Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 օգոստոսի 2000 թվականի N 37

 

6. «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին (կցվում է):

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հայեցակարգի նպատակն է հիմնավորել նշված օրենքի ընդունումը, որը կսահմանի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովագրության համակարգի իրավական, կազմակերպական հիմքերը և դրանց ֆինանսավորման աղբյուրները` տարանջատելով պետական կենսաթոշակային ապահովությունը և պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը:

Հայաստանի Հանրապետությունում կատարված հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական արմատական փոփոխությունները պահանջում են համարժեք փոփոխություններ իրականացնել նաև սոցիալական ոլորտում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 734 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթները», որով սահմանվել է կենսաթոշակային համակարգի կատարելագործման հիմնական նպատակներն ու սկզբունքները, համակարգի զարգացման ուղղությունները և դրանց իրականացման միջոցառումների համալիր ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Վերը նշված սահմանադրական նորմի իրականացումն այս կամ այն կերպ կարգավորված է ՀՀ-ում գործող մի շարք օրենքներով և կառավարության որոշումներով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է մի շարք օրենքներով: Դրանք են.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին», «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Դատախազության մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքները: Վերը թվարկված օրենքների հիմքում դրված են կենսաթոշակների հաշվարկման տարբեր կարգեր: Այսպես, 1996 թ. հունվարից ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» և «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված կենսաթոշակները հաշվարկվում են բազային կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելումը: Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են բազային կենսաթոշակի չափը` 2860 դրամ, աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափը` մինչև 15 տարվա ստաժի դեպքում` յուրաքանչյուր տարվա համար 35 դրամ, 15-30 տարվա ստաժի դեպքում` 45 դրամ, 30-ից ավելիի դեպքում` 60 դրամ: Բազային կենսաթոշակը կազմում է միջին կենսաթոշակի 62%-ը, որի պատճառով 60 տարվա ստաժ ունեցող կենսաթոշակառուի և ընդհանրապես չաշխատած կենսաթոշակառուի կենսաթոշակների տարբերությունը կազմում է ընդամենը 3000 դրամ: Ներկայումս կենսաթոշակի անցնելու տարիքը յուրաքանչյուր տարի բարձրացվում է 6 ամսով` վերջնական արդյունքում տղամարդկանց համար 2005 թվականին սահմանելով 65 տարի, իսկ կանանց համար 2011 թվականին` 63:

Հայաստանի Հանրապետության կառավարության մարտավարությունը ներկա փուլում հանգում է սոցիալական արդարության սկզբունքի պահպանմամբ կենսաթոշակների չափերի բարձրացմանը, որը պետք է իրականացնել ի հաշիվ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելումների` նպատակ ունենալով մեծացնել կենսաթոշակների չափերի տարբերակումը: Վերջին տարիներին կենսաթոշակառուների թվաքանակի շարժն ունի նվազման միտում: Այսպես. 1995 թ. այն կազմել է շուրջ 642.000 մարդ, 1996 թ.-ին` 607.000, 1997 թ.-ին 587.700, 1998 թ.-ին` 578.500, 1999 թ.-ին` 569.300: Միջին կենսաթոշակի չափը կազմում է 4500 դրամ:

Պետական կենսաթոշակային ապահովությունը պետական բյուջեի հաշվին երաշխավորում է այն քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում, որոնք ընդգրկված չեն պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում:

Պետական կենսաթոշակային ապահովությունից կենսաթոշակի իրավունք ունեն.

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:

- այն անձինք, ովքեր այս կամ այն պատճառով չեն բերել աշխատանքային կենսաթոշակի իրավունք (սոցիալական կենսաթոշակ): Նշված կենսաթոշակը պետության երաշխավորած նյութական ապահովությունն է ծերերին, հաշմանդամներին և կերակրողին կորցրած ընտանիքներին: Նախատեսվում է նշված սոցիալական կենսաթոշակները վերանվանել որպես ծերության նպաստ` ներառելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծում, որոնք կֆինանսավորվեն պետբյուջեից:

Պետական կենսաթոշակային ապահովությունից կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի տեսակները, նշանակման պայմաններն ու վճարման կարգը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով: Վերը նշված անձինք օգտվում են առանձնահատուկ կենսաթոշակային ապահովությունից` կապված պետության համար կարևոր գործառույթների կատարման, ինչպես նաև` մասնագիտական մեծ ռիսկի հետ: «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակներ նշանակվում են դրամական բավարարման 70%-ի չափով և տրվում են մի շարք հավելումներ: Դրանց վճարումն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքով հաշվարկվող կենսաթոշակի չափը մի քանի անգամ ցածր է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով հաշվարկվող կենսաթոշակից:

1999 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած «Դատավորի կարգավիճակի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքները պարունակում են մեկական հոդվածներ, որոնցով չի կարգավորվում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու նորմերը:

Ելնելով վերոնշյալից` անհրաժեշտ է այդ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ` դատավորներին, դատախազներին և քննիչներին ընդգրկելով պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում:

 

ԳԼՈՒԽ 1. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունն ապահովագրական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը` տարիքի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ապահովագրական (աշխատանքային) կենսաթոշակի իրավունք ունեն գործատուների հետ (անկախ կազմակերպա-իրավական ձևից) աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), մտավոր գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք:

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության սկզբունքներն են.

1. պարտադիր կենսաթոշակային ապահովագրության բյուջեին գործատուների և վարձու աշխատողների կողմից ապահովագրական վճարների կատարման պարտադիրությունը,

2. կենսաթոշակի չափի հաշվարկման համար` ապահովագրական վճարների և աշխատանքային ստաժի անհատական (անձնավորված) հաշվառումը,

3. ՀՀ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության բյուջեի հաշվեկշռվածությունը,

4. ՀՀ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության բյուջեի միջոցները պետական սեփականություն են, դրանք չեն մտնում այլ բյուջեների մեջ և չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

5. «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունից կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի տեսակները, նշանակման պայմաններն ու վճարման կարգը: Ըստ այդ օրենքի`

1. տարիքային (աշխատանքային) կենսաթոշակի իրավունք կունենան.

ա) ՀՀ բոլոր քաղաքացիները` համապատասխան տարիքի և պարտադիր ապահովագրական ստաժի առկայության դեպքում: Պարտադիր ապահովագրական ստաժի պակաս ապահովագրական ստաժ ունեցող անձանց կենսաթոշակի չափը կորոշվի` ելնելով փաստացի ստաժի տևողությունից, սակայն համապատասխան կատեգորիաների անձանց համար նախատեսված ծերության սոցիալական նպաստից ոչ պակաս: Ապահովագրական ստաժի մեջ կընդգրկվեն աշխատանքային գործունեության միայն այն ժամանակաշրջանները, որոնց ընթացքում կատարվել են ապահովագրական վճարներ: Միաժամանակ, անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել այն ոչ ապահովագրական ժամանակաշրջանները, որոնք ենթակա են ընդգրկվելու պարտադիր ապահովագրական ստաժի մեջ (պարտադիր զինվորական ծառայության, երեխայի խնամքի համար նախատեսվող ժամանակաշրջանները և այլն), ինչպես նաև որոշել նշված ժամանակաշրջանների ֆինանսավորման աղբյուրները:

բ) 4 և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ երեխա խնամած կանայք` համապատասխան տարիքի և պարտադիր ապահովագրական ստաժի առկայության դեպքում:

գ) Հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտներ) հիվանդ քաղաքացիները` համապատասխան տարիքի և պարտադիր ապահովագրական ստաժի առկայության դեպքում:

2. Հաշմանդամության կենսաթոշակի իրավունք կունենան.

ա) աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչված անձինք` համապատասխան տարիքի և ապահովագրական ստաժի առկայության դեպքում:

բ) Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձինք` անկախ տարիքից և ապահովագրական ստաժից: Համապատասխան օրենքի ընդունումից և այն որպես առանձին ապահովագրության տեսակ սահմանելուց հետո նշված կենսաթոշակի նոր նշանակում չի կատարվի; Այն կփոխարինվի համապատասխան ապահովագրական հատուցմամբ:

3. Կերակրողին կորցնելու դեպքում ապահովագրական կենսաթոշակի իրավունք կունենան ընտանիքի այն անաշխատունակ անդամները, որոնք գտնվել են նրա խնամքի տակ:

Ներկայումս գործող արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակների փոխարեն կներդրվի փոխհատուցման համակարգ, որը կնախատեսի առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու, ինչպես նաև երկարամյա ծառայության համար տրվող կենսաթոշակները փոխարինել փոխհատուցման համակարգով, աստիճանաբար վերացնելով այն: Սա նախ և առաջ բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ ներկայումս ավելի քան 2700 մասնագիտություն իրավունք է տալիս ժամկետից շուտ (սահմանված տարիքից 5,10 և ավելի տարի շուտ) կենսաթոշակի անցնելու, որի ֆինանսավորման բեռն ընկնում է մնացած քաղաքացիների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված մասնագիտություններով աշխատողների մեծ մասն ընդգրկված է այնպիսի ձեռնարկություններում (կազմակերպություններում), որոնք թողարկում են մրցունակ արտադրանք (ծառայություն), և հարցին համալիր լուծում տալու նպատակով, օրենսդրությամբ կնախատեսվի լրացուցիչ կենսաթոշակային ապահովագրության իրականացումը` գործատուների և վարձու աշխատողների միջև կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կնքման միջոցով: Ինչ վերաբերվում է կրթության և մշակույթի բնագավառի առանձին աշխատողներին, ապա այստեղ պետք է գնալ աշխատավարձերի բարձրացման ճանապարհով:

Ապահովագրական (աշխատանքային) կենսաթոշակը կազմված կլինի երեք մասից:

Առաջին - բազային կենսաթոշակ, որը պետությունը երաշխավորում է այն անձանց, ովքեր ունեն պահանջվող ապահովագրական ստաժ և բավարարում են կենսաթոշակի նշանակման ապահովագրական սկզբունքներից բխող մնացած պահանջներին:

Երկրորդ - ապահովագրական կենսաթոշակ, որը կձևավորվի մինչև անհատական հաշվառման ներդրումը ապահովագրական համարվող աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա արժեքից:

Երրորդ - ապահովագրական կենսաթոշակ, անհատական հաշվառման ներդրումից հետո, որի չափը կորոշվի` ելնելով անհատական հաշվառման ներդրումից հետո կուտակված ապահովագրական վճարների և կենսաթոշակի անցնելու պահին կյանքի սպասվելիք միջին տևողության (ամիսներով) հարաբերությունից:

Կենսաթոշակների հաշվարկման նման կարգը կգործի անցման շրջանում և հնարավորություն կտա նոր համակարգում սահուն ձևով ընդգրկել բոլոր քաղաքացիներին (այդ թվում ներկա կենսաթոշակառուներին), հաշվի առնելով նրանց, աշխատանքային ստաժը մինչև անհատական ապահովագրական հաշիվների ներդրումը և դրանից հետո կուտակված ապահովագրական վճարները:

Պայմանական կուտակման անհատական հաշիվներին լրիվ անցման դեպքում մինչև անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումը ապահովագրական կենսաթոշակի նշանակումը և վճարումը կդադարեցվի:

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ֆինանսական միջոցներն ուղղվելու են բազային կենսաթոշակի ձևավորմանը, ինչպես նաև տարիքային, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակների ֆինանսավորմանը:

Յուրաքանչյուր անձի համար կենսաթոշակային տարիքի լրանալու դեպքում կենսաթոշակի գնալու որոշում կընդունվի անհատապես: Ապահովագրվածը հնարավորություն կունենա ընտրելու կենսաթոշակի անցնելու տարիքը, որը կհանդիսանա աշխատանքային ստաժն ավելացնելու և, հետևաբար, ապագա կենսաթոշակի չափը բարձրացնելու խթան:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Կենսաթոշակային ապահովագրության համակարգի կառավարումը կիրականացվի եռակողմ ներկայացուցչության սկզբունքով: Անհրաժեշտ է իրականացնել պատասխանատվության բաշխում կենսաթոշակային համակարգի մասնակիցների` պետության, գործատուների և վարձու աշխատողների միջև, որը հնարավորություն կտա ակտիվացնել համագործակցությունը նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների և պետության միջև:

Կենսաթոշակային ոլորտը կանոնակարգելու, ՀՀ բոլոր քաղաքացիների համար միասնական քաղաքականություն վարելու և այդ քաղաքականությունը լավագույնս և արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող մեկ մարմին, որն օժտված կլինի համապատասխան լիազորություններով և կկրի ամբողջ պատասխանատվությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2000
N 37
Արձանագրային որոշում