Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 05 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

020.0254.260700

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 05 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի,

պատասխանող կողմի` Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Մանուկյանի, հանձնաժողովի անդամ Արշակ Արզիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ի վերաքվեարկության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները և հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովը, 2000 թվականի հուլիսի 11-ին ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ի վերաքվեարկության արդյունքները, որոշում է կայացրել այդ ընտրատարածքում պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին:

Որոշումը կայացնելիս` Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովը հիմք է ընդունել իր կողմից կազմված ամփոփիչ արձանագրությունը (առ 11.07.2000 թ.) ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ի վերաքվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ, որը կազմվել է թիվ 05 ընտրատարածքի ՏԸՀ-ների կողմից ներկայացված տեղամասային ամփոփիչ արձանագրությունների, ինչպես նաև ԵՔԸՀ-ի կողմից 2000 թ. հուլիսի 10-ին կատարված թվով հինգ ընտրատեղամասերի ընտրական փաստաթղթերի փաստացի ստուգումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա:

ԵՔԸՀ-ի կողմից կազմված ամփոփիչ արձանագրությունը (առ 11.07.2000 թ.) տարբերվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված` քվեարկությունների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունից նրանով, որ ԵՔԸՀ-ի կողմից ստուգումների արդյունքներով թիվ 0061 ընտրատեղամասում արձանագրվել է մարված թվով 600 քվեաթերթիկի պակաս, որը և դրվել է անճշտությունների հաշվարկի հիմքում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած վերաքվեարկությանը մասնակցել են պատգամավորության թեկնածուներ Կիմ Բալայանը, Եղիա Շամշյանը, Զենիկ Սարգսյանը և Վազգեն Սաֆարյանը:

Քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Կիմ Բալայան-2605, Եղիա Շամշյան-2214, Զենիկ Սարգսյան-528, Վազգեն Սաֆարյան-1018:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կին Բալայանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում անընդունելի է համարում Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի վերոհիշյալ որոշումը, խնդրում է այն անվավեր ճանաչել և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած վերաքվեարկության արդյունքում իրն ընտրված պատգամավոր համարել:

Որպես իր խնդրանքը հիմնավորող փաստարկ` դիմումատուն նշում է, որ 05 ընտրատարածքի թիվ 0061 ընտրական տեղամասում վերաքվեարկության ամփոփիչ փաստաթղթերից թվով 600 չօգտագործված քվեաթերթիկների անհետացումը չէր կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա, քանի որ նշված քվեաթերթիկներն անհետացել են թիվ 0061 ընտրական տեղամասում դրանց մարումից հետո, և, բացի դրանից, նշում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունն ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանց հատուկ կարծիքի:

Թիվ 05 ընտրատարածքի թիվ 0061 ընտրական տեղամասում վերաքվեարկության ամփոփիչ փաստաթղթերից թվով 600 չօգտագործված և մարված քվեաթերթիկների անհետացման, ինչպես նաև Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների անտեսման հարցերով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանը 2000 թվականի հուլիսի 13-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, իսկ թիվ 0061 ընտրական տեղամասում վերաքվեարկության արդյունքների ամփոփումից հետո թվով 600 մարված քվեաթերթիկների անհետանալու փաստը հաստատելու և Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 2000 թվականի հուլիսի 10-ի ամփոփիչ արձանագրություններով գրանցված անճշտությունների չափն անվավեր ճանաչելու հարցերով` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

4. ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկանքի համաձայն թիվ 05 ընտրատարածքի թիվ 0061 ընտրական տեղամասում 2000 թվականի հուլիսի 9-ին կայացած վերաքվեարկության արդյունքները պարունակող փաստաթղթերից թվով 600 չօգտագործված և մարված քվեաթերթիկների անհետացման կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133.1. հոդվածի հատկանիշներով 2000 թվականի հուլիսի 17-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ըստ դատախազության հաղորդման` փորձագիտական եզրակացությամբ հիմնավորվել է, որ 2000 թվականի հուլիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում վերաքվեարկության ավարտից` ժամը 20.00-ից հետո թիվ 0061 ընտրատեղամասում կատարվել է թվով 2308 չօգտագործված քվեաթերթիկների մարում, այնուհետև նոր միայն տեղի է ունեցել 600 մարված քվեաթերթիկների հափշտակում:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2000 թվականի թիվ 2-2097 գործով կայացրած վճռով մասնակիորեն բավարարվել է պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի դիմումը` թիվ 0061 ընտրատեղամասում վերաքվեարկության արդյունքների ամփոփումից հետո թվով 600 մարված քվեաթերթիկների անհետացման փաստը հաստատելու մասով:

6. Պատասխանող կողմը գտնում է, որ ԵՔԸՀ-ն գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, հաշվի է առել իր կողմից կատարված ստուգումների արդյունքները և այն հանգամանքը, որ թիվ 0061 ընտրատեղամասում չօգտագործված քվեաթերթիկները սահմանված կարգով չեն մարվել:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԵՔԸՀ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց հիմնավորումների պատշաճ շարադրման:

Իր հերթին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դիմելով նաև ՀՀ գլխավոր դատախազություն և ստանալով պատասխան տեղի ունեցած օրինախախտման վերաբերյալ, լիարժեք չի իրականացրել ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովման իր լիազորությունները:

8. Հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը, ինչպես նաև սահմանադրական դատարանում գործի քննության արդյունքները, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՏԸՀ-ում քվեարկության արդյունքների ամփոփման նիստում սահմանված կարգով արձանագրությունները կազմելուց հետո մարված քվեաթերթիկների անհետացումը չի կարող անճշտությունների չափի որոշման և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ, կարող է գնահատվել որպես ընտրությունների արդյունքները կեղծելու միջոց, ինչը հնարավոր է դառնում նաև ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի` սահմանադրական դատարանի կողմից բազմիցս մատնանշված թերությունների պատճառով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Բավարարել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի դիմումը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թ. հուլիսի 9-ի վերաքվեարկության արդյունքներով պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը, ընտրված պատգամավոր համարել Կիմ Բալայանին:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 հուլիսի 2000 թ.

ՍԴՈ-254

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.07.2000
N ՍԴՈ-254
Որոշում