ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
17 հոկտեմբերի 2018 թվականի N 627-Լ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» 2018 թվականի հունիսի 21-ի ՀՕ-339-Ն օրենքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետի 14-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքով սահմանված արտոնությունների կիրառման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետին`
1) «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» 2018 թվականի հունիսի 21-ի ՀՕ-339-Ն օրենքին (այսուհետ` Օրենք) համապատասխան ֆիզիկական անձանց վերահաշվարկված պարտավորությունների մասով մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել պարտավորությունները բռնագանձելու վերաբերյալ ներկայացված հայցերից,
2) ձեռնպահ մնալ կատարողական թերթերը և անբողոքարկելի դարձած գանձման որոշումները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացնելուց Օրենքով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական անձանց` Օրենքին համապատասխան վերահաշվարկված պարտավորությունների մասով,
3) դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական անձանց` Օրենքին համապատասխան վերահաշվարկված պարտավորությունների մասով կատարողական թերթերի կատարումից հրաժարվելու համար,
4) նվազեցնել Օրենքով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական անձանց` գանձման որոշումներով գանձման առաջադրված գումարները` օրենքին համապատասխան վերահաշվարկված պարտավորությունների մասով,
5) Օրենքով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական անձանց` գանձման որոշումներով գանձման առաջադրված գումարը Օրենքին համապատասխան վերահաշվարկվելու և դադարելու դեպքում որոշումների վրա կատարել պարտավորությունը դադարելու վերաբերյալ նշում:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետին`
1) անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց իրազեկել` Օրենքով սահմանված արտոնությունների և դրանց կիրառման ընթացակարգերի, ինչպես նաև հարկային արտոնությունների իրավունքը հաստատող փաստաթղթերի (գործարքի հիմք հանդիսացող պայմանագրի պատճենի) ներկայացման վերաբերյալ,
2) Օրենքով սահմանված հարկային արտոնության կիրառմամբ ֆիզիկական անձանց վերահաշվարկված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությանը` յուրաքանչյուր շաբաթվա արդյունքներով` մինչև տվյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Դավիթ Անանյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի հոկտեմբերի 17
N 627-Լ հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» 2018 թվականի հունիսի 21-ի ՀՕ-339-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) համար սահմանված արտոնությունների կիրառման հետ կապված հարցերը:
2. Օրենքի գործողությունը տարածվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (գործել է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը) 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած` մինչև այդ օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար նույն ենթակետերով սահմանված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց վրա:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 աշխատանքային օրվա ընթացքում կամ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը վճարել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներով (այդ թվում` ճշտված) կամ «Հարկերի մասին» օրենքի
(մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ) 29.1-րդ հոդվածին համապատասխան` ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարները գանձելու մասին որոշումներով կամ 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կազմված վարչական ակտով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները:
Եթե հարկային մարմին ներկայացված կամ ներկայացվող հարկային հաշվարկներով հնարավոր չէ պարզել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած լինելը, ապա արտոնության տրամադրման համար հիմք են ընդունվում «Հարկերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի «զ» կետին կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված` հարկային արտոնությունների իրավունքը հաստատող փաստաթղթերը (գործարքի հիմք հանդիսացող պայմանագրի պատճենը):
4. Սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված դեպքերում Օրենքով սահմանված` արտոնության կիրառման պայմանների ապահովման (հիմքերի առկայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից ֆիզիկական անձի անձնական հաշվի քարտերում կատարվում են համապատասխան վերահաշվարկներ արտոնման ենթակա պարտավորությունների զրոյացման միջոցով` Օրենքով արտոնության կիրառման իրավունքի ձեռքբերման օրվա դրությամբ առկա պարտավորությունների չափով: Եթե Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 90 աշխատանքային օրվա ընթացքում Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կիրառվել են համապատասխան արտոնություններ, սակայն նույն ժամանակահատվածի համար վերացել է արտոնության կիրառման հիմքերից որևէ մեկը (մասնավորապես` ճշտված ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման, պարտավորության մարման վերահաշվարկի արդյունքում), ապա արտոնված գումարները ևս ենթակա են վերահաշվարկման (արտոնությունը ենթակա է վերանայման):
5. Ֆիզիկական անձանց համար վարվող անձնական հաշվի քարտերում Օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասով գրանցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 11-ի «Հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու մասին եզրակացության ձևը հաստատելու մասին» N 246-Ա հրամանով հաստատված ձևով: