Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶՈՅԱ ԶԱՔԻՆՅԱ ...

 

 

 

ԻՐՏԵԿ  ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ենթակա են հրապարակման` ԱՊԱՆՁՆԱՎՈՐԱԾ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-81-Ո-Կ-18

25 հունվարի 2021 թ.

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶՈՅԱ ԶԱՔԻՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ         Ռ. Վարդազարյանի,

 

    մասնակցությամբ`                             Գ. Բեքմեզյանի,

    անդամներ                                    Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ս. Միքայելյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարար                     Ռ. Բադասյանի,

 

    Արդարադատության նախարարի ներկայացուցիչ      Դ. Գասպարյանի,

 

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր

    իրավասության դատարանի դատավոր               Զ. Զաքինյանի,

 

    քարտուղարությամբ`                           Մ. Թելոյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի նոյեմբերի 30-ի N 115-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի պաշտոնակատար Հայկ Ասլանյանի կողմից 30.07.2020 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ` Նախարար) ներկայացված հաղորդումը:

Նախարարի 28.09.2020 թվականի թիվ 98-Ա որոշմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Զոյա Զաքինյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նախարարի 30.11.2020 թվականի N 115-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածում թվարկված են դատարանի լիազորությունները, որոնց թվում ներառված են դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը, որն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության շրջանակներում: Քրեադատավարական օրենսդրությամբ դատարանի այդ լիազորությունների իրականացման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում:

i

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի` դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում` այլ օրենքով, այս կամ այն հարցի քննությունը դատարանի իրավասությանը վերապահված համարելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ քրեադատավարական օրենքով այն ուղղակիորեն նախատեսված լինի որպես ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն:

i

Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ թեև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը, որպիսիք հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը, ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումների ուժով, ըստ էության, հանրային աշխատանքները որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ նշանակելու հարցի քննությունը ևս համարվում է դատարանի իրավասությանը վերապահված:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ներառված` «Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և դրանց ի կատար ածումը» վերտառությամբ 427-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կարգավորումների շրջանակներում դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը, իսկ դատապարտվածի ընտանիքին ի կատար ածելու համար դատական որոշումն ուղարկելու մասին հայտնելու պարտականություն դատարանն ունի միայն այն դեպքում, երբ անձը գտնվում է կալանքի տակ և դատապարտվել է ազատազրկման:

Առկա փաստական հանգամանքների համաձայն` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց (30.06.2020թ.) և քրեական գործը Վճռաբեկ դատարանից 15.07.2020 թվականին Դատարան ստացվելուց հետո այն ի կատար ածելու մասին կարգադրությունը Դատարանի կողմից 20.07.2020 թվականին ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին, որտեղ այն ստացվել է 27.07.2020 թվականին: Մինչդեռ, դեռևս 23.07.2020 թվականին Դատարանում արդեն ստացված է եղել դատապարտյալի` ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ դիմում, որի առկայությամբ պայմանավորված Դատավորի կողմից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին և ՀՀ Տավուշի մարզի դատախազություն համապատասխան գրություններ են ուղարկվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության գործողությունը կասեցնելու և կից փաստաթղթերի հետ միասին այն դատարան ուղարկելու վերաբերյալ:

i

Այսինքն, Դատավորի գործողությունները (կարգադրության կատարման կասեցման վերաբերյալ գրություններ ուղարկելը) ուղղակիորեն չեն բխել որևէ նորմատիվ իրավական ակտից, այդ թվում` դատավարական նորմերով իրեն վերապահված լիազորություններից, ուստի նկարագրված արարքը հանգեցրել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքի խախտման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի կարգավորումների լույսի ներքո Դատավորը նաև չի ունեցել պարտականություն ազատազրկման դատապարտված անձին կամ նրա հարազատներին ծանուցելու` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու կարգադրությունն ուղարկելու մասին: Մինչդեռ դատապարտյալի` ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ դիմումը Դատարան է մուտքագրվել մինչև ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կողմից ստանալը:

Ավելին, Դատավորը ներկայացրած բացատրությամբ, ըստ էության, ընդունել է, որ ձեռնարկված միջոցները չեն բխել օրենքից: Ինչ վերաբերում է 30.07.2020 թվականին նշանակված դատական նիստին դատապարտյալի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ փաստարկին, ապա նշվածը ևս չէր կարող հիմք հանդիսանալ Դատավորի կողմից օրենքով նախատեսված լիազորություններից դուրս գալու և օրենքից չբխող միջոց ձեռնարկելու համար: Ընդ որում, հաշվի առնելով Դատավորի կողմից ձեռնարկված միջոցների` օրենքի պահանջից չբխելը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը 28.07.2020 թվականին կատարվել է և դատապարտյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այսպիսով, բացատրությամբ բերված նշված փաստարկները հերքվում են սույն միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով:

i

Տվյալ դեպքում Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքի խախտումն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարքագծի կանոնի խախտման:

Ավելին, կարգապահական վարույթի առնչությամբ տրված բացատրության վերլուծությունից հետևում է, որ վերոնշյալ նյութական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները Դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ, այսինքն` չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Այսպիսով` թիվ ՏԴ/0124/01/19 քրեական գործով Դատավորը, համապատասխան լիազորության բացակայության պայմաններում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության գործողությունը կասեցնելու և կից փաստաթղթերի հետ միասին այն դատարան ուղարկելու վերաբերյալ գրություններ է ուղարկել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին և ՀՀ Տավուշի մարզի դատախազություն, որը հանգեցրել է նաև Դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ վարքագծի կանոնի խախտման:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին, որի շրջանակներում, վկայակոչելով դատավճիռն ի կատար ածելու հարաբերությունները կարգավորող քրեադատավարական նորմերը և կոնկրետ փաստական հանգամանքները, ի թիվս այլնի, հայտնել է, որ դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը, նրա իրավունքների դատական պաշտպանությունն ապահովելու դատարանի պարտավորությունը կատարելու միակ տարբերակը դատական ակտի կատարումը մի քանի օրով հետաձգելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելն էր, որն էլ Դատարանը փորձել է կատարել` գիտակցելով, որ հակառակ պարագայում դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին ապահովել հնարավոր չի լինելու: Բացատրությամբ Դատավորը վկայակոչել է նաև այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով Դատավորը հայտնել է, որ բացակայում են իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածը և 438-րդ հոդվածի 1-ին մասը` Դատավորը նշել է, որ միջնորդությունը Դատարանում ստացվելու պահին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը դեռևս ստացված չի եղել այն կատարող մարմնի կողմից և նա տեղափոխված չի եղել պատժի կրման վայր: Հետևաբար գործն ընդդատյա է եղել Դատարանին, որպիսի պայմաններում Դատարանը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել ապահովելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը: Այդ նպատակով Դատարանը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնին ուղղված գրություններով խնդրել է ի կատար չածել դատավճիռը, քանի որ ստացվել է միջնորդություն` ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին` նշելով որ դա անհրաժեշտ է դատական նիստին դատապարտյալի մասնակցությունն ապահովելու նպատակով: Ընդ որում` Տավուշի դատախազություն նման գրություն Դատարանը չի ուղարկել, ինչպես նշվում է Նախարարի միջնորդության մեջ, այլ ծանուցվել է դատական նիստի օրվա և ժամի մասին:

Մինչ այդ` 01.07.2020 թվականին, Դատարանում ստացվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի գրությունն այն մասին, որ իրենք չեն իրականացնելու դատապարտյալների տեղափոխումը դատարաններ, քանի որ նման լիազորություն ՀՀ ոստիկանությանը վերապահված չէ: Նշվածի մասին տեղյակ է եղել նաև Արդարադատության նախարարությունը: Հետևաբար, դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը, նրա իրավունքների դատական պաշտպանությունն ապահովելու դատարանի պարտավորությունը կատարելու միակ տարբերակը դատական ակտի կատարումը մի քանի օրով հետաձգելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելն էր, որ էլ Դատարանը փորձել է կատարել` գիտակցելով, որ հակառակ պարագայում դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին ապահովել հնարավոր չի լինելու:

Դատավորը նշել է նաև, որ կատարված գործողությունները դատավարական բնույթի են, հետևաբար դրանք նյութական իրավունքին չեն առնչվում: Միաժամանակ կարգապահական վարույթ հարուցելու հիմքով պետք է լինեն դատավարական նորմի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեն դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման: Իսկ տվյալ դեպքում իր կողմից կատարված գործողությունները նպատակ են ունեցել ապահովել դատապարտյալի դատական պաշտպանության իրավունքը և իրականացնել արդարադատություն, ուստի կոպիտ անփութությամբ նյութական իրավունքի նորմի խախտումների մասին խոսք լինել չի կարող:

i

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը` Դատավորը նշել է, որ թեև բացակայում են կարգապահական հիմքերի հատկանիշները, սակայն եթե անգամ դրանք ձևականորեն առկա են, ապա չէին կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, քանի որ նպատակ են ունեցել ապահովել արդարադատություն, բացի այդ որևէ հետևանք չեն առաջացրել:

Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստում Դատավորը, ըստ էության, պնդելով իր դիրքորոշումը` խնդրել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժել:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

i

1) Թիվ ՏԴ/0124/01/19 քրեական գործով Դատարանի 26.11.2019 թվականի դատավճռով Մատվեյ Բրուտյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 ՀՀ դրամի չափով:

2) Դատավճռի դեմ մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 24.02.2020 թվականի որոշմամբ այն մասնակիորեն բավարարվել է և մասնակի բեկանվել է Դատարանի դատավճիռը և դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխվել: ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվել է պատիժ` ազատազրկում` 4 ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժը թողնվել է անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` չորս ամիս ժամկետով և տուգանք` 300.000 ՀՀ դրամի չափով:

3) Նշված որոշման դեմ դատապարտյալի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 30.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է:

4) Քրեական գործը Վճռաբեկ դատարանից ստացվել է 15.07.2020 թվականին:

5) Դատավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը 20.07.2020 թվականին փոստային առաքման միջոցով ուղարկել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին, որը ստացվել է 27.07.2020 թվականին:

6) Դատարանում 23.07.2020 թվականին ստացվել է դատապարտյալի միջնորդությունը` ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:

7) Մինչև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրության ստանալը` 23.07.2020 թվականին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում առձեռն ստացվել է Դատավորի գրությունն այն մասին, որ 23.07.2020 թվականին Դատարանում ստացվել է դատապարտյալի դիմումը` ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ: Նույն գրությամբ Դատավորը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրության կատարումը կասեցնել մինչև դիմումի քննարկումը:

8) ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում 28.07.2020 թվականին ստացված Դատավորի գրությամբ հայտնվել է, որ դատապարտյալը տարվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին` ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու համար, ուստի դատապարտյալի դիմումի քննարկման դատական նիստին վերջինիս մասնակցությունն ապահովելու նպատակով կրկին տեղեկացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությանն ընթացք չտալու անհրաժեշտության մասին և խնդրվել է այն կից փաստաթղթերի հետ ուղարկել Դատարան:

9) Տավուշի մարզի դատախազությունում 28.07.2020 թվականին ստացվել է Դատավորի ծանուցումն առ այն, որ դատապարտյալի դիմումի քննարկման դատական նիստը նշանակվել է 30.07.2020 թվականին:

10) ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի 29.07.2020 թվականի թիվ 88/5-1-3742 գրությամբ Դատարանին տեղեկացվել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրության պահանջը կատարվել է 28.07.2020 թվականին և դատապարտյալը գտնվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

i

11) Դատարանը, առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումներով, 30.07.2020 թվականի որոշմամբ դատապարտյալի միջնորդությունը բավարարել է և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 24.02.2020 թվականի որոշմամբ դատապարտյալի նկատմամբ նշանակված 4 ամիս ազատազրկումից հանելով կրած 2 օր ժամկետը` մնացած 3 ամիս 28 օր ժամկետով ազատազրկումը փոխարինել է 354 ժամ հանրային աշխատանքներով:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Իսկ ըստ նույն հոդվածի 5-րդ մասի` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ՏԴ/0124/01/19 քրեական գործի շրջանակներում Դատավորին օրենքով վերապահված էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը կասեցնելու իրավասություն.

2. արդյո՞ք թիվ ՏԴ/0124/01/19 քրեական գործի քննության շրջանակներում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը կասեցնելով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի նորմի խախտում.

3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

4. արդյո՞ք թիվ ՏԴ/0124/01/19 քրեական գործով նյութական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.

2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.

3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ առաջին ատյանի դատարանին վերապահված են դատավճիռն ի կատար ածելն ուղարկելու և դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցերը լուծելու լիազորություններ, որոնք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ վարույթների քննության շրջանակներում, որպիսի լիազորությունների իրականացման կարգը սահմանված է «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո: Նույն օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կարգավորումների շրջանակներում դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը, իսկ դատապարտվածի ընտանիքին ի կատար ածելու համար դատական որոշումն ուղարկելու մասին հայտնելու պարտականություն դատարանն ունի միայն այն դեպքում, երբ անձը գտնվում է կալանքի տակ և դատապարտվել է ազատազրկման:

i

Բարձրագույն դատական խորհուրդը, արձանագրելով, որ քրեական գործով դատական ակտի կայացումը և այն կատարելն ինքնանպատակ չեն ու հանդիսանում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք և պետության վրա դրված պարտավորություն, փաստում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի պարտականությունն է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրա կատարման հանձնման ապահովումը: Ուստի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը, որպիսիք հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը: Նման պայմաններում հարկ է փաստել, որ օրենսդիրն առաջին ատյանի դատարանի համար չի սահմանել դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության գործողության կասեցման լիազորություն: Նման լիազորությամբ դատարանն օժտված է բացառապես դատական ակտի դեմ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության դեպքերում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ, 380-րդ և 383-րդ հոդվածների կարգով:

i

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված` առաջին ատյանին դատարանին վերապահված օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելու լիազորությանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ թե՛ քրեադատավարական օրենսդրությամբ և թե՛ այլ օրենքներով բացակայում է դատավորի կողմից դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության գործողության կասեցման լիազորություն:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունների իրացման շրջանակը` բացառելու համար իշխանության չարաշահումը կամ իշխանազանցությունը: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը: Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» իր ելակետային բովանդակությամբ բացահայտում է ինչպես իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի, այնպես էլ իշխանության թույլատրելի շրջանակները:

Տվյալ դեպքում Դատավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը 20.07.2020 թվականին փոստով ուղարկել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին, որից հետո 23.07.2020 թվականին ստացված դատապարտյալի ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդության հիմքով նույն օրը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին է ուղարկել գրություն` նշված միջնորդությունը ստացած լինելու մասին և խնդրել է կարգադրության կատարումը կասեցնել մինչև դիմումի քննարկումը: Մինչդեռ, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով վերոգրյալները, արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին որևէ նորմատիվ իրավական ակտով վերապահված չէ դատական ակտը կատարման հանձնելուց հետո դրա գործողության կասեցման լիազորություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում` դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում: Ասվածից բխում է, որ կատարման կարգադրությունն իրավասու մարմնին հանձնելուց հետո անձը պետք է ձեռք բերեր փաստացի ազատազրկվածի կարգավիճակ, ավելին` պետք է սկսեր նրա պատժի կրման փուլը, որից հետո միայն` քսանօրյա ժամկետում կարող էր դիմել իր պատժի կրման վայրի դատարան` իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դիմումով: Մինչդեռ, քննարկվող պարագայում ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը պատիժն ի կատար ածող մարմնի` համապատասխան քրեակատարողական հիմնարկի կողմից ստացված և դատապարտյալի պատժի կրման գործընթացը դեռևս սկսված չլինելու պայմաններում, դատավորը ձեռնարկել է իր լիազորություններից չբխող միջոցներ վերը նշված հոդվածով սահմանված կարգով դատապարտյալի պատժատեսակը փոխելու ուղղությամբ:

Ամփոփելով վերոշարադրյալը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ տվյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությունը կասեցնելու իրավասության բացակայության, դրա կատարումը կասեցնելու վերաբերյալ գրություն ուղարկելու, ինչպես նաև տվյալ դեպքում իր լիազորություններից չբխող գործողություններ` այն է առանց համապատասխան ընթացակարգը պահպանելու անձի նկատմամբ նշանակված պատժատեսակը փոփոխելու պայմաններում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված` օրինականության սկզբունքը:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից նյութական նորմի խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ նա չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Այսպիսով, օրինականության սկզբունքի խախտման պայմաններում հերքվում են Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկները, որ դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունն ապահովելու դատարանի պարտավորությունը կատարելու միակ տարբերակը դատական ակտի կատարումը մի քանի օրով հետաձգելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելն էր, որն էլ Դատարանը փորձել է կատարել` գիտակցելով, որ հակառակ պարագայում դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին ապահովել հնարավոր չի լինելու:

Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է նաև, որ Դատավորի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության գործողությունը կասեցնելու և դրան կից փաստաթղթերի հետ միասին այն դատարան ուղարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին և ՀՀ Տավուշի մարզի դատախազություն գրություններ ուղարկելը, ինչպես նաև` համապատասխան ընթացակարգերի խախտմամբ դատապարտյալ հանդիսացող անձի նկատմամբ նշանակված պատժատեսակը փոփոխելը վարկաբեկում է դատական իշխանությունը` նկատի ունենալով, որ որևէ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում` դատավարական և նյութական օրենսդրությամբ դատարանն օժտված չէ դատական ակտի կատարումը կասեցնելու, ինչպես նաև` առանց պատժի կրման ընթացքը փաստացի սկսելու դատապարտյալի` իր նկատմամբ նշանակված պատժատեսակը փոփոխելու մասին դիմումը քննարկելու լիազորությամբ: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, նախկինում առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

i

Վերոգրյալներից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին հայտարարել խիստ նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ                        Ռ. Վարդազարյան

 

    Անդամներ`                              Գ. Բեքմեզյան

                                           Մ. Մակյան

                                           Լ. Մելիքջանյան

                                           Ս. Միքայելյան

                                           Ա. Մխիթարյան

                                           Ս. Չիչոյան

                                           Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
01.02.2021
N ԲԴԽ-81-Ո-Կ-18
Որոշում