Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    29 ապրիլի 2021 թ.                                  ԲԴԽ-16-Ո-Կ-07

Ք. Երևան

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

    պաշտոնակատար                                Գ. Ջհանգիրյանի,

 

մասնակցությամբ`

    անդամներ                                    Գ. Բեքմեզյանի,

                                                Դ. Խաչատուրյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ս. Միքայելյանի,

                                                Ա. Մխիթարյանի

                                                Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարար                     Ռ. Բադասյանի,

Արդարադատության նախարարի

    ներկայացուցիչ                               Դ. Գասպարյանի,

 

    Սնանկության դատարանի դատավոր                Տ. Փոլադյանի,

 

Սնանկության դատարանի դատավորի

    ներկայացուցիչ                               Գ. Մուղնեցյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մարտի 4-ի N 14-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

Նախարարի 11.01.2021 թվականի թիվ 2-Ա որոշմամբ Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Տիգրան Փոլադյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նախարարի 04.03.2021 թվականի N-14 Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դատավորի կողմից վարույթ է ընդունվել և քննվել թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ) սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ընդդեմ «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Անելիք բանկ» ՓԲԸ), երրորդ անձ` «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Երրորդ անձ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն այն նույն ընկերությունն է, որի սնանկության գործով կառավարիչ է հանդիսանում Հակոբ Ասոյանը:

Հայցվորը, դիմելով Դատարան, խնդրել է բանկից հօգուտ ընկերության բռնագանձել բանկի և ընկերության միջև 04.03.2015 թ.-ին կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումարը` 21.863.856,35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել 05.10.2017 թ.-ին մինչև 15.04.2020թ. խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (նշված ժամանակահատվածում Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԿԴ1/0036/04/16 սնանկության գործն ըստ դիմումի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին):

Գործի քննության արդյունքում Դատարանը 02.03.2018 թ.-ին կայացրել է վճիռ և կառավարչի հայցն ընդդեմ բանկի, երրորդ անձի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել: Բանկից հօգուտ ընկերության բռնագանձվել է 21.863.856,35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 04.03.2015 թ.-ին կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումար:

Վարույթ հարուցող մարմինը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմնավորում նշել է, որ սնանկության գործով կառավարչի` սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների պաշտպանության մասով ինքնուրույն իրավասուբյեկտությամբ օժտված չլինելու, դատարանում բացառապես որպես սնանկ ճանաչված պարտապանի ներկայացուցիչ հանդես գալու իրավասություն ունենալու պայմաններում, երբ գործով կառավարչի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված հայցով փաստացի հայցվոր պետք է հանդիսանար սնանկ ճանաչված պարտապանը և գործով բացակայել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար անհրաժեշտ` պարտապանի` պատասխանողի կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձի կարգավիճակ ունենալու վավերապայմանը, Դատավորը գործը վարույթ է ընդունել` ղեկավարվելով տվյալ գործով ոչ կիրառելի կարգավորմամբ, ինչի արդյունքում խախտվել են մինչև 15.04.2020թ. խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, նույն հոդվածի 3-րդ մասով, 17.06.1998 թ.-ին ընդունված և 09.04.2018 թ.-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված նորմերի պահանջները:

Դատավորը, գործը քննելիս պարզելով, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ, այն չի հանձնել այլ դատարանի քննությանը` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտում:

Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելիս հիմք է ընդունվել մինչև 15.04.2020թ. խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը:

Գործով «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի` փաստացի հայցվոր հանդիսանալու հանգամանքը հաստատվել է ինչպես հայցի առարկայով պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջով, այնպես էլ վճռի եզրափակիչ մասում օգտագործված ձևակերպումներով:

Այսինքն, նույն անձը չէր կարող մեկ գործի շրջանակներում միաժամանակ ունենալ երկու դատավարական կարգավիճակ` հանդիսանալով և՛ հայցվոր, և՛ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, ուստի գործով բացակայել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար անհրաժեշտ` պարտապանի` պատասխանողի կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձի կարգավիճակ ունենալու վավերապայմանը:

Նշված պարագայում գործի ընդդատությունը որոշելիս կիրառելի էր 17.06.1998 թ.-ին ընդունված և 09.04.2018 թ.-ից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (հայցադիմումը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 05.10.2017 թ.-ին) 82-րդ հոդվածի կարգավորումը, որի համաձայն` հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

Դատավորը նշված գործը վարույթ ընդունելով` թույլ է տվել մինչև 15.04.2020 թ. խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, նույն հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջների խախտում:

Հաշվի առնելով նշվածը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորման լույսի ներքո հայցադիմումը ենթակա էր վերադարձման:

Բացի դրանից հայցադիմումը վարույթ ընդունելով, հայցի հիմքն ու առարկան պարզելուց հետո Դատարանը ինքնուրույն չի նախաձեռնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների կատարումը: Չնայած այդ հանգամանքին, բանկի ներկայացուցչի կողմից գործի դատական քննության փուլում նման միջնորդություն ներկայացվել է, որը մերժվել է` պայմանավորված նաև հայցվորի ներկայացուցչի դիրքորոշմամբ: Այդուհանդերձ, միջնորդության քննության շրջանակներում Դատարանի կողմից քննարկվել է ընկերությանը որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ ներգրավելու հարցը, որպիսի հանգամանքը ևս վկայում է ընկերության` պատասխանողի կողմում երրորդ անձ հանդես չգալու հանգամանքի ակնհայտության մասին:

Արդյունքում, քննարկվող միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կարգավորման ուժով այդպիսի փոխարինումը հնարավոր է միայն հայցվորի համաձայնությամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ վարույթ հարուցող մարմինը փաստել է, որ գործի դատական քննության փուլում Դատավորն ունեցել է բավարար հիմքեր արձանագրելու, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ և հանձնել այն դատարանի քննությանը, որին ընդդատյա է, ինչը չի կատարվել և թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտում:

Միաժամանակ վարույթ հարուցող մարմինը Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները որակել է ակնհայտ և կոպիտ, որոնք թույլ են տրվել առնվազն կոպիտ անփութությամբ, այն է` վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել և վկայակոչելով մինչև 02.05.2020 թ.-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ դատավարական իրավունքի նորմերի խախտման կոպտությունն առկա է, քանի որ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ նախատեսված ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործի քննությունը, քննության շրջանակներում գործն այլ դատարանի քննության չհանձնելն ու արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը նաև բացասաբար է անդրադարձել գործով պատասխանող բանկի իրավունքների վրա, քանի որ հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման և որպես հետևանք` դատական իշխանության հեղինակազրկման:

Այսպիսով, առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին, որի շրջանակներում հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ արված եզրահանգումները չեն համապատասխանում սնանկության ոլորտում գործող ՀՀ օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային հետևյալ պատճառաբանությամբ.

Սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթում օժտված է ինքնուրույն իրավասուբյեկտությամբ և գործում է ինչպես սնանկ ճանաչված անձի, այնպես էլ պարտատերերի իրավունքների պաշտպանության շրջանակում:

Վերոնշյալն ամրապնդվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով (25-րդ հոդված, 54-րդ հոդվածով և այլն):

Կառավարչի կողմից ներկայացված հայցերով քննվող գործերի ընթացքում հաճախ սնանկ ճանաչված պարտապանը չի ընդունում ներկայացված հայցը և դիրքորոշում է հայտնում առ այն, որ ներկայացված հայցը չի բխում իր շահերից: Նմանօրինակ բազմաթիվ դեպքերում, չնայած այն հանգամանքին, որ սնանկ ճանաչված պարտապանը դեմ է ներկայացված հայցին, դատարանը բավարարում է կառավարչի ներկայացրած հայցը: Ավելին, նմանօրինակ գրեթե բոլոր վարույթներով սնանկ ճանաչված պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:

Տվյալ դեպքում դժվար է պնդել այն մոտեցումը, որ կառավարիչը դատարան է դիմում պարտապանի անունից, սնանկ ճանաչված անձի իրավունքների պաշտպանության շրջանակում օժտված չէ ինքնուրույն իրավասուբյեկտությամբ, դատարանում կարող է հանդես գալ բացառապես որպես սնանկ ճանաչված պարտապանի ներկայացուցիչ: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող են չհամընկնել կամ հակասել ներկայացուցչի և ներկայացվողի շահերն ու դիրքորոշումները և ներկայացվողը հնարավորություն չունենա իր ներկայացուցչին հեռացնել վարույթից (դիրքորոշումների անհամապատասխանության հիմքով), իսկ արդյունքում դատարանը հավանություն տա ներկայացուցչի, այլ ոչ թե ներկայացվողի դիրքորոշմանը: Նման բազմաթիվ քաղաքացիական գործեր քննվել են ՀՀ տարբեր դատարաններում (մինչև ՀՀ սնանկության դատարանի ստեղծումը), ինչպես նաև ՀՀ սնանկության դատարանի դատավորների կողմից:

Ամեն դեպքում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարչի իրավասուբյեկտության հարցը վաղուց հանդիսանում է տեսական բանավեճերի առարկա, առնվազն տարօրինակ է նման հիմնավորմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը` նկատի ունենալով նաև ինչպես սնանկության դատարանում, այնպես էլ մինչ դրա ստեղծումը բազմաթիվ քաղաքացիական գործերի առկայությունը, որտեղ հայցվոր է հանդիսանում սնանկության կառավարիչը, իսկ պատասխանող` սնանկ ճանաչված անձը:

Ինչ վերաբերում է հարցի դատավարական կողմին` Դատավորը, վկայակոչելով 17.06.1998 թ.-ին ընդունված և 09.04.2018 թ.-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների կարգավորումները, նշել է, որ 14.02.2018 թ.-ի դատական նիստին (վկաների հարցաքննությունից հետո), գործով բանկի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություն` հայցվոր «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչին ընկերությամբ փոխարինելու մասին, ինչի կապակցությամբ հայցվորի ներկայացուցիչն առարկել է` հայտնելով, որ չի տալիս իր համաձայնությունը փոխարինման կապակցությամբ: Արդյունքում, քննարկվող միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կարգավորման ուժով այդպիսի փոխարինումը հնարավոր է միայն հայցվորի համաձայնությամբ:

Գործն ըստ ընդդատության հանձնելու դեպքում Դատարանը թույլ տված կլիներ օրենքի խախտում` նախ անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումը, այնուհետև իր նախաձեռնությամբ կամայական պահանջ վերագրելով դատավարության մասնակցին, որը ոչ միայն չի ձեռնարկել որևէ գործողություն ինքնուրույն պահանջ ներկայացնելու ուղղությամբ, այլև, ծանուցված լինելով դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, դատական նիստերին երբևէ չի ներկայացել:

Դատավորը գտել է, որ թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում իր կողմից իրականացված գործողություններում առկա չեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական հիմքեր:

Սույն գործով Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստի ընթացքում Դատավորը և նրա ներկայացուցիչը պնդել են վերն արտահայտած դիրքորոշումը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել և քննվել թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲԸ-ի, պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Մասնավորապես Դատարան ներկայացված հայցադիմումով կառավարիչը խնդրել է բանկից հօգուտ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել բանկի և ընկերության միջև 04.03.2015 թ.-ին կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումարը` 21.863.856.35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Դատարանի 05.10.2017 թ.-ի որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել մինչև 15.04.2020թ. խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (նշված ժամանակահատվածում Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԿԴ1/0036/04/16 սնանկության գործն ըստ դիմումի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին):

2) 17.11.2017 թ.-ին նշանակել է նախնական դատական նիստ: 15.01.2018 թ.-ին որոշում է կայացվել գործը դատաքննության նշանակելու մասին: Գործի դատաքննությունն իրականացվել է 29.01.2018 թ.-ին, 14.02.2018 թ.-ին, 16.02.2018 թ.-ին:

3) 14.02.2018 թ.-ի դատական նիստին գործով բանկի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություն` գործով հայցվոր` «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչին «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ով փոխարինելու մասին, ինչի կապակցությամբ հայցվորի ներկայացուցիչն առարկել է` հայտնելով, որ չի տալիս իր համաձայնությունը փոխարինման կապակցությամբ: Արդյունքում, քննարկվող միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կարգավորման ուժով այդպիսի փոխարինումը հնարավոր է միայն հայցվորի համաձայնությամբ:

4) Գործի քննության արդյունքում Դատարանը 02.03.2018 թ.-ին վճռել է կառավարչի հայցն ընդդեմ բանկի, երրորդ անձի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել, բանկից հօգուտ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել 21.863.856.35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 04.03.2015 թ.-ին կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումար:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, Նախարարի և նրա ներկայացուցչի պարզաբանումները, Դատավորի և նրա ներկայացուցչի բացատրությունները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն վարույթի շրջանակներում կիրառելի են գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, 17.06.1998 թ.-ին ընդունված և 09.04.2018 թ.-ին ուժ կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և մինչև 15.04.2020 թ.-ի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավադրույթները:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումը.

- արդյո՞ք ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որն առաջացրել է կարգապահական պատասխանատվություն:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

Տվյալ պարագայում վարույթ հարուցող մարմինն իր միջնորդությամբ Դատավորին է վերագրել դատավարական իրավունքի նորմերի` մասնավորապես մինչև 15.04.2020 թ.-ի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև 17.06.1998 թ.-ին ընդունված և 09.04.2018 թ.-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով և 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

Մինչև 15.04.2020 թ.-ի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ օրենսդիրը, սնանկության վարույթը դիտելով քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող առանձին վարույթ, նախատեսել է ընդդատության այլ` հատուկ կանոններ, որոնք սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

Այսինքն, գործերի ընդդատությունը սահմանվում է միայն օրենքով և դրա փոփոխումը հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է քաղաքացիական գործերի ընդդատության դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին և նշել, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև: Միաժամանակ նշել է, որ իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

Սահմանադրական դատարանն իր 03.02.2009 թ.-ի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

Վերը ներկայացված իրավական վերլուծության արդյունքում, անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Մինչև 15.04.2020 թ.-ի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից բխում է, որ 15.04.2020 թ.-ից առաջ հարուցված բոլոր այն քաղաքացիական գործերը, որոնք վերաբերում են պարտապանի գույքի կազմում ներառված գույքին, ինչպես նաև իրավունքներին, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

Համաձայն սույն գործի փաստերի` Դատավորը վարույթ է ընդունել թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲԸ-ի, պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ նույնիսկ, եթե հայցվորը սխալ է ընտրել պատասխանողին կամ պատասխանող կողմում երրորդ անձին, ապա դատավարական տվյալ փուլում, Դատավորն այլ բան, քան որոշում կայացնել հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, չէր կարող, քանի որ հայցը ներկայացված է եղել հայցվորի ընտրած պատասխանողի և սնանկ ճանաչված երրորդ անձի դեմ, ուստի առկա է եղել սնանկության գործի շրջանակում հայցը քննելու օրենսդրական պայմանը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն հայցվորի կողմից հայցադիմումը ներկայացվելուց հետո օրենսդիրն առաջին ատյանի դատարանի համար իմպերատիվ ձևով սահմանել է երեք տեսակ որոշում կայացնելու հնարավորություն, այն է` հայցադիմումը վարույթ ընդունել, ընդունումը մերժել, կամ հայցադիմումը վերադարձնել և այդ նորմերն անգամ իրավական մեկնաբանման հնարավորություն չունեն:

Միաժամանակ օրենսդիրը հստակ սահմանել է, որ դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մաս):

Փաստորեն, դատարանը գործը վարույթ ընդունելիս չի խախտել ընդդատության կանոնները, քանի որ հայց հարուցելիս «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն նշված է եղել որպես պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:

Հետագայում, չնայած, գործի հիմքի և առարկայի ուսումնասիրությունից կարող էր պարզվել, որ ընկերությունը նշվել է որպես պատասխանողի կողմում երրորդ անձ, ինչը կարող էր լինել նաև փաստաբանական հնարք` գործը նույն սնանկության վարույթում քննվելու համար, այնուամենայնիվ` ղեկավարվելով քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասով Դատարանը շարունակել է քննել ընդդատության կանոնների պահպանմամբ վարույթ ընդունված գործը:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը հայցվորի համար չի սահմանափակել պատասխանողների շրջանակը, ում դեմ կարող է հայց հարուցվել, իսկ պատասխանող կողմում երրորդ անձի կարգավիճակի շնորհումն օրենսդիրը պայմանավորել է կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա գործով կայացվող վճռի ազդեցության հատկանիշով, և քանի որ սնանկության վարույթում կա հատուկ կարգավորում, ապա միայն համապատասխան դատավարական հետևանք առաջացնող դատավարության մասնակիցների նշումը բավարար է եղել ներկայացված հայցի քննությունը սնանկության գործի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը քննության առնելու համար:

Ուստի Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ, անգամ եթե հայցվորը սխալ է ընտրել պատասխանողին կամ պատասխանողի կողմում երրորդ անձին, ապա հայցադիմումը ձևին և բովանդակությանը համապատասխանելու պարագայում դատավարական այդ փուլում Դատավորն այլ բան քան որոշում կայացնել հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ չէր կարող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ դատարանն իրավասու է գործը հանձնել այլ դատարանի քննությանը միայն այն դեպքում, եթե այն տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է իմպերատիվ պահանջ դատարանների համար` ըստ էության քննել ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ գործի քննության ընթացքում չի եղել միջնորդություն գործն այլ դատարանի վարույթ հանձնելու մասին, այլ միայն եղել է միջնորդություն` հայցվորին պատշաճ հայցվորով փոխարինելու մասին, որի վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումը չի վիճարկվում նաև միջնորդությունը ներկայացրած անձի կողմից:

Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ և 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տիրույթում դատավարական նորմի խախտում առկա չէ, քանի որ քննարկվող քաղաքացիական գործով ընկերությունը ներգրավված է որպես պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, իսկ վեճը վերաբերում է պարտապանի գույքի կազմում ներառված գույքին և իրավունքներին, ուստի տվյալ դեպքում Դատավորն իրավաչափորեն կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և չի ունեցել որևէ հիմք ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու համար:

Ուստի տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել դատավարական նորմի խախտում, ինչը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության:

Վերոգրյալներից ելնելով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ`                      Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

                                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

                                           Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 12 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
29.04.2021
N ԲԴԽ-16-Ո-Կ-07
Որոշում