնարավորություն կտան իրավունքի հիմնական կրողին դրսևորելու սահմանված պահանջներին համապատասխանող վարքագիծ: Վերջինս կարող է ապահովված լինել «իրավական որոշակիության» երկու բաղադրիչներին, այն է` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին համապատասխանող «օրենքի» առկայության պարագայում, որոնք ունեն հետևյալ բովանդակային նշանակությունը.

- «օրենքի» համապատասխանությունը «հասանելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք եղել է պատշաճ կերպով հրապարակված, ողջամտորեն հասանելի, թե ոչ: Այսինքն` «օրենքը» կարող է համապատասխանել հասանելիության չափանիշին, եթե այն, պետական իշխանությունների կողմից լինելով հրապարակված, նվազագույն ջանքերի գործադրմամբ եղել է հասանելի: Որպես այդպիսին, «օրենքը» կարող է հրապարակվել ինչպես դրա տպագիր տարբերակն անձանց հասանելի դարձնելու, այնպես էլ դրա առցանց տարբերակը համապատասխան պաշտոնական էլեկտրոնային հարթակներում տեղադրելու միջոցով(7),

 

--------------------------

7) Տե՛ս, mutatis mutandis, Kokkinakis v. Greece գործով Եվրոպական դատարանի` 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, 40-րդ կետ; G. v. France գործով Եվրոպական դատարանի` 1995 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 15312/89 գանգատը, 25-րդ կետ; Korbely v. Hungary [GC]: գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9174/02, 74-75-րդ կետեր:

 

- «օրենքի» համապատասխանությունը «կանխատեսելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք բովանդակային առումով ողջամտորեն ընկալելի է եղել անձանց համար: Այլ կերպ` արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտը, տեղեկանալով «օրենքով» նախատեսված պահանջների մասին, ծանոթանալով դրանց վերաբերյալ նորմատիվ վարքագծի կանոնների բովանդակությանը, դրանց վերաբերյալ տրված դատական մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում` ստանալով համապատասխան իրավական խորհրդատվություն, կարող էր կանխատեսել, թե որ գործողության/անգործության դրսևորումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի նշանակմանը: Այդ հանգամանքը պարզելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան կանոններն ամրագրող փաստաթղթի բովանդակությունը, ոլորտը, որի կարգավորմանն ուղղված է այդ փաստաթուղթը, ինչպես նաև այն անձանց շրջանակն ու կարգավիճակը, որոնց հասցեագրված է այն(8):

______________

8) Տե՛ս mutatis mutandis Cantoni v. France գործով Եվրոպական դատարանի` 1996 թվականի նոյեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 17862/91, 29-րդ կետը, Mkrtchyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի հունվարի 11-ի վճիռը, գանգատ թիվ 6562/03, 39-րդ կետը, Kafkaris v. Cyprus [GC] գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի փետրվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 21906/04, 140-րդ կետը, Kononov v. Latvia [GC] գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36376/04, 235-րդ կետը, Del Rio Prada v. Spain [GC] գործով Եվրոպական դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 42750/09, 79-րդ կետը:

 

(...) Անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս «օրենքը», լինելով «հասանելի» և «կանխատեսելի», պետք է հնարավորություն ընձեռի այդ օրենքի հասցեատիրոջը գիտակցելու իր իրավունքների և ազատությունների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնելու իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատելու իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Ընդ որում, (...) նշվածը վերաբերում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած նկարագրական դիսպոզիցիայով ամրագրված հանցագործության պարտադիր և լրացուցիչ հատկանիշներին, այնպես էլ բլանկետային դիսպոզիցիայով նկարագրված հանցագործության հատկանիշները բացահայտող այլ իրավական ակտերի նորմերին, որոնց պահանջների խախտումը ևս հանգեցնում է քրեական պատասխանատվության: Միայն այդ դեպքում անձի համար կարող է երաշխավորվել իր իրավունքների և ազատությունների իրացման դիսպոզիտիվության թույլատրելի շրջանակներն ընկալելու հնարավորությունը: Հակառակ պարագայում այն իրավական նորմը, որի ենթադրյալ խախտումը մեղսագրվում է անձին, չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանի իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չի լինի բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»(9):

______________

9) Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 14-15-րդ կետերը:

 

13. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն` պատժվում է (...)»:

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի վերը հիշատակված գործով փաստել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից հետևում է, որ այն նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով. քրեական պատասխանատվություն նախատեսելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման համար` այն չի սահմանում այդ կանոնները և, ըստ այդմ, ենթադրում է հղում նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի), որը պետք է ամրագրի դրանք: Դրանից հետևում է, որ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել դրանք սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի օգնությանը, որոնք պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի` (...) «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին»(10):

--------------------

10) Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով վերը հիշատակված որոշման 17-րդ կետը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պարտավոր լինելով ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ, դրանց նպատակով ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր` աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոններ և հրահանգներ, «Գլաս ուորլդ քամփնի» ՓԲ ընկերության և «Արամ-Շին 2007» ՍՊ ընկերության միջև կնքված կապալի պայմանագրով ստանձնած ապամոնտաժման աշխատանքները կատարել է կամայական ձևով` խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության` 2001 թվականի հունվարի 10-ի թիվ 82 հրամանով սահմանված, ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2001 թվականի նոյեմբերի 12-ին պետական գրանցում ստացած, «ՀՀ տարածքում գործող հանրապետական միջպետական շինարարական նորմերի ցանկ»-ում ներառված` ՍՆԻՊ III-4-80* «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» նորմատիվ ակտի 1.19* կետի և ԳՕՍՏ 12.0.004-90` «Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում» միջպետական ստանդարտի 7.1, 7.2 և 7.9 կետերը, ինչպես նաև ՍՆԻՊ III-4-80*-ի 1.10*, 1.11*, 4.17* և 4.18* պահանջները, ինչի հետևանքով Ի.Աբրահամյանը Բյուրեղավան քաղաքի «Գլաս ուորլդ քամփնի» ընկերության տարածքում գտնվող կիսաքանդ շինության երրորդ հարկի տանիքի ծածկի սալը ապամոնտաժելու արդյունքում մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել գետնին և ստացել առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ(11):

-----------------

11) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Ա.Գալստյանին մեղավոր է ճանաչել իրեն առաջադրված մեղադրանքում` մասնակի բավարարելով նաև ներկայացված քաղաքացիական հայցը(12):

______________

12) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանը պարզելով, որ ամբաստանյալը համաձայն չէ հայցապահանջի և հետևաբար մեղադրանքի հետ, իրավասու չէր շարունակելու արագացված կարգով գործի դատական քննությունը, արդյունքում բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության(13):

______________

13) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Գալստյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն հանգամանքը, թե արդյոք նորմատիվ պահանջները, որոնց խախտումը մեղսագրվել է Ա.Գալստյանին, համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքի` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին:

Այսպես, Ա.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «ՍՆԻՊ III-4-80* «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» նորմատիվ ակտի 1.19* կետի և ԳՕՍՏ 12.0.004-90` «Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում» միջպետական ստանդարտի 7.1, 7.2 և 7.9 կետերը, ինչպես նաև ՍՆԻՊ III-4-80*-ի 1.10*, 1.11*, 4.17* և 4.18* պահանջները խախտելու համար: Մասնավորապես, «ՍՆԻՊ III-4-80* «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերը հաստատվել են ԽՍՀՄ Պետշինի 1980 թվականի հունիսի 9-ի որոշմամբ և ուղղված են եղել նոր հաստատությունների, շենքերի և շինությունների շինարարության, գործող հաստատությունների, շենքերի և շինությունների վերանորոգման, ընդլայնման և տեխնիկական վերազինման ժամանակ շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման, նոր շինարարական նախագծերի մշակման ոլորտի համակարգմանը: ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2001 թվականի հոկտեմբերի 1-ի` «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված (ընդունված) հանրապետական, ինչպես նաև միջպետական շինարարական նորմերը, որում ներառված է նաև «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80* ՍՆԻՊ-ը: Ինչ վերաբերում է ԳՕՍՏ 12.0.004-90` «Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում» միջպետական ստանդարտին, ապա այն հաստատվել է` 12.0.004-90 ԳՕՍՏ-ը` ԽՍՀՄ Արտադրության որակի և ստանդարտների պետական կոմիտեի` 1990 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ: Ընդ որում, նշված նախկին ԽՍՀՄ պետական ստանդարտը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում` համաձայն ԱՊՀ երկրների «Ստանդարտացման, չափագրության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» միջկառավարական համաձայնագրի` կնքված 1992 թվականի մարտի 13-ին(14):

----------------------

14) Տե՛ս, mutatis mutandis, Գագիկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0258/01/16 որոշումը, ինչպես նաև Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով վերը հիշատակված որոշումը:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն, որ վերոնշյալ ՍՆԻՊ և ԳՕՍՏ կանոնները անձանց համար հասանելի եղանակով պաշտոնական որևէ աղբյուրում հրապարակված չեն, այդ կանոնները կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա ոչ պաշտոնական կայքէջերում, ինչը չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին և առաջացնում է ողջամիտ կասկած` դրանցով սահմանված աշխատանքի պաշտպանության կանոնների արժանահավատության վերաբերյալ: Ընդ որում, հարկ է նաև ընդգծել, որ այդ կանոններն ի սկզբանե կազմված են եղել օտար լեզվով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որևէ աղբյուրում: Ավելին, ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2001 թվականի թիվ 82 հրամանը, որով Հայաստանի Հանրապետությունում հաստատվել են «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80* ՍՆԻՊ կանոնները, ոչ թե ամրագրում է անվտանգության տեխնիկայի նորմեր կամ վերարտադրում այդ կանոնների ամբողջությունը մայր աղբյուրից, այլ ընդամենը կից ցանկում հղում է կատարում ԽՍՀՄ Պետշինի 1980 թվականի հունիսի 9-ի որոշմամբ ընդունված` ՍՆԻՊ կանոնների վերնագրերին: Այսինքն, թեև նշված հրամանը հաստատում է ՍՆԻՊ կանոնների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն այն չի պարունակում ո՛չ այդ կանոնների բովանդակությունը, ո՛չ էլ համապատասխան հղում այդ կանոնները գտնելու պատշաճ աղբյուրին: Թեև ԳՕՍՏ 12.0.004-90 կանոնները ևս գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն որևէ նորմատիվ իրավական ակտով ևս հստակեցված չէ ո՛չ այդ կանոնների բովանդակությունը, ո՛չ էլ առկա է համապատասխան հղում այդ կանոնները գտնելու պատշաճ աղբյուրին:

Վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ վերոշարադրյալ ՍՆԻՊ և ԳՕՍՏ կանոնները պետական իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հրապարակված չլինելու պայմաններում, ապահովված չի եղել նվազագույն ջանքերի գործադրմամբ դրանք գտնելու և ընթերցելու հնարավորությունը: ՈՒստի նշած կանոնները, որոնց խախտումը մեղսագրվում է Ա.Գալստյանին, չեն համապատասխանել «հասանելիության» չափանիշին: Նման պայմաններում դրանք չեն համապատասխանել նաև «կանխատեսելիության» չափանիշին:

Հետևաբար «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80* ՍՆԻՊ և ԳՕՍՏ 12.0.004-90 «Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում» կանոնները չեն կարող համարվել «օրենք», քանի որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին: Այդ պայմաններում Ա.Գալստյանին թիվ lll-4-80* ՍՆԻՊ և ԳՕՍՏ 12.0.004-90 կանոնների խախտման համար դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (Nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի խախտման:

16. Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Գալստյանին մեղսագրված արարքում առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

17. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ա.Գալստյանին մեղավոր ճանաչելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ և 157-րդ հոդվածների սխալ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սույն գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել անմեղ և արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի բարձրացրած` սույն որոշման 8-րդ կետում ներկայացված փաստարկներին:

Նման պայմաններում, Ա.Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, ենթակա է վերացման, իսկ տուժող Ի.Աբրահամյանի ներկայացուցիչ Ք.Ղազարյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 419-րդ հոդվածի 6-րդ մասով, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտակ Արամայիսի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մայիսի 30-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել:

2. Արտակ Արամայիսի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Արտակ Արամայիսի Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Տուժող Իշխան Մերուժանի Աբրահամյանի ներկայացուցիչ Քրիստինե Ղազարյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                      Նախագահող`     Լ. Թադևոսյան

                      Դատավորներ`    Հ. Ասատրյան

                                     Ս. Ավետիսյան

                                     Ե. Դանիելյան

                                     Ա. Պողոսյան

                                     Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.01.2020
N ԿԴ/0002/01/18
Որոշում