ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի ատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2021 թվականի N 498-Լ
ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշման N 2 հավելվածում ներգրավված միջոցառումների պատասխանատու կատարող պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը, յուրաքանչյուրն իր մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն միջոցառումների ծրագրում ներառված` տվյալ տարվա միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 8
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 8-ի
N 498-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ
1. Ներածական մաս
Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հիմնական ուղղությունները հիմնված են ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի` «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթների վրա:
ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածն ամրագրում է, որ տարեցների արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից մեկն է, և հետևաբար, պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար:
Այսօր մեր հանրապետությունը կանգնած է բնակչության ծերացման մարտահրավերի առջև և համարվում է ծերացող հասարակություն, ինչը պահանջում է տարեցների կարիքներին և առկա մարտահրավերներին արձագանքման նոր մոտեցումների և մեխանիզմների մշակում ու ներդրում:
Մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունն իր հիմնական ռեսուրսներն ուղղում էր տարեցների սոցիալական ու նյութական կարիքների բավարարմանը, մինչդեռ Ծրագրի շրջանակներում տարեցների պահանջմունքների շրջանակը դիտարկվում է ավելի բազմաշերտ և բազմազան: Այս նպատակով առաջնային է դառնում տարեցներին տարաբնույթ ծառայությունների տրամադրումը, ինչը հնարավոր է ծառայությունների վերանայման միջոցով:
Այս գործընթացում տարեցների համար պետք է ներդրվի և զարգացվի համայնքահեն ծառայությունների լայն շրջանակ, ինչը հնարավորություն կտա ապահովել տարեցների ինքնաիրացումը, մասնակցությունը տարբեր ոլորտներում և մակարդակներում, ներառումը հանրային կյանքին, սոցիալական, ֆիզիկական, մտավոր կարողությունների շարունակական զարգացումը և այլն:
Սույն Ծրագրի երկու հիմնական ուղղություններն են ակտիվ ու առողջ ծերացման խրախուսումը և խնամքի կազմակերպումը համայնքահեն ծառայությունների միջոցով: Ի տարբերություն ծառայությունների տրամադրման ինստիտուցիոնալ եղանակի, որը տարեցներին պասիվացնում է, խլում ինքնավարությունը, մեկուսացնում անմիջական միջավայրից, վերահսկում կյանքն ու ազատությունները` համայնքահեն ծառայությունների նպատակը տարեցների իրավունքների պաշտպանության համար հնարավորությունների ստեղծումն է:
Համայնքահեն ծառայություններն իրենց բնույթով առավել մարդակենտրոն են, շեշտադրում են ընդհանրական մոտեցումից անցումն անհատականին, ինչպես նաև ընտանիքի և համայնքի դերը տարեցների կյանքում` խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և որոշումների կայացմանը:
2. Ծրագրի նպատակը, խնդիրները և հիմնական սկզբունքները
2.1. Սույն Ծրագրի նպատակը տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումն է, ինչպես նաև կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը:
2.2. Վերոնշյալ նպատակին հասնելու համար դրվել են հետևյալ խնդիրները`
1) նպաստել ակտիվ և առողջ ծերացմանը.
2) երկարատև խնամքի կարիք ունեցող տարեցներին ապահովել արժանապատիվ և մասնագիտական խնամքով.
3) զարգացնել տարեցներին տրամադրվող համայնքահեն և տնային ծառայությունները:
Ծրագիրը հիմնված է այն դիրքորոշման վրա, որ տարեցի արժանապատիվ ապրելու նախընտրելի վայրն իր տունն ու ընտանիքն է, և հետևաբար ոլորտային քաղաքականությունն իր սոցիալական, տնտեսական, առողջապահական բաղադրիչներով պետք է ունենա խնամքի հաստատություններում չհայտնվելու կանխարգելիչ նշանակություն: Այն սակավ դեպքերում, երբ ընտանիքում հնարավոր չլինի ապահովել տարեցների ակտիվ ու առողջ ծերացումը, և առկա է երկարատև խնամքի կարիք, ապա պետք է տրամադրվեն համայնքահեն ծառայությունները:
2.3. Տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության հիմքում պետք է դրվեն հետևյալ պահանջները`
1) որակյալ ծառայություններ.
2) հասանելի, մատչելի և հասցեական ծառայություններ.
3) ծառայությունների բազմազանություն.
4) ծառայությունների աշխարհագրական լայն բաշխվածություն.
5) բազմակողմանի և հրատապ արձագանք շահառուի կարիքին (կարիքի գնահատման հոլիստիկ մոդել, բազմամասնագիտական թիմ, ճգնաժամային իրավիճակներում խնդրի գնահատում և հրատապ լուծում և այլն).
6) ակտիվացնող և անհատական մոտեցումների կիրառում.
7) տարեցների իրավունքների գերակայություն գերատեսչական շահի նկատմամբ.
8) տարեցների իրավունքների (անձնական կյանք և տարածք ունենալու, սեփական իրավունքների մասին մատչելի եղանակով տեղեկացված լինելու և այլն) իրացման համար հնարավորությունների ապահովում.
9) այլ պահանջներ, որոնք սահմանված են միջազգային և տեղական իրավական ակտերով:
2.4. Ծրագրով սահմանված նպատակը և խնդիրներն իրագործելու հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները`
1) հարգանք մարդու իրավունքների նկատմամբ.
2) ինքնավարություն. ապահովում է տարեցների անկախ կյանքով ապրելու և տարաբնույթ որոշումների կայացման հնարավորությունը.
3) մասնակցություն և ներառականություն. ապահովում է տարեցների ձայնի լսելիությունը բոլոր մակարդակներում` միկրոմակարդակ (անձնական), մեզոմակարդակ (խմբային կամ համայնքային), մակրոմակարդակ (քաղաքականության մշակում): Տարեցների իրավունքները հարգող հասարակության առկայություն, որի ստեղծման համար անհրաժեշտ է աշխատանքներ տանել միաժամանակ և՛ տարեցների, և՛ նրանց անմիջական սոցիալական միջավայրի, և՛ ողջ հասարակության հետ.
4) հավասար հնարավորություններ. ապահովում է տարեցների ակտիվությունը տարբեր ոլորտներում.
5) սերունդների համերաշխություն. ապահովում է ներդաշնակ հասարակություն` փոխօգնության միջոցով.
6) միջսուբյեկտային և միջոլորտային համագործակցություն. ապահովում է տարեցների կարիքների բազմաբնույթ արձագանքը, ինչը պահանջում է տարբեր պատասխանատու օղակների, ինչպես նաև ոլորտների միջև կայուն համագործակցության առկայություն:
3. Իրավիճակի նկարագրություն և առկա խնդիրներ
3.1. Ժողովրդագրական իրավիճակ
Բնակչության կամ ժողովրդագրական ծերացումը մեծահասակ բնակչության տեսակարար կշռի աճն է, որը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցությունում տեղ գտած տեղաշարժերի արդյունք է:
Տարբերվում է բնակչության ծերացման երկու տեսակ` ներքևից, որը ծնելիության նվազման հետևանք է, և վերևից, որը ցածր ծնելիության պայմաններում կյանքի սպասվող միջին տևողության բարձրացման և բարձր տարիքներում մահացության նվազման հետևանք է: ՀՀ-ում այս երկու տեսակն էլ առկա է:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2020 թվականի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 2 959 700 մարդ:
Բնակչության ընդհանուր թվաքանակում 65 տարին լրացած մարդկանց թիվը կազմում է 365 000 մարդ կամ ընդհանուր բնակչության 12,3%-ը (եթե հաշվի առնենք 63+ անձանց թիվը, որը կազմում է 434 500, ապա տոկոսային հարաբերակցությունը կկազմի 14,7%): 65 տարեկան և բարձր տարիքի մարդկանց ընդհանուր թվաքանակում կանայք կազմում են 60,6% կամ 221 100 մարդ: ՀՀ բնակչության տարիքային կառուցվածքին բնորոշ է կանանց թվի աճը, ինչն առավել ընդգծվում է ավագ տարիքում:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացված բնակչության թվաքանակի կանխատեսումների համաձայն` մինչև 2050 թվականը Հայաստանում 63 տարեկանից բարձր անձանց քանակը կկազմի ավելի քան 20%:
2019 թ.-ի դրությամբ կյանքի սպասվելիք միջին տևողությունը ՀՀ-ում եղել է 75,4 (կանայք` 78,7, տղամարդիկ` 71,9), իսկ աշխարհում` 72: Բավական ցածր է տարեցների զբաղվածության ցուցանիշը, և ոչ միայն տարեցների. զբաղված բնակչության ընդհանուր թվաքանակում 55+ անձինք կազմում եմ ընդամենը 19%, իսկ 65+ տարիքի աշխատողների թիվը տարեցների ընդհանուր թվաքանակում հասնում է ընդամենը 11%-ի:
3.2. Մատուցվող ծառայությունների նկարագիրը և ծավալը
ՀՀ-ում առկա են տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունների հետևյալ տեսակները`
1) շուրջօրյա խնամքի ծառայություններ, որոնք մատուցում են բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունները (տուն-ինտերնատները). այս ծառայությունները մատուցում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունները.
2) ցերեկային խնամք, որ տրամադրվում է սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների կողմից. այս ծառայությունները մատուցվում են միայն ոչ պետական կազմակերպությունների կողմից.
3) տնային խնամք, որ տրամադրվում է տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից. այս ծառայությունները տրամադրվում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունների կողմից.
4) ժամանակավոր կացարանով ապահովում` իրականացվում է բնակության որոշակի վայր չունեցող անօթևան անձանց ժամանակավոր կացարանի կողմից. այս ծառայությունը տրամադրվում է միայն ոչ պետական կազմակերպության կողմից.
5) կացարանով ապահովում որոշակի կարգավիճակ ունեցող անձանց, այդ թվում` տարեցներին, սոցիալական բնակարանային ֆոնդի տներում և հատուկ խմբերին դասված անձանց համար նախատեսված օթևանում կացարան տրամադրելու միջոցով. այս ծառայությունները տրամադրվում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունների կողմից:
Հանրապետությունում գործում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող (այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), որից 7-ը` ոչ պետական:
Պետական հաստատություններում 2020 թվականին ծառայություններ են ստացել 1380 տարեց, իսկ ոչ պետական կազմակերպություններում` 5620 տարեց: 2020 թվականին պետական հաստատությունների կողմից ծառայություններ ստացող շահառուների թիվը նվազում է գրանցել (տե՛ս գրաֆիկ 1), քանի որ սկսվել է մրցութային կարգով ծառայությունների պատվիրակման գործընթացը, և առաջին տարում շատ կազմակերպություններ չեն դիմել (տե՛ս գրաֆիկ 2):
Գրաֆիկ 1
Գրաֆիկ 2
Պետական ենթակայության ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ (ներառյալ` շահառուի սննդի, հագուստի, անկողնային պարագաների, մաքրիչ նյութերի, կահույքի, աշխատողների աշխատավարձերի, գրասենյակային, շենքերի պահպանման, կոմունալ վարձավճարների համար կատարվող ծախսերը), հատուկ (մասնագիտացված) հաստատությունում` 6700 դրամ, իսկ տնային պայմաններում մեկ շահառուի մեկ օրվա խնամքի ծախսը` 390 դրամ (ներառյալ` աշխատողների աշխատավարձերի, տրանսպորտային հատուցման և շահառուներին հատկացվող դեղորայքի համար կատարվող ծախսերը):
Ուսումնասիրելով և վերլուծելով առկա ծառայությունների տեղաբաշխումն ու ծառայություններից օգտվող շահառուների թվաքանակը` կարելի է փաստել, որ տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունները հիմնականում տեղակայված են Երևանում և հանրապետության մի քանի քաղաքային համայնքներում` սպասարկելով սահմանափակ թվով տարեցների: Մասնավորապես, մինչև 2020 թվականը (երբ դրամաշնորհի տրամադրման համար մրցույթներ հայտարարվեցին ՀՀ բոլոր մարզերի համար), հանրապետության Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերում տարեցներին մատուցվող որևէ խնամքի ծառայություն չի եղել, որևէ ծառայություն չի մատուցվում նաև գյուղական համայնքներում: Հետևաբար, տարեցների սոցիալական պաշտպանության համակարգում գործող սոցիալական ծառայությունների ներկայիս համակարգը չի կարող ծածկել տարեցների սոցիալ-հոգեբանական, իրավական, առողջապահական, բնակարանային ապահովության կարիքների ամբողջական ծավալը և չի կարող ապահովել բոլոր այն տարեցների ներառումն այդ ծառայություններում, ովքեր իրականում ունեն դրանց կարիքը:
Սակայն պատկերը 2020 թվականի վերջին եռամսյակում բավականաչափ փոխվեց: Պետք է նշել, որ խնամքի ծառայությունները 2020 թվականին աշխատել են արտակարգ ռեժիմով, սկզբում` կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված, այնուհետև` Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով հարյուրավոր արցախցի տարեցներ ժամանակավորապես ապաստան գտան Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում: Սոցիալական պաշտպանության ողջ համակարգը լծված էր ինչպես վիրուսակիրներին կարանտինային պայմաններում աջակցելու, նրանց սննդապահովման և այլ անհրաժեշտ օգնություն տրամադրելու, այնպես էլ պատերազմի հետևանքով անտուն ու անխնամ մնացած արցախցի տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց կացարանով ապահովման և հրատապ այլ սոցիալական ծառայություններ տրամադրելով:
3.3. Խնդիրները
Անկախ այն հանգամանքից, որ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության համակարգում վերջին տարիներին իրականացվել են տարբեր ծրագրեր, միջոցառումներ, ընդունվել են իրավական ակտեր, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և նոր մարտահրավերներ, մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականին վավերացրել է Եվրոպական սոցիալական (վերանայված) խարտիայի մի շարք հոդվածներ, սակայն չի վավերացրել ու չի ստանձնել 23-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները, որոնք վերաբերում են տարեցների սոցիալական պաշտպանության հարցերին.
2) տարեցներին տրամադրվող ծառայությունների ոչ բազմազան լինելը, ինչի հետևանքով հիմնականում բավարարվում են տարեցների առաջնային կարիքները, մինչդեռ սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային, կրթական, իրավական և մի շարք այլ պահանջմունքները գրեթե արձագանք չեն ստանում, համարյա անհնար է դառնում նաև անկանխատեսելի ու ճգնաժամային իրավիճակներում մարդկանց հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը, քանի որ չկան ոչ իրավական մեխանիզմներ, ոչ էլ` համապատասխան ռեսուրսներ.
3) տարեցներին տրամադրվող ծառայությունների ոչ բավարար որակը, մատչելիության, հասանելիության և հասցեականության հետ կապված խնդիրները. գործող համակարգում մինչ օրս տարեցներին տրամադրվող բոլոր սոցիալական ծառայություններն ուղղված են եղել միայնակ տարեցներին. այսինքն, ծառայությունների տրամադրման հիմքում դրված է մարդու` որոշակի սոցիալական խմբին պատկանելու հանգամանքը (միայնակությունը, անժառանգ լինելը, անօթևանությունը և այլն).
4) տարեցներին տրամադրվող ծառայությունների որակի վերահսկման, մոնիթորինգի մեթոդների ոչ զգայունությունը.
5) տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունների աշխարհագրորեն անհամաչափ բաշխվածությունը (դրանք հիմնականում տեղակայված են քաղաքային համայնքներում և սպասարկում են սահմանափակ թվով տարեցների).
6) ընդհանուր տիպի ծառայություններից օգտվելու գործընթացում առկա բազմաթիվ խոչընդոտները, որոնց թվում են դրանց բյուրոկրատիկ բնույթը, ֆիզիկական անմատչելիությունը, տարեցների հանդեպ խտրական վերաբերմունքը և այլն.
7) տարեցների` սեփական իրավունքների և գործող ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը.
8) տարեցների մասնակցության և ներառականության ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությունը, որն արտահայտվում է պասիվացնող մոտեցումներով, մերժողական, կարծրատիպային վերաբերմունքով, որը հիմնականում արտահայտված է և՛ ծառայությունների տրամադրման տրամաբանության մեջ, և՛ հասարակության արժեքային համակարգում.
9) հանրապետությունում տարեցների ակտիվության ցուցանիշների ամբողջական հավաքագրման մեխանիզմի բացակայությունը. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական բաժանմունքի կողմից տարածաշրջանի երկրների տարեցների ակտիվության իրավիճակի գնահատման համար առաջարկված 22 հիմնական ցուցանիշներով բնութագրվում են տարեցների զբաղվածության մակարդակը, նրանց մասնակցությունը հասարակական կյանքին, անկախ, առողջ և անվտանգ կյանքը, տարեցների ակտիվ կենսակերպ վարելու համար հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, սակայն Հայաստանում ներկայումս հավաքագրվում է ընդամենը 11 ցուցանիշ, և քանի որ ժամանակակից հասարակություններում տարեցների ակտիվության ցուցանիշներն անհրաժեշտ գործիք են տարեց մարդկանց ներուժի չափման համար, ուստի Հայաստանում բացակայող ցուցանիշները խոչընդոտ են տարեցների ակտիվությունը լիարժեք գնահատելու համար.
10) տարեցների հանդեպ խտրական վերաբերմունքը, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում տարեցների համար հասարակական կյանքի տարբեր ոլորտներում.
11) տարեցների զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ մոտեցումների և մեխանիզմների բացակայությունը.
12) ծերաբանության և ծերաբուժության (գերիատրիա, գերոնտոլոգիա) ինստիտուտների ոչ լիարժեք ներգրավվածությունը ՀՀ-ում ծերացման հիմնախնդիրների լուծմանը.
13) միջոլորտային և միջսուբյեկտային համագործակցության ոչ բավարար մակարդակը, որն արտահայտված է տարբեր սուբյեկտների միջև` միջազգային, պետական, հասարակական, մասնավոր սեկտորներում համագործակցության կայուն և ճկուն մեխանիզմների բացակայությամբ: Ընդ որում, այս գործընթացից դուրս են մնում ոչ ֆորմալ խմբերը, ինչպես նաև ծառայությունների հիմնական օգտատերերը` տարեցները: Բացի այդ, տարեցների կարիքներին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների ամուր համագործակցությունը` սոցիալական, առողջապահական, մշակութային և այլն, ինչը ներկա դրությամբ հատվածային է իրականացվում:
4. Համայնքահեն ծառայություններ
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Շվեյցարական Կարմիր խաչի և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի բաժնի աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2016 թվականին հանրապետությունում իրականացրեց տարեցների կարիքների գնահատում և ուսումնասիրեց առաջարկվող համայնքահեն ծառայությունների տարբեր մոդելների նկատմամբ նրանց պահանջարկը: 2019 թվականին նման հետազոտություն իրականացվեց տուն-ինտերնատներում` տարեցների կարիքներն ու համայնքահեն ծառայություններից օգտվելու ցանկությունը պարզելու համար:
Երկու հետազոտության արդյունքներն էլ ցույց տվեցին, որ գործող համակարգն անհրաժեշտ է ամբողջությամբ բարելավել, մասնավորապես` ներդնել տարեցներին մատուցվող ծառայությունների նոր մոդելներ, նրանց հիմնահարցերի լուծմանը` նոր մոտեցումներ, պետք է ավելի շատ հաշվի առնել նրանց ցանկություններն ու մասնակից դարձնել գործընթացներին:
Հետազոտությունն իրականացվեց ինչպես տուն-ինտերնատներում բնակվող, այնպես էլ իրենց տներում բնակվող տարեցների շրջանում: Հետազոտության արդյունքները փաստեցին, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր տարեցի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` հիմնվելով նրա սոցիալական կարիքների վրա, և երկրորդ` ծառայությունները պետք է լինեն իրավունքահեն: Յուրաքանչյուր տարեցի համար պետք է կազմվի անհատական սոցիալական ծրագիր, իսկ ծրագրի կազմմանը պարտադիր մասնակցություն պետք է ունենա տարեցը:
Իրականացված հետազոտության արդյունքում, ինչպես ոլորտի մասնագետներին, այնպես էլ տարեցներին ներկայացվեցին տարբեր երկրներում գոյություն ունեցող ծառայությունների տարբեր մոդելներ (օրինակ` տնային պայմաններում շուրջօրյա խնամող, տարեցների ակտիվ ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպման ակումբներ, աջակցություն տարեց անդամ ունեցող ընտանիքներին և այլն), սակայն տարեցների կողմից առավել հավանության արժանացան հետազոտությունն իրականացնողների կողմից ներկայացված համայնքահեն ծառայությունների հետևյալ տեսակները`
. տնային պայմաններում շուրջօրյա խնամողի ծառայությունը,
. տարեցների զբաղվածության, ազատ ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպման ցերեկային կենտրոնները:
Բնականաբար, հարցված տարեցներից նրանք, ովքեր չունեն կացարան և մշտական բնակության վայր, նախընտրում են շուրջօրյա խնամքի հաստատությունները, իրենց տներում ապրող և կողմնակի անձի օգնության կարիք ունեցողները` տնային խնամքը, իսկ ավելի ակտիվ տարեցները նախընտրում են այցելել տարբեր ցերեկային կենտրոններ` ըստ իրենց նախասիրությունների:
Քանի որ համայնքահեն տարբեր ծառայությունների մոդելներից յուրաքանչյուրի տեղայնացումը և ներդրումն իրականացվելու է լուրջ վերլուծության, ինչպես նաև սոցիալական ու ֆինանսական տեսանկյուններից դրանց արդյունավետության գնահատման իրականացումից հետո, ուստի նպատակահարմար է առաջիկա տարիներին ներդնել ծառայությունների` տարեցների հավանությանն արժանացած վերը նշված տեսակները (2021-2023 թթ.), նախապես ապահովելով դրանց ներդրման իրավական հիմքերը:
Վերը նշված ծառայությունների ներդրմամբ մասամբ կկանխարգելվի տարեցների մուտքը տուն-ինտերնատներ: Բացի այդ, համաձայն տուն-ինտերնատներում խնամվող տարեցների շրջանում կատարված հարցումների (ավելի քան 300 տարեցի), նրանց 4%-ն է ընդամենը ցանկություն հայտնել դուրս գալ տուն-ինտերնատից ու վերադառնալ տուն կամ ստանալ տնային խնամքի ծառայություն: Հարցվածների 81%-ը պատասխանել է, որ ընդհանրապես նախապատվությունը տալիս է տուն-ինտերնատին, իսկ 15%-ը չի կողմնորոշվել:
Ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, թե տուն-ինտերնատներում խնամվողները հիմնականում որ մարզերից են, ինչպես նաև այդ մարզերում համապատասխան ծառայությունների լինելը: Այս արդյունքները հիմք են փորձնական ծրագրեր տվյալ մարզերում իրականացնելու համար.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Մարզի |Երևանի N 1 |Նորքի |Գյումրու |Ընդա-|Շուրջօրյա|
|անվանում |տուն-ինտերնատ|տուն-ինտերնատ|տուն-ինտերնատ|մենը |խնամքի |
| | | | | |հաստա- |
| | | | | |տություն |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Արմավիր | 9 | 4 | 3 | 16 | - |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Արարատ | 15 | 5 | 0 | 20 | - |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Արագածոտն | 3 | 3 | 1 | 7 | - |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Վայոց ձոր | 4 | 5 | 0 | 9 | - |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Գեղարքունիք| 2 | 4 | 1 | 7 | - |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Տավուշ | 1 | 1 | 0 | 2 | - |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Կոտայք | 7 | 9 | 3 | 19 | + |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Սյունիք | 0 | 1 | 0 | 1 | + |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Շիրակ | 1 | 0 | 42 | 43 | + |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Լոռի | 0 | 2 | 3 | 5 | + |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|քաղ. Երևան | 90 | 88 | 10 | 188 | + |
|___________|_____________|_____________|_____________|_____|_________|
|Ընդամենը | 132 | 122 | 63 | 317 | |
._____________________________________________________________________.
Ինչպես երևում է N 1 աղյուսակից, հանրապետության վեց մարզում չկա տարեցների համար նախատեսված խնամքի որևէ ծառայություն, և դրանցից հինգի` Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում տուն-ինտերնատներում խնամվողների թիվը համեմատաբար ավելի մեծ է: Ուստի առաջնահերթ որոշվել է ցերեկային կենտրոններ ստեղծել նախ այդ մարզերում, ապա նոր` մյուսներում, իսկ Երևանում կփորձարկվի տնային պայմաններում շուրջօրյա խնամողի ծառայություն:
Տարեցների համայնքահեն ծառայությունների ներդրումը սոցիալական, բարոյահոգեբանական, առողջ և ակտիվ ծերացման, տարեցների կյանքի որակի բարելավման և արժանապատիվ կենսապայմանների ապահովման տեսանկյունից մի քանի անգամ արդյունավետ է, քան ներկայիս գործող ծառայությունները, ինչպես նաև նպաստում են տարեցների սոցիալական ներառմանը, ինքնուրույնությանը, որոշումների կայացմանն ու մասնակցությանը, ինչը համահունչ է ծերացման հետևանքների հաղթահարման վերաբերյալ միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքներին և մոտեցումներին: Սակայն պետք է նշել, որ ներդրվող նոր ծառայությունները ավելի ծախսատար են, քանի որ դրանցում շեշտադրվում են ծառայությունների որակը և շահառուների նկատմամբ անհատական մոտեցումը:
5. Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավման և դրան զուգընթաց համայնքահեն ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ գործողությունները
Խնամքի ծառայությունների բարելավման գործընթացը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին կացարանի, շուրջօրյա խնամքի և սոցիալական այլ ծառայությունների վերանայում է, ինչպես նաև` տնային և համայնքահեն ծառայությունների տրամադրում: Այս գործընթացը նպաստում է հասարակության մեջ տարեցի ներառմանն ու մատուցում է անձի կարիքներին համապատասխան աջակցություն` դրանք համակարգելով այնպես, որ տարեցը կարողանա ապրել իր ընտանիքում կամ համայնքում:
5.1. Ներկայիս իրավիճակի վերլուծության, միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության, տարեցներին առնչվող միջազգային գործընթացների ու փաստաթղթերի ուսումնասիրությունների, շահագրգիռ պետական և ոչ պետական, նաև` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բազմիցս տեղի ունեցած մասնագիտական քննարկումների արդյունքների համաձայն` ՀՀ-ում տարեցներին մատուցվող համայնքահեն ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները`
1) բազմակողմանի և լիարժեք գնահատել բնակչության սոցիալական պաշտպանության բոլոր հաստատություններում խնամքի ծառայություններ ստացող տարեցների կարիքները` անհատապես ուսումնասիրելով յուրաքանչյուրի սոցիալական, առողջական, հոգեբանական վիճակը, նրանց բնակարանային պայմանները, ընտանեկան և սոցիալական այլ կապերը, նրանց ցանկություններն ու ներուժն ինքնուրույն ապրելու և այլ գործոններ.
