ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2021 թվականի N 239-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 5-րդ կետով`
1. Ստեղծել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 11
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2021 թվականի մարտի 11-ի
N 239-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հակոբ Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (նախագահ)
Կարեն Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վահե Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վարոս Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Տիգրան Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Սերգեյ Աղինյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Զարուհի Ղարագյոզյան - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ)
գնումների ղեկավար (պատասխանատու քարտուղար)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2021 թվականի մարտի 11-ի
N 239-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1986-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերով սահմանված կարգով և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջիններիս մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
4. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի ցուցումով:
5. Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
6. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը:
7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) սահմանում է հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները.
4) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ծանուցում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստերի մասին, կազմում է արձանագրությունները.
2) ընդունում և գրանցում է նախաորակավորված հայտատուների առաջարկները.
3) ապահովում է արձանագրությունների կազմումը, ընտրության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը.
4) կատարում է սույն աշխատակարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:
11. Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 6-րդ կետով սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովին աջակցող խումբը:
12. Հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել նաև համապատասխան այլ մասնագետների, ներառյալ` պետական կառավարման մարմիններից, համապատասխան գերատեսչություններից և կազմակերպություններից:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հանձնաժողովը` ըստ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի հայտերի ներկայացման հրավերում (այսուհետ` ՀՆՀ) սահմանված ընթացակարգերի`
1) ուսումնասիրում է նախաորակավորված հայտատուների հարցումները և պարզաբանում դրանք.
2) բացում է նախաորակավորված հայտատուների առաջարկները.
3) ուսումնասիրում և գնահատում է նախաորակավորված հայտատուների առաջարկները.
4) անհրաժեշտության դեպքում կատարում է հարցումներ նախաորակավորված հայտատուներին` պարզաբանելու իրենց առաջարկները.
5) նախաորակավորված հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և հրավիրում ֆինանսական առաջարկների բացմանն այն նախաորակավորված հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկները բավարարել են ՀՆՀ-ով սահմանված պահանջներին և որոնք որակվել են որպես տեխնիկապես որակավորված.
6) տեխնիկապես որակավորված նախաորակավորված հայտատուների ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքում որոշում է նախընտրելի հայտատուին.
7) բոլոր տեխնիկական առաջարկների և ֆինանսական առաջարկների գնահատման ավարտից հետո տեխնիկապես որակավորված բոլոր նախաորակավորված հայտատուներին դասակարգում է ըստ նախընտրելիության.
8) կարող է իր հայեցողությամբ նախընտրելի հայտատուին հրավիրել բանակցությունների.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում մրցույթի ընթացակարգի արդյունքները հաստատելուց հետո ընտրված հայտատուին (մրցույթի հաղթողին) տրամադրում է ծրագրի շնորհման գրություն.
10) իրականացնում է ՀՆՀ-ով հանձնաժողովին վերապահված այլ գործառույթներ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված, և նրա լիազորությունները դադարում են ՀՆՀ-ով հանձնաժողովին վերապահված լիազորությունները սպառելուց հետո: