Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ` ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵ ...

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԴԱՇՆԱԳՐԻ` ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն արձանագրության կողմ պետությունները,

համարելով, որ մահապատժի վերացումը նպաստում է մարդկային արժանապատվության բարձրացմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը,

վկայակոչելով 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը և 1966 թվականի դեկտեմբերի
16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային
դաշնագրի 6-րդ հոդվածը,
նշելով, որ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային
դաշնագրի 6-րդ հոդվածը վերաբերում է մահապատիժը վերացնելուն այն մասով, որով
հորդորվում է, որ վերացումը ցանկալի է,
համոզված լինելով, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է
դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց,
ցանկանալով սույնով ստանձնել մահապատիժը վերացնելու միջազգային
հանձնառություն,
համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն արձանագրության մասով ընդունելի չէ որևէ վերապահում` բացառությամբ վավերացման կամ միանալու պահին կատարվող վերապահման, որով նախատեսվում է պատերազմի ժամանակ մահապատժի կիրառում` պատերազմի ժամանակ կատարված ամենալուրջ զինվորական հանցագործությունների համար դատապարտման հիմքով:

2. Նման վերապահում կատարող Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին հաղորդում է պատերազմի ժամանակ կիրառելի իր ազգային օրենսդրության համապատասխան դրույթների մասին:

3. Նման վերապահում կատարած Կողմ պետությունը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցում է իր տարածքի նկատմամբ կիրառելի` ցանկացած պատերազմական վիճակի սկզբի կամ ավարտի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն արձանագրության կողմ պետությունները, Դաշնագրի 40-րդ հոդվածին համապատասխան, Մարդու իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացվող զեկույցներում ներառում են տեղեկություններ սույն արձանագրությունը գործողության մեջ դնելու համար իրենց սահմանած միջոցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Դաշնագրի` 41-րդ հոդվածի համաձայն հայտարարություն արած Կողմ պետությունների մասով Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի` հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա այն դեպքում, երբ մի Կողմ պետությունը բողոքում է մյուս Կողմ պետության կողմից սեփական պարտավորությունները կատարված չլինելու մասին, եթե տվյալ Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին հակառակ հայտարարություն չի արել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի առաջին կամընտիր արձանագրության կողմ պետությունների մասով Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի` իր իրավազորության ներքո գտնվող առանձին անհատներից հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա, եթե տվյալ Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին հակառակ հայտարարություն չի արել:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ:

2. Չհակասելով սույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված վերապահում կատարելու հնարավորությանը` սույն արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքի վրա չի տարածվում որևէ շեղում կատարելու հնարավորություն` Դաշնագրի 4-րդ հոդվածի ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրն ստորագրած ցանկացած պետության ստորագրման համար:

2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից: Վավերացման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

3. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության միանալու համար:

4. Միացումը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

5. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունն ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին տեղեկացնում է վավերացման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու օրվանից երեք ամիս հետո:

2. Վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո սույն արձանագրությունը վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն արձանագրության դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր հատվածների վրա` առանց որևէ սահմանափակման կամ բացառության:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Դաշնագրի 48-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալ մանրամասների մասին`

ա) վերապահումներ, հաղորդումներ և ծանուցումներ` սույն արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն,

բ) սույն արձանագրության 4-րդ կամ 5-րդ հոդվածների համաձայն արված հայտարարություններ,

գ) ստորագրություններ, վավերացումներ և միանալու դեպքեր` սույն արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն,

դ) սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օր` դրա 8-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն արձանագրությունը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրության հաստատված պատճենները փոխանցում է Դաշնագրի 48-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 18-ին:

 

 

pin
''
15.12.1989
Արձանագրություն