2) ըստ առանձին ձևերի կամ մոդելների` տարեցների համար նախատեսված համայնքահեն ծառայությունների նկատմամբ առկա կարիքների խորքային և համակողմանի գնահատում (ՀՀ մարզերում և Երևան քաղաքում).
3) տարեցների կողմից ներկայացվող համայնքահեն ծառայությունների ընդհանուր պահանջարկի` քանակական ու որակական (պայմանների) լիարժեք գնահատում (ՀՀ մարզերում, Երևան քաղաքում).
4) գնահատված կարիքների ու պահանջարկի համակողմանի վերլուծության և միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում համայնքահեն ծառայությունների վերջնական ցանկի կազմում ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի.
5) հիմնվելով Ծրագրով նախանշած սկզբունքների վրա` ծառայությունների ցանկում ներառված յուրաքանչյուր ծառայության համար նկարագրի (անձնագրի), ծառայության մատուցման ընթացակարգի, համայնքի ներդրման չափի, ծառայության գնահատման չափորոշիչների ու մեթոդաբանության ամբողջական մշակում, հաստատում.
6) աշխատուժի (սոցիալական աշխատողներ, սոցիալական օգնականներ, դեպք վարողներ և այլն) վերապատրաստում միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ.
7) ըստ ցանկում ներառված համայնքահեն ծառայության յուրաքանչյուր ձևի` փորձնական ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական լիարժեք հաշվարկների ու գնահատումների իրականացում.
8) նախապես ընտրված տարածքներում, սահմանափակ թվով տարեցների համար ցանկում ներառված համայնքահեն ծառայությունների` տարեցների կողմից առավել հավանության արժանացած ձևերի փորձնական իրականացում, հաշվի առնելով`
ա. համայնքի առկա ռեսուրսները և ֆինանսավորման հնարավորությունները,
բ. օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ծառայության տրամադրման համար հավաստագրված ոչ պետական կազմակերպություններին սոցիալական ծառայությունների` մրցակցային հիմունքներով պատվիրակման լայն հնարավորությունները,
գ. ուսումնասիրությունների արդյունքում կազմված ցանկում ներառված համայնքահեն ծառայությունների փորձարկման արդյունքների համակողմանի գնահատում` հետագա շարունակականության նպատակահարմարության, ինչպես նաև դրանց ծախսարդյունավետության տեսանկյուններից.
9) շարունակականության տեսանկյունից դրական և ծախսարդյունավետ գնահատված ծառայությունների ներդրում` հաշվի առնելով նաև տվյալ տարվա պետական բյուջեից այդ ուղղությամբ ֆինանսավորման հնարավորությունը.
10) տարեցների համար համայնքահեն ծառայությունների ներդրման գործարար ծրագրերի կազմում (ըստ առաջարկվող ծառայությունների յուրաքանչյուր ձևի` անհրաժեշտ նկարագրությամբ, հաշվարկներով ու գնահատումներով)` այդ ծառայությունների տրամադրումը մասնավոր ներդրումներով և շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում կազմակերպելու նպատակով.
11) տարեցների համար համայնքահեն ծառայությունների համակարգի ներդրման և դրա գործնական կիրառության վերաբերյալ, հանրապետությունում ներդրման տեսանկյունից նպատակահարմար գնահատված կոնկրետ երկրի փորձի ուսումնասիրության նպատակով քաղաքականություն մշակող մասնագետների ուսումնական այցի կազմակերպում` նախապես մշակված և համաձայնեցված օրակարգով, որը պետք է բխի վերը նշված գործողությունների իրականացումից.
12) միջազգային դրական փորձին համահունչ և առկա օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով` ծերաբանության և ծերաբուժության ծառայությունների ներդրման գործնական քայլերի իրականացում.
13) տարեցների իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների զարգացում` աշխատանքներ տանելով տարեցների, նրանց անմիջական միջավայրի, հասարակության տարբեր խմբերի հետ` հակազդելով տարեցների հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորումներին և այլն.
