ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2021 թվականի N 896-Ն
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 3-ի
N 896-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչև երեք միջազգային փորձագետների (այսուհետ` փորձագետներ) ներգրավման հետ կապված հարաբերությունները:
2. Խորհրդի կազմում փորձագետների ներգրավման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի (այսուհետ` վարչապետի աշխատակազմ) կողմից` մրցութային կարգով:
3. Փորձագետների թեկնածություններն առաջադրվում են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կողմից (այսուհետ` հայտատուներ):
II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո` հնգօրյա ժամկետում ապահովում է խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչև երեք փորձագետների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Հայտարարությունը հրապարակվում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում:
5. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտը ներկայացնելու վայրը, հասցեն, հայտն ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտի ընդունման օրերը և ժամերը.
3) հայտատուներին և փորձագետներին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
III. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ` ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
6. Հայտատուների կողմից հայտերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմ` հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 5 օրվա ընթացքում:
7. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
8. Փաստաթղթերն ընդունելու նպատակով վարչապետի աշխատակազմը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտատուների վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:
9. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ` մինչև սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի ավարտը:
10. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտատուն ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
IV. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Խորհրդի կազմում որպես փորձագետներ կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք հակակոռուպցիոն ոլորտում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն:
12. Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մեկ փորձագետի թեկնածություն:
13. Հայտատուները պետք է ներկայացնեն`
1) հայտ` ուղղված վարչապետի աշխատակազմին.
2) հայտատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտը ներկայացնող անձի` հայտատուի կողմից լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
4) փաստաթուղթ, որը կվկայի հայտատուի` վերջին երկու տարվա ընթացքում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության մասին.
5) փորձագետի ինքնակենսագրություն (այդ թվում` մասնագիտական գործունեության նկարագրությամբ)` կցելով հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում` առկայության դեպքում` գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).
6) հայտարարություն` փորձագետի` Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին:
14. Փորձագետների ներգրավման նպատակով վարչապետի աշխատակազմի կողմից ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:
15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին պատշաճ ձևով ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է մեկ աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում փորձագետի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
17. Վարչապետի աշխատակազմը փաստաթղթերն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, իսկ թերությունների առկայության դեպքում` հայտատուի կողմից թերությունները վերացնելուց հետո` եռօրյա ժամկետում ապահովում է փաստաթղթերի ամփոփումը և սույն կարգի 18-րդ կետով սահմանված եղանակով միջազգային փորձագետների` խորհրդի կազմում ներգրավելու գործընթացը:
18. Եթե սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանում են մինչև երեք փորձագետներ, ապա վերջիններս սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերի ամփոփումից հետո ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են երեքից ավելի փորձագետներ, ապա նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն (առավել երկար գործունեություն) ունեցող և վերջին երեք տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում առավել շատ ծրագրեր իրականացրած երեք փորձագետներին:
19. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, վարչապետի աշխատակազմը մրցույթում հաղթող ճանաչված փորձագետներին ներգրավում է խորհրդի կազմում և մեկօրյա ժամկետում մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում:
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունիսի 2021 թվական: