ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2021 թվականի N 1036-Ն
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 24-ի
N 1036-Ն որոշման
ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները:
2. ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը (այսուհետ` թույլտվություն) ենթակա է վերաձևակերպման տվյալ բնակավայրերը ներառող համայնքների ղեկավարների (այսուհետ` համայնքի ղեկավար) կողմից:
3. Բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ունեցող գովազդակիրը (այսուհետ` գովազդակիր) թույլտվությունը վերաձևակերպելու նպատակով` համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում (այսուհետ` դիմում)` համաձայն ձևի:
4. Դիմումին կցվում են`
1) թույլտվության բնօրինակը.
2) գովազդային վահանակի էսքիզի լուսանկար.
3) տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի դիրքը ճանապարհի նկատմամբ.
4) ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճենը.
5) եթե դիմումը ներկայացվում է գովազդակրի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորվածի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
5. Համայնքի ղեկավարը մերժում է թույլտվության վերաձևակերպումը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը համայնքի ղեկավարի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում գովազդակիրը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու կամ հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում համալրելու դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարն ընդունում է թույլտվության վերաձևակերպման մասին որոշում` այդ մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնելով գովազդակրին:
7. Թույլտվության վերաձևակերպման մասին որոշումը գովազդակրին է տրամադրվում թույլտվության բնօրինակի հետ միասին:
Ձև
Հայաստանի Հանրապետության ____ մարզի ______ համայնքի ղեկավար
______________________________________ ին (անուն, ազգանուն)
Դիմող` __________________________________
(ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն,
իրավաբանական անձի դեպքում` անվանում,
բնակության վայր/գտնվելու վայր, կոնտակտային տվյալներ)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ վերաձևակերպել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու նպատակով ինձ տրամադրված ___________________________________ թույլտվությունը:
Դիմող` ___________________
(ստորագրություն)
անուն, ազգանուն
__________________
(ամսաթիվ)
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական: