Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/0008/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0008/02/14     2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Ն. Մարգարյան

                       Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

2020 թվականի նոյեմբերի 05-ին

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերոնշյալ հաստիքների պաշտոնեական հրահանգներում սահմանված են այլ չափանիշներ, որոնք բացակայում են հայցվորի նախկինում զբաղեցրած հաստիքի պաշտոնեական հրահանգում նախատեսվածից: Մասնավորապես` Երևանի վաճառքի և սպասարկման գրասենյակների բաժնի պետի, Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի, Վաճառքի և սպասարկման գրասենյակի ավագ մասնագետի, Վաճառքի և սպասարկման գրասենյակի մենեջերի հաստիքներին առաջադրված է սպասարկման ոլորտում տեսական և գործնական գիտելիքներ ունենալու պարտադիր պահանջ, իսկ Ֆիքսված կապի բլոկում կոմերցիոն տնօրենի հաստիքին` անգլերենին ազատ տիրապետելու, արդյունքին հասնելու ուղղվածություն և շահութաբերության բարձրացում, ռազմավարական պլանավորման, բանակցային հմտությունների, երկարատև համագործակցության հարաբերությունների կառուցման հմտություններ, որպիսի պարտադիր պահանջներ ներկայացված չէին Արամ Կարապետյանի զբաղեցրած նախկին հաստիքին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Կարապետյանի կողմից սույն գործի քննության ընթացքում չի հիմնավորվել այն հանգամանքը, որ իր ունակություններով, հմտություններով և մասնագիտական որակներով ինքը կարող էր համապատասխանել վերոնշյալ հաստիքներին ներկայացվող չափանիշներին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ պաշտոնները` որպես Ընկերության մոտ առկա հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան համարժեք այլ աշխատանքի թափուր հաստիքներ, չէին կարող առաջարկվել Արամ Կարապետյանին:

Ավելին` գործի փաստերից հետևում է, որ հայցվորի աշխատանքն անմիջականորեն կապված էր ուղղակի վաճառքի կազմակերպման հետ և չէր պահանջում հմտություններ սպասարկման ոլորտում, ինչը նշանակում է, որ հայցվորի նախկին աշխատանքն իր չափանիշներով համարժեք չէր քննարկվող հաստիքներին առաջադրվող չափանիշներին: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշման հիմքում ընկած այն պատճառաբանությունը, ըստ որի` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով Արամ Կարապետյանին այլ աշխատանք չի առաջարկվում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել էր` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության այն հիմքով, որ ստորադաս ատյանը չի նշել այն ապացույցը, որը կհաստատեր Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնը հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան լինելու փաստը: Չնայած նոր քննության հիմքին` գործի նոր քննության ընթացքում ստորադաս ատյանները չեն վկայակոչել, թե որ ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման արդյունքում են հաստատված համարել, որ Արամ Կարապետյանն իր մասնագիտական պատրաստվածությամբ, որակավորմամբ և առողջական վիճակով համապատասխանում է Երևանի վաճառքի և սպասարկման գրասենյակների բաժնի պետի, Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի, Վաճառքի և սպասարկման գրասենյակի ավագ մասնագետի, Վաճառքի և սպասարկման գրասենյակի մենեջերի, կոմերցիոն տնօրենի հաստիքներին ներկայացվող պահանջներին: ՈՒստի, սույն գործի նոր քննության ընթացքում հստակ ապացույցների վկայակոչմամբ չի հիմնավորվել, թե որ ապացույցի հիման վրա է Արամ Կարապետյանը համարվում նոր հաստիքների չափանիշներին համապատասխանող: Ավելին` Վերաքննիչ դատարանն ընդամենը նշել է, որ Ընկերության նոր վարչակազմակերպչական կառուցվածի, հաստատված հաստիքացուցակի և նոր հաստիքների վերաբերյալ պաշտոնեական հրահանգների ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերությունում առկա էին առնվազն այդ թափուր հաստիքները, որոնք կարող էին առաջարկվել հայցվորին, սակայն չեն առաջարկվել:

Անդրադառնալով նաև հաստիքների կրճատման հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում Արամ Կարապետյանին առնվազն երկու ամիս առաջ ծանուցելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ընկերությունը 29.11.2013 թվականին ընդունել է թիվ 3681-Կ հրամանն առ այն, որ Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով 11.03.2014 թվականից լուծվելու է Արամ Կարապետյանի և Ընկերության միջև կնքված թիվ 4933/1 աշխատանքային պայմանագիրը: Նշված հրամանի և աշխատանքային պայմանագրի լուծման մասին Արամ Կարապետյանը տեղեկացվել է նույն օրով` 29.11.2013 թվականով թվագրվող թիվ Ե-11-1038 ծանուցմամբ, որն Արամ Կարապետյանը ստացել է 18.12.2013 թվականին: Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Պյատախինի` «Անհատական իրավական ակտում փոփոխություններ կատարելու մասին» 17.02.2014 թվականի թիվ 670-Կ, 29.04.2014 թվականի թիվ 1449-Կ և 21.05.2014 թվականի թիվ 2104-Կ հրամաններով Արամ Կարապետյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծման ամսաթիվը` 11.03.2014 թվականը, փոխարինվել է, համապատասխանաբար, 29.04.2014 թվականով, անաշխատունակության ժամանակահատվածի և դրան հաջորդող հերթական արձակուրդի վերջին օրվան հաջորդող օրով, այնուհետև` 04.07.2014 թվականի ամսաթվով:

Արամ Կարապետյանը 26.11.2013 թվականից մինչև 03.02.2014 թվականը, 04.03.2014 թվականից մինչև 21.04.2014 թվականը, այնուհետև 22.04.2014 թվականից մինչև 08.05.2014 թվականը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, որպիսի ժամանակահատվածը, հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները, չի հաշվարկվում աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցելու ժամկետում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստորեն 26.11.2013 թվականից մինչև 08.05.2014 թվականն Արամ Կարապետյանը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, բացառությամբ 03.02.2014 թվականից մինչև 04.03.2014 թվականն ընկած ժամանակահատվածի, քանի որ Արամ Կարապետյանի` այդ ժամանակահատվածում ժամանակավոր անաշխատունակ լինելու վերաբերյալ ապացույց սույն գործով առկա չէ: Արդյունքում, Արամ Կարապետյանի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի միջակայքում առկա է եղել մի ժամանակահատված` 03.02.2014 թվականից մինչև 04.03.2014 թվականը, որը մտնում է աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցելու ժամկետի հաշվարկի մեջ:

Այնուհետև, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամ Կարապետյանի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտից` 08.05.2014 թվականից հետո մինչև վերջինիս հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը` 04.07.2014 թվականը, շարունակել է հոսել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Արամ Կարապետյանին ծանուցելու ժամկետը: ՈՒստի, հաշվի առնելով վերոնշյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից պահպանվել է աշխատողին առնվազն 2 ամիս առաջ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցելու պահանջը, և աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամանում նշված, այնուհետև փոփոխված օրը հենց լուծվել է պայմանագիրը: Ավելին` 29.11.2013 թվականին` աշխատանքային պայմանագիրը լուծելու և նույն թվականով թվագրվող ծանուցման օրվանից հետո մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու փոփոխված ամսաթիվը` 04.07.2014 թվականը, ընդհանուր հաշվով հոսել է 29 օրացուցային օր` 03.02.2014 թվականից մինչև 04.03.2014 թվականը, և 57 օրացուցային օր` 08.05.2014 թվականից մինչև 04.07.2014 թվականը, որպիսի հաշվարկների արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից ոչ միայն պահպանվել է Արամ Կարապետյանին առնվազն երկու ամիս առաջ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցելու պահանջը, այլև հոսել է ծանուցման ավելի երկար ժամկետ, որն ավարտվելուն պես` 04.07.2014 թվականին, Ընկերության թիվ 3681-Կ հրամանով լուծվել է Արամ Կարապետյանի հետ կնքված պայմանագիրը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ օրենսդրի կողմից սահմանված` աշխատողին պայմանագրի լուծման վերաբերյալ առնվազն երկու ամիս առաջ ծանուցելու ժամկետը պահպանվել է, իսկ վերջինիս ժամանակավոր անաշխատունակության պատճառով պայմանագրի լուծման ամսաթիվը տեղափոխվել և նշվել է 04.07.2014 թվականը, հետևաբար Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին առնվազն երկու ամիս առաջ ծանուցելու հարցի վերաբերյալ հիմնավոր չեն և չեն բխում սույն գործի փաստերից:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, եկել է սխալ եզրահանգման, հետևաբար Արամ Կարապետյանի պահանջը` անվավեր ճանաչել Ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը, Ընկերությունից բռնագանձել գումար` պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 04.07.2014 թվականից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով, ինչպես նաև ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու դիմաց տուժանք 60 օրվա համար` հիմք ընդունելով հայցվորի միջին աշխատավարձը, անհիմն է և ենթակա էր մերժման սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորը` Արամ Կարապետյանը, վերոնշյալ իրավանորմի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ պատասխանող Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով նաև այն, որ օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ ընդհանուր իրավասության դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ «ՎեոնԱրմենիա» ՓԲԸ-ի (իրավանախորդ` «ԱրմենՏել» ՓԲԸ)` անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, Ընկերությունից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու, Ընկերությունից աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը բռնագանձելու և ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին, մերժել:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.11.2020
N ԵԱՔԴ/0008/02/14
Որոշում