Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱՆԴ/0917/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0917/02/15    2021 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սասուն Մուրադյանի, Վարդան Մուրադյանի, Մարիամ Մուրադյանի, Մհեր Մուրադյանի, Լիլիթ Մուրադյանի` ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու և դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի որոշման դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչությունը պահանջել է Սասուն Մուրադյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Վիլնյուսի փողոց 91-րդ շենքի թիվ 20 բնակարանի բաժնեմասն առանձնացնել ընդհանուր գույքից և դրա նկատմամբ 456.462 ՀՀ դրամի չափով` հարկային պարտավորությունների մասով, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի 16.12.2013 թվականի թիվ ՎԴ/8383/05/13 վճռի հիման վրա 9.595 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձում տարածել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ հայցվորի իրավահաջորդ է ճանաչվել Կոմիտեն:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ամալյան) (այսուհետ` Դատարան) 01.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, խախտելով գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելու օրենսդրական պահանջը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, ինչի արդյունքում չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով նախատեսված բոլոր հանգամանքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/8383/05/13 վարչական գործով 22.01.2014 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` անհատ ձեռնարկատեր Սասուն Մուրադյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 479.709 ՀՀ դրամ, որից ապառք` 311.602 ՀՀ դրամ, տույժ` 168.108 ՀՀ դրամ, ինչպես նաև 9.595 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 8).

2) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 16.01.2015 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչպես նաև արգելանք է դրվել պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (...) անշարժ գույքի վրա: Արդյունքում որոշվել է ավարտել թիվ ՎԴ/8383/05/13 կատարողական թերթի պահանջը կատարելու վերաբերյալ 10.04.2014 թվականին հարուցված թիվ 01/11-1337/14 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 9).

3) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման կողմից 20.02.2015 թվականին տրված թիվ ԿԽ-1/473 գրության համաձայն` (...) Երևան, Վիլնյուսի փողոց 91 շենքի թիվ 20 բնակարանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Վարդան Պարգևի Մուրադյանի, Մարիա Արամայիսի Մուրադյանի, Մհեր Վարդանի Մուրադյանի, Լիլիթ Վարդանի Մուրադյանի, Սասուն Վարդանի Մուրադյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 10).

4) 10.07.2007 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2215757 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Նորքի 9 մ/շ 27 շենքի թիվ 20 բնակարանի (նախկին հասցեն է) նկատմամբ գրանցված է Վարդան Մուրադյանի, Մարիամ Մուրադյանի, Մհեր Մուրադյանի, Լիլիթ Մուրադյանի, Սասուն Մուրադյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 79-80).

5) «Էքսպերտ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 28.12.2016 թվականին տրված Հմ 15-050 եզրակացության «Հետևություն» (շինարարատեխնիկական մաս) բաժնում արձանագրվել է. «1. և 2. հաշվի առնելով փորձաքննությանը առաջադրված հարցի վերաբերյալ սույն եզրակացության «Հետազոտություն» բաժնում արված պարզաբանումները, արվում է հետևյալ հետևությունը` Երևան քաղաքի Նորքի 9 մ/շ 17 շենքի թիվ 20 հասցեում գտնվող բնակարանում հնարավոր չէ բնեղենով առանձնացնել Սասուն Մուրադյանի 1/5 բաժնեմասը, քանի որ կխախտվեն ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս 1. բազմաբնակարան բնակելի շենքեր» նորմի «38» կետի պահանջները: (...) (հատոր 2-րդ, գ.թ. 43-56).

6) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 13.05.2015 թվականին Դատարան ներկայացված միջնորդությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրել է սույն գործի քննությունն անցկացնել հայցվոր կողմի բացակայությամբ: Միաժամանակ, հայցվոր կողմը տվյալ միջնորդությամբ «միջնորդել է նշանակել փորձաքննություն` պարզելու համար, թե որքան է կազմում Սասուն Մուրադյանի բաժնեմասը Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 91 շենքի 20 բնակարանում և հնարավոր է արդյոք այն առանձնացնել բնեղենով` բռնագանձում տարածելու համար, եթե այո` ապա ինչ տարբերակով, որքան է կազմում Երևան քաղաքի Վիլնյուսի փողոց 91 շենքի 20 բնակարանի շուկայական արժեքը և Սասուն Մուրադյանի բաժնեմասի շուկայական արժեքը: Իսկ դրա անհնարինության դեպքում Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 91 շենքի 20 բնակարանի համասեփականատերերի կողմից պարտապանի բաժնեմասը գնելուց հրաժարվելու դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով դնել վաճառքի` ստացված գումարը բաշխելով կողմերի միջև նրանց բաժիններին համաչափ, Սասուն Մուրադյանի բաժնի գումարը ուղղորդելով 16.12.2013 թվականի ՎԴ/8383/05/13 վճռի կատարմանը» (հատոր 1-ին, գ.թ. 24).

7) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 08.01.2018 թվականի գրությամբ առաջարկ է ուղարկվել պատասխանողներ Վարդան Մուրադյանին, Մհեր Մուրադյանին, Լիլիթ Մուրադյանին, Մարիամ Մուրադյանին և առաջարկվել է գնել Սասուն Մուրադյանի բաժնեմասը պարտքը մարելու համար: Միաժամանակ առաջարկվել է գրությունը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հայցվորին կամ դատարանին տեղեկացնել դիրքորոշման մասին (հատոր 4-րդ, գ.թ. 28-40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի խախտում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածների խախտմանը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք հայցվորի կողմից գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ ներկայացված չլինելը Դատարանը կարող է արձանագրել միայն հայցադիմումի ուսումնասիրության հիման վրա առանց հետազոտելու հայցվորի կողմից ներկայացված այլ փաստաթղթերը:

Նախկին օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Նախկին օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում փաստել է, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում:

Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերի համակցությունն է, որ կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը դատարանից պահանջում է կայացնել օրինական և հիմնավորված վճիռ, իսկ դրա համար դատարանին անհրաժեշտ է ճիշտ ընտրել և կիրառել օրենքը` անկախ նրանից, թե կողմերն ինչ դիրքորոշում են արտահայտել կիրառելի նորմերի վերաբերյալ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Հայցվորի դատավարական պարտականությունն է հստակ ներկայացնել իր պահանջները, իր պահանջի հիմքում ընկած փաստերը, այդ փաստերը հիմնավորող ապացույցները, պատասխանողի պարտականությունն է հստակ դիրքորոշում արտահայտել հայցվորի ներկայացրած պահանջներից յուրաքանչյուրի, հայցապահանջի(ների) հիմքում ընկած փաստերի վերաբերյալ, այդ փաստերի դեմ առարկելու դեպքում ներկայացնել դրանք հերքող ապացույցներ: Մինչդեռ դատարանի խնդիրն ու գործառույթն է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ապացուցման ենթակա փաստերը, կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա հաստատված կամ չհաստատված համարել այս կամ այն փաստը և ըստ այդմ որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: (...) (տե՛ս, «Շենքերի կառավարում «համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերոնշյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունն օրենսդիրը սահմանել է որպես ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պարտադիր նախապայման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում:

Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է` ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը` պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով (տե՛ս, Լուարա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի և մյուսների թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է նաև այն իրավական հարցին, թե երբ է կարելի պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով վաճառել: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջել ընդհանուր գույքից առանձնացնել պարտապանի բաժինը և բռնագանձում տարածել դրա վրա: Այն դեպքում, երբ բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, իսկ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվում են պարտապանի բաժինը ձեռք բերելուց, պարտատերն իրավասու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը: Ընդ որում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պարտատիրոջ պահանջը կարող է ձևակերպվել, ինչպես պարտատիրոջ կողմից ներկայացված հայցապահանջով, այնպես էլ գործի քննության ընթացքում վերջինիս կողմից արված հայցի առարկայի հստակեցման (փոփոխում, լրացում, ավելացում) վերաբերյալ գրավոր միջնորդությամբ:

 

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/8383/05/13 վարչական գործով 22.01.2014 թվականին տրված կատարողական թերթով պարտապան անհատ ձեռնարկատեր Սասուն Մուրադյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 479.709 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 16.01.2015 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ նաև արգելանք է դրվել պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոց 91-րդ շենքի թիվ 20 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, ի թիվս այլնի, պատկանում է նաև պարտապան Սասուն Վարդանի Մուրադյանին:

Հայցվոր կողմը դիմելով Դատարան, պահանջել է ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանից առանձնացնել Սասուն Մուրադյանին պատկանող բաժնեմասը և դրա նկատմամբ տարածել բռնագանձում: Այնուհետև, 13.05.2015 թվականին հայցվոր կողմը Դատարան է ներկայացրել միջնորդություն` խնդրելով դատական նիստերն անցկացնել հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ: Միևնույն ժամանակ հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է նշանակել փորձաքննություն` պարզելու համար, թե որքան է կազմում Սասուն Մուրադյանի բաժնեմասը Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 91 շենքի 20 բնակարանում և հնարավոր է արդյոք այն առանձնացնել բնեղենով` բռնագանձում տարածելու համար, եթե այո, ապա ինչ տարբերակով, որքան է կազմում Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 91 շենքի 20 բնակարանի շուկայական արժեքը և Սասուն Մուրադյանի բաժնեմասի շուկայական արժեքը: Իսկ դրա անհնարինության դեպքում Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 91 շենքի 20 բնակարանի համասեփականատերերի կողմից պարտապանի բաժնեմասը գնելուց հրաժարվելու դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով դնել վաճառքի` ստացված գումարը բաշխելով կողմերի միջև նրանց բաժիններին համաչափ, Սասուն Մուրադյանի բաժնի գումարը ուղղորդելով 16.12.2013 թվականի թիվ ՎԴ/8383/05/13 վճռի կատարմանը (հատոր 1-ին, գ.թ. 24):

Դատարանը մերժել է հայցվորի պահանջը` հիմքում դնելով այն հանգամանքը, որ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հնարավոր չէ բնեղենով առանձնացնել Սասուն Մուրադյանի 1/5 բաժնեմասը, մինչդեռ «հայցվորն իր իրավունքից չի օգտվել և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությամբ հանդես չի եկել»: Արդյունքում, Դատարանը հանգել է այն հետևության, որ հայցվոր կողմը բնակարանը սակարկություններով վաճառելու պահանջ դատարան չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված եզրահանգումները:

 

Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա Հմ 15-050 փորձագիտական եզրակացությունից հետևում է, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 91-րդ շենքի թիվ 20 բնակարանից, հնարավոր չէ բնեղենով առանձնացնել պարտապան Սասուն Մուրադյանի 1/5 բաժնեմասը:

Գործում առկա է Կոմիտեի գրությունը, որով առաջարկվել է վերը նշված բնակարանի ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներին` Վարդան, Մհեր, Լիլիթ և Մարիամ Մուրադյաններին, գնելու պարտապանի բաժնեմասը: Ընդ որում գործում առկա չէ որևէ ապացույց Կոմիտեի վերը նշված գրությանն ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների կողմից պատասխան տալու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 12.03.2015 թվականին ներկայացված (հիմք փոստային ծրար, հատոր 1-ին, գ.թ. 11) հայցադիմումի առարկան` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանից Սասուն Մուրադյանին պատկանող բաժնեմասի առանձնացումն է և դրա վրա բռնագանձում տարածելը, իսկ հայցի իրավական հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 4-6):

Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ Կոմիտեն հետագայում, այն է` 13.05.2015 թվականին, Դատարան ներկայացրած միջնորդությամբ, անդրադարձել է նաև ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջին` բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում:

Այսինքն տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն գործում առկա հայցադիմումը չի պարունակում գույքը (ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը) հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ, այնուհանդերձ` Կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությամբ, հստակեցվել է ներկայացված հայցի առարկան, որն իր մեջ, ըստ էության, ներառել է նաև գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայցվորի պահանջը:

Մինչդեռ, ո՛չ Դատարանը և ո՛չ էլ Վերաքննիչ դատարանը չեն անդրադարձել վերը նշված միջնորդությանը, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները քննության առարկա չդարձնելով հայցվորի միջնորդությունը, որն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, չեն կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Վերը նշվածը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «(...) հայցվորի կամքն ուղղված է եղել ընդհանուր սեփականության մեջ բաժինը բնեղենով առանձնացնելուն և դրա նկատմամբ բռնագանձում տարածելուն», ուստի Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդության քննությանն անդրադառնալու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Ամփոփելով վերը նշվածը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ վերոգրյալ վերլուծությունների հաշվառմամբ ընդհանուր իրավասության դատարանը պետք է քննության առարկա դարձնի վերոնշյալ միջնորդությունը` պատշաճ կերպով գնահատելով նաև գործում առկա բոլոր փաստերն ու ապացույցները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի, այդ թվում` վերջինիս կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 27 հունվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.01.2021
N ԵԱՆԴ/0917/02/15
Որոշում