Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆԿԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Գործ թիվ ԵԴ/0331/06/20

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում ԵԴ/0331/06/20

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    2021 թվականի մարտի 9-ին                          ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ալբերտ Արմանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) 2020 թվականի մարտի 5-ին հարուցվել է թիվ 90258020 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1.1. Նախաքննության մարմնի` 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ալբերտ Արմանի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

1.2. Նախաքննության մարմնի` 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ա.Առաքելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.3. 2020 թվականի ապրիլի 22-ին Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ա.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ա.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 30-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ալբերտ Առաքելյանի կողմից դեռևս 2019 թվականի փետրվարի 6-ին ստորագրված պարտավորագրի համաձայն` վերջինս պարտավորվել է դիվանագիտական (հյուպատոսական) մարմնի առաջին իսկ ծանուցման դեպքում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար, զորակոչային տարիքը լրանալու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունք չունենալու դեպքում ներկայանալ դիվանագիտական (հյուպատոսական) մարմին` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչվելու համար, իսկ պարտավորագրի պահանջները չկատարելու դեպքում տեղեկացվել է ՀՀ գործող օրենսդրության համաձայն` որպես զորակոչից խուսափողի, պատասխանատվության ենթարկվելու մասին(1):

______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 11:

 

5.1. ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Ա.Ավթանդիլյանի` 2020 թվականի փետրվարի 14-ի գրության համաձայն` 2001 թվականի սեպտեմբերի 28-ին ծնված Ա.Առաքելյանը, ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1269-Ն որոշման պահանջների համաձայն, 2019 թվականի մայիսի 14-ին հաշվառվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, ենթակա է եղել զորակոչման 2019 թվականի ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել` զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար(2):

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 6:

 

5.2. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանը 2020 թվականի մարտի 5-ի գրությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետին խնդրել է Գերմանիայում ՀՀ դեսպանության միջոցով մի շարք անձանց, այդ թվում` Ա.Առաքելյանին հայտնել և միաժամանակ պարտավորեցնել 2020 թվականի ապրիլի 3-ին ներկայանալ Նախաքննության մարմնին` անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով(3):

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 20:

 

5.3. 2020 թվականի մարտի 17-ին ստացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից ուղարկված Ա.Առաքելյանի դիմում-ծանուցագրի պատճենը, համաձայն որի` Ա.Առաքելյանը տեղեկացվել է, որ պետք է ներկայանա ՀՀ զինվորական կոմիսարիատ` մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը` 2019 թվականի ձմեռային զորակոչի միջոցառումներին մասնակցելու համար(4):

______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 23-24:

 

5.4. 2020 թվականի մարտի 25-ին Բեռլինում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ծանուցագիր է ուղարկել Ա.Առաքելյանի բնակության հասցեով` վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար(5):

______________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 35:

 

5.5. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի պետ Վ.Նասոյանի` 2020 թվականի մարտի 30-ի գրությամբ հայտնվել է, որ հնարավոր չի եղել պարզել Ա.Առաքելյանի գտնվելու վայրը, քանի որ վերջինիս հոր` Արման Ալբերտի Առաքելյանի հաշվառման վայրում տեղեկություն չունեն նրա և նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրի վերաբերյալ(6):

______________________

6) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 25:

 

6. Նախաքննության մարմնի` 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ալբերտ Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ. «(...) Նա 14.05.2019թ. հաշվառվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում և ենթակա է եղել զորակոչման 2019թ. ձմեռային զորակոչին, սակայն խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական` 2019թ. ձմեռային զորակոչից` այդ ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»(7):

______________________

7) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 30:

 

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանը հաստատված է համարում, որ Ալբերտ Առաքելյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ուստի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: (...) Դատարանը հաստատված է համարում, որ առկա են հիմքեր հաստատված համարելու մեղադրյալին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի առկայությունը:

Անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությանը, դատարանը արձանագրում է, որ միջնորդության մեջ վարույթն իրականացնող մարմինը դրա հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը` «մեղսագրվող հանցավոր արարքի համար որպես պատիժ է նախատեսվում ազատազրկում մեկ տարուց ավել ժամանակով, վերջինս թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց»: Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն հաստատված համարելու, որ մեղադրյալը տեղյակ է իրականացվող քրեական հետապնդման մասին, հետևաբար չի կարելի հանգել հետևության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից և կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է քննիչի այն հիմնավորմանը, որ մեղադրյալը կարող է խուսափել նշանակված պատիժը կրելուց, ապա դատարանի համար նման ձևակերպումն անընդունելի է, քանի որ փաստ է, որ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվել ու բացի այդ նման հիմնավորում կարող է նշել միայն դատարանն անձի նկատմամբ պատիժ նշանակելուց հետո: Ավելին ներկայացված նյութերի համաձայն մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ չի այցելել ՀՀ, իսկ քրեական գործը հարուցվել է 05.03.2020 թվականին, հետևաբար վարույթն իրականացնող մարմնի պնդումները, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից անհիմն են ու հակասում են գործի նյութերից բխող փաստական տվյալներին:

(...)

Ինչ վերաբերվում է դատական նիստի ժամանակ քննիչի կողմից ներկայացված գրությանը, ըստ որի` 25.03.2020 թվականին Բեռլինում ՀՀ դեսպանատունը ծանուցագիր է ուղարկել Ա.Առաքելյանի բնակության հասցեով` վարույթ իրականացնող մարմին ներկայանալու մասին, ապա հարկ է արձանագրել, որ եթե անգամ նա ստացել է այդ ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված, Ա.Առաքելյանը դրանից հետո չէր կարող մեկնել Հայաստան, քանի որ Հայաստանի և այլ երկրների միջև կանոնավոր ավիաթռիչքները չեղարկվել են:

(...)

Դատարանը գտնում է, որ Ալբերտ Առաքելյանի նկատմամբ կալանավորման կիրառումը կոնկրետ դեպքում անհամաչափ կսահմանափակի նրա ազատության իրավունքը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»(8):

______________________

8) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 39-40:

 

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, հիմնավոր կասկածի առնչությամբ ներկայացված փաստական տվյալներն ու տեղեկությունները, (կոնկրետ դեպքում) բավարար են գործի քննության ներկա փուլում, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:

Ինչ վերաբերում է (միջնորդությամբ վկայակոչված) կալանավորման հիմքին` մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելուն, ապա այդ առնչությամբ դատախազի կողմից ներկայացված պատճառաբանություններն ու արտահայտած պնդումները (կոնկրետ դեպքում) բավարար չափով փաստարկված չեն և բավարարության կանխավարկածի համատեքստում այդ առումով հիմնավոր ենթադրություն անելու հիմք հանդիսանալ չեն կարող:

Այլ կերպ ասած, քննարկվող դեպքում, առկա չէ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու հիմքը, ինչն ինքնին բացառում է մեղադրյալ Ալբերտ Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը:

Որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում, առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է (կոնկրետ դեպքում) մեղադրյալ Ալբերտ Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը:

(...)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով, դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Հետևաբար, վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել»(9):

______________________

9) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 19-28:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է` քրեադատավարական օրենքի էական խախտում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերի սխալ մեկնաբանում և կիրառում, ինչն էլ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

10. Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Ա.Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ և իրենց որակական ու քանակական կազմով բավարար միջոցառումները, մասնավորապես այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն` Գերմանիայում ՀՀ դեսպանության միջոցով Ա.Առաքելյանին հայտնելու և միաժամանակ վերջինիս պարտավորեցնելու ներկայանալ Նախաքննության մարմին, քննիչի հանձնարարությամբ` Ա.Առաքելյանին հայտնաբերելու նպատակով, այցելություն է կատարվել նրա հոր` Արման Առաքելյանի հաշվառման վայր:

Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանների կողմից գնահատման չի ենթարկվել այն հանգամանքը, որ Ա.Առաքելյանին` որպես ՀՀ քաղաքացու, հայտնի է եղել պետության պաշտպանությանը մասնակցելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունը, ինչի մասին է վկայում հյուպատոսական վարչության կողմից ուղարկված, քրեական գործում առկա Ալբերտ Առաքելյանի կողմից ստորագրված պարտավորագիրը, 2019 թվականի հունիսի 20-ին ստորագրված դիմում-ծանուցագիրը:

Բողոք բերած անձի պնդմամբ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, թե մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պնդումներն անհիմն են, քանի որ մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ Հայաստանի Հանրապետություն չի այցելել, ակնհայտորեն անտեղի են:

Բողոքի հեղինակի կարծիքով` Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ եթե անգամ Ալբերտ Առաքելյանը ստացել է ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված դրանից հետո չէր կարող մեկնել Հայաստան, ինքնին բավարար չէ համարելու, որ Ա.Առաքելյանը զրկված է եղել ՀՀ վերադառնալու հնարավորությունից, քանի որ, այդ իրավիճակն առաջացել է իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը սկսելուց տևական ժամանակ անց, բացի այդ, նա որևէ կերպ զրկված չի եղել համապատասխան իրավասու մարմիններին այդ մասին տեղեկացնելու հնարավորությունից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հիմնավորումների հետ, դատախազի բողոքում բերված հիմնավորումներին ըստ էության չի անդրադարձել և իր դատական ակտը պատշաճ կերպով չի պատճառաբանել, իսկ նույնանման փաստական հանգամանքներով այլ գործերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին տվել է հակասող մեկնաբանություն:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ` Ա.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` քննությունից թաքնվելու հիմքի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (...)»:

13.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (...)»:

13.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

(...)»:

14. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով(10):

______________________

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Աշոտ Առաքելյանի գործով 2007 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները և այլն:

 

14.1. Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով: Սակայն միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն: Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները, յուրաքանչյուր դեպքում, պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում` քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների` իրենց ամբողջության մեջ գնահատման վրա:

Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանուցման պատշաճ լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել այդ ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների քանակական և որակական կազմը, ծանուցվող անձի դրսևորած վարքագիծը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կարող են առանցքային նշանակություն ունենալ խնդրո առարկա հարցի լուծման համար(11):

______________________

11) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ալբերտ Առաքելյանի կողմից 2019 թվականի փետրվարի 6-ին ստորագրվել է պարտավորագիր, որով տեղեկացվել է զորակոչային տարիքը լրանալու դեպքում ՀՀ վերադառնալու` Զինված ուժեր զորակոչվելու, պարտավորագրի պահանջները չկատարելու դեպքում որպես զորակոչից խուսափողի, պատասխանատվության ենթարկվելու մասին(12):

______________________

12) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Ա.Առաքելյանը 2019 թվականի մայիսի 14-ին հաշվառվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, ենթակա է եղել զորակոչման 2019 թվականի ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել` զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար(13):

______________________

13) Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

 

- 2020 թվականի մարտի 5-ին հարուցվել է թիվ 90258020 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` 2020 թվականի մարտի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությանը հանձնարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության միջոցով Ա.Առաքելյանին հայտնել և պարտավորեցնել 2020 թվականի ապրիլի 3-ին ներկայանալ Նախաքննության մարմին` անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով(14):

______________________

14) Տե՛ս սույն որոշման 1-րդ և 5.2-րդ կետերը:

 

- 2020 թվականի մարտի 17-ի ստացվել է Ա.Առաքելյանի դիմում-ծանուցագրի պատճենը, որով վերջինս տեղեկացվել է, որ պետք է ներկայանա ՀՀ զինվորական կոմիսարիատ` մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը` 2019 թվականի ձմեռային զորակոչի միջոցառումներին մասնակցելու համար(15):

______________________

15) Տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը:

 

- 2020 թվականի մարտի 25-ին Բեռլինում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ծանուցագիր է ուղարկել Ա.Առաքելյանի բնակության հասցեով` վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար(16):

______________________

16) Տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը

 

- Ա.Առաքելյանի հոր` Արման Ալբերտի Առաքելյանի հաշվառման վայր այցելությամբ հնարավոր չի եղել պարզել Ա.Առաքելյանի գտնվելու վայրը(17):

______________________

17) Տե՛ս սույն որոշման 5.5-րդ կետը:

 

- Նախաքննության մարմնի` 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ա.Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» կամ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքները, չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական` 2019 թվականի ձմեռային զորակոչից` այդ ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում(18),

______________________

18) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ արձանագրել է, որ Ալբերտ Առաքելյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ուստի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, հետևապես առկա են հիմքեր հաստատված համարելու մեղադրյալին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի առկայությունը: Միևնույն ժամանակ, վերոգրյալ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված` Ա.Առաքելյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքի վերաբերյալ պատճառաբանությանը, ընդգծել է, որ քննիչի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն հաստատված համարելու, որ մեղադրյալը տեղյակ է իրականացվող քրեական հետապնդման մասին, հետևաբար չի կարելի հանգել հետևության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից և կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից: Առաջին ատյանի դատարանն անընդունելի է համարել Նախաքննության մարմնի այն հիմնավորումը, որ մեղադրյալը կարող է խուսափել նշանակված պատիժը կրելուց, քանի որ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվել ու նման հիմնավորում կարող է նշել միայն դատարանն անձի նկատմամբ պատիժ նշանակելուց հետո: Դատարանի գնահատմամբ` մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ չի այցելել Հայաստանի Հանրապետություն, իսկ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 5-ին, հետևաբար վարույթն իրականացնող մարմնի պնդումները, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից, անհիմն են ու հակասում են գործի նյութերից բխող փաստական տվյալներին: Իսկ եթե անգամ Ա.Առաքելյանը ստացել է ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված, դրանից հետո չէր կարող մեկնել Հայաստան(19):

______________________

19) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ(20):

______________________

20) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը` այդ որոշումն անփոփոխ թողնելով, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ և իրենց եզրահանգումները չեն կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա: Մասնավորապես, ստորադաս դատարաններն անտեսել են.

- մեղադրյալ Ա.Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների որակական և քանակական կազմը, մասնավորապես` անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով գրություն ուղարկելը, Ա.Առաքելյանի բնակության հասցեով ծանուցագիր ուղարկելը, մեղադրյալի հոր հաշվառման վայրի հասցեով այցելություն կատարելը,

- այն, որ Ա.Առաքելյանին` որպես զինվորական ծառայության ենթակա լինելու պարտականություն ունեցող ՀՀ քաղաքացու, հայտնի է եղել զորակոչի ենթակա լինելու հանգամանքը, ինչպես նաև ողջամտորեն կանխատեսելի են եղել զորակոչի ներկայանալու պոզիտիվ պարտականությունը չկատարելու դեպքում հնարավոր բացասական հետևանքները, ինչի մասին վկայում են մեղադրյալի կողմից ստորագրված պարտավորագիրը և դիմում-ծանուցագիրը:

17. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, թե մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու մասին վարույթն իրականացնող մարմնի պնդումներն անհիմն են, քանի որ մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ չի այցելել Հայաստանի Հանրապետություն, իսկ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 5-ին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական տվյալների համաձայն` Ա.Առաքելյանը տեղյակ է եղել Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչվելու պարտավորության մասին: Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ եթե անգամ Ալբերտ Առաքելյանը ստացել է ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված դրանից հետո չէր կարող վերադառնալ Հայաստան, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դա որևէ փաստական տվյալով չհիմնավորված ենթադրություն է և վերոնշյալի պայմաններում չի կարող չեզոքացնել վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փաստը:

18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիմնավոր չեն Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` քննությունից թաքնվելու հիմքի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(21):

______________________

21) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ալբերտ Արմանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

ԻՐՏԵԿ - www.datalex.am կայքէջում հրապարակման ամսաթիվը նշված չէ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.03.2021
N ԵԴ/0331/06/20
Որոշում