ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 27-Լ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 29.01.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու և դրանց ընթացք տալու գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգից օգտվելու լրամշակված ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, ներքին անվտանգության, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների պետերին` ապահովել հավելվածով հաստատված ուղեցույցի իրազեկումն ենթակա անձնակազմին և դրա շրջանակներում մինչև 10.07.2021թ. կազմակերպել համապատասխան ծառայողների կողմից ստուգարքի հանձնումը:
3. Արդյունքների մասին 2-օրյա ժամկետում հայտնել ՀՀ ոստիկանության շտաբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2021թ. հունվարի 29-ի թիվ 2-Լ հրամանը:
5. Հրամանը ծանոթացնել ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
18 հունիսի 2021թ.
Երևան
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
«18» հունիսի 2021թ.
թիվ 27-Լ հրամանի
ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների
վերաբերյալ հաղորդումներն ընդունելու և դրանց ընթացք տալու
գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգից
օգտվելու լրամշակված
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2017թ. թիվ 1495-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` 2021 թվականի հուլիսի 1-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումներում և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերում հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն իրականացվելու է ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ:
2. Սույն ուղեցույցն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2017թ. թիվ 1495-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումների և տարածքային մարմինների հերթապահ մասերի, ինչպես նաև պարեկային ծառայության կարգախմբերի ծառայողների կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու և դրանց ընթացք տալու գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգից օգտվելու կարգը:
3. Հաղորդման հասկացությունը տրված է նշված որոշմամբ հաստատված կարգի (համաձայն Հավելված N 1) 3-րդ կետի 1 ենթակետով, իսկ հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումների հասկացությունները` 3-րդ կետի 2-ից 4-րդ ենթակետերով: Նույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը սահմանում է` հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումների գրանցման հասկացությունը, իսկ 2-րդ գլուխը` հաղորդումների ընդունման և գրանցման կարգը:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (այսուհետ` ՕԿԿ) ծրագրային ապահովումից (այսուհետ` համակարգ) օգտվելու համար անհրաժեշտ է առնվազն 1080p (Full HD, 1920x1080 px) լուծաչափով դիսփլեյ և վերջին թարմացմամբ Google Chrome բրաուզեր:
2. Մուտք համակարգ
1. Համակարգ մուտք գործելու համար պետք է այցելել https://omc-academy.police.am հասցեում գտնվող վեբ հավելված, որտեղ կբացվի մուտքի էջը (տես նկ. 3.1): Որպես օգտանուն պետք է ներմուծել ՀՀ ոստիկանության վկայականի համարը:
2. Եթե չունեք ՀՀ ոստիկանության վկայական, ապա որպես օգտանուն պետք է ներմուծել հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ` ՀԾՀ), եթե չի տրամադրվել այլ օգտանուն:
3. Եթե առաջին անգամ եք մուտք գործում համակարգ կամ Ձեր գաղտնաբառը զրոյացվել է (reset), ապա գաղտնաբառը հանդիսանում է Ձեր ՀԾՀ-ն:
4. Առաջին անգամ կամ գաղտնաբառը զրոյացնելուց հետո մուտք գործելիս կբացվի գաղտնաբառի ստեղծման էջը (տես նկ. 3.2), որտեղ նոր գաղտնաբառը գրելուց և հաստատելուց հետո կբացվի գլխավոր էջը:
5. Եթե արդեն ստեղծել եք նոր գաղտնաբառ, ապա համակարգ օգտանունով և գաղտնաբառով մուտք գործելուց հետո միանգամից կհայտնվեք գլխավոր էջում:

3. Պարեկի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելը
1. Եթե պարեկին դիմում է քաղաքացին հանցագործության մասին հաղորդում տալու ցանկությամբ, պարեկը վեբ հավելվածի գլխավոր վահանակում ընտրում է «Բանավոր հաղորդման ընդունում» (տես նկ. 3.3):

2. Բացված հաղորդման ընդունման էջում հաղորդում ներկայացնողի անձնական տվյալներ ենթաբաժնում սեղմելով «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ» կոճակը, բացված դիալոգի միջոցով կարող եք նույնականացնել քաղաքացուն (տես նկ. 3.4):

3. Անձի նույնականացման համար լռելյայն նշված է, որ նույնականացվում է ՀՀ քաղաքացի: Եթե անձը ՀՀ քաղաքացի չէ, ապա պետք է հանել «Հայաստանի քաղաքացի է» նշիչը: Վերջինս համակարգի հետ ներկառուցման փուլում է:
4. Եթե փակել եք անձի նույնականացման դիալոգը, ապա այն նորից կարող եք միացնել «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ» կոճակը սեղմելով:
5. «ՈՐՈՆՈՒՄ» կոճակը սեղմելուց հետո նույնականացումը հնարավոր է կատարել անձի անունով և ազգանունով, ինչպես նաև որոնման արդյունքը արագացնելու համար կարելի լրացուցիչ ներմուծել հայրանունը և ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը (տես նկ. 3.5):


6. Դեմքով նույնականացնելու համար պետք է սեղմել «ԴԵՄՔՈՎ» կոճակը, որը կմիացնի համակարգչի տեսախցիկը: Տեսախցիկը պետք է պահել այնպես, որ նույնականացվող անձի դեմքը լինի կադրի մեջ և կադրի մեջ միաժամանակ այլ անձի դեմք չերևա: Նկարելու կոճակը սեղմելուց հետո էկրանին կպատկերվի արված լուսանկարը (տես նկ. 3.6): Անհրաժեշտության դեպքում կարելի է նորից նկարել: Հաստատման կոճակը սեղմելուց հետո կիրականացվի դեմքով անձի փնտրման պրոցեսը, որը կտևի մոտավորապես 4 վայրկյան:


7. Ե՛վ անուն ազգանունով, և՛ դեմքով փնտրելու դեպքում կհայտնվի որոնման արդյունքների ցանկը, որտեղից կարող եք ընտրել նույնականացված անձին (տես նկ. 3.7): Եթե որոնման արդյունքը դատարկ է, կամ ցանկում չկա նույնականացվող անձը, ապա փնտրման տվյալները ճշգրտելուց հետո կարող եք կրկնել փնտրումը: Եթե անձը գտնվում է հետախուզման մեջ, ապա կցուցադրվի համապատասխան զգուշացում:

8. Եթե քաղաքացու անձնական տվյալները նույնականացման միջոցով չեն լրացվել, ապա դրանք կարելի է լրացնել համապատասխան դաշտերում (տես նկ. 3.8):

9. Հասցեների դաշտերը լրացնելու համար կբացվի նկ. 3.9-ում պատկերված հասցեի խմբագրման էջը, որտեղ հնարավոր է հասցեն ընտրել քարտեզից կամ որոնել տեքստի միջոցով: Լրացուցիչ տեղեկատվություն, ինչպիսիք են բնակարանի համարը և տեղանունը, կարող եք լրացնել: Հաստատել կոճակը սեղմելուց հետո հասցեի էջը կփակվի և խմբագրված հասցեն կլրացվի համապատասխան դաշտում:

10. Լրացնելով հաղորդում տվողի առնչությունն իրավախախտմանը կամ պատահարին (տես նկ. 3.10), պետք է տեղեկացնել քաղաքացուն ՀՀ քր. օր. 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

11. Այնուհետև, եթե քաղաքացին համաձայն է, պետք է ստորագրի: Սեղմելով ստորագրության դաշտի վրա կբացվի ստորագրելու դիալոգը (տես նկ. 3.11), որտեղ քաղաքացին պետք է ստորագրի ակտիվ էլեկտրոնային գրիչով (ACTIVE PEN): Անհրաժեշտության դեպքում կարելի է ջնջել և նորից ստորագրել: Հաստատելուց հետո ստորագրությունը կհայտնվի հաղորդման մեջ (տես նկ. 3.12): Եթե քաղաքացին հրաժարվում է ստորագրել, ապա նշել «Քաղաքացին հրաժարվում է ստորագրել» դաշտը և անհրաժեշտության դեպքում հաղորդում ընդունողը կարող է գրել պատճառը բացված դաշտում (տես նկ. 3.13):



12. Իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը, վայրը և ամսաթիվը լրացվում են համապատասխան դաշտերում (տես նկ. 3.14):
13. Հաղորդումը ընդունելուց հետո պարեկը սեղմելով «ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՍՏԱՏՄԱՆ» կոճակը, սպասում է ՕԿԿ հերթապահի կողմից հաստատման:

14. Հաղորդում վերցնողը և հաղորդում տվողը պետք է ստորագրեն (տես նկ. 3.15): Ստորագրելուց հետո պետք է սեղմել «ՍՏԱՆԱԼ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՑԻՉ» կոճակը, որը հաղորդման էջի վերևի մասում կլրացնի հաղորդման հերթական համարը: Քաղաքացին վայրկյանների ընթացքում կստանա կարճ հաղորդագրություն (SMS) և էլ. փոստ հաղորդման ընդունման վերաբերյալ, եթե լրացվել են համապատասխան դաշտերը:
15. Եթե հաղորդում ներկայացնողը պահանջում է ծանուցագրի ֆիզիկական տարբերակը (թղթով), ապա պետք է նշել «Նշում ծանուցագիր ստանալու մասին» դաշտը: Այս պահին ծանուցագիրը տպելու գործառույթը ներկառուցման փուլում է:

4. Քաղաքացուց բանավոր հաղորդում ընդունելը ոստիկանության իրավասու
ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում
1. Եթե իրավասու ստորաբաժանում կամ տարածքային մարմին դիմում է քաղաքացին հաղորդում տալու ցանկությամբ, հերթապահ մասի հերթափոխի ավագը վեբ հավելվածի գլխավոր վահանակում ընտրում է «Բանավոր հաղորդման ընդունում»: Համակարգը գլխավոր վահանակից «Բանավոր հաղորդման ընդունում» հրահանգն ինքնաշխատ ձևակերպում է որպես «Ահազանգ»` «Հաղորդումը» փոխկապակցելով ահազանգին:
2. Բացված հաղորդման ընդունման էջում (տես նկ. 4.1) դեպքի տվյալների ենթաբաժնում լրացվում է ահազանգի տեսակը, դեպքի վայրի հասցեն:
3. Դեպքի համառոտ նկարագրություն դաշտում ազատ շարադրանքով համառոտ մուտքագրում է քաղաքացու կողմից հայտնած տեղեկությունները:

4. Հաղորդում ներկայացնողի անձնական տվյալներ ենթաբաժնում սեղմելով «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ» կոճակը, բացված դիալոգի միջոցով կարող եք նույնականացնել քաղաքացուն (տես նկ. 4.2): Անձի նույնականացման համար լռելյայն նշված է, որ նույնականացվում է ՀՀ քաղաքացի: Եթե անձը ՀՀ քաղաքացի չէ, ապա պետք է հանել «Հայաստանի քաղաքացի է» նշիչը: Վերջինս համակարգի հետ ներկառուցման փուլում է: Եթե փակել եք անձի նույնականացման դիալոգը, ապա այն նորից կարող եք միացնել «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ» կոճակը սեղմելով:
5. «ՈՐՈՆՈՒՄ» կոճակը սեղմելուց հետո նույնականացումը հնարավոր է կատարել անձի անունով և ազգանունով, ինչպես նաև որոնման արդյունքը արագացնելու համար կարելի լրացուցիչ ներմուծել հայրանունը և ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը (տես նկ. 4.3):


6. Դեմքով նույնականացնելու համար պետք է սեղմել «ԴԵՄՔՈՎ» կոճակը, որը կմիացնի համակարգչի տեսախցիկը: Տեսախցիկը պետք է պահել այնպես, որ նույնականացվող անձի դեմքը լինի կադրի մեջ և կադրի մեջ միաժամանակ այլ անձի դեմք չերևա: Նկարելու կոճակը սեղմելուց հետո էկրանին կպատկերվի արված լուսանկարը (տես նկ. 4.4): Անհրաժեշտության դեպքում կարելի է նորից նկարել: Հաստատման կոճակը սեղմելուց հետո կիրականացվի դեմքով անձի փնտրման պրոցեսը, որը կտևի մոտավորապես 4 վայրկյան:


7. Ե՛վ անուն ազգանունով, և՛ դեմքով փնտրելու դեպքում կհայտնվի որոնման արդյունքների ցանկը, որտեղից կարող եք ընտրել նույնականացված անձին (տես նկ. 4.5): Եթե որոնման արդյունքը դատարկ է, կամ ցանկում չկա նույնականացվող անձը, ապա փնտրման տվյալները ճշգրտելուց հետո կարող եք կրկնել փնտրումը: Եթե անձը գտնվում է հետախուզման մեջ, ապա կցուցադրվի համապատասխան զգուշացում:

8. Եթե քաղաքացու անձնական տվյալները նույնականացման միջոցով չեն լրացվել, ապա դրանք կարելի է լրացնել համապատասխան դաշտերում (տես նկ. 4.1):

9. Հասցեների դաշտերը լրացնելու համար կբացվի նկ. 4.7-ում պատկերված հասցեի խմբագրման էջը, որտեղ հնարավոր է հասցեն ընտրել քարտեզից կամ որոնել տեքստի միջոցով: Լրացուցիչ տեղեկատվություն, ինչպիսիք են բնակարանի համարը և տեղանունը, կարող եք լրացնել: Հաստատել կոճակը սեղմելուց հետո հասցեի էջը կփակվի և խմբագրված հասցեն կլրացվի համապատասխան դաշտում:
10. Թարգմանչի և/կամ օրինական ներկայացուցիչի ներկայության դեպքում կարող եք սեղմել համապատասխանաբար «ԱՎԵԼԱՑՆԵԼ ԹԱՐԳՄԱՆԻՉ» և «ԱՎԵԼԱՑՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ» կոճակները նրանց անձնական տվյալները ներմուծելու համար, որը չի տարբերվում հաղորդում տվողի անձնական տվյալների մուտքագրման գործընթացից:
11. Անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո հերթապահ մասի հերթափոխի ավագը սեղմում է «ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ» (տես նկ. 4.1) կոճակը, որից հետո համակարգը ծանուցում է ստորաբաժանման պետի (պատասխանատուի) վեբ հավելվածում (տես նկ. 4.8):

12. Ստորաբաժանման պետը (պատասխանատուն), վերադասության կանոնների համաձայն, հանձնարարում է հաղորդում ընդունելու գործընթացը` ստորաբաժանման հաստիքացանկից ընտրելով ծառայողին, իսկ տեղեկատուից` կոնկրետ հանձնարարականը`
. Սահմանված կարգով լուծել ընթացքը
. Քաղաքացուց ընդունել հաղորդում
13. Ծառայողը, ում մակագրվել է իրականացնել հաղորդումը քննարկելու գործընթացը, իր աշխատանքային ձևաչափում ընտրում է ահազանգը և ծանոթանում (տես նկ. 4.9), այնուհետև սեղմում է «+ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ»:

14. Եթե քաղաքացու կողմից ներկայացվող տեղեկությունները ակնհայտ հանցագործության մասին չեն, առաջարկում է ներկայացնել դիմում սահմանված կարգով` տալով համապատասխան բանավոր պարզաբանում: Եթե քաղաքացին համաձայնվում է դիմում ներկայացնել կամ հրաժարվում է ՀՀ ոստիկանություն դիմելուց, սեղմում է «ԱՅԼ ԸՆԹԱՑՔ» ստեղնը (տես նկ. 4.10): Բացված պատուհանում տեղեկատուից ընտրում է`
. «Կներկայացվի դիմում»
. «Հրաժարվում է դիմելուց»
. «Տեղեկությունների հայտնում միայն բանավոր»
15. Ավարտելով քաղաքացու հետ գործողությունները` ընտրում է «+ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ» ստեղնը և գործողությունները շարունակում դրանից բխող հերթականությամբ:
16. Եթե քաղաքացու կողմից ներկայացվող տեղեկությունները հանցագործության մասին են, ապա լրացվում է արձանագրության ձևաթուղթը: Արձանագրության հասցեն լրացվում է ինքնաշխատ հիմք ընդունելով բաժնի հասցեն: Նույնականացված անձանց տվյալները նույնպես լրացվում են ինքնաշխատ:

17. Լրացնելով հաղորդում տվողի առնչությունն իրավախախտմանը կամ պատահարին` (տես նկ. 4.11), պետք է տեղեկացնել քաղաքացուն ՀՀ քր. օր. 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

18. Այնուհետև, եթե քաղաքացին համաձայն է, պետք է ստորագրի: Սեղմելով ստորագրության դաշտի վրա` կբացվի ստորագրելու դիալոգը (տես նկ. 4.12), որտեղ քաղաքացին պետք է ստորագրի ակտիվ էլեկտրոնային գրիչով (ACTIVE PEN): Անհրաժեշտության դեպքում կարելի է ջնջել և նորից ստորագրել: Հաստատելուց հետո ստորագրությունը կհայտնվի հաղորդման մեջ (տես նկ. 4.13):


19. Եթե քաղաքացին հրաժարվում է ստորագրել, ապա նշել «Քաղաքացին հրաժարվում է ստորագրել» դաշտը և անհրաժեշտության դեպքում հաղորդում ընդունողը կարող է գրել պատճառը բացված դաշտում (տես նկ. 4.14):

20. Իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը, վայրը և ամսաթիվը լրացվում են համապատասխան դաշտերում (տես նկ. 4.15):

21. Հաղորդում վերցնողը և հաղորդում տվողը պետք է ստորագրեն (տես նկ. 4.15): Ստորագրելուց հետո պետք է սեղմել «ՍՏԱՆԱԼ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՑԻՉ» կոճակը, որը հաղորդման էջի վերևի մասում կլրացնի հաղորդման հերթական համարը: Քաղաքացին վայրկյանների ընթացքում կստանա կարճ հաղորդագրություն (SMS) և էլ. փոստ հաղորդման ընդունման վերաբերյալ, եթե լրացվել են համապատասխան դաշտերը:
22. Էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը օգտագործվում են քաղաքացուն հաղորդման վերաբերյալ ծանուցելու համար: Եթե հաղորդում ներկայացնողը պահանջում է ծանուցագրի ֆիզիկական տարբերակը (թղթով), ապա պետք է նշել «Նշում ծանուցագիր ստանալու մասին» դաշտը: Այս պահին ծանուցագիրը տպելու գործառույթը ներկառուցման փուլում է:
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 21 հունիսի 2021 թվական: