Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-305-ՐԴ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-305-ՐԴ, 331-ՐԴ, 411-ՐԴ, 317-ՐԴ, 332-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱԴԴ/3423/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3423/02/14     2020 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գեորգի Բաղդասարյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի, երրորդ անձ Ավետիք Պողոսյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հրաչյա Գրիգորյանը պահանջել է 06.11.2011 թվականի առուվաճառքի պայմանագրով իրեն ճանաչել Երևան քաղաքի Կովկասյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող տան 1/2 բաժնի գնորդ` փոխանցելով պայմանագրով տան 1/2 մասի գնորդի իրավունքները և պարտականությունները և որպես հետևանք տան 1/2 բաժնի նկատմամբ անվավեր ճանաչել Գեորգի Բաղդասարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

22.01.2016 թվականին Հրաչյա Գրիգորյանը դատարան է ներկայացրել հայցի հիմքերը լրացնելու և հայցային պահանջները փոփոխելու վերաբերյալ դիմում և խնդրել է Գեորգի Բաղդասարյանից բռնագանձել 172.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ Գեորգի Բաղդասարյանի համաձայնության դեպքում` 06.11.2011 թվականի առուվաճառքի պայմանագրով իրեն ճանաչել ք. Երևան, Կովկասյան փողոց, 42 հասցեում գտնվող անհատական բնակելի տան 2/3 բաժնի գնորդ` իրեն փոխանցելով 2/3 մասի գնորդի իրավունքներն ու պարտականությունները, որպես հետևանք անվավեր ճանաչել 2/3 մասի նկատմամբ Գեորգի Բաղդասարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

04.12.2018 թվականին Հրաչյա Գրիգորյանը դարձյալ հայցի հիմքերը լրացնելու և հայցային պահանջները փոփոխելու մասին դիմում է ներկայացրել դատարան, որով խնդրել է Հրաչյա Գրիգորյանի, Գեորգի Բաղդասարյանի և Մաթևոս Գևորգյանի միջև 08.09.2011 թվականին կնքված գործարքի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` Գեորգի Բաղդասարյանին պարտավորեցնելով վերադարձնել գործարքով ստացած 172.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը:

Դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) 04.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` Գեորգի Բաղդասարյանից հօգուտ Հրաչյա Գրիգորյանի բռնագանձել 172.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Գեորգի Բաղդասարյանից հօգուտ Հրաչյա Գրիգորյանի բռնագանձել 172.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 06.11.2011 թվականից հաշվեգրված տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համապատասխան, մինչև գումարը վերադարձնելու օրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ Գեորգի Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.02.2019 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեորգի Բաղդասարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչյա Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-305-րդ հոդվածները, 331-րդ, 411-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 130.1-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, 172.000 ԱՄՆ դոլար գումարը դիտարկելով առոչնչության հետևանք, կիրառել է առոչինչ գործարքների անվավերության հետևանքների համար սահմանված հայցային վաղեմության 10 տարվա ժամկետը, սակայն գործով ձեռք բերված փաստերով հիմնավորվում է, որ Դատարանը պետք է կիրառեր հայցային վաղեմության եռամյա ժամկետը, քանի որ 172.000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պահանջը, ըստ էության, փոխառությամբ տրամադրված գումարը վերադարձնելու պահանջ է, իսկ այդպիսի պահանջի նկատմամբ կիրառման ենթակա է հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը:

Քաղաքացիական գործից բացակայում են 14.07.2015 թվականի նախնական դատական նիստի, 19.07.2016 թվականի նախնական դատական նիստի և 12.05.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունները, և առկա են միայն տվյալ նիստերի համակարգչային համառոտագրությունները:

Բացի այդ, 10.10.2017 թվականի, 27.11.2017 թվականի, 26.02.2018 թվականի, 15.06.2018 թվականի դատական նիստերի արձանագրումը կատարվել է պարզ թղթային եղանակով, և առկա չէ ապացույց առ այն, որ դատական նիստերի ժամանակ համակարգչային ձայնագրման համակարգն անսարք է եղել, ընդ որում, 15.06.2018 թվականի դատական նիստի արձանագրությունը ստորագրված չէ դատական նիստերի քարտուղարի կողմից: Այսինքն` վերը նշված 4 դատական նիստերի արձանագրումը դատարանում կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ, ըստ այդմ` փաստացի ձայնագրման համակարգի առկայության պայմաններում, չի իրականացվել ձայնային արձանագրում, որի հիմքով փաստացի վերը նշված 4 դատական նիստերի ձայնային արձանագրությունները ևս բացակայել են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը և հայցը մերժել ամբողջությամբ կամ գործն ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Դատական նիստերի արձանագրությունների բացակայության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն անհիմն են, քանի որ գործն այլ դատավորի կողմից վարույթ ընդունվելուց հետո գործի քննությունն ամբողջ ծավալով վերսկսվել է, և բողոքաբերը չի ներկայացրել որևէ փաստարկ առ այն, որ գործի նախորդ դատաքննության ընթացքում իր նշած թվով յոթ դատական նիստերի ժամանակ որևէ ապացույց է ներկայացրել կամ դիրքորոշում է հայտնել, որը հաշվի չի առնվել Դատարանի կողմից: Բացի դրանից, բողոքաբերը նշված փաստերի առնչությամբ դիրքորոշում չի հայտնել վերաքննիչ ատյանում:

Բողոքաբերի փաստարկները ձևական են և չեն կարող դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ: Բողոքաբերը չի հիմնավորել դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը, որը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարմանը, որի պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա չէ վարույթ ընդունելու: Բողոքաբերի փաստարկները, որոնք դրված են վճռաբեկ բողոքի հիմքում, անհիմն են, քանի որ Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատել է բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով հաստատվել է այն հանգամանքը, որ Համաձայնագիր-պարտավորագիրը` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու մասով, առոչինչ էր, ինչն ընդունել է պատասխանողը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ամալյա Տոնոյանի` որպես վաճառողի և Գեորգի Բաղդասարյանի` որպես գնորդի միջև 06.09.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում ք. Երևան, Կովկասյան փողոց, 42 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 127.800.000 ՀՀ դրամ, որը վճարվելու է պայմանագրի կնքման պահին: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքը` պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

2) Հրաչյա Գրիգորյանի, Գեորգի Բաղդասարյանի և Մաթևոս Գևորգյանի կողմից 08.09.2011 թվականին ստորագրվել է «Համաձայնագիր-պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը հետևյալ բովանդակությամբ. «Մենք` Հրաչյա Գրիգորյանս, Գեորգի Բաղդասարյանս և Մաթևոս Գևորգյանս կնքեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին: Մենք բոլորս գնեցինք ք. Երևան, Կովկասյան փողոց, 42 հասցեի սեփական տունը` պատկանող Ամալյա Ազատի Տոնոյանին, այն արժեքով, որը նշված է 06.09.2011թ. առուծախի պայմանագրով` կնքված Գեորգի Բաղդասարյանի և Ամալյա Տոնոյանի միջև վերը նշված գույքի առուծախի վերաբերյալ: Այդ տան արժեքի 68.000 ԱՄՆ դոլար վճարել է Գ. Բաղդասարյանը, 60 000 ԱՄՆ դոլար վճարել է Մ. Գևորգյանը, իսկ մնացած գումարը վճարել է Հ. Գրիգորյանը: Այդ տունն իրականում հանդիսանում է մեր բոլորի սեփականությունը, սակայն ձևակերպվել է ժամանակավոր Գ. Բաղդասարյանի անունով: Մինչև 05.11.11թ. Գ. Բաղդասարյանը պարտավորվել է վճարել Մ. Գևորգյանի և Հ. Գրիգորյանի վճարած գումարները, հակառակ դեպքում գույքը պետք է վերաձևակերպվի Մ. Գևորգյանի և Հ. Գրիգորյանի անունով` որպես սեփականություն: Մինչև վերը նշված ժամկետը Գ. Բաղդասարյանն իրավունք չունի այդ գույքն օտարել, գրավ դնել, որևէ գործարք անել առանց Մ. Գևորգյանի և Հ. Գրիգորյանի: Մինչև 05.11.2011թ. Գ. Բաղդասարյանի կողմից նշված գումարները մեզ չվճարելու դեպքում նշված տունը պետք է վաճառվի, իսկ ստացված գումարը` բաշխվի մեզ համամասնորեն» (հատոր 2-րդ, գ.թ. 145):

