ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2021 թվականի N 1022-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 11-րդ կետով և հաշվի առնելով նշված որոշման 3-րդ կետին համապատասխան ձևավորված` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակում կազմակերպված մրցույթի ընթացակարգի արդյունքները` մրցույթի ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») (Abu Dhabi Future Energy Company PJSC - Masdar), Արաբական Միացյալ Էմիրություններ ընկերությունը (այսուհետ` ընկերություն):
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին ընկերության հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետով մրցույթի ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչված ընկերությանը ծրագրի շնորհման վերաբերյալ գրության տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան.
2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրման գործընթացը` առաջնորդվելով սույն որոշման 2-րդ կետով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 7-րդ կետով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. հունիսի
Երևան