Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                    Վարչական գործ

    դատարանի որոշում                         թիվ ՎԴ/0850/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ/0850/05/19          2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` Վարդան Թեյմուրազյանի` թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է անվավեր ճանաչել թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը, որպես հետևանք անվավեր ճանաչել թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով 16.01.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի որոշմամբ Համայնքի կողմից ներկայացված միջնորդությունը` վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.04.2019 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի «Վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ.Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» և 16.01.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումներով պարտապան է ներգրավվել Համայնքը, որը թիվ 2-1996 կատարողական թերթով պարտապան «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը չի հանդիսանում: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ 08.10.2002 թվականի թիվ 2-1996 քաղաքացիական գործով կայացված վճռով Համայնքի համար պարտավորություններ չեն սահմանվել, հետևաբար Համայնքը չի կարող ծանրաբեռնվել տվյալ վճռով սահմանված գործողությունը կատարելու պարտավորությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայնքի կողմից ներկայացված միջնորդության մեջ վկայակոչված հանգամանքն ուղղակի վերաբերում է Համայնքի շահերին, մասնավորապես, կատարողական վարույթով վերջինիս վրա դրվել է մի պարտավորության կատարում, որի շրջանակներում կարող են խախտվել Համայնքի սեփականության, համայնքային հողամասի տնօրինման իրավունքները, քանի որ Համայնքն իր սեփական միջոցների հաշվին սույն գործով երրորդ անձ հանդիսացող Վարդան Թեյմուրազյանին պետք է հատկացնի Ամիրյան 3-րդ շենքի բակում 20 քմ հողամաս` ավտոտնակ տեղադրելու նպատակով, մինչդեռ դեռևս վիճարկվում է այն հանգամանքը, թե Համայնքը, հանդիսանալով Երևանի թաղային համայնքների իրավահաջորդը, ունի արդյոք նման պարտավորություն, թե ոչ:

Վերը շարադրվածը վկայում է այն մասին, որ ակնհայտ առկա են վարչական ակտերի կասեցման հիմքերը, այն ուղղակիորեն շոշափում է Համայնքի շահերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է փոփոխել Վերաքննիչ դատարանի 22.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, այն է` «կայացնել նոր դատական ակտ թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» և «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումների կատարումը կասեցնելու վերաբերյալ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորությանն այն պարագայում, երբ վիճարկվող վարչական ակտի կասեցման միջնորդության հիմքերը համընկնում են դատարան ներկայացված հայցի հիմքերի հետ:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան` ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ` վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է` մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում: Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը:

Ինչ վերաբերում է հայցապահանջի հիմնավորումներին, ապա դրանք ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հիմնավորումները նշանակություն ունեն վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու, այսինքն` գործն ըստ էության լուծելու համար, մինչդեռ վիճարկվող վարչական ակտի կասեցման նախապայմանը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի, վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունն է:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցապահանջը հիմնավորող փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար, իսկ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորությունը կարող է առկա լինել միայն այն պարագայում, եթե միջնորդության մեջ պարունակվող փաստարկների ուժով դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.10.2002 թվականի թիվ 2-1996 քաղաքացիական գործով կայացված վճռով դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին Ամիրյան թիվ 3 շենքի բակում Վարդան Թեյմուրազյանին տրամադրել 20 քմ հողամաս` ավտոտնակ տեղադրելու նպատակով: Վճռի հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 08.11.2002 թվականին տրվել է կատարողական թերթ (հավելված գ.թ. 14-15):

Նշված կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Կնյազյանի կողմից 27.01.2003 թվականին կայացվել են կատարողական վարույթ հարուցելու և պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին որոշումներ` պարտավորեցնելով Երևանի քաղաքապետարանին Վարդան Թեյմուրազյանին Ամիրյան փողոց թիվ 3 շենքի բակում տրամադրել 20 քմ մակերեսով հողամաս` ավտոտնակ տեղադրելու համար (հավելված գ.թ. 12-13): Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանը, ուսումնասիրելով 12.08.2009 թվականին վերսկսված թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթի նյութերը, 16.01.2019 թվականին որոշում է կայացրել ի կատարումն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-1996 քաղաքացիական գործով 08.11.2002 թվականին տրված կատարողական թերթի, պարտավորեցնել Երևան համայնքին Ամիրյան թիվ 3 շենքի բակում Վարդան Թեյմուրազյանին տրամադրել 20 քմ մակերեսով հողամաս` ավտոտնակ տեղադրելու նպատակով (հավելված գ.թ. 16): Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի կողմից 16.01.2019 թվականին կայացվել է «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը, որով 06.10.2014 թվականին վերսկսված թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով պարտապան Երևանի քաղաքապետարանը փոխարինվել է իրավահաջորդով և կատարողական վարույթին ներգրավվել է որպես Երևան համայնք (հավելված գ.թ. 17-18):

Համայնքը 12.02.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան և պահանջել է անվավեր ճանաչել թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը, որպես հետևանք անվավեր ճանաչել թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով 16.01.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: Միաժամանակ հայցվորը միջնորդել է մինչև սույն գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնել թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» և «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումների կատարումն այն պատճառաբանությամբ, որ «Ներկայացված հայցապահանջով Երևան համայնքի կողմից վիճարկվում է թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը, իսկ ածանցյալ պահանջի ձևով վիճարկվում է նույն կատարողական վարույթով 16.01.2019 թվականին կայացված «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը:

Նշված որոշումները վիճարկվում են այն հիմքով, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարողական վարույթով պարտապան է ներգրավվել կատարման ենթակա թիվ 2-1996 կատարողական թերթով պարտապան հանդիսացող «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ իրավահաջորդը չհանդիսացող Երևան համայնքը, ում ներկայացվել է մի դատական ակտի կատարման պահանջ, որով Երևան համայնքը որևէ պարտավորություն չունի և դրա կատարման համար պատասխանատվություն կրել չի կարող:

(...) մինչև սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով 16.01.2019 թվականի որոշումների կատարումը կարող է գնահատվել որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի չկատարում և դրանց կատարումն ապահովելու նպատակով հանգեցնել Երևան համայնքի նկատմամբ այնպիսի հարկադրանքի միջոցների կիրառմանը, որի շրջանակներում կարող են խախտվել Երևան համայնքի սեփականության, համայնքային հողամասի տնօրինման իրավունքները:» (հավելված գ.թ. 2-8):

ՀՀ վարչական դատարանը, 15.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է:

Դատարանը վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելը պատճառաբանել է նրանով, որ վերջինիս կողմից ներկայացված հիմնավորումներով և գործի փաստերով չի հաստատվում այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող որոշումների կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Հայցվորի ներկայացրած վիճարկվող որոշումների կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

Վերաքննիչ դատարանը, 22.04.2019 թվականի որոշմամբ մերժել է Համայնքի վերաքննիչ բողոքն ու Դատարանի 15.02.2019 թվականի որոշումը թողել է անփոփոխ` գտնելով, որ Դատարանի կողմից հանգամանորեն ուսումնասիրվել է ներկայացված միջնորդությունը, ինչի արդյունքում իրավացիորեն արձանագրվել է, որ բացակայում են վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում Համայնքի կողմից ներկայացված «Վարչական ակտերի կատարումը կասեցնելու մասին» միջնորդությունը չի պարունակում որևէ հիմնավորում այն մասին, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Փոխարենը Համայնքն իր միջնորդությամբ ներկայացրել է տեղեկություններ այն մասին, թե ինչ հիմքով է վիճարկում թիվ 01/02-1983/09 կատարողական վարույթով Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ. Միքաելյանի 16.01.2019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» և «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: Այսինքն, Համայնքի` վարչական ակտերի կատարումը կասեցնելու մասին միջնորդության հիմքը և սույն գործով ներկայացված հայցի հիմքը նույնական են: Այլ կերպ ասած Համայնքը, որպես վարչական ակտերի կատարումը կասեցնելու միջնորդության հիմնավորում, ըստ էության, ներկայացրել է հայցի հիմքի վերաբերյալ փաստարկներ, որոնք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում վիճարկվող վարչական ակտերի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Համայնքը չի ներկայացրել որևէ փաստարկ, որի հիման վրա Դատարանի մոտ կարող էր ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում Համայնքին կպատճառվի զգալի վնաս կամ անհնար կդառնա վերջինիս իրավունքների պաշտպանությունը:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Դատարանը, մերժելով վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ Համայնքի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են իրավաչափ դատական ակտեր, հետևաբար, տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.12.2020
N ՎԴ/0850/05/19
Որոշում