3) Հրաչյա Գրիգորյանը 05.11.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան (հանձնել է փոստային կապի ծառայությանը) ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի` գնորդի իրավունքները և պարտականությունները փոխանցելու պահանջի մասին, որով խնդրել է 06.11.2011 թվականի առուվաճառքի պայմանագրով իրեն ճանաչել ք. Երևան, Կովկասյան փողոց, 42 հասցեում գտնվող տան 1/2 բաժնի գնորդ` իրեն փոխանցելով պայմանագրով տան 1/2 մասի գնորդի իրավունքները և պարտականությունները և որպես հետևանք տան 1/2 բաժնի նկատմամբ անվավեր ճանաչել Գեորգի Բաղդասարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման համապատասխան համարի տակ կատարված գրառումը (հատոր 1-ին, գ.թ. 3-6):

4) 04.12.2018 թվականին Հրաչյա Գրիգորյանը դարձյալ հայցի հիմքերը լրացնելու և հայցային պահանջները փոփոխելու մասին դիմում է ներկայացրել դատարան, որով խնդրել է Հրաչյա Գրիգորյանի, Գեորգի Բաղդասարյանի և Մաթևոս Գևորգյանի միջև 08.09.2011 թվականին կնքված գործարքի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` Գեորգի Բաղդասարյանին պարտավորեցնելով վերադարձնել գործարքով ստացած 172.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը (հատոր 3-րդ, գ.թ. 46):

5) 14.11.2014 թվականին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մխիթարյանը կայացրել է որոշում Հրաչյա Գրիգորյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 1):

6) 24.09.2018 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանը կայացրել է որոշում սույն քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին (հատոր 3, գ.թ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի վերաբերյալ գործերով քննության ենթակա հարցերը պարզելու ինչպես նաև այդ համատեքստում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

1. հայցային վաղեմության կիրառման առանձնահատկություններին` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ ներկայացված լինելու պայմաններում:

2. դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերից` դատական նիստի արձանագրությունը գործից բացակայելու հիմքին:

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն` համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն` անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս, Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ` ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներից մեկով անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին, նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սակայն, հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցային վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունները, գտել է, որ հայցը մերժելու նշված հիմքի առկայությունը որոշակիորեն պայմանավորված է վիճելի իրավահարաբերության ճիշտ որակմամբ, դրա առանձին տարրերի` սուբյեկտի, օբյեկտի և բովանդակության բացահայտմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխել է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ նման անհրաժեշտությունը որոշ դեպքերում ուղղակի բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումից: Այսպես, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենuգրքով և այլ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը նախ և առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջի քննության դեպքում, եթե գործին մասնակցող անձը դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պետք է պարզի, թե ինչ տեսակի պայմանագրի անվավերության հետևանքներ են տվյալ գործով քննարկվում, ինչ բնույթի հարաբերություններ են կարգավորվում դրանով, և արդյոք տվյալ տեսակի պայմանագրին ներկայացված են այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Միայն այդ հանգամանքները պարզելուց հետո կարող է դատարանը հետևություն անել այն մասին, թե տվյալ գործարքի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի` ընդհանուր, թե հատուկ, և հայցային վաղեմության համապատասխան ժամկետի խախտում տեղի ունեցել է, թե` ոչ:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) 04.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է կիրառել առոչինչ գործարքի հետևանքներ` Գեորգի Արսենի Բաղդասարյանից հօգուտ Հրաչյա Մարատի Գրիգորյանի բռնագանձել 172.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հետևյալ հիմնավորմամբ. «Դատարանը փաստում է, որ պատասխանող կողմը, ներկայացված դիրքորոշմամբ ընդունել է համաձայնագիր-պարտավորագրի` մասով առոչինչ լինելու, ինչպես նաև համաձայնագրով ամրագրված հանգամանքները, այդ թվում նաև` գումարի չափը: Դատարանը հաստատված է համարում, որ պայմանագիրը կնքվել է հասարակ գրավոր ձևով առանց նոտարական վավերացման, որի հիմքով խնդրո առարկա գործարքն առոչինչ է, որպիսի փաստն ընդունել է նաև պատասխանողը: Այսինքն, խնդրո առարկա գործարքի առոչինչ լինելն անվիճելի փաստ է: Հետևաբար, գործարքն առոչինչ լինելու պարագայում դրա նկատմամբ ենթակա են կիրառման անվավերության հետևանքներ, այսինքն` կողմերը պետք է վերադարձնեն դրա արդյունքում իրենց ստացածն ամբողջությամբ: (...): Դատարանը, հաշվի առնելով այն, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը ներառում է առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառում, իսկ առոչինչ գործարքի նկատմամբ կիրառման ենթակա 10 տարի հայցային վաղեմության ժամկետը չի լրացել հայցը ներկայացնելու պահին, գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, հետևաբար` հայցվորի` բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը հարգելի համարելու և հայցային վաղեմությունը վերականգնելու մասին միջնորդությունը, դրա իրավաչափությունը չի քննարկվում դատարանի կողմից»:

Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշմամբ Գեորգի Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.02.2019 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ հետևյալ հիմնավորմամբ. «Դատարանը հաստատված է համարել, և վերաքննիչ բողոքում չի վիճարկվում համաձայնագիր-պարտավորագրի առոչինչ լինելու հանգամանքը (անվիճելի փաստ): (...): Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ գործարքն առոչինչ է` անվավեր, օրենքի ուժով, անկախ այն այդպիսին ճանաչելուց, և կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ստացածը, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխհատուցել դրա արժեքը: Հետևաբար համաձայնագիր-պարտավորագրով ամրագրված գումարը` որպես առոչինչ գործարքով վճարված գումար հայցվորին վերադարձնելու վերաբերյալ Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ:

(...)

Անդրադառնալով բողոք ներկայացրած անձի պնդմանն այն մասին, որ Դատարանը պետք է կիրառեր հայցային վաղեմության եռամյա ժամկետը, քանի որ պատասխանողի կողմից նաև միջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի ուժով ներկայացված հայցապահանջի նկատմամբ կիրառել հայցային վաղեմություն` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից հայցապահանջի իրավական հիմքը փոփոխվել է 04.12.2018 թվականի միջնորդությամբ (տես հատոր 3-րդ, գ.թ. 44-46), որում որպես հայցապահանջի իրավական հիմք վկայակոչվել են միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները:

(...)

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Գրիգորյանը քաղաքացիական գործը վարույթ է ընդունել 24.09.2018 թվականի որոշմամբ, գործի քննությունը սկսել սկզբից և հրավիրել նախնական դատական նիստեր: Հայցվորը հայցի հիմքերը լրացնելու և հայցապահանջները փոփոխելու մասին միջնորդությունը Դատարան է ներկայացրել 04.12.2018 թվականին` մինչև գործով դատաքննություն նշանակելը, ինչը բխում է օրենքով սահմանված իրավակարգավորումներից, իսկ մինչ դատավորի փոխարինումն իրականացված դատավարական գործողությունները չեն կարող գործը քննող Դատարանին որպես դատավարական սխալ վերագրվել»:

Այսպիսով հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի` վերը շարադրված եզրահանգումներից հետևում է, որ խնդրո առարկա գործարքի առոչինչ լինելու փաստը հաստատված է համարվել բացառապես դրա անվիճելիության հիմքով` առանց քննության առարկա դարձնելու գործարքը ձևակերպող պայմանագրի տեսակը, մասնավորապես` դրանով կարգավորվող իրավահարաբերության բնույթը: Մինչդեռ որոշելու համար, թե արդյոք գործարքն առոչինչ է, պետք է պարզել նախ գործարքի (պայմանագրի) տեսակը, ապա այն, թե արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է տվյալ տեսակի պայմանագրերին ներկայացվող պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գործարքի առոչնչության հարցի քննությունը չի կարող սահմանափակվել անվիճելի լինելու ուժով այդ փաստը հաստատված համարելով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս ատյաններում առնվազն քննության առարկա չի դարձել սույն գործի քննության համար էական և առանցքային նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե արդյոք վիճարկվող գործարքը կնքելիս կողմերը չեն պահպանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելու դեպքում տվյալ գործարքն առոչինչ է: ՈՒստի, նշված հանգամանքները ենթակա են պարզման սույն գործի նոր քննության ժամանակ:

