Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԴ/22512/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22512/02/18     2020 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցիչ Հայկ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էդուարդ Իվանյանի ընդդեմ Ռիչարդ Մուրադ Սիփանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էդուարդ Իվանյանը պահանջել է Ռիչարդ Մուրադի Սիփանից հօգուտ իրեն բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 29.10.2018 թվականի որոշմամբ Էդուարդ Իվանյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ բավարարվել է և հայցագնի` 9.000.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել Ռիչարդ Մուրադի Սիփանի սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների, տրանսպորտային փոխադրման միջոցների վրա:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 15.10.2019 թվականի որոշմամբ Ռիչարդ Մուրադի Սիփանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ կամ հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) 05.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Դ. Սերոբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2019 թվականի որոշմամբ Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը, սխալ է կիրառել նույն օրենսգրքի 372-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվել է «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը, որը բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, հստակ վկայակոչել է այն նորմը, որով օրենսդիրը սահմանել է ստորադաս դատարանի կայացրած` բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկը, որոնց թվին է դասվում նաև հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ որևէ որոշման վերտառության պահանջ սահմանված չէ օրենքով և էականը որոշման բովանդակությունն է, այսինքն` բովանդակային առումով դատարանը կայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունը մերժելու մասին որոշում, իսկ նման որոշման բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող որոշումների` վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 27.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Վերը նշված իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն ընդդեմ «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/4267/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, արձանագրել է. «օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է` հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները»: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ նշել է, որ բողոքարկման ոչ ենթակա ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու` դատավորի հայեցողությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն:

ՀՀ սահմանադրական դատարանի եզրահանգմամբ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար` նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մինչդեռ կասեցված կամ ընդհատված վարույթի պարագայում նման հնարավորությունը բացառվում է և միջանկյալ դատական ակտի դեմ պաշտպանության միակ միջոցը դրա անմիջականորեն բողոքարկման հնարավորությունն է:

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով, ի թիվս այլնի, բողոքարկման են ենթակա նաև առաջին ատյանի դատարանի` հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

Այս համատեքստում հարկ է նշել, որ օրենսդիրը նախատեսել է հայցի ապահովման կապակցությամբ գործին մասնակցող անձանց շահերի պաշտպանության դատավարական կարևոր միջոց, այն է` հայցի ապահովման հետ կապված որոշ դատական ակտերի անմիջական կարգով բողոքարկման հնարավորությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում ներառված է որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 29.10.2018 թվականի որոշմամբ հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցագնի` 9.000.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների, տրանսպորտային փոխադրման միջոցների վրա (գ. թ. 7-8):

07.10.2019 թվականին Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու կամ հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին, հայցի ապահովման միջոցները կիրառելու հետևանքով հնարավոր վնասների հատուցման համար (գ.թ. 26-27):

Դատարանը 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշմամբ Ռիչարդ Մուրադի Սիփանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու կամ հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին, մերժել է (գ.թ. 29-32):

Դատարանի նշված որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք հետևյալ հիմքի և հիմնավորման շրջանակներում. «Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը: Հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու հիմքում դրել է այն փաստը, որ պատասխանողի կողմից չի ներկայացվել բավարար ապացույց այն մասին, որ հայցի ապահովման հետևանքով պատասխանողին վնաս է պատճառվել: Դատարանն անտեսել է, որ պատասխանողին պատճառված վնասը դրսևորվել է բաց թողնված օգուտի տեսքով...» (գ.թ. 45):

Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի որոշմամբ Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն դատական ակտը բողոքարկման ենթակա չէ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «(...) տվյալ դեպքում Ռիչարդ Սիփանը բողոքարկում է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը, որի բողոքարկում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված չէ, ինչպես նաև այս որոշման բողոքարկումը նախատեսված չէ նաև այլ օրենքով: ՈՒստի (...) վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` որոշումը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով» (գ.թ. 63-64):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի ներկայացուցչի կողմից ըստ էության ներկայացվել է միջնորդություն` ոչ միայն հայցի ապահովումը ձևափոխելու, այլև հակընդդեմ ապահովում տրամադրելու վերաբերյալ, որը համապատասխանաբար Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» վերտառությամբ որոշմամբ մերժվել է: Դատարանը նույն որոշմամբ իրավացիորեն արձանագրել է. «Որոշումը` հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը մերժելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում»:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը բողոքարկման ենթակա չէ, անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, որպես բողոքարկման ենթակա դատական ակտ, մատնանշված է հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, քանի որ անհիմն կերպով մերժել է Ռիչարդ Մուրադի Սիփանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը` հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու մասով, վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցչի` հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ռիչարդ Մուրադի Սիփանի` արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2020
N ԵԴ/22512/02/18
Որոշում