ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԱՔԴ/3618/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3618/02/17 2021 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Գ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Մ. Դրմեյան
զեկուցող Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի մարտի 31-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Անահիտ Ավետիսյանի հայցի ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Արծրուն Մելիքսեթյանի և «ԿԱՐԵՆ Z» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի` աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Անահիտ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող հյուրատան վերաբերյալ 15.09.2017 թվականին անցկացված աճուրդը և դրա հիման վրա 15.09.2017 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի ու Արծրուն Մելիքսեթյանի միջև կնքված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել 10.11.2017 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի և Բանկի միջև կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրը, 27.11.2017 թվականին վերը նշված անշարժ գույքի նկատմամբ (որին Երևանի քաղաքապետի 22.11.2017 թվականի թիվ 4153-Ա որոշմամբ տրամադրվել է ք. Երևան, Ն. Զարյան փողոց, թիվ 24/2 հասցեն) Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 09.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Անահիտ Ավետիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 09.09.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները;
Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել Ընկերության վերաբերյալ սնանկության գործով դատարանի 27.08.2015 թվականի «Գույքագրման նպատակով գույքը սնանկության գործով կառավարչին հանձնելու մասին» որոշման առկայությունը:
Վերաքննիչ դատարանը չի մատնանշել որևէ ապացույց և չի նշել որևէ հիմնավորում այն մասին, որ բողոքաբերը երբևէ փորձել է օգտվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասում նշված իր իրավունքից, կամ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար դիմել է սնանկության գործով կառավարչին ու մերժվել է:
Վերաքննիչ դատարանը Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետը խախտելու արդյունքում անտեսել է, որ հենց Անահիտ Ավետիսյանը պետք է ապացուցեր իր վկայակոչած փաստերն այն մասին, որ զրկված է եղել (իրական հնարավորություն չի ունեցել) տեղեկացված լինելու սնանկության վարույթում իր սեփականությունը հանդիսացող գրավի առարկայի վաճառքի և վաճառքի հետ կապված այլ էական պայմանների` աճուրդի օրվա, գնի և այլնի մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Անահիտ Ավետիսյանն իր գործողություններով չարաշահել է իր իրավունքները` դրանով վնաս պատճառելով Բանկին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.09.2019 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանը 09.09.2019 թվականին վճիռ է կայացրել Անահիտ Ավետիսյանի հայցը մերժելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 55-60).
2) սույն գործով վճիռ կայացրած դատավոր Ա. Հովհաննիսյանը չի ստորագրել և չի կնքել վճռի յուրաքանչյուր էջը (հատոր 2-րդ, գ.թ. 55-60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտն ստորագրված և կնքված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին` անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:
Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը:
Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից:
Նախկին օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.
4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Նախկին օրենսգրքով սահմանված իրավական նորմերի վերլուծության արդյունքում նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերին, նշել է, որ վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե՛ս Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով դատավորի կողմից դատական ակտը պատշաճ չստորագրելու իրավական հետևանքներին, արձանագրել է, որ դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի և մյուսների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի համար պարտականություն է սահմանել բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Միևնույն ժամանակ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում ևս ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը կամ հիմքերը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա (դրանց) վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Ընդ որում այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական:
Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտն ստորագրված կամ կնքված չլինելը, որն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:
Այսինքն` եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ նշված հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է անվերապահ բեկանման ոչ միայն այն դեպքում, երբ այդ խախտումը թույլ է տվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, այլ նաև այն դեպքում, երբ այդ խախտումը թույլ է տվել առաջին ատյանի դատարանը, սակայն այն անտեսվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 09.09.2019 թվականին վճիռ է կայացրել Անահիտ Ավետիսյանի հայցը մերժելու մասին: Սույն գործով վճիռ կայացրած դատավոր Ա. Հովհաննիսյանը չի ստորագրել և չի կնքել վճռի յուրաքանչյուր էջը:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Անահիտ Ավետիսյանի ներկայացուցիչը` վերաքննիչ բողոքում չնշելով վերը նշված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի մասին:
Վերաքննիչ դատարանը 17.01.2020 թվականի որոշմամբ Անահիտ Ավետիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 09.09.2019 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել` հայցը բավարարել է` անտեսելով, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքը, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի, 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 365-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի համակարգային վերլուծության արդյունքում պարտավոր էր շեղվել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտը վերանայելու ընդհանուր կանոնից, ու դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից` դատական ակտն անվերապահ բեկանել բացառապես դատական ակտն ստորագրված և կնքված չլինելու հիմքով` առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին` այն համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ:
Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը` դրանում որպես բողոք բերելու հիմքեր նշելով Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածները խախտված լինելը, ինչպես նաև պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.09.2019 թվականի վճռին: Այսինքն` վճռաբեկ բողոքում ևս չի նշվել Դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտման մասին, ինչպես նաև այն մասին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Դատարանի կողմից թույլ տրված այդ խախտումը:
Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Դատարանի 09.09.2019 թվականի վճռի յուրաքանչյուր էջն ստորագրված և կնքված չէ վճիռը կայացրած դատավորի կողմից, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու գործը ՀՀ սնանկության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան
Զեկուցող Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 31 մարտի 2021 թվական: