Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴ ...

 

 

020.0253.210700

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման վարկի (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի մայիսի 19-ին` Վաշինգտոնում, համաձայն որի Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է 14.900.000 փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումար տրամադրել` Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և տնտեսական հիմնական ենթակառուցվածքների հետագա բարելավումը ֆինանսավորելու նպատակով, մասնավորապես.

- դպրոցների, առողջապահական հիմնարկների, ջրամատակարարման, ջեռուցման, ոռոգման, կոյուղու համակարգերի և այլ ենթակառուցվածքների վերակառուցման և այդ նպատակով միկրոծրագրերի նախագծման և վերահսկման իրականացում,

- տեխնիկական օժանդակության ցուցաբերում ենթակառուցվածքների վերակառուցումն իրականացնող սուբյեկտներին և տեղական կապալառուներին,

- ֆինանսների, բյուջետավորման և սեփականության կառավարման բնագավառներում տեղական իշխանություններին, ինչպես նաև ջրօգտագործման ընկերություններին, դպրոցական խորհուրդներին, համատիրություններին տեխնիկական օժանդակության և ուսուցման ապահովում,

- կառուցվածքային աջակցություն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին:

Վերոհիշյալ ծրագրային խնդիրների լուծման վերջնական ժամկետն ըստ համաձայնագրի 2005 թվականի հունիսի 30-ն է:

Համաձայնագրին կից ժամանակացույցերում նախատեսված են անհրաժեշտ աշխատանքների և ծառայությունների համար ծախսումները և դրանց իրականացման կարգը:

Միջազգային զարգացման ընկերակցության կողմից վարկը տրամադրվում է ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսադրույքով, որը Հայաստանի Հանրապետությունը պետք է պարբերաբար վճարի վարկի չառհանված հիմնագումարի դիմաց, ինչպես նաև սպասարկման վճարի պայմանով` վարկի հիմնագումարի առհանումների և մնացորդային գումարների դիմաց` տարեկան 0,75%-ի չափով:

Համաձայնագրի 2 հոդվածում նախատեսված են պարտագումարի և սպասարկման վարձի վճարման կարգն ու պայմանները:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին պարտավորվում է համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման համար ապահովել անհրաժեշտ ֆինանսներ, սարքավորումներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ, այդ ծրագրի իրականացմանն ուղղված պլանի ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ապահովել ֆինանսական հաշվառման, հաշվետվությունների և վերահսկման անհրաժեշտ համակարգ:

Նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարելու վերաբերյալ:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի նախապատրաստման ուղղությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաև պարզեց.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի նախապատրաստմանն օժանդակելու նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը 1999 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված ճապոնական դրամաշնորհի TF 025579 համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել 494.800 ԱՄՆ-ի դոլար գումար, որն ըստ դրամաշնորհի համաձայնագրի և գործում առկա տեղեկանքի ծախսվել է հետևյալ բնագավառներում.

- իշխանության տեղական մարմինների գործառույթներին առնչվող խնդիրների ուսումնասիրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում,

- փոքր ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրների լուծմանն աջակցություն, մասնավորապես` վարչական, հարկային ու ֆինանսավարկային բնագավառներում, և համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցում: Նշված աշխատանքներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշմամբ նախատեսված կարգով և կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 162 որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման վարկի (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 հուլիսի 2000 թ.

ՍԴՈ-253

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.07.2000
N ՍԴՈ-253
Որոշում