Այս համատեքստում անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետի կիրառմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն վերոնշյալ հանգամանքները (գործարքի (պայմանագրի) տեսակը, տվյալ տեսակի պայմանագրերին ներկայացվող պահանջները, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության) պարզելուց հետո է հնարավոր եզրահանգում կատարել հետևյալ հարցերի վերաբերյալ` տվյալ գործով ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի՞ ժամկետներ են գործում` ընդհանուր, թե հատուկ, ե՞րբ են սկսել հոսել այդ ժամկետները, և արդյո՞ք հայցային վաղեմության ժամկետները տվյալ գործով բաց են թողնված, թե` ոչ: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննության ժամանակ պայմանագրին վերաբերող հանգամանքները պարզելուց հետո է միայն հնարավոր անդրադառնալ հայցային վաղեմություն կիրառելու կամ չկիրառելու հարցին, ինչպես նաև հայցվորի կողմից ներկայացված` հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության հիմնավորվածությանը:

2) Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկներին, որոնք վերաբերում են դատական ակտի պարտադիր բեկանման հիմք հանդիսացող դատական սխալի առկայության հարցին, մասնավորապես` դատական նիստի արձանագրությունը գործից բացակայելուն:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:

Նույն օրենսգրքի 220.4 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձի պնդմամբ` 14.07.2015 թվականի նախնական դատական նիստի, 19.07.2016 թվականի նախնական դատական նիստի և 12.05.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունները բացակայում են, և առկա են միայն տվյալ նիստերի համակարգչային համառոտագրությունները: Միաժամանակ, 10.10.2017 թվականի, 27.11.2017 թվականի, 26.02.2018 թվականի, 15.06.2018 թվականի դատական նիստերի արձանագրումը կատարվել է պարզ թղթային եղանակով, և առկա չէ ապացույց առ այն, որ դատական նիստերի ժամանակ համակարգչային ձայնագրման համակարգն անսարք է եղել, ընդ որում, 15.06.2018 թվականի դատական նիստի արձանագրությունը ստորագրված չէ դատական նիստերի քարտուղարի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախկին օրենսգրքի 9-րդ հոդվածի կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ դատարանին կարող են վերագրվել միայն տվյալ կազմով գործի քննության ժամանակ թույլ տրված խախտումները, քանի որ օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանում է գործի քննությունը սկզբից սկսելու պահանջ այն նպատակով, որպեսզի կատարվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները սկզբից, բայց արդեն փոխարինված դատավորի կազմով գործող դատարանի կողմից` գործին մասնակցող անձանց համար կրկին ապահովելով բոլոր հնարավորությունները` ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Ինչ վերաբերում է մինչև դատավորի փոխարինումը դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկզբից սկսելու վերաբերյալ պարտադիր պահանջը միտված է նաև բացառելու մինչև դատավորի փոխարինումը դատարանի կողմից թույլ տրված հնարավոր խախտումները կամ թերացումները: ՈՒստի, այն դեպքում երբ տեղի է ունենում դատավորի փոխարինում և գործի քննությունը սկսվում է սկզբից, տվյալ գործը քննող արդեն այլ կազմով գործող դատարանին կարելի է վերագրել միայն այնպիսի խախտումներ, որպիսիք գործի քննությունը սկզբից սկսելուց հետո թույլ են տրվել հենց փոխարինված կազմով գործող դատարանի կողմից:

Վերը շարադրված վերլուծությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Գրիգորյանի կողմից վարույթ է ընդունվել 24.09.2018 թվականի որոշմամբ, գործի քննությունը սկսվել է սկզբից և հրավիրվել են նախնական դատական նիստեր, հետևաբար մինչ դատավորի փոխարինումն իրականացված դատական նիստերի արձանագրման հետ կապված դատավարական գործողությունները չեն կարող գործը քննող Դատարանին որպես դատավարական սխալ վերագրվել:

Նման պայմաններում հերքվում է վճռաբեկ բողոքի հիմքում դրված փաստարկն առ այն, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված պարտադիր բեկանման հիմք:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները` գործարքի առոչնչության մասով, հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 17 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.12.2020
N ԵԱԴԴ/3423/02/14
Որոշում