14) գործող օրենսդրական դաշտի կատարելագործում, ինչը հնարավոր կդարձնի վերը նշված բոլոր գործողությունների իրականացումը: Իրավական ակտերը վերանայելիս կամ նոր նախագծեր մշակելիս պետք է հաշվի առնվեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակները, նախատեսել անկանխատեսելի, ճգնաժամային իրավիճակներում (համաճարակ, պատերազմ, բնական աղետ և այլն) խնդրի լուծումներ և այլն: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ անսպասելի առաջացած սոցիալական սուր խնդիրներին հրատապ արձագանքելու համար գործող իրավական ակտերում բացակայում են համապատասխան դրույթները:
Ներկայացվող գործողությունների իրականացումն ապահովող հիմնական պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է (հիմք ընդունելով նախարարության կանոնադրական նպատակները և գործառույթները), որը սերտորեն համագործակցում է շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր ներդրողների հետ: Այստեղ կարևորվում է նաև համագործակցային գործող մեխանիզմների ճկունության ապահովումը, որպեսզի տարեցը նույնպես հնարավորություն ունենա մասնակցել իրեն վերաբերող որոշումների կայացմանը բոլոր մակարդակներում:
5.2. Ներկայիս իրավիճակի վերլուծության, միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության, տարեցներին առնչվող միջազգային գործընթացների ու փաստաթղթերի ուսումնասիրությունների, շահագրգիռ պետական և ոչ պետական, նաև` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բազմիցս տեղի ունեցած մասնագիտական քննարկումների արդյունքներով, ամրագրվում են տարեցներին մատուցվող ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման հետևյալ հիմնական ուղղությունները`
1) տարեցների խնամքի ծառայությունների չափորոշիչների ամբողջական փաթեթի գործնական ուղեցույցների մշակում` պետական և ոչ պետական խնամքի հաստատությունների և պատվիրակվող կամ շուկայական հենքի վրա նման գործունեություն ծավալող կազմակերպությունների համար.
2) տարեցների խնամք իրականացնող ոչ պետական հաստատությունների հավաստագրման չափորոշիչների լավարկում.
3) տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների որակի շարունակական բարելավում, «պետություն-մասնավոր» համագործակցության արդիականացում, որի հենքի վրա հնարավոր կլինի ձևավորել տարբեր կազմակերպաիրավական, կառավարման և ֆինանսավորման կառուցակարգերով կազմակերպությունների ձևավորում, և որն առավել ճկուն կապահովի տարեցների շուրջօրյա խնամքի որակյալ ծառայություններ և արժանապատիվ կյանքի պայմաններ.
4) տարեցների ցերեկային կենտրոնների ցանցի ձևավորում և ընդլայնում, այդ ցանցի միջոցով տարեցների մշակութային և սոցիալական պահանջմունքների առավել լիարժեք բավարարում.
5) համայնքահեն ծառայությունների ներդրման արդյունքում տարեցների ակտիվության և անկախության բարձրացում, իրավունքների և շահերի պաշտպանություն:
Վերը նշված բոլոր գործողությունների իրականացումը պետք է զուգորդվի հանրության շրջանում ձևավորվող հնարավորությունների, համագործակցության համար առաջարկվող ուղղությունների, կատարվող աշխատանքների և ստացված արդյունքների մասին պարբերաբար ու համակարգված իրազեկմամբ ու տեղեկատվության տարածմամբ:
6. Ծրագրի գերակայությունները
6.1. Տարեցների համար ընտանիքում ապրելու բարենպաստ և առողջ միջավայր ստեղծելու միջոցով կանխարգելել նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ`
1) տարեցների իրազեկության բարձրացում իրենց իրավունքների և շահերի մասին, դրանց պաշտպանության մեխանիզմների բարելավում.
2) սոցիալական-հոգեբանական աջակցության տրամադրում տարեց անձանց և նրանց ընտանիքներին.
3) հասարակության իրազեկության բարձրացում` տարեցների իրավունքների, նրանց փորձի արժևորման մասին:
Արդյունքային ցուցանիշներ
. նվազել է տուն-ինտերնատ տարեցների ընդունելության համար ցանկություն հայտնած անձանց և ընտանիքների դիմումների քանակը,
. մեծացել է այն ընտանիքների թիվը, որոնք սոցիալ-հոգեբանական աջակցություն են ստանում,
. շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների միջոցով (այդ թվում նաև իրավապաշտպան) պարբերաբար խորհրդատվություն է տրամադրվում թիրախային խմբին` իրազեկելով իրենց իրավունքների վերաբերյալ:
6.2. Արժանապատիվ խնամքի ծառայություններով ապահովել շուրջօրյա, մասնագիտական խնամքի, ինչպես նաև կացարանի կարիք ունեցող տարեցներին`
1) շուրջօրյա խնամքի հաստատություններում ծառայությունների որակի բարելավում, հաստատություններ ընդունելության պայմանների և ծառայությունների չափորոշիչների վերանայում.
2) տարեց անձանց համար սոցիալական պաշտպանության ծրագրերի մշակում, այդ թվում` հրատապ սոցիալական օգնության կարիք ունեցող կամ ճգնաժամային իրավիճակներում հայտնված տարեցների համար ծառայություններ.
3) համայնքային (խնամքի փոքր տներ) և մասնագիտացված խնամքի (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար), ճգնաժամային և այլ տարբեր ծառայությունների ստեղծում ու եղածների զարգացում այն տարեցների համար, ովքեր ունեն հատուկ խնամքի կարիք և չունեն օրենսդրությամբ նախատեսված խնամողներ:
Արդյունքային ցուցանիշներ
. վերանայված են համապատասխան իրավական ակտերը, որոնցով սահմանված են տուն-ինտերնատներ տարեցների ընդունելության կարգը, պայմանները և չափորոշիչները,
. առավել խոցելի իրավիճակում հայտնված տարեցների համար շուրջօրյա խնամքի հաստատությունների հասանելիության, այդ թվում` անհրաժեշտ մասնագիտացված խնամքի ծառայություններով ապահովում, ճգնաժամային կենտրոնների ստեղծում տարեց անձանց համար,
. խնամքի ծառայությունների կարիք ունեցող` բնակարանով ապահովված տարեցների առնվազն 80 տոկոսն ընդգրկված է տնային խնամքի ծառայություններում:
6.3. Տարեցների համար համայնքահեն և տնային խնամքի ծառայությունների ցանցի ընդլայնում և զարգացում`
1) տնային խնամքի ծառայությունների տրամադրում հանրապետության բոլոր մարզերում, խնամքի տեսակների ավելացում.
2) հասարակական կազմակերպությունների ներգրավում ծառայությունների մատուցման ոլորտում.
3) ծառայությունների նոր մոդելների փորձարկում և ներդրում:
Արդյունքային ցուցանիշներ
1) տնային խնամքի ծառայությունները ներդրված են հանրապետության բոլոր մարզերում.
2) ավելացել է հասարակական և մասնավոր ոլորտի կազմակերպությունների թիվը, որոնք մատուցում են պատվիրակված ծառայություններ.
3) ծառայությունների նոր մոդելներ են փորձարկվել և ներդրվել, այդ թվում` տնային պայմաններում շուրջօրյա խնամքի ծառայությունը:
7. Մշտադիտարկում և գնահատում
Սույն Ծրագրի միջոցառումների իրականացման ընթացքում առաջնահերթ ուշադրություն կդարձվի շարունակական մշտադիտարկմանն ու գնահատմանը: Նախատեսվում է տարեցների սոցիալական պաշտպանությանն ուղղված ինչպես պետական ծրագրերի, այնպես էլ պատվիրակված ծառայությունների գնահատման և մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործում, տեղեկատվության փոխանակման գործող եղանակների պարզեցում: Սա կնպաստի ինչպես ընթացիկ խնդիրների և դրանց հնարավոր լուծումների բացահայտմանը, այնպես էլ կօգնի հստակեցնել` արդյոք հասել ենք սահմանված նպատակին, կատարվել են բոլոր նախանշված քայլերը, թե ոչ: Ընդ որում, գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները, մեթոդները պետք է մշակվեն` հիմքում ունենալով տարեցների իրավունքների պաշտպանությունը, նրանց ձայնի լսելիության ապահովումը, լայն առումով` տարեցակենտրոն մոտեցումը:
Ծրագրով սահմանվել են գնահատման և մշտադիտարկման հետևյալ եղանակները`
1) Հասարակական դիտորդական խմբեր. այս խմբերը կկազմվեն տարեցներին ծառայություններ չմատուցող հասարակական կազմակերպությունների աշխատակիցներից` ապահովելով նրանց փորձագիտական անկախությունը և կանխելով շահերի բախման ռիսկը: Նրանց հնարավորություն կտրվի ցանկացած պահի (ըստ իրենց հայեցողության) մուտք գործել ծառայություններ մատուցող կենտրոններ և դիտարկումներ իրականացնել.
2) Ընտրանքային հետազոտությունների իրականացում. ՀՀ ԱՍՀ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից կմշակվի հետազոտության նոր գործիքակազմ` ծառայություններ ստացող տարեցների ծառայություններից բավարարվածությունը գնահատելու համար: Ընտրանքային հետազոտություններ կիրականացվեն նաև ծառայություններ չստացող տարեցների շրջանում` նրանց կարիքները, պահանջմունքները պարզելու նպատակով, որը պարբերական բնույթ կկրի: Արդյունքում վեր կհանվեն առկա խնդիրները, ինչպես նաև տարեցների պահանջարկը և պատկերացումները տրամադրվող ծառայությունների որակի, հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ.
3) Եռամսյա հաշվետվություններ. այն կազմակերպությունները, որոնց մրցութային կարգով կպատվիրակվեն ծառայությունները, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, ըստ սահմանված ձևաչափի, կուղարկեն հաշվետվություններ, որոնք մանրամասն կուսումնասիրվեն նախարարության աշխատակիցների կողմից.
4) Մոնիթորինգ. ՀՀ ԱՍՀ նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից կիրականացվի մոնիթորինգ` տարեցներին տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու, տարեցների իրավունքների ոտնահարման ռիսկերը կանխելու նպատակով, ինչպես նաև ընթացք տալու հետադարձ կապի և տարբեր այլ եղանակներով տարեցների կողմից բարձրաձայնված բողոքներին և պահանջ-առաջարկներին.
5) Հաշվետվությունների ներկայացում. 2022 թվականին նախատեսվում է իրականացնել Ծրագրի միջոցառումների կատարման միջանկյալ գնահատում, իսկ 2023 թվականին` ամփոփիչ գնահատում, որոնց արդյունքները կհրապարակվեն հաշվետվության միջոցով:
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում