(Սույն որոշումը Կոտայքի և Սյունիքի մարզերի մասով փոփոխվելու է
2025 թվականի մարտի 17-ից, իսկ մյուս մարզերի և Երևան քաղաքի մասով
ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
ԻՐՏԵԿ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԿԱՏԱՐԵԼ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2021 թվականի N 1169-Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգով հաշվարկվող հաստատության տարեկան ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նպատակով կարող է կիրառվել համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում` նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգի 2-րդ կետով նախատեսված խմբերի սաների համար ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ կետում նշված ժամանակացույցով.
2) սույն որոշման 1-ին կետով սահմանվող կարգի կիրառման արդյունքում պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի վարձատրության չափի ավելացման հնարավորության առաջացման դեպքում մանկավարժական կազմի վարձատրության չափի ավելացումն իրականացվում է վերջիններիս ատեստավորման արդյունքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1169-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն)` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:
2. Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ խմբերի սաների համար`
1) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից` ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները.
3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից` զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները:
3. Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնելու նպատակով հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը հավաքագրում և բյուջետային հայտ կազմելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն` սույն կարգի 2-րդ կետում նշված խմբերում ընդգրկվող սաների մասին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 4-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պլանավորում և համապատասխան միջոցներ է նախատեսում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա նախագծում:
6. Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը որոշվում է տվյալ հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, որը հաշվարկվում է հունվարի 1-ի քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի:
7. Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՀՏֆ = (ԱԱֆ + ԲԼլ) x 12 + Պծ + ՍԳ
որտեղ`
ՀՏֆ-ն հաստատության տարեկան ֆինանսավորման չափն է,
ԱԱֆ-ն հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,
ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,
Պծ-ն հաստատության պահպանման տարեկան ծախսերն են,
ՍԳ-ն սննդի տարեկան գումարն է:
8. Հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը (ԱԱֆ-ն) հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներին համապատասխան` հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով հետևյալ գործակիցները`
._____________________________________________________________________.
|Վարձատրության խումբը |Վարձատրության խմբի |
| |համար կիրառվող գործակիցը |
|_______________________________________|_____________________________|
| 1 | 1.0000 |
|_______________________________________|_____________________________|
| 2 | 1.1109 |
|_______________________________________|_____________________________|
| 3 | 1.2219 |
|_______________________________________|_____________________________|
| 4 | 1.2347 |
|_______________________________________|_____________________________|
| 5 | 1.3183 |
._____________________________________________________________________.
1) հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձը ընդունվում է հավասար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին.
2) 5-10 խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է նաև 1,15 գործակիցը, 10 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար` նաև 1,3 գործակիցը.
3) 10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքրոջ մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է նաև 1,15 գործակիցը:
9. Բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը (ԲԼլ-ն) որոշվում է տվյալ հաստատության աշխատակիցների դրույքների թվի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի արտադրյալով:
10. Հաստատության պահպանման տարեկան ծախսերը (Պծ-ն) ներառում են հետևյալ ծախսատեսակները`
1) էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).
2) բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).
3) այլ տիպի ջեռուցման ծախսեր, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք են ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը.
4) ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).
5) աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին.
6) կապի ծառայությունների (ներառյալ համացանցը) ծախսերը, որը հաշվարկվում է`
մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար` տարեկան 129,2 հազ. դրամ,
5-10 խումբ ունեցող հաստատությունների համար` տարեկան 139,5 հազ. դրամ,
10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար` տարեկան 170,6 հազ. դրամ.
7) տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 147,0 հազ. դրամի չափով.
8) գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով.
9) ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է`
կրտսեր խմբերի համար` տարեկան 72,5 հազ. դրամի չափով,
միջին խմբերի համար` տարեկան 117,2 հազ. դրամի չափով,
ավագ խմբերի համար` տարեկան 304,8 հազ. դրամի չափով.
10) բժշկական ծառայությունների, ինչպես նաև դեղորայքի և բժշկական նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ. դրամի չափով.
11) համակարգչային ծրագրերի և կայքի սպասարկման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է տարեկան 105,0 հազ. դրամի չափով.
12) տարեկան գույքագրման, հիմնական միջոցների վերագնահատման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է`
մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար` տարեկան 30,0 հազ. դրամ,
5-10 խումբ ունեցող հաստատությունների համար` տարեկան 50,0 հազ. դրամ, 10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար` տարեկան 80,0 հազ. դրամ.
13) այլ ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ. դրամի չափով:
11. Հաստատությանը հատկացվող սննդի տարեկան գումարը (ՍԳ-ն) հավասար է հաստատության սաների քանակի, տարվա ընթացքում սննդի հատկացման օրերի թվի և 420 դրամի արտադրյալին, որը տարվա արդյունքներով ենթակա է ճշգրտման` հիմք ընդունելով սաների փաստացի հաճախումները:
12. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաներ ունեցող հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակով, որը հավասար է`
1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 10 տոկոսից փոքր լինելու դեպքում` սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 1 տոկոսին.
2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 10-30 տոկոս լինելու դեպքում` հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 2,5 տոկոսին.
3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 30 տոկոսից ավելի լինելու դեպքում` հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 4 տոկոսին:
13. Ընդ որում`
1) հաստատությունում չորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում` սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը.
2) հաստատությունում քսանչորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում` սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 2,5 գործակիցը.
3) հաստատությունում վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանված լինելու դեպքում սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 1,2 գործակիցը:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2021 թվական: