Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ, 302...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ, 302-ՐԴ, 304-ՐԴ, 325-ՐԴ, 449-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(3-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/2401/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2401/02/15     2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 10-ին

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով` նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ հոդվածների խախտում, ու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և փոփոխել` հայցը մերժել է:

Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարո՞ղ էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ խախտում վերագրելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է և փոփոխել` հայցը մերժել է, ըստ էության, հետևյալ շարժառիթներով`

1) չնայած Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված առուվաճառքի պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, սակայն առկա չէ որևէ ապացույց այդ պայմանագրից ծագած իրավունքները պետական գրանցման ենթարկված լինելու վերաբերյալ, այսինքն` նշված պայմանագիրը կնքված համարելու համար անհրաժեշտ պայմաններից կատարվել է միայն մեկը, որի պայմաններում այն չի կարող համարվել կնքված.

2) ի տարբերություն Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև ձևակերպված պայմանագրի` Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրով Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև կնքված պայմանագրից ծագած սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման.

3) գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ վերացրել է իր կողմից Աննա Խաչատրյանին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, կամ նույն օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանմամբ միջոցներ է ձեռնարկել լիազորագիրը նոտարական կարգով վերացնելու, ինչպես նաև` լիազորագրի վերացման մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը, տեղեկացնելու վերաբերյալ.

4) Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը չվերացվելու պայմաններում այն շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը Հայկ Շեկյանի պահանջները` կապված Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ու նշված գույքի նկատմամբ Հայկ Շեկյանի սեփականության իրավունքը ճանաչելու հետ, անհիմն է համարել, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ`

1) ի տարբերություն Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, որը բացառապես ենթարկվել է նոտարական վավերացման, Ռազմիկ Կարապետյանի, որի անունից հանդես է եկել Աննա Խաչատրյանը` որպես ներկայացուցիչ, և Մարինե Խաչատրյանի միջև նույն գույքի վերաբերյալ 11.02.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից, որը ևս ենթարկվել է նոտարական վավերացման, նաև բխող իրավունքն է ենթարկվել պետական գրանցման, և

2) քանի որ գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը վերացնելու կամ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկած լինելու, լիազորագիրը վերացնելու մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց տեղեկացնելու վերաբերյալ, ուստի Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը:

Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` հայցը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները:

Նույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե լիազորագրողը վերացրել է այն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: (...)

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում այն կնքելու պահից:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ լիազորագիր տալը ինքնանպատակ գործողություն չէ, այն հետապնդում է կոնկրետ նպատակ` այլ անձի լիազորելու երրորդ անձանց առջև ներկայացնելու լիազորագիր տված անձին: Դրանից ելնելով` օրենսդիրը որպես լիազորագրի գործողության դադարման հիմք նախատեսել է լիազորագրով նախատեսված գործողությունն իրականացված լինելու փաստի առկայությունը` առանց կոնկրետ նշելու, թե խոսքը ում կողմից իրականացված գործողության մասին է: Ընդ որում, տվյալ գործողությունն իրականացրած անձին ճշտելու առումով պարտադիր պայման չնախատեսելու օրենսդրի նման կարգավորումը համարում ենք իրավաչափ, քանի որ այս դեպքում ոչ թե էական է պարզելը, թե այդ անձը լիազորագիր տվողն է, թե` ներկայացուցիչը, այլ` այն, թե արդյո՞ք լիազորագրով նախատեսված գործողությունն իրականացվել է, և այդ փաստի առկայությունը հաստատված համարվելու պայմաններում արդեն իսկ իմաստազրկվում է տրված լիազորագրի գործողությունը պահպանելու անհրաժեշտությունը` նկատի ունենալով, որ այն տված անձը, ըստ էության, հասել է ակնկալվող նպատակին:

Լիազորագրի դադարման վերը նշված հիմքից բացի, օրենսդիրը նախատեսել է նաև այլ հիմք` այն պայմանավորելով լիազորագրողի կողմից վերացնելու հետ: Կարծում ենք, որ այս հիմքը լրիվ ինքնուրույն և անկախ հիմք է, որևէ առնչություն չունի վերը նշված հիմքի հետ, ու չի կարող գոյություն ունենալ վերջինիս հետ միաժամանակ, քանի որ այս երկրորդ դեպքը կարող է առաջանալ (լիազորագրի գործողությունը դադարեցվել) բացառապես այն ժամանակ, երբ առկա է լիազորագիր, որով նախատեսված գործողությունը դեռևս չի կատարվել, կամ առկա չեն օրենքի ուժով դրա գործողության դադարման այլ հիմքեր, սակայն լիազորագրողը ցանկանում է այն դադարեցնել վերացնելու եղանակով, որպիսի իրավունքից նա կարող է օգտվել ցանկացած ժամանակ: Ընդ որում, այս դեպքում լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձի վրա պարտավորություն է դրվել վերացման մասին տեղեկացնելու լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Հակառակ պարագայում նաև լիազորողի համար երրորդ անձանց նկատմամբ իրենց ուժն են պահպանում լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած այն իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ ներկայացուցիչն իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին: Նշված կանոնից առկա է միայն մեկ բացառություն, երբ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարած լինելու մասին: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է, որ եթե ներկայացուցիչը ներկայացվողի անունից կնքում է գործարք` չունենալով դրա համար լիազորություն կամ սահմանազանցմամբ է այն կնքում, ապա այս դեպքում այդ գործարքը կնքված է համարվում ներկայացուցչի անունից և ի շահ նրա, եթե ներկայացվողը հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին, իսկ այդպիսի հավանության դեպքում տվյալ գործարքով ներկայացվողի համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ են ստեղծվում, փոփոխվում և դադարեցվում այն կնքելու պահից:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռազմիկ Կարապետյանը լիազորագիր է տվել Աննա Խաչատրյանին իր հայեցողությամբ և ցանկացած գնով վաճառել նաև Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղին: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով, և այն վավերացրել է նոտարը:

05.02.2015 թվականին Ռազմիկ Կարապետյանը Հայկ Շեկյանի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վերջինիս է վաճառել վերը նշված ավտոկայանատեղին: Պայմանագիրը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման: Դրանից բխող իրավունքը գրանցելու ժամկետը դեռևս չլրացած` 11.02.2015 թվականին, այսինքն` վերը նշված պայմանագիրը կնքելուց վեց օր հետո, նույն գույքի վերաբերյալ Ռազմիկ Կարապետյանի անունից առուվաճառքի պայմանագիր է կնքել վերջինիս ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը` այն վաճառելով Մարինե Խաչատրյանին: Պայմանագիրը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման:

Հիմք ընդունելով մեր կողմից արտահայտված դիրքորոշումները, հետազոտելով վերը նշված լիազորագիրը` կարծում ենք, որ Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Կարապետյանին տրված լիազորագիրը տվյալ դեպքում հետապնդել է կոնկրետ նպատակ` վերջինիս լիազորելու երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նաև վերը նշված գույքի առուվաճառքի հետ կապված իրավահարաբերություններում, այսինքն` նաև կատարելու (կնքելու) այդ գույքի վաճառքի հետ կապված գործողություն: Սակայն այդ լիազորագիրը տալուց հետո Ռազմիկ Կարապետյանն անձամբ է իրականացրել վերը նշված գույքի վաճառքի հետ կապված գործողությունը` այն առանց ներկայացուցչի` անմիջականորեն, 05.02.2015 թվականին վաճառելով Հայկ Շեկյանին: Դրանից ելնելով` կարծում եմ, որ տրված լիազորագրի գործողությունն այդ պահից դադարել է օրենքի ուժով:

Նման պայմաններում կարծում ենք, որ լիազորագրի գործողությունը դեռևս 05.02.2015 թվականից դադարած լինելու դեպքում Աննա Կարապետյանը համարվում է 11.02.2015 թվականին վերը նշված պայմանագիրը կնքելու լիազորություն չունեցող, և այս դեպքում այդ գործարքը կարող է համարվել բացառապես նրա անունից և ի շահ նրա կնքված, քանի որ Ռազմիկ Կարապետյանը հետագայում ուղղակի հավանություն չի տվել այդ գործարքին:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու` հայցը մերժելու հիմքում դրված շարժառիթին, որ «առկա չէ որևէ ապացույց Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված առուվաճառքի պայմանագրից ծագած իրավունքները պետական գրանցման ենթարկված լինելու վերաբերյալ», ապա կարծում ենք, որ այն չի կարող հիմք հանդիսանալ վերը նշված լիազորագրի գործողությունն օրենքի ուժով դադարած համարելու փաստը ժխտելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշեցինք, այն դադարել է Ռազմիկ Կարապետյանի կողմից իր գույքի վաճառքի հետ կապված կամք արտահայտելու` գործողությունն անձամբ 05.02.2015 թվականին իրականացնելու փաստի ուժով, որը, կարծում եմ, որևէ ձևով չի կարող ժխտվել և պայմանավորված լինել զուտ գործարքից բխող իրավունքը պետական գրանցման ենթարկված չլինելու պատճառաբանությամբ, այն էլ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքելուց հետո անցել էր ընդամենը վեց օր, և գործով չի վկայակոչվել ու հաստատված համարվել փաստ, որ պայմանագրի կողմերը սահմանված ժամկետում չէին գրանցելու այդ պայմանագրից բխող իրավունքը:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու` հայցը մերժելու հիմքում դրված մյուս շարժառիթին, որ «գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ վերացրել է իր կողմից Աննա Խաչատրյանին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, կամ նույն օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանմամբ միջոցներ է ձեռնարկել լիազորագիրը նոտարական կարգով վերացնելու, ինչպես նաև` լիազորագրի վերացման մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը, տեղեկացնելու վերաբերյալ», կարծում եմ, որ այն ևս չէր կարող հիմք հանդիսանալ նման դատական ակտ կայացնելու համար, քանի որ մեր կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումների համատեքստում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և 324-րդ հոդվածի 3-րդ կետը, այնպես էլ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետը սույն իրավահարաբերության վերաբերյալ կիրառելի չեն` նկատի ունենալով, որ Ռազմիկ Կարապետյանը ո՛չ վերացրել է իր կողմից տրված լիազորագիրը, ո՛չ էլ նման փաստ է վկայակոչվել. այն, ինչպես նշեցինք վերը, դադարել է օրենքի ուժով: Դրա հիման վրա անհիմն ենք համարում նաև մյուս շարժառիթն այն մասին, որ «Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը չվերացվելու պայմաններում այն շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը»:

Նման պայմաններում, կարծում ենք, որ Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ հոդվածների խախտում թույլ տալը, առավել ևս` արդարադատության բուն էությունը խաթարող:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` հայցը մերժելու համար:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճռի դեմ Հայկ Շեկյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, 09.11.2016 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու, վճիռը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ «դատարանը գործի քննության ընթացքում չի պարզել, թե ինչպես է Ռազմիկ Կարապետյանի կողմից արդեն իսկ 3.332.000 ՀՀ դրամով վաճառված ավտոկայանատեղին վեց օր անց կրկին վաճառվել մեկ այլ անձի, տվյալ դեպքում սեփականատիրոջ կնոջ` Աննա Խաչատրյանի մորը` Մարինե Խաչատրյանին, այն էլ 10.000.000 ՀՀ դրամ արժեքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները: Դատարանը հաշվի չի նստել այն հանգամանքի հետ, որ վերը նշված իրավական նորմի հիման վրա Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված ավտոկայանատեղին վաճառելու լիազորագրի գործողությունը դադարել է այն պահից, երբ Ռազմիկ Կարապետյանը 05.02.2015 թվականին ավոտակայանտեղին վաճառել է սույն գործով հայցվոր Հայկ Շեկյանին: Փաստորեն, Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով դադարել է Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի գործողությունը, մինչդեռ 11.02.2015 թվականին նույն լիազորագրի հիման վրա Աննա Խաչատրյանի կողմից կատարվել է գործարք: Արդյունքում, պատասխանող Մարինե Խաչատրյանը, 16.02.2015 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարելով իրավունքի պետական գրանցում, զրկել է հայցվոր Հայկ Շեկյանին օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում իր իրավունքները պետական գրանցման ենթարկելու հնարավորությունից»:

Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, որպիսի հանգամանքները, կարծում ենք, նույնպես անտեսվել են Վճռաբեկ դատարանի կողմից:

 

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 10 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.12.2020
N ԵԱՔԴ/2401/02/15
Որոշում