Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/0930/04/18   

    Սնանկության գործ թիվ ԵԴ/0930/04/18     2021 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունվարի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի և «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Լևոն Գևորգյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ Կազմակերպության դիմումի` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 25.09.2019 թվականի որոշմամբ սնանկության գործի վարույթը կարճվել է: Նույն որոշմամբ Դատարանը որոշել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Խաչիկ Նազարյանի բռնագանձել Ընկերության տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) տարեկան վաստակի 1/12 չափով վարձատրության գումար 20.12.2018 թվականից մինչև 25.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 25.09.2019 թվականի «Սնանկության գործի վարույթը կարճելու մասին» որոշումը` դատական ծախսերի և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Խաչիկ Նազարյանի վարձատրության մասով, վերացվել է, և կայացվել է նոր որոշում, այն է` «սույն գործով դատական ծախսերի հարցը համարել լուծված, «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Խաչիկ Նազարյանի բռնագանձել «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության տնօրենի տարեկան վաստակի 1/12-ի չափով գումար` սկսած 20.12.2018 թվականից մինչև 25.09.2019 թվականը` որպես սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրություն»: Մնացած մասով Դատարանի 25.09.2019 թվականի «Սնանկության գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կազմակերպության և Ընկերության ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Կազմակերպության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված «օտարերկրյա անձ» հասկացությանը Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումներում տրվել են տարբեր և իրարամերժ մեկնաբանություններ, ուստի այս հասկացության` ՀՀ օրենսդրության և դատական պրակտիկայի լույսի ներքո պարզաբանումն անհրաժեշտություն է:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը չի նախատեսում օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու իրավասություն, ամբողջությամբ անհիմն է և չի բխում նույն հոդվածի մեկնաբանությունից: Օրենսդիրը սահմանել է ցանկացած իրավաբանական անձի սնանկության վարույթում պարտապանի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունը, որն իր մեջ ընդգրկում է նաև օտարերկրյա իրավաբանական անձանց: Այսինքն` անվիճելի է, որ պարտապանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով իր մեջ ընդգրկում է նաև օտարերկրյա իրավաբանական անձանց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը` կայացնելով նոր դատական ակտ և գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց (օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց): Օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության կողմից սնանկ ճանաչելու իրավական հնարավորության խնդիրն էական նշանակություն ունի օրենքի միատեսակ կիրառության համար: Տվյալ հարցի քննարկումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը փաստացի խուսափել է քննարկման առարկա դարձնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի կիրառելի լինելու կամ կիրառելի չլինելու հարցը, ինչպես նաև չի փոխել Դատարանի որոշման պատճառաբանական մասը` փաստացի հակասելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի իր իսկ մեկնաբանությանը:

Վերաքննիչ դատարանը, չփոխելով գործի քննությունը կարճելու մասին Դատարանի որոշման պատճառաբանական մասը, ինչպես նաև պատշաճ կերպով չպատճառաբանելով և չհիմնավորելով վիճարկվող որոշումը, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում: Արդյունքում թեև վիճարկվող որոշման եզրափակիչ մասն ինքնին չի խախտում Ընկերության իրավունքները և օրինական շահերը, սակայն որոշումը պատշաճ կերպով հիմնավորված և պատճառաբանված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «փոփոխել ՀՀ վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի թիվ ԵԴ/0930/04/18 սնանկության գործով կայացված որոշման պատճառաբանական մասը մասնակի (օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկության գործերի` ՀՀ դատարաններին ընդդատյա լինելու մասով) և միայն այդ մասով բեկանել որոշման եզրափակիչ մասը` առանց անդրադառնալու դատական ծախսերի բաշխման հարցին (այն է` գործը թողնել կարճված, սակայն պայմանավորված հարցի` ՀՀ դատարանների ընդդատությունից դուրս գտնվելու, այլ ոչ թե համապատասխան դատավարական ընթացակարգերի բացակայության փաստով)»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1):

2) Ընկերության ներկայացուցիչը 21.02.2019 թվականին ներկայացրել է միջնորդություն` գործի վարույթը կարճելու մասին, որում նշել է, որ «գործի քննությունը ընդդատյա չէ ՀՀ դատարանների իրավասությանը» (հատոր 2-րդ, գ.թ. 79-88):

3) Համաձայն Մադրիդի Առևտրի ռեգիստրի կողմից 20.03.2019 թվականին տրված հավաստագրի` Ա/Ձ Նարինե Գևորգյանի թարգմանչական գրասենյակում կատարված թարգմանության` Ընկերության գործունեության վայրն է` Մադրիդ-28050, Ավենիդա դե Մանոտերաս 18 հասցեն (հատոր 3-րդ, գ.թ. 53-55):

4) Ընկերության մասնաճյուղը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (գրանցման համարը` 273.065.113317) (հատոր 1-ին, գ.թ. 78-79):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության գործերի ՀՀ դատարանների քննությանը ենթակա լինելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության գործերը ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների քննությանը:

 

1) Քննելով Կազմակերպության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

1. Նախ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական անձի մասնաճյուղի առանձնահատկություններին.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա: Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

Վերլուծելով նշված հոդվածը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ներկայացուցչությունը չի հանդիսանում իրավաբանական անձ: Այն գործում է իրեն ստեղծող իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա, իսկ նրա պարտավորություններով պատասխանատու է ստեղծող իրավաբանական անձը: Ներկայացուցչությունը, հանդիսանալով իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, իրականացնում է վերջինիս գործառույթները (ֆունկցիաները), կամ դրանց մի մասը, այն վայրում, որտեղ տեղակայված է: Ներկայացուցչությունը հանդես է գալիս իրավաբանական անձի անունից և, ի թիվս այլ գործառույթների, պաշտպանում է նրա շահերը (տե՛ս, Արաքսյա Բոժեվոլնովան ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0287/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2020 թվականի որոշումը):

2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` ենթակայության և ընդդատության ինստիտուտներին վերաբերող իրավակարգավորումներին` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հաշվառմամբ:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին (...):

Ելնելով վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթակայությունը և ընդդատությունը ուղղված են գործը քննելու և լուծելու հարցում դատարանի լիազորությունները պարզելուն: Ենթակայությունը և ընդդատությունը` թեև ունեն որոշակի նմանություններ, այնուամենայնիվ հանդիսանում են տարբեր ինստիտուտներ:

Մասնավորապես, անդրադառնալով ենթակայության ինստիտուտին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից է դատարանի մատչելիության իրավունքը, որի վարույթային երաշխիքներից է ենթակայության ինստիտուտը: Ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր: Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից (տե՛ս, Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

3. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործերով դատավարական նորմերի կիրառմանը.

Օրենսդիրը սնանկության գործընթացը կարգավորող որոշակի դատավարական նորմեր, որոնք առնչվում են սնանկության գործով դատավարության բոլոր փուլերին` սկսած սնանկության դիմում ներկայացնելուց մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը, ընդգրկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում:

Միևնույն ժամանակ, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վերը նշված դրույթը, շեշտադրել է այն, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով են սահմանված, նախատեսված լինելու դեպքում կիրառվում են մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում զետեղված դատավարական նորմերը: Օրենքի նման կարգավորումից հետևում է, որ այն դատավարական իրավահարաբերությունները, որոնք կարգավորված չեն մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պետք է կարգավորվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով (տե՛ս, Արաքսյա Բոժեվոլնովան ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0287/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2020 թվականի որոշումը):

4. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ունեցող օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության վեճերի քննության հնարավորությանը.

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրել է Հայաստանի Հանրապետության դատարաններում օտարերկրյա անձանց (ֆիզիկական և իրավաբանական) մասնակցությամբ սնանկության վեճերի քննման հնարավորությունը, այսինքն` օտարերկրյա անձանց մասնակցությամբ սնանկության վեճերի ենթակայությունը:

Ավելին, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության.

բ) համայնքի.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.

դ) բանկի.

ե) վարկային կազմակերպության.

զ) ներդրումային ընկերության.

զ1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.

է) ապահովագրական ընկերության.

ը) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի:

Փաստորեն, օտարերկրյա իրավաբանական անձը մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառություններում ընդգրկված չէ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օտարերկրյա իրավաբանական անձանց սնանկության հետ կապված գործերով ընդդատության կանոններ սահմանված չեն, ուստի նշված հարցը պարզելու համար մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է անդրադառնալ քաղաքացիադատավարական նորմերին:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե (...) պատասխանող օտարերկրյա մյուս անձինք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են քննել օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ քաղաքացիական` այդ թվում սնանկության գործեր, եթե օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (տե՛ս, Արաքսյա Բոժեվոլնովան ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0287/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2020 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ ՀՀ դատարանները կարող են քննել այն սնանկության գործերը, որոնցով պարտապան հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձը ՀՀ տարածքում ունի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ: Ընկերության ներկայացուցիչը 21.02.2019 թվականին ներկայացրել է միջնորդություն` գործի վարույթը կարճելու մասին, որում նշել է, որ «գործի քննությունը ընդդատյա չէ ՀՀ դատարանների իրավասությանը»:

Դատարանը կարճել է սնանկության գործի վարույթն այն պատճառաբանությամբ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից բխում է, որ թեև այն նախատեսում է օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ պարտապանի սնանկության վարույթի հարուցման իրավական հնարավորություն, այնուամենայնիվ այն չի նախատեսում պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ՀՀ իրավասու դատարանի դատավարական, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի կողմից պարտադիր կատարման ենթակա համապատասխան գործողությունների իրական, արդյունավետ և ողջամիտ ժամկետներում կատարման ընթացակարգեր:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության բողոքը մասնակիորեն բավարարվել է: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ օրենսդրությունը` մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, չի սահմանել ՀՀ սնանկության դատարանի լիազորություն` օտարերկրյա իրավաբանական անձի սնանկության վարույթի գործեր քննելու վերաբերյալ, ինչն էլ իր հերթին անիրատեսական է դարձնում սնանկության վարույթին բնորոշ գործողությունների կատարումն այլ երկրի տարածքում, մասնավորապես` ընդհանրապես բացակայում են սնանկության վարույթով առաջացած հարցերը սնանկության գործով կառավարչի կողմից լուծելու համար անհրաժեշտ համաձայնությունները համապատասխան երկրների հետ:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով պարտապան Ընկերությունը օտարերկրյա կազմակերպություն է, իսկ վերջինիս մասնաճյուղը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ կարգ սահմանված չլինելու պայմաններում սույն գործի ենթակայության և ընդդատության հարցը պետք է պարզել` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով:

Այսպես, ելնելով վերոգրյալ իրավական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օտարերկրյա իրավաբանական անձի` տվյալ դեպքում Ընկերության մասնակցությամբ սնանկության գործը Հայաստանի Հանրապետության դատարաններում քննելու համար առկա է անհրաժեշտ պայմանը, այն է` Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ունի գրանցված մասնաճյուղ, ինչը նշանակում է, որ Ընկերության մասնակցությամբ սնանկության գործը ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարանների քննությանը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Կազմակերպության վճռաբեկ բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

 

2) Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Նկատի ունենալով, որ Կազմակերպության վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում հերքվում է Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանություններով Ընկերության վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

Այսպիսով, Կազմակերպության վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը` սահմանափակելով Կազմակերպության դատական պաշտպանության իրավունքը:

Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ Դատարանը սույն սնանկության գործի վարույթը կարճել է, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության` Կազմակերպության դիմումը քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը մերժել:

2. «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

3. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 29 հունվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.01.2021
N ԵԴ/0930/04/18
Որոշում