Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2021 թվականի N 04-Ն

 

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՀՀ ՊՊՀ) 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 86 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

4. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

31. Նյութերին կցվում են հետևյալ հավելվածները`

1) Երկրաբանական կամ տեխնիկական առաջադրանքը:

2) Ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները:

3) Տեղեկանք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման մասին,

4) Հետախուզափորվածքների կոորդինատների գրանցամատյանը:

5) Հորատանցքերի թեքումնաբանական չափագրումների արդյունքների գրանցամատյանը:

6) Քաղվածք նմուշարկման մատյանից շարքային նմուշների հիմնական և ներքին ստուգողական անալիզների արդյունքներով:

7) Արտաքին ստուգողական անալիզների արդյունքների գրանցամատյանը:

8) Երրորդ լաբորատորիայում կատարված (արբիտրաժային) անալիզների արդյունքները գրանցամատյանը:

9) Հիմնական և ներքին ստուգողական անալիզների զուգամիտության գնահատման նյութերը:

10) Հիմնական և արտաքին ստուգողական անալիզների զուգամիտության գնահատման նյութերը:

11) Ապարների ֆիզիկամեխանիկական և ֆիզիկատեխնիկական ուսումնասիրության համար նմուշների վերցման ակտերը:

12) Օգտակար հանածոյի ծավալային զանգվածը դաշտային պայմաններում (բնամասում) որոշման ակտը:

13) Օգտակար հանածոյի լաբորատոր տեխնոլոգիական նմուշների վերցման ակտերը:

14) Պաշարների հաշվարկային պարամետրերի (օգտակար և ուղեկից բաղադրիչների պարունակություններ, օգտակար հանածոյի մարմինների հզորություններ և այլն) միջին մեծությունների որոշման նյութերն` ըստ հետախուզահատույթների, հետախուզափորվածքների, հետախուզակտրվածքների, հետախուզահորիզոնների և հաշվարկային բլոկների:

15) Պաշարների հաշվարկման նյութերի հեղինակների հայեցողությամբ այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են առավել ամբողջական արտացոլել կատարված աշխատանքների բնութագիրը:

 

5. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

 

32. Պաշարների հաշվարկման գծագրական նյութերն են.

1) անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների շրջանի երկրաբանական քարտեզը,

2) հանքավայրի երկրաբանական քարտեզը` կտրվածքներով,

3) նմուշարկման հատակագծերը, հորատանցքերի սյունակները,

4) հորիզոնների և պաշարների հաշվարկման հատակագծերը, կտրվածքները, հանքամարմինների պրոյեկցիաներն ուղղաձիգ (հորիզոնական) հարթության վրա,

5) բացհանքի վերջնական եզրագծերը,

6) պաշարների հաշվարկման նյութերի հեղինակների հայեցողությամբ այլ գծագրական նյութեր, որոնք կարող են առավել ամբողջական արտացոլել կատարված աշխատանքների բնութագիրը:

33. Գծագրական նյութերը պետք է արտահայտեն.

1) գնահատվող օբյեկտի շրջանի ենթակառուցվածքը,

2) հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, դրանցում օգտակար բաղադրիչների, հանքային հումքի բնական և արդյունաբերական տարատեսակների տարածական բաշխվածությունը,

3) հաշվարկված պաշարների եզրագծերը, հանքամարմինների հզորությունները, անհանք և ոչ կոնդիցիոն միջակայքերի հզորություններն ու երկարություններն` ըստ տարածման և անկման, օգտակար հանածոյի որակի ցուցանիշերը,

4) պաշարների արդյունահանման սահմանները` բացհանքի վերջնական եզրագծերն ու կտրվածքները,

5) հանքավայրի բացման սխեման և լեռնային աշխատանքների ազդեցության գոտին,

6) մարված պաշարների սահմանները` հետախուզման և շահագործման տվյալների համադրմամբ,

7) կազմակերպության հիմնական օբյեկտների տեղադրման սխեման:

34. Բոլոր գծագրական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի:

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի 03 մայիսի

N 04-Ն հրամանի

 

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատումը` կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ, իրականացվում է որոնողագնահատանքային աշխատանքների, նախնական ու մանրազնին հետախուզման և լրահետախուզման արդյունքներով, ինչպես նաև հանքավայրերի շահագործման ընթացքում:

2. Հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատում կարող է իրականացվել, ինչպես կոնդիցիաների պարամետրի հիմնավորման և հանքաքարի ու օգտակար հանածոների պաշարների հաշվարկման վերաբերյալ առանձին հաշվետվություններ, այնպես էլ կոնդիցիաների պարամետրերի և հանքաքարի ու օգտակար հանածոների պաշարների հաշվարկման վերաբերյալ համատեղված հաշվետվություն կազմելու և ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու միջոցով:

3. Կոնդիցիաների պարամետրի հիմնավորման առանձին հաշվետվություն կազմելու և ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն հավելվածով:

4. Կոնդիցիաների պարամետրերի և հանքաքարի ու օգտակար հանածոների պաշարների հաշվարկման վերաբերյալ համատեղված հաշվետվություն կազմելու և ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում պետք է առաջնորդվել սույն հրամանի 1-ին Հավելվածով, որի 26-րդ` հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատումը, կետը կազմելիս անհրաժեշտ է առաջնորդվել սույն հավելվածով:

5. Կոնդիցիաներն օգտակար հանածոների որակի ու քանակի, հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական և այլ պայմաններին ներկայացվող պահանջների ամբողջություն է: Կոնդիցիաները պետք է ապահովեն ընդերքի օպտիմալ յուրացումը` էկոլոգիական հետևանքների հաշվառմամբ:

6. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման փուլերն են.

1) «Տեխնիկատնտեսական նկատառումներ (ՏՏՆ) հանքավայրում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին` գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ» (կազմվում է որոնողագնահատանքային աշխատանքների արդյունքներով),

2) «Տեխնիկատնտեսական զեկույց (ՏՏԶ) հանքավայրում մանրազնին հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին` նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ» (կազմվում է նախնական հետախուզման արդյունքներով),

3) «Մանրազնին կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ) (կազմվում է հանքավայրի մանրազնին հետախուզման և լրահետախուզման արդյունքներով, ինչպես նաև դրա արմատական վերագնահատման անհրաժեշտության դեպքում), գնահատման այս փուլում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ-ի մարտի 14-ի թիվ 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում) աղյուսակ 2-ի տվյալներին համապատասխան,

4) «Շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ)» (կազմվում է հանքավայրի շահագործման ժամանակ, ոչ ուշ քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, ինչպես նաև Դասակարգման 48-րդ կետով նախատեսված կոնդիցիաների պարամետրերի և հանքավայրի պաշարների վերահաստատման դեպքերում):

7. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ները, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-ը և ՏՏԶ-ները:

8. Լայն տարածում ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման արդյունքները ներկայացվում են երկրաբանական հաշվետվության առանձին բաժնում, որի բովանդակությունը կանոնակարգվում է օգտակար հանածոների համապատասխան տարատեսակների հանքավայրերի նկատմամբ Դասակարգման կիրառման հրահանգներով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:

9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերը ենթակա են հաստատման և վերահաստատման ընդերքօգտագործման ոլորտը կառավարող լիազոր մարմնի կողմից:

10. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերը (այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպության կողմից:

11. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի տեքստային մասը ձևավորվում է համակարգչի միջոցով:

12. Նյութերը ներկայացվում են պետական ընդերքաբանական փորձաքննության չորս օրինակից, կոշտ կազմով, ինչպես նաև էլեկտրոնային կրիչով: Միաժամանակ, հինգ օրինակից ներկայացվում է նաև հեղինակային տեղեկանքը` հանքավայրի երկրաբանական առանձնահատկությունների, իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկայի, ծավալների և արդյունքների ու հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի մասին: Հեղինակային տեղեկանքը չպետք է գերազանցի 30 տպագրական A4 ձևաչափի էջը:

13. Նյութերի բոլոր չորս օրինակները ձևավորվում են միանման: Յուրաքանչյուր գրքի տիտղոսաթերթում պետք է լինեն. ընդերքօգտագործող և պաշարների հաշվարկն իրականացրած կազմակերպությունների անվանումները, հեղինակների ազգանունները և անվան սկզբնատառերը, նյութերի ամբողջական անվանումը (հանքավայրի կամ դրա տեղամասի, հանքավայրի տեղադրման մարզի, օգտակար հանածոյի տեսակի անվանումներով, շինարարական նյութերի և ոչ մետաղական մետալուրգիական հումքի հանքավայրերի համար` նաև օգտագործման ուղղությունը), կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ամսաթիվը, որի դրությամբ այն ներկայացվում է հաստատման, ինչպես նաև նյութերի մշակման տեղը և տարին: Տիտղոսաթերթերը ստորագրվում և կնքվում են ընդերքօգտագործող ու կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումն իրականացնող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից: Առաջին գրքի (հատորի) տիտղոսաթերթին հաջորդում են կատարողների ցուցակը և ռեֆերատը` ստորագրություններով, բոլոր գրքերի (հատորների) բովանդակությունը, ինչպես նաև բոլոր հավելվածների ցանկը: Յուրաքանչյուր հաջորդ գրքի (հատորի) տիտղոսաթերթից հետո բերվում է միայն այդ գրքի (հատորի) բովանդակությունը:

14. Գծագրական նյութերը պետք է լինեն ընթեռնելի և ունենան համապատասխան պայմանական նշաններ: Յուրաքանչյուր գծագիր պետք է ունենա իր շտամպը, որտեղ պետք է պարունակի իր անվանումը և համարը, կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումն իրականացնող ընկերության անվանումը, թվային և գծային մասշտաբները, հեղինակների պաշտոնները և ազգանունները: Գծագրական նյութերը ստորագրվում և կնքվում են կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումն իրականացնող կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից:

1) Գծագրական նյութերը տեղավորվում են թղթապանակներում` ծալելով A4 ձևաչափի թղթի չափով: Եթե մի գծագիրը բաղկացած է մի քանի թերթից, ապա դրանք համարակալվում են և 1-ին թերթի վրա զետեղվում է դրանց տեղաբաշխման սխեման: Յուրաքանչյուր թղթապանակին կցվում է գծագրերի իր ցանկը` դրանց անվանումներով և հերթական համարներով: Ցանկի վերջում բերվում է տվյալ թղթապանակում տեղավորվող գծագրերի ընդհանուր քանակը:

2) Մեկ գրքից և սահմանափակ քանակով` մինչև 5 A1 ձևաչափի թուղթ, գծագրական նյութերից բաղկացած հաշվետվության դեպքում` դրանք տեղավորվում են մեկ ընդհանուր թղթապանակի մեջ` պահպանելով վերը նշված ընդհանուր դրույթը:

 

2. ՄԱՆՐԱԶՆԻՆ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Ներկայացված նյութերը պետք է հնարավորություն ընձեռեն ճիշտ որոշել հանքավայրի մասշտաբները (հումքային հենքը, մնացորդային պաշարները և այլն), դրա երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունները, արդյունաբերական նշանակությունը, գնահատել հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը և այլ ցուցանիշներ, որոնք պարտադիր են կոնդիցիաների պարամետրերի համալիր երկրաբանատնտեսագիտական հիմնավորման համար:

16. Նյութերը պետք է պարունակեն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պարտադիր են կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ճշտության, հանքավայրի բավարար հետախուզվածության, ինչպես նաև օգտակար հանածոյի հանքակուտակի արդյունաբերական նշանակությունը բացահայտելու նպատակով:

17. Հիմնավորված կոնդիցիաների պարամետրերը պետք է ամբողջությամբ արտահայտեն հիմնավորման օրվա դրությամբ շուկայի իրավիճակը, դրանց դրամական արտահայտությունները պետք է ներառեն անհրաժեշտ բոլոր ծախսերը (հավելաճային)` բացառելով հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի բնեղեն մեծությունների մեղմացնելը կամ խստացնելը:

18. Սույն հավելվածի 5-7-րդ գլուխներում ներկայացված որոշ կետերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է Նյութերում ներառել նշված կետերը` բովանդակության մեջ գնահատելով դրանց ազդեցության մակարդակը հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի թվային արժեքների նկատմամբ: Ազդեցության թույլատրելի մակարդակից բարձր արժեքների դեպքում Նյութերի փորձաքննության ընթացքում կարող են պահանջվել տվյալ կետերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:

19. Հանքավայրի` միայն մի մասի (օր. վերին հորիզոններում կամ մինչև որոշակի խորության վրա գտնվող կամ բաց մշակմամբ շահագործման ենթակա պաշարների նկատմամբ և այլն) և (կամ) դրա առանձնացված տեղամասի, պաշարների հաշվարկման նպատակով` կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման դեպքում անհրաժեշտ է հիմնավորել տվյալ մոտեցման նպատակահարմարությունը` գնահատելով հիմնավորման օրվա դրությամբ շուկայի իրավիճակին նախկինում հանքավայրի ամբողջ պաշարների հաշվարկման նպատակով հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի համապատասխանությունը` նշելով տեղեկատվությունը կամ այն մատենագրական աղբյուր(ներ)ը, որտեղ դրանք հիմնավորվել են ամբողջությամբ:

20. Հեղինակների հայեցողությամբ Նյութերը կարող են ներառել նաև այլ տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռի հանքավայրի համալիր ընկալման համար:

21. Ներկայացված Նյութերը պետք է պարունակեն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման համար և պետք է մշակված լինեն այնպես, որ հնարավոր լինի առանց հեղինակների անմիջական մասնակցության ստուգել հիմնավորված կոնդիցիաների պարամետրերի արժանահավատությունը և համապատասխանությունը` գնահատման օրվա դրությամբ շուկայի իրավիճակին:

22. Նյութերը պետք է ներառեն հետևյալ բաժինները` տեքստային մաս, տեքստային, աղյուսակային և գծագրական հավելվածներ: Դրանց բովանդակությունը պետք է բավարարի սույն հավելվածի 5-7-րդ գլուխների պահանջները:

 

3. ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԸ

 

23. Կառուցվածքը և ծավալը:

1) Կառուցվածքը.

ա. ներածություն,

բ. ընդհանուր տեղեկություններ,

գ. հանքավայրի երկրաբանական բնութագիրը և կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների գնահատումը,

դ. հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների որակատեխնոլոգիական բնութագիրը,

ե. մշակման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանները, օգտակար հանածոյի և պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագիրը,

զ. օգտակար հանածոների պաշարների տարբերակային հաշվարկը,

է. կոնդիցիաների հիմնական պարամետրերը,

ը. հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումը,

թ. տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորումը,

ժ. կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը և պաշարների ստուգիչ հաշվարկը,

ժա. եզրակացություն,

ժբ. օգտագործված մատենագրական աղբյուրների ցանկ:

2) Վերը բերված կետերի բովանդակությունը (դրանցում դիտարկվող հարցերը) բերված են սույն հավելվածի ստորև շարադրվող տեքստում:

3) Տեքստային մասի ծավալը չի կարող գերազանցել 250 տպագրական A4 ձևաչափի էջը:

4) Տեքստային մասի կրճատման համար պետք է հեղինակային հայեցակարգը պարզաբանող և ընդհանուր բնույթ ունեցող աղյուսակային ու գծագրական նյութը օգտագործել ռացիոնալ: Օժանդակ աղյուսակային նյութը, որի վրա հիմնվում են ընդհանրացումները և եզրահանգումները տեղադրվում են հավելվածներում:

5) Յուրաքանչյուր բաժնի ծավալը որոշվում է հեղինակների կողմից` կախված դիտարկվող հարցերի բարդությունից և դրանց նշանակությունից` հանքավայրի արդյունաբերական յուրացման համար նախապատրաստվածության աստիճանի գնահատման առումով:

24. Ներածություն

Տեղեկություններ տեխնիկատնտեսական հիմնավորման պատվիրատուի և կատարողի վերաբերյալ, վերջնական արտադրանքի նախատեսվող տեսականին և տարեկան արտադրության ծավալները, օբյեկտի յուրացման հետ կապված սոցիալ-տնտեսական և էկոլոգիական սպասվող հետևանքները:

25. Ընդհանուր տեղեկություններ:

Հանքավայրի շրջանի աշխարհագրատնտեսական բնութագիրը, օբյեկտի ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ պատմական համառոտ ակնարկը, առկայության դեպքում տեղեկություններ այն մասին, թե երբ և ում կողմից են մշակվել ու հաստատվել կոնդիցիաների նախորդ տարբերակները, դրանց պարամետրերը, կոնդիցիաների հաստատման արձանագրության (վերջինիս պատճենի կցմամբ) մեջ տրված առաջարկությունները, տեղեկություններ էներգետիկական, ջրային և այլ ռեսուրսների պահանջարկի ապահովման հնարավորությունների վերաբերյալ:

26. Հանքավայրի երկրաբանական բնութագիրը և կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների գնահատումը:

Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, հիմնական և ուղեկից օգտակար հանածոների մարմինների ձևաբանությունը, տեղադրման պայմանները և ներքին կառուցվածքը, դրանց հանքային և նյութական կազմը, հանքավայրի հետախուզման ընդունված մեթոդիկան, կատարված աշխատանքների ծավալները, հետախուզական ցանցի խտությունը, նմուշարկման տարբեր եղանակների հավաստիության վերաբերյալ նյութերի վերլուծությունը, օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար և վնասակար բաղադրիչների բնութագիրը, օգտակար հանածոների բնական տիպերի ու տեսակների և առանձին բաղադրիչների տարածական բաշխվածության հիմնական օրինաչափությունները, դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն ներհանքային նրբաշերտերի (միջակայքերի) առկայությունը, քանակը և բաշխվածությունը ըստ հզորության դասերի (միջակայքերի երկարության` տարածմամբ և անկմամբ), հիմնական հաշվարկային պարամետրերի փոփոխականության աստիճանը, փոփոխականության գործակիցները, ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության հանքավայրի խումբը` Դասակարգմանը համապատասխան:

27. Հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների որակատեխնոլոգիական բնութագիրը:

Հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների կիրառման հնարավոր ոլորտները և դրանց օգտագործման ընդունված ուղղությունների համառոտ հիմնավորումը, ներքին և արտաքին վերստուգման արդյունքների վերլուծությունը, հիմնական լաբորատորիայի տվյալների հավաստիության գնահատականը (արբիտրաժային անալիզների արդյունքներով), անհրաժեշտության դեպքում` համապատասխան ճշտման գործակիցների հիմնավորումը, լաբորատոր, կիսաարդյունաբերական և արդյունաբերական փորձարկումների համար վերցված նմուշների բնութագիրը, օգտակար հանածոյի վերամշակման առաջարկվող և այլընտրանքային եղանակներով նմուշների տեխնոլոգիական փորձարկումների արդյունքները, վերամշակման տեխնոլոգիական պարամետրերի (օրինակ, օգտակար բաղադրիչի կորզման, հարստապոչերում վերջինիս պարունակության և այլն) ու հանքային հումքի որակի միջև կախվածությունների բացահայտումը, առաջարկվող վերամշակման եղանակի գնահատումը, տեխնոլոգիական կանոնակարգը:

28. Մշակման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանները, օգտակար հանածոյի և պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագիրը:

1) Հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական հետազոտությունների տեսակները, մեթոդները և ծավալները: Իրականացված աշխատանքների լիակատարության և որակի բավարարության գնահատականը` հանքավայրի (տեղամասի) մշակման նախագծի կազմման համար: Մակերևութային ջրհոսքերը և ջրավազանները, ստորերկրյա ջրերի տիպերը, հիմնական ջրատար և ջրամերժ հորիզոնները, ստորերկրյա և մակերևութային ջրերի բազմամյա ու տարեկան ռեժիմները: Մակերևութային և ստորերկրյա ջրերի քիմիական կազմն ու բակտերիոլոգիական վիճակը, մետաղների, պոլիմերների, փայտի և բետոնների նկատմամբ ագրեսիվությունը: Հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանների բարդության ընդհանուր գնահատականը: Լեռնային փորվածքներ ջրաներհոսի սպասվող կամ փաստացի քանակը, ջրահեռացման ու ջրիջեցման նախատեսվող միջոցառումները:

2) Հանքավայրի ապարների ինժեներաերկրաբանական առանձնահատկությունների բարդության բնութագիրը և գնահատականը, դրանց կազմը, տեկտոնական խախտվածությունը, տեքստուրային և կառուցվածքային յուրահատկությունները: Տվյալներ շրջանի սեյսմականության մասին, սողանքների, սելավահոսքերի առաջացման հնարավորությունները:

3) Հանքաքարերի և պարփակող ապարների ծավալային զանգվածը (խտությունը), փխրեցման գործակիցը, ֆիզիկամեխանիկական և ֆիզիկատեխնիկական հատկությունները, հանքաքարերի տևապնդելիությունը և ինքնաբռնկումը, ապարազանգվածի ճեղքավորվածության տարածական բնութագիրը, երկրաբանահետախուզական, կապիտալ, նախապատրաստական և շահագործական լեռնային փորվածքների բնութագիրը, դրանց պահպանման եղանակները, տեղեկություններ փլուզումների, արտաթափումների, փլվածքների մասին, օգտակար հանածոյի և պարփակող ապարների կայունության ընդհանուր գնահատականը:

29. Օգտակար հանածոների պաշարների տարբերակային հաշվարկը:

1) Կոնդիցիաների պարամետրերի կազմի հիմնավորումը, ընդունված կոնդիցիաների պարամետրերի տարբերակները (ենթատարբերակները), պաշարների առանձին կարգերով հաշվարկային բլոկների եզրագծումը, պաշարների հաշվարկման մեթոդը, «մրրկային» պարունակությամբ նմուշների հաշվառումը, ըստ տարբերակների (ենթատարբերակների) պաշարների հաշվարկման արդյունքները, հարակից տարբերակների միջև հավելաճող պաշարների ընդհանուր գնահատականը, հանքավայրի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների ընդհանուր գնահատականը:

2) Հանքավայրի (տեղամասի) պաշարները հաշվարկվում են առանձին` յուրացման երկու ժամանակաշրջանների համար: Առաջին ժամանակաշրջանին են վերագրվում այն պաշարները, որոնք նախատեսվում են մշակել կապիտալ ներդրումների ընդունելի (նորմատիվ) ետգնման ժամկետի սահմաններում: Մնացած պաշարները վերագրվում են յուրացման երկրորդ ժամանակաշրջանին:

3) Խոշոր և բարդ օբյեկտներում առաջարկվում է նաև յուրացման տարածաժամանակային փուլերի առանձնացում, որոնց պաշարները բնութագրվում են լեռնաերկրաբանական, հիդրո և ինժեներաերկրաբանական պայմանների, մշակման եղանակների, համակարգերի և բացման սխեմաների, օգտակար հանածոների որակի և այլ գործոնների էական տարբերությամբ:

30. Կոնդիցիաների հիմնական պարամետրերը:

1) Մետաղների և ոչ հանքային հումքի մի շարք տեսակների հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար տեխնիկատնտեսական հիմնավորման են ենթակա կոնդիցիաների հետևյալ հիմնական պարամետրերը.

ա. օգտակար բաղադրիչի (համալիր հանքաքարերի համար` պայմանական բաղադրիչի) եզրագծային պարունակությունը նմուշում կամ նմուշների խմբում հաշվեկշռային պաշարներն հանքային հատույթները ըստ հզորության եզրագծելու համար,

բ. օգտակար բաղադրիչի (կամ պայմանական բաղադրիչի) նվազագույն արդյունաբերական պարունակությունը հաշվարկային կամ շահագործական բլոկում` ըստ հանքամարմինների հզորությունների (հանքաքարի որակի փոփոխման գործակցի),

գ. օգտակար բաղադրիչի (կամ պայմանական բաղադրիչի) նվազագույն պարունակությունը հանքամարմնի հատույթում` ըստ տարածման և անկման հաշվեկշռային պաշարների եզրագծման համար,

դ. համալիր հանքաքարերում պայմանական (հիմնական) բաղադրիչի պարունակությանը ուղեկից օգտակար բաղադրիչների պարունակությունների բերման կարգը կամ պարունակությունների սահմանաքանակները համալիր հանքաքարերի համար,

ե. վնասակար խառնուրդների առավելագույն թույլատրելի պարունակությունները հաշվարկային (շահագործական) բլոկում, հատույթում, միջակայքում, նմուշում (նմուշների խմբում),

զ. անջատ հանույթի և վերամշակման ենթակա օգտակար հանածոյի տիպերի ու տեսակների պաշարների առանձնացման պահանջները,

է. ուղեկից բաղադրիչների անվանացանկը (ըստ օգտակար հանածոների առանձին տեխնոլոգիական տիպերի և տեսակների), որոնց պաշարներն անհրաժեշտ է հաշվարկել, հիմնավորելով այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունները հաշվարկային բլոկում կամ հատույթում,

ը. օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունը` միայն ոչ հանքաքարային օգտակար հանածոների որոշ հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ,

թ. հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող դատարկ ապարների և (կամ) ոչ կոնդիցիոն հանքաքարերի նրբաշերտերի առավելագույն թույլատրելի հզորությունը (միջակայքերի առավելագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),

ժ. հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող կոնդիցիոն միջակայքերի նվազագույն թույլատրելի երկարություն (միջակայքերի նվազագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),

ժա. հանքաքարի պաշարների հաշվարկման պայմանները` երկրաչափացված եզրագծերում կամ վիճակագրորեն

ժբ. մեկուսացված (տարանջատված և ինքնուրույն բացում պահանջող) հանքամարմինների նվազագույն պաշարները` ըստ դրանց հեռավորության, տեղադրման խորության և բացման ծախսերի հաշվառմամբ,

ժգ. մշակման յուրաքանչյուր եղանակի (բաց, ստորգետնյա) համար պաշարների հաշվարկման սահմանային խորությունը և պաշարների հաշվարկման սահմանների նկատմամբ ներկայացվող այլ պահանջներ:

2) Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար հանքային հումքի կամ դրանից ստացվող արտադրանքի որակի նկատմամբ ներկայացվող պահանջները կանոնակարգվում են գործող ստանդարտներով (կամ գործող պայմանագրերով, որի արդյունքում օգտակար հանածոյի պաշարներին ներկայացվում են ավելի մեղմ պայմաններ), տեխնիկական պայմաններով, գնահատվող օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական փորձարկումների արդյունքներով: Շինարարական նյութերի հանքավայրերի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ռադիոակտիվ ճառագայթման անվտանգության նորմերը:

3) Ածուխների (այրվող թերթաքարերի) հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար հիմնավորվում են կոնդիցիաների հետևյալ պարամետրերը.

ա. շերտի կամ դրա անջատ մշակման ենթակա մասերի նվազագույն հանութային հզորությունը,

բ. բարդ կառուցվածքով շերտի համախառն արդյունահանման ժամանակ դրա մեջ ընդգրկվող ապարային նրբաշերտերի առավելագույն հզորությունը,

գ. ածխի առավելագույն մոխրայնությունը (թերթաքարերի համար` չոր վառելիքի վերահաշվարկված այրման նվազագույն ջերմությունը),

դ. ուղեկից բաղադրիչների անվանացանկը, որոնց համար կատարվում է պաշարների հաշվարկ, անհրաժեշտության դեպքում` այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունը հատույթում կամ հաշվարկային (շահագործական) բլոկում,

ե. մեկուսացված (տարանջատված և ինքնուրույն բացում պահանջող) տեղամասերի կամ շերտերի նվազագույն պաշարները,

զ. պաշարների հաշվարկման սահմանային խորությունը,

է. ածուխների (թերթաքարերի) որակի նկատմամբ հատուկ պահանջները` եռակալումը, խեժի ելքը, ծծմբի, ֆոսֆորի պարունակությունները և այլն:

4) Արտահաշվեկշռային պաշարների հաշվարկման համար կոնդիցիաների պարամետրերի անվանացանկը համանման է հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար օգտագործվող անվանացանկին (բացառությամբ նվազագույն արդյունաբերական պարունակության):

5) Կոնդիցիաների պարամետրերի կազմը հիմնավորվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, մշակման եղանակի և լեռնաերկրաբանական պայմանների, օգտակար հանածոյի տեսակի և օգտագործման ուղղությունների հաշվառմամբ:

6) Հանքավայրի արդյունաբերական գնահատման փուլից, բարդությունից ու մասշտաբից և լուծվող խնդրի տեսակից կախված` կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ կարող են կիրառվել տարբերակային, վերլուծական, տնտեսագիտամաթեմատիկական ծրագրավորման, մաթեմատիկական անալիզի, գծագրական, գծագրավերլուծական, ուղղակի հաշվարկների, խոշորացված հաշվարկների, համանմանության մեթոդները, ինչպես նաև տարբեր մեթոդների զուգակցումը:

7) Անկախ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ կիրառված մեթոդից, ընդերքաբանական փորձաքննության ժամանակ, ստացված արդյունքների հավաստիությունը ստուգվում են վերլուծական և ուղղակի հաշվարկների մեթոդներով` Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումներով սահմանված մեթոդաբանությամբ:

8) Կոնդիցիաների ՏՏՀ-ներում դիտարկվում և հիմնավորվում է ջրավազանների ու ջրհոսքերի, բնակավայրերի, կապիտալ կառույցների և գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմական և մշակութային հուշարձանների պահպանիչ բնամասերում գտնվող և հատուկ նշանակության հողերում (ընդերքի մասում) տեղակայված պաշարների հաշվարկման և հաշվառման նպատակահարմարությունը: Վերջիններիս վերագրումը հաշվեկշռային կամ արտահաշվեկշռային պաշարներին հիմնավորվում է հատուկ տեխնիկատնտեսական հաշվարկներով, որոնցում հաշվի են առնվում կառույցների տեղափոխման կամ պաշարների մշակման հատուկ մեթոդների հետ կապված ծախսերը: Լայն տարածում ունեցող ցածրարժեք օգտակար հանածոների հանքավայրերում այդպիսի պահպանիչ բնամասերի պաշարները, որպես կանոն, չեն հաշվարկվում:

4. Հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումը

31. Հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումն ըստ տարբերակների.

1) Մշակման եղանակի ընտրումը, հանքավայրի բացումը և լեռնակապիտալ աշխատանքների ծավալները, ձեռնարկության տարեկան արտադրողականությունն` ըստ պաշարների հաշվարկման տարբերակների (լեռնային հնարավորությունների ստուգմամբ), առանձին հանքամարմինների (հանքամարմինների խմբերի) համար ստորգետնյա մշակման տեխնիկապես կիրառելի համակարգերի ջոկումը` դրանց տեղադրման պայմանների, հզորությունների, հանքաքարի ու պարփակող ապարների կայունության և այլնի հաշվառմամբ, արդյունահանման ժամանակ օգտակար հանածոյի կորզման որակաքանակական ցուցանիշերի հիմնավորումը և համեմատվող մշակման համակարգերի համար շահագործական ծախսերի հաշվարկը (բաց եղանակով մշակման դեպքում տեխնիկատնտեսական ցուցանիշերը որոշվում են ըստ բացահանքի վերջնական եզրագծերի և լեռնային աշխատանքների տեխնոլոգիայի համեմատվող տարբերակների), հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների առանձնացված տիպերի և տեսակների համար` վերամշակման առաջարկվող տեխնոլոգիական սխեմաները, վերամշակման տեխնոլոգիական պարամետրերը, օգտակար հանածոների վերամշակման շահագործական ծախսերը, շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման ընդունված եղանակների և համակարգերի ու արդյունահանված հանքային հումքի վերամշակման ազդեցության աստիճանի գնահատականը և բնապահպանական միջոցառումների ծախսերը (տես` սույն հավելվածի 32-րդ կետը), հանքավերամշակող ձեռնարկության շինարարության կապիտալ ներդրումները, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքն ու բերված ծախսերը, տարբեր տեսակների ապրանքային արտադրանքների ընդունված գների հիմնավորումը, 1 տ (1 մ3) օգտակար հանածոյի արժեքը, օգտակար հանածոյի արժողության գործակիցը (կորզվող արժողության և բերված ծախսերի հարաբերությունը), տեսակարար, տարեկան և ընդհանուր (հանքավայրի կամ տեղամասի մշակման ամբողջ ժամկետի համար) շահույթը, այդ թվում` նվազագույն ընդունելին (նորմատիվայինը) և գերնորմատիվայինը, կապիտալ ներդրումների (այդ թվում` արդյունաբերական շինարարության) արդյունավետությունը և ետգնման ժամկետը.

2) Տեխնիկատնտեսական հաշվարկները կատարվում են ինչպես ամբողջ հանքավայրի (տեղամասի), այնպես էլ օբյեկտի յուրացման առանձնացված ժամանակաշրջանների համար.

3) Հանքավայրի յուրացման տարածաժամանակային փուլերի առանձնացման դեպքում, երբ դրանք էականորեն տարբերվում են միմյանցից մշակման լեռնաերկրաբանական պայմաններով, օգտակար հանածոյի որակով, մշակման և բացման եղանակներով, արդյունահանման և վերամշակման տեսակարար ծախսերով, կորզվող արժողությամբ, շահույթով, տեխնիկատնտեսական հաշվարկները յուրաքանչյուր փուլի համար իրականացվում են առանձին.

4) Բարդ և խոշոր հանքավայրերի գնահատումը առաջարկվում է իրականացնել համակարգչային մոդելների օգտագործմամբ, որոնք պարունակում են լրացուցիչ տեղեկատվության ստացմանը զուգընթաց ճշտվող բազմաթիվ փոփոխականներ: Այդ մոդելները կարող են օգտագործվել օպտիմալ նախագծային որոշումների ընդունման, տարբեր պարամետրերի, օրինակ` հանքաքարերում օգտակար բաղադրիչների պարունակությունների, արտադրվող արտադրանքների գների և այլնի հնարավոր փոփոխությունների նկատմամբ ֆինանսական զգայունության ստուգման միջոցով նախագծի ռիսկի որոշման ժամանակ.

5) Ապրանքային արտադրանքի ինքնարժեքը, արժեքը, շահույթը և գերնորմատիվային շահույթը որոշվում են գործող օրենսդրությամբ նախատեսվող տարբեր տեսակի հարկերի, վճարումների, հատկացումների հաշվառմամբ և առանց դրանց հաշվառման: Այդ ցուցանիշերը հանքավայրի (տեղամասի, փուլի) մշակման ամբողջ ժամկետի համար որոշվում են ինչպես առանց դիսկոնտացման, այնպես էլ դիսկոնտացմամբ` դիսկոնտի 10% և 15% դրույքաչափերի կիրառմամբ.

6) տեխնիկատնտեսական հաշվարկների ելակետային տվյալները և արդյունքներն ըստ տարբերակների բերվում են աղյուսակում` ցուցանիշերի անվանացանկով, որը բնութագրական է հանքաքարային հանքավայրերի համար.

7) Մանրազնին կոնդիցիաների ՏՏՀ-ում տեխնիկատնտեսական ցուցանիշերը, որպես կանոն, որոշվում են ուղղակի հաշվարկներով:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
03.05.2021
N 04-Ն
Հրաման