ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ
ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված և 44 օր տևած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ չորս ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:
Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելիորեն ձգձգում է նշված անձանց, այդ թվում` կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը` փաստացիորեն վերածելով նրանց պատանդների` զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:
«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն` «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաև սահմանում է. «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ` ռազմական գործողությունների ավարտից հետո»:
«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007 թվականի փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար գտնվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց զրկել Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից` նրանց չտրամադրելով նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձումը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները` խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:
Ելնելով վերը նշվածից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին` խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վերոնշյալ վարքագիծը:
Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյան
2021 թվական, մարտի 3
Երևան
Հ-002
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մարտի 2021 թվական: