Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 15 հունիսի 2021 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐ ՉՎՃԱՐԵԼՆ ՈՒ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2021 թվականի ապրիլի 1-ի N 454-Ա որոշմամբ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2021 թվականի ապրիլի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը, Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում` եկամուտների և գույքի կրկնակի հարկման բացառման և այդպիսով եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների, միջազգային առևտրի և ներդրումների վրա բացասական ազդեցության նվազեցման, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտի ստեղծման նպատակով:

2. Համաձայնագրով սահմանվում են Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, որոնց կապակցությամբ էլ Պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ և պարտականություններ, որոնք դրսևորվում են նրանով, որ մի Պայմանավորվող կողմը, տվյալ պարագայում` Հայաստանի Հանրապետությունը, պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ Մալթայի Հանրապետության (այսուհետ` նաև Մալթա) ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը կամ գույքը հարկելուց, որի հարկման իրավունքը Համաձայնագրով վերապահված է մյուս Պայմանավորվող կողմին և ընդհակառակը:

3. Բացի վերոհիշյալ պարտավորությունից, Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք այլ պարտավորություններ, մասնավորապես.

- Համաձայնագիրը կիրառել շահութահարկի և եկամտային հարկի նկատմամբ (Հոդված 2, կետ 3, ենթակետ «a»),

- Համաձայնագիրը կիրառել նաև ցանկացած նույնական կամ էապես նման հարկատեսակների նկատմամբ, որոնք կսահմանվեն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկատեսակների կամ դրանց փոխարեն, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները մալթական կողմի իրավասու մարմիններին ծանուցեն Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (Հոդված 2, կետ 4),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկության շահույթը հարկվի միայն Հայաստանի Հանրապետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում Մալթայում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով (Հոդված 7, կետ 1),

- մշտական հաստատությանը վերագրելի շահույթը որոշել այնպիսի համաչափ բաշխմամբ, որն ընդունելի կլինի, և այնպիսի եղանակով, որ արդյունքը համապատասխանի Համաձայնագրի 7-րդ հոդվածում ներառված սկզբունքներին (Հոդված 7, կետ 4),

- Համաձայնագրի 7-րդ հոդվածում թվարկված նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշել նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ (Հոդված 7, կետ 6),

- Մալթայի ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը չհարկել Հայաստանի Հանրապետությունում. վերոհիշյալ կարգը կիրառել նաև միավորումում, համատեղ գործունեությունում կամ միջազգային շահագործման գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ (Հոդված 8, կետեր 1 և 3),

- այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ Մալթայի Հանրապետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման Մալթայի Հանրապետությունում, և այդ ձևով ներառված շահույթը համարվում է շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև պայմանները լինեին այնպիսին, ինչպիսին ստեղծված կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, ապա կատարել շահույթից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, այն դեպքում, երբ Մալթայի Հանրապետությունը համարում է ճշգրտումը արդարացված, այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի առնել Համաձայնագրի մյուս դրույթները և ապահովել, որ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում խորհրդակցեն միմյանց հետ (Հոդված 9, կետ 2),

- չսահմանել որևէ հարկ Մալթայի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ, եթե անգամ վճարված շահաբաժինները ամբողջությամբ կամ մասամբ կազմված են Հայաստանի Հանրապետությունում առաջացող շահույթից կամ եկամտից, բացառությամբ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի (Հոդված 10, կետ 5),

- չհարկել Մալթայի Հանրապետության ռեզիդենտ ընկերության չբաշխված շահույթը ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են Հայաստանի Հանրապետությունում առաջացող շահույթից կամ եկամտից (Հոդված 10, կետ 5), ապահովել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում գանձված հարկերը չգերազանցեն տոկոսի համախառն գումարի 5 տոկոսը (Հոդված 11, կետեր 1 և 2),

- Համաձայնագրի 11-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում չկիրառել Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները. այդ դեպքում կիրառել Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները (Հոդված 11, կետ 4),

- Համաձայնագրի 11-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքում վճարումների ավելցուկային մասը հարկել Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով Համաձայնագրի այլ դրույթները (Հոդված 11, կետ 6),

- ապահովել, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում գանձվող հարկերը չգերազանցեն ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը (Հոդված 12, կետեր 1 և 2),

- Համաձայնագրի 12-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում չկիրառել Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները. այդ դեպքում կիրառել Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները (Հոդված 12, կետ 4),

- չհարկել Մալթայի ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը (Հոդված 13, կետ 3),

- հարկել Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, միայն եթե գույքն օտարողը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է (Հոդված 13, կետ 5),

- հաշվի առնելով Համաձայնագրի 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` չհարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի կատարվում Հայաստանի Հանրապետությունում (Հոդված 14, կետ 1),

- Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` չնայած նույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Մալթայի Հանրապետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը հարկել Հայաստանի Հանրապետությունում (Հոդված 14, կետ 2),

- անկախ Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` չհարկել Մալթայի Հանրապետության ռեզիդենտի` որպես արվեստի գործիչ կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը, եթե այդ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում մշակութային կամ սպորտային փոխանակման ծրագրերի շրջանակներում, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության կողմից (Հոդված 16, կետ 3),

- չհարկել Մալթայի Հանրապետության կողմից այդ պետությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները (Հոդված 18, կետ 1, ենթակետ «a»),

- չնայած Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին` չհարկել Մալթայի Հանրապետության կողմից կամ նրա ստեղծած հիմնադրամներից այդ պետությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները, սակայն դրանք հարկել, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտն ու քաղաքացին (Հոդված 18, կետ 2),

- չհարկել ուսանողի կամ ստաժորի, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը հանդիսացել է Մալթայի Հանրապետության ռեզիդենտ, և որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, Հայաստանի Հանրապետությունում իր ապրելու, կրթության կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից (Հոդված 19),

- ազատել հարկումից ֆիզիկական անձին, որը ժամանել է Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետությունում գտնվող համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցանելու կամ հետազոտություն անցկացնելու նպատակով, և որը հանդիսանում կամ անմիջապես մինչև ժամանելը հանդիսացել է Մալթայի Հանրապետության ռեզիդենտ, Հայաստանի Հանրապետությունում այդպիսի ուսուցանման կամ հետազոտման համար վարձատրության առնչությամբ` այդ նպատակով իր առաջին ժամանման օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում, պայմանով, որ այդ վարձատրությունն առաջանում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից (Հոդված 20, կետ 1),

- չկիրառել Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները հետազոտությունից ստացվող վարձատրության նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ թե հանրային շահի, այլ հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար (Հոդված 20, կետ 2),

- երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Մալթայի Հանրապետությունում, ապա թույլատրել այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից նվազեցնել Մալթայում վճարված եկամտահարկին հավասար գումարը, սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցնելը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը վերագրելի է այն եկամտին, որը կարող է հարկվել Մալթայում (Հոդված 22, կետ 1),

- Մալթայի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. չնայած Համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթներին` վերոհիշյալ դրույթը կիրառել նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ (Հոդված 23, կետ 1),

- Մալթայի Հանրապետության ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միևնույն հանգամանքներում, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ (Հոդված 23, կետ 2),

- երաշխավորել, որ Մալթայի Հանրապետության ձեռնարկության մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չի լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ձեռնարկության հարկումը (Հոդված 23, կետ 3),

- ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով հանել տոկոսները, ռոյալթիները և Հայաստանի Հանրապետության ձեռնարկության` Մալթայի Հանրապետության ռեզիդենտին կատարած այլ վճարումներն այն նույն պայմաններով, որով հանվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին վճարելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 6-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները (Հոդված 23, կետ 4),

- Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկություններին, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է Մալթայի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Մալթայի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարումն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունում այլ նման ձեռնարկությունները (Հոդված 23, կետ 5),

- չնայած Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթներին` Համաձայնագրի 23-րդ հոդվածի դրույթները կիրառել հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ (Հոդված 23, կետ 6),

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Մալթայի Հանրապետության իրավասու մարմինների հետ կփոխանակեն Համաձայնագրի դրույթների իրականացման կամ ներպետական օրենքների իրականացման կամ կիրառման համար կանխատեսելի համապատասխան տեղեկություններ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության անունից կիրառվող ցանկացած տեսակի ու ձևի հարկի վերաբերյալ, այն չափով, որը չի հակասում Համաձայնագրին. վերոհիշյալ տեղեկությունների փոխանակումը չսահմանափակել Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով (Հոդված 25, կետ 1),

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը, և կհաղորդվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը կամ վերոնշյալի վերահսկողությանը, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար (Հոդված 25, կետ 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

15 հունիսի 2021 թվականի

ՍԴՈ-1602

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐ ՉՎՃԱՐԵԼՆ ՈՒ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1602 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2019 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1602 որոշմամբ որոշել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1602 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1602 որոշմամբ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:

Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը:

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը(1):

 

___________________________________

1) Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը:

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել` այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ:

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը:

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում: Մասնավորապես` էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը` խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները: Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ: Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար:

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն` կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված` էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով:

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը: Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:

Այսպես` էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով:

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ` ստորագրող անձ)` ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստուգման տվյալներ)` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ` ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:

 

Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

    ԴԱՏԱՎՈՐ                                Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

15 հունիսի 2021թ.

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.06.2021
N ՍԴՈ-1602
Որոշում