Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ Զ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 ԵԴ/1090/01/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/1090/01/19

Նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան

    Դատավորներ`        Ս. Համբարձումյան

                       Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի փետրվարի 19-ին                      ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58153619 քրեական գործը: 2019 թվականի հունիսի 10-ից թիվ 58153619 քրեական գործի քննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Գագիկ Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Գ.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Գ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020 թվականի հունվարի 31-ի դատավճռով Գ.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, 314-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելով, վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Գ.Գևորգյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արամ Բարսեղյանը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դատախազի կողմից ներկայացված բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունվարի 31-ի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել: Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ամբաստանյալ Գ.Գևորգյանի վերաբերյալ ներկայացված բողոքը ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունվարի 31-ի դատավճռով Գագիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 208 հրամանով զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող «Հրազդանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի, իսկ ՀՀ կառավարության` 2011 թվականի մարտի 3-ի թիվ 199-Ն որոշմամբ ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերակազմակերպումից հետո` նշված ՊՈԱԿ-ի իրավահաջորդ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, իրավական ակտերի, այդ թվում` կազմակերպության կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում ունենալով կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարելու, գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու, աշխատակիցներին աշխատանքի նշանակելու և ազատելու լիազորություններ, օգտագործելով պաշտոնեական դիրքը` Արամ Բարսեղյանի կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմակերպության ազատ հաստիքում նրան որպես աշխատակից գրանցելու և աշխատավարձ վճարելու, ինչպես նաև` պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2011-2016թթ. ընթացքում կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ` իրեն վստահված ուրիշի խոշոր չափերի գումարի վատնում, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Գագիկ Գևորգյանը, 2011 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Մհեր Ղազարյանի դրդմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ` աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում աշխատավարձ վճարելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Արամ Մանուկի Բարսեղյանին հրամանագրելու «Հրազդանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում որպես աշխատակից: Այնուհետև Արամ Բարսեղյանի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2011թ. փետրվարի 1-ի թիվ 288 Ա հրամանով նրան հրամանագրել է «Հրազդանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում որպես վարորդ ու կնքել աշխատանքային պայմանագիր: Դրանից հետո հաստատապես տեղեկացված լինելով Արամ Բարսեղյանի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին` այդ հանգամանքները թաքցնելու և վատնման եղանակով հափշտակություն կատարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Գագիկ Գևորգյանն իր ստորագրությամբ հաստատել է կազմակերպության կադրերի գծով տեսուչ Քրիստինե Հակոբյանի և ժամանակավորապես նրան փոխարինող Ժաննա Ստեփանյանի կազմած` Արամ Բարսեղյանի կողմից աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել է վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա կազմակերպության գլխավոր հաշվապահ Ազիզ Բալբաբյանի կողմից յուրաքանչյուր ամիս կատարվել է Արամ Բարսեղյանի աշխատավարձի հաշվարկ, որոնք ներառվել են կազմակերպության աշխատակիցների աշխատավարձի հաշվարկման ցուցակներում և վճարման հանձնարարագրերում: Այնուհետև Գագիկ Գևորգյանը ստորագրել, կնիքել և վճարման է ներկայացրել հիշյալ փաստաթղթերը, որի արդյունքում Արամ Բարսեղյանն, աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, 2011թ. փետրվար ամսից 2016թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի` «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից աշխատավարձի և այլ դրամական բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված, դուրսգրված և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում իր քարտային հաշվեհամարներին փոխանցված խոշոր չափերի` 2,515,490 ՀՀ դրամ գումար: ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2016 թվականի փետրվար ամսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո Արամ Բարսեղյանը Գագիկ Գևորգյանի նախաձեռնությամբ 2016 թվականի մարտի 1-ին թիվ 9-Ա հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արդյունքում Գագիկ Գևորգյանը Մհեր Ղազարյանի դրդմամբ և Ազիզ Բալբաբյանի, ինչպես նաև` միջոցներ տրամադրելու և խոչընդոտ վերացնելու` այն է` փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու եղանակով Արամ Բարսեղյանի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի` «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ. փետրվար ամսից 2016թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք (...)»(1):

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 42-57:

 

6. Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիան ունի հետևյալ ձևակերպումը. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատախազի վերաքննիչ բողոքի պահանջը` ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Գևորգյանի մասով, քրեաիրավական օրենքի իմաստով անիրագործելի է, հակառակ դեպքում կարող է նշանակվել պատիժ, որը նախատեսված չէ քրեական օրենքով:

Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունը գալիս է փաստելու այն, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ նշանակվի ազատազրկումը (նման պատժի նշանակումը ոչ միայն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված չէ, այլև ընդհանրապես դուրս է վերաքննիչ բողոքի հիմնավորումների շրջանակից):

Այդ հետևությունը Վերաքննիչ դատարանը գալիս է ոչ միայն հաշվի առնելով, որ լրացուցիչ պայմանը նախատեսված «կամ» շաղկապից հետո նշված հիմնական պայմանին ածանցված, այլև վկայակոչելով վերը նշված` ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունը, մասնավորապես` նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան ունի հետևյալ ձևակերպումը. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»: Այսինքն` օրենսդիրը մի դեպքում (ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդված) լրացուցիչ պատիժը կրկնում է յուրաքանչյուր հիմնական պատժի մասով առանձին, մեկ այլ դեպքում` (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված) միայն մեկ հիմնական պատժի` ազատազրկման մասով` որևէ նշում չկատարելով տուգանքի հետ զուգահեռ լրացուցիչ պատիժ նշանակելու մասին, հետևաբար` հաշվի առնելով, որ նորմատիվ իրավական ակտում միտքն արտահայտելիս կիրառվել են տարբեր բառեր, տերմիններ, բառակապակցություններ, ուստի խոսքը տարբեր իրավակարգավորումների մասին է:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ չի կարող նշանակվել, եթե որպես հիմնական պատիժ է նշանակվել տուգանքը (...)»(2):

___________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 57-79:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, պարտավոր լինելով Գ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակված տուգանքի հետ միասին կիրառել պարտադիր լրացուցիչ պատիժը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չեն կիրառել այն:

Մինչդեռ, ըստ բողոքի հեղինակի` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի ձևակերպումից, ՀՀ քրեական իրավունքի ու քրեական օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ նշված հոդվածի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, պարտադիր է կիրառման ինչպես ազատազրկման, այնպես էլ տուգանքի ձևով պատիժ նշանակելիս:

7.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի ձևակերպմանը` բողոքաբերը նշել է, որ նման ձևակերպում ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի այլ հոդվածի սանկցիայով նախատեսված չէ, ուստի այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ մյուս բոլոր դեպքերում, երբ հոդվածի սանկցիան որպես հիմնական պատիժ նախատեսում է տուգանք և ազատազրկում, իսկ որպես լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ապա որևէ դեպքում տուգանքի հետ միասին չի կարող նշանակվել լրացուցիչ պատիժ, ինչը չի բխում պատիժ նշանակելու սկզբունքներից: Հակառակ դրան, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի այն հոդվածներում, որոնց սանկցիաներով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, սանկցիաները ձևակերպված են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիային համապատասխան:

7.2. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից հետևում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ապա լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:

8. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով չի կարող նշանակվել այն դեպքում, երբ որպես հիմնական պատիժ նշանակվել է տուգանք:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ: (...)

4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:

5. Գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»:

ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:

(...)

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:

(...)

4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ միասին որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատժի ժամկետը տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո: Մնացած դեպքերում լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից»:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ որոշման շրջանակում` արտահայտելով հետևյալ դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` պատիժները դասակարգվում են հիմնական և լրացուցիչ պատիժների, ընդ որում, օրենքը նախատեսում է դեպքեր, երբ կոնկրետ հանցանք կատարած անձի նկատմամբ կարող է կիրառվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի մասնավորեցնում և չի տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, որից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե անձի նկատմամբ նշանակվում է հիմնական, թե հիմնական և լրացուցիչ պատիժ իրար հետ համակցված, դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է առաջնորդվել քրեական օրենսգրքում ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն) և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով: Այլ կերպ` պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները հավասարապես վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժներին: Օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հանցագործի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակի այնպիսի պատիժ (հիմնական կամ հիմնական և լրացուցիչ), որը կբխի վերոթվարկած չափանիշներից և կապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը:

(...) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ` կախված կոնկրետ հոդվածով ամրագրված սանկցիայից:

(...) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ:

Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը (...)»(3):

___________________________

3) Տե՛ս Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 13-14.1-րդ կետերը:

 

11. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ կատարված հանցավոր արարքի համար լրացուցիչ պատիժ նշանակելիս դատարանը պետք է ղեկավարվի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, մասնավորապես` հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի, հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների ամբողջական գնահատման արդյունքում նշանակի այնպիսի լրացուցիչ պատիժ, որը կհամապատասխանի օրինականության, արդարության և պատժի անհատականացման հիմնարար սկզբունքներին: Միևնույն ժամանակ, հիմնական պատժի հետ զուգակցված լրացուցիչ պատիժը պետք է առավելագույնս ապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը:

Այսպես` լրացուցիչ պատժատեսակներից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախևառաջ ուղղված է հանցագործությունների կանխարգելման նպատակի իրացմանը: Մասնավորապես, եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը: Այլ կերպ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն և նպատակ է հետապնդում կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը:

12. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` որպես լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված: Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը կարգավորում է քննարկվող լրացուցիչ պատժի գործողության ժամանակահատվածը ոչ միայն ազատությունից զրկելու հետ կապված, այլ նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակների հետ նշանակելիս: Միևնույն ժամանակ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է նշանակվել միայն քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված դեպքերում: Ընդ որում, այն կարող է նախատեսված լինել կա՛մ որպես պարտադիր, կա՛մ որպես ֆակուլտատիվ լրացուցիչ պատժատեսակ:

Որպես ֆակուլտատիվ լրացուցիչ պատիժ նախատեսված լինելու դեպքում` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը գտնվում է դատարանի հայեցողության շրջանակներում: Մասնավորապես, եթե դատարանը, պահպանելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, գալիս է եզրահանգման առ այն, որ ամբաստանյալի նկատմամբ միայն հիմնական պատիժ նշանակելով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրագործմանը, ապա հոդվածի սանկցիայով նախատեսված դեպքերում պետք է նշանակի նաև լրացուցիչ պատիժ, որը կապահովի պատժի անհատականացման սկզբունքի արդյունավետ իրացումը և ամբաստանյալի կողմից տվյալ բնույթի հանցավոր վարքագիծ դրսևորելու հետագա հնարավոր ռիսկերի չեզոքացումը(4):

__________________________

4) Տե՛ս Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 13.1-րդ կետը:

 

Մինչդեռ, որպես պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված լինելու դեպքում օրենսդիրը, հաշվի առնելով կոնկրետ հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, արդեն իսկ օրենսդրորեն ամրագրել է, որ պատժի նպատակներին հասնելու և զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցանքների կատարման հավանականությունը կանխելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով անձին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այլ կերպ` քննարկվող պատժատեսակը որպես պարտադիր լրացուցիչ պատիժ դիտարկելով` օրենսդիրը հիմք է ընդունել կոնկրետ հանցագործության բնույթը, ինչպես նաև հետագայում տվյալ անձի կողմից նույնաբնույթ հանցավոր արարքների կատարումը բացառելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե տվյալ հանցագործության համար նշանակված հիմնական պատժի տեսակը:

13. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածների սանկցիաների ընդհանուր ուսումնասիրությունից երևում է, որ երկընտրելի հիմնական պատժատեսակների առկայության դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը ճնշող մեծամասնության դեպքում նախատեսված է վերջին հիմնական պատժատեսակից հետո, որն էլ, ըստ էության, տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատիժն է: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սանկցիաների նման կառուցվածքը պայմանավորված է օրենսդրական տեխնիկայի առանձնահատկությամբ և յուրաքանչյուր երկընտրելի հիմնական պատժից հետո նույն լրացուցիչ պատժատեսակը դարձյալ չկրկնելու և օրենսգիրքն ավելորդ չծանրաբեռնելու տրամաբանությամբ:

Հակառակ մեկնաբանությունն առ այն, որ քննարկվող լրացուցիչ պատիժը կարող է նշանակվել միայն հոդվածի սանկցիայով նախատեսված ամենախիստ պատիժը նշանակելու դեպքում, Վճռաբեկ դատարանի համոզմամբ անընդունելի է և չի բխում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի բուն էությունից, դրան վերաբերող` քրեական օրենսգրքի ընդհանուր մասում առկա դրույթներից, պատիժ նշանակելու հիմնարար սկզբունքներից, ինչպես նաև պատժի նպատակների իրացումն ապահովելու հրամայականից:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասով նախատեսված` պատիժ նշանակելուն վերաբերող իրավակարգավորումներից հնարավոր չէ հետևության հանգել, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատժատեսակ, կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի սանկցիայով նախատեսված այլընտրանքային հիմնական պատժատեսակներից միայն առավել խիստ պատժի հետ միասին: Ընդհակառակը` քննարկվող պատժատեսակի հիմնական նպատակը համանման հանցավոր արարքների հետագա կանխարգելումն է, ինչը որևէ կերպ չի կարող պայմանավորվել դատարանի կողմից անձի նկատմամբ նշանակված պատժի տեսակով: Բացի այդ, վերոնշյալ մոտեցումը չի կարող ընդունելի լինել նաև պատժի արդարության սկզբունքի տեսանկյունից, քանզի նման մեկնաբանության դեպքում թույլատրելի է համարվելու քննարկվող լրացուցիչ պատժատեսակ նշանակելը միայն սանկցիայի առավել խիստ հիմնական պատժի հետ միասին, երբ անձի նկատմամբ քրեաիրավական ներգործությունն արդեն իսկ բավականին խիստ բնույթ է կրում, մինչդեռ ավելի մեղմ հիմնական պատժատեսակի հետ թույլատրելի չի համարվի:

13.1. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան ձևակերպված է հետևյալ կերպ` «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանքը կամ որոշակի ժամկետով ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ պարտադիր պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: Սույն որոշման 10-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսված լրացուցիչ պարտադիր պատիժը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, կարող է նշանակվել և՛ տուգանք, և՛ որոշակի ժամկետով ազատազրկում հիմնական պատժատեսակների հետ միասին:

Ինչ վերաբերում է քննարկվող հոդվածի սանկցիայում «կամ» շաղկապի առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն տարանջատում է հիմնական պատժատեսակները` հնարավորություն տալով դատարաններին ընտրություն կատարել դրանց միջև, այն է` նշանակել կա՛մ տուգանք, կա՛մ որոշակի ժամկետով ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը հավասարապես վերաբերելի է երկու հիմնական պատժատեսակներին էլ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Գ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակել տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով(5),

________________________

5) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Գ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով լրացուցիչ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է, որ դատախազի վերաքննիչ բողոքի այդ պահանջը քրեաիրավական օրենքի իմաստով անիրագործելի է: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ չի կարող նշանակվել, եթե որպես հիմնական պատիժ նշանակվել է տուգանքը(6):

_________________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներից և հատուկ մասի կոնկրետ հոդվածների սանկցիաներից ուղղակիորեն հետևում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ, կարող է նշանակվել ոչ միայն ազատազրկման հետ, այլ նաև մնացած դեպքերում ևս (այդ թվում նաև` տուգանքի հետ):

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատժի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով Գ.Գևորգյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ չնշանակելը ոչ իրավաչափորեն պայմանավորել է վերջինիս նկատմամբ նշանակված հիմնական պատժով` տուգանքով: Նման պայմաններում, ստորադաս դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժը հավասարապես վերաբերելի է սանկցիայով սահմանված երկընտրելի հիմնական պատիժներից յուրաքանչյուրին, ուստի, այն, նկարագրված լինելով որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ, ենթակա էր պարտադիր նշանակման` անկախ տվյալ հանցագործության համար նշանակված հիմնական պատժի տեսակից:

16. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ օրենսդիրը մի դեպքում (ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդված) լրացուցիչ պատիժը կրկնում է յուրաքանչյուր հիմնական պատժի մասով առանձին, մեկ այլ դեպքում` (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված) միայն մեկ հիմնական պատժի` ազատազրկման մասով(7), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից քննարկվող հիմնահարցի առնչությամբ տարբեր մոտեցումների միաժամանակյա նախատեսման պարագայում(8) անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր սկզբունքներով և պատժի նշանակման քրեաիրավական հարաբերությունները կարգավորող հիմնարար սկզբունքներից բխող մոտեցմամբ, որն արդեն իսկ Վճռաբեկ դատարանի կողմից բացահայտվել է սույն որոշման նախորդ կետերում: Այս առումով հատկանշական է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիային համահունչ կարգավորումներ նախատեսված են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ նախատեսող հանցակազմերի սանկցիաների ճնշող մեծամասնությամբ (յոթ տասնյակից ավել)(9):

______________________________

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

8) Ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի, տե՛ս նաև ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածը:

9) Ի թիվս այլնի, տե՛ս, ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը, 149.1-րդ հոդվածի 1-ին մասը, 188-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 311-րդ հոդվածի 1-ին մասը:

 

17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով չի կարող նշանակվել այն դեպքում, երբ որպես հիմնական պատիժ նշանակվել է տուգանքը, իրավաչափ չէ:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ և 314-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, որը հիմք է ամբաստանյալ Գ.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 3-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով, բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը պետք է ամբաստանյալ Գ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով լրացուցիչ պատիժ նշանակելու վերաբերյալ մեղադրողի վերաքննիչ բողոքը քննության առնի` հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:

19. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Գ.Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 3-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.02.2021
N ԵԴ/1090/01/19
Որոշում