Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1092-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1092-ՐԴ ԵՎ 1099-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՆԴ/0606/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0606/02/16  2021 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Սմբատյան                        

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի փետրվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հունակոմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի, Գևորգ Ղափլանյանի` 6.850.000 ՀՀ դրամի` որպես անհիմն հարստացման հետևանքով ձեռքբերված գումարի և դրա նկատմամբ սկսած 05.10.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվեգրման ենթակա տոկոսագումարի, 24.700 ԱՄՆ դոլարի` որպես մատակարարման պայմանագրով սահմանված գումարի և դրա նկատմամբ տոկոսների բռնագանձման և հարկային հաշիվներ դուրս գրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է`

1) Ա/Ձ Գևորգ Հայրապետյանից և Գևորգ Ղափլանյանից հօգուտ Ընկերության համապարտության կարգով բռնագանձել 6.850.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման հետևանքով խնայված` ձեռքբերված գումար, 01.11.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 6.850.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսների գումարը` ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` 01.12.2017 թվականի դրությամբ 1.712.500 ՀՀ դրամ,

2) Ա/Ձ Գևորգ Հայրապետյանից և Գևորգ Ղափլանյանից հօգուտ Ընկերության համապարտության կարգով բռնագանձել 24.700 ԱՄՆ դոլարին համարժեք 11.767.574 ՀՀ դրամ և 01.05.2015 թվականից սկսած այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսների գումարը` ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` 01.12.2017 թվականի դրությամբ 3.647.925 ՀՀ դրամ,

3) Ա/Ձ Գևորգ Հայրապետյանից և Գևորգ Ղափլանյանից հօգուտ Ընկերության համապարտության կարգով բռնագանձել 2.475 ԱՄՆ դոլարին համարժեք 1.170.130 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. վճռվել է Ա/Ձ Գևորգ Հայրապետյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 6.850.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման հետևանքով ստացված դրամական միջոցների գումար, և 1.712.500 ՀՀ դրամ` որպես հաշվարկված տոկոսների գումար, Ա/Ձ Գևորգ Հայրապետյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 6.850.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` 01.12.2017 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը` ըստ համապատասխան ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Գ. Խանդանյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Հ. Ենոքյան) 07.12.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.04.2019 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.11.2019 թվականի որոշմամբ Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1099-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ փոխանցումը կատարվել է գոյություն չունեցող պարտավորության հիման վրա, այսինքն` արձանագրվել է, որ առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պայմանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ընկերությունը գիտեր պարտավորության բացակայության մասին, ապա Դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը հենց ինքն է պնդել, որ փոխանցումը կատարվել է ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության, և ընդունել է, որ գումարները փոխանցել է իր կամքով և ցանկությամբ: Այսինքն` դատարաններն անտեսել են, որ առկա են եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի պայմանները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը վճիռ կայացնելիս պետք է գնահատեր գործում առկա ապացույցները, այլ ոչ թե պատասխանողի փաստաբանի դիրքորոշումը, ուստի, եթե հենց հայցվորի ներկայացրած ապացույցներով հերքվում էր հայցի հիմնավորվածությունը, ապա Դատարանը պետք է մերժեր հայցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության կողմից բանկային փոխանցմամբ 21.01.2016 թվականին Ա/Ձ Գևորգ Հայրապետյանին է վճարվել 6.850.000 ՀՀ դրամ: Որպես վճարման նպատակ` նշվել է «ապրանքի գումար» (հատոր 2-րդ, գ.թ. 29, հատոր 3-րդ, գ.թ. 68):

2) Ընկերության հայցադիմումի համաձայն` «Կողմերի միջև իրականում չեն առաջացել առուվաճառքի իրավահարաբերություններ, այլ պարզապես հաշվապահական որոշակի խնդիրներից ելնելով (հաշվապահությունը ճիշտ պահելու համար), առանց գործարքով սահմանված որևէ հիմքի, Հայցվորը պարզապես գումար է փոխանցել Պատասխանողներին` հետագայում այն վերջիններիս կողմից հետ վերադարձնելու պայմանով»: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետը` հայցվորը նաև հայտնել է, որ գումարը չի փոխանցվել որևէ բարեգործական նպատակներով, ավելին` պատասխանողներն ի սկզբանե ընդունել են կատարված փոխանցումը վերադարձնելու պարտականության մասին (հատոր 1-ին, գ.թ. 82-90):

3) Հայցի հիմքը և առարկան լրացնելու վերաբերյալ դիմումով Ընկերությունը հայտնել է, որ «Կողմերը պայմանավորվել են, որ գործարքի ձևական մասի պահպանման համար Ա/Ձ Գևորգ Հայրապետյանը պետք է հաշվարկային փաստաթուղթ կազմեր Ընկերությանը 12 լրակազմ ավտոմեքենաների պահեստամասերի ձևական վաճառքի վերաբերյալ, իսկ Ընկերության կողմից պատասխանող Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի հաշվեհամարին պետք է փոխանցվեր այդ գործարքի գինը կազմող գումարը, որը կանխիկացնելուց հետո նորից պետք է վերադարձվեր Ընկերությանը: Այսինքն` այդ գործարքի գինն իրականում պետք է հաշվանցվեր Պատասխանողների կողմից Ընկերությանը վճարման ենթակա գումարից, իսկ բանկային փոխանցմամբ վճարումը գործարքի առնչությամբ ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների պահպանված լինելն ապահովելու համար պետք է արվեր» (հատոր 4-րդ, գ.թ. 52-57):

4) Պատասխանողների կողմից ներկայացված առարկությամբ պատասխանողները նշել են, որ հայցն ակնհայտ անհիմն է, ներկայացված փաստարկները հակասում են միմյանց և բացառում են հայցի բավարարումը: Մասնավորապես, պատասխանողները նշել են, որ անհասկանալի է, թե ինչու պետք է կնքվեր կեղծ գործարք` ապրանքը ձևական վաճառելու վերաբերյալ: Պատասխանողները նշել են, որ հայցի հիմքում ընկած փաստերը չեն ընդունում (հատոր 5-րդ, գ.թ. 63-68):

5) Ա/Ձ Գևորգ Հայրապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 28.06.2018 թվականի վճռի դեմ` մասնավորապես նշելով, որ Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև հաշվի չի առել, որ Ընկերությունը գիտեր պարտավորության բացակայության մասին (հատոր 8-րդ, գ.թ. 3-7):

6) Ընկերության վերաքննիչ բողոքի պատասխանի համաձայն` «Ընկերությունում համաձայնել են ընդունել գործարքից միակողմանի հրաժարումը` պայմանով, որպեսզի հետ վերադարձվող 12 լրակազմ ավտոմեքենաների պահեստամասերը Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի կողմից ձևական հետ վաճառվեն Ընկերությանը, դրա դիմաց Ընկերության կողմից վճարում կատարվի, որից հետո վճարված գումարը վերադարձվի Ընկերությանը», «Կողմերը որոշել են 12 լրակազմ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքն Ընկերությանը ձևակերպել 6.850.000 ՀՀ դրամ գումարով: Այդ գումարն Ընկերության կողմից 05.10.2015 թվականին բանկային փոխանցումով վճարվել է Ա/Ձ Գևորգ Հայրապետյանին` իբր պահեստամասերը հետ է գնվում, որպեսզի վերջինս կանխիկացնելուց հետո գումարը վերադարձնի Ընկերությանը» (հատոր 8-րդ, գ.թ. 80-86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ, 1099-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ, 1099-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի և Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհիմն հարստացման և մասնավորապես չվերադարձվող անհիմն հարստացման կարգավորումների առանձնահատկություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում հայտնած իր դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են նաև անհիմն հարստացման հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռքբերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի համաձայն` որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման` (...)

4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով անհիմն հարստացման ինստիտուտին, փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս, Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ`

1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,

2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:

Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում` տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում` ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած` անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանքով, այնպես էլ` նրանց կամքից անկախ: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի վերլուծությունից, որի համաձայն` նույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ և բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է` անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված հանգամանքները պարզելու համար դատարանն օժտված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով, որոնց լիարժեք իրացման պայմաններում միայն կարելի է դատողություն անել անհիմն հարստացման առկայության կամ բացակայության վերաբերյալ (տե՛ս, Էլզա Մուրադովան և Լարիսա Հարությունյանն ընդդեմ Ջանիբեկ Ազատյանի թիվ ԱՐԴ 1/1065/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում հայտնած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածով սահմանված փաստական հանգամանքների առկայությունը պարզելուց առաջ պետք է բացահայտել, թե արդյո՞ք առկա է անհիմն հարստացում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով, այնուհետև քննարկել անհիմն հարստացման վերադարձման ենթակա լինելու կամ չլինելու հարցը:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի կարգավորմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավանորմով սահմանված իրավահարաբերության առկայությունը պարզելիս անհրաժեշտ է հաջորդաբար գնահատել հետևյալ հանգամանքները`

1) արդյո՞ք առկա է անհիմն հարստացում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով, այսինքն` գույքի խնայում կամ ձեռքբերում` առանց իրավական հիմքի,

2) արդյո՞ք այդ գումարները և այլ գույքը տրվել են ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության,

3) արդյո՞ք ձեռք բերողն ապացուցել է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը (տուժողը) գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր նախորդ հանգամանքի բացակայության դեպքում դատարանն այլևս չի անդրադառնում մյուս հանգամանքների գնահատմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության կողմից բանկային փոխանցմամբ 21.01.2016 թվականին Ա/Ձ Գևորգ Հայրապետյանին է վճարվել 6.850.000 ՀՀ դրամ: Որպես վճարման նպատակ` նշվել է «ապրանքի գումար»:

Ընկերության հայցադիմումի համաձայն` «Կողմերի միջև իրականում չեն առաջացել առուվաճառքի իրավահարաբերություններ, այլ պարզապես հաշվապահական որոշակի խնդիրներից ելնելով (հաշվապահությունը ճիշտ պահելու համար), առանց գործարքով սահմանված որևէ հիմքի, Հայցվորը պարզապես գումար է փոխանցել Պատասխանողներին` հետագայում այն վերջիններիս կողմից հետ վերադարձնելու պայմանով»: Հայցի հիմքը և առարկան լրացնելու վերաբերյալ դիմումով Ընկերությունը հայտնել է, որ «Կողմերը պայմանավորվել են, որ գործարքի ձևական մասի պահպանման համար Ա/Ձ Գևորգ Հայրապետյանը պետք է հաշվարկային փաստաթուղթ կազմեր Ընկերությանը 12 լրակազմ ավտոմեքենաների պահեստամասերի ձևական վաճառքի վերաբերյալ, իսկ Ընկերության կողմից պատասխանող Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի հաշվեհամարին պետք է փոխանցվեր այդ գործարքի գինը կազմող գումարը, որը կանխիկացնելուց հետո նորից պետք է վերադարձվեր Ընկերությանը: Այսինքն` այդ գործարքի գինն իրականում պետք է հաշվանցվեր Պատասխանողների կողմից Ընկերությանը վճարման ենթակա գումարից, իսկ բանկային փոխանցմամբ վճարումը գործարքի առնչությամբ ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների պահպանված լինելն ապահովելու համար պետք է արվեր»:

Ընկերության վերաքննիչ բողոքի պատասխանի համաձայն` «Ընկերությունում համաձայնել են ընդունել գործարքից միակողմանի հրաժարումը` պայմանով, որպեսզի հետ վերադարձվող 12 լրակազմ ավտոմեքենաների պահեստամասերը Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի կողմից ձևական հետ վաճառվեն Ընկերությանը, դրա դիմաց Ընկերության կողմից վճարում կատարվի, որից հետո վճարված գումարը վերադարձվի Ընկերությանը», «Կողմերը որոշել են 12 լրակազմ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքն Ընկերությանը ձևակերպել 6.850.000 ՀՀ դրամ գումարով: Այդ գումարն Ընկերության կողմից 05.10.2015 թվականին բանկային փոխանցումով վճարվել է Ա/Ձ Գևորգ Հայրապետյանին` իբր պահեստամասերը հետ է գնվում, որպեսզի վերջինս կանխիկացնելուց հետո գումարը վերադարձնի Ընկերությանը»:

Դատարանը, նշելով, որ «ըստ հայցվոր կողմի վկայակոչման` իրականում տեղի է ունեցել ապրանքի ձևական հետ վաճառք պատասխանողներից հայցվորին, որի համար հայցվորը վճարել է պատասխանողներին, հետագայում հետ ստանալու համար, սակայն այդ ձևական հետվաճառքը տեղի չի ունեցել», և հաստատված համարելով այն հանգամանքը, որ կողմերի միջև իրականում բացակայում են մատակարարման հարաբերություններ, արձանագրել է, որ պատասխանողների կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ այդ փոխանցումը եղել է օրինական հիմքով, որևէ գործարքի հիման վրա: Դատարանը գտել է, որ դրամական փոխանցումը կամավոր կատարելու հանգամանքն ինքնին բավարար չէ փոխանցված գումարը ստանալու պատշաճ հիմքն ապահովելու համար: Հիմք ընդունելով այն, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է միայն Գևորգ Հայրապետյանին գումար փոխանցելու հանգամանքը` Դատարանը Գևորգ Ղափլանյանից գումարի բռնագանձման պահանջը համարել է անհիմն` միաժամանակ հիմնավոր համարելով Գևորգ Հայրապետյանի դեմ ուղղված պահանջը` 6.850.000 ՀՀ դրամի, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկված տոկոսների մասով: Արդյունքում, Դատարանը Ընկերության հայցը բավարարել է մասնակի:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքի փաստարկներն իրարամերժ են: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի հիմքերին` գտնելով, որ բողոք բերած անձը, զրկված չլինելով դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, Դատարանի կողմից վերը նշված հանգամանքների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է (տե՛ս, օրինակ, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմաթիվ որոշումներով անդրադարձել է վերաքննության և վերաքննության սահմանների առանձնահատկություններին (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը, Գևորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ 1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ դիրքորոշում հայտնելու պարտականությունը չպետք է մեկնաբանվի այնպես, որ խեղաթյուրվի դատարանի պարտականությունը` լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվորեն գնահատել գործի հանգամանքները և կիրառել իրավական նորմերը: Հակառակ դեպքում գործնականում կարող է մեկնաբանվել այնպես, որ դատարանը ցանկացած դեպքում պարտավոր է բավարարել այն հայցադիմումը, որի դեմ առարկություն չի ներկայացվել:

Մինչդեռ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործող` Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Ընդ որում, համանման կարգավորում առկա է նաև սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննության պահին գործող` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողներն առարկել են հայցադիմումի դեմ` հայտնելով, որ չեն ընդունում ներկայացված փաստերը: Ավելին, սույն գործով կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ հենց հայցվորն իր դիրքորոշումներով Դատարանի առջև բացահայտել է այն հանգամանքը, որ ի սկզբանե տեղեկացված լինելով պարտավորության բացակայության մասին` կատարել է փոխանցում: Ընդ որում, այդ մասին հայցվորը նշել է ոչ միայն Դատարանում, այլ նաև Վերաքննիչ դատարանին ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ Դատարանը վկայակոչել է հայցվորի դիրքորոշումն այն մասին, որ փոխանցումը կատարվել է ձևականորեն: Հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է քննվեր հենց այդ հանգամանքի հաշվառմամբ: Մինչդեռ` Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով բողոքի հիմքերին և մերժելով վերաքննիչ բողոքն այն հիմնավորմամբ, որ պատասխանողը Դատարանում չի ներկայացրել դիրքորոշում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի պայմանների վերաբերյալ, ոչ միայն անտեսել է Ընկերության կողմից այդ պայմանների առկայությունն ընդունելու փաստը, այլ նաև սահմանափակել է Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի դատական պաշտպանության իրավունքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հիմքերով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքների նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի պայմանների առկայությունը չգնահատելով գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և չանդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքերին` ստորադաս դատարանը սահմանափակել է Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Ա/Ձ Գևորգ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Դատական ծախսերը» վերտառությամբ 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 16 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.02.2021
N ԵԱՆԴ/0606/02/16
Որոշում