ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4511/05/19
դատարանի որոշում 2021 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4511/05/19
Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի ապրիլի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` մասնակի` Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների կողմից քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամասում փաստացի օգտագործվող հողատարածքի մասով, Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշումը, որպես հետևանք նույն մասով 04.09.2007 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 118/2-ՊՖ պայմանագիրը և դրա հիման վրա 10.10.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանները պահանջել են մասնակի` Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների կողմից քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամասում փաստացի օգտագործվող հողատարածքի մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշումը, որպես հետևանք նույն մասով անվավեր ճանաչել 04.09.2007 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 118/2-ՊՖ պայմանագիրը և դրա հիման վրա 10.10.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.08.2019 թվականի որոշմամբ Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 54-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Սույն գործով իրավական գնահատման է ենթակա այն հարցը, թե արդյոք վարչական դատավարության կարգով վիճարկման հայց հարուցելու միջոցով վարչական ակտը վերացնելու պահանջ ներկայացնելու դատավարական ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել տվյալ վարչական ակտի մասին տեղեկանալու օրվանից, թե` այն օրվանից, երբ հայցվորին հայտնի է դարձել տվյալ ակտով իր իրավունքների խախտման փաստը:
Թիվ ԵԱԴԴ/1298/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում քննարկվող վարչական ակտի մասին տեղեկանալուց հետո հայցվորները բարեխիղճ և պատշաճ կերպով միջոցներ են ձեռնարկել տվյալ վարչական ակտով իրենց իրավունքների խախտման փաստը պարզելու համար: Մասնավորապես, այդ փաստի բացահայտման նպատակով հայցվոր կողմը դեռևս 2012 թվականին դիմել է Երևանի քաղաքապետարան` զբաղեցրած հողատարածքն իր անվամբ ձևակերպելու հարցը պարզելու նպատակով, որի բավարարումը մերժվել է այլ հիմքով: Այնուհետև, դատարանի կողմից թիվ ԵԱԴԴ/1298/02/11 քաղաքացիական գործով նշանակվել և իրականացվել են թվով 2 դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ, որոնց վերաբերյալ ստացված եզրակացություններով չի հաստատվել հայցվորների զբաղեցրած հողատարածքի` այլ անձին օտարված հողամասի մեջ ընդգրկված լինելու փաստը:
Նշվածից հետևում է, որ հայցվորները գործել են բարեխիղճ և հետևողական, միջոցներ են ձեռնարկել իրենց իրավունքների նկատմամբ վիճարկվող վարչական ակտի ազդեցությունը, այդ ակտով իրենց իրավունքների խախտման փաստը պարզելու նպատակով, սակայն պատշաճ տեղեկատվություն չեն ստացել: Միայն առաջին ատյանի դատարանում թիվ ԵԱԴԴ/1298/02/11 գործի քննությունը տևել է շուրջ յոթ տարի, սակայն պահանջվող փաստերը չեն հաստատվել: Այսինքն` մինչև 2019 թվականի մայիս ամիսը հայցվորները հաստատապես չեն իմացել վիճարկվող վարչական ակտով իրենց իրավունքների խախտման մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 15.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:
Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը):
Սույն գործով Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանները հայցադիմում են ներկայացրել Դատարան` պահանջելով մասնակի` Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների կողմից քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամասում փաստացի օգտագործվող հողատարածքի մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշումը, որպես հետևանք նույն մասով անվավեր ճանաչել 04.09.2007 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 118/2-ՊՓ պայմանագիրը և դրա հիման վրա 10.10.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ հայցվորները միջնորդել են հայցադիմումը Դատարան ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի համարել այն պատճառաբանությամբ, որ հայցվորներն իրենց իրավունքների խախտման, այն է` վիճարկվող վարչական ակտով օտարված հողամասի և իրենց տիրապետության տակ գտնվող հողամասի կոնկրետ մակերեսով համադրելի լինելու փաստը հայտնի է դարձել միայն 16.05.2019 թվականին, ուստի խնդրել են հարգելի ճանաչել Երևանի քաղաքապետարանի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման համար սահմանված դատավարական ժամկետի բաց թողումը և վերականգնել բաց թողնված ժամկետը:
Դատարանը 19.06.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ հայցադիմումի, հայցադիմումին կից փաստաթղթերի, այդ թվում դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցվորներն իրենց կողմից վիճարկվող Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման մասին տեղեկացել են առնվազն 31.10.2011 թվականին հարուցված թիվ ԵԱԴԴ/1298/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում, որում հանդես են եկել որպես պատասխանողներ: Հետևաբար` հայցվորները միջնորդությամբ չեն հիմնավորել Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման մասին տեղեկանալուց հետո երկամսյա ժամկետում օբյեկտիվ, հարգելի պատճառներով, իրենց կամքից անկախ հանգամանքներով վիճարկելու անհնարինությունը (գ.թ. 25-26):
Վերաքննիչ դատարանը, իր 15.08.2019 թվականի որոշմամբ մերժելով Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների վերաքննիչ բողոքը, համաձայնել է Դատարանի վերը նշված եզրահանգմանը, միաժամանակ արձանագրել է, որ հիմնավոր չէ նաև հայցվորների կողմից բերված փաստարկն առ այն, որ հայցը դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտով օտարված հողամասի և իրենց տիրապետության տակ գտնվող հողամասի կոնկրետ մակերեսով համադրելի լինելու փաստը հայտնի դառնալուց հետո` երկամսյա ժամկետում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածն ամրագրել է, որ դատավարական ժամկետի սկիզբ է համարվում վարչական ակտի ուժի մեջ մտնելու, այն է` ակտի մասին իրազեկվելու պահը, ոչ թե վարչական ակտի բնույթի և բովանդակության գնահատման պահը (գ.թ. 61-70):
Մինչդեռ, վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումներին, Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմի» համայնքային կառավարչական հիմնարկի 27.09.2006 թվականի թիվ 28/Հ-209 գրության համաձայն համայնքի ղեկավարն ի պատասխան Սիլվա Հովհաննիսյանի 07.09.2006 թվականի թիվ Հ-209 դիմումի հայտնել է, որ Աջափնյակ համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը Գ-3 թաղամասի նախկին «Երևանշին» ճաշարանին հարող տարածքում 10 X 15 մ հատակագծային չափերով հողամասի վրա տեղադրել տնակ, որպես ժամանակավոր կացարան (գ.թ. 7):
04.09.2007 թվականի թիվ Հ.118/2-ՊՓ պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի (վաճառող) և Էդուարդ Հովհաննիսյանի (գնորդ) միջև, Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման հիման վրա կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել Նազարբեկյան փողոցի թիվ 44/3 հասցեում գտնվող 2836.0 քմ մակերեսով հողամասը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել 8.337.840 ՀՀ դրամ (գ.թ. 15-16):
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի 30.05.2012 թվականի թիվ 04/Հ-2571 գրության համաձայն Երևանի քաղաքապետարան հասցեագրված Նազարբեկյան թաղամաս «Երևանշին» ճաշարանին հարող գտնվող ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման վերաբերյալ դիմումի, դիմումատու Սիլվա Հովհաննիսյանին տեղեկացվել է, որ հարցը ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում չի կարող քննարկվել, քանի որ ուսումնասիրությունից պարզվել է, որ տարածքը գտնվում է նախագծային ճանապարհի մեջ (գ.թ. 22):
Երևանի քաղաքապետարանը 16.05.2019 թվականի թիվ 18-06/2-39537 գրությամբ Նազարբեկյան թաղամաս թիվ 9 և Նազարբեկյան փողոց թիվ 44/3 հասցեների հողամասերի համադրման վերաբերյալ հայտնել է. ներկայացված տարածքի ճշտգրված տեղագրական հանույթի ուսումնասիրությունից պարզվել է, որ Սիլվա Հովհաննիսյանին պատկանող տնակը զբաղեցնում է 676.63 քմ մակերեսով հողամաս, որից 572.38 քմ մակերեսը գտնվում է Էդուարդ Հովհաննիսյանին պատկանող, իսկ 104.25 քմ մակերեսը ներթաղամասային ճանապարհի համար առանձնացված հողամասերի սահմաններում (գ.թ. 8):
Ստորադաս դատարանների համար ժամկետի բաց թողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մերժման հիմք հանդիսացած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/1298/02/11 գործով 29.06.2018 թվականին կայացված վճռով Էդուարդ Հովհաննիսյանի, Սուսաննա Բարսեղյանի վտարման հայցապահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ փորձաքննության եզրակացությամբ չի հիմնավորվել այն փաստի առկայությունը, որ բնության մեջ հենց պատասխանողների (սույն պարագայում նաև Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների) ապօրինի տիրապետության ներքո է գտնվում Էդուարդ Հովհաննիսյանին, Սուսաննա Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը, ինչի արդյունքում չի հիմնավորվել, որ թիվ ԵԱԴԴ/1298/02/11 գործով պատասխանողներն են պարտավոր ազատել և նախկին տեսքի բերել Երևան քաղաքի Աջափնյակ /Գ-3 թաղամասի/ Նազարբեկյան թիվ 44/3 հասցեի 6136.0 քմ հողամասը: Այսինքն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ գործում առկա բոլոր ապացույցների և մասնավորապես հենց վերոգրյալ փաստի առկայությունը կամ բացակայությունը հիմնավորելու համար նշանակված փորձաքննության եզրակացության հետազոտումից հետո վիճելի է մնացել այն փաստի առկայությունը, որ բնության մեջ հենց պատասխանողների (սույն պարագայում նաև Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների) ապօրինի տիրապետության ներքո է գտնվում հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողամասը:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ ստորադաս դատարանների կողմից նշված այն հանգամանքը, որ հայցվորներն իրենց կողմից վիճարկվող Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման մասին տեղեկացել են առնվազն 31.10.2011 թվականին հարուցված թիվ ԵԱԴԴ/1298/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում և չեն հիմնավորել Երևանի քաղաքապետի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման մասին տեղեկանալուց հետո երկամսյա ժամկետում օբյեկտիվ, հարգելի պատճառներով, իրենց կամքից անկախ հանգամանքներով վիճարկելու անհնարինությունը, անհիմն է, քանի որ թիվ ԵԱԴԴ/1298/02/11 քաղաքացիական գործով 29.06.2018 թվականին կայացված վճռից պարզ է դառնում, որ Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների մոտ բացակայում էր վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից այդ վարչական ակտը վիճարկելու իրավունքի կարևոր տարրերից շահագրգիռ լինելու և խախտված իրավունք ունենալու հանգամանքը: Այս առումով ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի 30.05.2012 թվականի թիվ 04/Հ-2571 գրությամբ` Երևանի քաղաքապետարան հասցեագրված Նազարբեկյան թաղամաս «Երևանշին» ճաշարանին հարող տարածքում գտնվող ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման դիմումի վերաբերյալ Սիլվա Հովհաննիսյանը տեղեկացել է, որ վերջինիս հարցը ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում չի կարող քննարկվել, քանի որ ուսումնասիրությունից պարզվել է, որ տարածքը գտնվում է նախագծային ճանապարհի մեջ: Նշված գրությամբ Սիլվա Հովհաննիսյանին չեն տեղեկացրել այն փաստի մասին, որ 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշման հիման վրա հայցվորների զբաղեցրած հողատարածքը մասնակիորեն օտարվել է Էդուարդ Հովհաննիսյանին: Հետևաբար Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների կողմից Երևանի քաղաքապետարանի 08.08.2007 թվականի թիվ 2726-Ա որոշումը վիճարկելու իրավական հնարավորությունն առաջացել է միայն Երևանի քաղաքապետարանի 16.05.2019 թվականի թիվ 18-06/2-39537 գրությունը ստանալուց հետո, որով պարզ է դարձել որ Էդուարդ Հովհաննիսյանին օտարված հողամասի սահմաններում մասնակիորեն ներառված է հայցվորների զբաղեցրած հողատարածքը և այդ հանգամանքով պայմանավորված վարչական ակտը ստանալուց հետո հայցվորները դիմել են իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սիլվա և Դավիթ Հովհաննիսյանների միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 ապրիլի 2021 թվական: