Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱ ...

 

 

Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք. թիվ 201

 

i

«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Լանզարոտե, 25.10.2007

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և մյուս ստորագրող կողմերը,

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի մեծ միասնության,

համարելով, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից ստանալու պաշտպանության այնպիսի միջոցներ, ինչպիսիք անհրաժեշտ են իր` որպես անչափահասի կարգավիճակից ելնելով,

դիտարկելով, որ երեխաների սեռական շահագործումը, մասնավորապես մանկական պոռնոգրաֆիան և երեխաների մարմնավաճառությունը, ինչպես նաև երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության բոլոր ձևերը, ներառյալ` արտերկրում կատարված արարքները կործանիչ են երեխայի առողջության և հոգեբանական ու սոցիալական զարգացման համար,

դիտարկելով, որ երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունը հասնում են անհանգստացնող չափերի ազգային և միջազգային մակարդակում, մասնավորապես երեխաների և հանցագործություն կատարողների կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ավելի լայնորեն կիրառման մասով, և որ երեխաների այդպիսի սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պահանջում են միջազգային համագործակցություն,

հաշվի առնելով, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են, և դրանք պետք է խթանել առանց խտրականության,

վկայակոչելով Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովում ընդունված Գործողությունների ծրագիրը (Վարշավա, 2005 թվականի մայիսի 16-17), որը կոչ է անում մշակել միջոցառումներ` դադարեցնելու երեխաների սեռական շահագործումը,

վկայակոչելով մասնավորապես «Երեխաների և երիտասարդների սեռական շահագործման, պոռնոգրաֆիայի և մարմնավաճառության, ինչպես նաև թրաֆիքինգի մասին» Նախարարների կոմիտեի թիվ R (91) 11 առաջարկությունը, «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» թիվ Rec(2001)16 առաջարկությունը և «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան (ԵՊՇ թիվ 185), հատկապես դրա 9-րդ հոդվածը, ինչպես նաև «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (ԵԽՊՇ թիվ 197),

նկատի ունենալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (1950, ԵՊՇ թիվ 5), վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան (1996, ԵՊՇ թիվ 163) և «Երեխաների իրավունքների իրականացման մասին» եվրոպական կոնվենցիան (1996, ԵՊՇ թիվ 160),

նկատի ունենալով նաև «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան, հատկապես դրա 34-րդ հոդվածը, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունը, ինչպես նաև «Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման ու վերացման ուղղությամբ անհետաձգելի գործողությունների մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիան,

հաշվի առնելով «Երեխաների սեռական շահագործման և մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը (2004/68/JHA), «Քրեական վարույթում տուժողի կարգավիճակի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը (2001/220/JHA) և «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը (2002/629/JHA),

պատշաճ կերպով հաշվի առնելով այս ոլորտում մյուս վերաբերելի միջազգային փաստաթղթերը և ծրագրերը, մասնավորապես` Առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ առաջին համաշխարհային կոնգրեսի կողմից ընդունված` Ստոկհոլմի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը (27-31-ը օգոստոսի, 1996 թվական), Առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ երկրորդ համաշխարհային կոնգրեսի կողմից ընդունված` Յոկոհամայի գլոբալ պարտավորությունը (17-20-ը դեկտեմբերի, 2001 թվական), Առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ երկրորդ համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական խորհրդաժողովի ժամանակ ընդունված` Բուդապեշտի պարտավորությունը և Գործողությունների ծրագիրը (20-21-ը նոյեմբերի, 2001 թվական), Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի` «Երեխաներին հարմարեցված աշխարհ» թիվ Տ-27/2 բանաձևը և Միավորված ազգերի կազմակերպության երրորդ գագաթնաժողովից հետո ընդունված և Մոնակոյի խորհրդաժողովով մեկնարկած (4-5-ը ապրիլի, 2006 թվական) «Կառուցել Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ» եռամյա ծրագիրը,

հաստատակամ լինելով արդյունավետորեն նպաստել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության համընդհանուր նպատակին` անկախ այն հանգամանքից, թե ով է հանցագործություն կատարողը, ինչպես նաև նպաստել զոհերին օժանդակության տրամադրման համընդհանուր նպատակին,

հաշվի առնելով երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ձևերի դեմ պայքարի կանխարգելիչ, պաշտպանիչ և քրեական իրավունքի ասպեկտները կարգավորող և մոնիթորինգի հատուկ մեխանիզմ սահմանող համապարփակ միջազգային փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ I. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Սույն կոնվենցիայի նպատակներն են`

ա) երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը և դրանց դեմ պայքարը,

բ) սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների երեխա զոհերի իրավունքների պաշտպանությունը,

գ) երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարի մասով ազգային և միջազգային համագործակցության խթանումը:

2. Կողմերի կողմից սույն կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու համար դրանով ստեղծվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

Կողմերի կողմից սույն կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը, երաշխավորվում է առանց որևէ հիմքով խտրականության, ինչպիսիք են սեռը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքներ, ազգային կամ սոցիալական ծագումը, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային դրությունը, ծնունդը, սեռական կողմնորոշումը, առողջական վիճակը, հաշմանդամությունը կամ այլ կարգավիճակ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Սույն կոնվենցիայի նպատակներով`

ա) «երեխա» նշանակում է 18 տարին չլրացած ցանկացած անձ,

բ) «երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները» ներառում են սույն կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով սահմանված վարքագիծը,

գ) «զոհ» նշանակում է սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության ենթարկված ցանկացած երեխա:

 

ԳԼՈՒԽ II. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` երեխաների սեռական շահագործման ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի և հանգստի ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանության և իրավունքների մասին իրազեկությունը խթանելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ 1-ին պարբերությունում նշված անձինք ունենան երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների, դրանց բացահայտման միջոցների և 12-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված հնարավորության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ:

3. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ երեխաների հետ պարբերաբար շփումներ ենթադրող մասնագիտություններն ստանալու պայմաններով ապահովվեն, որ այս մասնագիտություններն ստանալու թեկնածուները դատապարտված չեն եղել երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ այն անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ կարող են կատարել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործություններից որևէ մեկը, անհրաժեշտության դեպքում կարողանան մասնակցել արդյունավետ միջամտության ծրագրերին կամ միջոցառումներին, որոնք նախատեսված են գնահատելու և կանխարգելելու կատարվող հանցագործությունների ռիսկը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ խթանում կամ իրականացնում է իրազեկության բարձրացմանն ուղղված արշավներ` հանրության լայն շրջանակների համար` տրամադրելով երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների երևույթի, ինչպես նաև հնարավոր ձեռնարկվելիք կանխարգելիչ միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները գովազդող նյութերի տարածումը կանխարգելելու կամ արգելելու համար անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ, ՄԵԴԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է երեխաների` իրենց զարգացող կարողություններին համապատասխան մասնակցությունը երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարին ուղղված պետական քաղաքականությունների, ծրագրերի կամ այլ նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը:

2. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է մասնավոր հատվածի, մասնավորապես տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության ոլորտի և բանկային ու ֆինանսական հատվածների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը երեխաների սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը և ներքին նորմերն ինքնակարգավորման կամ համատեղ կարգավորման միջոցով կիրարկելուն ուղղված պետական քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը:

3. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ասպեկտներին վերաբերող համապատասխան տեղեկությունների տրամադրումը մեդիայի կողմից` պատշաճ կերպով պահպանելով մեդիայի անկախությունը և մամուլի ազատությունը:

4. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանն ու երեխաների պաշտպանությանը նպատակաուղղված` քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հիմնադրամներ ստեղծելու միջոցով:

 

ԳԼՈՒԽ III. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու տարբեր գործակալությունների միջև ազգային կամ տեղական մակարդակով համակարգումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ` հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև իրավապահ և դատական մարմիններում:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ստեղծելու կամ նշանակելու`

ա) անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ` երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար` ապահովելով, որ այդ կառույցներն օժտված լինեն հատուկ ռեսուրսներով և պարտականություններով,

բ) ազգային կամ տեղական մակարդակներում և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ տվյալների հավաքման մեխանիզմներ կամ համակարգող մարմիններ` երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների երևույթը դիտարկելու և գնահատելու նպատակով` պատշաճ կերպով պահպանելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված պահանջները:

3. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է իրավասու պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը` երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնություններն առավել արդյունավետորեն կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու համար:

 

ԳԼՈՒԽ IV. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԶՈՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 11. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ստեղծում է արդյունավետ սոցիալական ծրագրեր և բազմապրոֆիլ կառույցներ` զոհերին, նրանց մերձավոր ազգականներին և նրանց խնամքի համար պատասխանատու ցանկացած անձի անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ եթե զոհի տարիքը հայտնի չէ, և հիմքեր կան ենթադրելու, որ զոհը երեխա է, ապա երեխաների համար նախատեսված պաշտպանության և աջակցության միջոցները պետք է տրամադրվեն նրան` մինչև նրա տարիքը պարզելը:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ երեխաների հետ աշխատող որոշակի մասնագետների նկատմամբ իր ներպետական իրավունքով սահմանված գաղտնիության կանոնները չխոչընդոտեն այդ մասնագետների` երեխայի համար պատասխանատու ծառայություններին որևէ իրավիճակի մասին հաղորդում ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ երեխան սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության զոհ է:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` խրախուսելու, որ ցանկացած անձ, որը, բարեխղճության սկզբունքի հիման վրա, տեղյակ է կամ կասկածում է երեխաների սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության մասին, այդ փաստերը հաղորդի իրավասու ծառայություններին:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԹԵԺ ԳԾԵՐԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` խրախուսելու և աջակցելու տեղեկատվական ծառայությունների` հեռախոսային կամ ինտերնետային օգնության թեժ գծերի ստեղծմանը` զանգահարողներին խորհրդատվություն տրամադրելու համար` նույնիսկ գաղտնիության պայմանով կամ պատշաճ կերպով հաշվի առնելով նրանց անանունությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԶՈՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով աջակցելու համար զոհերին` նրանց ֆիզիկական և հոգեբանական ու սոցիալական վերականգնման հարցում: Սույն պարբերության համաձայն ձեռնարկված միջոցների շրջանակներում պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն երեխայի կարծիքը, կարիքները և մտահոգությունները:

2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքով նախատեսված պայմանների համաձայն ձեռնարկում է միջոցներ` զոհերին աջակցելու հարցում ներգրավված հասարակական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների կամ քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ համագործակցելու համար:

3. Եթե ծնողները կամ երեխաներին խնամող անձինք ներգրավված են նրա սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության մեջ, ապա 11-րդ հոդվածի 1-ին պարբերության կատարման նպատակով ձեռնարկված միջամտության ընթացակարգերը ներառում են`

- ենթադրյալ հանցագործություն կատարողին հեռացնելու հնարավորությունը.

- զոհին նրա ընտանեկան միջավայրից հեռացնելու հնարավորությունը: Այդպիսի հեռացման պայմաններն ու տևողությունը սահմանվում են երեխայի լավագույն շահերին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ զոհի հետ սերտ կապի մեջ գտնվող անձինք կարողանան անհրաժեշտության դեպքում օգտվել թերապևտիկ օգնությունից, հատկապես անհետաձգելի հոգեբանական աջակցությունից:

 

ԳԼՈՒԽ V. ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում կամ խթանում է 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված անձանց համար արդյունավետ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները` երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Նման ծրագրերը կամ միջոցառումները պետք է հասանելի լինեն վարույթի ընթացքում ցանկացած պահի, բանտից դուրս և ներս` ներպետական իրավունքով սահմանված պայմանների համաձայն:

2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում կամ խթանում է իրավասու մարմինների, մասնավորապես առողջապահական ծառայությունների և սոցիալական ծառայությունների, ինչպես նաև դատական մարմինների ու 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված անձանց համար պատասխանատու այլ մարմինների միջև գործընկերության կամ համագործակցության այլ ձևերի զարգացումը:

3. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան գնահատում է սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված անձանց կողմից կրկին կատարելու վտանգավորությունը և հնարավոր ռիսկերը` համապատասխան ծրագրերը կամ միջոցառումները նախանշելու նպատակով:

4. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան գնահատում է իրականացված ծրագրերի և միջոցառումների արդյունավետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որևէ հանցագործության առնչությամբ քրեական վարույթում ընդգրկված անձինք կարողանան մասնակցել 15-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված ծրագրերին կամ միջոցառումներին այն պայմաններով, որոնք ոչ վնաս են հասցնում, ոչ էլ հակասում են պաշտպանության կողմի իրավունքներին և արդար ու անաչառ դատավարության պահանջներին, և մասնավորապես` պատշաճ կերպով պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը կարգավորող կանոնները:

2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որևէ հանցագործության համար դատապարտված անձինք կարողանան մասնակցել 15-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված ծրագրերին կամ միջոցառումներին:

3. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ միջամտության ծրագրերն ու միջոցառումները մշակվեն կամ հարմարեցվեն այնպես, որ բավարարեն սեռական բնույթի հանցագործություններում ընդգրկված երեխաների զարգացման կարիքները, ներառյալ այն երեխաների, որոնց տարիքը ցածր է քրեական պատասխանատվության ենթարկվելու համար սահմանված տարիքից` նրանց սեռական վարքագծի հետ կապված խնդիրները հասցեագրելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ 16-րդ հոդվածում նշված անձինք, որոնց առաջարկվել են միջամտության ծրագրերը կամ միջոցառումները, ամբողջությամբ տեղեկացված լինեն առաջարկի պատճառների մասին և համաձայն լինեն ծրագրին կամ միջոցառմանը` ամբողջությամբ իրազեկ լինելով փաստերի մասին:

2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ այն անձինք, որոնց առաջարկվել են միջամտության ծրագրերը կամ միջոցառումները, կարողանան հրաժարվել դրանցից, իսկ դատապարտված անձանց դեպքում նրանք իրազեկվեն դրանցից հրաժարման հնարավոր հետևանքների մասին:

 

ԳԼՈՒԽ VI. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 18. ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու դիտավորությամբ կատարված հետևյալ արարքների քրեականացումը.

ա) այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին,

բ) երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, եթե

- գործադրվել է հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, կամ

- բռնությունը կատարվել է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության` ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում` ընտանիքում, կամ

- բռնությունը կատարվել է` օգտվելով երեխայի առանձնապես խոցելի իրավիճակից` պայմանավորված մասնավորապես մտավոր կամ ֆիզիկական արատներով կամ կախյալ վիճակով:

2. Վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր Կողմ որոշում է այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը:

3. 1-ին պարբերության «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունների կարգավորման համար:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԵՐԵԽԱՅԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու դիտավորությամբ կատարված հետևյալ արարքների քրեականացումը.

ա) երեխային մարմնավաճառության մեջ ներգրավելը կամ երեխային մարմնավաճառության դրդելը,

բ) երեխային մարմնավաճառության հարկադրելը կամ դրանից շահույթ ստանալը կամ այդպիսի նպատակներով երեխային այլ կերպ շահագործելը,

գ) երեխայի մարմնավաճառության ծառայություններից օգտվելը:

2. Սույն հոդվածի նպատակներով «երեխայի մարմնավաճառություն» եզրույթը նշանակում է երեխայի օգտագործումը սեքսուալ բնույթի գործողությունների մեջ` գումար կամ ցանկացած այլ տեսակի վարձատրություն կամ հատուցում վճարելու կամ դրանք վճարելու խոստումի դիմաց` անկախ այն հանգամանքից, թե այդ վճարումը, խոստումը կամ հատուցումը կատարվում է երեխային, թե երրորդ անձին:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու դիտավորությամբ` ոչ իրավաչափորեն կատարված հետևյալ արարքների քրեականացումը.

ա) մանկական պոռնոգրաֆիա արտադրելը,

բ) մանկական պոռնոգրաֆիա առաջարկելը կամ հասանելի դարձնելը,

գ) մանկական պոռնոգրաֆիա տարածելը կամ փոխանցելը,

դ) անձնական նպատակներով կամ մեկ այլ անձի համար մանկական պոռնոգրաֆիա ձեռք բերելը,

ե) մանկական պոռնոգրաֆիա տիրապետելը,

զ) մանկական պոռնոգրաֆիային տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով գիտակցաբար հասանելիություն ձեռք բերելը:

2. «Երեխաների պոռնոգրաֆիա» եզրույթը սույն հոդվածի նպատակներով նշանակում է ցանկացած նյութ, որը տեսողական ձևով պատկերում է իրական կամ նմանակված` սեռական գործողություններում ներգրավված երեխայի, կամ երեխայի սեռական օրգանների ցանկացած ցուցադրում` գլխավորապես սեռական նպատակներով:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու 1-ին պարբերության «ա» և «ե» կետերն այն պոռնոգրաֆիկ նյութերի արտադրության ու տիրապետման նկատմամբ, որոնք`

- բացառապես բաղկացած են իրականում գոյություն չունեցող երեխայի նմանակված պատկերումներից կամ ռեալիստական պատկերներից,

- ընդգրկում են երեխաների, որոնք հասել են 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված տարիքին, եթե այդ պատկերներն արտադրվել ու տիրապետվել են նրանց կողմից իրենց համաձայնությամբ և միայն նրանց անձնական օգտագործման համար:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու 1-ին պարբերության «զ» կետը:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՊՈՌՆՈԳՐԱՖԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու դիտավորությամբ կատարված հետևյալ արարքների քրեականացումը.

ա) երեխային պոռնոգրաֆիկ ներկայացումներում մասնակցության համար ներգրավելը կամ երեխային այդպիսի ներկայացումներին մասնակցելուն դրդելը,

բ) երեխային պոռնոգրաֆիկ ներկայացումներին մասնակցելուն հարկադրելը կամ դրանից շահույթ ստանալը կամ այդպիսի նպատակներով երեխային այլ կերպ շահագործելը,

գ) երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ներկայացումներին գիտակցաբար հաճախելը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել 1-ին պարբերության «գ» կետը կիրառելու միայն այն դեպքերի նկատմամբ, երբ երեխաներին ներգրավել կամ հարկադրել են մասնակցել 1-ին պարբերության «ա» կամ «բ» կետերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` քրեականացնելու 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված տարիքին չհասած երեխային սեռական նպատակներով սեռական բնույթի բռնությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններին ականատես լինելուն դիտավորյալ դրդելը` նույնիսկ առանց դրանց մասնակցելու:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼԸ [ՍՈԼԻՍԻԹԻՆԳ]

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` քրեականացնելու չափահասի կողմից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված տարիքին չհասած երեխայի հետ հանդիպելու նպատակով դիտավորությամբ կատարված առաջարկը` երեխայի նկատմամբ 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին կամ 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին համապատասխան սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարման նպատակով, եթե տվյալ առաջարկին հետևել են այդպիսի հանդիպմանը հանգեցնող գործնական քայլեր:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՕԺԱՆԴԱԿԵԼԸ ԿԱՄ ԴՐԴԵԼԸ ԵՎ ՀԱՆՑԱՓՈՐՁԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` քրեականացնելու սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որևէ հանցագործության կատարմանը դիտավորությամբ օժանդակելը կամ դրան դրդելը:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` քրեականացնելու սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների` դիտավորությամբ կատարված հանցափորձերը:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու 2-րդ պարբերությունը 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ», «դ», «ե» և «զ» կետերին, 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետին, 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է`

ա) իր տարածքում, կամ

բ) այդ Կողմի դրոշը կրող նավի վրա, կամ

գ) այդ Կողմի օրենքների համաձայն գրանցված ինքնաթիռում, կամ

դ) իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից, կամ

ե) այն անձի կողմից, որի հիմնական բնակության վայրն իր տարածքում է:

2. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ կամ այն անձի նկատմամբ, որի հիմնական բնակության վայրն իր տարածքում է:

3. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է հանդես գալ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ այն մասին, որ իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ միայն հատուկ դեպքերում կամ պայմաններում կիրառելու սույն հոդվածի 1-ին պարբերության «ե» կետով նախատեսված` իրավազորության մասով կանոնները:

4. Սույն կոնվենցիայի 18-րդ, 19-րդ հոդվածներին, 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին և 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» կետերին համապատասխան սահմանված հանցագործությունների քրեական հետապնդումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ 1-ին պարբերության «դ» կետի առնչությամբ իրավազորությունը կախված չլինի այն պայմանից, որ այդ արարքները պետք է քրեականացված լինեն դրանց կատարման վայրում:

5. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է հանդես գալ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ այն մասին, որ իրեն իրավունք է վերապահում սույն հոդվածի 4-րդ պարբերությունը 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետի երկրորդ և երրորդ պարբերույթներին համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ կիրառելու միայն այն դեպքերում, երբ նրա քաղաքացու հիմնական բնակության վայրն իր տարածքում է:

6. Սույն կոնվենցիայի 18-րդ, 19-րդ հոդվածներին, 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին և 21-րդ հոդվածին համապատասխան սահմանված հանցագործությունների քրեական հետապնդումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ 1-ին պարբերության «դ» և «ե» կետերի առնչությամբ իրավազորությունը կախված չլինի այն պայմանից, որ քրեական հետապնդումը կարող է նախաձեռնվել միայն զոհի կողմից հաղորդում ներկայացվելուց հետո կամ այն վայրի պետության կողմից տեղեկություններ տրամադրվելուց հետո, որտեղ կատարվել է հանցագործությունը:

7. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործություն կատարողը գտնվում է իր տարածքում, և այդ Կողմը չի հանձնում նրան մեկ այլ Կողմի` բացառապես նրա քաղաքացիության հիմքով:

8. Այն դեպքում, երբ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ենթադրյալ հանցագործության նկատմամբ իրավազորություն կիրառելու պահանջ ներկայացնում են մեկից ավելի Կողմեր, ներգրավված Կողմերն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ` քրեական հետապնդման համար առավել նպատակահարմար իրավազորությունը որոշելու նպատակով:

9. Չխախտելով միջազգային իրավունքի ընդհանուր կանոնները` սույն կոնվենցիան չի բացառում որևէ Կողմի կողմից իր ներպետական իրավունքին համապատասխան իրականացվող որևէ քրեական իրավազորություն:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ հնարավոր լինի իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության համար, որը կատարվել է այդ իրավաբանական անձի օգտին որևէ ֆիզիկական անձի կողմից, որը գործել է առանձին կամ որպես այդ իրավաբանական անձի որևէ մարմնի մի մաս և տվյալ իրավաբանական անձում զբաղեցնում է ղեկավար պաշտոն` հետևյալի հիման վրա.

ա) իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն,

բ) իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու իրավասություն,

գ) իրավաբանական անձի շրջանակներում վերահսկողություն իրականացնելու իրավասություն:

2. 1-ին պարբերությամբ արդեն իսկ նախատեսված դեպքերից բացի` յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ հնարավոր լինի իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկել այն դեպքում, երբ 1-ին պարբերությունում նշված ֆիզիկական անձի կողմից վերահսկողության կամ հսկողության բացակայությունը հանգեցրել է սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որևէ հանցագործություն կատարելուն տվյալ իրավաբանական անձի օգտին` վերջինիս իրավասության ներքո գործող ֆիզիկական անձի կողմից:

3. Պահպանելով Կողմի իրավական սկզբունքները` իրավաբանական անձը կարող է ենթարկվել քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվության:

4. Այդպիսի պատասխանատվության սահմանումը չի բացառում հանցագործությունը կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար նախատեսվեն արդյունավետ, համաչափ և զսպող պատժամիջոցներ` հաշվի առնելով դրանց ծանրության աստիճանը: Այդ պատժամիջոցները ներառում են ազատազրկում նախատեսող պատիժներ, որոնք կարող են հանգեցնել հանձնման:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ 26-րդ հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկված իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվեն արդյունավետ, համաչափ և զսպող պատժամիջոցներ, որոնք ներառում են քրեական կամ ոչ քրեական դրամական տուգանքներ, ինչպես նաև կարող են ներառել այլ միջոցներ, մասնավորապես`

ա) պետական նպաստներից կամ աջակցությունից զրկելը,

բ) առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքը ժամանակավորապես կամ մշտապես դադարեցնելը,

գ) դատական վերահսկողության տակ դնելը,

դ) լուծարման մասին դատական ակտը:

3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ, որ`

ա) նախատեսի հետևյալի առգրավումն ու բռնագրավումը.

- սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները կատարելու կամ դրանց կատարմանը նպաստելու համար օգտագործված ապրանքներ, փաստաթղթեր և այլ գործիքներ.

- այդ հանցագործություններից ստացված եկամուտ կամ գույք, որի արժեքը համապատասխանում է այդպիսի եկամուտներին.

բ) հնարավոր դարձնի սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարման նպատակով օգտագործվող ցանկացած հաստատության ժամանակավոր կամ մշտական փակումը` չխախտելով բարեխիղճ (bona fide) երրորդ կողմերի իրավունքները, կամ ժամանակավորապես կամ մշտապես արգելի հանցագործությունը կատարողի կողմից մասնագիտական կամ կամավոր հիմունքներով երեխաների հետ շփում ներառող այն գործունեության իրականացումը, որի ընթացքում կատարվել է հանցագործությունը:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է հանցագործությունը կատարողի առնչությամբ ընդունել այլ միջոցներ, ինչպես ծնողական իրավունքներից զրկումը կամ դատապարտված անձանց նկատմամբ հսկողությունը կամ վերահսկողությունը:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանել, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կամ գույքը, որոնք առգրավվել են սույն հոդվածին համապատասխան, կարող են հատկացվել հատուկ հիմնադրամի` սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների զոհերի համար նախատեսված` կանխարգելման և աջակցության ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար պատժամիջոցներ սահմանելիս հնարավոր լինի հետևյալ հանգամանքները ներպետական իրավունքի համապատասխան դրույթների համաձայն հաշվի առնել որպես ծանրացնող հանգամանքներ այնքանով, որքանով դրանք արդեն իսկ հանցագործության բաղկացուցիչ տարրերի մաս չեն կազմում.

ա) հանցագործությունը լուրջ վնաս է պատճառել զոհի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը.

բ) հանցագործությանը նախորդել է կամ այն ուղեկցվել է խոշտանգման կամ ծանր բռնության գործողություններով.

գ) հանցագործությունը կատարվել է առանձնապես խոցելի զոհի նկատմամբ.

դ) հանցագործությունը կատարվել է ընտանիքի անդամի, երեխայի հետ համատեղ բնակվող անձի կամ այն անձի կողմից, որը չարաշահել է իր դիրքը.

ե) հանցագործությունը կատարվել է մի քանի անձանց կողմից` հանցակցությամբ.

զ) հանցագործությունը կատարվել է հանցավոր խմբի կողմից.

է) հանցագործությունը կատարողը նախկինում դատապարտվել է նույն բնույթի հանցագործության համար:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՆԱԽԿԻՆ ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ պատժամիջոցները սահմանելիս հնարավոր լինի հաշվի առնել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների առնչությամբ մեկ այլ Կողմի կայացրած վերջնական դատավճիռները:

 

ԳԼՈՒԽ VII. ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 30. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ քննություններն ու քրեական վարույթներն իրականացվեն` ելնելով երեխայի լավագույն շահերից և հարգելով նրա իրավունքները:

2. Յուրաքանչյուր Կողմ որդեգրում է զոհի նկատմամբ պաշտպանական մոտեցում` ապահովելով, որ քննություններն ու քրեական վարույթները չխորացնեն երեխայի ստացած տրավման, և որ անհրաժեշտության դեպքում քրեական արդարադատության իրականացմանը հաջորդի աջակցության տրամադրումը:

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ քննություններն ու քրեական վարույթները դիտարկվեն որպես առաջնահերթություն և իրականացվեն առանց անհիմն ուշացումների:

4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն գլխի ներքո կիրառելի միջոցները չխախտեն պաշտպանության կողմի իրավունքները և արդար ու անաչառ դատավարության պահանջները` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ`

- ապահովելու համար սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների արդյունավետ քննությունն ու քրեական հետապնդումը` անհրաժեշտության դեպքում թույլատրելով գաղտնի օպերացիաների իրականացման հնարավորությունը.

- հնարավորության տալու համար ստորաբաժանումներին կամ քննչական ծառայություններին` նույնականացնելու 20-րդ հոդվածին համապատասխան սահմանված հանցագործությունների զոհերին` մասնավորապես վերլուծելով մանկական պոռնոգրաֆիկ նյութերը, ինչպիսիք են լուսանկարները և տեսալսողական ձայնագրությունները, որոնք հեռարձակվել են կամ հասանելի են դարձվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` քննությունների ու քրեական վարույթների բոլոր փուլերում պաշտպանելու զոհերի իրավունքներն ու շահերը, ներառյալ` նրանց հատուկ կարիքները որպես վկաներ, մասնավորապես`

ա) տեղեկացնելով նրանց իրենց իրավունքների և նրանց համար նախատեսված ծառայությունների մասին, ինչպես նաև նրանց բողոքների ընթացքի, վճարումների և քննության կամ վարույթի ընդհանուր ընթացքի և դրանում նրանց դերի, ինչպես նաև նրանց գործով ելքի մասին` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք չեն ցանկանում ստանալ այդպիսի տեղեկություններ.

բ) ապահովելով, որ առնվազն այն դեպքերում, երբ զոհերը և նրանց ընտանիքները կարող են վտանգի մեջ լինել, անհրաժեշտության դեպքում տեղեկացվեն, որ քրեական հետապնդման ենթարկված կամ դատապարտված անձը ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով ազատված է.

գ) հնարավորություն տալով նրանց` ներպետական իրավունքի դատավարական նորմերին համապատասխան կարգով լսվելու, ներկայացնելու ապացույցներ և ընտրելու իրենց տեսակետները, կարիքներն ու մտահոգություններն ուղղակիորեն կամ միջնորդի միջոցով ներկայացնելու և ուսումնասիրելու եղանակները.

դ) նրանց տրամադրելով աջակցության համապատասխան ծառայություններ այնպես, որ նրանց իրավունքներն ու շահերը պատշաճորեն ներկայացվեն և հաշվի առնվեն.

ե) պաշտպանելով նրանց մասնավոր կյանքը, ինքնությունը և կերպարը, ինչպես նաև ներպետական իրավունքին համապատասխան ձեռնարկելով միջոցներ` կանխարգելելու հանրության շրջանում որևէ տեղեկության տարածումը, որը կարող է հանգեցնել նրանց նույնականացմանը.

զ) ապահովելով նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքների և նրանց անունից հանդես եկող վկաների անվտանգությունն ահաբեկումից, վրեժխնդրությունից և կրկնակի վիկտիմիզացիայից.

է) ապահովելով, որ դատարանում և իրավապահ մարմնի տարածքում զոհերի և հանցագործությունը կատարողների միջև շփում տեղի չունենա` բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմիններն այլ բան են սահմանում` ելնելով երեխայի լավագույն շահերից, կամ երբ նման շփում պահանջվում է քննության կամ վարույթի նպատակներով:

2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իրավասու մարմինների հետ նրանց առաջին շփումից սկսած` զոհերին հասանելի լինեն համապատասխան դատական և վարչական վարույթների վերաբերյալ տեղեկությունները:

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ զոհերը (նախատեսված լինելու դեպքում` անվճար հիմունքներով) օգտվեն իրավաբանական օգնությունից այն դեպքում, երբ նրանք կարող են քրեական վարույթով կողմի կարգավիճակ ձեռք բերել:

4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ դատական մարմինները հնարավորություն ունենան զոհի համար նշանակելու հատուկ ներկայացուցիչ այն դեպքում, երբ ներպետական իրավունքի համաձայն զոհը կարող է ձեռք բերել քրեական վարույթով կողմի կարգավիճակ, և երբ ծնողական պատասխանատվությամբ օժտված անձինք զրկվել են այդ վարույթներում երեխային ներկայացնելու հնարավորությունից` նրանց և զոհի միջև շահերի բախման հետևանքով:

5. Յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական իրավունքով նախատեսված պայմաններին համապատասխան, օրենսդրական կամ այլ միջոցներով ապահովում է, որ խմբերը, հիմնադրամները, ասոցիացիաները կամ պետական կամ հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունենան սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների հետ կապված քրեական վարույթների ընթացքում աջակցելու և (կամ) օժանդակելու զոհերին` նրանց համաձայնությամբ:

6. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն հոդվածի դրույթների համաձայն զոհերին ներկայացված տեղեկությունները տրամադրվեն նրանց տարիքին և հասունությանը հարմարեցված եղանակով, ինչպես նաև նրանց հասկանալի լեզվով:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների քննությունը կամ քրեական հետապնդումը պայմանավորված չլինի զոհի կողմից հաղորդում կամ մեղադրանք ներկայացնելու հանգամանքով, և որ հնարավոր լինի վարույթները շարունակել, նույնիսկ եթե զոհը հետ է վերցրել իր հայտարարությունները:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ 18-րդ հոդվածին, 19-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» կետերին և 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» կետերին համապատասխան սահմանված հանցագործությունների առնչությամբ վարույթների հարուցման վաղեմության ժամկետը շարունակվի այնքան ժամանակ, որքան բավարար կլինի զոհի` չափահասության տարիքին հասնելուց հետո վարույթն արդյունավետորեն սկսելու համար, և որը կհամապատասխանի տվյալ հանցագործության ծանրության աստիճանին:

 

ՀՈԴՎԱԾ 34. ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու համար, որ քննություն իրականացնելու համար պատասխանատու անձինք, ստորաբաժանումները կամ ծառայությունները մասնագիտացված լինեն երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարի ոլորտում, կամ որ այդ անձինք այդ նպատակով վերապատրաստվեն: Այդպիսի ստորաբաժանումները կամ ծառայությունները պետք է ունենան բավարար ֆինանսական ռեսուրսներ:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ զոհի իրական տարիքի հետ կապված անորոշությունը չխոչընդոտի քրեական գործով քննության հարուցումը:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ`

ա) երեխայի հետ հարցազրույցներն իրականացվեն իրավասու մարմիններին փաստերի մասին հաղորդելուց հետո` առանց անհիմն ուշացումների.

բ) անհրաժեշտության դեպքում երեխայի հետ հարցազրույցներն իրականացվեն այդ նպատակով նախատեսված կամ հարմարեցված վայրում.

գ) երեխայի հետ հարցազրույցներն իրականացվեն այդ նպատակով վերապատրաստում անցած մասնագետների կողմից.

դ) հնարավորության և անհրաժեշտության դեպքում երեխայի հետ բոլոր հարցազրույցներն իրականացվեն նույն անձանց կողմից.

ե) հարցազրույցների թիվը հնարավորինս սահմանափակվի այնքանով, որքանով խիստ անհրաժեշտ է քրեական վարույթի նպատակներով.

զ) երեխայի օրինական ներկայացուցիչը կամ անհրաժեշտության դեպքում երեխայի ընտրությամբ որևէ չափահաս անձ հնարավորություն ունենա ուղեկցելու նրան` բացառությամբ այն դեպքերի, երբ հակառակի մասին պատճառաբանված որոշում է կայացվել այդ անձի առնչությամբ:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ զոհի կամ անհրաժեշտության դեպքում երեխա վկայի հետ բոլոր հարցազրույցները հնարավոր լինի տեսաձայնագրել, և այդ բոլոր տեսաձայնագրված հարցազրույցները հնարավոր լինի որպես ապացույց ընդունել դատական վարույթների ժամանակ` համաձայն իր ներպետական իրավունքով սահմանված կանոնների:

3. Եթե զոհի տարիքն անհայտ է, սակայն հիմքեր կան կարծելու, որ զոհը երեխա է, կիրառվում են 1-ին և 2-րդ պարբերություններով սահմանված միջոցները` մինչև նրա տարիքը պարզելը:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ, պատշաճ կերպով պահպանելով իրավաբան մասնագետների անկախությունը կարգավորող կանոնները, ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ երեխաների իրավունքների և երեխաների սեռական շահագործման ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ վերապատրաստումները հասանելի լինեն վարույթներում ներգրավված բոլոր անձանց, մասնավորապես` դատավորների, դատախազների և փաստաբանների համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` իր ներպետական իրավունքով նախատեսված կանոնների համաձայն ապահովելու, որ`

ա) դատավորը կարողանա կարգադրել, որ լսումը տեղի ունենա առանց հանրության ներկայության.

բ) զոհը կարողանա լսվել դատարանում` առանց ներկա գտնվելու` մասնավորապես համապատասխան հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:

 

ԳԼՈՒԽ VIII. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 37. ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

1. Սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների կանխարգելման ու քրեական հետապնդման նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` իր ներպետական իրավունքով նախատեսված` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ համապատասխան դրույթների և այլ կիրառելի կանոնների ու երաշխիքների համաձայն հավաքելու և պահպանելու սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց ինքնության և գենետիկ բնութագրի (ԴՆԹ) վերաբերյալ տվյալներ:

2. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հաղորդում է 1-ին պարբերության նպատակներով պատասխանատու ազգային միասնական մարմնի անվանումը և հասցեն:

3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ 1-ին պարբերությունում նշված տեղեկությունները հնարավոր լինի փոխանցել մեկ այլ Կողմի իրավասու մարմնին` իր ներպետական իրավունքով և վերաբերելի միջազգային փաստաթղթերով սահմանված պայմաններին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ IX. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 38. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Կողմերը սույն կոնվենցիայի դրույթներին համապատասխան, ինչպես նաև վերաբերելի միջազգային ու տարածաշրջանային փաստաթղթերի, միասնական կամ փոխհամաձայնեցված օրենսդրության և ներքին օրենքների հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կիրառման միջոցով հնարավորինս լայնորեն համագործակցում են միմյանց հետ`

ա) երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,

բ) զոհերին պաշտպանելու և աջակցություն տրամադրելու նպատակով,

գ) սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների քննության և վարույթների իրականացման նպատակով:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործության զոհերը կարողանան մեկ այլ Կողմի տարածքում, որն իրենց բնակության վայրը չէ, բողոք ներկայացնել իրենց բնակության վայրի պետության համապատասխան մարմիններ:

3. Եթե Կողմը, որը քրեական գործերով կամ հանձնման հետ կապված հարցերով իրավական օգնության տրամադրումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է իրավական օգնության կամ հանձնման վերաբերյալ հարցում այն Կողմից, որի հետ չի կնքել այդպիսի պայմանագիր, ապա այն կարող է սույն կոնվենցիան ընդունել որպես իրավական հիմք` սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների կապակցությամբ քրեական գործերով կամ հանձնման հետ կապված հարցերով իրավական օգնություն տրամադրելու համար:

4. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է համապատասխան դեպքերում երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը կամ դրանց դեմ պայքարն ընդգրկել երրորդ պետություններին ուղղված` զարգացման ոլորտում աջակցության ծրագրերում:

 

ԳԼՈՒԽ X. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 39. ԿՈՂՄԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ

 

1. Կողմերի կոմիտեն կազմված է սույն կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներից:

2. Կողմերի կոմիտեի նիստը գումարվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից: Կոմիտեի առաջին նիստը տեղի է ունենում սույն կոնվենցիան այն վավերացրած տասներորդ ստորագրողի համար ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Դրա հաջորդ նիստերը գումարվում են ցանկացած ժամանակ` Կողմերի առնվազն մեկ երրորդի կամ Գլխավոր քարտուղարի կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում:

3. Կողմերի կոմիտեն ընդունում է իր ընթացակարգային կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՄՅՈՒՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների հանձնակատարը, Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (ՔՀԵԿ), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մյուս համապատասխան միջկառավարական կոմիտեները յուրաքանչյուրը նշանակում են ներկայացուցիչ Կողմերի կոմիտեում:

2. Նախարարների կոմիտեն կարող է Եվրոպայի խորհրդի այլ մարմինների առաջարկել ներկայացուցիչ նշանակել Կողմերի կոմիտեում` վերջինիս հետ խորհրդակցելուց հետո:

3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և մասնավորապես հասարակական կազմակերպությունները կարող են ընդգրկվել Կողմերի կոմիտեում որպես դիտորդներ` Եվրոպայի խորհրդի համապատասխան կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն:

4. 1-3-րդ պարբերությունների համաձայն նշանակված ներկայացուցիչները Կողմերի կոմիտեի հանդիպումներին մասնակցում են առանց ձայնի իրավունքի:

 

ՀՈԴՎԱԾ 41. ԿՈՂՄԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Կողմերի կոմիտեն մոնիթորինգի է ենթարկում սույն կոնվենցիայի կիրարկումը: Կողմերի կոմիտեի ընթացակարգային կանոններով սահմանվում է սույն կոնվենցիայի կիրարկումը գնահատելու կարգը:

2. Կողմերի կոմիտեն նպաստում է տեղեկությունների հավաքմանը, վերլուծությանը և տեղեկությունների, փորձի ու արդյունավետ գործելակերպերի փոխանակմանը պետությունների միջև` բարելավելու համար երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու մասով նրանց կարողությունները:

3. Կողմերի կոմիտեն անհրաժեշտության դեպքում նաև`

ա) նպաստում է սույն կոնվենցիայի արդյունավետ կիրառմանն ու կիրարկմանը, ներառյալ` ցանկացած խնդրի վերհանումը և սույն կոնվենցիայի շրջանակներում արված ցանկացած հայտարարության կամ վերապահման ազդեցության բացահայտումը,

բ) կարծիք է ներկայացնում սույն կոնվենցիայի կիրառման հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ և նպաստում է իրավական, քաղաքական կամ տեխնոլոգիական էական զարգացումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը:

4. Կողմերի կոմիտեին սույն հոդվածի համաձայն իր գործառույթների իրականացման հարցում աջակցում է Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը:

5. Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (ՔՀԵԿ) պարբերաբար տեղեկացվում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված գործողությունների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ XI. ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 42. ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎ ԴՐԱ` «ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ

 

Սույն կոնվենցիան չի ազդում «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի և դրա` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության դրույթներից բխող իրավունքների և պարտավորությունների վրա և նախատեսված է ամրապնդելու դրանցով նախատեսված պաշտպանությունը և զարգացնելու ու լրացնելու դրանցում սահմանված չափանիշները:

 

ՀՈԴՎԱԾ 43. ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն կոնվենցիան չի ազդում այլ միջազգային փաստաթղթերի դրույթներից բխող իրավունքների և պարտավորությունների վրա, որոնց Կողմ են կամ Կողմ են դառնալու սույն կոնվենցիայի Կողմերը, և որոնք պարունակում են սույն կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ դրույթներ և ապահովում են սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության երեխա զոհերի պաշտպանության և աջակցության ավելի բարձր մակարդակ:

2. Կոնվենցիայի Կողմերը կարող են սույն կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր` դրա դրույթները լրացնելու կամ ամրապնդելու կամ դրանում նախատեսված սկզբունքների կիրառմանը նպաստելու նպատակով:

3. Եվրոպական միության անդամ հանդիսացող Կողմերը Համայնքի և Եվրոպական միության կանոններն իրենց փոխհարաբերություններում կիրառում են այնքանով, որքանով Համայնքի կամ Եվրոպական միության կանոնները կարգավորում են համապատասխան խնդրո առարկան կամ կիրառելի են առանձնահատուկ դեպքի համար` չհակասելով սույն կոնվենցիայի առարկային և նպատակին, ինչպես նաև չխախտելով մյուս Կողմերի հետ դրա ամբողջական կիրառումը:

 

ԳԼՈՒԽ XII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 44. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ Կողմի ցանկացած առաջարկ ներկայացվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, որն իր հերթին այն փոխանցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ցանկացած ստորագրող կողմի, ցանկացած Կողմ պետության, Եվրոպական համայնքին, ցանկացած պետության, որին 45-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներին համապատասխան առաջարկվել է ստորագրել սույն կոնվենցիան, և ցանկացած պետության, որին 46-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներին համապատասխան առաջարկվել է միանալ սույն կոնվենցիային:

2. Կողմի կողմից առաջարկված ցանկացած փոփոխություն ներկայացվում է Քրեական հարցերով եվրոպական կոմիտե (ՔՀԵԿ), որն այդ առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է Նախարարների կոմիտե:

3. Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է առաջարկված փոփոխությունն ու ՔՀԵԿ-ի ներկայացրած կարծիքը և սույն կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը:

4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության տեքստ փոխանցվում է Կողմերին` ընդունման համար:

5. Սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն ընդունելու մասին բոլոր Կողմերի կողմից Գլխավոր քարտուղարին տեղեկացնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ԳԼՈՒԽ XIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 45. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար, դրա մշակման աշխատանքներին մասնակցած` անդամ չհանդիսացող պետությունների համար, ինչպես նաև Եվրոպական համայնքի համար:

2. Սույն կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

3. Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ ստորագրող կողմերի, այդ թվում` առնվազն Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետությունների կողմից նախորդ պարբերության դրույթներին համապատասխան սույն կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը տալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

4. 1-ին պարբերությունում նշված որևէ պետության կամ Եվրոպական համայնքի համար, որը հետագայում է հայտնում սույն կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իր համաձայնությունը, կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 46. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼԸ

 

1. Սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է սույն կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո առաջարկել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, որը չի մասնակցել կոնվենցիայի մշակման աշխատանքներին, միանալ սույն կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված` մեծամասնության կողմից ընդունված որոշմամբ և Նախարարների կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների կողմից միաձայն ընդունված որոշմամբ:

2. Միացող ցանկացած պետության համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 47. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է հետագայում` ցանկացած ժամանակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն կոնվենցիայի կիրառությունը տարածել հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար այն պատասխանատու է, կամ որի անունից այն լիազորված է պարտավորություններ ստանձնելու: Այդպիսի տարածքի համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է այդ հայտարարությունում նշված ցանկացած տարածքի առնչությամբ հետ վերցվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցմամբ: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 48. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ

 

Բացառությամբ հստակ սահմանված վերապահումների` սույն կոնվենցիայի որևէ դրույթի առնչությամբ վերապահում չի կարող արվել: Ցանկացած վերապահում կարող է ցանկացած ժամանակ վերացվել:

 

ՀՈԴՎԱԾ 49. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել սույն կոնվենցիան:

2. Այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 50. ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ցանկացած ստորագրող պետության, ցանկացած Կողմ պետության, Եվրոպական համայնքին, ցանկացած պետության, որին 45-րդ հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկվել է ստորագրել սույն կոնվենցիան, և ցանկացած պետության, որին 46-րդ հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկվել է միանալ սույն կոնվենցիային`

ա) ցանկացած ստորագրման,

բ) վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ) 45-րդ և 46-րդ հոդվածներին համապատասխան սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվի,

դ) 44-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության և այդ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսաթվի,

ե) 48-րդ հոդվածի համաձայն արված ցանկացած վերապահման,

զ) 49-րդ հոդվածի դրույթների համաձայն ցանկացած չեղյալ հայտարարման,

է) սույն կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հայտարարության մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան:

Կատարված է Լանզարոտեում 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, մեկ բնօրինակից` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, սույն կոնվենցիայի մշակման աշխատանքներին մասնակցած` անդամ չհանդիսացող պետություններին, Եվրոպական համայնքին և ցանկացած պետության, որին առաջարկվել է միանալ սույն կոնվենցիային:

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021 թ. հունվարի 1-ին:

 

 

pin
Եվրոպայի խորհուրդ
25.10.2007
N 201
Կոնվենցիա