Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԵՐՈՎ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՏԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԵՐՈՎ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 ԵԿԴ/0003/01/15

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0003/01/15

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

    Դատավորներ`        Մ. Հարությունյան

                       Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի փետրվարի 25-ին                      ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13109214 քրեական գործը:

2014 թվականի փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 59100114 քրեական գործը:

2014 թվականի փետրվարի 3-ին Իսրայել Ռոգլերտի Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի` 2014 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ թիվ 59100114 և 13109214 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում` 13109214 համարի ներքո:

2. 2014 թվականի փետրվարի 6-ին Իսրայել Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Ի.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2014 թվականի փետրվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 59100314 քրեական գործը, որը ևս միացվել է թիվ 13109214 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Ի.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի ապրիլի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից թիվ 13109214 քրեական գործը հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը` հետագա նախաքննությունը կատարելու համար:

2014 թվականի դեկտեմբերի 23-ին Ի.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հունվարի 20-ին թիվ 13109214 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

3. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Ի.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ազատազրկում` 16 (տասնվեց) տարի ժամկետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` ազատազրկում` 17 (տասնյոթ) տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ի.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 25 (քսանհինգ) տարի ժամկետով, որի սկիզբը հաշվվել է 2014 թվականի փետրվարի 3-ից, իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ամբաստանյալ Ի.Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, այն է` ամբաստանյալ Ի.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով, որը մասնակիորեն գումարվել է հիշյալ դատավճռով նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նշանակված` 17 (տասնյոթ) տարի ժամկետով ազատազրկմանը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 19 (տասնինը) տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Նախաքննության մարմնի կողմից Իսրայել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) Նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ռուբենի Ներսիսյանի կողմից Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող` «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի` ք. Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ.

Այսպես.

Իսրայել Սարգսյանը, ծանոթ լինելով եղբայրներ Թևոս և Արթուր Գուրգենի Սաֆարյաններին, նրանց հետ կապը հիմնականում պաշտպանել և շփումներ է ունեցել ընկերոջ` Տիգրան Վարդանի Ասատրյանի միջոցով, ով հանդիսացել է Արթուր Սաֆարյանի երեխայի կնքահայրը:

Իսրայել Սարգսյանը, ստանալով պատվեր` իրականացնել Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանությունը` վերջինիս եղբոր` Թևոս Սաֆարյանի դիրքերը և նրա ազդեցությունը միջավայրում թուլացնելու նպատակով, 2013 թվականի հոկտեմբեր ամսին սպանության կատարումը պատվիրել է Մովսես Ռուբենի Ներսիսյանին: Ստանալով վերջինիս համաձայնությունը` պայմանավորվել է, որ անձամբ կցուցաբերի նրան անհրաժեշտ օժանդակություն սպանությունը կատարելիս: (...)»(1):

 

__________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 27-րդ, թերթեր 116-120:

 

7. Առաջին ատյանի դատարանն իր` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռում արձանագրել է հետևյալը. «(...) Ապացույցները վերլուծելու, համադրելու և գնահատելու արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Իսրայել Սարգսյանը օժանդակել է Մովսես Ռուբենի Ներսիսյանի կողմից Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող` «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի` ք. Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ:

(...)

Դատարանը, ուսումնասիրելով Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, արձանագրում է, որ Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը կազմակերպելը մեղադրանքի կողմի հետևությունը հիմնված է բացառապես Տիգրան Ասատրյանի տանից խուզարկությամբ հայտնաբերված էլեկտրոնային կրիչում առկա խոսակցության ձայնագրությունով և Տիգրան Ասատրյանի ցուցմունքով և տարբեր անձանց անուններով հեռախոսաքարտերով կատարված զանգերով: Այս առումով Դատարանը հարկ է համարում նշել, որ գաղտնի հեռախոսահամարներով կապ պահպանելը ինքնին չի կարող անվերապահորեն վկայել Իսրայել Սարգսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպումը, ավելին սույն քրեական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց և հիմնավորում, որ ինչպես նշված է Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում, որ նա ստացել է պատվեր իրականացնելու Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ինչպես նաև Տիգրան Ասատրյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված կրիչում առկա Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի միջև առկա խոսակցության մեջ Իսրայել Սարգսյանը չի հայտնում, որ ինքը ստացել է պատվեր, որպեսզի կազմակերպի Արթուր Սաֆարյանի սպանությունը, ավելին նա ամբողջ խոսակցության ընթացքում չի հայտնում, որ ինքն է կազմակերպել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Իսրայել Սարգսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման մասին հայտնում է միայն Տիգրան Ասատրյանը իր ցուցմունքով, սակայն նրա տանից հայտնաբերված ձայնագրության մեջ նման բան առկա չէ: Հետևաբար` Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլ անձանց անուններով գրանցված գաղտնի հեռախոսահամարներով միմյանց հետ կապ պաշտպանելու ընթացքում Իսրայել Սարգսյանը օժանդակել է Մովսես Ներսիսյանին Արթուր Սաֆարյանի սպանության կատարման համար:

Դատարանը, հիմնվելով դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների վրա, գնահատելով դրանք համակցության մեջ, գտնում է, որ ապացուցված չէ Իսրայել Սարգսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության այն մասը, որ նա կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը: (...)

Դատարանը սույն քրեական գործով Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքի նման փոփոխությունով ամբաստանյալի վիճակը չի վատթարանում:

Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին վերագրվող արարքի իրավաբանական որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: (...)»(2):

 

_______________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 37-րդ, թերթեր 53-202:

 

7.1. Սույն քրեական գործից անջատված թիվ 58218014 քրեական գործով մեղադրյալ Տիգրան Վարդանի Ասատրյանը հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց, սակայն միաժամանակ պնդել է իր նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Տ.Ասատրյանը, ի թիվս այլնի, հայտնել է, որ Արթուր Սաֆարյանին ճանաչում է շուրջ 10 տարի, նրա հետ ծանոթացել է վերջինիս եղբոր` Թևոսի միջոցով, հանդիսանում է Արթուրի դստեր կնքահայրը: Նրա հետ գտնվել է ջերմ, ընկերական փոխհարաբերությունների մեջ: 2014 թվականի հունվարի 27-ին` ժամը 00:20-ին, իրեն զանգահարել են Արթուրի հեռախոսահամարից և վերջինիս կինը` Նառան, ասել է, որ Արթուրին խփել են, տանում են Պռոշյանի հիվանդանոց: Ինքն ու կինն անմիջապես մեկնել են հիվանդանոց, որտեղ իմացել է` Արթուրն արդեն մահացել է: Այնտեղից գնացել են Արթուրենց տուն, որտեղ մինչև լուսաբաց ինքը մնացել է բակում` իր ծանոթ ոստիկանների հետ: Հիվանդանոց գնալու ճանապարհին զանգահարել է իր ընկեր Իսրայել Սարգսյանին (Իսոյին) և հարցրել է, թե որտեղ է նա, վերջինս պատասխանել է, որ փողոցում ման է գալիս: Հարցնելով, թե ինչ է պատահել և տեղեկանալով կատարվածի մասին` Իսոն նույնպես եկել է հիվանդանոց: Հիվանդանոցի բակում ինքը տեսել է Իսոյին և նրա ընկեր Տիգրանին, որոնք հետո եկել են Արթուրենց բակ ու մնացել շուրջ 1 ժամ, իսկ այնուհետև գնացել են:

Իր տանից հայտնաբերված կրիչի (ֆլեշկայի) վերաբերյալ հայտնել է, որ դրանում առկա ձայնագրությունն ինքն է կատարել զուտ իր անվտանգության և ապահովության համար` 2014 թվականի փետրվարի 3-ին` ժամը 12-ի սահմաններում, իր տանը` սպորտ-սրահում: Այն կատարելու նպատակը կայանում էր նրանում, որ Արթուրի սպանությունից հետո իր և Իսրայել Սարգսյանի միջև բացվել է տարօրինակ խոսակցություն, որն իրեն մտածելու մեծ առիթ է տվել, և ինքը որոշել է գնալ այդ քայլին: 2014 թվականի հունվարի 28-ի գիշերը` ժամը 00-ի սահմաններում, ինքը հանդիպել է ոստիկան Գրիգորին, մոտ մեկ ժամ զրուցել են այդ թեմաներից: Գրիգորն իրեն ասել է, որ «Մերսեդես 124 E» մոդելի ինչ-որ մեքենա կա իրենց տեսադաշտում, այն գնում է դեպի Նոր Նորքի 3-րդ զանգված և այնտեղից անհետանում է: Նաև ասել է, որ տեսախցիկից հանված վերծանման մեջ ինչ-որ մարդու ուրվագիծ է երևում, հնարավոր է` բարձր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր լինի տեսնել, թե ով է դա: Իսկ նշված «Մերսեդեսի» համարանիշը, հնարավոր է, մոտ ժամանակահատվածում ճշտվի: Հաջորդ օրը` Արթուրի թաղումից հետո, երեկոյան իրենց բակ է եկել Իսոն, կրկին զրուցել են Արթուրի թեմաներով: Ինքը Իսոյին ասել է, որ գործը, բարեբախտաբար, շուտով կբացվի, քանի որ կոնկրետ տվյալներ կան, ոստիկանությունը դուրս է եկել ինչ-որ «E» մոդելի մեքենայի վրա, որը Պրոսպեկտից գնում է 3-րդ մասիվ և այնտեղ անհետանում է: Իսոն իրեն արագ հարցրել է` «բա համարը»: Ինքը պատասխանել է, որ համարը ճշտվում է, մոտ օրերս պարզ կլինի նաև տեսախցիկի վերծանումը, թե ով է եղել: Իսոն իր ասածից ինչ-որ ձևով այլայլվել է և քիչ դադար տալուց հետո ասել է, որ լավ չի լինի: Նրա ասածը իրեն հանկարծակիի է բերել, և ինքը նրան հարցրել է, թե ինչը լավ չի լինի: Իսոն քիչ լռելուց հետո ասել է, որ գիտի, թե ով է կատարել սպանությունը: Ինքը զարմացել ու հարցրել է, թե երբվանից գիտի և ով է դա կատարել: Իսոն պատասխանել է, որ ի սկզբանե էլ իմացել է, դա կատարել է Մոսոն: Ինքը նրան հարցրել է, թե ինչ պայմաններում է նա իմացել և ինչու չի խափանել այդ դեպքը, չէ որ գիտեր` Արթուրն իր ընկերն է և իրենց տան քավորը, նշանակում է այդ քայլով իր վրա էլ է ոտնձգություն կատարվել: Իսոն ասել է, որ գործ ունի և պետք է գնա: Նա կրկին եկել է ժամը 2-ի սահմաններում: Ինքը Իսոյին խնդրել է ճիշտ պատասխանել իր հարցին` արդյոք նրա «մատը խառն է» Արթուրի սպանության գործին, թե ոչ: Վերջինս երդվել է, որ Արթուրի սպանության հետ կապ չունի, ընդամենը իմացել է այդ մասին: Իր հաջորդ հարցին, որ եթե կապ չունի, ինչու է Մոսոն նրան ի սկզբանե ասել և ինչու նա որևէ քայլ չի ձեռնարկել, Իսոն ասել է, որ այդ հարցին կպատասխանի հետո: Ինքը Իսոյին հարցրել է, թե արդյոք Մոսոն նրան պատմել է, թե ինչպես և ինչ պայմաններում է Արթուրին սպանել: Իսոն պատասխանել է, որ Մոսոն պատմել է այդ մասին և ներկայացրել է որոշ մանրամասներ: Ինքն Իսոյին խնդրել է, որ Մոսոյին ամեն կերպ աշխատի բերել իր մոտ, կամ կազմակերպի մեկ այլ վայրում հանդիպելը, քանի որ ինքը նրա հետ շատ խոսելու բաներ ունի: Իսոն, լսելով իրեն, մի քիչ մտածելուց հետո ասել է, որ անպայման կաշխատի այս մոտակա օրերին այդ հանդիպումը կազմակերպել:

2014 թվականի հունվարի 30-ին` երեկոյան իր տուն են այցելել Արայիկը և Գրիգորը, իսկ քիչ ավելի ուշ նաև Իսոն: Բնականաբար խոսակցությունը կրկին եղել է Արթուրի հետ կապված թեմաներով, և Գրիգորն ասել է, որ նա այլևս չի զբաղվում այդ գործի հետաքննությամբ: Իսոն, գտնվելով բարձր տրամադրության մեջ, մի պահ առանձնացել է իր հետ և մոտ 5 րոպե առանձնազրույց են ունեցել: Ինքը նախ Իսոյին հարցրել է, թե արդյոք նա տեսել է Մոսոյին և պայմանավորվել է հանդիպման համար, թե ոչ, ինչին Իսոն պատասխանել է, որ Մոսոն չի գա, և իրեն էլ դուր չի գալիս հանդիպման միտքը: Ինքը խնդրել է հանդիպումը թեկուզ սրճարանում կազմակերպել, սակայն այդ միտքը ևս Իսոյին դուր չի եկել: Իսոն իրեն ասել է, որ հանգիստ լինի, այդ հարցով այլևս չանհանգստանա, ամեն ինչ նորմալ է: Զարմանալով Իսոյի այդ պատասխանից` հարցրել է, թե այսքանից հետո ինչպես կարող է հանգիստ լինել, իսկ վերջինս պատասխանել է` մի բան գիտի, որ ասում է: Բացի այդ, Իսոն հարցրել է, թե ինչու է ինքն այդքան «բզբզում» այդ գործը, և խորհուրդ է տվել իրեն հեռու մնալ, քանի որ կարող է պրոբլեմների մեջ ինքն ընկել, իր մասով արդեն ինչ-որ շրջանակներում խոսակցություն է գնում:

Դրանից հետո ինքը Իսոյին չի տեսել մի քանի օր: Եղածն իրեն մտածելու տեղիք է տվել, և ինքը որոշել է մի հնար գտնել` հարցի լուծումը ստանալու համար: Իր համար անհասկանալի է եղել արարքի պատճառը, քանի որ իր իմանալով` Իսոն Արթուրի հետ շատ լավ փոխհարաբերությունների մեջ է գտնվել, և խնդիրներ չեն ունեցել: Այդ ամենի մեջ ինքը վտանգ է տեսել ու ներքուստ եղել է անհանգիստ նախ այն պատճառով, որ իր մտածելով և հասկանալով հնարավոր էր, որ գործը շուտով բացահայտվեր, որի դեպքում ինքն ինչպես պետք է նայեր Արթուրի ընտանիքի, երեխաների աչքերին, չէ որ բոլորը գիտեին, որ Իսոն իր մտերիմ ընկերն էր, ինքն էր նրան Արթուրի հետ ծանոթացրել, բացի այդ ինքն ինչ պատասխան կարող էր տալ Թևոսի հարցերին, որ ինչպես է եղել, որ ինքն այդ ամենից տեղյակ չի եղել, ու ինչն է եղել պատճառը: Ինքը հասկացել է նաև, որ մարդիկ դրան կարող էին չհավատալ, ինչն էլ իր հետևանքները կթողներ: Հաջորդ մտահոգության պատճառը կայացել է նրանում, թե ինչ պատասխան իրենից կսպասեին իրավապահ մարմինները, բացի այդ` այլ վտանգ նույնպես կար, մասնավորապես այն, որ ինքն արդեն իմացել էր այդ ամենի մասին, ու իր պահվածքն Իսոյի ու Մոսոյի հանդեպ կարող էր իր անձին վտանգ ներկայացնել: Մտածել է, որ եթե իրոք Մոսոն և Իսոն իր մեջքի ետևից գնացել են այդ քայլին, նշանակում է առաջին հերթին Իսոն ոտնակոխ է արել և՛ իրեն, և՛ իր ընտանիքին, ապա ինչու արդեն հնարավոր չէր իր նկատմամբ էլ նմանատիպ քայլ անել, մանավանդ որ Իսոն իրեն զգուշացրել էր, որ շատ է ինքը «բզբզում», խորհուրդ էր տվել իրեն հեռու մնալ, քանի որ կարող է պրոբլեմների մեջ ինքն ընկնել: Այդ մտավախությունն իրեն ստիպել է քայլեր ձեռնարկել իր ինքնասիրությունը, ազնվությունը և անվտանգությունն ապահովելու համար:

Փետրվարի 3-ին զանգահարել է Իսոյին և հրավիրել իր տուն` մտադրվելով նրան ձայնագրել: Պայմանավորված ժամին գալով և նստելով տան հյուրասենյակում` Իսոն, քմծիծաղ տալով, ասել է, որ հանգիստ լինի, Մոսոն այլևս չկա` ինքը Մոսոյին վերջինիս մեքենայով տարել և հարցերը լուծել է, իսկ մեքենան թողել է օդանավակայանում: Նաև ասել է, որ դա եղել է ամսի 1-ին: Ինքն Իսոյից հարցրել է, թե ինչ է նշանակում` հարցերը լուծել է, իսկ Իսոն պատասխանել է, որ սատկացրել է Մոսոյին: Ամեն դեպքում իր ապահովության և անվտանգության, ինչպես նաև իր ճշմարտության համար որոշել է Իսոյին ձայնագրել և այդ ձայնագրությունը պահել իր մոտ, մինչև կորոշեր ինչ անել: Այդ պատճառով Իսոյին խնդրել է կամաց խոսել` պատճառաբանելով, որ իր աղջիկն ու տան աշխատողը վերևի հարկում են, և ասել է, որ ավելի լավ կլինի գնան տան սպորտ-սրահում խոսեն: Մինչ այդ ինքը բարձրացել է 2-րդ հարկ` վերևում իրավիճակը տեսնելու պատրվակով, սակայն իրականում վերցրել է ձայնագրիչը, արագ իջել է սպորտ-սրահ և միացնելով այն` դրել է բազմոցի կողքը դրված երեխաների խաղալիքների պայուսակի մեջ: Այնուհետև Իսոյին առաջարկել է հեռախոսները թողնել հյուրասենյակում, նստել սպորտ-սրահում, լուրջ խոսել այդ ամենի մասին և վերջակետ դնել: Այդպես էլ արել են, և իրենք մոտ 40 րոպե խոսել են ինչպես այդ թեմայից, այնպես էլ իրենց վերաբերվող ուրիշ այլ թեմաներից: Ինքն այնպես է զրույցը տարել, որ Իսոն ոչինչ չկասկածի: Ձայնագրված խոսակցությունում Իսոն ասել է, որ նա պատերազմ է հայտարարել Թևոսին: Ինքն իրականում չգիտի` Թևոսի և Իսոյի մեջ ինչ թշնամություն կարող է լինել: Իսոյի և Թևոսի հարաբերությունները թշնամական չէին և ոչ մի դրդապատճառ ինքը չի տեսել, որ նրանք իրար հետ թշնամանային: Իրար տեսնելուց նորմալ փոխհարաբերվել են, նույնիսկ Իսոն անհանգստություն է ցուցաբերել, որ Թևոսին կալանավորել էին: Ինքը չգիտի` Իսոն ինչու է Մոսոյին առաջարկել սպանել Արթուրին, կամ թե Մոսոն է առաջարկել, կամ այդպիսի խոսակցություն ընդհանրապես եղել է, թե ոչ: Ինքն այդ մասին չգիտի և շատ-շատ կուզենար իմանալ: Իր համար դա մութ դաշտ է, ցանկանում է, որ Արթուրի սպանության դրդապատճառը պարզվի: Ինքը որևէ տվյալ չի ունեցել, որ Մոսոն Արթուրի սպանության համար գումար է վերցրել, ուղղակի նման ձևով փորձել է Իսոյից պարզել, թե Մոսոն փողի համար է գնացել այդ քայլին, թե ոչ, բացի այդ փորձել է Իսոյի ռեակցիան ստուգել: Ձայնագրության որոշ հատվածներ ինքը ջնջել է, որոնք բոլորովին կապ չեն ունեցել այդ թեմայի հետ, անձնական և հին ու նոր խոսակցություններ են եղել, որը խոսացվել է իր նախաձեռնությամբ` Իսոյին կասկածից դուրս պահելու համար, որ այդ խոսակցությունը կարող է ձայնագրվել: Այդ խոսակցության ընթացքում նաև եղել են լուռ պահեր, որոնք իմաստ չուներ պահել: Ձայնագրությունից ինքն ինչը որ անհրաժեշտ է համարել` անցկացրել է ֆլեշկայի վրա ու պահել տանը(3):

 

__________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 37-րդ, թերթեր 100-117:

 

7.2. Տեսաձայնագրային փորձաքննության թիվ 07351406 եզրակացության համաձայն` Տ.Ասատրյանի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերված էլեկտրոնային կրիչում առկա են, մասնավորապես, հետևյալ խոսակցությունները.

«Տ. Ա. (Տիգրան Ասատրյան) - Ախպեր, չեմ հավատում, որ դու իրան խփե-քցել ես, Իսո ջան:

Ի. Ս. (Իսրայել Սարգսյան) - Դե հեսա որ (տռուպը գտնեն):

(...)

Տ. Ա. - Իսո ջան, խի՞, խի՞ ախպեր, դու իմ մեջքի հետևից գնացիր, թաքուն ախպեր տվիր իմ ընգերոչը, իմ սանիկին...

Ի. Ս. - Ապեր, էտի քո ընգերն էր՞:

Տ. Ա. - Հա, իմ ընգերն էր:

Ի. Ս. - Արա լավ է:

(...)

Տ. Ա. - (...) Առտուրի՞ն ինչի համար, ախպեր: Առտուրն ի՞նչ էր արե:

Ի. Ս. - Ապե, ես Թը-Թևոսին պատերազմ եմ հայտարարե:

Տ. Ա. - Հայտարարել ես Առտուրո՞վ, ապե, Առտուրն ի՞նչ էր արե:

Ի. Ս. - Հա, Առտուրը, որտև թուլացավ ինքը (կանկրետնի):

Տ. Ա. - Չէ ի՞նչ ա արե, Առտուրը իմ սանիկն էր, արա, իմ ընտանիքի մարդն էր, Իսո ջան:

(...)

Ի. Ս. - Արա, ես քեզի չեմ խփե մեշքի հետևից, Տիկո: Տիկո, ես էս անելով իմ կյանքն եմ փրգե, (ու) մեզ-քո կյանքն եմ փրգե: Ես էլ տենց եմ մտածում, ապե: Դու վաղը մյուս օր ընգնելու էիր Թևոսի բազառների մեջ, քեզ էլ էին հաքցնելու, իսկ քո վրա մուշկա յա ֆռում: Էտ էլ ասեմ իմանաս: Մենակ Թևոսի ու Առտուրի վրա մուշկա չի ֆռում, քո վրա էլ ահագին խոսակցություն կա:

Տ. Ա. - Ի՞նչ խոսակցություն:

Ի. Ս. - Որ քեզ էլ պդի վարի տան:

Տ. Ա. - Ո՞վ ա: Ո՞վ:

Ի. Ս. - Իրա թշնամիները, ախպեր:

Տ. Ա. - Ու՞մ թշնամիները:

Ի. Ս. - Թևոսի:

Տ. Ա. - Ինչի՞:

Ի. Ս. - Դե տենց են մտածում, որովհետև դու ակտիվ ես իրանց համար բեսամթ: Ես, ես պրոստո տակ ոշ մի բան չեմ անում, Տիկո:

Տ. Ա. - Թևոսի թշնամիներից մեկը դու ես:

Ի. Ս. - ՉԷ: Դու, Առտուրը, Թե-Թևոսը, Առտուրը, երրորդ համարի տակ դու ես կանգնած, ախպեր:

Տ. Ա. - Ապեր, էտի ես հասկանում եմ, դու ինչի էս հիմա ինձ ասում:

Ի. Ս. - Մարդիկ կան Ապերի կռուգից բռնած, մարդիկ կան, ապե ջան, կոնկռետ քո վրա մուշկա են ֆռռցնում: Ես քեզ բան եմ ասում:

Տ. Ա. - Խի՞ ախպեր, ես ի՞նչ եմ արել:

Ի. Ս. - Որովհետև դու իրանց հետ ես, դու իրանց ախպերն ես, ախպեր ջան, տենց են իրանք իմանում (...):

Տ. Ա. - Թող մուշկա ֆռռցնեն, (...):

Ի. Ս. - (...) խի՞ ախպեր:

Տ. Ա. - Բա հենց ըտենց:

Ի. Ս. - Խի... խի՞ քո վրա, արա, մուշկա ֆռռցնեն:

(...)

Տ. Ա. - Իմ վրա մուշկա յա ֆռռու՞մ:

Ի. Ս. - Հա, թշնամիների կողմից քո վրա մուշկա յա ֆռռում, ախպեր, չասե՞մ: Եթե դու մտածում ես տենց բան չկա, սխալվում ես, ախպեր, մարդիկ կոնկրետնո ու էտի շուտվանից կա, ասեմ քեզի: Իրանց կլանի մեջ, ախպեր ջան, Թևոսից, Առտուրից հետո քեզ են երրորդ մարդ տեսե:

Տ. Ա. - Ապեր, իրանց ըտենց բան հնարավոր չի, արի էտի մի հատ թողնենք մի կոմ, եթե ինձ են տեսե, քեզ էլ են տեսե, դու իմ հետի մարդկանցից ես:

Ի. Ս. - Հա, ես էլ եմ քո հետ գալի, բա ես քեզ էտ եմ ասում, ասում եմ իմ կյանքն ու քո կյանքն եմ փրգե, ախպեր, ես էտ անելով, ախպեր, հեռու մնա սրանցից, ապե:

(...)

Ի. Ս. - Ընենց չի էղե, խոսքի ասենք դեվստվեննիցա չեմ ես, տենց բաների մեջ առաչի անգամ չեմ: (...) Պռոստը ինչ-որ մի 15 տարվա ինտեռվալով, 15 տարվա ինտեռվալով հանգիստ ապրեցի:

Տ. Ա. - Հանգիստ ապրիր ապե, որտև ես կողքդ եմ էղե, քեզ շատ հարցերում հետ եմ պահե շատ բաներից:

Ի. Ս. - Հա, բան չասի:

(...)

Ի. Ս. - Տիկո ջան, (...) ինքը ինձի պատմել ա, եթե ինքը ինձի տենց բան ա պատմե, ինքը կարա էս թեմայով էլ ուրիշ տեղ հետո խոսար, հասկանու՞մ ես: Մասկվայից զակազ ա վեկալե էս (...): Մի հատ հիշ գիդե՞ս ում...

Տ. Ա. - Ապեր, ըստեղ դրսից փող ա վեկալվե, Իսո: Եթե:

Ի. Ս. - Ի՞նչ փող:

Տ. Ա. - Այ էս Առտուրի գործով:

Ի. Ս. - Մոսոն փող վեկալած ըլնի, ասու՞մ ես:

Տ. Ա. - Հա ապեր:

Ի. Ս. - ... փողը:

Տ. Ա. - Էսի փող ա վեգալվե, ապեր:

Ի. Ս. - Հաստատ բան ա՞ էտի բայց:

Տ. Ա. - Ես տենց մտածում եմ` տարբեր բաներից ելնելով, տարբեր խոսակցություններից, թեմաներից:

Ի. Ս. - Ապե, ես չեմ իմանում, ես Մոսոյին, ես Մոսոյի հետ իմ փայ, իմ փայ ասել եմ` ախպեր արի անենք, ես քեզի ախպեր փող կտամ, բայց ես իրան թիվ չեմ ասե: Ինձ էլ ասել ա` «ախպեր, ջան, փող պետ չի, Իսո ջան, քո համար ա՞ էտի պետք, ախպեր քո ինքնասիրության համար, ասել եմ` հա»: Ասել ա` «փող պետ չի, ապե, դու պռոստը մենակ կարող ա ինձի ֆինանսավորես` էտ բենզին ա, բան ա ման, էն մնացած բաներ ա, ախպեր ջան, էտի անում եմ, դու գործ չունես»: Մեր վերջին խոսակցությունը էտ ա եղե: (...)»(4):

 

_________________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 127-131:

 

8. Վերաքննիչ դատարանն իր` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Ինչպես հետևում է սույն գործի նյութերից, ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող հանցանքի ավարտման օրը հանդիսանում է 2014 թվականի փետրվարի 3-ը, նրա մեղքը հաստատող մեղադրական դատավճիռն Առաջին ատյանի դատարանը կայացրել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, այդ դատավճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով, և 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ չի կասեցվել: Հետևապես ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքներն ու հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Ի.Սարգսյանն օժանդակել է Մ.Ներսիսյանի կողմից Ա.Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է Մ.Ներսիսյանին, հիմնավորված են, բխում են դատաքննությամբ հետազոտված փաստական տվյալների ամբողջական, բազմակողմանի ու տրամաբանված վերլուծությունից, և դրանց հետ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան:

(...)

Սույն գործով մեղադրանքի կողմն Առաջին ատյանի դատարանի հաստատված փաստական հանգամանքները չի վիճարկել, իսկ պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում չի կարող վերադաս դատարանի կողմից հաստատվել ամբաստանյալի համար առավել անբարենպաստ փաստական հանգամանքներ, քան ստորադաս դատարանի կողմից հաստատվածը:

Ավելին, սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունը ևս հիմք չի տալիս այդօրինակ դատողություն անելու համար: Իսկ ինչպես հետևում է վերը մեջբերվածից, Ա.Սաֆարյանի սպանության դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանի` Առաջին ատյանի դատարանի հաստատված հանցակցությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, այլ ոչ թե նույն օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը թեև դատողություն է արել առ այն, որ նշված դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանի արարքին մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով տրված քրեաիրավական գնահատականը պետք է փոխվի, և որ դրանով ամբաստանյալի վիճակը չի վատթարանա, սակայն անհասկանալի հետևություն է արել այն մասին, որ. «Ի.Սարգսյանին վերագրվող արարքի իրավաբանական որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով» (...):

Արդյունքում Ա.Սաֆարյանի սպանության դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որակելով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն, հիմք է հանդիսանում բողոքարկված դատական ակտն այդ մասով բեկանելու համար:

Դրա հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս Ա.Սաֆարյանի սպանության դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ համապատասխան պատիժ նշանակելու, ինչը բխում է նաև արդարադատության արդյունավետության շահից (...)»(5):

 

______________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 40-րդ, թերթեր 92-231:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերի կարծիքով, Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու դրվագով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

Մասնավորապես, Տ.Ասատրյանի ցուցմունքների և վերջինիս բնակարանում հայտնաբերված կրիչի վրա առկա ձայնագրության բովանդակության վերլուծության արդյունքում բողոքի հեղինակն ընդգծել է, որ Ի.Սարգսյանը տեղեկացված է եղել Թևոս և Արթուր Սաֆարյանների կողմից որոշակի շրջանակի անձանց հետ ունեցած խնդիրների, այդ խնդիրները Սաֆարյաններին և նրանց մերձավոր շրջապատի անձանց սպանելու միջոցով լուծելու մտադրության մասին, ինչով Ի.Սարգսյանը հաստատել է նաև իր կապը նշված շրջանակի անձանց հետ: «Մոսկվայից զակազ ա վեկալե» արտահայտությամբ Ի.Սարգսյանն ըստ էության Տ.Ասատրյանին ակնարկել է սպանության պատվիրատուի առկայության մասին, սակայն չցանկանալով բացահայտել պատվիրատուին և նրա մասին իր տեղեկացվածությունը` միևնույն ժամանակ նշել է, որ «իր փայով», այսինքն` «Մոսկվայից վեկալած զակազից» զատ, ինքը Մ.Ներսիսյանին առաջարկել է կատարել սպանությունը` խոստանալով դրա դիմաց փող տալ, ինչին Մ.Ներսիսյանը պատասխանել է, որ փող պետք չէ, միայն կարող է ֆինանսավորել բենզինի և նման բաների համար:

Բողաքաբերը նշել է նաև, որ քրեական գործի քննության ընթացքում ձեռնարկվել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցները, սակայն Ի.Սարգսյանի կողմից հանցանքը կատարելու որևէ այլ շարժառիթի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

10. Վերոշարադրյալի վերլուծության արդյունքում բողոքի հեղինակն ընդգծել է, որ Թևոս և Արթուր Սաֆարյանները որոշակի խնդիրներ են ունեցել «հանցավոր աշխարհի» որոշ ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում Ի.Սարգսյանը ստացել է Ա.Սաֆարյանին սպանելու պատվեր, որը փոխանցել է Մ.Ներսիսյանին, ապա անձամբ օժանդակել վերջինիս նշված սպանությունը կատարելու հարցում` տրամադրելով միջոցներ և տեղեկատվություն: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը ևս նման կերպով է գնահատել գործով ապացույցները և Ա.Սաֆարյանի դրվագով Ի.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը քննարկվող հարցի կապակցությամբ ճիշտ չի գնահատել գործով ապացույցները և սխալ եզրահանգման է եկել, արդյունքում Ա.Սաֆարյանի սպանության դրվագով Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:

11. Վերոնշյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը մասնակիորեն բեկանել և ամբաստանյալ Ի.Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով առաջադրված մեղադրանքից բացի, մեղավոր ճանաչել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ու նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատվերով սպանության քրեաիրավական հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Ի.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը պատասխանատվություն է սահմանում շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության համար:

Սպանության վերոնշյալ որակյալ տեսակների համար ընդհանուր է այն, որ դրանք, որպես կանոն, կատարվում են շահադիտական դրդումներով և, ըստ էության, շահադիտական դրդումներով սպանության մասնավոր դրսևորումներ են: Միևնույն ժամանակ, դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատուկ հատկանիշները, ուստի օրենսդրորեն սպանության քննարկվող տեսակների առանձնացումն արդարացված է:

13. Անդրադառնալով պատվերով սպանության քրեաիրավական հատկանիշներին` հարկ է նկատել, որ ի տարբերություն սպանության այլ տեսակների, որոնց դեպքում հանցավորը առավել հաճախ գործում է միայնակ, պատվերով սպանության դեպքում հանցանքի կատարմանը մասնակցում են առնվազն երկու անձ` պատվիրատուն և կատարողը: Սուբյեկտիվ կողմից պատվերով սպանությունը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ հանցագործության շարժառիթը կամ նպատակը սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ չեն, ուստի արարքի որակման վրա չեն ազդում: Միևնույն ժամանակ, պատվերով սպանությունները հիմնականում կատարվում են շահադիտական դրդումներով, թեպետ որոշ դեպքերում կարող են միանգամայն այլ շարժառիթներ հետապնդել: ՈՒստի, կարելի է տարանջատել պատվերով սպանությունների երկու խումբ` շահադիտական դրդումներով կատարվող (վարձու սպանություններ) և այլ շարժառիթով կատարվող պատվերով սպանություններ:

13.1. Վարձու սպանությունը շահադիտական դրդումներով կատարվող սպանության հատուկ տեսակ է, քանի որ հանցավորը կատարում է սպանությունը` պատվիրատուից ակնկալելով նյութական կամ այլ վարձատրություն (դրամ, այլ գույք, գույքային իրավունքներ, նյութական ծախսերից և պարտականություններից ազատում, աշխատանքի տեղավորում, աշխատանքում առաջխաղացման ապահովում, պաշտոնի բարձրացում և այլն): Այլ կերպ` այս դեպքում սպանության պատվերն ամրապնդվում է հանցավորին նյութապես շահագրգռելով, իսկ կատարողն էլ գործում է պատվիրատուից նյութական շահ ստանալու ներքին մղումով:

Միևնույն ժամանակ, վարձու սպանություններն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են շահադիտական դրդումներով սպանություններից: Այսպես` շահադիտական դրդումներով կատարվող սպանության դեպքում հանցավորը, որպես կանոն, նյութական ակնկալիքներ ունի անմիջականորեն տուժողից և գործում է սեփական նախաձեռնությամբ, մինչդեռ պատվերով սպանության դեպքում հանցանքը կատարողը տուժողին կյանքից զրկելու հարցում չունի անձնական շահագրգռվածություն, հանցագործությունը կատարվում է պատվիրատուի նախաձեռնությամբ` նրանից հատուցում ստանալու պայմանով: Ընդ որում, եթե վարձու սպանության դեպքում կատարողը գործում է նյութական շահ ստանալու դրդումներով, ապա պատվիրատուն կարող է նաև լրիվ այլ շարժառիթներ հետապնդել: Այսպիսով, վարձու սպանությունը` որպես պատվերով սպանության տարատեսակ, ենթադրում է հանցանքի կատարումը նյութական հատուցման դիմաց և այլ անձի կամ անձանց շահերից ելնելով:

Միաժամանակ, ինչպես նշվեց, պատվերով սպանությունները կարող են կատարվել նաև այլ` ոչ շահադիտական դրդումներով, առանց նյութական օգուտ կամ այլ վարձատրություն ստանալու ակնկալիքի (օրինակ, երբ անձն առանց վարձատրության, պարտքի զգացումից ելնելով, կատարում է տուժողին կյանքից զրկելու վերաբերյալ ղեկավարի կամ իր համար հեղինակություն վայելող անձի կամ անձանց առաջադրանքը և այլն):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը` որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով(6):

 

_______________________________

6) Տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Մ.Ներսիսյանի կողմից Ա.Սաֆարյանի սպանությունը և օժանդակել դրա կատարմանը, այն է` ստանալով պատվեր` իրականացնելու Ա.Սաֆարյանի սպանությունը` վերջինիս եղբոր` Թ.Սաֆարյանի դիրքերը և նրա ազդեցությունը միջավայրում թուլացնելու նպատակով, 2013 թվականի հոկտեմբեր ամսին սպանության կատարումը պատվիրել է Մ.Ներսիսյանին: Ստանալով վերջինիս համաձայնությունը` պայմանավորվել է, որ անձամբ կցուցաբերի նրան անհրաժեշտ օժանդակություն` սպանությունը կատարելու համար(7):

 

________________________________

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Ա.Սաֆարյանի սպանության կատարումն Ի.Սարգսյանի կողմից կազմակերպված լինելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունը պայմանավորված է բացառապես Տ.Ասատրյանի տնից խուզարկությամբ հայտնաբերված էլեկտրոնային կրիչում առկա խոսակցության ձայնագրությունով, Տ.Ասատրյանի ցուցմունքով և տարբեր անձանց անուններով հեռախոսաքարտերով կատարված զանգերով: Մինչդեռ, գաղտնի հեռախոսահամարներով կապ պահպանելն ինքնին չի կարող անվերապահորեն վկայել Ա.Սաֆարյանի սպանությունն Ի.Սարգսյանի կողմից կազմակերպված լինելու մասին, ավելին` սույն քրեական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց և հիմնավորում, որ, ինչպես նշված է Ի.Սարգսյանին առաջադրված մեղադրանքում, նա ստացել է Ա.Սաֆարյանի սպանությունը իրականացնելու պատվեր: Մասնավորապես, Տ.Ասատրյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված կրիչում առկա` Ի.Սարգսյանի և Տ.Ասատրյանի միջև կայացած խոսակցության ժամանակ Ի.Սարգսյանը չի հայտնում, որ ինքը ստացել է պատվեր, որպեսզի կազմակերպի Ա.Սաֆարյանի սպանությունը, ավելին` նա ամբողջ խոսակցության ընթացքում չի հայտնում, որ ինքն է կազմակերպել Ա.Սաֆարյանի սպանությունը: Ի.Սարգսյանի կողմից Ա.Սաֆարյանի սպանության կազմակերպման մասին հայտնում է միայն Տ.Ասատրյանն իր ցուցմունքով, սակայն ձայնագրության մեջ նման բան առկա չէ:

Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ի.Սարգսյանն օժանդակել է Մ.Ներսիսյանի կողմից Ա.Սաֆարյանի սպանության կատարմանը, իսկ ամբաստանյալին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված մեղադրանքի այն մասը, որ նա կազմակերպել է Ա.Սաֆարյանի սպանությունը, ապացուցված չէ` Ի.Սարգսյանին վերագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով(8):

 

_______________________________

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքներն ու հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ի.Սարգսյանն օժանդակել է Մ.Ներսիսյանի կողմից Ա.Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է Մ.Ներսիսյանին, հիմնավորված են, բխում են դատաքննությամբ հետազոտված փաստական տվյալների ամբողջական, բազմակողմանի ու տրամաբանված վերլուծությունից:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այլ նույն օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Այսպես` սույն գործով մեղադրանքի կողմն Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները չի վիճարկել, իսկ պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերադաս դատարանը չի կարող հաստատված համարել ամբաստանյալի համար առավել անբարենպաստ փաստական հանգամանքներ, քան ստորադաս դատարանի կողմից հաստատվածը: Ավելին, ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունը հիմք չի տալիս այդօրինակ դատողություն անելու:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Սաֆարյանի սպանության դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որակելով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս Ա.Սաֆարյանի սպանության դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով(9):

 

_________________________________

9) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել սույն գործում առկա ապացույցների համակցությունը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացվել Տ.Ասատրյանի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված էլեկտրոնային կրիչի վրա առկա խոսակցության ձայնագրությունը, այն չի համադրվել գործում առկա այլ ապացույցների հետ, որոնց ամբողջական վերլուծությունը ցույց է տալիս, որ Ի.Սարգսյանը հանցակցել է Մ.Ներսիսյանի կողմից պատվերով սպանության կատարմանը:

16.1. Այսպես` Տ.Ասատրյանի բնակարանում հայտնաբերված կրիչի վրա առկա ձայնագրության բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ Ի.Սարգսյանը տեղեկացված է եղել որոշ անձանց հետ Թ.Սաֆարյանի ունեցած թշնամական հարաբերությունների, առկա խնդիրները վերջինիս և նրա շրջապատի անձանց սպանելու միջոցով լուծելու մտադրության մասին: Մասնավորապես, Ի.Սարգսյանն ընդգծել է, որ Տ.Ասատրյանի վրա նույնպես խոսակցություններ են պտտվում, որ նրան ևս պետք է «վարի տան», քանի որ վերջինս Թ.Սաֆարյանի շրջապատից է, և Թևոսից, Արթուրից հետո` որպես երրորդ մարդ, նրան են «տեսել», ուստի ինքը, դա անելով, փրկել է իր և Տ.Ասատրյանի կյանքը:

Այնուհետև, խոսակցության ընթացքում Ի.Սարգսյանն ավելի հստակ է ակնարկում սպանության պատվիրատուի առկայության մասին` նշելով, որ Մ.Ներսիսյանը «Մոսկվայից զակազ ա վեկալե», միևնույն ժամանակ, ինքն էլ իր հերթին, Մոսկվայից ստացած պատվերից զատ, առաջարկել է Մ.Ներսիսյանին կատարել սպանությունը` խոստանալով դրա դիմաց վճարել, ինչին ի պատասխան` Մ.Ներսիսյանն ասել է, որ փող պետք չէ, միայն կարող է ֆինանսապես աջակցել բենզինի և նման այլ բաների համար(10):

 

________________________________

10) Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:

 

16.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ կրիչի վրա առկա ձայնագրության բովանդակությունը հաստատվում է նաև Տ.Ասատրյանի` դատաքննության ընթացքում հրապարակված, նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ տված ցուցմունքներով: Մասնավորապես, Տ.Ասատրյանը 2014 թվականի հունիսի 20-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տված ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ Ի.Սարգսյանը կարծիք է արտահայտել առ այն, որ «Արթուրը այնքան թեմաների մեջ է եղել և ախպոր հետ այնքան թշնամիներ ունեն, որ չեն էլ իմանա, թե այդ հարվածը որտեղից է եկել»: 2014 թվականի հուլիսի 18-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տված ցուցմունքով Տ.Ասատրյանը նշել է, որ Ի.Սարգսյանն իրեն ասել է, որ «իբր իր վրա «մուշկա» է ֆռում, և հաջորդը ինքն է լինելու»: 2014 թվականի հուլիսի 19-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տված ցուցմունքով Տ.Ասատրյանն ընդգծել է, որ Ի.Սարգսյանը նրան զգուշացրել է, որ հեռու մնա, քանի որ կարող է խնդիրների մեջ ընկնել, և իր մասով արդեն ինչ-որ շրջանակներում խոսակցություն է գնում: Ինքը մտածել է, որ «եթե իրոք Մոսոն և Իսոն իր մեջքի հետևից, չգիտես ինչու, գնացել են այդ սարսափելի քայլին, նշանակում է առաջին հերթին Իսոն ոտնակոխ է արել և՛ իրեն, և՛ իր ընտանիքին: Հնարավոր է, որ իր նկատմամբ էլ նման քայլ անեն: Այն էլ, որ Իսոն իրեն զգուշացրել էր, որ շատ է ինքը «բզբզում» և մարդկանց շրջանակներում իր «վրով» արդեն ինչ-որ խոսակցություններ է գնում»(11):

 

________________________________

11) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

 

17. Ընդհանրացնելով սույն որոշման 16-16.2-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ի.Սարգսյանը տեղեկացված է եղել որոշակի շրջանակի անձանց հետ Թևոս և Արթուր Սաֆարյանների ունեցած խնդիրների, այդ խնդիրները Սաֆարյաններին և նրանց շրջապատի անձանց սպանելու միջոցով լուծելու մտադրության, Տ.Ասատրյանի վերաբերյալ որոշ շրջանակներում առկա խոսակցությունների, ինչպես նաև Մ.Ներսիսյանի կողմից Ա.Սաֆարյանին սպանելու վերաբերյալ Մոսկվայից ստացված պատվերի մասին:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործում առկա վերոնշյալ փաստական տվյալների համակցությունից ակնհայտորեն բխում է, որ ամբաստանյալ Ի.Սարգսյանն առնվազն տեղյակ է եղել, որ Ա.Սաֆարյանի սպանությունը պատվիրված է, այն է` Մ.Ներսիսյանը Մոսկվայից սպանության պատվեր է ստացել, իսկ ինքն էլ անձամբ օժանդակել է նշված հանցագործության կատարմանը` տրամադրելով անհրաժեշտ միջոցներ և տեղեկատվություն: Այլ կերպ` Ի.Սարգսյանը գիտակցել է, որ հանցակցում է պատվերով սպանության կատարմանը, հետևաբար Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշումը, որ Ի.Սարգսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներին, իրավաչափ է, բխում է սույն գործում առկա ապացույցների համակցությունից: Այսպես` Առաջին ատյանի դատարանը թեև արձանագրել է, որ սույն քրեական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց և հիմնավորում առ այն, որ Ի.Սարգսյանը պատվեր է ստացել և ինքն էլ անձամբ կազմակերպել է Ա.Սաֆարյանի սպանությունը, այնուամենայնիվ Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղսագրվող արարքի որակումը թողել է անփոփոխ` արդյունքում հաստատված համարելով Ի.Սարգսյանի կողմից պատվերով սպանությանն օժանդակելու դրվագը:

Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները մեղադրանքի կողմից չվիճարկվելու պայմաններում վերադաս դատարանը չի կարող հաստատված համարել ամբաստանյալի համար առավել անբարենպաստ փաստական հանգամանքներ, քան ստորադաս դատարանի կողմից հաստատվածը, վերոնշյալ հիմնավորումների պայմաններում առարկայազուրկ է և չի բխում սույն գործի փաստական տվյալների համակցությունից:

18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և արդյունքում Ի.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղսագրվող արարքն այդ մասով վերաորակելով, պատշաճ վերլուծության չի ենթարկել գործում առկա ապացույցների ամբողջությունը, մասնավորապես` որևէ գնահատականի չի արժանացրել էլեկտրոնային կրիչի վրա առկա ձայնագրության բովանդակությունը, այն չի դիտարկել այլ ապացույցների համակցության համատեքստում:

Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումը, ընդգծում է, որ ապացույցի առանձին տեսակներ, պայմանավորված ապացուցողական տեղեկատվության ձեռք բերման միջոցներով և դրանց արդյունքների` տեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրված լինելու հանգամանքով (օրինակ` տեսանկարահանումների, լուսանկարահանումների, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները և այլն), օժտված են բարձր արժանահավատություն ունեցող ապացույց համարվելու համար անհրաժեշտ չափանիշներով և կարող են այս կամ այն փաստական հանգամանքի հաստատման կամ հերքման առումով անփոխարինելի նշանակություն ունենալ, ուստի դրանցով հաստատվող փաստական տվյալները կարող են հերքվել ոչ այլ կերպ, քան այդ ապացույցներին արժանահավատությամբ չզիջող ապացույցով կամ ապացույցների համակցությամբ(12):

 

_________________________________

12) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշումը:

 

Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ի.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

19. Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Ա.Սաֆարյանի սպանության դրվագով ամբաստանյալ Ի.Սարգսյանի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է սխալ եզրահանգման, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Սաֆարյանի սպանության դրվագով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է այդ մասով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռին: Մնացած մասով, այն է` Ի.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ ամբաստանյալ Ի.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելիս Առաջին ատյանի դատարանը չի հստակեցրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից մասնակի գումարման ենթակա պատժաչափը, և այդ հանգամանքը հօգուտ ամբաստանյալի մեկնաբանելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ի.Սարգսյանի նկատմամբ նշանակված 25 (քսանհինգ) տարի ժամկետով ազատազրկումից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից մասնակիորեն գումարված հնարավոր առավելագույն չափը` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական թողնել կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` հանցանքների համակցության կանոններով նշանակված` 23 (քսաներեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը(13):

 

____________________________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Զադե Իբրահիմյանի վերաբերյալ գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0099/01/10 որոշումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը մասնակիորեն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռին:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը` Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, թողնել անփոփոխ:

3. Ամբաստանյալ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի նկատմամբ նշանակված 25 (քսանհինգ) տարի ժամկետով ազատազրկումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` հանցանքների համակցության կանոններով նշանակված` 23 (քսաներեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը: Պատժի կրման սկիզբը հաշվել 2014 թվականի փետրվարի 3-ից:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 25 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.02.2021
N ԵԿԴ/0003/01/15
Որոշում