Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 29 ապրիլի 2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչներ Ս. Գրիգորյանի, Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Հովակիմյանի և Ա. Ջուլհակյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 68-րդ հոդվածների`

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը (այսուհետ` նաև Կանոնակարգ) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2017 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 18-ին:

Կանոնակարգի` «Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը» վերտառությամբ 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը»:

Կանոնակարգի վերոնշյալ դրույթը լրացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-304-Ն սահմանադրական օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հունիսի 3-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2020 թվականի հունիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 25-ին, հետևյալ բառերով. «Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար» բառերով:

Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է.

«7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է»:

Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասը փոփոխվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հունիսի 22-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2020 թվականի հունիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 25-ին:

Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետով սահմանված է.

«Ազգային ժողովի նախագահը` Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները»:

Սույն դրույթը Կանոնակարգում լրացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքով:

Գործի քննության առիթը Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի` 2020 թվականի օգոստոսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումը

Դիմողը գտնում է, որ Սահմանադրությունը նախատեսում է իմպերատիվ (այլ ոչ` դիսպոզիտիվ) կարգավորումներ` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունելը Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Կանոնակարգի 86-րդ հոդվածն այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորությունը, «ակնհայտորեն հակասության մեջ է գտնվում Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև 169-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, քանի որ վերջիններս նախատեսում են Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ պարտադիր դրույթներ, մինչդեռ Ազգային ժողովի կանոնակարգի նշյալ դրույթը նախատեսում է Ազգային ժողովի կողմից այդ հարցով առանձին որոշման ընդունում: Այսինքն, Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրությանը, քանի որ խախտում է դրանում տեղ գտած պահանջի իմպերատիվությունը»:

Դիմողը գտնում է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասն իշխանության մի ճյուղին` օրենսդիր մարմնին, հնարավորություն է տալիս քվեարկության դնել իշխանության մյուս ճյուղին և իրեն հակակշռող մարմնին դիմելու հարցը, այսինքն` հայեցողություն սահմանում Ազգային ժողովի համար, ինչը բնականաբար հակառակվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին և, ըստ այդմ, հակասում նաև Սահմանադրության 4-րդ հոդվածին»:

Ամփոփելով այս առնչությամբ իր փաստարկները` դիմողը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը` այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական իրավունքը (Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության դնելը), հակասում է Սահմանադրության 4-րդ և 5-րդ հոդվածներին, 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին ու հակասահմանադրական է»:

Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով 2020 թվականի հունիսի 22-ի գործող խմբագրությամբ սահմանվում էր հետևյալը. «Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն», մինչդեռ վիճարկվող խմբագրությամբ նույն դրույթը սահմանում է. «Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է»:

Ըստ դիմողի` նշված փոփոխությունը զրկել է Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը գտնում է, որ Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն պատճառաբանությամբ, որ նախ` 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ Սահմանադրության փոփոխությունների` (այսուհետ` Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար Ազգային ժողովը չէր կարող դիմել Սահմանադրական դատարան, քանի որ փոփոխությունների ընդունման պահին Սահմանադրական դատարանի գործող ինը դատավորներից (անդամներից) յոթին Սահմանադրության փոփոխությունները վերաբերում էին անմիջականորեն: Պատասխանողը նաև շեշտում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով և 169-րդ հոդվածի 2-րդ մասով չի նախատեսվում իմպերատիվ պահանջ` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելը դիմել Սահմանադրական դատարան վերջինիս կողմից նախագծի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Ըստ պատասխանողի` Սահմանադրության 168-րդ հոդվածում Սահմանադրական դատարանի լիազորությունները շարադրելիս առհասարակ չեն օգտագործվում «կարող է», «կարելի է» և այլ բառեր, անգամ այն դեպքում, երբ դիմող սուբյեկտն ունի հայեցողական լիազորություն դիմել կամ չդիմել Սահմանադրական դատարան, օրինակ` 168-րդ հոդվածի 1-ին կետում նշված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու դեպքում: Սահմանադրության 169-րդ հոդվածի առնչությամբ պատասխանողը գտնում է, որ այն առհասարակ չի կարգավորում որևէ սուբյեկտի դիմելու լիազորության իմպերատիվ կամ դիսպոզիտիվ բնույթը, փոխարենը նշված հոդվածի նպատակը սահմանափակվում է բացառապես դիմող սուբյեկտների դիմելու լիազորության ամրագրմամբ` չանդրադառնալով դրանց իմպերատիվությանը կամ դիսպոզիտիվությանը: Պատասխանողը նաև ընդգծում է, որ եթե նույնիսկ ընդունելի լինի այն, որ դիմելու լիազորության իմպերատիվությունը կամ դիսպոզիտիվությունը ներառված է տվյալ հոդվածի կարգավորման տիրույթի մեջ, ապա ո՛չ իմպերատիվության, ո՛չ դիսպոզիտիվության ամրագրում կատարված չէ սահմանադրի կողմից, մասնավորապես` 169-րդ հոդվածի 2-րդ մասով, նշված մասի կարգավորման առարկայից առհասարակ դուրս է այն հարցը, թե արդյոք Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան բոլոր այն դեպքերում, երբ ընդունում է Սահմանադրական փոփոխություններ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է միայն, որ 168-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված Սահմանադրական դատարանի լիազորության իրականացման առիթ հանդիսացող դիմումը պետք է ներկայացվի Ազգային ժողովի կողմից:

Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ պատասխանողը գտնում է, որ դիմողի այն դիրքորոշումը, որ Հանրապետության նախագահը զրկվել է լիազորությունից, անհիմն է, քանի որ Հանրապետության նախագահը նման լիազորություն չի էլ ունեցել: Սահմանադրության որևէ հոդվածով ամրագրված չէ Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների ստորագրման և հրապարակման լիազորություն: Որպես այդպիսի լիազորություն չի կարող ընկալվել Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` Հանրապետության նախագահի` Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորությունը, քանի որ այս դեպքում խոսքը օրենքների և ոչ Սահմանադրության փոփոխության մասին է:

 

3. Գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

3.1. 2020 թվականի հունիսի 19-ին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը 2020 թվականի հունիսի 22-ին ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգ: Ազգային ժողովն այս նախագիծը քննարկել, քվեարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ, ապա քննարկել երկրորդ ընթերցմամբ, այնուհետև քվեարկության է դրվել այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը քվեարկության արդյունքներով չի ընդունվել: Դրանից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել:

3.2. 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովում քվեարկության է դրվել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը նույնպես ընդունվել է: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքով փոփոխվել է Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասը և լրացվել 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքը ստորագրվել է 2020 թվականի հունիսի 24-ին:

3.3. Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունները Ազգային ժողովի նախագահի կողմից հրապարակվել են 2020 թվականի հունիսի 25-ին:

3.4. Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ներքոնշյալ պահանջների մասով կարճվել է.

«3.1. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան` Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ` առանց Սահմանադրական դատարանի եզրակացության.

3.2. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ փոփոխության է ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի բովանդակությունն այնպես, որ այդ փոփոխությամբ ըստ էության փոփոխության են ենթարկվել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող դրույթները.

3.3. ճանաչել Սահմանադրությանը հակասող Ազգային ժողովի կողմից 2020թ. հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացքում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան չդիմելն ու առանց Սահմանադրական դատարանի որոշման Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, իսկ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի ընդունված փոփոխությունները` ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր.

3.5. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը և Հանրապետության նախագահը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ, ընդունելով և ստորագրելով Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները, զրկել են Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից.»:

 

4. Գործի համար էական նշանակություն ունեցող հարցադրումները

4.1. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ենթակա է պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության և, արդյո՞ք Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման ընդունումը նշված գործընթացն ապահովելու առումով անհրաժեշտ և արդյունավետ միակ իրավական ընթացակարգն է:

2. Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների` ստորագրման և հրապարակման կառուցակարգ չնախատեսելը համահո՞ւնչ է արդյոք Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին:

4.2. Սահմանադրական դատարանը սույն գործը քննության է առնում վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Դիմողի կողմից, ըստ էության, վիճարկվում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն ուղղված` Կանոնակարգի համապատասխան ընթացակարգային դրույթների սահմանադրականությունը: Հաշվի առնելով վիճարկվող դրույթների ուղղակի առնչությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողության ինստիտուտին` նախքան դրանց սահմանադրականության գնահատումը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերլուծել Սահմանադրությունում փոփոխություններ ընդունելուն ուղղված կարգավորումները:

Մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների ուժի մեջ մտնելը Սահմանադրության նորմերի ցանկացած փոփոխություն ընդունվում էր բացառապես համապետական հանրաքվեի միջոցով: 2015 թվականի հանրաքվեով փոփոխված Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հոդվածներում փոփոխություններ ընդունելու լիազորություն ունի նաև Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Սահմանադրության կայունությունը ժամանակակից սահմանադրական համակարգերի կարևորագույն հատկանիշներից է, որը նաև սահմանադրականության ամրապնդման ու զարգացման կարևոր գրավական է: Ընդ որում, Սահմանադրության կայունությունն ապահովվում է Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների անփոփոխությունն ապահովող նորմերի կայունությամբ` անկախ Սահմանադրության տեքստում փոփոխությունների կատարման հաճախականությունից:

Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների արդյունավետ պահպանության և պաշտպանության նկատառումներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անկախ Սահմանադրության տեքստի փոփոխությունների ծավալից, փոփոխության իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակից, զարգացող հասարակական հարաբերությունների պայմաններում Սահմանադրության` որպես հիմնարար կարգավորչի դինամիկ կայունությունը հնարավոր է ապահովել դրա նորմերի աստիճանակարգության կանոնների պահպանմամբ:

5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավասության դասակարգել հետևյալ խմբերի.

ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները` որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ,

բ) Սահմանադրության` միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթները` որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բացառիկ իրավազորության ներքո գտնվող սահմանադրական դրույթներ, որոնք թվարկված են Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում,

գ) Սահմանադրության` նաև Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթներ:

Սահմանադրական դրույթների փոփոխման կարգերի տարբերակման նպատակներն են ապահովել Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի` հայ ժողովրդի սահմանած անփոփոխ դրույթներում ամրագրված արժեքների և սկզբունքների գերակայությունը, Սահմանադրության ներքին կայունությունը, Սահմանադրության դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, հնարավոր ներքին կոլիզիաների կանխումը, իսկ դրանց բացահայտման դեպքում` լուծումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներն այն հիմնարար և կենտրոնական առանցքն են, որի հիման վրա և շուրջ ձևավորվել և զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը:

5.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներով նախատեսված սկզբունքների, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական որակների, ժողովրդի` որպես Հայաստանի Հանրապետությունում իշխանության բացառիկ և միակ սուբյեկտի կարգավիճակի, մարդու` որպես բարձրագույն արժեքի սահմանադրաիրավական բովանդակության, և Սահմանադրության փոփոխություններն ընդունելու հարաբերությունները կարգավորող հատուկ նորմի` 202-րդ հոդվածի դրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է համապատասխանի`

ա) Սահմանադրության փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում` Սահմանադրության անփոփոխելի դրույթներին, Սահմանադրության` միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթներին և Սահմանադրության այն դրույթներին, որոնք այդ նախագծով չեն փոփոխվում,

բ) Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով ընդունվելու դեպքում` Սահմանադրության անփոփոխելի դրույթներին և Սահմանադրության միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող այն դրույթներին, որոնք այդ նախագծով չեն փոփոխվում:

5.4. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական սահմանադրական վերահսկողությունը կրում է պարտադիր բնույթ:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն ունեցող սուբյեկտը նշված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասում` ի դեմս Ազգային ժողովի: Որևէ այլ պետական մարմին Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության որոշման հարցով Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն չունի:

Սահմանադրության` Սահմանադրական դատարանի լիազորությունները (168-րդ հոդված) և Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների ցանկը սահմանող (169-րդ հոդված) հոդվածներով, ի թիվս այլնի, նախատեսված է.»Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը» (168-րդ հոդվածի 2-րդ կետ), և «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը (...) վերաբերող հարցերով» (169-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի` Սահմանադրության փոփոխությունների նախագծերի նկատմամբ նախնական վերահսկողություն իրականացնելու նպատակներն են`

ա) Սահմանադրության գերակայության ապահովման նպատակներից ելնելով` կանխել Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության տեքստում հնարավոր ներքին կոլիզիաների առաջացումը,

բ) Սահմանադրության գերակայության նպատակին հասնելու համար Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրականության անկախ և անկողմնակալ պահապանի դիրքորոշմամբ կանխել Սահմանադրության` հատվածական շահերի սպասարկման նպատակով կատարվող փոփոխությունները, որոնք հակասության մեջ կարող են լինել Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և սկզբունքների հետ,

գ) հնարավորություն ընձեռել Ազգային ժողովի պատգամավորներին և Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով ընդունվելու դեպքում` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեղեկացված որոշում կայացնել:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողության վերաբերյալ դիմողի և պատասխանողի դիրքորոշումներին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերի, որոնց առնչությամբ սահմանադիրը գործածել է «կարող են դիմել» ձևակերպումը, նույն հոդվածի 2-րդ մասում գործածված «դիմում է»եզրույթը պետք է հասկանալ ոչ թե Սահմանադրական դատարան դիմելու հայեցողության, այլ պարտականության իմաստով: Ուստի Սահմանադրության 168 և 169-րդ հոդվածների բովանդակությունից և սահմանադրի կողմից կիրառված իրավական ձևակերպումներից բխում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ենթակա է պարտադիր նախնական վերահսկողության:

Հաշվի առնելով վերոնշյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումը Սահմանադրությամբ նախատեսված կանոն է, որին հետևելը սահմանադրական կարգի կայունության երաշխիք է, հնարավորություն է ընձեռում կանխել Սահմանադրության հիմքում ընկած սկզբունքներին և արժեքներին հակասող նորմերի ընդունումը և կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություն ընդունելիս տեղեկացված և հիմնավոր որոշում կայացնելու համար:

5.5. Ազգային ժողովի` որպես սահմանադիր հանդես գալու վերաբերյալ դրույթներն արտացոլված են Սահմանադրության 202-րդ հոդվածում, իսկ մանրամասները սահմանված են Կանոնակարգի 84-86-րդ հոդվածներում:

Անդրադառնալով Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն կանոնակարգում է Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգային հարաբերությունները, որի շրջանակներում, ըստ էության, ի կիրարկումն Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը սահմանող նորմերի, նախատեսված է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ այդմ, Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է նշված հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը քվեարկության դնելու ոչ թե հայեցողություն, այլ պարտականություն:

Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ: Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Ազգային ժողովի որոշումները, ինչպես նաև Ազգային ժողովի այլ ակտերը (օրենքներ, հայտարարություններ, ուղերձներ), բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության 103-րդ հոդվածը կոչված է ապահովելու Ազգային ժողովի` որպես օրենսդիր և ժողովրդի ներկայացուցչական մարմնի, սահմանադրական առաքելությամբ պայմանավորված լիազորությունների արդյունավետ իրականացումը: Յուրաքանչյուր պետական մարմնի լիազորության իրացումն ստանում է իր արտաքին դրսևորումը, որը, որպես կանոն, ավարտվում է համապատասխան ձև ունեցող իրավական փաստաթղթի ընդունմամբ: Սահմանադիրը, կախված պետական մարմնի իրավասությունից, նախատեսում է համապատասխան իրավական ակտերի ընդունման հնարավորություն: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադիրը նախատեսել է Ազգային ժողովի կողմից ընդունվող երկու խումբ որոշումներ` Սահմանադրությամբ կոնկրետ նախատեսված դեպքերում Ազգային ժողովի կողմից ընդունվող որոշումներ և Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով ընդունվող որոշումներ: Առաջին խումբ որոշումների թվին են դասվում, օրինակ` Սահմանադրության 115-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 202-րդ հոդվածով, 205-րդ հոդվածով նախատեսված որոշումները: Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով ևս Սահմանադրությունը նախատեսում է որոշումների ընդունում, սակայն այդ գործունեության կազմակերպման համատեքստում ընդունման ենթակա որոշումներն ամրագրված են Կանոնակարգով: Վերջինիս 97-րդ հոդվածի 1-ին մասում արտացոլված է Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, իսկ 2-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի աշխատակարգը, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով: Նման որոշումների թվին են դասվում, օրինակ` Կանոնակարգի 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումները:

Ի կատարումն Սահմանադրության 103-րդ հոդվածի` Կանոնակարգով սահմանված են նաև Ազգային ժողովի ուղերձների և հայտարարությունների բնույթը, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից օրենքների, որոշումների, ուղերձների և հայտարարությունների նախագծերը ներկայացնելու, դրանք շրջանառության մեջ դնելու, քննարկելու և ընդունելու կարգը:

Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովի լիազորությունների իրացման համար Սահմանադրության 103-րդ հոդվածում թվարկված են Ազգային ժողովի կողմից ընդունվող ակտերը, որոնց առնչվող մանրամասները սահմանված են Կանոնակարգով: Սահմանադրության 103-րդ հոդվածով ամրագրված կառուցակարգերից զատ որևէ այլ ձևով Ազգային ժողովը չի կարող իրացնել իր իրավասությունը` հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը և Սահմանադրության 6-րդ հոդվածը, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումն ուղղված է Ազգային ժողովի` Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրացման գործընթացը կազմակերպելուն: Հատկանշական է, որ Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունելու դեպքում Ազգային ժողովի նախագահն այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Ազգային ժողովի` որպես կոլեգիալ մարմնի համար իր լիազորությունների շրջանակներում և դրանց իրացմանն ուղղված գործընթացը կազմակերպելու առնչությամբ Սահմանադրությամբ սահմանված ձայների մեծամասնությամբ որոշումներ ընդունելուց զատ, որևէ այլ կառուցակարգ սահմանված չէ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումը վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի լիազորության իրացման ընթացակարգին, որի շրջանակներում Ազգային ժողովի որոշման տեսքով ձևակերպվում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը: Նույն ընթացակարգով է գործում նաև Կառավարությունը` ի կատարումն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների, համաձայն որոնց` մինչև միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, և այս դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը: Կառավարությունը ևս Սահմանադրական դատարան դիմում է համապատասխան որոշում ընդունելու միջոցով: Ուստի օրենսդրի կողմից Սահմանադրական դատարան դիմելիս համապատասխան որոշում ընդունելը Սահմանադրությամբ նախատեսված լիազորության իրացման ընթացակարգային փուլ է:

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող` Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումները համահունչ են Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով և 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներին:

5.6. Կանոնակարգի 86-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դրանով կարգավորվում են բոլոր այն հնարավոր իրավիճակները, որոնք կարող են արձանագրվել Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման ընթացքում: Մասնավորապես, դրանով կանխատեսվում են այնպիսի իրավիճակներ, երբ`

ա) Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող,

բ) Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, և Ազգային ժողովը նախագիծն ընդունում է կամ չի ընդունում:

Հաշվի առնելով վերոնշյալը` Սահմանադրական դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ Կանոնակարգում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման չընդունման հետևանքների հստակեցումն օրենսդրական մակարդակում կբացառի հիշյալ հարցի առնչությամբ հնարավոր տարընկալումները:

5.7. Թեպետ սույն գործով դիմումի քննության առարկա մասը քննվում է վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում, որի պայմաններում ստուգվում է դիմողի կողմից վիճարկվող նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը` անկախ կոնկրետ իրավիճակներում տվյալ նորմերի կիրառման կամ կիրառման հավանականության, ինչպես նաև կիրառման իրավաչափության հանգամանքից, Սահմանադրական դատարանը հատուկ կարևորություն է տալիս այն իրողությանը, որ սույն գործով դիմողն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդն է, և դիմումի բովանդակությունը հիմնականում վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի` 2020 թվականի փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելուն:

Սահմանադրական դատարանը 2021 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ արդեն անդրադարձել է սույն գործով դիմումի նշված հատվածին: Այդուհանդերձ, խորհրդարանական հանրապետությունում ընդդիմության հանդեպ հարգանքը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմավորման և համալրման սահմանադրականության վերաբերյալ բարձրացվող հարցերի զգայուն բովանդակությունն ընդգծում են Սահմանադրական դատարանի կողմից բարձրացված հարցերին անդրադառնալու կարևորությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության ինստիտուտը բնորոշ է երիտասարդ ժողովրդավարություններին: Համեմատական սահմանադրական իրավունքի հետազոտություններում Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարտադիր նախնական վերահսկողությունը սահմանադրական արդարադատության ատյանների հազվադեպ հանդիպող լիազորություններից է («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, «Սահմանադրական փոփոխությունների մասին» CDL-AD(2010)001 2010 թվականի հունվարի 19-ի զեկույց, 194-196-րդ կետեր), որը բնորոշ է համեմատաբար երիտասարդ ժողովրդավարություններին (մասնավորապես` Ուկրաինա, Ղրղզստան, Մոլդովա):

Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարտադիր ex ante վերահսկողության ինստիտուտը ոչ միայն նորություն է Հայաստանի սահմանադրական իրավունքում, այլ նաև գործնական կիրառության առումով` սահմանադրական փոփոխությունների նախագծերի ոչ պարտադիր ստուգման ինստիտուտի համեմատ խորությամբ չուսումնասիրված: Համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային փորձագիտական մակարդակում վերհանված են այս ինստիտուտի միայն որոշ խնդրահարույց կողմեր, միաժամանակ, արձանագրված է, որ գործնական կիրառության ընթացքում չեն բացառվում նաև ժողովրդավարական գործընթացների համար այլ խնդրահարույց հանգամանքներ («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի «Սահմանադրական փոփոխությունների մասին» CDL-AD(2010)001 2010 թվականի հունվարի 19-ի զեկույց, 195-րդ կետ և «Ալբանիայի դատական իշխանության վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին» CDL-AD(2015)045 միջանկյալ զեկույց, 20-21-րդ կետեր):

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով նշված մտահոգությունները, արձանագրում է, որ սահմանադրականության պահպանման և ամրապնդման առնչությամբ սույն որոշման 5.4-րդ կետում նշված բարենպաստ ազդեցությունից բացի Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման խնդրահարույց կողմն այս կառուցակարգը նախատեսող կանոնի խստությունն է, եթե այն օժտված չէ այս ինստիտուտի հիմնադրման նպատակի իրականացման խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտ ճկունությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողությունը սահմանված է Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանն այս կանոնը համարում է պարտադիր կատարման ենթակա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կանոնի կիրառումը կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության ինստիտուտի ներդրման նպատակներին հակառակ արդյունքի:

5.8. Այն իրավիճակում, երբ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության նպատակին այդ ինստիտուտի կիրառմամբ հնարավոր չէ հասնել, նշված սահմանադրական կանոնից հնարավոր է ողջամիտ բացառություն, որը բացառիկ միջոց է և կիրառելի է միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից նախագծի սահմանադրականության ստուգումը սահմանադրական արդարադատության առանցքային ընթացակարգային երաշխիքների և սկզբունքների պահպանմամբ անհնար է:

Միաժամանակ, Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության կանոնից որևէ բացառություն չի կարող համարվել ողջամիտ, եթե ստուգման ենթակա նախագիծը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներից բացի այլ անձանց իրավունքներին և ազատություններին: Այս դեպքում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման չենթարկելը չի կարող գնահատվել որպես ողջամիտ բացառություն` անկախ Սահմանադրական դատարանի դատավորների` նախագծի սահմանադրականության ստուգման առնչությամբ շահերի փաստացի կամ հնարավոր բախման իրավիճակում գտնվելու հանգամանքից:

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանում քննության ընդունվող գործերի գերակշիռ մասը վերաբերում է իրավական նորմերի սահմանադրականության ստուգմանը. այդ նորմերը հնարավոր է վերաբերեն նաև Սահմանադրական դատարանի դատավորներին: Այդուհանդերձ, ստուգվող նորմերի` Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերին վերաբերելիությունը բավարար հիմք չէ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման համար դատարանի ունակության և իրավազորության բացակայության (non liquet) մասին եզրահանգման համար: Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական վերահսկողության համար Սահմանադրական դատարանի ունակության և իրավազորության բացակայությունն իրավիճակ է, երբ ստուգման ենթակա նախագիծն առնչվում է բացառապես Սահմանադրական դատարանի գործող դատավորների (անդամների) շահերին, որոնց կողմից տվյալ գործին մասնակցության անհնարինության պայմաններում Սահմանադրական դատարանի նիստը չի կարող իրավազոր լինել: Այս իրավիճակի նկատմամբ «ողջամիտ բացառության» կանոնը կարող է կիրառվել այն նպատակով, որ չխոչընդոտվի սահմանադրի ինքնիշխան կամքի իրագործումը` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու իրավասության իրացմամբ:

Հակառակ պարագայում Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր վերահսկողության լիազորության իրականացման դեպքում ողջամիտ բացառության անտեսումն ի զորու է ոչ միայն վտանգել Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության` վերը թվարկված նպատակները, այլ նաև հարուցել իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերի և սահմանադրի` տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև բախումը կարող է հանգեցնել սահմանադրի (Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի)` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու իրավասության սահմանափակման` Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերը վեր դասելով սահմանադրի ինքնիշխան կամքի արտահայտման բարձր հանրային շահից: Սահմանադրական դատարանը Սահմանադրության գերակայության դիտանկյունից այսպիսի իրողությունն անհանդուրժելի է համարում:

5.9. Անդրադառնալով դիմողի վկայակոչած կոնկրետ հանգամանքներին` Սահմանադրական դատարանը նկատում է, որ Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվելուց հետո Ազգային ժողովում քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը չի ընդունվել, ինչից հետո Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Վերջին հանգամանքը պատասխանողը, ի թիվս այլնի, հիմնավորում է նրանով, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունման պահին Սահմանադրական դատարանի գործող ինը դատավորներից (անդամներից) յոթին Սահմանադրության փոփոխությունները վերաբերում էին անմիջականորեն:

Սահմանադրության փոփոխությունների հիշյալ նախագծով նախատեսված էր Սահմանադրական դատարանի պաշտոնավարող անդամների պաշտոնավարման ժամկետների կրճատում մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 12 տարի ժամկետը և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման դադարում: Նախագծի ընդունմամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի կիրառման արդյունքում Սահմանադրական դատարանի` մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված 3 անդամների լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված, և պաշտոնավարումը դադարել է, Սահմանադրական դատարանի 4 անդամների պաշտոնավարման ժամկետները կրճատվել են, Սահմանադրական դատարանի` Ազգային ժողովի կողմից նշանակված նախագահի պաշտոնավարումը դադարել է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության հիշյալ փոփոխությունները Սահմանադրական դատարանի վերոնշյալ 7 անդամներից բացի որևէ այլ անձի չեն վերաբերել և որևէ այլ անձի համար ուղղակի իրավական հետևանք չեն առաջացրել:

Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագծի հիմնավորումներում դրա հեղինակները նշել են. «... դատարանի ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև առկա է էական տարբերություն: ... Սահմանադրության փոփոխությունների նախագծով ակնկալվում է լուծել Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրային վստահության բացակայության շուրջ առկա խնդիրները և երաշխավորել 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելի ամբողջական կիրարկումը: Արդյունքում կյանքի կկոչվեն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված` Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության նոր մակարդակի ժողովրդավարական չափանիշները» (Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագծի հիմնավորումներ):

Վերլուծելով կոնկրետ դեպքում Ազգային ժողովի` որպես սահմանադրի` Սահմանադրության անցումային դրույթներում կատարած փոփոխությունները և դրանց հիմնավորումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն միջամտել և փոփոխել Սահմանադրության անփոփոխելի դրույթների և այն դրույթների բովանդակությունը, որոնք ենթակա են փոփոխության բացառապես հանրաքվեով: Արդյունքում` 2020 թվականի Սահմանադրության փոփոխությամբ Ազգային ժողովն ամբողջ ծավալով կյանքի է կոչել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը`

ա) հավասարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակները և նրանց պաշտոնավարման ժամկետները (Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր),

բ) հնարավորություն ընձեռելով իրականացնել Սահմանադրական դատարանի կազմից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը` որպես Սահմանադրական դատարանի անկախության օժանդակ երաշխիք (Սահմանադրության 213-րդ հոդվածի 4-րդ մաս),

գ) ապահովելով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմի համալրմանը մասնակից բոլոր մարմինների ներգրավվածությունը` որպես Սահմանադրական դատարանի ժողովրդավարական լեգիտիմության բարձրացման գործոն:

Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության կիրառմամբ Սահմանադրական դատարանը դուրս է եկել Սահմանադրության անցումային դրույթների գործողությունից, և Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կարգավիճակի և պաշտոնավարման ժամկետի նկատմամբ կիրառելի են Սահմանադրության բացառապես 7-րդ գլխի կանոնները, որոնցում Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոփոխությունները կարող են ընդունվել բացառապես հանրաքվեով:

5.10. Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր վերահսկողության նպատակով սահմանադրական կանոնից բացառության ողջամտության գնահատման համար առաջնային նշանակություն ունի Սահմանադրական դատարանի կողմից նման վերահսկողության վարույթում սահմանադրական ընթացակարգային երաշխիքների և պահանջների պահպանման հնարավորության հարցը:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «... Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից...»: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն` «1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: 2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: 3. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով»:

Սահմանադրական դատարանի դատավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս անկողմնակալության սահմանադրական պահանջի ապահովման նպատակով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված են գործի քննությանը մասնակցելու անհնարինության դեպքերը, որոնցից է նաև դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը: Սահմանադրական դատարանն այս կապակցությամբ ընդգծում է, որ քննարկվող իրավիճակի բացառիկությունը վկայող հանգամանք է այն, որ օրենսդրական կարգավորումներով նույնիսկ դատավարության կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալը գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմք համարելով` օրենսդիրը անհնարինության հիմք չի համարել Սահմանադրական դատարանի դատավորի` գործի ելքով ուղղակիորեն շահագրգռված լինելու հնարավորության հանգամանքը, այսինքն` իր գործով լինել դատավոր:

Սակայն օրենսդրի կողմից նման իրավիճակի կարգավորված չլինելը չի կարող ծառայել որպես թույլտվություն Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրական առաքելության իրականացման ընթացքում շահերի այնպիսի հնարավոր բախումների կենտրոնում հայտնվելու համար, որը սասանում է սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը` հանրության մոտ հիմնավոր կասկած հարուցելով սահմանադրական արդարադատությունը Սահմանադրական դատարանի դատավորների անհատական շահերին ծառայեցնելու մտահոգությամբ: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական արդարադատությունը չի կարող պայմանավորվել և կախվածության մեջ դրվել Սահմանադրական դատարանի դատավորների` քննության առարկա հարցի նկատմամբ անձնական վերաբերմունքից և գործի ելքով սուբյեկտիվ շահագրգռվածությունից, քանզի Սահմանադրական դատարանը, հանդես գալով որպես սահմանադրական արդարադատության մասնագիտացված և միակ մարմինը Հայաստանի Հանրապետությունում, սահմանափակված է բացառապես Սահմանադրությամբ և կոչված է երաշխավորելու Սահմանադրության գերակայությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է «լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց», իսկ նույն մասի 5-րդ կետի համաձայն` «թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների` իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն»: Այնուամենայնիվ, ունենալով անաչառության պահպանման և շահերի բախումից խուսափելու դատավորների համընդհանուր ճանաչում ունեցող պարտականություն` քննարկվող դեպքն այն իրավիճակն է, որտեղ շահերի բախումն օբյեկտիվորեն առաջանում էր Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելիս սույն որոշմամբ թվարկված հանրային շահի և Սահմանադրական դատարանի անդամների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում պաշտոնավարելու հնարավոր նախընտրությունների և անձնական սպասելիքների միջև` վտանգելով Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնման և բնականոն իրագործման` սահմանադրի կամքի անխոչընդոտ իրականացումը:

5.11. Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով Սահմանադրական դատարանի անկախության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդման մասով Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

2018 թվականի ապրիլի 9-ից` Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահից, Սահմանադրական դատարանում պաշտոնավարող բոլոր 8 անդամների, այդ թվում` Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման սահմանադրական հիմքը եղել է Սահմանադրության 213-րդ հոդվածը, քանի որ այս հոդվածով էր նախատեսված մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը:

Մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի 2020 թվականի փոփոխությունը Սահմանադրական դատարանի` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված անդամները շարունակել են պաշտոնավարել Սահմանադրության 213-րդ հոդվածի հիման վրա, այսինքն` Սահմանադրության այնպիսի դրույթի, որը դասվում էր Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթների շարքին: Այսինքն` Սահմանադրության 213-րդ հոդվածի հիմքով պաշտոնավարող Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքը նախատեսված էր Սահմանադրության այնպիսի հոդվածով, որը կարող էր փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը գործող Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումը չէր կարող ապահովել Սահմանադրական դատարանի անհրաժեշտ անկախությունը քաղաքական իշխանությունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում օրենսդիր և գործադիր իշխանությունները իրականացվում են նույն` Ազգային ժողովում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ղեկավարությամբ: Այս պայմաններում Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական ժողովրդավարության համար անհրաժեշտ օրենսդիր և գործադիր իշխանությունների սահմանադրական հակակշիռ, ուներ ինստիտուցիոնալ, ներառյալ` կազմավորման, արտաքին միջամտություններից պաշտպանության և անկախության երաշխիքների առավել կայուն սահմանադրական հիմքերի անհրաժեշտություն:

Մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր անդամների, որոնք 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների պահին կազմում էին Սահմանադրական դատարանի ընդհանուր կազմի յոթ իններորդը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնավարման 12 տարի ժամկետից ավել պաշտոնավարումը պայմանավորված էր Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի հայեցողությամբ: Ավելին, Սահմանադրական դատարանի նախագահը, նշանակված լինելով 2005 թվականի Սահմանադրության համաձայն, այլ ոչ` ընտրված Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, որպես Սահմանադրական դատարանի նախագահ պաշտոնավարում էր Սահմանադրության նույն` նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածի հիմքով:

Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի կարգավիճակի և պաշտոնավարման կայուն սահմանադրական հիմքը նրա, ինչպես և Սահմանադրական դատարանի անկախության անկյունաքարային գործոն է: Սահմանադրության նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածով նախատեսված և Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի պաշտոնավարման ժամկետից ավել ժամկետ նախատեսող դրույթը միաժամանակ եղել է Ազգային ժողովի իրավասության տիրույթում գտնվող հարց, ինչը չէր կարող ապահովել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախությունն այն աստիճան, որը Սահմանադրական դատարանը ձեռք է բերել Սահմանադրության 2020 թվականի փոփոխությամբ:

2020 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններով` Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը չէր լրացել, Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման չլրացած ժամկետի, իսկ Սահմանադրական դատարանի նախագահը` իր պաշտոնավարման ողջ ժամկետի մասով պաշտոնավարելու են Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված ժամկետով, որի փոփոխությունն այլևս դուրս է Ազգային ժողովի իրավասությունից և վերապահված է բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդին` ինչպես և հարիր է սահմանադրական ժողովրդավարությունում Սահմանադրության գերակայությունն ապահովելու առաքելություն ունեցող Սահմանադրական դատարանին:

Այսպիսով, Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունները համակարգային իմաստով հանգեցրել են արդյունքի, որով`

ա) Սահմանադրական դատարանում պաշտոնավարող բոլոր դատավորները պաշտոնավարում են հավասար ժամկետով և կարգավիճակով,

բ) Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանադրական հիմքը` 166-րդ հոդվածի 1-ին մասը, դուրս է Ազգային ժողովի փոփոխելու իրավասությունից և կարող է փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից` հանրաքվեի միջոցով,

գ) Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորությունը` որպես Սահմանադրական դատարանի անկախության լրացուցիչ երաշխիք, իրականացվել է Սահմանադրական դատարանի կողմից` համեմատ նախկինում Ազգային ժողովի կողմից նշանակվելու տարբերակի,

դ) Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանադրական հիմքը` 166-րդ հոդվածի 2-րդ մասը, դուրս է Ազգային ժողովի իրավասությունից և կարող է փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից` հանրաքվեի միջոցով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով Ազգային ժողովն ամբողջությամբ սպառել է Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և պաշտոնավարող անդամների և նախագահի պաշտոնավարման ժամկետների նկատմամբ իր սահմանադրական լիազորությունը` Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների կարգավորումը տեղափոխելով բացառապես Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսված առավել կայուն սահմանադրական իրավադրույթների գործողության տիրույթ, որոնք կարող են փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից:

5.12. Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Սահմանադրության 213-րդ հոդվածի` 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած փոփոխությամբ դրույթները դրա կիրառման համար պատասխանատու հանրային իշխանության բոլոր մարմինների կողմից ի կատար են ածվել ամբողջությամբ: Մասնավորապես, ի կատարումն Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածի`

ա) 3-րդ մասի` Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ,

բ) 3-րդ մասի` Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներին Ազգային ժողովն ընտրել է Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնք Ազգային ժողովի նիստի ընթացքում իրենց երդումները տալով` անցել են իրենց սահմանադրական լիազորությունների կատարմանը,

գ) 4-րդ մասի` Սահմանադրական դատարանն ընտրել է Սահմանադրական դատարանի նախագահ:

5.13. Ամփոփելով Սահմանադրական դատարանը Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունը գնահատում է որպես Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախությունն ամրապնդելու, Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև միայն հանրաքվեով փոփոխության ենթակա սահմանադրական դրույթների հիմքով կարգավիճակների և պաշտոնավարման հավասարությունն ապահովելու, Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահին ընտրելու միջոցով անկախության և ինքնավարության ամրապնդմանն ուղղված և Սահմանադրական դատարանի` իշխանության բոլոր ճյուղերի կողմից ուղղակի մասնակցությամբ ձևավորված լինելու բերումով իր ժողովրդավարական լեգիտիմության և իր նկատմամբ հանրային վստահության աստիճանն ամրապնդելու անհրաժեշտ միջոց:

Միաժամանակ, այս անհրաժեշտ փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելու առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությանը չներկայացնելու պայմանները բավարարում են Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր վերահսկողության կանոնից ողջամիտ բացառության` Սահմանադրական դատարանի կողմից վերը սահմանված պայմանները:

5.14. Դիմողի կողմից բարձրացված` Կանոնակարգում կատարված փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահին լիազորություններից զրկելու առնչությամբ Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնարար երաշխիք է, որը թույլ է տալիս կյանքի կոչել Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական և իրավական պետություն հանդիսանալու սահմանադրի հրամայականը:

Սահմանադրական դատարանը, ընդգծելով, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը խորհրդարանական հանրապետությունում սահմանադրական կարգի հիմնաքարային սկզբունքներից է, այդուհանդերձ արձանագրում է, որ այն իրացվում է նախագահական և կիսանախագահական հանրապետությունների կառավարման ձևերից տարբերվող մոդելով:

Սահմանադրությամբ նախատեսված մարմինների շարքում պետության գլխի լիազորությունների ծավալը պայմանավորված է տվյալ պետության կառավարման ձևով: Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով խորհրդարանական կառավարման մոդելի անցում կատարելու արդյունքում Հանրապետության նախագահն օժտվեց սահմանադրական նոր կարգավիճակով:

Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1518 որոշմամբ բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում Հանրապետության նախագահի կարգավիճակի բնութագիրը` արձանագրելով, մասնավորապես. «Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ` Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:

Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը` Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ` Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը` օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով:

4.2. Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով սահմանադիրը նրան վերապահել է համարժեք լիազորություններ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար սպառիչ ամրագրել է Սահմանադրությամբ` օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում դրանց իրականացումը կանոնակարգելը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խորհրդարանի կողմից ընդունված որևէ իրավական ակտի ստորագրումն ու հրապարակումը պետության գլխի կողմից ինքնանպատակ չէ: Այն ուղղված է Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված գործառույթների իրականացման ապահովմանը և ուղեկցվում է Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան այլ լիազորություններով: Խորհրդարանի կողմից ընդունված իրավական ակտն ստորագրելու և հրապարակելու գործընթացում պետության գլխի ներգրավումը կարող է տեղավորվել մասնավորապես Սահմանադրության պահպանմանը հետևելու` վերջինիս գործառույթի իրականացման շրջանակում, եթե Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ միաժամանակ օժտված է այնպիսի լիազորություններով, որոնց համակցությունը գործնականում հնարավորություն է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ գործադրել զսպումների և հակակշիռների համակարգը:

Այսպես` Սահմանադրության 129-րդ հոդվածը նախատեսում է Հանրապետության նախագահի մասնակցությունն Ազգային ժողովի ընդունած օրենքը գործողության մեջ դնելու գործընթացում: Այդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումից հետևում է, որ Ազգային ժողովի կողմից որևէ օրենք ընդունվելուց հետո այն պետք է ուղարկվի Հանրապետության նախագահին, որին սահմանադիրը վերապահել է հայեցողական լիազորություն. վերջինս կարող է Ազգային ժողովի ընդունած օրենքն ստորագրել և հրապարակել կամ Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Սահմանադրական դատարան կամ որևէ գործողություն չկատարել: Այսինքն` վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերով օժտված Հանրապետության նախագահը նաև իրավասու է նախքան Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի ստորագրելը և հրապարակելն անհրաժեշտության դեպքում այդ օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Սահմանադրական դատարան` առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով` նպատակ ունենալով կանխել հակասահմանադրական օրենքների գործողության մեջ դրվելը: Այսինքն` սահմանադիրը նախատեսել է օրենքները Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու լիազորությունը` միաժամանակ նախատեսելով նաև տրամաբանորեն դրա հետ համակարգային առումով փոխկապակցված մեկ այլ լիազորություն` Սահմանադրական դատարան դիմելը: Փաստորեն, Ազգային ժողովի ընդունած օրենքի ստորագրումը և հրապարակումը Հանրապետության նախագահի կողմից չի կրում սոսկ արարողակարգային բնույթ. այն Հանրապետության նախագահին վերապահված` կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության լիազորություններից է` կոչված ապահովելու Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացումը:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորության առկայության հարցին` Սահմանադրական դատարանն առաջին հերթին արձանագրում է, որ այն ներառված չէ Սահմանադրության 129-րդ հոդվածի կարգավորման առարկայում, և Հանրապետության նախագահի կողմից օրենքներն ստորագրելու լիազորությունը չի ենթադրում վերջինիս կողմից նաև Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորության առկայություն: Սահմանադրական դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադիրը հստակ տարբերակել է «Սահմանադրության փոփոխություններ» և «օրենք» հասկացությունները: Մասնավորապես` Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետում, 169-րդ հոդվածի 2-րդ մասում, 202-րդ հոդվածի 3-րդ մասում, 209-րդ հոդվածի 1-ին մասում, 210-րդ հոդվածի վերնագրում («Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին») սահմանադիրը գործածել է «Սահմանադրության փոփոխություններ» բառակապակցությունը` անգամ որոշ դեպքերում միևնույն դրույթում զուգահեռաբար գործածելով նաև «օրենք» բառը: Հետևաբար` այդ հասկացությունները բովանդակային առումով չեն կարող նույնացվել, դրանցից որևէ մեկն իմաստային առումով չի կլանում մյուսին, ուստի Սահմանադրության փոփոխությունները չեն տեղավորվում Սահմանադրության իմաստով»օրենք» հասկացության իմաստային ծավալի մեջ, որպիսի հիմքով և չեն տեղավորվում Սահմանադրության 129-րդ հոդվածով` Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների շրջանակի մեջ:

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1518 որոշմամբ վերլուծել է կառավարման խորհրդարանական ձևի շրջանակներում Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակը` մասնավորապես արձանագրելով, որ. «Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են: Ոչ ինքնուրույն լիազորություններն իրականացվում են կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այսպես`

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

ա) Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակելը (Սահմանադրության 93-րդ հոդված),

բ) Կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված),

գ) պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը (Սահմանադրության 138-րդ հոդված),

դ) Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում նշանակումներ կատարելը (Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),

ե) վարչապետ նշանակելը (Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասեր),

զ) Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջադրելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),

է) հանրաքվե նշանակելը (Սահմանադրության 206-րդ հոդվածի առաջին նախադասություն):

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ հայեցողական լիազորությունները.

ա) իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելը (Սահմանադրության 128-րդ հոդված),

բ) Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրելը և հրապարակելը կամ Ազգային ժողովի ընդունած օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը կամ որևէ գործողություն չկատարելը (Սահմանադրության 129-րդ հոդված),

գ) Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը (Սահմանադրության 131-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

դ) արտաքին քաղաքականության բնագավառում` միջազգային պայմանագրեր կնքելը, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին նշանակելը և հետ կանչելը, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերն ընդունելը, վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելը, կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը, բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 132-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ե) զինված ուժերի բնագավառում` զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելը և ազատելը, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելը (Սահմանադրության 134-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

է) դատապարտյալներին ներում շնորհելը (Սահմանադրության 135-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ը) Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելը և պատվավոր կոչումներ շնորհելը (Սահմանադրության 136-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

թ) բարձրագույն դասային աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 137-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժա) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն, 4-րդ մասի առաջին նախադասություն, 6-րդ մաս և 7-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժբ) փոխվարչապետներին և նախարարներին նշանակելը (Սահմանադրության 150-րդ հոդվածի երրորդ նախադասություն) կամ Սահմանադրության 150-րդ հոդվածի հինգերորդ նախադասությամբ սահմանված այլընտրանքային լիազորությունը»:

Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանող վերը նշված սահմանադրական նորմերի վերլուծության հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ: Ընդ որում, նման իրավակարգավորման հիմքում սահմանադիրը դրել է որոշակի տրամաբանություն: Սահմանադրական դատարանն այս համատեքստում արձանագրում է, որ ի տարբերություն Ազգային ժողովի ընդունած օրենքները ստորագրելու Հանրապետության նախագահի լիազորության` Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ որևէ ուղեկցող լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ: Սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ նախնական սահմանադրական վերահսկողության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ օժտված է այլ սուբյեկտ, այն է` Ազգային ժողովը, այն էլ միայն Սահմանադրության փոփոխությունից առաջ (Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մաս` փոխկապակցված 168-րդ հոդվածի 2-րդ կետի հետ): Նման պայմաններում Հանրապետության նախագահի` Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու լիազորությունը կրելու էր միայն արարողակարգային բնույթ, և սահմանադիրը հրաժարվել է այդ լիազորությունը սահմանադրորեն ամրագրելուց:

Փաստորեն սահմանադիրը Սահմանադրության փոփոխությունները գործողության մեջ դրվելու հանգամանքը չի պայմանավորել ընդունվելուց հետո այդ փոփոխությունների` հանրային իշխանության որևէ այլ մարմնի կողմից հավանության արժանանալու կամ որևէ պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու գործընթաց անցնելու հանգամանքով: Ընդ որում, նշված մոտեցումը պայմանավորված չէ Սահմանադրությունում փոփոխությունների ընդունման այս կամ այն եղանակով: Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե ինչ եղանակով են ընդունվում Սահմանադրության փոփոխությունները (ժողովրդի կողմից` հանրաքվեի միջոցով, թե՞ Սահմանադրությունում որոշ փոփոխություններ կատարելու իրավասությամբ օժտված Ազգային ժողովի կողմից), դրանք ընդունվելուց հետո չեն անցնում որևէ անձի, այդ թվում` Հանրապետության նախագահի կողմից ստորագրման գործընթաց:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ այս ուղղությամբ են զարգացել նաև օրենսդրական կարգավորումները: Այսպես` Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու կապակցությամբ անցկացվող հանրաքվեի արդյունքներն ամփոփվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և եթե վերջինս ընդունում է հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունների ընդունման մասին որոշում, որով ըստ էության միայն փաստագրում է հանրաքվեի արդյունքները («Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս), ապա այդ որոշման հրապարակմանը հաջորդում է Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» (եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Սահմանադրական դատարան), որից հետո Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում (»Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդված): Համանման կարգավորում էլ սահմանվել է Կանոնակարգում կատարված փոփոխությունների արդյունքում` վերացնելով Սահմանադրությունում որոշ փոփոխություններ ընդունելու իրավասությամբ օժտված Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները (որն ըստ էության սահմանադիր գործառույթի իրականացում է) Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու և հրապարակելու պահանջը: Ընդ որում, հատկանշական է, որ կատարված փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի նախագահը ոչ թե ստորագրում, այլ միայն հրապարակում է Սահմանադրության փոփոխությունները` ընդամենը ապահովելով Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ըստ էության սահմանադիր գործառույթ իրականացնող Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների` հանրությանը հասանելի դառնալը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, ինչպես նաև 86-րդ հոդվածի 7-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորություն, համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

29 ապրիլի 2021 թվականի

ՍԴՈ-1590

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 3 մայիսի 2021 թվական:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1590 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշմամբ որոշել է. «1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը»:

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումից տարբերվող հետևյալ դիրքորոշումները.

1. Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման 3-րդ կետում գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքների տրամաբանությունից և գործում առկա նյութերի վերլուծությունից, մասնավորապես, հետևում է, որ Ազգային ժողովը Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ընդունման և գործողության մեջ դնելու հարցի լուծումը պայմանավորել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ` Ազգային ժողովի կանոնակարգ) 86-րդ հոդվածի 7-րդ մասում և 5-րդ հոդվածի 2-րդ մասում համապատասխան փոփոխություններ ու լրացում կատարելու մասին օրինագծի ընդունման և ուժի մեջ մտնելու պայմանով: Ընդ որում` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 22-ին քննարկվել, քվեարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ, ապա քննարկվել երկրորդ ընթերցմամբ, այնուհետև քվեարկության է դրվել այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը քվեարկության արդյունքներով չի ընդունվել, և դրանից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքը 2020 թվականի հունիսի 24-ին ստորագրելուց և հրապարակվելուց հետո Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունները Ազգային ժողովի նախագահի կողմից հրապարակվել են 2020 թվականի հունիսի 26-ին և ուժի մեջ են մտել հրապարակման պահից:

Սակայն հաշվի առնելով քննության առարկա հիմնախնդրի էությունն ու բովանդակային նշանակությունը` կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում պետք է պարզեր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, ինչպիսիք են`

Ա. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի և 169-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի կողմից իրականացվող օրենսդրական գործընթացի բաղկացուցիչ մասն է կազմում: Դա նշանակում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պարտադիր և նախնական սահմանադրական վերահսկողության ենթակա օբյեկտ է, որը բխում է Սահմանադրության հիշյալ հոդվածների իրավակարգավորումների պահանջներից:

Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման համար սահմանված ընթացակարգերը, այդ թվում` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան դիմելը կարգավորվում են Ազգային ժողովի կանոնակարգով, որը Սահմանադրության նորմերի հիման վրա և դրանց պահանջների պահպանմամբ միավորում ու համակարգում է խորհրդարանի ներքին կառուցվածքը և գործունեության ընթացակարգերը սահմանող նորմերն ու կանոնները:

Հետևաբար` Սահմանադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի քվեարկության արդյունքներով չընդունվելու դեպքում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգի 68-րդ և 85-րդ հոդվածների պահանջների տրամաբանության շրջանակում շրջանառությունից պետք է հանվեր և ոչ թե քննության առարկա դիտարկվեր օրենսդրական հաջորդ գործընթացի` երկրորդ ընթերցմամբ քննարկվելու ընթացակարգում:

Բ. Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ընդունվել են այն ընթացակարգով, որը պետք է նախատեսվեր 2020 թվականի հունիսի 24-ին ստորագրված և ուժի մեջ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքով:

Չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ են մտել Ազգային ժողովի նախագահի կողմից հրապարակման օրվանից` 2020 թվականի հունիսի 26-ից, այդուհանդերձ այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել միայն Ազգային ժողովի կողմից ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու պահից հետո:

Սակայն ձևական առումով կարելի է հիշյալ գործընթացը իրավաչափ համարել օրենսդրական նախագծերի փաթեթի շրջանակում, բայց Սահմանադրության փոփոխությունների ընդունումը պայմանավորել Ազգային ժողովի կանոնակարգում կատարված փոփոխություններն ընդունելու պայմանով, կարծում եմ, անհամատեղելի է հենց քննարկվող իրավական նորմերի աստիճանակարգության տեսանկյունից:

Գ. Սահմանադրական գործընթացի շրջանակում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը ենթադրում է նման ակտերին ներկայացվող առնվազն այնպիսի տարրի առկայություն, ինչպիսին է այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու վերաբերյալ անցումային դրույթների նախատեսումը, որը հնարավորություն է տալիս օրենքները համակարգային առումով համապատասխանեցնելու Սահմանադրության փոփոխություններին:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել սահմանադրական և օրենսդրական առանձին կարգավորումների միջև տրամաբանական կապի բացակայությունը: Այսպես` որպես կանոն Սահմանադրության նորմերը որոշակիացվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը բացառիկ է իր իրավակարգավորումների նշանակությամբ, ինչպես նաև Սահմանադրության 167-րդ հոդվածի շրջանակում, որի 3-րդ մասով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով` 213-րդ հոդված 1-ին մասի ուժով` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամներ նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված և պաշտոնավարումը` դադարած` այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից` 2020 թվականի հունիսի 26-ից:

Բայց Սահմանադրության նույն 167-րդ հոդվածի տրամաբանության շրջանակում` եթե Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ են մտել հրապարակման պահից` 2020 թվականի հունիսի 26-ից, ապա Սահմանադրության այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հիշյալ դրույթն ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 30-ի ՀՕ-376-Ն սահմանադրական օրենքով, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 22-ին հրապարակման պահից:

Այսինքն` Սահմանադրության փոփոխությունների և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համապատասխան կարգավորումների միջև բովանդակային անհամապատասխանությունն ինքնին ենթադրում էր որոշակի անցումային դրույթների սահմանում, այդ թվում` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալու կամ լիազորությունների ժամկետը ավարտվելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի լիազորությունների դադարման հիմքերի միջև սահմանադրորեն որոշակի երաշխիքներ նախատեսնելու և գործառնական հավասարակշռություն ապահովելու տեսանկյունից:

2. Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման 4-րդ կետում սահմանադրաիրավական վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցադրումների շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևորել է մասնավորապես հետևյալը. «(...) արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ենթակա է պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության և, արդյո՞ք Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման ընդունումը նշված գործընթացն ապահովելու առումով անհրաժեշտ և արդյունավետ միակ իրավական ընթացակարգն է»:

Անհրաժեշտ է նկատել, որ նշված հարցադրման առաջին մասի տրամաբանությունից բխում է, որ Սահմանադրական դատարանը սահմանադրաիրավական վեճի լուծումը պայմանավորում է այնպիսի հարցի առաջադրմամբ, որի պատասխանը ամրագրված է հենց Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետում, այն է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Սահմանադրական դատարանը որոշում է դրա համապատասխանությունը Սահմանադրությանը:

Ավելին, գործի համար էական նշանակություն ունեցող ներկայացված հարցադրման երկրորդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանը կասկածի տակ է դնում Ազգային ժողովի կողմից մինչև Սահմանադրության փոփոխության նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու հանգամանքը` որպես «անհրաժեշտ և արդյունավետ միակ իրավական ընթացակարգ», ինչը` նշված տրամաբանությամբ պայմանավորված, նշանակում է, որ կարող է նաև լինել այլ ընթացակարգ, որը սակայն դա ուղղակիորեն չի բխում հենց Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման 4-րդ կետում սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանը կարևորել է գործի համար էական նշանակություն ունեցող հաջորդ հարցադրումը, որ` «Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների` ստորագրման և հրապարակման կառուցակարգ չնախատեսելը համահո՞ւնչ է արդյոք Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին» այն դեպքում, երբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահի նման լիազորություն սահմանող նորմերն ուժը կորցրած են ճանաչվել:

Ներկայացված հարցադրման նշանակությունից և քննության առարկա նորմերի բովանդակությունից անհրաժեշտ է ենթադրել, որ գործի համար էական նշանակություն պետք է ունենար հետևյալ հարցադրումը, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը համահո՞ւնչ է արդյոք Ազգային ժողովի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին: Դա պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ գործի քննության շրջանակում վիճարկվել էր Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասի հետևյալ դրույթը. «Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է»:

Այսինքն` հաշվի առնելով քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ Սահմանադրության տրամաբանությանը հակասող հարցադրումների նշանակությունը` կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը սույն գործի էական նշանակություն ունեցող հարցադրումների շրջանակում առաջնորդվել է` ոչ թե Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի սահմանադրականության որոշման սկզբունքով, այլ Ազգային ժողովի կանոնակարգի վիճարկվող նորմերի հիմնավորվածության կանխավարկածով:

Ելնելով նշվածից` կարծում եմ, որ բովանդակային առումով և նշանակությամբ հենց այս խնդրահարույց հարցադրումների հիման վրա է կառուցվել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման իրավավերլուծական շարադրանքը (5.1-5.14 կետեր), ինչը հանգեցրել է այն մտքին, որ 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների նա սահմանադրականության հարցով պարտադիր նախնական վերահսկողություն չիրականացնելը և Սահմանադրությամբ Ազգային ժողովի համապատասխան լիազորության բացակայության պարագայում` Ազգային ժողովի նախագահի կողմից Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը իրավաչափ են, և այդ հիմնավորմամբ պայմանավորված` Ազգային ժողովի կանոնակարգի քննության առարկա նորմերը ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող:

3. Անդրադառնալով վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին` անհրաժեշտ է նկատել, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման 5.1-5.13 կետերում բերված գնահատականները առավելապես վերաբերում են ոչ թե Ազգային ժողովի կանոնակարգի քննության առարկա նորմերի սահմանադրականության հարցի որոշմանը, այլ Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններին, և տպավորությունն այնպիսին է, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման իրավավերլուծական շարադրանքը վերաբերում է այդ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությանը և հիմնավորումների կարևորությանը: Մասնավորապես, խոսքն այնպիսի արձանագրումների մասին է, ինչպիսիք են`

ա) «կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն միջամտել և փոփոխել Սահմանադրության անփոփոխելի դրույթների և (...) դրույթների բովանդակությունը» (կետ 5.9),

բ) կատարված փոփոխությունները «ապահովելով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմի համալրմանը մասնակից բոլոր մարմինների ներգրավվածությունը` որպես Սահմանադրական դատարանի ժողովրդավարական լեգիտիմության բարձրացման գործոն» (կետ 5.9),

գ) «մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը գործող Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումը չէր կարող ապահովել Սահմանադրական դատարանի անհրաժեշտ անկախությունը քաղաքական իշխանությունից» (կետ 5.11),

դ) «Սահմանադրության նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածով նախատեսված և Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի պաշտոնավարման ժամկետից ավել ժամկետ նախատեսող դրույթը միաժամանակ եղել է Ազգային ժողովի իրավասության տիրույթում գտնվող հարց, ինչը չէր կարող ապահովել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախությունն այն աստիճան, որը Սահմանադրական դատարանը ձեռք է բերել Սահմանադրության 2020 թվականի փոփոխությամբ» (կետ 5.11),

ե) «Սահմանադրական դատարանը Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունը գնահատում է որպես Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախությունն ամրապնդելու, Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև միայն հանրաքվեով փոփոխության ենթակա սահմանադրական դրույթների հիմքով կարգավիճակների և պաշտոնավարման հավասարությունն ապահովելու, Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահին ընտրելու միջոցով անկախության և ինքնավարության ամրապնդմանն ուղղված և Սահմանադրական դատարանի` իշխանության բոլոր ճյուղերի կողմից ուղղակի մասնակցությամբ ձևավորված լինելու բերումով իր ժողովրդավարական լեգիտիմության և իր նկատմամբ հանրային վստահության աստիճանն ամրապնդելու անհրաժեշտ միջոց» (կետ 5.13) և այլն:

Այս հիմնավորումներով պայմանավորված` կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման պատճառաբանական մասի կարգավորումների հիմքում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված` Սահմանադրական դատարանի որոշումներին ներկայացվող պահանջները:

4. Միաժամանակ, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման 5-րդ բաժնում Սահմանադրական դատարանի դիրքորոշումների տրամաբանությունից և գործում առկա նյութերի վերլուծությունից, մասնավորապես, հետևում է, որ որոշման պատճառաբանական մասում օգտագործվել են այնպիսի եզրույթներ կամ բառակապակցություններ, որոնք առնվազն գնահատման կարիք ունեն` նշելով գնահատման իրավական պարամետրերը (չափացույցները), կամ պետք է բացահայտվի դրանց իրավական բովանդակությունն ու նշանակությունը: Դրանցից են, օրինակ` ա) «(...) Սահմանադրական դատարանի ժողովրդավարական լեգիտիմություն բարձրացման գործոն», բ) «(...) Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության աստիճան», գ) «(...) սահմանադրական արդարադատությունը Սահմանադրական դատարանի դատավորների անհատական շահերին ծառայեցնելու մտահոգությամբ», դ) «Սահմանադրական դատարանի անկախությունը քաղաքական իշխանությունից», դ) «Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրականության անկախ և անկողմնակալ պահապան» և այլն:

Իսկ առանձին նույնաբովանդակ հասկացություններ օգտագործվել են Ազգային ժողովում 2020 թվականի հունիսի 19-ին շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման հիմնավորումների և հարակից փաստաթղթերի տեքստում: Մասնավորապես` 1) «Սահմանադրական դատարանի ժողովրդավարական լեգիտիմություն», 2) «Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահություն», 3) «Սահմանադրական դատարանի դատավորի անհատական շահ», 4) «Սահմանադրական դատարանի անկախությունը քաղաքական իշխանությունից» և այլն:

5. Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման 5.3-րդ կետում անդրադառնալով Սահմանադրության անփոփոխելի հոդվածների և Սահմանադրության 202-րդ հոդվածի իրավակարգավորումների համալիր վերլուծությանը` Սահմանադրական դատարանը կատարել է եզրահանգում, որ` «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է համապատասխանի` ա) Սահմանադրության փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում` Սահմանադրության անփոփոխելի դրույթներին (...), բ) Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով ընդունվելու դեպքում` Սահմանադրության անփոփոխելի դրույթներին (...)»:

Մինչդեռ անհրաժեշտ է արձանագրել, որ`

1) Սահմանադրության 203-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ «Սահմանադրության անփոփոխելի դրույթ» եզրույթի փոխարեն անհրաժեշտ էր օգտագործել «Սահմանադրության անփոփոխելի հոդվածներ կամ հոդվածների դրույթներ» բառակապակցությունն այն հիմնավորմամբ, որ Սահմանադրության 203-րդ հոդվածով անփոփոխելի են Սահմանադրության համապատասխան հոդվածները, և անփոփոխելիությունը վերաբերում է փոփոխման ոչ ենթակա հոդվածներին և ոչ թե այդ հոդվածների դրույթներին,

2) Սահմանադրության 1-ին, 2-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածների բովանդակությունից որևէ ձևով չի հետևում, որ Սահմանադրության փոփոխությունները պետք է համապատասխանեն միայն Սահմանադրության անփոփոխելի հոդվածների դրույթներին:

Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ազգային ժողովի կանոնակարգի վիճելի իրավակարգավորումների (հոդվ. 86) հիմքում նույնպես ընկած է այն գաղափարը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը գնահատվում է Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Այդուհանդերձ, սույն գործի էական նշանակություն ունեցող հարցադրումների շրջանակում` կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը նույնպես առաջնորդվել է ոչ թե Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի սահմանադրականության որոշման սկզբունքով, այլ Ազգային ժողովի կանոնակարգի վիճարկվող նորմերի հիմնավորվածության կանխավարկածով:

6. Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-1590 որոշման 5.4-րդ կետում, անդրադառնալով Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի և 169-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների վերլուծությանը, արտահայտում է հետևյալ իրավական դիրքորոշումները, որ` «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ենթակա է պարտադիր նախնական վերահսկողության», և «(...) Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումը Սահմանադրությամբ նախատեսված կանոն է, որին հետևելը սահմանադրական կարգի կայունության երաշխիք է, հնարավորություն է ընձեռում կանխել Սահմանադրության հիմքում ընկած սկզբունքներին և արժեքներին հակասող նորմերի ընդունումը և կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություն ընդունելիս տեղեկացված և հիմնավոր որոշում կայացնելու համար»:

Սակայն Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1590 որոշման 5.7-րդ և 5.8 կետերում արտահայտել է այլ իրավական դիրքորոշումներ, որոնք և՛ բովանդակային առումով, և՛ իրավական նշանակությամբ տարբերվում են որոշման 5.4-րդ կետում կատարված եզրահանգումներից մասնավորապես` ՍԴՈ-1590 որոշման 5.7-րդ կետում վերահաստատելով սահմանադրական փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության կանոնի անհրաժեշտությունը, սակայն բացառելով այն դեպքերի մասով, «(...) երբ այդ կանոնի կիրառումը կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության ինստիտուտի ներդրման նպատակներին հակառակ արդյունքի»:

Իսկ ՍԴՈ-1590 որոշման 5.8-րդ կետում Սահմանադրական դատարանը նշում է Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության «ողջամիտ բացառության» կանոնի վերաբերյալ, որը «(...) կարող է կիրառվել այն նպատակով, որ չխոչընդոտվի սահմանադրի ինքնիշխան կամքի իրագործումը` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու իրավասության իրացմամբ»:

Ներկայացված իրարամերժ դիրքորոշումների հիմնավորումները Սահմանադրական դատարանը պայմանավորել է այն մտահոգությամբ, որ` «(...) ողջամիտ բացառության անտեսումն ի զորու է (...) հարուցել իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերի և սահմանադրի` տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև բախումը կարող է հանգեցնել սահմանադրի (Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի)` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու իրավասության սահմանափակման` Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերը վեր դասելով սահմանադրի ինքնիշխան կամքի արտահայտման բարձր հանրային շահից» (կետ 5.8):

Սահմանադրական դատարանի հիշյալ դիրքորոշումների կապակցությամբ անհրաժեշտ է նկատել, որ նույն տրամաբանությամբ անտեսելով Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրական բարձր կարգավիճակը և առաքելությունը, և նույն տրամաբանությամբ կարող էր հարուցվել այնպիսի իրավիճակ, երբ Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններից հետո ձևավորված Սահմանադրական դատարանի նոր կազմի սուբյեկտիվ շահերը ևս բախվեին սույն որոշման ընդունմամբ հետապնդվող շահի հետ, և արդյունքում դա կհանգեցներ Ազգային ժողովի` Սահմանադրության փոփոխությունների ընդունմամբ պայմանավորված Ազգային ժողովի կանոնակարգի համապատասխան իրավակարգավորումներ ընդունելու իրավասության ենթադրյալ սահմանափակմանը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշմամբ` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության «ողջամիտ բացառության» կանոնի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները չեն բխում Սահմանադրության 6-րդ («Օրինականության սկզբունքը»), 162-րդ (»Արդարադատության իրականացումը»), 164-րդ (»Դատավորի կարգավիճակը») և 167-րդ (»Սահմանադրական դատարանը») հոդվածների բովանդակությունից և Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կարգավիճակն ու առաքելությունը սահմանող սահմանադրական նորմերի ու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համապատասխան իրավակարգավորումների արժեբանական նշանակությունից:

7. Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1590 որոշման 5.10-րդ կետում անդրադառնալով Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողության պարտադիրության բացառման անհրաժեշտության հարցին, արձանագրում է, որ «(...) օրենսդրի կողմից նման իրավիճակի կարգավորված չլինելը չի կարող ծառայել որպես թույլտվություն Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրական առաքելության իրականացման ընթացքում շահերի այնպիսի հնարավոր բախումների կենտրոնում հայտնվելու համար, որը սասանում է սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը` հանրության մոտ հիմնավոր կասկած հարուցելով սահմանադրական արդարադատությունը Սահմանադրական դատարանի դատավորների անհատական շահերին ծառայեցնելու մտահոգությամբ»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ «(...) սահմանադրական արդարադատությունը չի կարող պայմանավորվել և կախվածության մեջ դրվել Սահմանադրական դատարանի դատավորների` քննության առարկա հարցի նկատմամբ անձնական վերաբերմունքից և գործի ելքով սուբյեկտիվ շահագրգռվածությունից, քանզի Սահմանադրական դատարանը, հանդես գալով որպես սահմանադրական արդարադատության մասնագիտացված և միակ մարմինը Հայաստանի Հանրապետությունում, սահմանափակված է բացառապես Սահմանադրությամբ և կոչված է երաշխավորելու Սահմանադրության գերակայությունը»:

Հիշյալի կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Սահմանադրական դատարանի նման սահմանադրական առաքելության սահմաններում կասկածի տակ առնելով Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պարտականությունների կատարման առաքելությունը` այդուհանդերձ, հիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում իմաստազրկվում են դատավորի սահմանադրաիրավական կարգավիճակը և դրա տարրերը, մասնավորապես, «(...) Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց» («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք, հոդվ. 14, մաս 2, կետ 3), կամ «(...) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների` իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն» (»Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք, հոդվ. 14, մաս 2, կետ 5) և այլն:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի հիշյալ դիրքորոշումների պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաև սահմանելու իրավական նոր չափորոշիչներ` սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահության և Սահմանադրական դատարանի դատավորների անհատական շահերին ծառայեցնելու մտահոգությամբ պայմանավորված հանրության կասկածները գնահատելու տեսանկյունից: Հակառակ դեպքում այդ իրավական մոտեցումները կրելու են հռչակագրային բնույթ:

8. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Ազգային ժողովի կանոնակարգի վիճելի իրավակարգավորումների` 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի և 86-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցին, կատարել է եզրահանգում, որ. «Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ:» (կետ 5.14):

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1518 որոշմամբ անդրադառնալով Հանրապետության նախագահի կարգավիճակի հիմնախնդիրներին, արձանագրել է, մասնավորապես. «Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով սահմանադիրը նրան վերապահել է համարժեք լիազորություններ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար սպառիչ ամրագրել է Սահմանադրությամբ` օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում դրանց իրականացումը կանոնակարգելը»:

Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Հանրապետության նախագահի` որպես վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերակատարությանը, արձանագրել է, որ այդ դերը «(...) հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը` օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով»:

Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1590 որոշման 5.14-րդ կետում արձանագրել է, որ` «(...) խորհրդարանի կողմից ընդունված որևէ իրավական ակտի ստորագրումն ու հրապարակումը պետության գլխի կողմից ինքնանպատակ չէ: Այն ուղղված է Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված գործառույթների իրականացման ապահովմանը և ուղեկցվում է Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան այլ լիազորություններով: Խորհրդարանի կողմից ընդունված իրավական ակտն ստորագրելու և հրապարակելու գործընթացում պետության գլխի ներգրավումը կարող է տեղավորվել մասնավորապես Սահմանադրության պահպանմանը հետևելու` վերջինիս գործառույթի իրականացման շրջանակում, եթե Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ միաժամանակ օժտված է այնպիսի լիազորություններով, որոնց համակցությունը գործնականում հնարավորություն է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ գործադրել զսպումների և հակակշիռների համակարգը»:

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորության հարցին, կատարում է հետևյալ եզրահանգումը, որ` «(...) այն ներառված չէ Սահմանադրության 129-րդ հոդվածի կարգավորման առարկայում, և Հանրապետության նախագահի կողմից օրենքներն ստորագրելու լիազորությունը չի ենթադրում վերջինիս կողմից նաև Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորության առկայություն»:

Հիշյալ հարցադրման շրջանակում անհրաժեշտ է նկատել, որ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման համաձայն` Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Վիճելի իրավակարգավորումների և Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1518 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի և 123-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից կարելի է առանձնացնել հետևյալ մոտեցումները.

1) եթե Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են միայն Սահմանադրությամբ, ապա Հանրապետության նախագահն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով իրականացնում է իր գործառույթները,

2) եթե Ազգային ժողովի լիազորությունների համատեքստում Ազգային ժողովի նախագահին Սահմանադրությամբ` Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների և օրենքի ստորագրման և հրապարակման լիազորություն վերապահված չի (բացառությամբ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի), ապա Հանրապետության նախագահն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը,

3) Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթն իրականացնում է պետության գլխի սահմանադրական կարգավիճակին բնորոշ տարրերի համակցությամբ,

4) Սահմանադրության պահպանումն ենթադրում է նաև Սահմանադրության 202-րդ հոդվածի իրավակարգավորումների պահանջների պահպանմամբ Սահմանադրության ընդունման և Սահմանադրության փոփոխությունների կատարմանը հետևելը,

5) Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթն ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն` մասնակից դառնալով սահմանադրական գործողություններին, այդ թվում` ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) գնահատելու միջոցով,

6) Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախաձեռնումը, քննարկումը և ընդունումը Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորություն է,

7) Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը Սահմանադրության 202-րդ հոդվածի իրավակարգավորումների պահանջների պահպանման համատեքստում ենթադրում է Սահմանադրության պահպանում, որին հետևելու գործառույթը Սահմանադրությամբ վերապահված է Հանրապետության նախագահին:

Այսպիսով ընդհանրացնելով` կարելի է կատարել հետևյալ եզրահանգումը, որ Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը չի կարող վերապահվել Ազգային ժողովի նախագահին, քանի որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են միայն Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրությամբ Ազգային ժողովի լիազորությունների համատեքստում Ազգային ժողովի նախագահին Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների և օրենքի ստորագրման և հրապարակման լիազորություն վերապահված չէ, բացառությամբ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

Ամփոփելով կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 86-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 86-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչելու Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 88-րդ հոդվածի 4-րդ մասին, 168-րդ հոդվածի 2-րդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, 202-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

 

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ         Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ» ՍԴՈ-1590 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2021 թվականի ապրիլի 29-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը` Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը (ՍԴՈ-1590):

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ստորև ներկայացնում ենք հատուկ կարծիք` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի մայիսի 3-ին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանի ստորագրությամբ հրապարակված ՍԴՈ-1590 որոշման տեքստը(1) բովանդակային առումով տարբերվում է 2021 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանի կողմից ընդունված ՍԴՈ-1590 որոշման տեքստից (2021 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման նախագծի տեքստը կցվում է` Հավելված N 2)` սույն հատուկ կարծիքը ներկայացնում ենք` հիմք ընդունելով 2021 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից քվեարկված և ընդունված ՍԴՈ-1590 որոշման տեքստը(2):

 

________________________________

1) https://www.concourt.am/armenian/decisions/common/2021/pdf/sdv-1590. pdf

2) Հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից (Հ. Թովմասյան, Ա. Պետրոսյան) հատուկ ընդգծվել է. Սահմանադրական դատարանի դատավորների կողմից քվերակված և ընդունված ՍԴՈ-1590 որոշման տեքստը ստորագրելիս չի կարող փոփոխվել, բացի քերականական շտկումների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ներկայացված և ընդունված երկու առաջարկության` տեքստի պատճառաբանական մասից հանել Սահմանադրական դատարանի դատավորների անուն ազգանունները, ինչպես նաև կատարել ժխտական մեկ մասնիկի վրիպման ուղղում:

 

1. Դիմումի ընդունելիության և գործի դատաքննության նախապատրաստելու ընթացքում թույլ տրված խախտումները

 

Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումը (այսուհետ` նաև դիմում) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի օգոստոսի 18-ին:

Դիմումի ընդունելիության և գործի դատաքննության նախապատրաստելու ընթացքում թույլ են տրվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի խախտումներ:

2020 թվականի օգոստոսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը նախնական ուսումնասիրման նպատակով դիմումը մակագրել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանին, Վահե Գրիգորյանին և Արման Դիլանյանին:

Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի համաձայն` «դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան հետևյալ ժամկետներում.

1) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում... նշված գործերով դիմումներինը` 30-օրյա ժամկետում,

2) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի... 75-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով դիմումներինը` 20-օրյա ժամկետում»:

Իսկ Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետի համաձայն` «դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետները երկարաձգելու նպատակով մինչև սահմանված ժամկետները լրանալը Սահմանադրական դատարանի` դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող դատավորը միջնորդություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահին` դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանի նախագահը հաշվի է առնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետը»:

2020 թվականի սեպտեմբերի 7-ին դիմումի նախնական ուսումնասիրում իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը համատեղ միջնորդություն են ներկայացրել` անհրաժեշտությունից ելնելով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Սակայն Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը որոշակի չեն նշել, թե այդ անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված:

Հիմք ընդունելով հիշյալ միջնորդությունը` Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՆՈ-82 որոշմամբ դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Աշոտ Խաչատրյանը ՍԴՆՈ-82 որոշմամբ փաստել է, որ ժամկետը երկարաձգում է` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

2020 թվականի սեպտեմբերի 29-ին դիմումի նախնական ուսումնասիրում իրականացնող Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը կրկին միջնորդություն է ներկայացրել` անհրաժեշտությունից ելնելով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ: Արման Դիլանյանը կրկին որոշակի չի նշել, թե այդ անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված:

Հիմք ընդունելով վերոհիշյալ միջնորդությունը` Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴՆՈ-88 որոշմամբ դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ(3): Աշոտ Խաչատրյանը ՍԴՆՈ-88 որոշմամբ նշել է, որ ժամկետը երկարաձգում է` ելնելով անհրաժեշտությունից: Այսինքն, ի տարբերություն ՍԴՆՈ-82 որոշման, այս դեպքում չի որոշակիացրել, թե այդ անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված:

 

___________________________________

3) Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը նույն օրը` 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, հրավիրել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ` օրակարգում ներառելով նաև Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Հիշյալ աշխատակարգային նիստը հրավիրելու մասին Սահմանադրական դատարանի դատավորները ծանուցվել են 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, այսինքն` նույն օրը, երբ ստորագրվել է ՍԴՆՈ-88 որոշումը:

 

Սահմանադրական դատարանի աշխատակարգի 30-րդ կետի համաձայն` «դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորը դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմում է հաղորդում գործը քննության ընդունելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ»:

2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիմումի նախնական ուսումնասիրում իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանը և Վահե Գրիգորյանը ներկայացրել են գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդումներ: Արաիկ Թունյանը նշել է, որ դիմումը համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին, իսկ այն քննության ընդունելու հարցն առաջարկել է քննարկել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում: Իսկ Վահե Գրիգորյանը նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ուսումնասիրել է դիմումը և հայտնել, որ այն բավարարում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածների պահանջները և գործը կարող է մասամբ ընդունվել քննության: Վահե Գրիգորյանը, սակայն, չի որոշակիացրել, թե գործը ո՞ր մասով կարող է ընդունվել քննության:

Երկու անգամ ներկայացնելով միջնորդություն` դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որի արդյունքում սույն գործի քննության ընդհանուր ժամկետից սպառվում է գրեթե երկու ամիս, դիմումի նախնական ուսումնասիրում իրականացնող Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ, այդպես էլ գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում չի ներկայացրել:

Սահմանադրական դատարանի աշխատակարգի 31-րդ կետի համաձայն` «Սահմանադրական դատարանի նախագահը գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով ողջամիտ ժամկետում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ»:

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը դիմումի ընդունելիության հարցն ընդգրկել է Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 19-ի աշխատակարգային նիստի օրակարգում (որպես նախավերջին` 19-րդ հարց)(4), որի քննությունը, սակայն, այդ նիստում չի իրականացվել և հետագա աշխատակարգային նիստերում ևս անընդհատ հետաձգվել է:

 

____________________________________

4) Հիշյալ աշխատակարգային նիստը հրավիրելու մասին Սահմանադրական դատարանի դատավորները ծանուցվել են 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:

 

Դիմումը, ի վերջո, քննության է առնվել Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի աշխատակարգային նիստում, որի արդյունքում կայացվել է հետևյալ աշխատակարգային որոշումը (ՍԴԱՈ-231).

«1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2021 թվականի փետրվարի 9-ին` ժամը 11.00-ին:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Ե. Խունդկարյանին, Է. Շաթիրյանին, Ա. Վաղարշյանին:

4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի, 68-րդ հոդվածի 7-րդ մասի, 75-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 75-րդ հոդվածի 3-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Կառավարությանը»:

Սահմանադրական դատարանի հիշյալ աշխատակարգային որոշման նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին չի տրամադրվել:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանի կողմից ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշումը ստորագրելուց և Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուց հետո ակնհայտ է դարձել, որ այդ որոշումը ձևակերպվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք պահանջների խախտմամբ:

Նախ` հարկ է նշել, որ դիմումը ներկայացվել է` հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ և 75-րդ հոդվածները: Այսինքն` դիմումը ներկայացվել է վերացական սահմանադրական վերահսկողության և սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի հարցերով: ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշմամբ գործը քննության է ընդունվել ամբողջությամբ:

ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշումը, համապատասխան ձևակերպումներով, պետք է ընդունվեր` հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով և 75-րդ հոդվածով նշված գործերի քննության և լուծման առանձնահատկությունները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով»:

ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշման 2-րդ կետից հետևում է, որ Սահմանադրական դատարանը, գործը քննության ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն` դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելուց (18.08.2020 թ.) երեք ամիս հետո, չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված` գործով որոշում ընդունելու եռամսյա ժամկետը: Բացի այդ, հիշյալ եռամսյա ժամկետի սպառված լինելու պայմաններում, Սահմանադրական դատարանը գործի դատաքննությունը սկսելու ժամկետ է սահմանել 2021 թվականի փետրվարի 9-ը` աշխատակարգային որոշմամբ որևէ կերպ չպատճառաբանելով գործի դատաքննությունն սկսելու ժամկետը գործի քննության եռամսյա ժամկետի սպառումից հետո սահմանելը:

Այսինքն` առանց որևէ պատճառաբանության գործի քննության ժամկետը երկարաձգվել է: Դրանով չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված պատճառաբանված որոշում ընդունելու պահանջը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաև գործով պատասխանող կողմ ներգրավելու ... հարցերը»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը», իսկ նույն օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և Կառավարությունը»:

ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշման 5-րդ կետից հետևում է, որ ամբողջությամբ չի պահպանվել գործով պատասխանող կողմ ներգրավելու մասով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշման 5-րդ կետում չի վկայակոչվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասը: Այսինքն` դրա արդյունքում ստացվում է, որ վերացական սահմանադրական վերահսկողության հարցով, այն է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով նշված գործի մասով, Սահմանադրական դատարանը պատասխանող կողմ չի ներգրավել:

ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշման 5-րդ կետում վկայակոչվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը: Այսինքն` դրա արդյունքում ստացվում է, որ Սահմանադրական դատարանը գործով պատասխանող կողմ է ներգրավել միայն սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի հարցով, այն է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածով նշված գործի մասով: Սակայն, այդ մասով ևս առկա է խնդիր:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասից չի բխում, որ հիշյալ հոդվածով նշված բոլոր գործերով որպես պատասխանող կողմ կարող են միաժամանակ հանդես գալ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և Կառավարությունը: Ասվածը բխում է նաև նույն` 75-րդ հոդվածի 1-ին մասից, համաձայն որի` «սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը` Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով»:

Այսինքն` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է նույն հոդվածի 1-ին մասով նշված գործերի համար ընդհանուր իրավակարգավորում: Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է որպես պատասխանող կողմ ներգրավի հիշյալ օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կոնկրետ սուբյեկտի` հարցը փոխկապակցելով նույն հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման հետ:

Սույն գործով դիմողը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդն է, ով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով: ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշմամբ առնվազն պետք է պատճառաբանվեր, թե ինչո՞ւ է սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավվել նաև Հանրապետության նախագահը և Կառավարությունը: Ինչը չի կատարվել:

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարանի դատավորներին Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից էլեկտրոնային փոստով տրամադրվել է դիմող կողմի միջնորդությունը` սույն գործով անցնել բանավոր դատաքննության: Այդ միջնորդությունը, սակայն, Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ի ամսաթվով: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը հիշյալ միջնորդությունը քննության առնելու հարցը ներառել է Սահմանադրական դատարանի` միայն 2021 թվականի փետրվարի 1-ին իր կողմից հրավիրված աշխատակարգային նիստի օրակարգում (5): Եվ դա այն դեպքում, երբ մինչև այդ նիստը հրավիրվել են աշխատակարգային այլ նիստեր, սակայն, հիշյալ միջնորդությունը քննության առարկա չի դարձել:

 

____________________________________

5) Հիշյալ աշխատակարգային նիստը հրավիրելու մասին Սահմանադրական դատարանի դատավորները ծանուցվել են 2021 թվականի հունվարի 29-ին:

 

2021 թվականի փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ աշխատակարգային որոշումը (ՍԴԱՈ-20).

«1. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը և Սահմանադրական դատարանի աշխատակարգի 67-րդ կետը` բավարարել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմող կողմի միջնորդությունը և անցնել բանավոր ընթացակարգով դատաքննության:

2. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշման 4-րդ կետը»:

Սահմանադրական դատարանի հիշյալ աշխատակարգային որոշման նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին չի տրամադրվել:

Գործով բանավոր ընթացակարգով դատաքննության անցնելու, և ըստ այդմ` դիմող կողմի ներկայացրած միջնորդությունը բավարարելու պնդումներ կատարվել են մեր կողմից (Հ. Թովմասյան, Ա. Պետրոսյան)` ի թիվս այլնի ընդգծելով, որ այդ ընթացակարգով դատաքննությունը, հաշվի առնելով, նախևառաջ, գործի առանձնահատկությունները, մեծապես կնպաստի գործի հանգամանքների հրապարակային, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտմանը: Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը նաև նշել է, որ ներկայացնելու է միջնորդություն` սույն գործով վկաներ հրավիրելու և փորձագետներ ներգրավելու վերաբերյալ և առկա է վերջիններիս հարցեր ուղղելու անհրաժեշտություն:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանի կողմից ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշումը ստորագրելուց և Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուց հետո ակնհայտ է դարձել, որ այդ որոշումը ձևակերպվել է` չպահպանելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, մասնավորապես, 68-րդ հոդվածի 7-րդ մասի և 75-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը», իսկ նույն օրենքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով»:

ԱԴԱՈ-20 աշխատակարգային որոշման մեջ չի վկայակոչվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` այն դեպքում, երբ գործը քննության է ընդունվել ամբողջությամբ, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի հիմքով: Իսկ այդ հոդվածով նշված գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու կանոնները սահմանված են նույն հոդվածի 7-րդ մասով, ինչը չի պահպանվել(6):

 

______________________________________

6) Հարկ է նշել, որ անգամ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովն էր դիմող կողմի միջնորդության վերաբերյալ գրավոր հայտնել, որ առկա են բանավոր դատաքննություն անցկացնելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերը:

 

ԱԴԱՈ-20 աշխատակարգային որոշման մեջ, թեև վկայակոչվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը, սակայն չի պահպանվել հիշյալ դրույթի այն պահանջը, համաձայն որի` տվյալ աշխատակարգային որոշմամբ պետք է պատճառաբանվեր գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելը: ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշման 1-ին կետի միայն «... բավարարել ... դիմող կողմի միջնորդությունը» ձևակերպումը, առավել ևս առանց այդ միջնորդության հիմնավորումները վկայակոչելու, Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանություն չէ:

2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի միջնորդությունը` գործով բանավոր դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ: Այս դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը հիշյալ միջնորդությունը քննության առնելու հարցը ներառող օրակարգով Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ է հրավիրել 2021 թվականի փետրվարի 5-ին: Այդ նիստի մասին Սահմանադրական դատարանի դատավորները ծանուցվել են հիշյալ միջնորդությունը Սահմանադրական դատարան մուտքագրվելու նույն օրը` 2021 թվականի փետրվարի 3-ին:

2021 թվականի փետրվարի 5-ին Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ աշխատակարգային որոշումը (ՍԴԱՈ-25).

«1. Բավարարել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով պատասխանող կողմի միջնորդությունը և գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2021 թվականի փետրվարի 9-ի ժամը 11.00-ից հետաձգել 2021 թվականի փետրվարի 17-ին` ժամը 11.00-ին:

2. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշման 2-րդ կետը»:

Սահմանադրական դատարանի հիշյալ աշխատակարգային որոշման նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին չի տրամադրվել:

Հարկ է նշել, որ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի հիշյալ միջնորդության հիմնավորումն առ այն, որ 2021 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 12-ը հրավիրված են Ազգային ժողովի հերթական նիստեր, որոնց պետք է մասնակցեն թե դիմող կողմի ներկայացուցիչ պատգամավորները, թե պատասխանող կողմի ներկայացուցիչ պատգամավորները, ուստի միջնորդվում է Սահմանադրական դատարանում գործով 2021 թվականի փետրվարի 9-ին հրավիրված դատաքննությունը հետաձգել, ընդունելի չի համարվել մեր կողմից (Հ. Թովմասյան, Ա. Պետրոսյան), քանի որ (ա) պատասխանող կողմը չէր կարող ներկայացնել, ըստ էության, նաև դիմող կողմի ներկայացուցիչների` Սահմանադրական դատարանի նիստին չմասնակցելու հիմնավորումներ` առանց դիմող կողմի ներկայացուցիչների դիրքորոշման մասին փաստող հիմքի վկայակոչման, (բ) Սահմանադրական դատարանը մինչև հիշյալ միջնորդության քննությունը պետք է ճշտեր նաև թե դիմող կողմի և թե գործում ներգրավված մյուս պատասխանող կողմերի դիրքորոշումները, ինչը չէր կատարվել, (գ) եթե անգամ պատասխանող կողմի և դիմող կողմի ներկայացուցիչ հինգ պատգամավորները ներկա չլինեին Ազգային ժողովի հերթական նիստին, ապա այդ բացակայությունը չէր կարող անհարգելի համարվել, իսկ Սահմանադրական դատարանի կողմից սույն գործի քննության և որոշում ընդունելու վեցամսյա ժամկետն արդեն մոտ էր սպառվելուն:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանի կողմից ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշումը ստորագրելուց և Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուց հետո ակնհայտ է դարձել, որ այդ որոշման 1-ին կետի` «բավարարել... պատասխանող կողմի միջնորդությունը...» ձևակերպման ընդհանրական բնույթը ստեղծում է տպավորություն, որ գործով ներգրավված բոլոր պատասխանող կողմերի միջնորդության մասին է խոսքը կամ որոշակի չէ և առնվազն առաջացնում է հարց, թե սույն գործով ներգրավված ո՞ր պատասխանող կողմի միջնորդությունն է բավարարվել:

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի բացատրությունը, ըստ էության, այն եզրահանգումներով, որ վիճարկվող հարցերի սահմանադրականության վերաբերյալ դիմող կողմի պնդումներն անհիմն են, Սահմանադրական դատարան է մուտքագրվել է 2021 թվականի հունվարի 8-ին (7):

 

__________________________________

7) Սույն գործով պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներ են նշանակվել Ազգային ժողովի պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Վահագն Հովակիմյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

 

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Կառավարության բացատրությունը` այն եզրահանգմամբ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ մասերը և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին, իսկ գործի վարույթը մնացած մասով ենթակա է կարճման, Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 8-ին: Հարկ է նշել, որ Կառավարության բացատրությունը չի եղել ստորագրված, այն եղել է կցված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ Սահմանադրական դատարան ներկայացված գրությանը: Գործով պատասխանող կողմ ներգրավված Կառավարությունը ներկայացուցիչ չէր նշանակել:

Գործում առկա է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի գրությունը, որով Սահմանադրական դատարան է ներկայացվել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Լիլիթ Երեմյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրած բացատրությունը(8): Հիշյալ բացատրությամբ, մասնավորապես, նշվել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 22-ի ՀՕ-309-Ն սահմանադրական օրենքը Հանրապետության նախագահը 2020 թվականի հունիսի 24-ին ստորագրելով, իրացրել է իր հայեցողական լիազորությունը:

 

__________________________________

8) Այդ բացատրությունը Սահմանադրական դատարանի դատավորներին չի տրամադրվել, սակայն, այն տրամադրվել է դատավարության կողմերին:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Ներկայացուցչությունը Սահմանադրական դատարանում» վերտառությամբ 46-րդ հոդվածի համաձայն`

«1. Կողմերը Սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով:

2. Որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

3. Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանում որպես գլխավոր դատախազի ներկայացուցիչ հանդես է գալիս նրա տեղակալը:

5. Յուրաքանչյուր կողմ Սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ»:

Հարկ է նշել, որ հիշյալ հոդվածով սահմանված` Սահմանադրական դատարանում ներկայացուցչության հետ կապված կարգավորումները Հանրապետության նախագահը, բացի սույն գործից, հիմք է ընդունել որպես դիմող կողմ Սահմանադրական դատարանում հանդես գալու ժամանակ: Ինչպես և վերոհիշյալ հոդվածով սահմանված է` կարգավորումները վերաբերում են կողմերին, այսինքն` հավասարապես վերաբերում են Սահմանադրական դատարանում թե որպես դիմող և թե որպես պատասխանող կողմ հանդես գալուն` առանց բացառության:

Գործում առկա չէ Հանրապետության նախագահի կողմից Լիլիթ Երեմյանին սույն գործով Հանրապետության նախագահի ներկայացուցիչ նշանակելու մասին համապատասխան ակտը: Գործում առկա է Հանրապետության նախագահի կողմից Հանրապետության նախագահի օգնական Լիլիթ Երեմյանին Սահմանադրական դատարանում` որպես Հանրապետության նախագահի ներկայացուցիչ նշանակելու լիազորագրի պատճենը` տրված 2020 թվականի մարտի 16-ին(9): Պարզ չէ, թե այդ լիազորագրի պատճենը ի՞նչ հիմքով կամ ո՞ւմ նախաձեռնությամբ է դրվել գործում: Համենայնդեպս, գործում առկա չէ Հանրապետության նախագահի համապատասխան գրությունը: Բացի այդ, Լիլիթ Երեմյանին տրված լիազորագիրն ունի ընդհանրական բնույթ, չի վերաբերում Հանրապետության նախագահի կողմից կոնկրետ գործով որպես կողմ հանդես գալուն, այսինքն` դրանով իրացվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը: Այդ իրավակարգավորման դեպքում Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի ներկայացուցիչը կարող է դիմել Սահմանադրական դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը, իսկ դատաքննության ընթացքում նա կարող է միայն հրավիրյալի կարգավիճակով պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի` իրեն ուղղած հարցերի վերաբերյալ, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչության դեպքում կողմի ներկայացուցչի իրավունքների և պարտականությունների ծավալը լրիվ այլ է:

 

___________________________________

9) Ի դեպ` Հանրապետության նախագահը 2020 թվականի հունիսի 11-ին համանման լիազորագիր է տվել նաև Ալեքսանդր Խաչատուրյանին:

 

Այսինքն` Լիլիթ Երեմյանի ներկայացրած բացատրությունը չէր կարող Սահմանադրական դատարանի կողմից ընդունվել դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Հանրապետության նախագահի բացատրություն, դրվեր գործում և Լիլիթ Երեմյանին ուղարկվեր գործի նյութ համարվող գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի, Կառավարության բացատրությունները, այլ նյութեր: Լիլիթ Երեմյանի բացատրությունը, սակայն, հիմք է ընդունվել:

Սահմանադրական դատարանի աշխատակարգի 47-րդ կետի համաձայն` «զեկուցողի կողմից տվյալ գործով Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման կամ եզրակացության նախագիծն ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին` գործը զեկուցողին մակագրվելու պահից` սույն կետի 1-7-րդ ենթակետերում նշված ժամկետներում, եթե Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կամ զեկուցողի միջնորդությամբ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետի շրջանակներում այլ ժամկետ սահմանված չէ.

1) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ ... հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 90 օր հետո,

2) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ... 75-րդ ... հոդվածներում նշված գործերով` ոչ ուշ, քան 30 օր հետո»:

Սույն գործով զեկուցողներ` Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի կողմից Սահմանադրական դատարանի աշխատակարգի 47-րդ կետով սահմանված ժամկետներում Սահմանադրական դատարանի դատավորներին Սահմանադրական դատարանի որոշման նախագիծ չի ուղարկվել:

Սահմանադրական դատարանի դատավորներին 2021 թվականի փետրվարի 8-ին ժամը 21.06-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ծանուցում, որ 2021 թվականի փետրվարի 11-ին` ժամը 11.00-ին հրավիրվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ` գործի վարույթը մասամբ կարճելու հարցով:

Գործի վարույթը մասամբ կարճելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման նախագիծը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանի կողմից էլեկտրոնային փոստով Սահմանադրական դատարանի դատավորներին է ուղարկվել 2021 թվականի փետրվարի 9-ին` ժամը 18.56-ին` նշելով, որ ուղարկում է իրավախորհրդատվական վարչության կողմից նախապատրաստված աշխատակարգային որոշման նախագիծը, որում իրացված են տվյալ գործով առանձին զեկուցողների կողմից ներկայացված գաղափարները:

Հարկ է նշել, որ աշխատակարգային որոշման նախագիծ նախապատրաստելու և ուղարկելու այսպիսի ընթացակարգ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով նախատեսված չէ:

Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի փետրվարի 11-ի աշխատակարգային նիստում` նկատի ունենալով, որ գործի քննությունը մասամբ կարճվել է, կայացրել է հետևյալ աշխատակարգային որոշումը (ՍԴԱՈ-29).

«1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

2. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշման 1-ին կետը»:

Նախ` Սահմանադրական դատարանի հիշյալ աշխատակարգային որոշման նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին ոչ միայն չի տրամադրվել, այլև նախապես չի ծանուցվել, որ աշխատակարգային նիստում քննարկվելու է գործով բանավոր ընթացակարգից կրկին գրավոր ընթացակարգով դատաքննության անցնելու հարց:

Գործով բանավոր ընթացակարգով դատաքննությունից կրկին գրավոր ընթացակարգով դատաքննության անցնելու վերաբերյալ մեր կողմից (Հ. Թովմասյան, Ա. Պետրոսյան) ներկայացվել են առարկություններ` նշելով, որ ընդամենն օրեր առաջ` փետրվարի 1-ին, Սահմանադրական դատարանը որոշել է գործով գրավոր ընթացակարգով դատաքննությունից անցնել բանավոր ընթացակարգով դատաքննության, ուստի անընդունելի է փետրվարի 11-ին ընդունել հակառակ որոշումը` դրանով ստեղծվում են Սահմանադրական դատարանի հեղինակազրկման նախադրյալներ, անտեսվում են բանավոր ընթացակարգով դատաքննությանն անցնելու հիմնավորումները, իսկ գործի սոսկ մասամբ կարճումը չի կարող համարվել գործի քննության ընթացակարգը փոփոխելու պատճառաբանություն: Բացի այդ, նշել ենք, որ հարցի վերաբերյալ փորձ չի կատարվում լսել կամ ստանալ դատավարության կողմերի դիրքորոշումները և կարծիքները, և դա այն դեպքում, երբ գործով գրավոր ընթացակարգով դատաքննությունից բանավոր ընթացակարգով դատաքննության Սահմանադրական դատարանն անցել է դիմող կողմի միջնորդության հիման վրա:

2021 թվականի փետրվարի 11-ի աշխատակարգային նիստից մեկ օր հետո Սահմանադրական դատարանի դատավորները ծանուցվել են, որ 2021 թվականի փետրվարի 15-ին հրավիրվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ներառված է նաև արդեն մասամբ կարճված գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգելու հարցը:

Սահմանադրական դատարանը 2021 թվականի փետրվարի 15-ի աշխատակարգային նիստում կայացրել է հետևյալ աշխատակարգային որոշումը (ՍԴԱՈ-30).

«1. Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից` հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երեք ամսով երկարաձգել և դատաքննությունն սկսելու ժամկետը 2021 թվականի փետրվարի 17-ի ժամը 11.00-ից հետաձգել 2021 թվականի ապրիլի 20-ին` ժամը 11.00-ին:

2. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 5-ի ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշման 1-ին կետը»:

Սահմանադրական դատարանի հիշյալ աշխատակարգային որոշման նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին չի տրամադրվել:

Հիշյալ աշխատակարգային նիստի ընթացքում չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, թե գործի մասամբ կարճման, այսինքն, գործի քննության ծավալների նվազման պայմաններում ինչո՞վ է պայմանավորված առավել քան երկու ամսով գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգելը: Կրկին ընդգծել ենք, որ ընդամենն օրեր առաջ է` փետրվարին 5-ին, Սահմանադրական դատարանը գործով դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել և անընդհատ, այն էլ` չհիմնավորված փոփոխություններով ստեղծվում են Սահմանադրական դատարանի առնվազն հեղինակազրկման նախադրյալներ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերը նշված արձանագրումները և դիրքորոշումները բարձրաձայնել ենք Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստերի ընթացքում, որոնք մեր առաջարկությունների (Հ. Թովմասյան, Ա. Պետրոսյան) հիման վրա նաև ձայնագրվում են:

 

2. Սահմանադրական դատարանի դատավորների գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը

 

Փաստ է, որ սույն գործի ելքը, հատկապես 2021 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-27 (այսուհետ` ՍԴԱՈ-27) աշխատակարգային որոշմամբ(10) կարճված մասով, շոշափում է Սահմանադրական դատարանի գործող կազմի բոլոր դատավորների շահերը:

 

___________________________________

10) https://www.concourt.am/armenian/decisions/working/2021/pdf/sdav-27.pdf

 

Այսպես, եթե 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները ճանաչվեին Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա պետք է վերականգնվեր դրանց ընդունմանը նախորդած իրավական վիճակը, այսինքն` Սահմանադրական դատարանի` այդ փոփոխությունների արդյունքում ընտրված երեք դատավորների հետագա պաշտոնավարումը պետք է դադարեցվեր, Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներից առնվազն երկուսի լիազորությունները պետք է վերականգնվեին, Սահմանադրական դատարանի` մինչև 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների վերաբերելի հոդվածների ուժի մեջ մտնելն ընտրված դատավորները պետք է շարունակեին պաշտոնավարել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետներով, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը պետք է վերականգնվեր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, որով դադարեցվելու էր այդ պաշտոնը Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանի կողմից զբաղեցնելը:

Սույն գործով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք ունի, քանի որ իշխող քաղաքական ուժի քաղաքական օրակարգ է դարձել Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողության ժամանակ նրա հնչեցրած «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» թեզը, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին իր նամակների միջոցով ներկայացրել է «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» լուծման առաջարկներ, այդ թվում` սահմանադրական փոփոխություններով իրացվող, իշխող քաղաքական ուժի հետ համախոհությամբ, Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության ձայների ուժով այդ հարցին տրվել է այն լուծումը, որը հանգեցրել է 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների, նա հրապարակայնորեն ողջունել է այդ փոփոխությունների ընդունումը, իսկ Սահմանադրության հիշյալ փոփոխությունների արդյունքում փոփոխվել է Սահմանադրական դատարանի կազմը, ընտրվել են Սահմանադրական դատարանի նոր դատավորներ և նոր կազմով Սահմանադրական դատարանը կայացրել է սույն գործով որոշումներ (ՍԴԱՈ-27, ՍԴՈ-1590):

Ըստ էության, հիմք ընդունելով 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների հիմնավորումները, ՍԴՈ-1590 որոշմամբ Սահմանադրական դատարանը սահմանել է Սահմանադրության փոփոխությունների նախնական սահմանադրական պարտադիր վերահսկողությունից «ողջամիտ բացառությունների» հնարավորություն, որով, ի թիվս այլնի, ոչ միայն իմաստազրկել է նախնական սահմանադրական պարտադիր վերահսկողության ինստիտուտը, այլև ստեղծել է այդ որոշումն ընդունած Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման ապալեգիտիմացման նախադրյալներ, քանի որ հենց այն հիմքով, որով Սահմանադրական դատարանի նախորդ կազմի դատավորները պետք է չմասնակցեին իրենց շահերին վերաբերող գործի քննությանը, այդ նույն հիմքով Սահմանադրական դատարանի գործող կազմը չպետք է մասնակցեր այդ գործի քննությանը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորների շահագրգռվածությունը` որպես հիմնավորում, որոշիչ է եղել Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան չդիմելու համար, ապա այն որոշիչ է նաև սույն գործով որոշումը կայացնելիս:

Հարկ է նշել, որ չենք կիսում այն մոտեցումը, որ Սահմանադրական դատարանի դատավորները չպետք է մասնակցեն իրենց վերաբերող հարցերի քննությանը, առավել ևս չենք կիսում` ՍԴՈ-1590 որոշման հիմքում դրված այն մոտեցումը, որ այդ հարցն իրավասու են որոշելու Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտները: Ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանի դատավորներին գործին մասնակցելու անհնարինության մասին որոշում կայացնելու փաստական հնարավորություն, քանի որ այդ եղանակով դատարանը կկորցնի որոշում կայացնելու իրավազորությունը, նախապատվությունը պետք է տրվի արդարադատության իրականացման, այլ ոչ թե` բացարկ հայտնելու կառուցակարգերին:

Սահմանադրության փոփոխությունների լեգիտիմությունը շատ ավելի բարձր հանրային շահ է, քան օրենսդիր կամ գործադիր մարմինների ներկայացուցիչների` մասնավորապես, Սահմանադրական դատարանի կազմի կամ առանձին դատավորների նկատմամբ սուբյեկտիվ ընկալումները և անվստահությունը, առավել ևս այն դեպքերում, երբ այդ մարմինները տվյալ փոփոխությունների անմիջական շահառուն են:

Միևնույն ժամանակ, հիմնավոր չէ այն մոտեցումը, որ Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն (իրավունք) ունեցող հանրային իշխանության մարմինները, դրանց պաշտոնատար անձինք կամ մասնավոր անձինք պետք է որոշեն, թե Սահմանադրական դատարանը կարո՞ղ է անաչառ լինել որևէ հարցով, թե` ոչ: Իսկ գործող կառուցակարգերը հընթացս փոփոխելը` ենթադրյալ անաչառությունն ապահովելու նպատակով` անընդունելի է:

Եթե խնդիրն անաչառությունն էր, ապա Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը միանշանակ և աներկբա ժխտում է անաչառությունը նաև Սահմանադրական դատարանի գործող կազմի կողմից: Եթե դատավորների անաչառության հանրային շահը սույն գործով որոշում ընդունած դատավորների համար գերակա է Սահմանադրության այլ արժեքների, օրինակ` իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող դատավորների անփոփոխելիության նկատմամբ, ինչն անընդունելի ենք համարում, քանի որ կնշանակի Սահմանադրության արժեհամակարգի և դրա նորմերի աստիճանակարգության նենգափոխում, ապա Սահմանադրական դատարանի այն դատավորները, ովքեր ընդունել են ՍԴՈ-1590 որոշումը, պարտավոր էին գործը քննության ընդունելու ժամանակ հայտարարել գործի քննությանն իրենց մասնակցության անհնարինության մասին: Ճիշտ այնպես, ինչպես այն Սահմանադրական դատարանի նախորդ կազմը կարող էր շահագրգիռ լինել իր պաշտոնավարման շարունակականության ապահովման հարցում, այդպես էլ 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ընտրված դատավորները և դատարանի նախագահի պաշտոն զբաղեցնողը շահագրգռված են այդ հարցում, առավել ևս` պաշտոնազրկման անմիջական վտանգի առկայությամբ: Եվ հենց նույն տրամաբանությամբ դա վերաբերում է իրենց սուբյեկտիվ, անձնական շահերին, ինչպես որ նախորդ կազմի դեպքում, քանի որ որևէ բովանդակային տարբերություն առկա չէ:

Կարծում ենք, որ Սահմանադրական դատարանի ենթադրյալ անաչառության հարցը ոչ իրավաչափ կերպով վեր դասելով Սահմանադրության փոփոխությունների լեգիտիմությունից` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորները, ըստ էության, իրենք իրենց ապալեգիտիմացրել են: Սա ոչ այլ ինչ է, քան ինքնաապալեգիտիմացում, որը նշանակում է, որ Սահմանադրական դատարանի գործող դատավորների զգալի մասն անաչառ չեն այն նույն փաստարկների ուժով, որով հիմնավորել են իրենց պաշտոնավարումը շարունակող Սահմանադրական դատարանի նախկին կազմի դատավորների ոչ անաչառությունը, և այդ հիմքով, ըստ էության, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չհամարելով 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները:

Հիշյալ հարցին ստորև դեռ անդրադարձ կկատարվի:

 

3. Սահմանադրական դատարանի կողմից 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների մասով գործի վարույթը կարճելու հիմքերը և դատավարական հետևանքները

 

3.1. Սահմանադրական դատարանի կողմից գործի վարույթը կարճելու ոչ իրավաչափությունը

ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը կարճել է սույն գործի վարույթը` 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների մասով, առավելապես հիմնվելով այն փաստարկների վրա, որ Սահմանադրության` ուժի մեջ մտած փոփոխությունները չեն կարող քննվել Սահմանադրական դատարանի կողմից, քանի որ Սահմանադրական դատարանն իրավասու է քննել միայն Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, և որ սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճը սուբսիդիար է վերացական վերահսկողության համեմատ, և եթե դիմող կողմը` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդն իրավասու էր վերացական վերահսկողության կարգով դիմել Սահմանադրական դատարան, ապա չպետք է դիմեր սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճով:

Երկու հիշյալ հիմնական փաստարկներն էլ, մեր գնահատմամբ` հիմնավոր չեն: Այսպես` Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրության 169-րդ հոդվածի համաձայն` այս հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել, ի թիվս այլոց, Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը: Ընդսմին` Սահմանադրությունը ոչ Սահմանադրական դատարանի լիազորությունների, ոչ էլ Սահմանադրական դատարան դիմելու համար որևէ սուբսիդիարություն չի սահմանում: Սահմանադրական դատարան դիմելու կարգը, սակայն, ընդհանուր հիմունքների մասով է սահմանվում Սահմանադրությամբ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Բացի այդ` Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Հետևապես` Սահմանադրությունից բացի, որը ոչ սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի, ոչ էլ Սահմանադրական դատարան դիմելու ենթադրյալ սուբսիդիարության վերաբերյալ մանրամասներ, այսինքն, այլ կարգավորումներ չի նախատեսում, միայն և բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով պետք է կանոնակարգվեին այդ հարցերը և ոչ այլ կերպ: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով: Վեճի առարկան այդ սահմանադրական լիազորությունների իրականացման ցանկացած արդյունքը կարող է լինել, լինի դա գործողություն, անգործություն, թե իրավական ակտ («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մաս): Սահմանադրության փոփոխությունները, նույնիսկ Սահմանադրական դատարանի կողմից իրականացված մեկնաբանության դեպքում, ըստ որի` այդ փոփոխություններն իրավական ակտի հատուկ տեսակ են, հանրային իշխանության որևէ մարմնի սահմանադրական լիազորության իրականացման արդյունքում ընդունված իրավական ակտ են, և Սահմանադրության և այն Սահմանադրական դատարանի գործունեության կարգի մասով կոնկրետացնող միակ իրավական ակտի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ուժով ենթակա են Սահմանադրական դատարանի դատազորությանը:

Ավելին, եթե Սահմանադրական դատարանի շրջանցմամբ Սահմանադրության փոփոխություններ կատարվեն պարբերաբար, ապա դա կնշանակի, որ իրավական պետությունում առկա չէ որևէ իրավական հակակշիռ, որով հնարավոր կլինի կանխել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության բոլոր, այդ թվում` անփոփոխելի և հանրաքվեով փոփոխության ենթակա իրավադրույթների փոփոխությունը:

Ազգային ժողովի և նրա մարմինների հնարավոր հակասահմանադրական որոշումներից Ազգային ժողովում ներկայացված քաղաքական փոքրամասնությանը սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճի շրջանակներում պաշտպանելու կառուցակարգը հիմնարար նշանակություն ունի ժողովրդավարական և իրավական պետությունում, հատկապես կարևորվում է խորհրդարանական կառավարման համակարգում, ընդսմին` միտված է ոչ միայն քաղաքական ընդդիմության իրավունքների և հակակշռող դերի ապահովմանը, այլև նպատակ է հետապնդում ընդդիմությանը վերապահել հսկողական գործառույթ` իր իրավունքները վերականգնելու եղանակով պաշտպանելու և ապահովելու Սահմանադրության աստիճանակարգության մեջ առավել մեծ կարևորություն ունեցող` ժողովրդավարական իրավական պետության զսպումների և հակակշիռների սկզբունքները, որոնց խաթարումն անխուսափելիորեն կհանգեցնի սահմանադրական կարգի տապալման, կիմաստազրկի իրավական պետության հիմնարար սկզբունքն ընդհանրապես:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանն իրավասու է նաև որոշում ընդունել վիճարկվող լիազորության իրականացմամբ ընդունված իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին:

Աներկբա է նույնիսկ Սահմանադրական դատարանի սույն գործով որոշում ընդունած դատավորների համար, որ Սահմանադրության փոփոխություններն իրավական ակտ են: Հակառակը` ենթադրում է հրաժարում արդարադատությունից: Այսպես, եթե Սահմանադրական դատարանը հրաժարվում է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը որոշելուց` այն հիմնավորմամբ, որ դրանք ուժի մեջ են մտել, ապա թույլ է տալիս Սահմանադրության անվերահսկելի փոփոխության, ժողովրդի կողմից անմիջական ժողովրդավարության տեսքով իր ներքին ինքնորոշման իրավունքի նենգափոխման կամ արգելափակման իրավական հնարավորություն, իսկ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնության առկայությամբ` սահմանադրի փոխարինում սոսկ մեկ քաղաքական ուժի քաղաքական նպատակներն առաջ մղելուն: Նշվածի և դրա արդյունքում, ըստ էության, սահմանադրական կարգի տապալումը Սահմանադրական դատարանի կողմից չի կարող «արտոնվել»: Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը հրաժարվում է իր սահմանադրական գործառույթից, և Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունն այլևս պաշտպանված չէ հատուկ դրա համար կոչված դատական իշխանության բարձրագույն մարմնի կողմից:

ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ խախտվել է նաև իրավական պետության բաղադրիչ հանդիսացող, ժողովրդավարության առանցքը կազմող օրինականության հիմնարար սահմանադրական սկզբունքը (Սահմանադրության 6-րդ հոդված):

Լիազորված չլինելով Սահմանադրությամբ և խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերը նշված պահանջները, որոնք պարտավորեցնում էին Սահմանադրական դատարանին քննել և լուծել ցանկացած իրավական ակտի առնչությամբ ծագած` սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճ` Սահմանադրական դատարանը սահմանել է ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված սուբսիդիարության կանոն` Սահմանադրական դատարանի լիազորությունների միջև` հիմնվելով մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ընդունումը և Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի ինստիտուտի ներդրումը Սահմանադրական դատարանի արտահայտած որոշ իրավական դիրքորոշումների կամայական մեկնաբանության վրա:

 

3.2. Սահմանադրական դատարանի կողմից կարճված մասով գործի քննության շարունակությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթների շրջանակներում

Մեր կարծիքով, ոչ իրավաչափ կերպով կարճելով սույն գործի վարույթը, մասնավորապես, Սահմանադրության փոփոխությունների մասով, և շարունակելով այն վերացական սահմանադրական վերահսկողության ընթացակարգի շրջանակներում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մի շարք դրույթների մասով` Սահմանադրական դատարանը հանգել է ՍԴՈ-1590 որոշմանը, որում անդրադարձել է 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների բովանդակությանը և որոշման պատճառաբանական մասում գնահատել է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը` եզրափակիչ մասում չարտացոլելով իր որոշման առավել ծավալուն հատվածից բխող եզրահանգումներ:

Նախ` նշենք, որ 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններին անդրադառնալը Սահմանադրական դատարանը պայմանավորել է խորհրդարանական հանրապետությունում ընդդիմության նկատմամբ հարգանքով, սակայն հարկ չի համարել անդրադառնալ հենց այդ ընդդիմության կողմից սույն գործի հիմք համարվող դիմումում բարձրացված առանցքային նշանակություն ունեցող հարցադրումներին: Ստացվում է, որ կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգում սահմանադրական դատարանները կարող են իրենց թույլ տալ չհարգել ընդդիմությանը:

Սահմանադրական դատարանը, մի կողմից, ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ ամրագրել է, որ ինքնիրավասու չէ քննել Սահմանադրության` ուժի մեջ մտած փոփոխությունների սահմանադրականությունը, այդ մասով կարճել է գործի վարույթը և շարունակել է գործի քննությունը միայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթների շրջանակներում, մյուս կողմից` ըստ էության որոշում է ընդունել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ` այդ որոշման մեջ անդրադառնալով գործի կարճված մասի առարկային և Սահմանադրության փոփոխությունները, ըստ էության, գնահատել է որպես Սահմանադրությանը համապատասխանող:

 

3.3. Գործը մասամբ կարճելու դատավարական հետևանքները և կարճված մասով գործը քննելու իրավական հետևանքները

Ինչպես նշվեց, Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է բացառապես Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Սահմանադրությունը, բնականաբար, չի անդրադարձել գործի վարույթը կարճելու հիմքերին և կարգին` այն թողելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածում սպառիչ սահմանվում են գործի վարույթը կարճելու հիմքերը, որոնք էական մասով համընկնում են դիմումի թույլատրելիության չափանիշների հետ:

ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը, մասնավորապես, Սահմանադրության փոփոխությունների մասով, կարճվել է դիմումի անթույլատրելիության հիմքով, այսինքն, ըստ Սահմանադրական դատարանի` այն հիմքով, որ ինքն իրավասու չէ քննել ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Դա նշանակում է, որ այդ գործով որևէ այլ որոշում, հատկապես` ըստ էության, Սահմանադրական դատարանն իրավասու չէր ընդունել, քանի դեռ չէր վերանայել ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշումը: Մինչդեռ Սահմանադրական դատարանը հենց այդպիսի որոշում է ընդունել` ընդամենը դրա եզրափակիչ մասում չարտացոլելով գործի կարճված մասով ընդունված որոշման բովանդակությունը:

Գործի կարճված մասով` ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները չեն ամրագրվել ՍԴՈ-1590 որոշման եզրափակիչ մասում, սակայն, և դրանք per definitionem չէին կարող դրվել ըստ էության որոշման հիմքում` խաթարելով սահմանադրական կայունությունը:

 

4. 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ նախնական սահմանադրական վերահսկողության պարտադիրությունը

 

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու կարգի հիմունքները, իսկ մանրամասները, համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Սահմանադրության 169-րդ հոդվածի թե քերականական, թե ծագումնաբանական, թե համակարգային և թե նպատակային մեկնաբանման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը առանց որևէ բացառության ենթադրում է պարտադիր սահմանադրական վերահսկողություն Սահմանադրական դատարանի կողմից: Այսպես` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվում է դիմելու հայեցողական լիազորություն (իրավունք) հանրային իշխանության մի շարք մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և մասնավոր անձանց համար, իսկ նույն հոդվածի 2-4-րդ մասերում` Սահմանադրական դատարան դիմելու պարտականություն` այդ իրավադրույթներում ուղղակիորեն նախատեսված պետական մարմինների համար:

Ի տարբերություն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի, որում սահմանադրի կողմից գործածվել է «Սահմանադրական դատարան կարող են դիմել» ձևակերպումը` նույն հոդվածի 2-4-րդ մասերում գործածվում են «Սահմանադրական դատարան դիմում է», «Սահմանադրական դատարան է դիմում» ձևակերպումները, որոնք նույնական են: Ընդսմին` Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու պարտադիր լիազորությունը (պարտականությունը) վերաբերում է ոչ միայն Սահմանադրության փոփոխությանը, այլև վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերին: Ուստի, եթե թույլատրելի են բացառություններ Սահմանադրական դատարան դիմելու պարտադիրության կանոնից, ապա դրանք թույլատրելի են ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների, այլև վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Ավելին, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասում նույն ձևակերպումն է («Սահմանադրական դատարան դիմում է») գործածվում մինչև վավերացումը միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու` Կառավարության լիազորության պարտադիր բնույթն ամրագրելու համար: ՈՒստի, եթե հետևենք ՍԴՈ-1590 որոշման տրամաբանությանը, ապա այստեղ ևս Կառավարությունը կարող է բացառիկ դեպքերում հայեցողություն ունենալ, օրինակ, նաև երբ վավերացման ենթակա որևէ միջազգային պայմանագրով սահմանվեն Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերող պարտավորություններ:

Նույնը կարող է վերաբերել դատարանների պարտադիր լիազորությանը` Սահմանադրական դատարան դիմելու հարցում (Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մաս): ՍԴՈ-1590 որոշման տրամաբանության ներքո ի՞նչն է խոչընդոտելու որևէ դատարանի` եզրահանգման գալով, օրինակ, Սահմանադրական դատարանի որևէ դատավորի հայցադիմումի կամ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի շրջանակներում կիրառման ենթակա օրենքի` սահմանադրականության հարցով չդիմել Սահմանադրական դատարան` նրա կազմի մեծամասնության անաչառության առումով իր մոտ առաջացած կասկածների պատճառով:

ՍԴՈ-1590 որոշմամբ Սահմանադրական դատարանն էապես արժեզրկել է Սահմանադրական դատարան դիմելու պարտադիր լիազորության իմաստը` այն վերածելով առանձին դեպքերում հայեցողական լիազորության, թեև այդ որոշմամբ փորձ է կատարել «փրկել իրավիճակը» Սահմանադրական դատարան դիմելու պարտադիր լիազորությունից «ողջամիտ բացառության» բացառություններ սահմանելու միջոցով:

Այս առնչությամբ ևս հարկ է կրկին նշել, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի, ինչպես նաև 169-րդ հոդվածի 1-ին և 2-4-րդ մասերի պարզ համադրումն անգամ վկայում է Սահմանադրության մեջ հստակ համակարգային տրամաբանության մասին: Ըստ այդմ` սահմանադրի կողմից առանձնապես կարևորված հարցերում, այն է` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող, քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի, վավերացման ենթակա միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների, ինչպես նաև դատարանների վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով, առանց որևէ բացառության, սահմանվել է պարտադիր սահմանադրական դատական վերահսկողության ընթացակարգ, ինչը նշանակում է, որ առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշիչ մասնակցության այդ հարցերին չի թույլատրվում հետագա ընթացք տալ: Դա առավել ակնառու է Ազգային ժողովի դեպքում, որի լիազորություններն սպառիչ ամրագրվում են Սահմանադրությամբ (Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մաս), ինչը նշանակում է, որ այդ լիազորությունների ձևակերպումները վերջնական տեսքով ամրագրված են հենց Սահմանադրությամբ:

Ազգային ժողովի համար Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ի հակադրություն նրա պարտադիր լիազորությունների (Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մաս), expressis verbis սահմանվել է հայեցողական լիազորություն («կարող է դիմել») Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում: Օրինաչափ հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ է սահմանադիրը նույն պետական մարմնի համար մի շարք դեպքերում սահմանել հայեցողական, իսկ այլ դեպքերում` պարտադիր լիազորություններ: Սահմանադրական դատարանի կողմից իր մեկնաբանություններով պարտադիր լիազորություններն առանձին դեպքերում հայեցողական/ֆակուլտատիվ լիազորությունների վերածելը, մասնավորապես` առանձին դեպքերում միայն Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը պարտադիր չհամարելը, սահմանադրական չէ, քանի որ անտեսվում է Սահմանադրության մեջ առկա համակարգային կապը միևնույն նպատակով և լեզվական դարձվածքով միմյանց փոխկապակցված կարգավորումների միջև:

Ըստ այդմ` Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ նախնական պարտադիր սահմանադրական վերահսկողության նպատակը շատ հստակ է, այն է` ապահովել Սահմանադրության նորմերի աստիճանակարգությունը, Սահմանադրության կայունությունը և միասնականությունը, որոնք հնարավորություն կտան ապահովել նաև Սահմանադրական դատարանի գործառույթը` Սահմանադրության գերակայությունը, ինչպես նաև զերծ պահել Սահմանադրությունը ներքին հակասություններից:

Հակահամակարգային, կոնյուկտուրային կամ ոչ իրավական այլ նկատառումներով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը կարող է վտանգել ամբողջ սահմանադրական կարգը, խաթարել Սահմանադրության միասնականությունը, ինքնաբավությունը և կայունությունը, վտանգել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համակարգը` վերջնարդյունքում կասկածի տակ դնելով իրավունքի գերակայությունը, իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները, ուստի և` պետության ներքին անվտանգությունը, դրանով նաև` արտաքին անվտանգությունը և ինքնիշխանությունը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշմամբ տրված լուծումներ, մեր կարծիքով, նախ` հակասում են Սահմանադրությանը, բացի այդ` պարունակում են ներքին հակասություններ, ավելին` կիրառելի են հենց այդ որոշումն ընդունած կազմի նկատմամբ:

Այսպես` ՍԴՈ-1590 որոշման 5.8-րդ և 5.9-րդ կետերում Սահմանադրական դատարանը սահմանում է սահմանադրական փոփոխությունների պարտադիր վերահսկողության կանոնից «ողջամիտ բացառության» հնարավորությունը` այն կիրառելի համարելով «իրավիճակում, երբ Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարտադիր նախնական վերահսկողության նպատակին այդ կառուցակարգի կիրառմամբ հնարավոր չէ հասնել...»: Այդ ժամանակ, ըստ Սահմանադրական դատարանի` «նշված սահմանադրական կանոնից հնարավոր է ողջամիտ բացառություն, որը բացառիկ միջոց է և կիրառելի է միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից նախագծի վերահսկողությունը սահմանադրական արդարադատության առանցքային ընթացակարգային երաշխիքների պահպանմամբ անհնար է և Սահմանադրական դատարանն ի զորու չէ հաղթահարել այդ անհնարինությունը»:

Սահմանադրական դատարանի կարծիքով` «հակառակ պարագայում` Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր վերահսկողության լիազորության իրականացման դեպքում ողջամիտ բացառությունների անտեսումն ի զորու է ոչ միայն վտանգել Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության վերը թվարկված նպատակները, այլ նաև հարուցել իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերի և սահմանադրի` տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև բախումը կարող է հանգեցնել սահմանադրի (Ազգային ժողովի կամ ժողովրդի) Սահմանադրության փոփոխություններ ընդունելու լիազորության սահմանափակման` Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերը վերադասվելով Սահմանադրի ինքնիշխան կամքի արտահայտման բարձր հանրային շահի նկատմամբ: Սահմանադրական դատարանն այսպիսի իրողությունն անհանդուրժելի է համարում Սահմանադրության գերակայության դիտանկյունից»: Ի դեպ, համանման դիրքորոշում արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հարցի քննարկման ժամանակ: Ըստ էության, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորներն այս եզրահանգման հիմքում դրել են այն «հիմնարար» կանխավարկածը, որ եթե խնդիրը վերաբերվում է Սահմանադրական դատարանի դատավորին, ապա Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել անաչառ: Այս վտանգավոր եզրահանգումը չի պատասխանում մեկ կարևոր հարցի, իսկ ո՞վ է որոշելու թե այդ հարցը վերաբերվում է Սահմանադրական դատարանի դատավորների, թե ոչ: Կամ արդյո՞ք Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության, անձեռնմխելիության կամ սոցիալական երաշխիքներին վերաբերող հարցերը բացառապես Սահմանադրական դատարանի դատավորներին վերաբերվող հարցեր են:

Սակայն, իր իսկ սահմանած «ողջամիտ բացառության» կանոնից Սահմանադրական դատարանը սահմանում է երեք բացառություն: Ըստ այդմ` «... «ողջամիտ բացառության» կանոնը չի կարող կիրառվել Ազգային ժողովի կողմից, եթե`

ա) չի վերաբերում Սահմանադրության անփոփոխ դրույթներին, և

բ) չի փոփոխում Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, և

դ) չի առնչվում որևէ անձի հիմնական իրավունքի»(11):

 

___________________________________

11) Նախ` հարկ է նշել, որ քվեարկության դրված և ընդունված ՍԴՈ-1590 որոշման նախագծի տեքստում այս բացառությունները եղել են, ավելին` «չի կարող կիրառվել» բառերը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից առաջարկվել է փոխարինել «կարող է կիրառվել» բառերով, քանի որ վրիպել է նշելով ժխտական, սակայն, ստորագրված և հրապարակված ՍԴՈ-1590 որոշման տեքստում այդ բացառությունները բացակայում են:

 

Այս իրավական դիրքորոշումներով, մեր կարծիքով, Սահմանադրական դատարանը շրջանցել է սահմանադրի կամքը և, ըստ էության, հանդես գալով սահմանադրի դերում, Սահմանադրության դրույթների մեկնաբանման ներքո սահմանել է Սահմանադրության փոփոխությունների մասով բացառություն նախնական սահմանադրական վերահսկողության պարտադիրության հրամայականից, որը, ինչպես վերը նշեցինք, որևէ կերպ չի կարող բխեցվել Սահմանադրությունից, իր էությամբ նենգափոխում է պարտադիր սահմանադրական վերահսկողության էությունը և խախտում Սահմանադրության կառուցվածքին բնորոշ հիմնարար սկզբունքներ` իրավական պետության, դատավորների անկախության և անփոփոխելիության:

Ավելին, Սահմանադրական դատարանը սահմանադրի փոխարեն իր իսկ սահմանած կանոնից սահմանում է բացառություններ, որոնք ամրագրված չեն ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ Սահմանադրական դատարանի գործունեության և Սահմանադրական դատարան դիմելու կարգը սահմանող հատուկ իրավական ակտով` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Ընդսմին` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորների կարծիքով, Սահմանադրական դատարանի դատավորների անաչառության հարցը, նրանց կողմից որևէ գործ քննելու անհնարինության հարցը պետք է որոշի դիմողը:

Մեր կարծիքով, բոլոր այն դեպքերում, երբ գործի քննության անհնարինության նկատառումները կարող են հանգեցնել սահմանադրական արդարադատության մերժման, որով կարող է վտանգվել Սահմանադրական դատարանի գործառույթը` Սահմանադրության գերակայության ապահովումը, անգամ հիմնավոր դեպքերում նախապատվությունը պետք է տրվի սահմանադրական գործառույթի իրականացմանը: Այդ իմաստով բացառիկության կանոնը ոչ միայն հակադրվում է պոզիտիվ սահմանադրական իրավունքին, այլև իմաստազրկում է սահմանադրական արդարադատության բովանդակությունն ընդհանրապես, խաթարում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

Եթե սովորական դատարաններում, բացառությամբ բարձրագույն դատական ատյանի, անհամեմատ ավելի մեծ են դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջոցով գործի հնարավոր անաչառ քննությունն ապահովելու հնարավորությունները, ապա վերջնական որոշումներ ընդունող ատյաններում կամ մարմիններում, ինչպիսին են, օրինակ, սահմանադրական և գերագույն դատարանները, դատավորների անաչառության հարցը չպետք է խոչընդոտ դառնա արդարադատության իրականացման համար:

Դատավորներին, ներառյալ` Սահմանադրական դատարանի դատավորներին ներկայացվող պահանջները, նրանց վարքագծի կանոններն այնպիսին են, որ չեն կարող և չպետք է խոչընդոտեն նրանց` անգամ շահերի ենթադրյալ բախման իրավիճակում գործել անկախ և կայացնել իրավաչափ որոշումներ:

Ընդհակառակը` հենց այդպիսի ինքնահաղթահարման միջոցով է նաև դատավորների մոտ առաջանում իրենց բարձր առաքելությանը համապատասխանելու կարողություն, որը հետագայում էականորեն նպաստում է դատավորների փաստացի անկախության ամրապնդմանը:

Այս առումով հատկանշական է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, համաձայն որի` պետք է երաշխավորվի, որ Սահմանադրության երաշխավոր սահմանադրական դատարանը, որպես ժողովրդավարական ինստիտուտ, մնա ֆունկցիոնալ: Դատավորներին գործի քննությունից հեռացնելը չպետք է հանգեցնի դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության: Եթե դատավորին բացարկ հայտնելն անհրաժեշտություն է, պետք է դիմել սահմանադրական դատարան` բացառելու համար սահմանադրական դատարանի ոչ իրավազորությունը, որպես Սահմանադրության գերակայության երաշխավորի: Այն դեպքում, երբ դատարանը պետք է որոշում կայացնի մի գործով, որի վերաբերյալ դատավորն ունի շահեր` դա դատարանին չի ազատում այդ հարցով որոշում կայացնելու պարտականությունից: Սահմանադրական դատարանը պարտավոր է կայացնել որոշումներ ցանկացած օրենքի վերաբերյալ, որը գտնվում է իր վարույթում: Անհրաժեշտության դոկտրինը հնարավորություն է տալիս դատավորին, ով այլ պարագաներում իրավասու չէր քննելու գործը և կայացնելու որոշում, եթե հակառակը կհանգեցնի արդարադատության չիրականացմանը: Նշված դեպքերը հազվադեպ են պատահում, այդուհանդերձ, դրանք կարող են առաջանալ բարձր դատարանների դեպքում, որոնց կազմը սահմանափակ է և նրանց վերապահված գործառույթը չի կարող փոխանցվել այլ դատավորների: Համանման իրավիճակ կարող է առաջանալ, երբ վիճարկվում է այնպիսի նորմի սահմանադրականություն, որը կարգավորում է սահմանադրական դատարանի ընթացակարգերը, սահմանադրական դատարանի դատավորներին ներկայացվող պահանջները, պաշտոնանկության կամ կարգապահական վարույթի հիմքերը: Նման դեպքերում սահմանադրական դատարանի դատավորների մասնակցությունը գործերի քննությանը չի բացառվում (Վենետիկի հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի CDL-AD(2016)036 կարծիք, պարագրաֆ 7, 20-22, 24):

Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխությունները, որոնց միջոցով նախատեսվում է դատավորների լիազորությունների դադարեցում իրենց կամքին հակառակ, այսինքն, ուղղակի միջամտություն իրենց անկախությանը, անգամ եթե վերաբերում են կոնկրետ դատարանների կոնկրետ դատավորներին, չեն կարող չունենալ հիմնարար նշանակություն և չանդրադառնալ իրավական պետության հիմնարար սկզբունքի պահպանվածությանը, ուստի հենց Սահմանադրական դատարանն է, որ պետք է ստուգի դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Արդյո՞ք Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց վերաբերող սահմանադրական փոփոխությունների հարցում կլինեն անաչառ, թե՞ ոչ, պետք է որոշվի ոչ թե դիմողի կամ սահմանադրական դատավարության այլ մասնակիցների` անգամ ողջամիտ թվացող ենթադրությունների հիման վրա, այլ միայն և բացառապես Սահմանադրական դատարանի դատավորների կողմից: Սակայն հենց սահմանադիրը` կշռելով Սահմանադրական դատարանի դատավորների անաչառության և Սահմանադրական դատարանի լիազորությունների արդյունավետ կատարման հանրային շահերը, նախապատվությունն արդեն իսկ միանշանակորեն տվել է սահմանադրական արդարադատության իրականացման հանրային շահին:

Սահմանադրական դատարանի դատավորի կողմից անաչառության կանոնների խախտումը կարող է դառնալ ընդամենը կարգապահական պատասխանատվության հիմք, ինչն ինքնին անհամատեղելի չէ դատավորի պաշտոնի հետ, և անգամ, եթե անհամատեղելի լինի, ապա այդ հարցով որոշում կայացնելու առանձնաշնորհը որևէ կերպ վերապահված չէ ոչ օրենսդիր, ոչ էլ գործադիր իշխանությանը: Սահմանադրական դատարանի դատավորների առնչությամբ այդ առանձնաշնորհը հենց Սահմանադրական դատարանինն է: Հենց Սահմանադրական դատարանն է որոշում ընդունում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի հետ համատեղելի կամ անհամատեղելի կարգապահական խախտումների վերաբերյալ (Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետեր): Ընդսմին, եթե մի դեպքում խոսքը ծայրահեղ դեպքում դատավորի լիազորությունների դադարեցման մասին է էական կարգապահական խախտման հիմքով, ապա մյուս դեպքում` Սահմանադրության ոչ իրավաչափ փոփոխությունների միջոցով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը կանխելու և չեզոքացնելու մասին: Այս երկու հանրային շահերը համադրելի չեն և պարզ է, որ գերակայում է Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ նախնական պարտադիր վերահսկողության ապահովման հանրային շահը:

Մյուս կողմից` Սահմանադրական դատարանի կոնկրետ դատավորի կամ դատավորների վարքագիծը պետք է իր արտահայտությունը գտնի նրանց գործողություններում, անգործությունում կամ որոշումներում, որպեսզի հնարավոր լինի դատողություններ անել նրանց կողմից անաչառության կանոնի պահպանման վերաբերյալ: Այն հարցը, թե արդյոք դատավորն իր գործով է դատավոր, թե ոչ, ինչպես նաև` արդյո՞ք կարող է անաչառ լինել նաև իր գործով, որոշվում է հստակ սահմանված դատավարական ընթացակարգերի շրջանակներում` այդ դատավորների կամ այլ դատավորների կողմից, բայց ոչ երբեք կանխակալ մոտեցմամբ` սահմանադրի, օրենսդրի կամ գործադիրի, կամ առավել ևս` դատարան դիմելու պարտականություն կրող սուբյեկտի կողմից: Եթե դատավորի փոխարեն դիմողը կամ հանրային իշխանության մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք կամ մասնավոր անձինք են լուծում նրա անաչառության հարցը, ապա ուղղակիորեն միջամտում են դատավորի առարկայական անկախությանը, մտնում նրա բացառիկ լիազորությունների տիրույթ: Դա առավել ակնառու է այն դեպքերում, երբ խոսքը քաղաքական շարժառիթներով առաջնորդվող մարմիններում քաղաքական մեծամասնության մասին է: Նաև իրենք` որպես սահմանադիր, անգամ ժողովուրդը` որպես սահմանադիր, ժամանակակից իրավական պետությունում սահմանափակված են Սահմանադրությամբ: Այդ սահմանափակվածությունը քաղաքակիրթ համարվող պետություններում դրսևորվում է անգամ նոր Սահմանադրություն ընդունելիս, երբ սահմանադրական սովորույթների կամ միջազգային սովորութային և պայմանագրային իրավունքի ուժով առնվազն անհրաժեշտ է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը և նրա բնական իրավունքները և ազատությունները: Սահմանադրական դատարանի կողմից իր լիազորություններից հրաժարվելը հակասում է Սահմանադրության գերակայության ապահովման սահմանադրական առաքելությանը:

Ըստ էության, Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում Ազգային ժողովի այն մոտեցումը, որով ինքն իրեն, հակադրվելով Սահմանադրությանը, լիազորել է գնահատել և լուծել Սահմանադրական դատարանի դատավորների անաչառության հարցը: Դրանով խախտվել է Սահմանադրական դատարանի անկախության հրամայական պահանջը, նաև իրավական պետության հիմնարար սկզբունքը, և արդյունքում Սահմանադրական դատարանի փոխարեն Ազգային ժողովը, ըստ էության, որոշում է կոնկրետ գործերով դատավորների մասնակցության անհնարինության հարցերը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Սահմանադրության ոչ միայն անփոփոխ դրույթների, այլև ցանկացած այլ դրույթի փոփոխություն, որը խաթարում է Սահմանադրության միասնականությունը, հակահամակարգային է, ունակ է խաթարելու իրավունքի գերակայությունը, Սահմանադրությունը վերածելու հակասական, հակահամակարգային դրույթների ամբողջության: Այսպես, օրինակ, Սահմանադրության անփոփոխելի չհանդիսացող 13-րդ հոդվածում ամրագրված` միջազգային իրավունքի հիմքի կամ արտաքին քաղաքականության հիմնական նպատակների փոփոխությունն արդեն իսկ կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների` փաստացի փոփոխելով, ի թիվս այլնի, Սահմանադրության 5-րդ հոդվածում սահմանված նորմերի աստիճանակարգությունը` վերանայելով կամ վերացնելով վավերացված միջազգային պայմանագրերի կիրառման նախապատվության սկզբունքը: Դա էլ, իր հերթին, պետք է հանգեցնի իրավանորմերի ամբողջ աստիճանակարգության վերաիմաստավորման: Նույնը կարող է վերաբերել, օրինակ, զինված ուժերի սահմանադրական գործառույթների փոփոխությանը, եթե նրանց, օրինակ, վերապահվի սովորական իրավիճակներում հասարակական կարգի ապահովման գործառույթ և այլն: Այս կարգի մոտեցումները, որոնք հիմնված են սոսկ Սահմանադրության դրույթների փոփոխության բարդության աստիճանի վրա, անտեսում են ժողովրդավարական, իրավական պետության արժեհամակարգային հիմքերը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը փոփոխելու արգելքին, ապա սա անհասկանալի ձևակերպում է: Եթե, Սահմանադրական դատարանի տրամաբանությամբ, փոփոխվի ոչ թե Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, այլ, օրինակ, Հանրապետության նախագահի և (կամ) Կառավարության, կամ, օրինակ, վերացվի Հայաստանի Հանրապետության դատախազությունը կամ կամայականորեն կրճատվեն դատական իշխանության լիազորությունները, ապա դա թույլատրելի՞ է «ողջամիտ բացառության» կանոնի շրջանակներում: Այսինքն, եթե Սահմանադրական դատարանի շրջանցմամբ և Ազգային ժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը վերածվի կիսանախագահական կամ նախագահական հանրապետության, դա, ըստ Սահմանադրական դատարանի, խնդիր չէ, բայց խնդիր է, եթե Ազգային ժողովի լիազորությունները, որոնք առանց այդ էլ սպառիչ ամրագրված են Սահմանադրությամբ, փոփոխվեն, անգամ եթե Սահմանադրական դատարանի դատավորները «կանխակալ են»:

Ինչ վերաբերում է «ողջամիտ բացառության»` որևէ անձի հիմնական իրավունքին առնչվելու արգելքին, ապա բազում հարցեր են առաջանում, օրինակ` իսկ որևէ անձի ազատությանը, պարտականությանը կարո՞ղ են առնչվել, իսկ արդյո՞ք դատավորները, հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք նաև հիմնական իրավունքների և ազատությունների կրող են, թե՞ ոչ: Վերջին հարցի դեպքում պատասխանը միանշանակ դրական է: Իսկ եթե դրական է, ապա առնչությունը Սահմանադրական դատարանի դատավորների իրավունքներին, մասնավորապես, հանրային ծառայության իրավունքից ածանցվող իրենց պաշտոնավարման անվտանգությանը դիտվո՞ւմ է որպես բացառություն բացառությունից, թե՞ ոչ: Եթե ոչ, ինչը փաստում է Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, ապա դա ակնհայտ խտրական մոտեցում է և դեմ է իրավական պետության սկզբունքին, եթե այո, ապա Սահմանադրական դատարանը պարտավոր էր Սահմանադրության փոփոխությունները գնահատել որպես առնվազն այդ մասով Սահմանադրությանը հակասող:

Ավելին, ինչպես արդեն նշեցինք, Սահմանադրական դատարանի կողմից սահմանված երեք բացառություններն էլ բացառությունից կիրառելի են հենց քննարկվող որոշմամբ լուծված գործով, եթե թույլատրելի էր գնահատել 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները: Այսպես` այդ փոփոխություններն ուղղակիորեն ներգործել են Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության վրա, խախտվել է դատավորների անկախության առանցքային սկզբունքը, որը Սահմանադրության անփոփոխելի` 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչ է: Երկրորդ` ինչպես վերևում փաստվեց, Ազգային ժողովը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից` մտել Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթ թե Սահմանադրության փոփոխության հարցում, թե ակնհայտորեն Սահմանադրական դատարանի փոխարեն նրա դատավորների` գործի քննությանը մասնակցության անհնարինությունը որոշելու հարցում, որով խախտվել է օրինականության հիմնարար սահմանադրական սկզբունքը, որը սահմանադրական կարգի առանցքային բաղադրիչ է: 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն ուղղակիորեն ազդել են Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման լեգիտիմ ակնկալիքների և պաշտոնավարման շարունակականության վրա խախտել դրանք, այսինքն` շոշափել են Սահմանադրական դատարանի դատավորների` որպես մասնավոր անձանց հիմնական իրավունքները:

Իսկ Սահմանադրական դատարանի այն դատողությունը, որ դա չի կարող վերաբերել հենց Սահմանադրական դատարանի դատավորների հիմնական իրավունքներին, խտրական է, և խախտում է ընդհուպ նաև նրանց դատական պաշտպանության հիմնական իրավունքը, քանի որ Սահմանադրության փոփոխություններից պաշտպանվելու որևէ արդյունավետ միջոց նրանց համար Հայաստանի Հանրապետությունում առկա չէ: Այդ նպատակով է սահմանադիրը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման բացառիկ լիազորությունը վերապահել Սահմանադրական դատարանին, այլ ոչ թե որևէ այլ դատարանի, առավել ևս` Ազգային ժողովին կամ Կառավարությանը:

Այսպիսով, թե ըստ ընթացակարգի, թե բովանդակային տեսանկյունից Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումը իրավաչափ չէ և խաթարում է օրինականության հիմնարար սահմանադրական սկզբունքը թե Ազգային ժողովի, թե հենց Սահմանադրական դատարանի լիազորությունների մասով:

 

5. Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը` որպես իրավական պետության բաղադրիչ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, մեր կարծիքով, Սահմանադրական դատարանը ոչ իրավաչափ կերպով անդրադարձել է ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ կարճված մասի էությանը և ՍԴՈ-1590 որոշման մեջ իրավական դիրքորոշումներ է հայտնել դրա վերաբերյալ` հարկ ենք համարում, ըստ էության, անդրադառնալ նաև 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարցին:

Մինչև հիշյալ հարցին անդրադառնալը, նախ` անհրաժեշտ է նշել, որ դատավորների անկախության երաշխիքներն իրենց արտացոլումն են գտել մի շարք միջազգային փաստաթղթերում:

Այսպես` Վենետիկի հանձնաժողովի կարծիքով` դատական իշխանության անկախությունը խնդիր է, որը վերաբերում է բոլոր երկրներին: Այն իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հիմնարար երաշխիք է: Այն ապահովում է, որ արդարադատությունը իրականացվի (երևա որպես այդպիսին) առանց իշխանության այլ ճյուղերի, դատական իշխանության մեջ գտնվող մարմինների, դատավորների, դերակատարների անհարկի միջամտության: Դատավորների անկախությունը երկու ասպեկտ ունի` օբյեկտիվ և սուբյեկտիվ, ընդ որում, օբյեկտիվ տարրը դատական իշխանության անբաժանելի հատկանիշ է, իսկ սուբյեկտիվ տարրը ենթադրում է անձի իրավունքն առ այն, որ իր գործը քննվի անկախ դատավորի կողմից: Դատական իշխանության անկախությունը տարանջատվում է երկու տեսակի` ինստիտուցիոնալ և անհատական անկախություն: Ինստիտուցիոնալ անկախությունը վերաբերում է իշխանությունների տարանջատման սկզբունքին և դատական իշխանության ունակությանը` գործելու ազատ օրենսդիր կամ գործադիր մարմինների ճնշումներից: Անհատական անկախությունը վերաբերում է դատավորի ունակությանը` իրականացնելու արդարադատություն քաղաքական կամ այլ ճնշումների բացակայությամբ (CDL-AD (2012)014, պարագրաֆներ 74,75):

Դատավորների անկախության չափանիշներին է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի իրավական դիրքորոշումների համաձայն` դատարանի անկախության համար կարևոր նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները. դատավորների նշանակման իրավասություն ունեցող սուբյեկտը և նշանակման ընթացակարգը, դատավորի պաշտոնավարման տևողությունը, դատարանի վրա արտաքին ներգործությունը և ճնշումները չեզոքացնելու կամ էապես նվազեցնելու նորմատիվ և ինստիտուցիոնալ երաշխիքների առկայությունը (Capmbell and Fell v Tհe United Kingdօm, 1984 թ., գանգատներ N 7819/77, 7878/77, կետ 78):

Դատարանների անկախության սկզբունքի վերաբերյալ բազմակողմանի մեկնաբանություններ է կատարել Եվրոպայի խորհրդի համակարգում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը, հիմնավորելով դատական իշխանության անկախության սկզբունքը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, շեշտել է, որ դա անհրաժեշտ պահանջ է` իրավունքի գերակայությունն ապահովելու և արդար դատավարություն երաշխավորելու համար: Ըստ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի` դատավորների անկախության արտոնությունը կոչված է ապահովել ոչ թե նրանց սեփական շահերը, այլ իրավունքի գերակայության շահը, արդարադատություն որոնողների ու ակնկալողների շահերը (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդ, կարծիք թիվ 1(2001), 2001թ. նոյեմբերի 23, կետ 10):

Թեև դատարանների անկախության համար հիմնական պահանջները նույնն են թե սովորական դատարանների, և թե Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում, վերջինները պետք է պաշտպանվեն քաղաքական ազդեցության ցանկացած փորձից` պայմանավորված իրենց դիրքով, որը սովորաբար ենթարկվում է քննադատության և ճնշումների իշխանության այլ ճյուղերի կողմից: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատավորները կարիք ունեն հատուկ երաշխիքների իրենց անկախության հարցում (CDL-AD(2008)029, պարագրաֆ 14):

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Դատական իշխանության անկախության և դատավորների անփոփոխելիության չափորոշիչների մասին» թիվ 1 կարծիքում նշվում է. «Դատական իշխանության անկախությունը ենթադրում է դատավորների լիակատար անաչառության նախապայման (պարագրաֆ 12): Դատական իշխանության անկախության հիմնավորումն առանցքային գործոն է, որով կարելի է գնահատել դրա գործնական հետևանքները (պարագրաֆ 13): Դատական իշխանության անկախությունը պետք է երաշխավորվի ներպետական չափանիշներով` հնարավորինս բարձր մակարդակում (պարագրաֆ 14):

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը, այն է` 12 տարին: Այս դրույթը` համակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ (դատավորի լիազորությունների դադարման հիմքերը) և 9-րդ (դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը և կարգը) մասերի հետ` Սահմանադրության մակարդակով ամրագրում է Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը, իր հերթին, դատավորների անկախության հիմնարար սկզբունքի (Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մաս) մաս է, դատավորի անձնական անկախության հիմքը: Իր հերթին, դատավորների անկախությունը, ուստիև` անփոփոխելիությունը, Սահմանադրության անփոփոխելի` 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչ է: Այն Սահմանադրությանը բնորոշ կառուցվածքային սկզբունք է, որի խախտումը ենթադրում է իրավական պետության հիմնարար սկզբունքի խախտում:

Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը տարածվում է ոչ միայն Սահմանադրության` անփոփոխելիությունը կանոնակարգող դրույթների ուժի մեջ մտնելու օրվանից (Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, դա 2018 թվականի ապրիլի 9-ն է), այլև` մինչև Սահմանադրության այդ դրույթների ուժի մեջ մտնելը պաշտոնավարող Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) վրա: Սահմանադիրն այդ հարցին լուծում էր տվել 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության անցումային դրույթների միջոցով, երբ սահմանել էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրության անցումային դրույթները, ինչպես և ցանկացած այլ իրավական ակտի անցումային դրույթներ, ինքնուրույն նշանակություն չունեն, և չեն կարող գործել հիմնական դրույթներից անկախ: Այդ դրույթների անվանումն իսկ դրա մասին է վկայում. դրանք կոչված են ապահովելու անցումը նախորդ իրավակարգավորումներից գործող իրավակարգավորումներին: Դա ուղղակիորեն շեշտվում է 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հիմնավորման մեջ. «Սահմանադրության անցումային դրույթները մի կողմից ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նոր համակարգի փուլային անցումը, մյուս կողմից` նախատեսում են կոնկրետ ժամկետներ` դրանց իրականացման համար: Ի տարբերություն եզրափակիչ դրույթների` անցումային դրույթներն ունեն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը» (ընդգծումները մերն են):

Այսպիսով, Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջին նախադասությունն ինքնուրույն նշանակություն չուներ և ապահովում էր անցումը Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներին` երաշխավորելով Սահմանադրական դատարանի` նախորդ խմբագրությամբ Սահմանադրության հիման վրա և դրանով սահմանված ժամկետով նշանակված Սահմանադրական դատարանի անդամների անփոփոխելիությունը և պաշտոնավարման հաջորդայնությունը` փոփոխված Սահմանադրության գործողության շրջանակներում` Սահմանադրական դատարանի դատավորների և նախագահի պաշտոններում: Հետևապես` Սահմանադրության անցումային դրույթների փոփոխությունը ոչ միայն վերաբերում էր հենց այդ անցումային դրույթներին, այլև Սահմանադրության (միայն հանրաքվեով փոփոխության ենթակա) 7-րդ գլխում ամրագրված` Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության սահմանադրական երաշխիքներին: Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատավորների, ինչպես և ցանկացած այլ դատավորի անփոփոխելիությունը և դրանից ածանցվող պաշտոնավարման անվտանգությունը խախտելը` լինի դա սահմանադրի, օրենսդրի, գործադիրի, թե անգամ հենց Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների կողմից, Սահմանադրության անփոփոխելի` 1-ին հոդվածի խախտում է և անմիջականորեն դեմ է դատավորների անկախությանը:

Սահմանադրության կատարված, կատարմամբ սպառված անցումային դրույթների փոփոխությունը, որով հետադարձ ուժով կասեցվում է անցումը նոր կարգավորումների, ուղղակի միջամտություն է Սահմանադրական դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ պաշտոնավարող դատավորների անփոփոխելիությանը: Այդ միջամտությունը, նույնիսկ երբ քողարկվում է Սահմանադրության անցումային դրույթների փոփոխություններով, ակնհայտ հակասահմանադրական է:

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1590 որոշման մեջ ուղղակիորեն հակադրվել է 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների` վերը հիշատակված պաշտոնական հիմնավորմանը, և առանց որևէ հիմնավորման նշել է. «Սահմանադրության 213-րդ հոդվածը դասվում է Սահմանադրության այն դրույթների շարքին, որոնցում փոփոխությունները կարող են ընդունվել Ազգային ժողովի կողմից: Այսինքն` Սահմանադրության 213-րդ հոդվածի հիմքով պաշտոնավարող Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքը նախատեսված էր Սահմանադրության այնպիսի հոդվածով, որը կարող էր փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Այնուհետև Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1590 որոշմամբ արձանագրել է, որ «2020 թվականի Սահմանադրության փոփոխություններով Ազգային ժողովն ամբողջությամբ սպառել է Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը պաշտոնավարող անդամների և նախագահի պաշտոնավարման ժամկետների նկատմամբ իր սահմանադրական լիազորությունը` Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների կարգավորումը տեղափոխելով բացառապես Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսված առավել «կայուն» իրավադրույթների գործողության տիրույթ, որոնք կարող են փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից` առանց անտեսելու Սահմանադրության անփոփոխ հոդվածների դրույթները և սահմանադրական համապատասխան ընթացակարգերի և երաշխիքների պահպանմամբ»:

Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության անցումային դրույթների փոփոխելիության հարցում Սահմանադրական դատարանը կատարել է տրամագծորեն միմյանց հակասող վերլուծություններ` առանց որևէ հիմնավորման և հակադրվելով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության պաշտոնական հիմնավորումներին` իրավաչափ է գնահատել 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները, այսինքն` արդեն կենսագործված, կատարմամբ սպառված դրույթների փոփոխությունը, միևնույն ժամանակ արձանագրելով, որ Ազգային ժողովը դրանով «սպառել է» անցումային դրույթների հետագա փոփոխության «իրավասությունը»: Այս դիրքորոշմամբ, ըստ էության, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորներն անհաջող կերպով փորձ են կատարել ապահովագրել իրենց, հետագայում համանման փոփոխությունների արդյունքում իրենց լիազորությունների դադարեցումից:

Դատավորների անկախությունը բոլոր արտաքին միջամտություններից ու ճնշումներից` որպես կարևորագույն երաշխիք, պահանջում է արդարադատության իրականացման գործառույթ իրականացնող անձանց պաշտպանության երաշխիքներ, այդ թվում` ընդդեմ պաշտոնավարման դադարեցման:

Դատավորների անփոփոխելիության սկզբունքը, մասնավորապես, պահանջում է, որ ընտրված դատավորները պաշտոնավարեն սահմանված ժամկետով: Թեև նշվածը բացարձակ կանոն չէ, այդուհանդերձ նշված կանոնից չի կարող սահմանվել բացառություններ, քանի դեռ առկա չեն իրավաչափ և համոզիչ հիմքեր, որոնք կհամապատասխանեն համաչափության սկզբունքին:

Տվյալ դեպքում, չնայած 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների հիմքում ընկած հիմնավորումներին, նշված փոփոխություններին նախորդող և հաջորդող իրադարձություններից պարզ է դառնում, որ բուն նպատակը հանդիսացել է իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի նոր կազմ ունենալը:

Հատկանշական է, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով նույն երաշխիքը նախատեսված է եղել նաև սովորական դատավորների համար, որոնք նշանակվել են մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը, այդ թվում` Վճռաբեկ դատարանի դատավորների համար, որոնց նշանակման ընթացակարգը համապատասխան փոփոխությունների արդյունքում կարևոր փոփոխությունների է ենթարկվել, մինչդեռ նրանց պաշտոնավարման ժամկետը (մինչև կենսաթոշակի անցնելը) նույնն է մնացել, այլ կերպ ասած` չի իրականացվել նշված դատարանների նոր մոդելի կյանքի կոչում: Նշված տարբերակումը չունի որևէ օբյեկտիվ հիմք:

2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները իրականացվել են հրատապ կերպով, ընդ որում` նշվածով դադարեցվել են Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքի լիազորությունները: Արդյունքում չի ապահովվել դատավորների պաշտոնավարման շարունակականությունը` սահմանադրական արդարադատության արդյունավետության պահպանման նպատակով, հետևաբար` դատարանի ինստիտուցիոնալ կայունությունը, նշվածը ազդել է դատարանի կազմի վրա: Նշվածը ևս կասկածներ է հարուցում իրականացվածի` բարեփոխում լինելու և դրա հետապնդած նպատակների հարցում:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման հարցում չի դրսևորվել նույն մոտեցումը, ինչ դատավորների դեպքում, մասնավորապես` նրա լիազորությունները դադարեցվել են, այլ ոչ թե կրճատվել լիազորությունների ժամկետի առումով: Եթե այս փոփոխությունների բուն նպատակ Սահմանադրական դատարանի գործող կազմը Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխանեցնելն էր, ապա ակնհայտ է, որ դա այդպես չէ, քանի որ դադարեցվել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, ում պաշտոնավարման վեց տարվա ժամկետը դեռ չէր լրացել, ինչպես սահմանված է Սահմանադրության 7-րդ գլխում:

Տարբեր պետական մարմինների ներգրավվածությունը, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացում ինքնին նպատակ չէ, այլ միջոց` կազմի անկախության հարցում` այդ ընտրությունն ապաքաղաքականացնելու միջոցով: Այդ առումով հատկանշական է, որ, թեև Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության համար պահանջվում է որակյալ մեծամասնություն, այդուհանդերձ, ներկա իրողության պայմաններում նշված ձայները կարող են ապահովվել Ազգային ժողովի կառավարող խմբակցության կողմից միայնակ, ինչը նշանակում է, որ ընտրության գործընթացը հնարավոր էր իրականացնել առանց ընդդիմադիր խմբակցությունների ներգրավվածության: Թեև սահմանադիրը նախատեսել է առաջադրող երեք տարբեր սուբյեկտներ, այդուհանդերձ, առկա չէ որևէ երաշխիք կամ ձևավորված մշակույթ, որ նրանց առաջադրումները սոսկ քաղաքական նախապատվությամբ պայմանավորված շարունակաբար չընդունվեն: Մեկ հանգամանք ևս` 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության, Սահմանադրական դատարանի գործունեության շարունակականության հետ միասին, միաժամանակ նպատակ էր հետապնդում ունենալ հավասարակշռված կազմ, այն է` Սահմանադրական դատարանի դատավորներն ընտրված կլինեին տարբեր քաղաքական մեծամասնությունների կողմից, տարբեր ժամանակներում, որևէ քաղաքական ուժ ժամանակի կոնկրետ հատվածում չէր ունենա իր կողմից ընտրված Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնություն: 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում, արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի գործող կազմի չորս դատավորներ ընտրվել են ներկա Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության ձայների ուժով և այս կարգավորումների պայմաններում առավելագույնը երկու տարի հետո, այդ նույն մեծամասնությունը կարող է Սահմանադրական դատարանում ունենալ իր կողմից ընտրված մեծամասնություն (6 դատավոր): Դրա արդյունքում Սահմանադրական դատարանը մոտ 9-10 տարի կգործի մի կազմով, որի մեծամասնությունն ընտրվել է նույն քաղաքական մեծամասնության կողմից:

Սահմանադրական դատարանը առհասարակ չի անդրադարձել վերը նշված հարցերին, փոխարենն արձանագրել է հետևյալը.

«2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները համակարգային իմաստով հանգեցրել են արդյունքի, որով`

ա) Սահմանադրական դատարանում պաշտոնավարող բոլոր դատավորները պաշտոնավարում են հավասար ժամկետով և կարգավիճակով,

բ) Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանադրական հիմքը` 166-րդ հոդվածի 1-ին մասը, դուրս է Ազգային ժողովի իրավազորությունից և կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով,

գ) Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորությունը, որպես Սահմանադրական դատարանի անկախության լրացուցիչ երաշխիք, իրականացվել է Սահմանադրական դատարանի կողմից` համեմատ նախկինում Ազգային ժողովի կողմից նշանակվելու տարբերակի,

դ) Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանադրական հիմքը` 166-րդ հոդվածի 1-ին մասը, դուրս է Ազգային ժողովի իրավազորությունից և կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով...

Ամփոփելով, Սահմանադրական դատարանը 2020 թվականի սահմանադրական փոփոխությունը գնահատում է, որպես Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախությունն ամրապնդելու, Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև միայն հանրաքվեով փոփոխության ենթակա սահմանադրական դրույթների հիմքով կարգավիճակների հավասարություն ապահովելու, Սահմանադրական դատարանի կողմից իր նախագահին ընտրելու նոր միջոցով անկախության և ինքնավարության ամրապնդմանն ուղղված, և Սահմանադրական դատարանի` դատարանակազմական բոլոր մարմինների` իշխանության բոլոր ճյուղերի կողմից ուղղակի մասնակցությամբ ձևավորված լինելու բերումով իր ժողովրդավարական լեգիտիմության և իր նկատմամբ հանրային վստահության աստիճանն ամրապնդելու անհրաժեշտ միջոց»:

Վերոգրյալի համատեքստում, կարծում ենք, որ 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն արդարացված չեն համաչափության սկզբունքի համատեքստում: Նշվածն անդրադառնում է Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության վրա, որը դատավորների անկախության առումով էական նշանակություն ունի:

Հանրային և իրավական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ արտահայտել են տեսակետներ, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո քաղաքական մեծամասնության կողմից ձեռնարկվել են համակարգային քայլեր` ուղղված սահմանադրական արդարադատության դեմ` Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական վերահսկողություն ձեռք բերելու, ներառյալ` Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող գործերով որոշումների կայացման վրա ներազդելու, Սահմանադրական դատարանի դատավորների գործառնական և անձնական երաշխիքները խաթարելու, գործող Սահմանադրական դատարանի դատավորներին «նախկիններին սպասարկելու» անհիմն պատճառաբանություններով «օրվա իշխանություններին սպասարկող» Սահմանադրական դատարանի նոր դատավորներով փոխարինելու համար:

Վեր հանելով Սահմանադրական դատարանի վերաբերյալ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների տարբեր հայտարարությունները, քայլերը, դրանց, այդ թվում` միջազգային կառույցների կողմից տրված գնահատականները (տես` Հավելված N 1) կարող ենք եզրահանգել, որ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը որևէ լեգիտիմ նպատակ չի հետապնդել:

Ավելին, 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հուլիսի 22-ի ՀՕ-376-Ն օրենքի իրավակարգավորումների արդյունքներով պայմանավորված նաև Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներով, 2020 թվականի հունիսի 26-ից Սահմանադրական դատարանում գործերը հիմնականում քննվում և որոշումները կայացվում են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված Սահմանադրական դատարանի գործունեության կարգի, այդ թվում` ժամկետների բազմաթիվ խախտումներով: Այսինքն` «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» քաղաքական օրակարգը Սահմանադրական դատարանում առաջացրեց իրական ճգնաժամ` իր հնարավոր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:

Ամփոփելով կարող ենք նշել, որ, Ազգային ժողովը` հակառակ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման, չի փոփոխել բացառապես Սահմանադրության անցումային դրույթները, այլ հակասահմանադրական, այն է` Սահմանադրությամբ չնախատեսված հիմքով և կարգով միջամտել է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարմանը` խախտելով թե Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության, թե նրանց անձնական անկախության, և թե իրավական պետության սկզբունքները: Ըստ էության` Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության կանոնի խախտումը այդ մասով հանգեցրել է Սահմանադրության անփոփոխելի` 1-ին հոդվածի խախտման:

 

6. Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը և դրա կապը նրանց հիմնական իրավունքի հետ

 

Իրավական պետությունում դատավորների անփոփոխելիությունը պահանջում է նրանց պաշտոնավարման անվտանգության իրավական և փաստացի երաշխիքներ: Միայն այդ դեպքում կարող է ապահովվել նրանց անձնական անկախությունը:

Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը ոչ միայն Սահմանադրության մեջ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում ամրագրված օբյեկտիվ իրավական պատվիրան է, այլև պաշտպանվում և ապահովվում է հիմնական իրավունքով, այն է` Սահմանադրության 49-րդ հոդվածում ամրագրված` հանրային ծառայության անցնելու իրավունքը, որը հանրային և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց պաշտպանում է կամայական ազատումից: Դատավորների դեպքում նրանց սուբյեկտիվ հանրային իրավունքը համակցվում է Սահմանադրության անփոփոխելի` 1-ին հոդվածից ածանցվող իրավական պետության հիմնարար սկզբունքի և դատավորների անկախության, ներառյալ` անփոփոխելիության սկզբունքների հետ: Անգամ, եթե այն ամրագրված չլիներ որպես սուբյեկտիվ հանրային իրավունք` հիմնական իրավունքի մակարդակում, այն ուղղակիորեն կբխեր հիշյալ օբյեկտիվ իրավական պատվիրաններից` որպես Սահմանադրության կառուցվածքային սկզբունքներ:

Իրավական պետությունում հիմնարար այս պահանջները Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման մեջ անտեսվել են: Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորները, որպես ելակետ են ընդունել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության անցումային դրույթները փոփոխելու լիազորությունը` չանդրադառնալով դատավորներին վերաբերող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատվիրանների էությանը: Դրանով Սահմանադրական դատարանն ինքն իրեն ազատել է թե ի պաշտոնե քննության սկզբունքի (փաստերի մասով), թե iura novit curia սկզբունքի (իրավական հանգամանքների մասով) գործողությունից, որոնք պահանջում են, որ գործի թե փաստական, թե իրավական բոլոր հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզի ի պաշտոնե: Այս հարցում ևս ՍԴՈ-1590 որոշման մեջ առկա են ներքին հակասություններ: Նախնական սահմանադրական վերահսկողության պարտադիրության համար բացառություններ սահմանելով, Սահմանադրական դատարանը, ինչպես նշվեց սահմանում է նաև բացառություններ իր իսկ սահմանած «ողջամիտ բացառության» կանոնից: Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախնական վերահսկողությունը, անգամ եթե վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների անձնական շահերին, պարտադիր է, եթե առնչվում է նրանց հիմնական իրավունքներին: Այս հարցում Սահմանադրական դատարանի որոշումը կայացրած դատավորները հակադրվում են իրենց իսկ արտահայտած դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ դատավորների, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը երաշխավորվում է նաև հիմնական իրավունքներով: Այսպես, 2019 թվականի նոյեմբերի 15-ի իր ՍԴՈ-1488 որոշման մեջ Սահմանադրական դատարանն անդրադարձել է Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքի բովանդակությանը և դրա վերաբերելիությանը նաև դատավորներին: ՍԴՈ-1488 որոշման համաձայն` ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:

ՍԴՈ-1488 որոշման մեջ Սահմանադրական դատարանը շեշտել է, որ դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար` այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի` որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ` իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք, որի ապահովման մանրամասները պետք է սահմանվեն բացառապես սահմանադրական օրենքով` Դատական օրենսգրքով (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս` փոխկապակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասի հետ): Դատավորի պաշտոնավարման հաջորդայնության առանցքային երաշխիքները սահմանված են սահմանադրական մակարդակով. Դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը սպառիչ սահմանվել են Սահմանադրությամբ, Սահմանադրությամբ սահմանվել են նաև դատավորի լիազորությունների դադարեցման հարցով իրավասու մարմինները (Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մաս):

Սահմանադրական դատարանն այդ որոշմամբ գտել է, որ Սահմանադրությամբ սահմանված հիշյալ կարգավորումների ընդհանուր բովանդակությունը հանգում է հետևյալին.

1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ընդհանուր հիմունքներով անցնելով հանրային ծառայության, ունի նաև պաշտոնավարման և կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունք,

2) դատավորի պաշտոնը զբաղեցնող քաղաքացին, ի լրումն պաշտոնավարման ընդհանուր իրավունքի, ձեռք է բերում հատուկ երաշխիք` պաշտոնավարման հաջորդայնությունը երաշխավորող անփոփոխելիության տեսքով,

3) դատավորի պաշտոնից քաղաքացին կարող է հեռանալ կամ հեռացվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով, Սահմանադրությամբ կանխորոշված կարգով` սահմանադրական օրենքով ամրագրված հատուկ ընթացակարգի գործադրմամբ,

4) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման` Սահմանադրությամբ ամրագրված այն հիմքերի մեկնաբանության ժամանակ, որոնք ենթակա են կոնկրետացման սահմանադրական օրենքում, օրենսդիրը պետք է դրսևորի զսպվածություն և օրենսդրական կարգավորումների միջոցով չնենգափոխի Սահմանադրության համակարգային տրամաբանությունը, այն է` անհարկի չընդլայնի այդ հիմքերի կիրառման օրենսդրական հնարավորությունը, թույլ չտա դրանց կամայական մեկնաբանություն, երաշխավորի դրանց կիրառման ժամանակ արդարության բոլոր պահանջների պահպանումը, այդ թվում` պատշաճ ընթացակարգային երաշխիքներ դատավորի լիազորությունները դադարեցնելու ժամանակ:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ բոլոր դեպքերում, երբ դադարեցվում են դատավորի լիազորությունները, դա վերաբերում է ոչ միայն դատավորի կարգավիճակին, այլ նաև նրա` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու` հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքին. նա զրկվում է հետագա պաշտոնավարման իր իրավունքից, ուստի նրա այդ իրավունքը սահմանափակվում է:

Այսպիսով` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորներն ուղղակիորեն անտեսել են Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1488 որոշումը, որը որոշիչ նշանակություն ուներ նաև 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

Սահմանադրական դատարանի գործող որոշումները, ինչպես նշվել է, կաշկանդում են նաև Սահմանադրական դատարանի դատավորներին, և չեն կարող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով չնախատեսված եղանակով, առանց վերանայվելու, պարզապես անտեսվել:

Ավելին` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշման բովանդակությունը հանգում է նրան, որ 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններով Ազգային ժողովն իրավասու չէր դադարեցնելու Սահմանադրական դատարանի երեք դատավորների և նախագահի լիազորությունները, քանի որ ուղղակիորեն միջամտել է նրանց հիմնական իրավունքներին, իսկ այդ դեպքում, ի բացառություն Սահմանադրության փոփոխությունների նախնական վերահսկողության պարտադիրությունից «ողջամիտ բացառության» կանոնի, Ազգային ժողովն իրավասու չէր առանց Սահմանադրական դատարան դիմելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել:

Ակնհայտ է նաև, որ 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններով խախտվել են Սահմանադրական դատարանի հետագա պաշտոնավարման մասով դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի լեգիտիմ ակնկալիքները, որոնք նույնպես փոխկապակցված են իրավական պետության բաղադրիչ հանդիսացող վստահության պաշտպանության սկզբունքի հետ: Սա ևս մեկ կապ է սուբյեկտիվ հանրային իրավունքների և Սահմանադրության անցումային դրույթների միջև: Այս ակնառու փաստը ևս ամբողջությամբ անտեսվել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորների կողմից, թեև այն ուղղակիորեն տեղավորվում էր իրենց իսկ կողմից մշակված, մեր համոզմամբ` անհիմն, սակայն, այդ որոշմամբ արձանագրված «ողջամիտ բացառության» կանոնից բացառությունների շրջանակի մեջ:

 

7. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթները` անկախ որոշ տեխնիկական բնույթի անհստակություններից, մեր գնահատմամբ` Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգի տեսանկյունից համապատասխանում են Սահմանադրությանը: Այս տեսանկյունից Սահմանադրական դատարանի եզրահանգման հետ միայն այդ մասով համաձայն ենք: Սակայն, մեր կարծիքով, այդ դրույթները նախատեսում են պարտադիր կարգով Սահմանադրական դատարան դիմելու պահանջ` այլ ձևակերպումներով և, ըստ էության, վերարտադրելով Սահմանադրության համապատասխան դրույթների բովանդակությունը: Սահմանադրական դատարանը` գործի կարճված մասով խուսափել է գնահատել այդ դրույթների համապատասխանությունը իր իսկ սահմանած չափանիշներին: Ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթները չեն պարունակում ոչ «ողջամիտ բացառության» կանոնը, ոչ էլ այդ կանոնից բացառությունները: Դրանք ոչ տառացի, ոչ էլ որևէ այլ մեկնաբանության դեպքում չեն կարող բխեցվել վիճարկվող դրույթներից, ոչ էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի այլ դրույթներից: Հետևապես` թեև, մեր կարծիքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի` Սահմանադրական դատարան դիմելու պարտադիրությանը վերաբերող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն, ըստ Սահմանադրական դատարանի զարգացրած «բացառությունների տեսության»` դրանք Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված կարգավորումների բացակայության մասով հակասահմանադրական են, այսինքն, պարունակում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մեկնաբանությամբ չհաղթահարվող իրավական բաց, քանի որ չեն ապահովում սահմանադրի կամքի պատշաճ կենսագործումը` նրան հնարավորություն չտալով բացառիկ դեպքերում չդիմելու Սահմանադրական դատարան: Եթե անգամ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորները ելել են այն կանխավարկածից, որ «ողջամիտ բացառության» կանոնն անուղղակիորեն ամրագրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ապա ակնհայտ է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում չեն ամրագրվել այդ կանոնից «երեք բացառությունները», որոնց չամրագրումը նույնպես «հակասահմանադրական է», քանի որ կարող է հանգեցնել այդ բացառություններով կանխվելիք խախտումների: Սրանով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորները հակադրվել են իրենց իսկ դիրքորոշմանը:

ՍԴՈ-1590 որոշմամբ, ըստ էության, շրջանցվել գործի քննության առարկա համարվող և լուծում պահանջող առանցքային հարցերը: Այսպես, շրջանցվել են Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիության, նրանց անկախության առանցքային սկզբունքները, իրավական պետության հիմնարար սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ հանրային իրավունքների խախտման հարցը:

ՍԴՈ-1590 որոշման մեջ անտեսվել է այն հանգամանքը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերով սահմանափակվել է պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության ծավալը, որը, մեր կարծիքով, հակասում է Սահմանադրությանը: Բայց անտեսվել է նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության այն ակնհայտ խախտումը, երբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով են սահմանվել, ի թիվս «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների, Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակին և գործունեության կարգին վերաբերող դրույթներ, որոնցով սահմանափակվում է գործի քննության ծավալը: Այդ դրույթներն ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի` Սահմանադրական դատարանի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով:

 

8. Ազգային ժողովի նախագահին Սահմանադրության փոփոխությունները հրապարակելու լիազորություն վերապահող իրավադրույթի հակասությունը Սահմանադրությանը

 

Սահմանադրության 129-րդ հոդվածը Հանրապետության նախագահին վերապահել է օրենքների ստորագրման և հրապարակման լիազորություն: Օրենքների ստորագրումը Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի, բնորոշ լիազորությունն է և ունի համընդհանուր տարածում` անկախ այն հանգամանքից, թե Հանրապետության նախագահը պետության կառավարման որ համակարգում է գործում: Եթե Հանրապետության նախագահը գտնում է, որ իրեն ներկայացված օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա նա պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան: Հանրապետության նախագահը քաղաքական դրդապատճառներով օրենքի ստորագրումից հրաժարվելու լիազորություն սկզբունքորեն չունի: Եթե նա, այդուհանդերձ, հրաժարվում է ստորագրել և հրապարակել օրենքը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում, ապա նույն հոդվածի 3-րդ մասն այս պարագայում նախատեսում է լուծում` այդ լիազորությունը փոխանցելով Ազգային ժողովի նախագահին: Հարկ է նշել, որ Սահմանադրությունը ելնում է այն հանգամանքից, որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ այն ստորագրվել և հրապարակվել է իրավասու պաշտոնատար անձի կողմից:

Սահմանադրության փոփոխությունների մասով Սահմանադրությունը չի նախատեսել դրանք օրենքի տեսքով ընդունելու պահանջ: Եթե Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովին (Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մաս), ապա Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվում է որպես իրավական ակտի ինքնուրույն տեսակ: Սահմանադրությունն ուղղակիորեն չի կարգավորում ընդունված սահմանադրական փոփոխությունների ստորագրման և հրապարակման հետ կապված հարաբերությունները:

Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ունենա ավարտ, ինչը կարող է արձանագրվել միայն Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրվելուց հետո: Ստորագրման միջոցով ստեղծվում է սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, դրա բնօրինակը, մինչև ստորագրումն այն միայն նախագիծ է: Ստորագրման արդյունքում նախագիծը վերածվում է սահմանադրական փոփոխությունների ակտի: Ակտի ստորագրմամբ, նախ` հավաստվում է, որ ստորագրված փաստաթղթի տեքստը համապատասխանում է Ազգային ժողովի ընդունած նախագծի տեքստին: Միաժամանակ ստորագրությամբ հաստատվում է, որ ակտի ընդունման համար սահմանված սահմանադրական ընթացակարգերը պահպանվել են: Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների ակտի ստորագրմամբ հավաստում է ընդունված փաստաթղթի իրավաչափությունը, դրա համապատասխանությունը Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծին:

Սահմանադրական փոփոխությունների ակտի ստորագրման լիազորությունը մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունը պատկանում էր Հանրապետության նախագահին, քանի որ Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող, սահմանադրության պահպանմանը հետևող սահմանադրական մարմինն է: Հանրապետության նախագահի` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված այդ լիազորությունը բխում էր Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետության գլխի կարգավիճակից և որևէ կերպ հակասության մեջ չէր մտնում նույն հոդվածի 4-րդ մասի հետ, ըստ որի` «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»: Հակառակ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորների պնդման` այս մասով չի սահմանվում, որ Հանրապետության նախագահի լիազորությունները սպառիչ կերպով սահմանված են Սահմանադրությամբ: Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Հանրապետության նախագահի գործառույթները (Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս), վերկուսակցական, համապետական և համազգային շահերով առաջնորդվող արբիտրի գործառույթը (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս)) իրագործվում են Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով և չեն կարող ընդլայնվել օրենքների միջոցով, սակայն, այդ սահմանափակումը չի վերաբերում այն լիազորություններին, որոնք բխում են Հանրապետության նախագահի` Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետության գլխի կարգավիճակից: Հանրապետության նախագահի կարգավիճակի և գործառույթների տարբերակումն ակնառու է արդեն իսկ Սահմանադրության 123-րդ հոդվածի վերտառությունից:

Սահմանադրությունը մի քանի դեպքում է սահմանել սահմանադրական մարմնի լիազորությունների սահմանումը բացառապես Սահմանադրությամբ, և դա վերաբերում է Ազգային ժողովին, Սահմանադրական դատարանին: Ըստ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի` «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ», իսկ 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Այս նորմի և Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համեմատությունը ակնառու է դարձնում, թե սահմանադիրը որ մարմնի լիազորություններն է սահմանափակել բացառապես Սահմանադրությամբ: Եթե Հանրապետության նախագահի պարագայում սահմանափակումը վերաբերում է միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, ապա Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի դեպքերում այդ սահմանափակումը համապարփակ է. Ազգային ժողովն իրավունք չունի օրենք ընդունելու միջոցով իրեն վերապահել որևէ նոր լիազորություն կամ Սահմանադրական դատարանին վերապահել Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն: Այս արգելքը վերաբերում է ինչպես Ազգային ժողովին, այնպես էլ նրա մարմիններին:

Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է այն ակտերը, որոնք ստորագրելու և հրապարակելու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը: Դրանք են` Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները: Ինչպես տեսնում ենք, Սահմանադրական փոփոխությունները հրապարակելու լիազորություն Ազգային ժողովի նախագահին վերապահված չէ: 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի նախագահին սահմանադրական փոփոխությունները հրապարակելու լիազորություն վերապահելն ակնհայտորեն դուրս է գալիս նշված ակտերի շրջանակից և հակասում է ինչպես Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ, այնպես էլ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունները չեն նախատեսում սահմանադրական փոփոխությունները ստորագրելու որևէ պահանջ: Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորներն որևէ կերպ անդրադարձ չեն կատարում այն հարցին, թե ինչու օրենքի պարագայում ստորագրման պահանջը պարտադիր է, իսկ Սահմանադրության, այսինքն` օրենքից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի պարագայում դրա կարիքը չկա: Ինչպես արդեն նշվեց, ստորագրման ինստիտուտը զուտ ձևականություն չէ, չունի միայն արարողակարգային բնույթ, այլ ունի ընդունված ակտի իրավաչափության հաստատման կարևորագույն և անփոխարինելի գործառույթ:

Պետության բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի` Սահմանադրության մեջ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ կատարելու գործընթացից Հանրապետության նախագահին իսպառ բացառելը գործնականում հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ սահմանադրական փոփոխություններն ընդունվում և հրապարակվում են բացառապես Ազգային ժողովի մեծամասնության և այդ մեծամասնության ներկայացուցիչ` Ազգային ժողովի նախագահի կամքով:

Ըստ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորների դիրքորոշման` լիովին սահմանադրական է, երբ Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից, ով մեծամասնության ներկայացուցիչն է և, բնականաբար, շահագրգռված է այդ փոփոխություններով, իսկ նման լիազորությունից զրկվում է այն միակ պաշտոնատար անձը, ով, ըստ Սահմանադրության, պետության գլուխն է, ով սահմանադրական պատվիրանով պետք է լինի անաչառ և առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով: Ընդ որում, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1590 որոշումն ընդունած դատավորները որևէ փորձ անգամ չեն ձեռնարկում հիմնավորելու, թե ինչն է Ազգային ժողովի նախագահին սահմանադրական փոփոխությունների հրապարակման լիազորություն վերապահելու սահմանադրական հիմքը:

Այլ կերպ` Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու ինստիտուտի բացակայությունը, սահմանադրական փոփոխությունների հրապարակման լիազորությունը Ազգային ժողովի նախագահին վերապահելը հակասում է Սահմանադրությանը:

 

9. 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների նպատակի իրացման «հիմնական արդյունքները»

 

Դատավորների անկախությունը բոլոր արտաքին միջամտություններից ու ճնշումներից` որպես կարևորագույն երաշխիք, պահանջում է արդարադատության իրականացման գործառույթ իրականացնող անձանց պաշտպանության հատուկ երաշխիքներ, այդ թվում` ընդդեմ պաշտոնավարման դադարեցման:

2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների նպատակի իրացման արդյունքների մասով կարող ենք, մասնավորապես, նշել.

1) Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով պաշտոնավարման հաջորդայնության միևնույն երաշխիքը նախատեսված է նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Վճռաբեկ դատարանի դատավորների համար, մինչդեռ նրանց մասով Սահմանադրության 7-րդ գլխով նախատեսված «մոդելը» մինչ օրս «կյանքի չի կոչվել», ինչը փաստում է նաև տարբերակման օբյեկտիվ հիմքի բացակայությունը.

2) 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն իրականացվել են հրատապ կարգով, դրանցով դադարեցվել են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի մեկ երրորդի լիազորությունները: Արդյունքում չի ապահովվել դատավորների պաշտոնավարման հաջորդայնությունը, հետևաբար` Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունը: Միայն այս փաստն արդեն իսկ լուրջ կասկածներ է հարուցում փոփոխությունների իրավաչափ նպատակի հարցում` ի ցույց դնելով Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը շուտափույթ փոխելու նկրտումը.

3) Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման 12 տարին չէր լրացել անգամ համաձայն 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների, ինչն արձանագրվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն նրա լիազորությունները ևս դադարեցվեցին.

4) թեև 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հիմնավորումը Սահմանադրական դատարանի կազմավորման «նոր մոդելի» ներդրումն էր, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցում ընտրվեց նրա պաշտոնավարումն անհապաղ դադարեցնելու կարգավորումը, այլ ոչ թե` նրա լիազորությունների ժամկետը կրճատելու, ինչը փաստում է գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների քաղաքական նպատակադրումները: Ձեռնարկված այլ քայլերը, փաստացի, նրա պաշտոնավարման դադարեցմանը հասնելու առումով անարդյունք էին,

5) թեև Սահմանադրությունը Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության համար սահմանել է Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի մեծամասնության պահանջ, որով հակակշիռ է ստեղծել քաղաքական մեծամասնության համար, այդուհանդերձ, ներկա իրողության պայմաններում նշված մեծամասնությունը կարող է ապահովվել և ապահովվել է միայն կառավարող խմբակցության ձայներով, ինչը նշանակում է, որ ընտրություն կարող է կատարել բացառապես ընթացիկ քաղաքական նպատակահարմարությամբ, առանց ընդդիմության հակակշռող ներազդեցության, ինչն էական բացասական ազդեցություն է ունենում և ունենալու Սահմանադրական դատարանի կազմի հավասարակշռվածության վրա և նվազեցնում է վստահությունը թեկնածուներ առաջադրող մարմինների ինքնուրույնության նկատմամբ, ինչպես նաև թույլ է տալիս կարճատև ժամանակահատվածում փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնությանը` մեծացնելով նրանց կախվածությունը ներկա Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից:

Սույն հատուկ կարծիքով մեր իրավական դիրքորոշումները` փաստական արձանագրումներով, արտահայտել ենք Հանուն Հայաստանի Հանրապետության, Հանուն Սահմանադրական կարգի պահպանման:

 

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ      ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

 

          ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ                      ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

10 մայիսի 2021թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Սահմանադրական դատարանի դատավորներ

Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի

10.05.2021թ. հատուկ կարծիքի

 

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հիմքում չեն դրվել Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամի առկայության և դրա հաղթահարման հարցեր: Խնդիրները ներկայացվել են ընդհանուր դատական համակարգի համատեքստում:

Ազգային ժողովի և Կառավարության կողմից Սահմանադրական դատարանին, որպես դիմող կողմ, համապատասխան դիմում ներկայացնելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի հետ Ազգային ժողովի ու Կառավարության սահմանադրաիրավական այլ փոխհարաբերությունների դեպքերում որևէ խնդիրներ չեն արձանագրվել:

Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության ներկայացուցիչների գրավոր և բանավոր ոչ քիչ թվով խնդրանքների հիման վրա` միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցերը` դրանց հրատապությամբ պայմանավորված, Սահմանադրական դատարանը սահմանված կարգով քննության է ընդունել և որոշում կայացրել ամենասեղմ ժամկետներում: Բացի այդ, Սահմանադրական դատարանն իր այլ լիազորությունները ևս իրականացրել է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` անկախ Սահմանադրական դատարանի, նրա նախագահի և դատավորների վերաբերյալ իշխող քաղաքական ուժի կողմից հնչեցվող գնահատականներից և ձեռնարկվող քայլերից:

Փաստ է, որ առ 2020 թվականի հունիսի 26-ը` Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանում չի արձանագրվել Սահմանադրական դատարանի նիստերը իրավազոր չլինելու, դրանք չկայանալու և քվորումով պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշում չկայացնելու որևէ դեպք: Սահմանադրական դատարան դիմող որևէ սուբյեկտի իրավունք ընթացակարգային և ժամկետների խախտումների փաստերով չի արգելափակվել:

Կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հիմքում դրվել են Սահմանադրական դատարանի, հատկապես, 2018 թվականի ապրիլ ամսից հետո կայացրած որոշումները, այդ նախաձեռնությունները Ազգային ժողովում քննարկելու և ընդունելու համար գումարվել են անգամ Ազգային ժողովի արտահերթ նիստեր և այդ նախաձեռնություններով օրենսդրորեն հիմնականում իրացվել են Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Անհրաժեշտ ենք համարում առանձնացնել, մասնավորապես, այն գործընթացները, որոնք նախորդել և հաջորդել են 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններին և փոխկապակցված են նաև Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման ընդունման հետ: Այդ գործընթացները ցույց են տալիս ձեռնարկված քայլերի և նպատակադրումների բուն էությունը: Լեգիտիմ նպատակների վեր հանումն առանցքային է սահմանադրականության հարցերի բացահայտման համար, ինչը, սակայն, սույն գործով Սահմանադրական դատարանը, մեր կարծիքով, չի կատարել:

Ստորև, այդ գործընթացներն են, մասնավորապես, հետևյալ փաստական արձանագրումներով.

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 19-ին դիմեց հանրային կոչով դատարանների, այդ թվում` Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու համար(12), ինչը մայիսի 20-ին իրականացվեց նրա ղեկավարած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ակտիվ մասնակցությամբ(13):

 

___________________________________

12) Այդ կոչի նախօրեին` մայիսի 18-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը` ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց https://www.azatutyun.am/a/29949767.html

13) https://www.azatutyun.am/a/29951151.html https://www.lragir.am/2019/05/20/444333/

 

2. Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի վերաբերյալ քաղաքական նպատակադրումներով քննադատություններ առավելապես սկսեցին հնչեցնել և անձնավորված մոտեցումներ դրսևորել այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում մուտքագրվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված կամ նրան առնչվող դիմումները և դրանցով ընդունվեցին համապատասխան որոշումներ(14):

 

___________________________________

14) Մասնավորապես, Սահմանադրական դատարանի 21.06.2019թ. ՍԴԱՈ-59, 21.06.2019թ. ՍԴԱՈ-60, 21.06.2019թ. ՍԴԱՈ-61, 08.07.2019թ. ՍԴԱՈ-72, 18.07.2019թ.ՍԴԱՈ-81, 18.07.2019թ. ՍԴԱՈ-82, 22.06.2020թ.ՍԴԱՈ-136, 22.06.2020թ. ՍԴԱՈ-137, 22.06.2020թ. ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշումները, 07.05.2019թ.ՍԴՈ-1459 և 04.09.2019թ.ՍԴՈ-1476 որոշումները:

 

3. 2018 թվական ապրիլից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված չորս թեկնածուներին, այդ թվում` Վահե Գրիգորյանին (2018 թվականի հոկտեմբերին), Ազգային ժողովը չընտրեց (15): Հանրապետության նախագահը 2019 թվականի մայիսի 31-ին կրկին առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը` որպես հիմնավորում նաև նշելով, որ թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա (16): Ազգային ժողովը 2019 թվականի հունիսի 18-ին Վահե Գրիգորյանին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր (17):

 

___________________________________

15) «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն իր 2019 թվականի ապրիլի 16-ի զեկույցում որպես եզրահանգում նշել է, որ ՍԴ դատավոր ընտրելու գործընթացի քաղաքականացվածություն ենթադրող ինստիտուցիոնալ մոդելի պայմաններում, թեկնածուի ընտրության 3/5-ի շեմը հաղթահարած դոմինանտ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից` չառաջադրված թեկնածուի նախընտրելի լինելու վերաբերյալ բացահայտ դիրքորոշումները, համակցված իրավական արգելքը վերացնելուն միտված օրենսդրական նախաձեռնությամբ, վկայում են գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցությունների բարձր մակարդակի մասին https://pathoflaw.org/hy/2019/04/27

16) https://www.president.am/hy/press-release/item/2019/05/31/President-Armen-Sarkissian-nominates-Vahe-Grigoryan-for-judge-at-the-Constitutional-Court/

17) Վահե Գրիգորյանի որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության առաջադրման և ընտրության վերաբերյալ հնչեցվել են տարաբնույթ մեկնաբանություններ, շրջանառվել տեղեկություններ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ նրա փոխհարաբերությունների, այդ թվում` այն մասին, որ Վահե Գրիգորյանը (որպես փաստաբան) Սահմանադրական դատարանում մի քանի գործերով (ՍԴՈ-880, ՍԴՈ-1035) հանդես է եկել որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ:

 

Երդման արարողության ժամանակ` 2019 թվականի հունիսի 20-ին, Ազգային ժողովում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում իր երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր: Սահմանադրական դատարան մուտք գործելիս` որպես այդ պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը` Արման Դիլանյանը բացակայում է այդ օրերին, ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները և պարտականությունների կատարումը: Նա այդ ելույթի ընթացքում ընդգծեց, որ երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը` այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է, բայց դա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում(18): Վահե Գրիգորյանի ելույթն ավարտվեց Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ծափահարություններով(19):

 

___________________________________

18) http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3680&day=20&month=06&year=2019&lang=arm#20.06.2019

19) Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն առ 2020 թվականի հունիսի 26-ը չի կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի որևէ պարտականություն, փոխարենը հանդես է եկել Սահմանադրական դատարանին վարկաբեկող, նրա անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող, քաղաքական բնույթի գնահատականներ պարունակող հայտարություններով, հարցազրույցներով:

 

Վենետիկի հանձնաժողովն արձագանքեց վերը նշվածին: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության մեջ նշված է, որ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելը: Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության` վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ: Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի` մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման` 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ: [Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ» (20):

 

___________________________________

20) https://www.armtimes.com/hy/article/166254

 

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Վահե Գրիգորյանի վերոհիշյալ հայտարարությամբ, ըստ էության, ազդարարվեց «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» քաղաքական օրակարգի մեկնարկը:

2019 թվականի հունիսի 26-ին Վահե Գրիգորյանը նամակ (21) հղեց Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի դատավորներին, ըստ էության, վերահաստատելով իր հայտարարությունը, որ առկա է Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամ` ներկայացնելով այն լուծելու իր տարբերակները: Նրա նամակագրության շարքը եղավ շարունակելի (22):

 

___________________________________

21) https://www.aravot.am/2019/06/28/1052866/

22) https://armenpress.am/arm/news/980292.html

 

4. Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությամբ և վերոհիշյալ նամակով «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» և դրա լուծման վերաբերյալ Վահե Գրիգորյանի բարձրաձայնած դատողությունները Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից գնահատվեցին որպես ոչ օբյեկտիվ: Մասնավորապես, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է. «Ինչքան քիչ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն, էդքան լավ դատական համակարգի համար, որովհետև դատական համակարգն ընդհանրապես պետք է մաքրել քաղաքական որևէ տարրից... այսօր նույնիսկ ճգնաժամի մասին խոսելը լուրջ չէ... Մի տարի ճգնաժամ չկար, հենց որ մեկն այլ մեկնաբանություն տվեց, առաջացա՞վ ճգնաժամ: Պետք է հասկանալ, որ ճգնաժամը սուբյեկտիվ երևույթ չէ, ճգնաժամն օբյեկտիվ երևույթ է, իսկ օբյեկտիվ տարրեր ես չեմ տեսնում... պետական ոչ մի մարմին վերջին մեկ տարում կասկածի տակ չի դրել Սահմանադրական դատարանի գործունեությունը, այդ մարմինն աշխատել է բնականոն... մի տարի շարունակ ընդունվել են ՍԴ որոշումներ, կառավարությունը բերել է նախագծեր ԱԺ, ԱԺ-ում ես էլ անձամբ մի նախագիծ ունեմ ՍԴ որոշման հիման վրա... Ճգնաժամ չկա, բնականոն գործունեությունը պահպանված է»: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս, անդրադառնալով «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» հարցին, նշել է, որ ոչ մի ճգնաժամ չի տեսնում, «մարդիկ չպետք է քնեն-հելնեն ամեն մեկը մի եզրակացություն ասի, մի միտք ասի ու ամբողջ բանը էդ ուղղությամբ գնա» (23):

 

___________________________________

23) https://factor.am/166305.html

 

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցությանը, ապա նրա ներկայացուցիչների` «Սահմանադրական դատարանի ճգնաժամի», դրա պատճառների, լուծման վերաբերյալ տեսակետներից և մեկնաբանություններից ստեղծվում էր տպավորություն, որ իրենք կողմնորոշվելու խնդիր ունեն: Մասնավորապես, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր. «... «Իմ քայլը» խմբակցությունը չունի ձևակերպված դիրքորոշում, թե մենք ինչպես ենք շարժվելու առաջ և նման իրավիճակում մենք շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունենք»: Նա նշել էր նաև, որ երկու տարբերակ է տեսնում` հանդես գալ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման սեփական առաջարկներով կամ պաշտպանել Վահե Գրիգորյանի առաջարկները(24):

 

___________________________________

24) https://factor.am/166305.html

 

5. Հետագայում` 2019 թվականի հուլիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղեգծեց քաղաքական խնդիրը և անելիքները: Վարչապետ Փաշինյանը նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակն իրեն ուղղակի ցնցել է, մասնավորապես, ընդգծեց. «2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը: Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի... Մենք պետք է ունենանք կառավարության, նախագահի, խորհրդարանի նոր ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան... Հարց` ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը կհամապատասխանի այսօրվա գործող Սահմանադրության տեքստին: Մենք չունենք այդպիսի Սահմանադրական դատարան... Մենք ունենք այնպիսի դրույթ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, որ չենք կարող կիրառել մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը: Մենք ունենք իրողություն` 2019 թվականի Հայաստան թե՛ Սահմանադրության, թե՛ հեղափոխության, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան: Այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհած է Սահմանադրական դատարանը... Սա իմ քաղաքական գնահատականն ա. չի կարող, Սահմանադրական դատարանը այս սեփականաշնորհված բուդկայի կարգավիճակից պետք ա դուրս գա»(25):

 

___________________________________

25) https://www.azatutyun.am/a/30061355.html

 

6. Վարչապետ Փաշինյանի վերոհիշյալ ուղեգծումներից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումն ունի երկու ճանապարհ` կամ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, կամ իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների(26):

 

___________________________________

26) http://parliamentmonitoring.am/am/monitoring/356?fbclid=IwAR1a1sw2sQpVq3nVjOE2UHnf%20WRWFK2lyC3BRF0E8evsReVbTrM2A-eFR8gA

 

Իշխող քաղաքական ուժի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ ևս հիմնականում քաղաքական բնույթի հիմնավորումներով, անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններով հայտարարում էին, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, հակառակ դեպքում կատարելու են սահմանադրական փոփոխություններ:

7. Հաջորդիվ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Ազգային ժողովը որոշ չափով հապաղել է իր որոշումներում(27):

 

___________________________________

27) https://www.azatutyun.am/a/30159252.html

 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ(28), որով անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրած ՍԴՈ-1476 որոշմանը, 2019 թվականի հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներին (որոնցով Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներ ստանալու համար), Սահմանադրական դատարանի ինքնավարության և քաղաքական ազդեցության հարցերին, հնչեցնելով քաղաքական գնահատականներ Սահմանադրական դատարանի անաչառության, Սահմանադրական դատարանի որոշումների կայացման ընթացակարգի և դրանց հիմնավորվածության վերաբերյալ, որպես եզրահանգում նշեց, որ Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

___________________________________

28) http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12002&year=2019&month=9&day=16

 

Նույն օրը` սեպտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հիշյալ հայտարարությունը, մասնավորապես, նշելով, որ Սահմանադրական դատարանն իր ողջ գործունեությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր դժբախտությունների համահեղինակն է, Սահմանադրական դատարանի կայացրել է ապօրինի որոշում (ՍԴՈ-1476), Ազգային ժողովն ու ժողովուրդը պետք է մտածեն, թե ինչ են անելու այդ Սահմանադրական դատարանի հետ(29):

 

___________________________________

29) https://www.civilnet.am/news/193615/

 

8. Այնուհետև, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին նախաձեռնեց և Ազգային ժողովը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին կայացրեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը(30): Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվեց, մասնավորապես, այն պատճառաբանությամբ, որ Հրայր Թովմասյանը չի եղել անաչառ Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա քննության ընդունելու արդյունքում հարուցված վարույթով, այդ վարույթին մասնակցելու անհնարինության հիմքերի առերևույթ առկայության պարագայում խուսափել է դրանց մասին բարձրաձայնել և չի դարձրել դրանք քննարկման առարկա անգամ այն ժամանակ, երբ իր` վարույթին մասնակցելու անհնարինության հարցը բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից:

 

__________________________________

30) Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու հիշյալ որոշման քվեարկությանը:

http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3742&day=03&month=10&year=2019&lang=arm#03.10.2019

 

Հիշյալ նախաձեռնության քննարկման ժամանակ արտահայտվեցին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ: Մասնավորապես, Մխիթար Հայրապետյանը դիմելով Սահմանադրական դատարանի դատավորներին նշեց. «...դուք, բացառապես դուք, պիտի որոշեք` արդյո՞ք այս պահից սկսած որոշում եք վերացնել մեկ անձով պայմանավորված այն ամբողջ անվստահությունը ձեր ինստիտուտի նկատմամբ` բացառապես մեկ անձով պայմանավորված, դուք և միայն դուք պիտի որոշեք` արդյո՞ք պատրաստվում եք կայունության և կառուցողականության մի նոր և, հույս ունեմ, հարատև փուլ բերել ՍԴ-ին»(31):

 

___________________________________

31) http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3742&day=03&month=10&year=2019&lang=arm#03.10.2019

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց վերոհիշյալ նախաձեռնությունը բացահայտող այլ ասպեկտ ևս, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չէր բարձրացվի, եթե «Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողովին և մեր վրա տղա չբերեր...»(32): Վենետիկի հանձնաժողովի մասով Հովիկ Աղազարյանի նման հայտարարությունը կապված էր Սահմանադրական դատարանի 2019 թվականի հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումների հետ:

 

___________________________________

32) https://www.youtube.com/watch?v=2anDyJCeszo

 

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ եթե Ազգային ժողովի որոշումն ընդունվի, արդեն հարցը կլինի Սահմանադրական դատարանի տիրույթում, իսկ եթե մերժվում է, նա իր մտքում շատ քայլեր ունի(33):

 

___________________________________

33) https://news.am/arm/news/537050.html

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ կախված նրանից, թե Սահմանադրական դատարանն ինչ դիրքորոշում կունենա իրենց նախաձեռնության վերաբերյալ, իրենք կորոշեն իրենց հետագա քայլերը, որոնց հաջորդականությունը չի կարող բացահայտել, սակայն, դա չի նշանակում, որ իրենք այդ ուղղությամբ չեն աշխատում(34):

 

___________________________________

34) https://www.youtube.com/watch?v=L95Hcu3_N04&feature=youtu.be&fbclid=IwAR25fOsLzbt7oUJQkam-bPf8Ot948MTvILgurRI-1qziE95fcXM0s3_DaMA

 

9. Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումն ընդունելու նույն օրը` 2019 թվականի հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովին պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, ապա` նախագահ: Ըստ Բաբաջանյանի` «Սահմանադրական դատարանը փաստացի արգելակ է դարձել Հայաստանի զարգացման ճանապարհին»: Նա նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը «հարված է Հայաստանի սուվերենությանը և այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա և մենք պետք է համապատասխան, նաև արագ գործողությունների ճանապարհային քարտեզ սահմանենք»: Այդ հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվեց քրեական գործ` իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ(35):

 

___________________________________

35) https://www.azatutyun.am/a/30220909.html

https://www.azatutyun.am/a/30199583.html

 

10. 2019 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը «Ազգային ժողովի դիմումի հիման վրա` Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժեց` այն պատճառաբանությամբ, որ առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը նշել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի պնդումը պետք է հաստատված լիներ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, ինչը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պարագայում առկա չէ: Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը օրենքի համաձայն չի կարող լուծվել գործը քննության ընդունելուց հետո, ուստի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նման հարց բարձրացնել չէր կարող: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնություն ներկայացնելու ժամանակ չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ (ՍԴԱՈ-112) Ազգային ժողովի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն իր արձագանքը կստանա(36):

 

___________________________________

36) https://www.youtube.com/watch?v=KRVerca7ciM

 

11. 2019 թվականին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, նրա բարեկամների, մտերիմների դեմ հարուցվեցին մի շարք քրեական գործեր: 2019 թվականի հոկտեմբերին Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը հրավիրվեցին Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվեցին:

Հնչեցվում էին տեսակետներ, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդում, հոգեբանական և բարոյական ճնշում(37):

 

___________________________________

37) https://www.24news.am/news/61934

https://www.youtube.com/watch?v=7dV1KECWZtg

 

12. 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությամբ` նշելով. «Չափազանց անհանգստացած եմ մի կողմից կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից` Սահմանադրական դատարանի միջև եղած բացահայտ կոնֆլիկտով: Դեպքերի արագ իրար հաջորդելն ու վերջին իրադարձությունները լրատվամիջոցների կողմից անընդհատ քննարկման առարկա դառնալը չեն նպաստում խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը»(38): Նա նաև նշել էր. «...մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել` որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»(39):

 

___________________________________

38) https://www.azatutyun.am/a/30242903.html

39) https://www.shantnews.am/news/view/519484.html

 

13. Հատուկ քննչական ծառայությունը 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց: Քրեական գործն առնչվում էր Հրայր Թովմասյանի` Արդարադատության նախարար աշխատելու շրջանին:

Դրան հաջորդեցին վարչապետ Փաշինյանի, իշխող քաղաքական ուժի այլ ներկայացուցիչների հայտարարությունները, Հանրային հեռուստաընկերության հաղորդումները, որոնց, անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համատեքստում, անդրադարձ կատարեցին հասարակական կազմակերպությունները(40), Մարդու իրավունքների պաշտպանը(41) և եվրոպական կառույցները(42)` արտահայտելով մտահոգություններ և գնահատականներ:

 

___________________________________

40) https://www.tert.am/am/news/2020/01/29/statement/3197299

41) https://www.7or.am/am/news/view/178649/

42) https://pace.coe.int/en/news/7786

 

14. Իշխող քաղաքական ուժը «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» լուծումը շարունակեց օրենքների, Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնություններով` զուգահեռ կրկին հնչեցնելով Սահմանադրական դատարանի, նրա նախագահի, դատավորների (բացառությամբ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի) գործունեության քաղաքական գնահատականներ, անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ: Շրջանառվում էին նաև տեղեկություններ ներգործության տարբեր մեթոդների և միջոցների մասին:

Այլ երկրների, մասնավորապես, ռուսական լրատվական հաղորդումներով ևս անդրադարձ կատարելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին` նշվում էր. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու օրինական ուղիներ դեռ չկան, նա ունի անձեռնմխելիություն և դեռևս օրենքով պաշտպանված է: Բացի այդ, իշխանությունները նախապատրաստում են Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման օրենսդրական հիմքեր: Նշվում էր նաև. որքան երկար ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարվի կամավոր հեռանալ իր պաշտոնից, այնքան ուժեղ է լինելու իշխանությունների ճնշումը նրա նկատմամբ(43):

 

___________________________________

43) https://www.youtube.com/watch?v=BnzSkQeIW2U

 

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում հետագայում` 2020 թվականի հունվարին կատարված գրառմամբ նշել էր. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»(44):

 

___________________________________

44) https://hraparak.am/post/4a861bd2fdf02e39b138f8b334d73f69

 

Ուշագրավ շեշտադրումներ էր կատարել ամերիկյան «Freedom House»-ը` 2020 թվականի հրապարակած Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցներում: Այդ զեկույցներում, մասնավորապես, նշվում է ժողովրդավարությանը սպառնացող աղաղակող ազդակների` Սահմանադրական դատարանի դատավորներին հեռացնելու արշավի մասին` շեշտադրելով այդ արշավին Վահե Գրիգորյանի դերակատարումը և նրա սերտ կապը քաղաքական իշխանությունների հետ (նա անվանվում է «կառավարության դաշնակից), և Վահե Գրիգորյանի կողմից օրենսդրական ձևականությունների օգտագործմամբ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու` անհաջող փորձի մասին: Այդ զեկույցներում նշվում է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, վաղ կենսաթոշակի նախագծի, խնդրահարույց որակված սահմանադրական փոփոխությունների մասին` որպես մեկ միասնական ծրագրի մասեր, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը շրջանցելու մասին(45):

 

___________________________________

45) https://freedomhouse.org/country/armenia/freedom-world/2020, https://freedomhouse.org/country/armenia/nations-transit/2020

 

«Սահմանադրական դատարանի ճգնաժամի» լուծման օրենքների, Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունները, ըստ էության, միտված էին նույն նպատակին` ունենալ Սահմանադրական դատարանի նոր նախագահ, ունենալ նոր դատավորներ: Իշխող քաղաքական ուժն այդ նպատակին օր առաջ հասնելու համար գրեթե զուգահեռ ներկայացրեց մի շարք նախաձեռնություններ և դրանց վերաբերյալ կայացրեց որոշումներ, սակայն, իրարամերժ հիմնավորումներով և տարբեր լուծումներով:

15. 2019 թվականի նոյեմբերին Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվեց օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի 7 դատավորներին անցնել վաղ կենսաթոշակի` կամավոր հրաժարականի դեպքում` եթե հրաժարական ներկայացնեն այդ փոփոխությունը նախատեսող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում(46):

 

___________________________________

46) Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշյալ նախաձեռնության մասով նշել էր, որ այն Սահմանադրական դատարանի դատավորների պատվով հեռանալու հնարավորություն է: https://armenpress.am/arm/news/997310/: Իսկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշյալ նախաձեռնության մասով նշել էր, որ «Սա ոչ թե գործարք է, այլ մարդասիրական միջանցք է` ուղղված ՍԴ անդամներին, վերջինը թերևս, և մի վերջին կոչ և հրավեր ՍԴ ճգնաժամը միասնական ջանքերով լուծելու: ...Պետք է նշեմ, որ Վահե Գրիգորյանն առաջարկել էր 3 տարբերակ, որոնցից մեկն էլ ՍԴ անդամների վաղաժամկետ կենսաթոշակի տարբերակն էր, և մենք այս փուլում շարժվում ենք այդ տարբերակով»: https://www.lragir.am/2019/11/20/495398/:

 

Կառավարության վերոհիշյալ օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովը 2019 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունեց (ՀՕ-312-Ն)(47), որին Ազգային ժողով երկու խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան», դեմ քվեարկեցին:

 

___________________________________

47) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137897

 

Այդ օրենքի ստորագրումից մի քանի ժամ անց քննիչ այցելեց Սահմանադրական դատարան` քննչական գործողության կատարելու նպատակով: Հաջորդ օրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվեց որպես վկա, անմիջապես հետո ներգրավվեց որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:

Սահմանադրական դատարանի 7 դատավորներից ոչ ոք վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից օգտվելու համար, օրենքով սահմանված երկամսյա ժամկետում` 2020 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, հրաժարականի դիմում չներկայացրեց:

16. Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-312-Ն օրենքով սահմանված վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից օգտվելու համար հրաժարական ներկայացնելու երկամսյա ժամկետը լրանալը` 2020 թվականի հունվարի 29-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթ(48): Հիշյալ փաթեթով, մասնավորապես, հնարավորություն էր տրվում սահմանադրական փոփոխություններ կատարել նաև առանց Սահմանադրական դատարանի կողմից դրանց նախնական սահմանադրական վերահսկողության, իսկ Հանրապետության նախագահի` Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունը վերացվում էր: Այդ օրենսդրական նախաձեռնությունը, սակայն, հեղինակից կողմից հետ կանչվեց 2020 թվականի փետրվարի 6-ին, այսինքն` այն նույն օրը, երբ այդ օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկմամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ (ժամը 11.00-ին)(49):

 

___________________________________

48) http://www.parliament.am/agenda.php?AgendaID=538&day=06&month= 02&year=2020&lang=#06.02.2020

49) http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12638&year= 2020&month=2&day=6

 

17. 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13.00-ին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարեց Ազգային ժողովի մեկ այլ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով` Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (առաջին ընթերցում)(50):

 

___________________________________

50) http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12640&year= 2020&month=2&day=6

 

Այդ նախագծով հեղինակները` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորները (զեկուցող` Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյան)` առաջարկեցին Սահմանադրության 213-րդ հոդվածում, մասնավորապես, կատարել հետևյալ փոփոխությունը. մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է(51):

 

___________________________________

51) http://www.parliament.am/agenda.php?AgendaID=538&day=06&month= 02&year=2020&lang=#06.02.2020

 

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, սակայն, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, այլ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետով Ազգային ժողովին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում, մասնավորապես, հայտարարեց, որ «...իմ խորին համոզմամբ` 213 հոդվածը չի կարող փոփոխվել ԱԺ-ի կողմից, որովհետև այն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության ձևավորմանը, թեև նախատեսում է անցումային դրույթներ: Անցումային դրույթները, ըստ էության, թույլ են տալիս ձևավորել կամ անցում ապահովել դատական իշխանության ձևավորման բնագավառում: ԱԺ-ը` ունենալով առաջնային մանդատ, Կառավարությունը` լինելով գործադիր, դատական իշխանությունը` իրականացնելով արդարադատություն, երեք հավասար իշխանության ճյուղեր են, և որևիցե մեկը մյուսի ձևավորման վրա ազդեցություն ունենալ չի կարող: Եվ եթե գործադիրը և օրենսդիրը կարող են որոշակի փոխկապակցվածության մեջ լինել, ապա ԱԺ-ը չի կարող փոփոխել այնպիսի դրույթներ, որոնք վերաբերվում են դատական իշխանության ձևավորմանը... Սահմանադիրը վերապահել է մեզ լիազորություն` անդրադառնալու որոշակի հարցերի: Դատական իշխանության հետ կապված` մեզ իրավասություն չի վերապահել, ասել է` էս հարցը պետք է լուծեք հանրաքվեի միջոցով, այո, մենք գնում ենք հանրաքվեի»(52):

 

___________________________________

52) http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3830&day=06&month =02&year=2020&lang=arm#06.02.2020

 

Այդ նիստին արտահերթ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշելով. «Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման` Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության: Այսինքն` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որևէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա` այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: ...Աբսուրդը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանը` ինքն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ իր կարգավիճակի վերաբերյալ: Սա, իսկապես, աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը` ինքը նման որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ: ... Սահմանադրական դատարանի լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի և սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով: ... Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք բոլորդ այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու: Ինչի՞ վրա է նրանց հույսը. միայն ու միայն մի բանի` Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչո՞ւ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչո՞ւ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետև նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա, շուտով, ահա, բան չմնաց, իրենց Սահմանադրական դատարանն իրենց` բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, և շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի` ժողովրդի լավատեսությունը ծծելու: ... Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք մի ուրիշ գործողություն և այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար և Ազգային ժողովը, հույս ունեմ, որ որոշում կայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213 հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին: ... Սահմանադրական դատարանի շուրջ, այո, ստեղծվել է ճգնաժամ, որն ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ` ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը` մեծ ծառայություն մատուցելով պետությանը և ժողովրդին, գնահատելի ծառայություն մատուցելով: Դուք, խոսքս Սահմանադրական դատարանի անդամների, հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների մասին է, ահա, դուք` բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչև հանրաքվեի մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելը: ... պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ առանց բացառության, առանձին-առանձին կամ բոլորով` այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ անձամբ խնդրել ձեզ անել այդ քայլը, ձեր աչքերի մեջ նայելով և կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը(53):

 

___________________________________

53) http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3830&day=06&month =02&year=2020&lang=arm#06.02.2020

 

Քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» 0 կողմ, 36 դեմ, 88 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ չընդունվեց:

Այնուհետև Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով Էդմոն Մարուքյանը` նշեց, որ նախագիծն այդ տեսքով չի կարող դրվել հանրաքվեի և տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողովի որոշման նախագծին:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը Ազգային ժողովն ընդունեց 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ(54):

 

___________________________________

54) http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12641&year= 2020&month=2&day=6

 

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դրվեց առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, առանց Սահմանադրական դատարան դիմելու և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից նշում էին, որ նշանակված հանրաքվեն լինելու է վստահության հանրաքվե իշխանության նկատմամբ և անվստահության հանրաքվե նախկինների նկատմամբ(55):

 

___________________________________

55) https://www.facebook.com/watch/?v=2663448957065512

 

18. Նույն օրը` փետրվարի 6-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները տարածեցին հետևյալ հայտարարությունը. «Հայաստանի խորհրդարանը որոշում է կայացրել փետրվարի 6-ին անցկացնել արտահերթ նիստ` քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը օրինագծերի համապատասխանությունը ստուգելու պահանջը: Դա կփոխի նաև հենց Սահմանադրության վերանայման ընթացակարգը: Սահմանադրական այդ փոփոխությունը, որն ըստ ամենայնի նպատակ ունի անհապաղ դադարեցնել Սահմանադրական դատարանի ներկայիս մի քանի անդամների լիազորությունները, նույնպես ներկայացված են: Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության համար: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ խնդրել Վենետիկի հանձնաժողովի` սահմանադրական իրավունքի հարցերով Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմնի եզրակացությունը: Մենք կարծում ենք, որ այդ կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել շտապ կարգով, արժեքավոր կլիներ շահագրգիռ բոլոր կողմերի համար, այդ թվում` Հայաստանի ընտրողների, եթե հանրաքվե անցկացվի»(56):

 

___________________________________

56) https://www.civilnet.am/news/196879/

 

19. 2020 թվականի փետրվարի 9-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց (ՆՀ-32-Ն)` 2020 թվականի ապրիլի 5-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին(57):

 

___________________________________

57) https://www.president.am/hy/decrees/item/4972/

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը 2020 թվականի փետրվարի 11-ին հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին ու կավարտվի ապրիլի 3-ին(58):

 

___________________________________

58) https://www.azatutyun.am/a/30428509.html

 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ, որի ընթացքում նա հայտնեց իր մոտեցումները նաև հետևյալ կերպ. «...Կորոնավիրուսը չէ վտանգավոր: Այ կորոնավիրուսը դրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են ու էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք ու ուղարկենք իրենց գործերին: Ապրիլի 5-ը սրա մասին է»: Վարչապետը հավաքի ներկաներին կոչ արեց նաև դրա համար գնալ քվեարկության(59):

 

___________________________________

59) https://www.panorama.am/am/news/2020/03/12/%D5%86%D5%AB%D5%AF%D5% B8%D5%AC-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/2254477

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշումը (հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը), 2020 թվականի մարտի 16-ին տեղեկացրեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից(60):

 

___________________________________

60) https://www.elections.am/announcement/

 

Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչվեց, սակայն` 2020 թվականի հունիսի 30-ին(61):

 

___________________________________

61) http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=7211&lang=arm

 

20. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2020 թվականի մայիսի 12-ի գրությամբ դիմեց Վենետիկի հանձնաժողով` խնդրելով տրամադրել Սահմանադրության փոփոխությունների նախագծի համատեքստում` Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վերաբերյալ կարծիք(62):

 

___________________________________

62) https://www.moj.am/legal/view/article/1341/

 

21. Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 22-ին, հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հրապարակվել է 2020 թվականի մայիսի 29-ին, իսկ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը` 2020 թվականի հունիսի 18-ին, արձանագրելով, որ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները կասեցնելու հիմքերը վերացել են, վերսկսեց այդ գործերի վարույթները և այդ գործերը միավորելով դատաքննությունը սկսելու օր նշանակեց 2020 թվականի հուլիսի 7-ին` ժամը 11.00-ին (ՍԴԱՈ-136, ՍԴԱՈ-137, ՍԴԱՈ-138):

22. Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը դեռևս ուժի մեջ լինելու պայմաններում, Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդը 2020 թվականի հունիսի 18-ին ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Ազգային ժողովի նախագահը 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, գումարեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնած հետևյալ օրակարգով` Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)(63):

 

___________________________________

63) http://www.parliament.am/agenda.php?AgendaID=565&day=22&month= 06&year=2020&lang=#22.06.2020

 

Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, քվեարկության դրված Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չընդունեց:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, նշելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածն ամբողջությամբ, չի կարգավորում, թե ինչպես պետք է վարվել, երբ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումն Ազգային ժողովը չի ընդունում, այնուամենայնիվ, Ազգային ժողովն անցավ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

89 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:

Սահմանադրության փոփոխությունները Ազգային ժողովն ընդունեց առանց Սահմանադրական դատարան դիմելու և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման, առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի(64): Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, իր կարծիքում ամրագրել է. «Հանձնաժողովն ափսոսանքով է նշում, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից սույն կարծիքի ընդունման օրը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացվել է սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկ, որի առաջարկությունը չի համապատասխանում սույն կարծիքում ներկայացված առաջարկություններին»(65):

 

___________________________________

64) Հարցը գտնվում էր նաև միջազգային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում https://www.kommersant.ru/doc/4389979

65) https://www.moj.am/legal/view/article/1341/

 

Սահմանադրության փոփոխությունները հրապարակվեցին 2020 թվականի հունիսի 25-ին և ուժի մեջ մտան 2020 թվականի հունիսի 26-ին:

23. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ 2020 թվականի հունիսի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը(66): «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում էր Ազգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրության փոփոխությունների` Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու և հրապարակելու դրույթը վերացնել և Ազգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրության փոփոխությունները հրապարակելու իրավասությունը վերապահել Ազգային ժողովի նախագահին:

 

___________________________________

66) Այդ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվել էին 2020 թվականի հունիսի 6-ին:

 

Այդ նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշեց. «...ես տեսա, որ մեկնաբանություններ կան, որ մենք փորձում ենք Հանրապետության նախագահից լիազորություն վերցնել, ուղղակի, տեղեկացման կարգով ձեզ և ի լուր աշխարհի` ուզում եմ փոխանցել, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ: Ավելին ասեմ, հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը և առաջարկել են շտկել այս օրենսդրական բացը և հստակ կարգավորում մտցնել, ինչը և անում ենք, այնպես որ, խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել»(67):

 

___________________________________

67) http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3938&day=22&month =06&year=2020&lang=arm#1930

 

Նախագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

24. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունիսի 26-ին հայտարարեց. «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն: Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ»: Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ(68):

 

___________________________________

68) https://armeniasputnik.am/armenia/20200626/23521907/hrayr- tovmasyann-aylevs-sd-naxagah-che.html

 

25. 2020 թվականի հունիսի 26-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ հղեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, մասնավորապես, նշելով. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին: Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին: Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը: Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ»(69):

 

___________________________________

69) https://kizaket.am/news/252256

 

26. 2020 թվականի հունիսի 27-ին Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձավ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին` ափսոսանք հայտնելով, որ իշխող մեծամասնությունն ընդունել է սահմանադրական փոփոխություններ կատարելու առաջարկը, չնայած Վենետիկի հանձնաժողովն ընդգծել էր, որ դրանք չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը նաև հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, կամրապնդի օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները և կպաշտպանի դատական իշխանության անկախությունը(70):

 

___________________________________

70) https://yerkirmedia.am/hy/article/2020/06/27/13162/

 

27. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտոնական թվիթերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ ևս իր գնահատականը տվեց Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք: Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը և դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից և դատական իշխանության անկախությունից: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը կոչ է արել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից և Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու և եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը(71):

 

___________________________________

71) https://mobile.twitter.com/idc_cdi/status/1277713155813265410 ?fbclid=IwAR0eB4fwRL_gp-ngH1mPkSnYVM-p_Z5NYLr-mBBMRSoSFsFIRPkGwgBR3RU

 

28. 2020 թվականի հունիսի 27-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ:

Ազգային ժողովի նախագահի ձևաթղթի վրա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Աշոտ Խաչատրյանը` որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող, համատեղ ստորագրեցին հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշված է, որ «Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ:

Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ»(72):

 

__________________________________

72) http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13139&year= 2020&month=6&day=27

 

Նույն օրը` հունիսի 27-ին վարչապետ Փաշինյանը ևս շնորհավորեց Աշոտ Խաչատրյանին, մասնավորապես, նշելով. «Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն` այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա»(73):

 

___________________________________

73) https://armeniasputnik.am/armenia/20200627/23539118/-nikol- pashinyany-imastnutyun-e-maxtel-sd-naxagahi-pashtony-standznats-datavorin. html

 

Նույն օրը` հունիսի 27-ին Աշոտ Խաչատրյանը հարցազրույց տվեց, մասնավորապես, նշելով. «Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի»(74):

 

___________________________________

74) https://168.am/2020/06/27/1326832.html

 

29. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 30-ին` ժամը 11.00-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցեցին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այդ փաթեթով առաջարկվում էր 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի` մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Նախագծերի փաթեթի քննարկումն իրականացվեց հատուկ ընթացակարգով: Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացվեց այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում և ընդունվեցին ամբողջությամբ(75):

 

___________________________________

75) http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13146&year= 2020&month=06&day=30&lang=arm

 

Ընդունված օրենքները, նույն օրն անմիջապես ուղարկվեց Հանրապետության նախագահին: Նույն օրը` հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի աշխատակազմը տարածեց հայտարարություն. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու»(76): Դրանք 2020 թվականի հուլիսի 22-ին ստորագրվեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից:

 

___________________________________

76) https://www.president.am/hy/press-release/item/2020/06/30/ Announcement/

 

Ի դեպ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի (ՀՕ-376-Ն) 4-րդ հոդվածով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնող 5.6-րդ կետով(77) սահմանված երեքշաբաթյա ժամկետն արդեն իսկ սպառված էր ՀՕ-376-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:

 

___________________________________

77) «5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), որի պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով` 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո` երեքշաբաթյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ»:

 

30. 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը» 2020 թվականի հուլիսի 22-ի ՀՕ-376-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չեն ընդունվել որպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին անհատական ակտեր:

31. «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» ավարտն ազդարարվեց 2020 թվականի սեպտեմբերի 16-ին: Այդ օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, նշեց. «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է»(78):

 

___________________________________

78) https://armenpress.am/arm/news/1027874.html

 

32. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357), որը հիմնված էր Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211) որով անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Մասնավորապես, այդ բանաձևի 9.2 կետում նշված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների և չլուծված խնդիրների վերաբերյալ: Որպես նշվածի օրինակ` վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ամբողջապես հաշվի առնելու Սահմանադրական դատարանի կազմի հրատապ փոփոխությունը(79): Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի 39-րդ կետում նշված է` 2020 թվականի սեպտեմբերին Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորների ընտրությունը բարձր դատարանի կազմի փոփոխության համար պայքարի վերջին դրվագն էր, որը սկսվել էր դեռևս 2019 թվականին: Սահմանադրական դատարանի նախագահի և Վարչապետի միջև ստեղծված լարվածության մակարդակը ստիպեցին համազեկուցողներին, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահին, հունվարին հանդես գալ զսպվածության կոչերով: Համավարակով պայմանավորված և ԵԽ-ՀՀ իշխանություններ երկխոսության արդյունքում Կառավարությունը հրաժարվեց Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունը նախատեսող հանրաքվեից, որոշեց վերադառնալ Սահմանադրության փոփոխության պառլամենտական ընթացակարգին և հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսին ներկայացվել է կարծիք, որում շեշտադրվել է Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության համար ողջամիտ ժամկետի տրամադրման հանգամանքը: Նշվել է նաև, որ անհրաժեշտ է դատավորների փոփոխության համար անցումային ժամանակաշրջանի տրամադրում` ապահովելու աստիճանական փոփոխությունը, որին Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն հետևել(80):

 

___________________________________

79) https://pace.coe.int/en/files/28995/html

80) https://pace.coe.int/en/files/28915/html

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Սահմանադրական դատարանի դատավորներ

Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի

10.05.2021թ. հատուկ կարծիքի

 

Սահմանադրական դատարանի

2021 թվականի ապրիլի 29-ի

քվեարկված և ընդունված

որոշման նախագծի տեքստը

 

Նախագիծ

 

___________________________________

ԻՐՏԵԿ` ՀՀ զինանշանի պատկերը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

    Քաղ. Երևան                                 20 ապրիլի 2021 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Սուրեն Գրիգորյանի, Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Արուսյակ Ջուլհակյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 68-րդ հոդվածների`

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2017 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի մայիսի 18-ին:

Օրենքի` «Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը» վերտառությամբ 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը»:

Օրենքի վերոնշյալ դրույթը լրացվել է «, Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-304-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հունիսի 3-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2020 թվականի հունիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 25-ին, հետևյալ բառերով` «Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար» բառերով:

Օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է.

«7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է»:

Օրենքի վերոնշյալ դրույթը փոփոխվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հունիսի 22-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2020 թվականի հունիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 25-ին:

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետով սահմանված է.

«Ազգային ժողովի նախագահը` Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները»:

Սույն դրույթը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն օրենքով որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հունիսի 22-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2020 թվականի հունիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 25-ին:

Գործի քննության առիթը Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի` 18.08.2020թ. Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է: Ուսումնասիրելով դիմումը, դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումը

Դիմողը գտնում է, որ Սահմանադրությունը նախատեսում է իմպերատիվ (այլ ոչ թե` դիսպոզիտիվ) կարգավորումներ` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունելը Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածն այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական իրավունքը, «ակնհայտորեն հակասության մեջ է գտնվում Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև 169-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, քանի որ վերջիններս նախատեսում են Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ պարտադիր դրույթներ, մինչդեռ Ազգային ժողովի կանոնակարգի նշյալ դրույթը նախատեսում է Ազգային ժողովի կողմից այդ հարցով առանձին որոշման ընդունում: Այսինքն, Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրությանը, քանի որ խախտում է դրանում տեղ գտած պահանջի իմպերատիվությունը»:

Դիմողը գտնում է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասն իշխանության մի ճյուղին` օրենսդիր մարմնին, հնարավորություն է տալիս քվեարկության դնել իշխանության մյուս ճյուղին և իրեն հակակշռող մարմնին դիմելու հարցը, այսինքն` հայեցողություն սահմանում Ազգային ժողովի համար, ինչը բնականաբար հակառակվում է իշխանությունների բաժանման և հակակշռման սկզբունքին և, ըստ այդմ, հակասում նաև Սահմանադրության 4-րդ հոդվածին»:

Ամփոփելով այս առնչությամբ իր բերված փաստարկները դիմողը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը` այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական իրավունքը (Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության դնելը), հակասում է Սահմանադրության 4-րդ և 5-րդ հոդվածներին, 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին ու հակասահմանադրական է»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով 22.06.2020թ. գործող խմբագրությամբ սահմանվում էր հետևյալը. «Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն», մինչդեռ վիճարկվող խմբագրությամբ նույն դրույթը սահմանում է. «Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է»:

Ըստ դիմողի` նշված փոփոխությունը զրկել է Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն պատճառաբանությամբ, որ նախ` 22.06.2020 թ. Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ Սահմանադրության փոփոխությունների` (այսուհետ` Սահմանադրության փոփոխություններ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար Ազգային ժողովը չէր կարող դիմել Սահմանադրական դատարան, քանի որ փոփոխությունների ընդունման պահին Սահմանադրական դատարանի գործող ինը դատավորներից (անդամներից) յոթին Սահմանադրության փոփոխությունները վերաբերում էին անմիջականորեն: Պատասխանողը նաև շեշտում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով և 169-րդ հոդվածի 2-րդ մասով չի նախատեսվում իմպերատիվ պահանջ` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելը դիմել Սահմանադրական դատարան վերջինիս կողմից նախագծի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Ըստ պատասխանողի` Սահմանադրության 168-րդ հոդվածում Սահմանադրական դատարանի լիազորությունները շարադրելիս առհասարակ չեն օգտագործվում «կարող է» «կարելի է» և այլ բառեր, անգամ այն դեպքում, երբ դիմող սուբյեկտն ունի հայեցողական լիազորություն դիմել կամ չդիմել Սահմանադրական դատարան, օրինակ` 168-րդ հոդվածի 1-ին կետում նշված օրենքներն Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու դեպքում: Սահմանադրության 169-րդ հոդվածի առնչությամբ պատասխանողը գտնում է, որ այն առհասարակ չի կարգավորում որևէ սուբյեկտի դիմելու լիազորության իմպերատիվ կամ դիսպոզիտիվ բնույթը, փոխարենը նշված հոդվածի նպատակը սահմանափակվում է բացառապես դիմող սուբյեկտների դիմելու լիազորության ամրագրմամբ, չանդրադառնալով դրանց իմպերատիվությանը կամ դիսպոզիտիվությանը: Պատասխանողը նաև ընդգծում է, որ եթե նույնիսկ ընդունվի այն միտքը, որ դիմելու լիազորության իմպերատիվությունը կամ դիսպոզիտիվությունը ներառված է տվյալ հոդվածի կարգավորման տիրույթի մեջ, ապա ո՛չ իմպերատիվության, ո՛չ դիսպոզիտիվության ամրագրում կատարված չէ սահմանադրի կողմից, մասնավորապես 169-րդ հոդվածի 2-րդ մասով, նշված մասի կարգավորման առարկայից առհասարակ դուրս է այն հարցը, թե արդյո՞ք Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան բոլոր այն դեպքերում, երբ ընդունում է Սահմանադրական փոփոխություններ, թե` ոչ: 169-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է միայն, որ 168-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված Սահմանադրական դատարանի լիազորության իրականացման առիթ հանդիսացող դիմումը պետք է ներկայացվի Ազգային ժողովի կողմից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ պատասխանողը գտնում է, որ դիմողի այն դիրքորոշումը, որ ՀՀ Նախագահը զրկվել է լիազորությունից, անհիմն է, քանի որ ՀՀ Նախագահը նման լիազորություն չի էլ ունեցել: Սահմանադրության որևէ հոդվածով ամրագրված չէ ՀՀ Նախագահի կողմից Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների ստորագրման և հրապարակման լիազորություն: Որպես այդպիսի լիազորություն չի կարող ընկալվել Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված ՀՀ Նախագահի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորությունը, քանի որ այս դեպքում խոսքը գնում է օրենքների և ոչ Սահմանադրության փոփոխության մասին:

 

3. Գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1. 19.06.2020թ. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (այսուհետ նաև` Նախագիծ): 22.06.2020թ. այն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգ: Ազգային ժողովը` փոփոխությունների նախագիծը քննարկել, քվեարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ, ապա` քննարկել երկրորդ ընթերցմամբ, այնուհետև` քվեարկություն է դրվել այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը քվեարկության արդյունքներով չի ընդունվել: Դրանից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել:

2. 22.06.2020թ. Ազգային ժողովում քվեարկության է դրվել նաև ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը նույնպես ընդունվել է: «,Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն օրենքով փոփոխվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասը և լրացվել 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը: »»Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-309-Ն օրենքը ստորագրվել է 24.06.2020 թվականին:

3. Սահմանադրության փոփոխությունները Ազգային ժողովի նախագահի կողմից հրապարակվել են 25.06.2020 թվականին:

4. Սահմանադրական դատարանի` 11.02.2021թ. ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը`

«3.1. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի 15 ուղարկել Սահմանադրական դատարան` Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ` առանց Սահմանադրական դատարանի եզրակացության.

3.2. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ փոփոխության է ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի բովանդակությունն այնպես, որ այդ փոփոխությամբ ըստ էության փոփոխության են ենթարկվել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող դրույթները.

3.3. ճանաչել Սահմանադրությանը հակասող Ազգային ժողովի կողմից 2020թ. հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացքում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան չդիմելն ու առանց Սահմանադրական դատարանի որոշման Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, իսկ Սահմանադրության 2020թ. հունիսի 22-ի ընդունված փոփոխությունները` ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր.

3.5. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը և Հանրապետության նախագահը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ, ընդունելով և ստորագրելով Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները, զրկել են Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից.» պահանջների մասով կարճվել է:

 

4. Գործի համար էական նշանակություն ունեցող հարցադրումները

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ հարցադրումները.

1. Արդյոք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ենթակա է պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության և, արդյոք Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման ընդունումը նշված գործընթացն ապահովելու առումով անհրաժեշտ և արդյունավետ միակ իրավական ընթացակարգն է:

2. Սահմանադրության փոփոխությունների Հանրապետության նախագահի կողմից ստորագրման և հրապարակման կառուցակարգ չնախատեսելը համահունչ է արդյոք Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին:

Սահմանադրական դատարանն սույն գործը քննության է առնում վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Դիմողի կողմից, ըստ էության վիճարկվում է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուն ուղղված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի` համապատասխան ընթացակարգային դրույթների սահմանադրականությունը: Հաշվի առնելով վիճարկվող դրույթների ուղղակի առնչությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողության ինստիտուտին, նախքան դրանց սահմանադրականության գնահատումը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուն ուղղված սահմանադրական կարգավորումների վերլուծությանը:

Մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները Սահմանադրության նորմերի ցանկացած փոփոխություն կատարվում էր բացառապես համապետական հանրաքվեի արդյունքում: 2015 թվականի հանրաքվեի արդյունքում Սահմանադիրը սահմանեց, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հոդվածներում փոփոխություններ ընդունելու լիազորություն ունի նաև Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Սահմանադրության կայունությունը ժամանակակից սահմանադրական համակարգերի կարևորագույն հատկանիշներից է, որը նաև սահմանադրականության ամրապնդման ու զարգացման կարևոր գրավական է: Ընդ որում, Սահմանադրության կայունությունն ապահովվում է Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների անփոփոխությունն ապահովող նորմերի կայունությամբ, անկախ Սահմանադրության տեքստում փոփոխությունների կատարման հաճախականությունից:

Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների արդյունավետ պահպանության և պաշտպանության նկատառումներով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անկախ Սահմանադրության տեքստի փոփոխությունների ծավալից, փոփոխության իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակից, զարգացող հասարակական հարաբերությունների պայմաններում, Սահմանադրության որպես հիմնարար կարգավորչի դինամիկ կայունությունը և ինքնաբավությունը հնարավոր է ապահովել դրա կենսագործունեությամբ և դրանում փոփոխություններ կատարելիս` դրա նորմերի աստիճանակագության կանոնների խստիվ պահպանմամբ:

5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթները ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավազորության աստիճանի, դասակարգել հետևյալ խմբերի.

ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները, որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ,

բ) Սահմանադրության` միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթները, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բացառիկ իրավազորության ներքո գտնվող սահմանադրական դրույթներ, որոնք թվարկված են Սահմանադրության 202 հոդվածի 1-ին մասում,

գ) Սահմանադրության` նաև Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթներ:

Սահմանադրական դրույթների վերը տարբերակված կարգերի սահմանման նպատակներն են` ապահովել Սահմանադրության ներքին կայությունը, հնարավոր ներքին կոլիզիաների առաջացումից խուսափելը, իսկ դրանց բացահայտման դեպքում` լուծումը, Սահմանադրական դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրի` Հայ ժողովրդի կողմից սահմանված Սահմանադրության անփոփոխ հոդվածներում ամրագրված արժեքների և սկզբունքների գերակայությունը Հայաստանի Հանրապետության իրավունքի նկատմամբ Սահմանադրության գերակայության ընդհանուր նպատակի շրջանակներում:

5.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթները հանդիսանում են այն հիմնարար և կենտրոնական առանցքը, որի հիման վրա և շուրջ ձևավորվել և զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավունքի ողջ համակարգը:

Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով` միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրավազորությանը վերապահված հոդվածների սպառիչ թվարկմամբ, հստակորեն ուրվագծված են Սահմանադրության այն դրույթները, որոնցում փոփոխություններ ընդունելու իրավասություն, հանրաքվեով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ մեկտեղ, ունի նաև Ազգային ժողովը: Մասնավորապես, բացառապես հանրաքվեի միջոցով փոփոխության ենթարկվող սահմանադրական նորմերի հստակ շրջանակն ամրագրելով («Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով»), սահմանադիրը Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ Սահմանադրության թվարկված հոդվածներից բացի, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը, իսկ նույն մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից չընդունվելու դեպքում այն կարող է համապատասխան ընթացակարգի պահպանմամբ դրվել հանրաքվեի:

Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովին` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, վերապահված սահմանադրի լիազորությունները վերաբերում են Սահմանադրության հետևյալ դրույթներին.

ա) Ազգային ժողովի` որպես օրենսդրի իր գործառույթներն իրականացնելուն ուղղված կազմակերպաիրավական բնույթի կարգավորումներ նախատեսող դրույթներին` բացառելով Ազգային ժողովի կարգավիճակը, լիազորությունները, գործառույթները, կազմը, ընտրության կարգը, լիազորությունների ժամկետը, ընդունվող իրավական ակտերի ցանկը, Ազգային ժողովի կողմից ձևավորվող քննիչ հանձնաժողովի ձևավորման, վարչապետին անվստահություն հայտնելու, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու կարգերը նախատեսող նորմերը,

բ) Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի իր գործառույթներն իրականացնելուն ուղղված կազմակերպաիրավական բնույթի կարգավորումներ նախատեսող դրույթներին` բացառելով Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները, լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները և նախագահի ընտրության կարգը նախատեսող նորմերը,

գ) Կառավարության` որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` իր գործառույթներն իրականացնելուն ուղղված կազմակերպաիրավական բնույթի կարգավորումներ նախատեսող դրույթներին` բացառելով Կառավարության կարգավիճակը և գործառույթները, Վարչապետի ընտրության և նշանակման կարգը և զինված ուժերի իրավական կարգավիճակը սահմանող նորմերը,

դ) դատախազության և քննչական մարմինների իրավական կարգավիճակը սահմանող գլխում ամրագրված նորմերին,

ե) տեղական ինքնակառավարման լիազորությունների իրականացմանն ուղղված իրավակարգավորումները սահմանող գլխում ամրագրված նորմերին,

զ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակը սահմանող գլուխներում ամրագրված նորմերին,

է) Կենտրոնական բանկի իրավական կարգավիճակը սահմանող նորմերին` բացառելով Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության արժույթը թողարկելու իրավասությունը սահմանող դրույթը,

ը) Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներ սահմանող գլխում ամրագրված նորմերին:

5.4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխ դրույթներով նախատեսված սկզբունքների, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական որակների, ժողովրդի` որպես Հայաստանի Հանրապետությունում իշխանության բացառիկ և միակ սուբյեկտի կարգավիճակի, մարդու որպես բարձրագույն արժեքի սահմանադրաիրավական բովանդակության, և Սահմանադրության փոփոխություններն ընդունելու հարաբերությունները կարգավորող հատուկ նորմի` 202-րդ հոդվածի դրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ Սահմանադրության դրույթը փոփոխելու վերաբերյալ ցանկացած փոփոխության նախագիծ պետք է ապահովի, որ.

ա) Սահմանադրության Ազգային ժողովի կողմից ընդունվող փոփոխության նախագիծը համապատասխանի Սահմանադրության անփոփոխ դրույթներին, Սահմանադրության` միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթներին և Սահմանադրության այն դրույթներին, որոնք խնդրո առարկա փոփոխությունների նախագծով չեն փոփոխվում.

բ) Սահմանադրության հանրաքվեի միջոցով ընդունվող փոփոխության նախագիծը համապատասխանի Սահմանադրության անփոփոխ դրույթներին և Սահմանադրության միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող այն դրույթներին, որոնք խնդրո առարկա փոփոխությունների նախագծով չեն փոփոխվում:

5.5. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական սահմանադրական վերահսկողությունը կրում է պարտադիր բնույթ:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն ունեցող սուբյեկտը նշված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասում` ի դեմս, Ազգային ժողովի: Որևէ այլ պետական մարմին Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության որոշման հարցով Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն չունի:

Սահմանադրության Սահմանադրական դատարանի լիազորությունները (168 հոդված) և Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների ցանկը սահմանող (169 հոդված) նորմերում, ի թիվս այլոց, նախատեսելով, որ «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը» (168-րդ հոդվածի 2-րդ կետ), և «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը (...) վերաբերող հարցերով» (169-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանին Սահմանադրության փոփոխությունների նախագծերի նկատմամբ պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողություն իրականացնելու նպատակներն են`

ա) նպաստել Սահմանադրության գերակայության ապահովման գործում սահմանադրական արդարադատության արդյունավետությանը և կանխել Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության տեքստում հնարավոր ներքին կոլիզիաների առաջացումը.

բ) Սահմանադրության գերակայության նպատակին հասնելու համար Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրականության անկախ և անկողմնակալ պահապանի դիրքորոշմամբ կանխել Սահմանադրության` հատվածական շահերի սպասարկման նպատակով կատարվող փոփոխությունները, որոնք հակասության մեջ կարող են լինել Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և սկզբունքների հետ,

գ) Սահմանադրական դատարանի մասնագիտական դիրքորոշմամբ հնարավորություն ընձեռել Ազգային ժողովի պատգամավորներին և, Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով ընդունվելու դեպքում` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեղեկացված որոշում կայացնել:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողության վերաբերյալ դիմողների և պատասխանողների դիրքորոշումներին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերի, որոնց առնչությամբ Սահմանադիրը գործածել է «կարող են դիմել» ձևակերպումը, նույն հոդվածի 2-րդ մասում գործածված «դիմում է» եզրույթը պետք է հասկանալ ոչ թե Սահմանադրական դատարան դիմելու հայեցողության, այլ պարտականության իմաստով: ՈՒստի` Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների բովանդակությունից և սահմանադրի կողմից կիրառված իրավական ձևակերպումներից բխում է, որ Սահմանադրության փոփոխությունները ենթակա են պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության:

Հաշվի առնելով վերոնշյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողությունը Սահմանադրությամբ նախատեսված կանոն է, որին հետևելը հանդիսանում է սահմանադրական կարգի կայունության երաշխիք, հնարավորություն է ընձեռում կանխել Սահմանադրության հիմքում ընկած սկզբունքներին և արժեքներին հակասող նորմերի ընդունումը, և կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություն ընդունելիս տեղեկացված և հիմնավոր որոշում կայացնելու համար:

5.6. Ազգային ժողովի` որպես սահմանադիր հանդես գալու վերաբերյալ դրույթներն արտացոլված են Սահմանադրության 202-րդ հոդվածում, իսկ մանրամասները սահմանված են Կանոնակարգի 84-86-րդ հոդվածներում:

Անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն կանոնակարգում է Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգային իրավահարաբերությունները, որի շրջանակներում, ըստ էության, ի իրացումն Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը սահմանող նորմերի, նախատեսված է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ այդմ, Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է նշված հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը քվեարկության դնելու ոչ թե հայեցողություն, այլ պարտականություն:

Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ: Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Ազգային ժողովի որոշումները, ինչպես նաև Ազգային ժողովի այլ ակտերը (օրենքներ, հայտարարություններ, ուղերձներ), բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության 103-րդ հոդվածը կոչված է ապահովելու Ազգային ժողովի` որպես օրենսդիր և ժողովրդի ներկայացուցչական մարմնի, սահմանադրական առաքելությամբ պայմանավորված լիազորությունների արդյունավետ իրականացումը: Յուրաքանչյուր պետական մարմնի լիազորության իրացումն ստանում է իր արտաքին դրսևորումը, որը, որպես կանոն, ավարտվում է ձևական որոշակիությամբ օժտված իրավական փաստաթղթի ընդունմամբ: Սահմանադիրը` կախված պետական մարմնի իրավասությունից, նախատեսում է համապատասխան իրավական ակտերի ընդունման հնարավորություն: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադիրը նախատեսել է Ազգային ժողովի կողմից ընդունվող երկու խումբ որոշումներ` Սահմանադրությամբ կոնկրետ նախատեսված դեպքերում Ազգային ժողովի կողմից ընդունվող որոշումներ և Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով ընդունվող որոշումներ: Առաջին խումբ որոշումների թվին են դասվում, օրինակ, Սահմանադրության 115-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 202-րդ հոդվածով, 205-րդ հոդվածով նախատեսված որոշումները: Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով ևս Սահմանադրությունը նախատեսում է որոշումների ընդունում, սակայն այդ գործունեության կազմակերպման համատեքստում ընդունման ենթակա որոշումներն ամրագրված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Վերջինիս 97-րդ հոդվածի 1-ին մասում արտացոլված է Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, իսկ 2-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի աշխատակարգը, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով: Նման որոշումների թվին են դասվում, օրինակ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումները:

Ի կատարումն Սահմանադրության 103-րդ հոդվածի` Կանոնակարգով սահմանված են նաև Ազգային ժողովի ուղերձների և հայտարարությունների բնույթը, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից օրենքների, որոշումների, ուղերձների և հայտարարությունների նախագծերը ներկայացնելու, դրանք շրջանառության մեջ դնելու (օրինագծերը, որոշումների նախագծերը շրջանառությունից հանելու), քննարկելու և ընդունելու կարգը:

Վերոնշյալի առնչությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովի լիազորությունների իրացման համար Սահմանադրության 103-րդ հոդվածում թվարկված են Ազգային ժողովի կողմից ընդունվող ակտերը, որոնց առնչվող մանրամասները սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Սահմանադրության 103-րդ հոդվածով ամրագրված կառուցակարգերից զատ, որևէ այլ ձևով Ազգային ժողովը չի կարող իրացնել իր իրավասությունը` հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը և Սահմանադրության 6-րդ հոդվածը, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումն ուղղված է Ազգային ժողովի` Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրացման գործընթացը կազմակերպելուն: Հատկանշական է, որ Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման ընդունման դեպքում Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Ազգային ժողովի` որպես կոլեգիալ մարմնի, համար իր լիազորությունների շրջանակներում և դրանց իրացմանն ուղղված գործընթացը կազմակերպելու առնչությամբ Սահմանադրությամբ սահմանված ձայների մեծամասնությամբ որոշումներ ընդունելուց զատ, որևէ այլ կառուցակարգ սահմանված չէ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումը վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի լիազորության իրացման ընթացակարգին, որի շրջանակներում Ազգային ժողովի որոշման տեսքով ձևակերպվում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը: Նույն ընթացակարգով է գործում նաև Կառավարությունը` ի կատարումն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների, համաձայն որոնց` մինչև միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, և այս դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը: Կառավարությունը ևս Սահմանադրական դատարան դիմում է համապատասխան որոշում ընդունելու միջոցով: Ուստի` օրենսդրի կողմից Սահմանադրական դատարան դիմելիս համապատասխան որոշում ընդունելը հանդիսանում է Սահմանադրությամբ նախատեսված լիազորության իրացման ընթացակարգային փուլ:

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող` Կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումները համահունչ են Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով և 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներին:

5.7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման ընդունումը կարևորվում է Ազգային ժողովի` որպես կոլեգիալ մարմնի կամքը արտահայտելու տեսանկյունից, սակայն հարց է ծագում` այդ որոշման չընդունման դեպքում ինչպիսի հետևանքներ են վրա հասնում: Մասնավորապես, Կանոնակարգի 86-րդ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանով կարգավորվում են բոլոր այն հնարավոր իրավիճակները, որոնք կարող են արձանագրվել սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման ընթացքում. Մասնավորապես, դրանով կանխատեսվում են այնպիսի իրավիճակներ, երբ

ա) Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող,

բ) Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող,

գ) Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն Ազգային ժողովը նախագիծը չի ընդունում,

դ) Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, և Ազգային ժողովը ընդունում է նախագիծը:

Միևնույն ժամանակ օրենսդրական կարգավորումից դուրս է մնացել այն հարցը, թե ինչ է տեղի ունենում, եթե Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում օրենսդրի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին, և հատուկ ընդգծել, որ Կանոնակարգում նշված հարցին լուծում տալը կարող է կանխել հնարավոր տարընկալումները և ապահովել Ազգային ժողովի` որպես սահմանադրի` Սահմանադրության փոփոխություններին ուղղված գործունեության լեգիտիմության բարձր աստիճանը:

5.8. Թեպետ սույն գործով դիմումի քննության առարկա մասը քննվում է վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում, որի պայմաններում ստուգվում է դիմողի կողմից վիճարկվող նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը` անկախ կոնկրետ իրավիճակներում տվյալ նորմերի կիրառման կամ կիրառման հավանականության, ինչպես նաև` կիրառման իրավաչափության հանգամանքից, Սահմանադրական դատարանը հատուկ կարևորություն է տալիս այն իրողությանը, որ սույն գործով դիմողը` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն է, և դիմումի բովանդակությունը հիմնականում վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի` 2020 թվականի փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելուն:

Սահմանադրական դատարանը 2021 թվականի փետրվարի 11-ին կայացրած ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ արդեն անդրադարձել է սույն գործով դիմումի նշված հատվածին (տես` Սահմանադրական դատարանի 11.02.2021թ. ՍԴԱՈ-27 որոշումը): Այդուհանդերձ, խորհրդարանական հանրապետությունում ընդդիմության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև բարձրացվող հարցերի զգայուն բովանդակությունը Սահմանադրական դատարանի կազմավորման և համալրման սահմանադրականության վերաբերյալ, ընդգծում են Սահմանադրական դատարանի կողմից բարձրացված հարցերին անդրադառնալու կարևորությունը: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դիմողի կողմից մատնանշված կոնկրետ իրավիճակին` Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագծի առանց սահմանադրականության ստուգելու ընդունմանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ սահմանադրական դատարանների կողմից պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողություն իրականացնելու ինստիտուտը բնորոշ է նոր ժողովրդավարության երկրներին և համեմատական սահմանադրական իրավունքի կողմից հետազոտված սահմաններում խիստ հազվադեպ հանդիպող լիազորություն է

(Վենետիկի հանձնաժողով, 19.01.2010 «Սահմանադրական փոփոխությունների մասին» CDL-AD(2010)001 զեկույց, կետ 194-196), որով օժտված սահմանադրական

դատարանները, ըստ փորձագիտական կարծիքների, համեմատաբար երիտասարդ ժողովրդավարությունների ընտրություն են (մասնավորապես` Ուկրաինա, Ղրղզստան, Մոլդովա): Որպես այդպիսին, սահմանադրական փոփոխությունների նախագծերի պարտադիր ex ante վերահսկողության կառուցակարգը, ոչ միայն նորություն է Հայաստանի սահմանադրական իրավունքում, այլ նաև` գործնական կիրառության առումով` սահմանադրական փոփոխությունների կամընտրային ստուգման կառուցակարգի համեմատ, խորությամբ չուսումնասիրված և ժողովրդավարության զարգացման նկատմամբ դրանում առկա վտանգները ամբողջությամբ չբացահայտված սահմանադրական կառուցակարգ է: Մասնավորապես` համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային փորձագիտական մակարդակում վերհանված են այս մեխանիզմի միայն սահմանափակ խնդրահարույց կողմեր, այնուամենայնիվ արձանագրելով, որ գործնական կիրառության դեպքում չեն բացառվում նաև ժողովրդավարական գործընթացների համար այլ խնդրահարույց հանգամանքներ (տես, օրինակ` Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2010)001 զեկույցի կետեր 00 00, Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2010)001 զեկույցի կետեր 00 00):

Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրականության պահպանման և ամրապնդման առնչությամբ սույն որոշման 5.5 կետում նշված բարենպաստ ազդեցությունից բացի, Սահմանադրության նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության խնդրահարույց կողմը այս կառուցակարգը նախատեսող կանոնի խստությունն է, եթե այն օժտված չէ անհրաժեշտ ճկունությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական վերահսկողության մեխանիզմը սահմանված է Սահմանադրությամբ և այն սահմանադրական պատվիրան է, Սահմանադրական դատարանը այդ կանոնը համարում է պարտադիր կատարման ենթակա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կանոնի կիրառումը կարող է հանգեցնել սահմանադրական փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական վերահսկողության կառուցակարգի ներդրման նպատակներին հակառակ արդյունքի կամ այդ կանոնից ողջամիտ բացառություն չնախատեսելը կհանգեցնի Սահմանադրի կամքի հակասահմանադրական խոչընդոտների:

5.9. Այն իրավիճակում, երբ Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարտադիր նախնական վերահսկողության նպատակին այդ կառուցակարգի կիրառմամբ հնարավոր չէ հասնել, նշված սահմանադրական կանոնից հնարավոր է ողջամիտ բացառություն, որը բացառիկ միջոց է և կիրառելի է միայն այն դեպքում երբ Սահմանադրական դատարանի կողմից նախագծի վերահսկողությունը սահմանադրական արդարադատության առանցքային ընթացակարգային երաշխիքների պահպանմամբ անհնար է և Սահմանադրական դատարանն ի զորու չէ հաղթահարել այդ անհնարինությունը:

Միաժամանակ, Սահմանադրության փոփոխությունների պարտադիր նախնական վերահսկողության կանոնից որևէ բացառություն չի կարող համարվել ողջամիտ, եթե ստուգման ենթակա նախագիծը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներից բացի այլ անձանց իրավունքների և ազատությունների: Այս դեպքում ստուգման ենթակա նախագիծը Սահմանադրական դատարանի կողմից պարտադիր նախնական ստուգման չենթարկելը, այնքանով, որքանով կարող է հանգեցնել այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների` սահմանադրական արդարադատության միջոցով պաշտպանությունից զրկելուն, չի կարող գնահատվել որպես ողջամիտ բացառություն` անկախ Սահմանադրական դատարանի դատավորների` նախագծի սահմանադրականության ստուգման կապակցությամբ շահերի (հնարավոր) բախման իրավիճակում գտնվելու հանգամանքից:

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի լիազորությունների գործերի գերակշիռ մասը վերաբերում է իրավական նորմերի սահմանադրականության ստուգմանը, որոնցով ստուգվող նորմերը հնարավոր է առնչվեն կամ վերաբերեն Սահմանադրական դատարանի դատավորների շահերին: Այդուհանդերձ, ստուգվող նորմերի Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերին վերաբերելիությունը բավարար հիմք չէ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման համար դատարանի ունակության և իրավազորության բացակայության (non liquet) մասին եզրահանգման համար: Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական վերահսկողության համար Սահմանադրական դատարանի ունակության և իրավազորության բացակայությունն իրավիճակ է, երբ վերհսկողության ենթակա նախագիծը առնչվում է բացառապես Սահմանադրական դատարանի գործող դատավորների (անդամների) շահերին, որոնց կողմից տվյալ գործին մասնակցության անհնարինության պայմաններում Սահմանադրական դատարանի նիստը չի (չէր) կարող իրավազոր լինել: Այս իրավիճակի նկատմամբ «ողջամիտ բացառության» կանոնը կարող է կիրառվել այն նպատակով, որպեսզի չխոչընդոտվի Սահմանադրի ինքնիշխան կամքի իրագործումը` Սահմանադրության փոփոխություն ընդունելու իրավազորության իրականացմամբ:

Հակառակ պարագայում` Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր վերահսկողության լիազորության իրականացման դեպքում ողջամիտ բացառությունների անտեսումն ի զորու է ոչ միայն վտանգել Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերհսկողության վերը թվարկված նպատակները, այլ նաև հարուցել իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերի և Սահմանադրի` տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև բախումը կարող է հանգեցնել Սահմանադրի (Ազգային ժողովի կամ ժողովրդի) Սահմանադրության փոփոխություններ ընդունելու լիազորության սահմանափակման` Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերը վերադասվելով Սահմանադրի ինքնիշխան կամքի արտահայտման բարձր հանրային շահի նկատմամբ: Սահմանադրական դատարանն այսպիսի իրողությունն անհանդուրժելի է համարում Սահմանադրության գերակայության դիտանկյունից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ամեն դեպքում, «ողջամիտ բացառության» կանոնը չի կարող կիրառվել Ազգային ժողովի կողմից, եթե`

ա) չի վերաբերում Սահմանադրության անփոփոխ դրույթներին, և

բ) չի փոփոխում Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, և

դ) չի առնչվում որևէ անձի հիմնական իրավունքի:

5.10. Անդրադառնալով դիմողի վկայակոչած կոնկրետ հանգամանքներին, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ` 2020 թվականի հունիսի 19-ին: 2020 թվականի հունիսի 22-ին այն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգ: Նախագծի` առաջին ընթերցմամբ ընդունվելուց և երկրորդ ընթերցմամբ քննարկվելուց հետո Ազգային ժողովում քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը չի ընդունվել, ինչից հետո Ազգային ժողովը նախագիծը քվեարկությամբ ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Վերջին հանգամանքը պատասխանողը, ի թիվս այլոց, հիմնավորում է նրանով, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման պահին Սահմանադրական դատարանի գործող ինը դատավորներից (անդամներից) յոթին Սահմանադրության փոփոխությունները վերաբերում էին անմիջականորեն:

Սահմանադրական դատարանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների հիշյալ նախագծով նախատեսված էր Սահմանադրական դատարանի պաշտոնավարող անդամների պաշտոնավարման ժամկետները կրճատել մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 12-ամյա ժամկետը, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը` դադարել: Հիշյալ նախագծի ընդունմամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի կիրառման արդյունքում Սահմանադրական դատարանի` մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված 3 անդամների (տիկին Ալվինա Գյուլումյան, պարոնայք Ֆելիքս Թոխյան և Հրանտ Նազարյան) լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված, և պաշտոնավարումը դադարել է, Սահմանադրական դատարանի մյուս 4 անդամների (տիկին Արևիկ Պետրոսյան, պարոնայք Աշոտ Խաչատրյան, Արայիկ Թունյան և Հրայր Թովմասյան) պաշտոնավարման ժամկետները կրճատվել են, իսկ Սահմանադրական դատարանի` Ազգային ժողովի կողմից նշանակված նախագահի (պարոն Հրայր Թովմասյան) պաշտոնավարումը դադարել է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության հիշյալ փոփոխությունները Սահմանադրական դատարանի վերոնշյալ 7 անդամներից բացի որևէ այլ անձի չեն վերաբերել և որևէ այլ անձի համար ուղղակի իրավական հետևանք առաջ չեն բերել:

Սահմանադրության սույն փոփոխությունների նախագծի հիմնավորումներում դրա հեղինակները նշել են, որ. «ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: ... Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է» (ԱԺ, ...):

Վերլուծելով կոնկրետ դեպքում Ազգային ժողովի` որպես սահմանադրի, կողմից Սահմանադրության անցումային դրույթներում կատարած փոփոխությունները և դրանց հիմնավորումները, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն միջամտել և փոփոխել Սահմանադրության անփոփոխ և այն դրույթների բովանդակությունը, որոնք ենթակա են փոփոխության բացառապես հանրաքվեով: Արդյունքում Ազգային ժողովը ամբողջ ծավալով կյանքի է կոչել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ Սահմանադրության` «Դատավորների ընտրության և նշանակման կարգը» վերտառությամբ 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը`

ա) ամբողջությամբ հավասարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակները և նրանց պաշտոնավարման ժամկետները (Սահմանադրության 213 հոդվածի 1-2 մասեր),

բ) հնարավորություն ընձեռելով իրականացնել Սահմանադրական դատարանի կազմից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը` որպես Սահմանադրական դատարանի անկախության օժանդակ երաշխիք (Սահմանադրության 213 հոդվածի 4-րդ մաս),

գ) ապահովելով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի դատարանակազմության մասնակից բոլոր մարմինների ներգրավվածությունը Սահմանադրական դատարանի համալրմանը, որպես Սահմանադրական դատարանի դեմոկրատական լեգիտիմության բարձրացման գործոն:

Այլ խոսքերով, 2020 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում դրա կիրառմամբ Սահմանադրական դատարանն այլևս դուրս է եկել Սահմանադրության անցումային դրույթների գործողությունից և դրա բոլոր դատավորների նկատմամբ կիրառելի են Սահմանադրության բացառապես 7-րդ գլխի կանոնները, որոնցում` Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոփոխությունները կարող են ընդունվել միայն հանրաքվեով:

5.11. Սահմանադրական դատարանի կողմից 2020 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր վերահսկողության նպատակով սահմանադրական կանոնից բացառության ողջամտության գնահատման համար առաջնային նշանակություն ունի Սահմանադրական դատարանի կողմից նման վերահսկողության համար Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական երաշխիքների և պահանջների պահպանման հնարավորության հարցը:

Սահմանադրության 166 հոդվածի 1-ին մասի համաձայն «(...) Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից (...)»: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն` «1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: 2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: 3. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով»:

Սահմանադրական դատարանի դատավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս անկողմնակալության սահմանադրական պահանջի ապահովման նպատակով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված են գործի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերը, որոնցից է նաև դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը: Սահմանադրական դատարանն այս կապակցությամբ ընդգծում է, որ քննարկվող իրավիճակի բացառիկությունը վկայող հանգամանք է այն, որ օրենսդրական կարգավորումներով նույնիսկ դատավարության կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալը գործի քննությանը մասնակցության անհնարինության հիմք համարելով, օրենսդիրը անհնարինության հիմք չի համարել` Սահմանադրական դատարանի դատավորի գործի ելքով ուղղակիորեն շահագրգռված լինելու հնարավորության հանգամանքը:

Սակայն օրենսդրի կողմից նման իրավիճակի կարգավորված չլինելը չի կարող ծառայել որպես թույլտվություն Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրական առաքելության իրականացման ընթացքում շահերի այնպիսի հնարավոր բախումների կենտրոնում հայտնվելու համար, որը սասանում է սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը` հանրության մոտ հիմնավոր կասկած հարուցելով սահմանադրական արդարադատությունը Սահմանադրական դատարանի դատավորների անհատական շահերին ծառայեցնելու մտահոգությամբ: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական արդարադատությունը չի կարող պայմանավորվել և կախվածության մեջ դրվել Սահմանադրական դատարանի դատավորների` քննության առարկա հարցի նկատմամբ անձնական վերաբերմունքից և գործի ելքով սուբյեկտիվ շահագրգռվածությունից, քանզի Սահմանադրական դատարանը, հանդես գալով որպես սահմանադրական արդարադատության մասնագիտացված և միակ մարմինը Հայաստանի Հանրապետությունում, սահմանափակված է բացառապես Սահմանադրությամբ և կոչված է երաշխավորելու Սահմանադրության գերակայությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է «լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց», իսկ նույն մասի 5-րդ կետի համաձայն` «թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների` իր ի պաշտոն» լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն»: Այնուամենայնիվ, ունենալով անաչառության պահպանման և շահերի բախումից խուսափելու դատավորների համար համընդհանուր ճանաչում ունեցող պարտականություն, քննարկվող դեպքն այն իրավիճակն է, որտեղ շահերի բախումն օբյեկտիվորեն կարող էր առաջանալ Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելիս սույն որոշմամբ թվարկված հանրային շահի և Սահմանադրական դատարանի անդամների` 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում պաշտոնավարելու հնարավոր նախընտրությունների և անձնական սպասելիքների միջև` վտանգելով Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնման և բնականոն իրագործման Սահմանադրի կամքի անխոչընդոտ իրականացումը: և, անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված անդամների` իրենց անձնական շահերի և հանրային շահի միջև հնարավոր բախման կիզակետում հայտնվելը տեղի չի ունեցել Սահմանադրական դատարանի անդամների կամքով և գործողությունների արդյունքում, շահերի նման բախումը, հատկապես այն աստիճանի բարձր հանրային շահի, ինչպիսին Սահմանադրի կամքի իրագործումն ապահովելն է (այս դեպքում` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու տեսքով) վտանգվելու պարագայում, չի կարող անտեսվել Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնած հանրային իշխանության մարմնի` Ազգային ժողովի կողմից:

5.12. 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններով Սահմանադրական դատարանի անկախության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդման մասով Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

2018 թվականի ապրիլի 9-ից` Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահից, Սահմանադրական դատարանում պաշտոնավարող բոլոր 8 անդամների, այդ թվում` Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման սահմանադրական հիմքը եղել է Սահմանադրության 213-րդ հոդվածը, քանի որ այս հոդվածով էր նախատեսված մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը:

Իր հերթին, Սահմանադրության 213-րդ հոդվածը դասվում է Սահմանադրության այն դրույթների շարքին, որոնցում փոփոխությունները կարող են ընդունվել Ազգային ժողովի կողմից: Այսինքն` Սահմանադրության 213-րդ հոդվածի հիմքով պաշտոնավարող Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքը նախատեսված էր Սահմանադրության այնպիսի հոդվածով, որը կարող էր փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը գործող Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումը չէր կարող ապահովել Սահմանադրական դատարանի անկախությունը օրվա քաղաքական իշխանությունից` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում օրենսդիր և գործադիր իշխանությունները իրականացվում են նույն` Ազգային ժողովում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ղեկավարությամբ: Այս պայմաններում, Սահմանադրական դատարանը, որպես սահմանադրական ժողովրդավարության համար անհրաժեշտ օրենսդիր և գործադիր իշխանությունների սահմանադրական հակակշիռ, ունի ինստիտուցիոնալ, ներառյալ` կազմավորման, արտաքին միջամտություններից պաշտպանության և անկախության այլ երաշխիքների կայուն սահմանադրական հիմքերի անհրաժեշտություն: Փոխարենը, մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի 2020 թվականի փոփոխությունը Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված անդամները շարունակել են պաշտոնավարել Սահմանադրական դատարանում` իրենց պաշտոնավարման տևողության համար հիմք ունենալով Սահմանադրության 213-րդ հոդվածը, այսինքն` Սահմանադրության այնպիսի դրույթ, որը մտնում էր Ազգային ժողովի կողմից փոփոխող դրույթների մեջ:

Հարկ է նկատել, որ մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը Սահմանադրական դատարանի մինչ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր անդամները, որոնք 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների պահին կազմում էին Սահմանադրական դատարանի ընդհանուր կազմի 7/9-ը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնավարման 12-ամյա ժամկետից դուրս պաշտոնավարումը պայմանավորված էր Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի հայեցողությամբ: Ավելին, Սահմանադրական դատարանի նախագահը, նշանակված լինելով 2005 թվականի Սահմանադրության համաձայն, այլ ոչ` ընտրված Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, որպես Սահմանադրական դատարանի նախագահ պաշտոնավարում էր Սահմանադրության նույն` նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածի հիմքով:

Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնավարման կայուն ժամկետը նրա, ինչպես և Սահմանադրական դատարանի անկախության անկյունաքարային գործոն է: Սահմանադրության նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածով նախատեսված և Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի պաշտոնավարման ժամկետից ավել ժամկետ նախատեսող դրույթը, դրա հիման վրա Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի համար անձնական սպասելիքների հիմք հանդիսանալով, միաժամանակ եղել է օրվա Սահմանադրական դատարանի կողմից իր` սահմանադրական հակակշռի գործառույթի հիմնական հասցեատիրոջ` Ազգային ժողովի իրավազորության տիրույթում գտնվող հարց, ինչը խիստ խնդրահարույց իրողություն էր Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախության համար:

Տեսական վերլուծությունից բացի, նման մտահոգության համար Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական իրողության մեջ եղել է նաև քաղաքական իշխանության կողմից Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետները օրենքով սահմանափակելու փորձի նախադեպ, որը չի կարող անտեսվել Սահմանադրական դատարանի կողմից: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» հանձնաժողովի կողմից փորձագիտական կարծիքի նախագծման ընթացքում փոփոխություններ են կատարվել նույն օրենքի նախագծում առ այն, որ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 ամյա ժամկետը լրացել էր, դադարում էին պաշտոնավարել: Իսկ նույն կարգավիճակն ունեցող, սակայն 12 ամյա ժամկետը չլրացած Սահմանադրական դատարանի անդամները շարունակելու էին պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման 12 ամյա ժամկետի ավարտը: Այս փոփոխությունը չէր վերաբերում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարմանը (Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2017)011 կարծիքը, կետեր 32-34): Սահմանադրական դատարանը նկատում է, որ նույնիսկ Սահմանադրության` նախկին խմբագրությամբ 213 հոդվածի պայմաններում, օրվա քաղաքական իշխանության կողմից քննարկվել է Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետը օրենքով մինչև 12 տարով սահմանափակելու տարբերակը:

2020 թվականի Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություններով Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 ամյա ժամկետը չէր լրացել, Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման չլրացած ժամկետի, իսկ Սահմանադրական դատարանի նախագահը` իր պաշտոնավարման ողջ ժամկետի մասով պաշտոնավարելու են Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված ժամկետով, որի փոփոխությունն այլևս դուրս է Ազգային ժողովի իրավազորությունից և վերապահված է բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդին` ինչպես և հարիր է սահմանադրական ժողովրդավարությունում Սահմանադրության գերակայությունն ապահովելու առաքելություն ունեցող Սահմանադրական դատարանին:

Այսպիսով, 2020 թվականի Սահմանադրության փոփոխությունները համակարգային իմաստով հանգեցրել են արդյունքի, որով`

ա) Սահմանադրական դատարանում պաշտոնավարող բոլոր դատավորները պաշտոնավարում են հավասար ժամկետով և կարգավիճակով,

բ) Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանադրական հիմքը` 166-րդ հոդվածի 1-ին մասը, դուրս է Ազգային ժողովի իրավազորությունից և կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով,

գ) Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորությունը, որպես Սահմանադրական դատարանի անկախության լրացուցիչ երաշխիք, իրականացվել է Սահմանադրական դատարանի կողմից` համեմատ նախկինում Ազգային ժողովի կողմից նշանակվելու տարբերակի,

դ) Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանադրական հիմքը` 166-րդ հոդվածի 1-ին մասը, դուրս է Ազգային ժողովի իրավազորությունից և կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններով Ազգային ժողովն ամբողջությամբ սպառել է Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը պաշտոնավարող անդամների և նախագահի պաշտոնավարման ժամկետների նկատմամբ իր սահմանադրական լիազորությունը` Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների կարգավորումը տեղափոխելով բացառապես Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսված առավել «կայուն» իրավադրույթների գործողության տիրույթ, որոնք կարող են փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից` առանց անտեսելու Սահմանադրության անփոփոխ հոդվածների դրույթները և սահմանադրական համապատասխան ընթացակարգերի և երաշխիքների պահպանմամբ:

5.13. Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Սահմանադրության 213 հոդվածի` 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած փոփոխությամբ դրույթները դրա կիրառման համար պատասխանատու հանրային իշխանության բոլոր մարմինների կողմից ի կատար են ածվել ամբողջությամբ: Մասնավորապես, ի կատարումն Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից փոփոխված 213 հոդվածի`

ա) 3-րդ մասի պահանջի Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ.

բ) 3-րդ մասի պահանջի Ազգային ժողովն ընտրել է Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներին Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնք Ազգային ժողովի նիստի ընթացքում իրենց երդումները տալով անցել են իրենց սահմանադրական պարտականությունների կատարմանը.

գ) 4-րդ մասի պահանջի Սահմանադրական դատարանն ընտրել է Սահմանադրական դատարանի նախագահ:

5.14. ...

5.15. Ամփոփելով, Սահմանադրական դատարանը 2020 թվականի սահմանադրական փոփոխությունը գնահատում է, որպես Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ անկախությունն ամրապնդելու, Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև միայն հանրաքվեով փոփոխության ենթակա սահմանադրական դրույթների հիմքով կարգավիճակների հավասարություն ապահովելու, Սահմանադրական դատարանի կողմից իր նախագահին ընտրելու նոր միջոցով անկախության և ինքնավարության ամրապնդմանն ուղղված, և Սահմանադրական դատարանի` դատարանակազմական բոլոր մարմինների` իշխանության բոլոր ճյուղերի կողմից ուղղակի մասնակցությամբ ձևավորված լինելու բերումով իր ժողովրդավարական լեգիտիմության և իր նկատմամբ հանրային վստահության աստիճանն ամրապնդելու անհրաժեշտ միջոց:

Միաժամանակ, այս անհրաժեշտ փոփոխությունն Ազգային ժողովի կողմից ընդունելու նպատակով համար, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանի վերահսկողությանը չներկայացնելու պայմանները բավարարում են Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր վերահսկողության կանոնից ողջամիտ բացառության` Սահմանադրական դատարանի կողմից վերը սահմանված պահանջներին:

5.16. Դիմողի կողմից բարձրացված` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահին լիազորություններից զրկելու առնչությամբ Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնարար երաշխիք է, որը թույլ է տալիս կյանքի կոչել Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական և իրավական պետություն հանդիսանալու սահմանադրի հրամայականը:

Սահմանադրական դատարանը, ընդգծելով, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը խորհրդարանական հանրապետությունում սահմանադրական կարգի հիմնաքարային սկզբունքներից է, այդուհանդերձ արձանագրում է, որ այն իրացվում է նախագահական և կիսանախագահական հանրապետությունների կառավարման ձևից տարբերվող մոդելով:

Սահմանադրությամբ նախատեսված մարմինների շարքում պետության գլխի լիազորությունների ծավալը պայմանավորված է տվյալ պետության կառավարման ձևով: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական կառավարման մոդելի անցում կատարելու արդյունքում Հանրապետության նախագահն օժտվեց սահմանադրական նոր կարգավիճակով:

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1518 որոշմամբ վերհանել է խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում Հանրապետության նախագահի կարգավիճակի բնութագիրը` արձանագրելով, մասնավորապես, որ. «Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ` Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:

Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը` Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ` Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը` օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով:

Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով սահմանադիրը նրան վերապահել է համարժեք լիազորություններ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար սպառիչ ամրագրել է Սահմանադրությամբ` օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում դրանց իրականացումը կանոնակարգելը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խորհրդարանի կողմից ընդունված որևէ իրավական ակտի ստորագրումն ու հրապարակումը պետության գլխի կողմից ինքնանպատակ չէ: Այն ուղղված է Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված գործառույթների իրականացման ապահովմանը և ուղեկցվում է Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան այլ լիազորություններով: Խորհրդարանի կողմից ընդունված իրավական ակտը ստորագրելու և հրապարակելու գործընթացում պետության գլխի ներգրավումը կարող է տեղավորվել մասնավորապես Սահմանադրության պահպանմանը հետևելու վերջինիս գործառույթի իրականացման շրջանակում, եթե Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ միաժամանակ օժտված է այնպիսի լիազորություններով, որոնց համակցությունը գործնականում հնարավորություն է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ գործադրել զսպումների և հակակշիռների համակարգը:

Այսպես` Սահմանադրության 129-րդ հոդվածը նախատեսում է Հանրապետության նախագահի մասնակցությունն Ազգային ժողովի ընդունած օրենքը գործողության մեջ դնելու գործընթացում: Այդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումից հետևում է, որ Ազգային ժողովի կողմից որևէ օրենք ընդունվելուց հետո այն պետք է ուղարկվի Հանրապետության նախագահին, ում սահմանադիրը վերապահել է հայեցողական լիազորություն. վերջինս կարող է Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրել և հրապարակել կամ Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Սահմանադրական դատարան կամ որևէ գործողություն չկատարել: Այսինքն` վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերով օժտված Հանրապետության նախագահը նաև իրավասու է նախքան Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի գործողության մեջ դրվելն անհրաժեշտության դեպքում այդ օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Սահմանադրական դատարան` առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով` նպատակ ունենալով կանխել հակասահմանադրական օրենքների գործողության մեջ դրվելը: Այսինքն` սահմանադիրը նախատեսել է օրենքները Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու լիազորությունը` միաժամանակ նախատեսելով նաև տրամաբանորեն դրա հետ համակարգային առումով փոխկապակցված մեկ այլ լիազորություն, մասնավորապես` կապված Սահմանադրական դատարան դիմելու հետ: Փաստորեն, Ազգային ժողովի ընդունած օրենքի ստորագրումը և հրապարակումը Հանրապետության նախագահի կողմից չի կրում սոսկ արարողակարգային բնույթ, այն Հանրապետության նախագահին վերապահված` կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության լիազորություններից է` կոչված ապահովելու Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացումը:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորության առկայության հարցին` Սահմանադրական դատարանն առաջին հերթին արձանագրում է, որ այն ներառված չէ Սահմանադրության 129-րդ հոդվածի կարգավորման առարկայում, և Հանրապետության նախագահի կողմից օրենքները ստորագրելու լիազորությունը չի ենթադրում վերջինիս կողմից նաև Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորության առկայություն: Սահմանադրական դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադիրը հստակ տարբերակել է «Սահմանադրության փոփոխություններ» և «օրենք» հասկացությունները: Մասնավորապես` Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետում, 169-րդ հոդվածի 2-րդ մասում, 202-րդ հոդվածի 3-րդ մասում, 209-րդ հոդվածի 1-ին մասում, 210-րդ հոդվածի վերնագրում («Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին») սահմանադիրը գործածել է «Սահմանադրության փոփոխություններ» բառակապակցությունը` անգամ որոշ դեպքերում միևնույն դրույթում զուգահեռաբար գործածելով նաև «օրենք» բառը: Հետևաբար` այդ հասկացությունները բովանդակային առումով չեն կարող նույնացվել, դրանցից որևէ մեկն իմաստային առումով չի կլանում մյուսին, ուստի Սահմանադրության փոփոխությունները չեն տեղավորվում «օրենք» հասկացության իմաստային ծավալի մեջ, որպիսի հիմքով և չեն տեղավորվում Սահմանադրության 129-րդ հոդվածով` Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների շրջանակի մեջ:

Մյուս կողմից` Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1518 որոշմամբ վերլուծել է կառավարման խորհրդարանական ձևի շրջանակներում Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակը` մասնավորապես արձանագրելով, որ. «Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են: Ոչ ինքնուրույն լիազորություններն իրականացվում են կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այսպես`

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

ա) Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակելը (Սահմանադրության 93-րդ հոդված),

բ) Կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված),

գ) պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը (Սահմանադրության 138-րդ հոդված),

դ) Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում նշանակումներ կատարելը (Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),

ե) վարչապետ նշանակելը (Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասեր),

զ) Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջադրելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասություն),

է) հանրաքվե նշանակելը (Սահմանադրության 206-րդ հոդվածի առաջին նախադասություն):

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ հայեցողական լիազորությունները.

ա) իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելը (Սահմանադրության 128-րդ հոդված),

բ) Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրելը և հրապարակելը կամ Ազգային ժողովի ընդունած օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը կամ որևէ գործողություն չկատարելը (Սահմանադրության 129-րդ հոդված),

գ) Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը (Սահմանադրության 131-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

դ) արտաքին քաղաքականության բնագավառում` միջազգային պայմանագրեր կնքելը, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին նշանակելը և հետ կանչելը, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերն ընդունելը, վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելը, կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը, բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 132-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ե) զինված ուժերի բնագավառում` զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելը և ազատելը, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելը (Սահմանադրության 134-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

է) դատապարտյալներին ներում շնորհելը (Սահմանադրության 135-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ը) Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելը և պատվավոր կոչումներ շնորհելը (Սահմանադրության 136-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

թ) բարձրագույն դասային աստիճաններ շնորհելը (Սահմանադրության 137-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժա) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն, 4-րդ մասի առաջին նախադասություն, 6-րդ մաս և 7-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժբ) փոխվարչապետներին և նախարարներին նշանակելը (Սահմանադրության 150-րդ հոդվածի երրորդ նախադասություն) կամ Սահմանադրության 150-րդ հոդվածի հինգերորդ նախադասությամբ սահմանված այլընտրանքային լիազորությունը»:

Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանող վերը նշված սահմանադրական նորմերի վերլուծության հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ: Ընդ որում, նման իրավակարգավորման հիմքում սահմանադիրը դրել է որոշակի տրամաբանություն: Սահմանադրական դատարանն այս համատեքստում արձանագրում է, որ ի տարբերություն Ազգային ժողովի ընդունած օրենքները ստորագրելու Հանրապետության նախագահի լիազորության, Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ որևէ ուղեկցող լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ: Սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ նախնական սահմանադրական վերահսկողության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ օժտված է այլ սուբյեկտ, այն է` Ազգային ժողովը, այն էլ միայն Սահմանադրության փոփոխումից առաջ (Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մաս` փոխկապակցված 168-րդ հոդվածի 2-րդ կետի հետ): Նման պայմաններում Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու Հանրապետության նախագահի լիազորությունը կրելու էր միայն արարողակարգային բնույթ, և սահմանադիրը հրաժարվել է այդ լիազորությունը սահմանադրորեն ամրագրելուց:

Փաստորեն, սահմանադիրը Սահմանադրության փոփոխությունները գործողության մեջ դրվելու հանգամանքը չի պայմանավորել ընդունվելուց հետո այդ փոփոխությունների` հանրային իշխանության որևէ այլ մարմնի կողմից հավանության արժանանալու կամ որևէ պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու գործընթաց անցնելու հանգամանքով: Ընդ որում, նշված մոտեցումը պայմանավորված չէ Սահմանադրությունում փոփոխությունների կատարման այս կամ այն եղանակով: Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե ինչ եղանակով են կատարվում Սահմանադրության փոփոխությունները (ժողովրդի կողմից` հանրաքվեի միջոցով, թե Սահմանադրությունում որոշ փոփոխություններ կատարելու իրավասությամբ օժտված Ազգային ժողովի կողմից), դրանք ընդունվելուց հետո չեն անցնում որևէ անձի, այդ թվում` Հանրապետության նախագահի կողմից ստորագրման գործընթաց:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ այս ուղղությամբ են զարգացել նաև օրենսդրական կարգավորումները: Այսպես` Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու կապակցությամբ անցկացվող հանրաքվեի արդյունքներն ամփոփվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և եթե վերջինս ընդունում է հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունների ընդունման մասին որոշում (որով ըստ էության միայն փաստագրում է հանրաքվեի արդյունքները) («Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս), ապա այդ որոշման հրապարակմանը հաջորդում է Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» (եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Սահմանադրական դատարան), որից հետո Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում (»Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդված): Համանման կարգավորում էլ սահմանվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում` վերացնելով Սահմանադրությունում որոշ փոփոխություններ կատարելու իրավասությամբ օժտված Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները (որն ըստ էության սահմանադիր գործառույթի իրականացում է) Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու և հրապարակելու պահանջը: Ընդ որում, հատկանշական է, որ կատարված փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի նախագահը ոչ թե ստորագրում, այլ միայն հրապարակում է Սահմանադրության փոփոխությունները` ընդամենն ապահովելով Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ըստ էության սահմանադիր գործառույթ իրականացնող Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների` հանրությանը հասանելի դառնալը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, ինչպես նաև 86-րդ հոդվածի 7-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորություն, համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

20 ապրիլի 2021 թվականի

ՍԴՈ-...

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ՍԴՈ-1590 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2021 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1590 որոշմամբ եզրահանգել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը»:

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք հիշյալ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

1. Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերահսկողության վերաբերյալ դիմողի և պատասխանողի դիրքորոշումներին` Սահմանադրական դատարանն արձանագրել է. «.... ի տարբերություն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերի, որոնց առնչությամբ սահմանադիրը գործածել է «կարող են դիմել» ձևակերպումը, նույն հոդվածի 2-րդ մասում գործածված «դիմում է» եզրույթը պետք է հասկանալ ոչ թե Սահմանադրական դատարան դիմելու հայեցողության, այլ պարտականության իմաստով: Ուստի Սահմանադրության 168 և 169-րդ հոդվածների բովանդակությունից և սահմանադրի կողմից կիրառված իրավական ձևակերպումներից բխում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ենթակա է պարտադիր նախնական վերահսկողության»:

Մյուս կողմից, անդրադառնալով դիմողի մատնանշած կոնկրետ իրավիճակին` Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագծի` առանց սահմանադրականությունը ստուգելու ընդունմանը, Սահմանադրական դատարանը նշել է. «.... սահմանադրական փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողությունը սահմանված է Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանն այս կանոնը համարում է պարտադիր կատարման ենթակա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կանոնի կիրառումը կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության ինստիտուտի ներդրման նպատակներին հակառակ արդյունքի»:

Սահմանադրական իմպերատիվ նորմից բացառության հնարավորությունը Սահմանադրական դատարանը փաստացի հիմնավորում է նրանով, որ «Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարտադիր ex ante վերահսկողության ինստիտուտը ոչ միայն նորություն է Հայաստանի սահմանադրական իրավունքում, այլ նաև գործնական կիրառության առումով` սահմանադրական փոփոխությունների նախագծերի ոչ պարտադիր ստուգման ինստիտուտի համեմատ խորությամբ չուսումնասիրված»:

Բացի դրանից, ըստ Սահմանադրական դատարանի` Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման խնդրահարույց կողմն այս կառուցակարգը նախատեսող կանոնի խստությունն է, եթե այն օժտված չէ այս ինստիտուտի հիմնադրման նպատակի իրականացման խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտ ճկունությամբ:

Այս առումով հարկ է նշել, որ Սահմանադրությունը` սահմանելով Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական վերահսկողության կանոնը, դրանից որևէ բացառության հնարավորություն չի նախատեսել: Սահմանադրական դատարանի խնդիրն է ոչ թե գնահատել Սահմանադրության այս կամ այն նորմի արդյունավետությունը կամ ճկունությունը, այլ ապահովել սահմանադրական դրույթների գերակայությունը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական վերահսկողության ինստիտուտը հատկապես կարևորվում է «ճկուն» սահմանադրությունների պարագայում, երբ Ազգային ժողովին վերապահվում է իրավասություն որոշակի դեպքերում հանդես գալու որպես սահմանադիր:

2. Սահմանադրական դատարանը մի կողմից նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման չենթարկելը չի կարող գնահատվել որպես ողջամիտ բացառություն` անկախ Սահմանադրական դատարանի դատավորների` նախագծի սահմանադրականության ստուգման առնչությամբ շահերի փաստացի կամ հնարավոր բախման իրավիճակում գտնվելու հանգամանքից:

Մյուս կողմից Սահմանադրական դատարանն արտահայտում է հակառակ դիրքորոշում առ այն, որ «ողջամիտ բացառության» կանոնը կարող է կիրառվել այն նպատակով, որ չխոչընդոտվի սահմանադրի ինքնիշխան կամքի իրագործումը` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու իրավասության իրացմամբ»: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր վերահսկողության լիազորության իրականացման դեպքում ողջամիտ բացառության անտեսումն ի զորու է հարուցել մի իրավիճակ, «երբ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերի և սահմանադրի` տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև բախումը կարող է հանգեցնել սահմանադրի (Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի)` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու իրավասության սահմանափակման` Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերը վեր դասելով սահմանադրի ինքնիշխան կամքի արտահայտման բարձր հանրային շահից»:

Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների սուբյեկտիվ շահերի և սահմանադրի` տվյալ նախագծի ընդունմամբ հետապնդվող շահի միջև բախում տեղի չի կարող ունենալ, եթե փոփոխություններ նախատեսող նախագիծը համապատասխանի Սահմանադրության պահանջներին: Դա պայմանավորված է նրանով, որ`

նախ, Սահմանադրական դատարանի դատավորը (անդամը) տալիս է երդում` ապահովելու Սահմանադրության գերակայությունը և անկախ անձնական շահագրգռվածությունից իրավաբանորեն և բարոյապես պարտավոր է լինել անկախ և անաչառ,

երկրորդ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշումը պետք է պարունակի հիմնավորող իրավական դիրքորոշումներ, որոնք բացառապես անձնական շահերից բխեցնելն անհնար է և կարող է Սահմանադրական դատարանի որոշումների հանդեպ անվստահության լուրջ առիթ հանդիսանալ:

Մյուս կողմից, հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի պարտադիր նախնական վերահսկողության պահանջը շրջանցելը կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) սահմանադրական իրավունքների խախտումների, ինչն անթույլատրելի է Սահմանադրության գերակայության սկզբունքի տեսանկյունից:

3. Սահմանադրության փոփոխություններն ընդունելու հարաբերությունները կարգավորող հատուկ նորմի` 202-րդ հոդվածի դրույթների համալիր վերլուծությունից Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ «Ազգային ժողովի կողմից ընդունվող Սահմանադրության փոփոխության նախագիծը պետք է համապատասխանի Սահմանադրության անփոփոխ դրույթներին, Սահմանադրության` միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթներին և Սահմանադրության այն դրույթներին, որոնք խնդրո առարկա փոփոխությունների նախագծով չեն փոփոխվում»:

Սահմանադրական դատարանի նման եզրահանգման պարագայում խնդրահարույց են դառնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթները, համաձայն որոնց` Ազգային ժողովի նախագահը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկում է Սահմանադրական դատարան` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության միայն անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի ընդունմանը, ապա վերջինիս ընդունման համար բավարար ձայն չհավաքելն արդեն իսկ պետք է ենթադրի Սահմանադրության համապատասխան փոփոխությունների կատարումից հրաժարում:

4. Անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետին` Սահմանադրական դատարանը փաստել է, որ Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ:

Համեմատական վերլուծություն կատարելով Ազգային ժողովի ընդունած օրենքները ստորագրելու` Հանրապետության նախագահի լիազորության հետ` Սահմանադրական դատարանը գտել է, որ «Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ որևէ ուղեկցող լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ» և «Նման պայմաններում Հանրապետության նախագահի` Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու լիազորությունը կրելու էր միայն արարողակարգային բնույթ, և սահմանադիրը հրաժարվել է այդ լիազորությունը սահմանադրորեն ամրագրելուց»:

Չանդրադառնալով հանրաքվեով ընդունվող Սահմանադրության փոփոխություններում Հանրապետության նախագահի դերակատարությանը` հարկ է նշել, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրությունում փոփոխություն կատարելու դեպքում Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ օժտված է կարևորագույն առաքելությամբ: Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը որպես պետության գլուխ հետևում է Սահմանադրության պահպանմանը, ինչը ենթադրում է ոչ միայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով իր գործառույթների իրականացումը, այլ նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուն հետևելը` ապահովելով նման փոփոխությունների իրականացման սահմանադրականությանը: Այդ առաքելությունը Հանրապետության նախագահը կարող է իրականացնել ինչպես Սահմանադրության փոփոխությունների տեքստն ստորագրելով, այնպես էլ այդ փոփոխությունները միայն հրապարակելով` հաշվի առնելով, որ միայն հրապարակելուց հետո համապատասխան փոփոխությունները կարող են իրավաբանական ուժ ստանալ:

Ելնելով վերոգրյալից` գտնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց դրույթներ են:

 

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ         Ա. ԹՈՒՆՅԱՆ

 

2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման վերաբերյալ Սահմանադրական

դատարանի դատավոր Վ. Մ. Գրիգորյանի հատուկ (համընկնող) կարծիքը

 

I. Ներածություն

2021 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1590 որոշմամբ (այսուհետ սույն հատուկ կարծիքում` Որոշում) եզրահանգել է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Լիովին համաձայն լինելով Որոշման եզրափակիչ մասի հետ` կարծում եմ, որ դրա պատճառաբանական մասը, պահպանելով Սահմանադրական դատարանի որոշումներին ներհատուկ պահպանողական և իրավական փաստարկների հակիրճ շարադրանքի ոճը, ունի իրավական որոշ հանգամանքների և սկզբունքների սահմանադրաիրավական բովանդակության առավել մանրամասն բացահայտման կարիք, ինչը և կփորձեմ ներկայացնել սույն կարծիքով:

 

II. Սահմանադրության դրույթների աստիճանակարգությունը

Ա. Աստիճանակարգության ընդհանուր սկզբունքը

1. Դիմողի բարձրացրած խնդիրն ուղղակիորեն առնչվում է Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ընդունմանը: Անկախ այն հանգամանքից, որ դիմողի բարձրացրած հարցերը քննության առարկա չեն դարձել Սահմանադրական դատարանի կողմից(1), խնդիրն ընդհանուր առմամբ Սահմանադրության փոփոխություններ ընդունելուն վերաբերելու պատճառով արժանացել է առավել լայն շրջանակով քննության` այն սկսելով Սահմանադրությամբ ամրագրված դրույթների փոփոխման կարգերի տարբերակմամբ` նպատակ հետապնդելով «ապահովել Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի` հայ ժողովրդի սահմանած անփոփոխ դրույթներում ամրագրված արժեքների և սկզբունքների գերակայությունը, Սահմանադրության ներքին կայունությունը, Սահմանադրության դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, հնարավոր ներքին կոլիզիաների կանխումը, իսկ դրանց բացահայտման դեպքում` լուծումը»(2):

 

___________________________________

1) Տես` 2021 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-27 որոշում

2) Որոշում, կետ 5.2

 

2. Այս նպատակների համար և ըստ Սահմանադրության դրույթներն ընդունող սուբյեկտների իրավասությունների աստիճանակարգության` Սահմանադրական դատարանն արձանագրել էր(3), որ Սահմանադրության դրույթները ենթակա են դասակարգման հետևյալ կերպ.

 

___________________________________

3) Նույն տեղում

 

ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները` որպես

Սահմանադրության անփոփոխելի դրույթներ,

բ) Սահմանադրության` միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթները` որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բացառիկ իրավազորության ներքո գտնվող սահմանադրական դրույթներ, որոնք թվարկված են Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում,

գ) Սահմանադրության` նաև Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթներ:

3. Սահմանադրության դրույթների վերոհիշյալ աստիճանակարգությունը սահմանելով` Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության նախնական ստուգման շրջանակները հաստատել է, պայմանականորեն նշված, ավելի ցածր աստիճանի սահմանադրական նորմերի փոփոխության նախագծի բարձր աստիճանի նորմերին համապատասխանության կարգը հաստատելու նպատակով (ուղղահայաց համապատասխանության ստուգում)(4):

 

___________________________________

4) Որոշում, կետ 5.3

 

4. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը սահմանել էր, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներին համապատասխանությունը ստուգելուց բացի, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է համապատասխանի նաև նույն աստիճանի, սակայն Սահմանադրության փոփոխությունների տվյալ նախագծով չփոփոխվող նորմերին (հորիզոնական համապատասխանության ստուգում)(5):

 

___________________________________

5) Նույն տեղում:

 

5. Հորիզոնական համապատասխանության ստուգման նպատակը նույնաստիճան սահմանադրական դրույթների միջև հնարավոր կոլիզիաների կանխումն է: Մինչդեռ ուղղահայաց համապատասխանության ստուգման նպատակը սահմանադրական դրույթների և դրանցից բարձր աստիճանի վրա գտնվող դրույթների հնարավոր հակասություններից խուսափելուց բացի, նաև` Սահմանադրության փոփոխությունների նախնական ստուգման կարգի սահմանմամբ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված ժողովրդաիշխանության սկզբունքների ամրապնդումն է Սահմանադրության փոփոխությունների բարդ ընթացակարգում. Սահմանադրության` Ազգային ժողովի կողմից ընդունվող փոփոխությունների նախագիծը պետք է համապատասխանի Սահմանադրության անփոփոխելի, ինչպես նաև միայն հանրաքվեով փոփոխվող դրույթներին` որպես Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ինքնիշխան սահմանադրի կամքի:

 

Բ. Սահմանադրության նախաբանը` անփոփոխելի դրույթ

6. Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման կարգում Որոշմամբ Սահմանադրական դատարանի կողմից առանցքային կարևորության հաջորդ արձանագրումը վերաբերում է Սահմանադրության նախաբանն անփոփոխելի դրույթների կարգին դասելուն:

7. Սահմանադրության նախաբանն արտահայտում է Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի` Հայ ժողովրդի իղձերը, նպատակները (հայրենիքի հզորացումը և բարգավաճումը, սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը և քաղաքացիական համերաշխությունը), սկզբունքները և այն արժեքները, որոնք ընկած են Սահմանադրության ընդունման նպատակների և շարժառիթների հիմքում(6): Այս նպատակները և սկզբունքները Սահմանադրության նորմերի մեկնաբանման համար ունեն ուղեցուցային նշանակություն, ինչպիսին ճանաչվել է Սահմանադրական դատարանի կողմից իր գործունեության դեռևս վաղ ժամանակահատվածից:

 

___________________________________

6) «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ», ընդհանուր խմբագրությամբ Գ. Հարությունյանի և Ա. Վաղարշյանի, Եր., «Իրավունք», էջեր 36-39:

 

8. Մասնավորապես, Սահմանադրության նախաբանը որպես Սահմանադրության նորմերի մեկնաբանման նպատակով Սահմանադրի նպատակի ուղենիշ, վկայակոչվել է Սահմանադրական դատարանի որոշումներում սկսած 1999 թ. միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության նախնական ստուգման գործերով(7):

 

___________________________________

7) Տես` օրինակ, 1999 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-175, 1999 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-176, 1999 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-271, 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ-502, 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850, 2014 թվականի նոյեմբերի 14-ի ՍԴՈ-1175, 2017 թվականի հոկտեմբերի 10-ի ՍԴՈ-1381, 2018 թվականի մարտի 16-ի ՍԴՈ-1407:

 

9. Սահմանադրական դատարանի` Սահմանադրության նախաբանում ամրագրված նպատակներին և սկզբունքներին հղումով առավել ուշագրավ որոշումներից են 2003 թվականի ՍԴՈ-412 որոշումը, որով Սահմանադրական դատարանն ընդգծել էր Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի ամրապնդման և Սահմանադրության նախաբանում ամրագրված` քաղաքացիական համերաշխության հաստատման անհրաժեշտությունը(8) և 2010 թվականի ՍԴՈ-850 որոշումը, որով Սահմանադրական դատարանը վկայակոչել էր Սահմանադրության նախաբանը և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետը, որպես նույն որոշմամբ քննարկված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները` Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում մեկնաբանման ու կիրառման ուղենիշ(9):

 

___________________________________

8) 2003 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-412, կետ 6

9) 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850, կետ 5

 

10. Այս ամենով հանդերձ, Սահմանադրության նախաբանը մինչ Որոշումը չէր դասվել Սահմանադրության անփոփոխելի դրույթների շարքին, իսկ դրա անփոփոխելի բնույթի հիմնավորումները մնում էին տեսական հիմնավոր մոտեցումների տիրույթում, սակայն` առանց նորմատիվ ձևակերպման: Որոշմամբ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրության նախաբանը` որպես Սահմանադրության արժեբանական առանցքի և Սահմանադրությունն ընդունելիս առաջին սահմանադրի` Հայ ժողովրդի նպատակների գլխավոր աղբյուր, հստակորեն արձանագրեց դրա անփոփոխելի բնույթը:

11. Ինքս, լիովին համաձայնելով Որոշմամբ արձանագրված այս մոտեցմանը, կարծում եմ, որ դրա հիմքում վերը նշված արժեբանական և պատմաիրավական հիմնավորումներից զերծ ընկած էր նաև Սահմանադրության 1-3 և 203-րդ հոդվածների անփոփոխելիության նորմատիվ-սահմանադրական ամրագրման այն մեկնաբանությունը, որ այդ անփոփոխելի դրույթների ընդունման նպատակները, իրավաքաղաքական և պատմական հիմնավորումները փոփոխելի չեն: Այլ խոսքով, եթե որևէ իրավական դրույթ անփոփոխելի է, ապա առավել ևս չի կարող փոփոխելի լինել դրա հիմքը և ընդունման նպատակները:

12. Իմ համոզմամբ` Սահմանադրության նախաբանի առանցքային կարևորության վրա կատարված շեշտադրումը և Սահմանադրության անփոփոխելի դրույթների շարքին դասելու հարցերում Որոշման իմպերատիվությունը Սահմանադրության նորմերի մեկնաբանման գործում մեծապես ընդլայնելու են Սահմանադրության նախաբանում շարադրված նպատակների և նորմ-սկզբունքների կիրառման պրակտիկան:

13. Սահմանադրության նախաբանը Սահմանադրության անփոփոխելի դրույթների դասին պատկանելու Որոշման արձանագրումը, իմ խորին համոզմամբ, առաջին հերթին Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայությունն ապահովող ատյանի, հավատարմության հավաստիքն է Սահմանադրության ընդունմամբ դրա նախաբանում Հայ ժողովրդի իղձերի, նպատակների և արժեհամակարգի նկատմամբ:

14. Երկրորդ, Սահմանադրության նախաբանը Սահմանադրության անփոփոխելի դրույթների դասին պատկանելու Որոշման արձանագրումն ուղղակիորեն նշանակում է, որ Հայաստանի համար ծանր իրավաքաղաքական մերօրյա իրավիճակում Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից 30 տարի անց և Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարելիցին ընդառաջ, Սահմանադրական դատարանը, շարունակելով իր գործունեության ընթացքում Հայաստանի անկախության հռչակագրի դրույթների սահմանադրականացման (դրանք Սահմանադրության դրույթների իրավաբանական ուժով օժտված լինելու վարկածով դիտարկելը) ընթացքը(10), Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության արձանագրմամբ սահմանադրական արդարադատության տիրույթում Սահմանադրության դրույթների անփոփոխելիության կամ հավերժության որակով դիտարկելու է նաև «Հայաստանի անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»` Սահմանադրության նորմերի մեկնաբանման և սահմանադրաիրավական վեճերի լուծման ընթացքում:

 

___________________________________

10) Տե՛ս սույն հատուկ կարծիքի 7-9 կետերը

 

III. Որոշմամբ քննարկված հարցերի շրջանակը

15. Թեպետ, ինչպես Սահմանադրական դատարանն արձանագրել է Որոշման 4.2 կետում, «սույն գործը քննության է առնում վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով», այն անդրադարձել է նաև (1) Սահմանադրության դրույթների փոփոխման կարգերի տարբերակմանն ու դրանց նպատակներին(11), (2) Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման մասշտաբին(12), (3) Սահմանադրության փոփոխությունների նախագծի ստուգման մասին սահմանադրական դրույթների բովանդակությանը (արդյոք նախագիծը ստուգման ներկայացնելը պարտականություն է, թե հայեցողություն)(13), (4) Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման կանոնից հնարավոր բացառության դեպքին(14), և (5) թե արդյոք Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագիծը սահմանադրականության նախնական ստուգման չներկայացնելը համապատասխանել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման սահմանադրական պատվիրանին(15):

 

___________________________________

11) Որոշում, կետ 5.2

12) Որոշում, կետ 5.3

13) Որոշում, կետ 5.4

14) Որոշում, կետեր 5.7-5.8

15) Որոշում, կետեր 5.9-5.13

 

16. Իմ կարծիքով դիմողի բարձրացրած հարցերից մեկի` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության ստուգման շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից վերը թվարկված խնդիրների պարզաբանումը և դրանց սահմանադրաիրավական բովանդակության վերհանումը անհրաժեշտություն էր: Այսպես` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը»: Դիմողի կողմից սույն նորմի սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հիմնական հարցի պատասխանն ուղղակիորեն կախված է նրանից, թե արդյոք Սահմանադրությամբ սահմանված է Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր, թե հայեցողաբար իրականացվող ստուգման ընթացակարգ: Եթե Սահմանադրությամբ նախատեսված լիներ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման պարտադիր և առանց հնարավոր բացառությունների մոդելը, ապա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու կարգը, համաձայն որի` Սահմանադրական դատարան դիմելը թողնվում էր պատգամավորների հայեցողությանը, որն արտահայտվելու էր քվեարկությամբ, Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց կլիներ:

17. Միաժամանակ, եթե Սահմանադրությամբ նախատեսված լիներ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման պարտադիր, սակայն հնարավոր բացառություններով կամ հայեցողական ստուգման մոդելը, ապա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու կարգը, համաձայն որի` Սահմանադրական դատարան դիմելը թողնվում էր պատգամավորների հայեցողությանը, չի կարող ունենալ պատգամավորների կողմից քվեարկությամբ որոշում կայացնելուն այլընտրանք:

18. Անկախ նրանից, թե որ մոդելի մասին է խոսքը, Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումը պետք է իրականացվի հստակորեն նախանշված շրջանակում: Նման շրջանակի որոշումն ուղղակիորեն թելադրում է Սահմանադրության դրույթների փոփոխությունների ստուգման տարբերակված կարգերի սահմանումը, ինչը, լինելով բացառապես Սահմանադրական դատարանի սահմանադրական լիազորության տիրույթում, պետք է և սահմանվել է Որոշմամբ:

19. Եվ վերջապես, Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքի` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական պարտադիր ստուգման կանոնից բացառության պայմաններին համապատասխանության հարցին(16): Սահմանադրական դատարանն այս հարցին անդրադառնալը հիմնավորել է խորհրդարանական հանրապետությունում ընդդիմության հանդեպ հարգանքի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմավորման և համալրման սահմանադրականության վերաբերյալ բարձրացվող հարցերի զգայուն բովանդակությամբ, ինչը չէր կարող անտեսվել Սահմանադրական դատարանի կողմից:

 

___________________________________

16) Նույն տեղում

 

20. Ես լիովին արդարացված եմ համարում խորհրդարանական ընդդիմության պատգամավորների կողմից Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների վերաբերյալ բարձրացված մտահոգություններին Որոշմամբ անդրադառնալու Սահմանադրական դատարանի մոտեցումը, քանի որ 2021 թվականի ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ այս հարցադրումների գերակշիռ մեծամասնությունը դիմումի ընդունելիության պայմաններին չհամապատասխանելու հիմքով, քննության չենթարկվելու դեպքում, բարձրացված հարցադրումների կարևորությունը սահմանադրական արդարադատության և հայկական ժողովրդավարության ապագայի նկատմամբ ուղղակիորեն թելադրում էին Սահմանադրական դատարանի կողմից դրանց արձագանքը` Ազգային ժողովի և Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու իրավասու այլ անձանց կողմից այդ փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման կանոնները հստակեցնելու նպատակով:

 

IV. «Ողջամիտ բացառության» բանաձևը և դրա սահմանադրաիրավական հիմնավորումները

Ա. Սահմանադրական ժողովրդավարության արժեբանական հիմնասյուները

21. Սահմանադրական ժողովրդավարության գլխավոր արժեբանական հիմնասյուները, ինչպես իրավագիտական և քաղաքագիտական, այնպես էլ իրավակիրառ փորձագիտության շրջանակներում, դիտարկվել են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները(17): Արդյունավետ և կենսունակ սահմանադրական ժողովրդավարությունն այս երեք արժեքային համակարգերի ոչ միայն ներդաշնակ և խաղաղ կենսագործունեության, այլ նաև դրանց միջև լարվածության դեպքում` արդարացի հավասարակշռության հաստատմամբ լուծումներ առաջարկող պետություն է:

 

___________________________________

17) CDL-AD(2010)044 Opinion on the Constitutional Situation in Ukraine, paragraph 52

 

22. Հատկանշական է, որ ժամանակակից սահմանադրական ժողովրդավարություններում թվարկված երեք արժեքային համակարգերի միջև լարվածության առաջացման դեպքում, միջազգային փորձագիտական շրջանակների կողմից լայնորեն ընդունված մոտեցումն այն է, որ սահմանադրական դատարաններն են, որ սահմանադրական նորմերի մեկնաբանությամբ ի վիճակի են արդյունավետորեն ապահովել նման արժեբանական բախումներում անհրաժեշտ և արդյունավետ լուծումներ(18):

 

___________________________________

18) Նույն տեղում:

 

23. Սահմանադրական դատարանի առջև դիմողների բարձրացրած խնդիրն իր հիմքում` Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակի գործարկման պահից ունեցել է վերը թվարկված երեք արժեբանական համակարգերից երկուսի (ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն) միջև լարվածությունը լուծելու անհրաժեշտություն: Այսինքն` ապահովել ժողովրդավարական գործընթացների, մասնավորապես` Սահմանադրության փոփոխություններ ընդունելու Ազգային ժողովի սահմանադրական լիազորության իրացման հնարավորությունն այն պայմաններում, երբ այդ փոփոխությունների նախագիծը Սահմանադրության դրույթների տառացի մեկնաբանության արդյունքում ենթակա է սահմանադրականության պարտադիր ստուգման Սահմանադրական դատարանի կողմից, որի անդամներին այն ուղղակիորեն վերաբերում է (Սահմանադրական դատարանի կազմի 7-9-ին)` էականորեն կրճատելով նրանցից 4-ի պաշտոնավարման ժամկետը և դադարեցնելով նրանցից 3-ի պաշտոնավարումը:

24. Ի տարբերություն այնպիսի ստանդարտ իրավիճակների, երբ ճգնաժամերի լուծումները սահմանադրական կարգավորումների մեկնաբանման և կիրառման միջոցով են իրականացվում, Սահմանադրական դատարանը «զինված» է անհրաժեշտ գործիքակազմով նման ճգնաժամերը լուծելու համար և հանդես է գալիս որպես նման լուծումներ առաջարկող մասնագիտացված և լիազոր ատյանը: Մինչդեռ այն իրավիճակներում, երբ հակադրվածությունն առաջանում է Սահմանադրական դատարանի կազմի 7/9-ի անհատական շահերի և սահմանադրական մարմնի կողմից իր սահմանադրական լիազորության իրացման շահի միջև, խնդիրը դուրս է գալիս ստանդարտ սահմանադրաիրավական արդարադատության շրջանակից, որում Սահմանադրական դատարանը անկախ և անաչառ ատյանից վեր է ածվում հակադրության կողմի:

 

Բ. Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին.

25. Սահմանադրական դատարանի ճգնաժամի և դրա առանձին կողմերին ժամանակին անդրադարձել եմ հրապարակայնորեն(19) և դրանց մանրամասներով այս հատուկ կարծիքը ծանրաբեռնելու կարիք չեմ տեսնում, եթե միայն` հակիրճ անդրադառնալով ճգնաժամածին պատճառներին և դրանում լուծման ենթակա հանգամանքներին:

 

__________________________________

19) Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի պաշտոնավարող անդամներին և դատավոր Ա. Դիլանյանին ուղղված 26/06/2019 թ.-ի նամակ, «ՍԴ ճգնաժամի մասին», Ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնիացման մասին:

 

26. Մասնավորապես, մինչև Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների ուժի մեջ մտնելու դրությամբ Սահմանադրության 213 հոդվածի համաձայն`

(1) Սահմանադրական դատարանի պաշտոնավարող անդամները, որոնք նշանակվել էին մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, շարունակելու էին պաշտոնավարել Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակով` առանց հստակեցման Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակի ստանձնման լիազորությունների իրականացման հետ կապված հարցերը.

(2) Սահմանադրական դատարանի անդամները, որոնք նշանակվել էին մինչև 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների ուժի մեջ մտնելը, շարունակելու էին պաշտոնավարել մինչև Սահմանադրության 2005 թվականի փոփոխություններով նախատեսված իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը, որի արդյունքում Սահմանադրական դատարանի 2 անդամներ (պարոնայք Ֆ. Թոխյանը և Հ. Նազարյանը) շարունակելու էին պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, իսկ Սահմանադրական դատարանի մյուս 5 անդամները (տիկնայք Ա. Գյուլումյանը և Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը և Հ. Թովմասյանը) մինչև իրենց 65 տարեկանը լրանալը: Սահմանադրական դատարանի` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ընտրված 2 դատավորներ (պարոն Ա. Դիլանյանը և ինքս) պաշտոնավարում ենք մինչև 12-ամյա ժամկետի ավարտը.

(3) Սահմանադրական դատարանի նշանակված նախագահի պաշտոնավարման ժամկետը, ըստ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթների մեկնաբանության, համընկնում էր այն զբաղեցնող Սահմանադրական դատարանի անդամի (պարոն Հ. Թովմասյան) պաշտոնում պաշտոնավարման ժամկետին, այսինքն` մինչև նրա 65 տարին լրանալը (նշանակման պահից ի վեր 17 տարի), որից հետո միայն Սահմանադրական դատարանը կարող էր ընտրել նախագահ, ինչպես նախատեսված է Սահմանադրության 166-րդ հոդվածով:

 

Գ. Սահմանադրական դատարանի անկախության սպառնալիքը

27. Վերը թվարկված` Սահմանադրական դատարանի անդամի և դատավորի կարգավիճակների տարբերության և դրա կարգավորումների բացակայության, պաշտոնավարման ժամկետների իմաստով Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև ներդատարանական հավասարության խախտման և Սահմանադրական դատարանի կողմից իր անկախության և ինքնավարության կարևոր տարրերից մեկի` Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու նորընծա լիազորության իրականացման հնարավորությունից տևական ժամանակով զրկված լինելու հետ մեկտեղ Սահմանադրական դատարանն ունեցել է դեմոկրատական լեգիտիմության լրջագույն բաց, որի առնչությամբ և դրանից բխող քննադատությունն ուղեկցել է Սահմանադրական դատարանին սկսած 2003 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումից:

28. Սակայն, բացի թվարկված հանգամանքներից, կա ևս մեկը, որը, թեպետ ակնհայտորեն առկա էր, սակայն դրանում Սահմանադրական դատարանի անկախության համար վտանգն ինձ համար զգալի է եղել միայն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման փորձառություն ունենալիս: Խնդրո առարկան Սահմանադրական դատարանի անդամների և Ազգային ժողովի կողմից նշանակված նախագահի պաշտոնավարման ժամկետները կարգավորող սահմանադրական նորմը փոփոխելու Ազգային ժողովի լիազորությունն է, որին Սահմանադրական դատարանը Որոշմամբ հակիրճ անդրադարձել և գնահատականի է արժանացրել նման կարգավորման ազդեցությունը Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ(20): Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս խնդիրը լրացուցիչ մանրամասնելու կարիք ունի:

 

___________________________________

20) Որոշում, կետ 5.11

 

29. Սահմանադրական դատարանի անկախությունն հիմնվում է երկու հավասարաարժեք կողմի վրա. դատարանի ինստիտուցիոնալ և դատավորի անհատական անկախությունը: Ինստիտուցիոնալ անկախության սահմանադրաիրավական բովանդակությունը պետական իշխանության ճյուղերի արդյունավետ բաժանման և հավասարակշռման միջոցով Սահմանադրական դատարանի` օրենսդիր և գործադիր իշխանությունների` որոշիչ ազդեցություններից և ճնշումներից զերծ մնալու երաշխիքների համակարգն է: Դատավորների անհատական անկախության բովանդակությունը արդարադատություն իրականացնելիս քաղաքական կամ այլ տեսակի ճնշումներից ազատ գործելու հնարավորությունն է(21):

 

___________________________________

21) Այս մասին տե՛ս նաև` CDL-AD(2016)025, Joint Opinion on the Draft Law «On Introduction of Amendments and Changes to the Constitution» of the Kyrgyz Republic, paragraph 47.

 

30. Սահմանադրական դատարանի և այդ ատյանի դատավորների անկախությունը պետք է երաշխավորված լինի Սահմանադրության կայուն` առնվազն միայն հանրաքվեով փոփոխվող դրույթներով, այլապես այդ անկախության անկյունաքարային գործոնների նկատմամբ օրենսդիր իշխանության իրավազորության նախատեսումը համար (օրինակ` դատավորների պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ դրույթներում փոփոխություններ կատարելու լիազորությունը) ոչ միայն հակադրվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման, այլ նաև Սահմանադրական դատարանի անկախության սկզբունքին: Այս մոտեցումը լայնորեն ճանաչված է նաև դատական իշխանության անկախության վերաբերյալ միջազգային ակտերում(22):

 

___________________________________

22) UN Basic Principles on the Independence of the Judiciary of 1985

 

31. Առհասարակ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` որպես Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պահապանի և իշխանության առանցքային դերակատարի կարգավիճակը` Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ և դրա դատավորների անհատական անկախության երաշխիքները անհրաժեշտաբար պետք է գտնվեն բացառապես Հայաստանի ժողովրդի իրավասությունների ներքո` դուրս լինելով քաղաքական ուժերի դասավորությամբ ժամանակավորապես ձևավորվող ներկայացուցչական-քաղաքական մարմնի իրավասությունների տիրույթից(23):

 

___________________________________

23) Այս մասին տես նաև` CDL-AD(2016)025, Joint Opinion on the Draft Law «On Introduction of Amendments and Changes to the Constitution» of the Kyrgyz Republic, paragraphs 47-48.

 

32. Այս առնչությամբ Որոշման վերաբերելի հատվածում Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ»մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի 2020 թվականի փոփոխությունը Սահմանադրական դատարանի` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված անդամները շարունակել են պաշտոնավարել Սահմանադրության 213-րդ հոդվածի հիման վրա, այսինքն` Սահմանադրության այնպիսի դրույթի, որը դասվում էր Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթների շարքին: Այսինքն` Սահմանադրության 213-րդ հոդվածի հիմքով պաշտոնավարող Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքը նախատեսված էր Սահմանադրության այնպիսի հոդվածով, որը կարող էր փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը գործող Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումը չէր կարող ապահովել Սահմանադրական դատարանի անհրաժեշտ անկախությունը քաղաքական իշխանությունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում օրենսդիր և գործադիր իշխանությունները իրականացվում են նույն` Ազգային ժողովում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ղեկավարությամբ: Այս պայմաններում Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական ժողովրդավարության համար անհրաժեշտ օրենսդիր և գործադիր իշխանությունների սահմանադրական հակակշիռ, ուներ ինստիտուցիոնալ, ներառյալ` կազմավորման, արտաքին միջամտություններից պաշտպանության և անկախության երաշխիքների առավել կայուն սահմանադրական հիմքերի անհրաժեշտություն»(24):

 

___________________________________

24) Նույն տեղում:

 

33. Սահմանադրական դատարանի գնահատմամբ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի կարգավիճակի և պաշտոնավարման կայուն սահմանադրական հիմքը նրա, ինչպես և Սահմանադրական դատարանի անկախության անկյունաքարային գործոն է: Սահմանադրության նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածով և Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի պաշտոնավարման ժամկետից ավել ժամկետ նախատեսող դրույթի փոփոխություններն Ազգային ժողովի իրավասությանը վերապահելը Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ունի այն հնարավոր վտանգավոր ազդեցությունը, որ Սահմանադրական դատարանի անդամներին կամ դատավորներին` նրանց (Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված ժամկետից ավել) պաշտոնավարման անձնական ակնկալիքի և շահերի թելադրանքով հղի է սուբյեկտիվ կախվածություն ձևավորելու վտանգով:

34. Ընդ որում` խնդրահարույց է ոչ միայն Ազգային ժողովի կողմից Սահմանադրության միայն հանրաքվեով փոփոխման ենթակա դրույթներով նախատեսված պաշտոնավարման ժամկետից ավել ժամկետի կրճատման դեպքը, այլ նաև` պաշտոնավարման ժամկետները անհավասարաբար ավելացնելու իրավիճակը, քանի որ նման ժամկետների ավելացման հնարավոր ակնկալիքը նույն ազդեցությունը կարող է ունենալ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ, ինչ այդ ժամկետների կրճատման սպառնալիքը:

35. Հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի նախագահի դերակատարությունը Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման գործում` կարծում եմ, որ նույն հիմնավորմամբ, որպես Սահմանադրական դատարանի անկախության ամուր ինստիտուցիոնալ երաշխիք(25), Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը և նրա պաշտոնավարման ժամկետները, կրկին, պետք է կարգավորված լինեն Սահմանադրության առնվազն միայն հանրաքվեով փոփոխվող դրույթներով(26):

 

___________________________________

25) Տես նաև միջազգային փորձագիտական շրջանակների կարծիքները սահմանադրական դատարանների նախագահների` դատարանների կողմից ընտրվելու տարբերակը որպես սահմանադրական դատարանների անկախության ամուր ինստիտուցիոնալ երաշխիք` CDL-AD(2008)029 Opinion on the Draft Laws amending and supplementing (1) the Law on Constitutional Proceedings and (2) the Law on the Constitutional Court of Kyrgyzstan, paragraph 8, CDL-AD(2011)016 Opinion on the new Constitution of Hungary, paragraph 94, CDL-AD(2014)017 Opinion on the Draft Constitutional Law on the Constitutional Court of Tajikistan, paragraph 12, CDL-AD(2016)026, Opinion on the Act on the Constitutional Tribunal of Poland, paragraph 27:

26) Ինչպես Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների արդյունքում եղել է. Սահմանադրական դատարանի նորընտրի և հետագա բոլոր նախագահների ընտրությունն ընտրության և նրանց պաշտոնավարման լիազորությունը սահմանված է Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով, որոնք ենթակա են փոփոխման բացառապես Հայաստանի ժողովրդի կողմից` համապետական հանրաքվեով:

 

36. Սրանք միայն տեսական դատողություններ չեն: Նման մտահոգության համար Հայաստանի սահմանադրաիրավական իրողության մեջ եղել է նաև քաղաքական իշխանության կողմից Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետներն օրենքով կարգավորելու փորձի նախադեպ: Մասնավորապես, 2017 թվականին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» հանձնաժողովի կողմից փորձագիտական կարծիքի նախագծման ընթացքում Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետները` Սահմանադրության 213 հոդվածից տարբերվող կարգավորումներով փոփոխությունների են ենթարկվել(27): Պետք է նկատել, որ Սահմանադրության` նախկին խմբագրությամբ 213-րդ հոդվածի պայմաններում, քաղաքական իշխանության կողմից քննարկվել է Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետն օրենքով կարգավորելու հարցը, որը, թերևս, քննարկումից դուրս է եկել միայն այն բանից հետո, երբ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը հավանություն չի տվել նման գաղափարին` Սահմանադրության 213 հոդվածին անհամապատասխանության պատճառաբանությամբ:

 

___________________________________

27) «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի CDL-AD(2017)011 կարծիքը, կետեր 32-34: Ի դեպ, ուշագրավ է, որ այս կարծիքում պաշտոնապես արձանագրված փաստերի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների վերաբերյալ հիշատակումները բացակայում են պաշտոնական աղբյուրներում:

 

37. Այսինքն` Սահմանադրական դատարանի անկախության համար անկյունաքարային նշանակություն ունեցող` Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) պաշտոնավարման ժամկետներին վերաբերող կարգավորումներն Ազգային ժողովի կողմից հնարավոր է համարվել, և նման փոփոխությունների փորձ է կատարվել ավելի ցածր ձայներ պահանջող և իրավաբանական ավելի ցածր ուժ ունեցող ակտով` սահմանադրական օրենքով:

 

Գ. Փոփոխությունների նպատակն ու արդյունքը

38. Ի լրումն Որոշման 5.11-րդ կետի, որտեղ Սահմանադրական դատարանը նկարագրել է այն համակարգային արդյունքը, որը ձեռք է բերվել Սահմանադրության 2020 թվականի փոփոխության արդյունքում, և լիովին համաձայնելով այս արձանագրմանը, անհրաժեշտ եմ համարում առանձնացնել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ և դատավորների անհատական անկախության համար առանցքային կարևորության հետևյալ 2 հանգամանքները:

39. Նախ, Որոշման հիշյալ հատվածում, Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով Ազգային ժողովն ամբողջությամբ սպառել է Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և պաշտոնավարող անդամների և նախագահի պաշտոնավարման ժամկետների նկատմամբ իր սահմանադրական լիազորությունը` Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների կարգավորումը տեղափոխելով բացառապես Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսված առավել կայուն սահմանադրական իրավադրույթների գործողության տիրույթ, որոնք կարող են փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ և դրա դատավորների անհատական անկախության առաջնային բարենպաստ հետևանքն այն է, որ Սահմանադրական դատարանը հստակ և ուղղակի արձանագրմամբ Սահմանադրական դատարանի նշանակված անդամների կարգավիճակը հավասարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակին, նրանց պաշտոնավարման ժամկետի կարգավորումները դուրս է բերել Ազգային ժողովի իրավասության տարածքից:

40. Երկրորդ, Սահմանադրական դատարանը հիշյալ հատվածով նաև արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն այլևս դուրս է եկել անցումային կարգավորումների տիրույթից, ինքնին գործում է ոչ որպես անցումային, այլ` որպես Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով նախատեսված սահմանադրի նպատակադրած Սահմանադրական դատարան:

41. Փաստացի, Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, Սահմանադրական դատարանի արձանագրմամբ, դրանց դրույթների պահանջներն այլևս ամբողջությամբ ի կատար են ածվել Հայաստանի պետական իշխանության բոլոր 3 ճյուղերի կողմից` միաձայնությամբ, իսկ իր կազմավորման և դատավորների կարգավիճակների և նրանց պաշտոնավարման ժամկետների համահավասարեցման և Սահմանադրական դատարանի կողմից իր նախագահին ընտրելու գործընթացներն ավարտվել են Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությամբ` դրանով իսկ արձանագրելով Սահմանադրական դատարանի անցումային կարգավիճակի ավարտը և Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ամբողջությամբ կազմավորված դատարանի գործունեության մեկնարկը:

42. Սույն հատուկ կարծիքի վերջին հատվածի վրա աշխատելիս այսօր` 2021 թվականի մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը չի ընտրել Հանրապետության վարչապետ 2-րդ անգամ, ինչի սահմանադրաիրավական հետևանքը Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի արձակումն է իրավունքի ուժով: Հուսով եմ, որ Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման տարբերակի ընդդիմախոսների հնչեցրած այն մտահոգությունը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ բարեփոխումները կարող են հանգեցնել նույն քաղաքական ուժի` նույն գումարման Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության ընտրությանը, որով և նույն քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանում որոշիչ ձայների ձևավորմանն իր հայեցությամբ, այլևս փարատվեցին:

43. Փաստացի, այս հատուկ կարծիքը հրապարակելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի`

(1) 2 դատավոր` տիկին Ա. Պետրոսյանը և պարոն Ա. Թունյանը, նշանակվել են Հանրապետության 3-րդ նախագահի կողմից համապատասխանաբար 2010 և 2014 թվականներին,

(2) 2 դատավոր` պարոնայք Ա. Խաչատրյանը և Հ. Թովմասյանը նշանակվել են համապատասխանաբար 2010 թվականին 4-րդ գումարման և 2018 թվականին 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից,

(3) 1 դատավոր` պարոն Ա. Դիլանյանը, ընտրվել է 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից 2018 թվականին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ,

(4) 4 դատավոր` պարոնայք Ա. Վաղարշյանը (Հանրապետության 4-րդ նախագահի առաջարկությամբ), Ե. Խունդկարյանը (դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ), Է. Շաթիրյանը (Կառավարության առաջարկությամբ) 2020 թվականին և ինքս (Հանրապետության 4-րդ նախագահի առաջարկությամբ)` 2019 թվականին, ընտրվել ենք 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից:

44. Սա Սահմանադրական դատարանի ձևավորման հարցում դատավորների և նրանց առաջադրող, նշանակող և ընտրող մարմինների տպավորիչ բազմազանություն է, որով մեկ քաղաքական ուժի վերահսկողությամբ Սահմանադրական դատարան ձևավորվելու մտահոգություններն այլևս անէացնում են:

V. Սահմանադրության փոփոխությունների նախագծի ex ante պարտադիր նախնական ստուգման սահմանադրական կանոնից սահմանված բացառության բանաձևի մասին.

45. Սահմանադրական դատարանը, Որոշման 5.7-5.10 կետերում շարադրել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման կանոնից հնարավոր բացառության պայմանները, որոնց հակիրճ շարադրանքը հանգում է նրան, որ հիշյալ կանոնից բացառությունը հնարավոր է միայն, եթե Սահմանադրության փոփոխությունների տվյալ նախագիծը`

(1) վերաբերում է Սահմանադրական դատարանի գործող դատավորներին, և

(2) չի վերաբերում նախորդ կետում նշված շրջանակից դուրս որևէ այլ անձի, և

(3) պարունակում է Սահմանադրական դատարանի դատավորների և տվյալ նախագծով դրա հեղինակների կողմից հետապնդվող շահերի բախման ռիսկ Սահմանադրական դատարանի դատավորների այն մեծամասնության համար, որի` տվյալ գործով ստուգմանը շահերի բախումից խուսափելու նպատակով մասնակցության անհնարինության պայմաններում, Սահմանադրական դատարանը հայտնվում է իրավազորության բացակայության պայմաններում:

46. Որոշմամբ սահմանված «ողջամիտ բացառության» կանոնի առնչությամբ Սահմանադրական դատարանի հակիրճ և պահպանողական ոճի բերումով, դուրս են մնացել մի շարք հանգամանքներ, որոնք, իմ կարծիքով, հատուկ ընդգծման կարիք ունեն:

47. Նախ, ինչպես արդեն երևում է, Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման կանոնից հնարավոր բացառության պայմանները վերաբերում են բացառապես Սահմանադրական դատարանի դատավորների շահերի այնպիսի բախման հնարավոր իրավիճակին, որը Սահմանադրական դատարանում կհանգեցնի non liquet վիճակի, այսինքն` դատարանի իրավազորության բացառման:

48. Մանրամասն ուսումնասիրելով հայաստանյան սահմանադրական իրողությունը` Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունել նաև արդի համեմատական սահմանադրական իրավունքի և միջազգային իրավակիրառ և փորձագիտական մոտեցումները: Մասնավորապես, միջազգային փորձագիտական շրջանակների կողմից հետևողականորեն պաշտպանվող այն դիրքորոշումը, որ սահմանադրական դատարանները պետք է բոլոր հնարավոր իրավական միջոցներով խուսափեն non liquet իրավիճակներում հայտնվելուց, վերաբերում են բացառապես իրավիճակների, երբ սահմանադրական դատարանի դատավորների անհատական շահերը, ունենալով սահմանադրականության ստուգման ենթակա ակտով հետապնդվող հանրային շահերի հետ բախման իրական վտանգ, այդուհանդերձ չեն բացառում տվյալ դատավորի գործի քննության մասնակցությունը: Սակայն բոլոր հնարավոր դեպքերի քննարկումից ու ուսումնասիրությունից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է դեպքերին, երբ ստուգման ենթակա ակտն առնչվում է նաև սահմանադրական դատարանի դատավորներից բացի այլ անձանց իրավունքներին, ազատություններին և շահերին(28):

 

___________________________________

28) Տե՛ս, օրինակ` CDL-AD(2006)006 Opinion on the Two Draft Laws amending Law No. 47/1992 on the organisation and functioning of the Constitutional Court of Romania, paragraph 7, CDL-AD(2016)036 Amicus Curiae Brief for the Albanian Constitutional Court on the Law on the Transitional Re-Evaluation of Judges and Prosecutors, paragraphs 20-22, 24-25, CDL-AD(2016)001, Opinion on Amendments to the Act of 25 June 2015 on the Constitutional Tribunal of Poland, paragraphs 37-38,

 

49. Հիրավի, դատավորների մոտ անաչառության կամ անկողմնակալության բացակայությունը որոշ իրավիճակներում չի կարող հիմք ծառայել այդ դատավորների կողմից գործերի մասնակցության անհնարինության` անկախ շահերի բախման բնույթից և դրա` գործի ելքի վրա հնարավոր ազդեցության աստիճանից: Ավելին, իրավասու մասնագիտացված միջազգային մարմինների կողմից խնամքով մշակվել և գործողության մեջ է դրվել նույնիսկ»անհրաժեշտության դոկտրինը», որի էությունն այն է, որ դատավորը չի կարող բացառվել գործի քննությունից, անգամ շահերի ընդգծված բախման պայմաններում, այլապես նման իրավիճակը կարող է հանգեցնել արդարադատության մերժման(29): Ահա ուրեմն, արդարադատության մերժման վիճակից խուսափելու հրամայականն է, որ լինելով իրավական պետության և մարդու իրավունքների դիտանկյունից անհանդուրժելի մի իրողության, non liquet իրավիճակներից խուսափելու համար պատճառն է:

 

___________________________________

29) Տե՛ս Bangalore Principles of Judicial Conduct, ինչպես նաև` The Commentary on the Bangalore Principles by the UN Office of Drugs and Crime, para. 100

 

50. Սահմանադրական դատարանը լիովին ընդունել է այս մոտեցումը, որի արտահայտությունը Որոշմամբ նախատեսված բացառության կանոնի պարտադիր այն պայմանն է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ստուգման կանոնից բացառությունը որևէ դեպքում թույլատրելի և ողջամիտ համարվել չի կարող, եթե այն կիրառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագծի նկատմամբ, որը վերաբերում է այլոց իրավունքներին: Այսինքն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության պարտադիր նախնական ստուգման կանոնից բացառությունը ողջամիտ և թույլատրելի համարելով բացառապես Սահմանադրական դատարանի դատավորներին վերաբերող նախագծերի համար, և, համապատասխանաբար, բացառելով բացառության այդ կանոնի կիրառումը որևէ 3-րդ անձի շահերի և իրավունքների առնչությամբ նախագծի նկատմամբ, Սահմանադրական դատարանը հանդես է եկել վերը նշված իր` սահմանադրական ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության նկատառումներով:

51. Երկրորդ, Սահմանադրական դատարանի դատավորների անհատական և Սահմանադրության փոփոխությունները նախաձեռնող սուբյեկտի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծով հետապնդվող շահերի միջև բախման պայմաններում տվյալ նախագծի սահմանադրականության ստուգման կանոնից բացառություն սահմանելով` Սահմանադրական դատարանը մերժել է սույն գործով դիմող կողմի այն պնդումը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման ներկայացնելը Ազգային ժողովի համար բացարձակ պարտականություն է: Սահմանադրական դատարանն այս հարցում հանդես է եկել վերը նշված իր` սահմանադրական ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող ժողովրդավարության պաշտպանության և ժողովրդավարական գործընթացների (ինչպիսին է Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնման և ընդունման գործընթացը) արդյունավետության պաշտպանության նկատառումներով:

52. Երրորդ, Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման կանոնը բխեցնելով Սահմանադրության համապատասխան դրույթների համալիր վերլուծությունից` Սահմանադրական դատարանը մերժել է նաև Ազգային ժողովի դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման ուղարկելն Ազգային ժողովի անսահմանափակ հայեցողությունն է: Սահմանադրական դատարանն այս հարցում հանդես է եկել վերը նշված իր` սահմանադրական ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող իրավունքի գերակայության ապահովման նկատառումներով:

53. Եվ, ի վերջո, Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգման կանոնից բացառության սահմանումն այն սահմանող դատավորներիս համար, որոնք հստակորեն գիտակցում են, որ այս կանոնը հավասարապես կիրառվելու է նաև բոլորիս նկատմամբ, եթե այն բավարարի վերը նշված չափանիշներին, ամբողջությամբ բխում է արդարադատություն իրականացնող դատավորի (1) ժողովրդավարական հասարակությունում ունեցած դերից և (2) սահմանադրի և Սահմանադրական դատարանի դատավորի հարաբերությունների բնույթից.

(1) Որոշելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության նախնական ստուգումից բացառության կանոնը` թույլատրելու համար միայն Սահմանադրական դատարանի դատավորների իրավունքների, ազատությունների և շահերին վերաբերող նախագծերի առնչությամբ, Սահմանադրական դատարանը հավաստում է արդարադատության, առհասարակ, և սահմանադրական արդարադատության, մասնավորապես, առաջնային այն բնույթը դատավորի համար, որի համաձայն արդարադատություն իրականացնելիս դատավորը գործում և տնօրինում է իր իշխանական լիազորությունները բացառապես այլոց իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության և իրավարարության նպատակներով: Նա որևէ դեպքում իր իշխանական լիազորությունների իրականացումը չի կարող դիտարկել իր անհատական շահերի և իրավունքների պաշտպանության շրջանակում.

(2) Սահմանադրի և Սահմանադրական դատարանի դատավորի հարաբերությունները բնութագրվում են որպես սահմանադրի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հատուկ վստահության և Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանադրի նկատմամբ հատուկ հավատարմության փոխադարձ հարաբերություններ(30): Սահմանադրի կողմից հատուկ վստահության վերաբերմունքը Սահմանադրական դատարանին Սահմանադրությամբ շնորհված ընդարձակ լիազորություններն են Սահմանադրության նորմերի վերջնական և պարտադիր կատարման ենթակա մեկնաբանությունների իշխանությունը, որն իրագործում են Սահմանադրական դատարանի դատավորները: Փոխադարձաբար, Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ հավատարմության վերաբերմունքը դրսևորվում է սահմանադրի կամքի համակ հավատարմությամբ ծառայելու, իսկ անձնական շահերի հետ բախման պայմաններում` դրանց անտեսմամբ:

 

___________________________________

30) Այս կառուցակարգն իր նախադեպն ունի Pellegrin v. France [GC], no. 28541/95, «65, Vilho Eskelinen and Others v. Finland [GC], no. 63235/00,» 62 գործերում ՄԻԵԿ իրավունքի զարգացման ՄԻԵԴ վճիռներում` քաղաքացիական ծառայողի և պետության հարաբերությունների վերաբերությամբ, իհարկե, էականորեն նվազ սերտությամբ և փոխադարձությամբ, ինչպես նշված է Սահմանադրական դատարանի դատավորի և սահմանադրի հարաբերությունների մասով:

 

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ         Վ. Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

10 մայիսի 2021 թվական

 

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.04.2021
N ՍԴՈ-1590
Որոշում