ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԼԴ2/0005/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0005/02/20 2021 թ.
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Կ. Չիլինգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2021 թվականի ապրիլի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 18.11.2019 թվականի թիվ 15-7062/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 18.11.2019 թվականի թիվ 15-7062/19 որոշումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել օրենքով սահմանված կարգով Դատարանի 22.05.2020 թվականին հրապարակված որոշումը 7-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից, քանի որ Դատարանի 22.05.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը Բանկում ստացվել է 04.06.2020 թվականին:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածը, քանի որ նշված հոդվածով սահմանված չէ որոշումը բողոքարկելու որևէ ժամկետ, այլ նշված է որոշման օրինական ուժի մեջ մտնելու կարգը, հետևաբար տվյալ պարագայում պետք է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկվում է այն ստանալու պահից:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչելով Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46 նաև նշել է, որ հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը:
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ թե դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 340-րդ հոդվածի 3-րդ մասը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` դատավարական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Ըստ այդմ էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատավարական ժամկետների սահմանման, հաշվարկման, ավարտի, ինչպես նաև դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Ընդ որում բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի առանձին գլխով (Գլուխ 49) սահմանել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը, որը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ: Ըստ այդմ էլ, տվյալ վարույթով գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է համապատասխան որոշում, որն ենթակա է հրապարակման վճռի հրապարակման կանոններին համապատասխան և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում: Ընդ որում դատարանի որոշումը կողմերին ուղարկվում է ընդունման պահից եռօրյա ժամկետում:
Հարկ է փաստել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ բաժնում, մասնավորապես` «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» գլուխ 53-ում, օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահելով նաև վերը նշված ակտի բողոքարկման իրավունքը, հստակ սահմանել է նաև այդ ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը, այն է` դատարանի որոշումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետ: Այսինքն, պայմանավորված տվյալ վարույթի առանձնահատկությամբ, օրենսդրորեն սահմանվել է վերաքննիչ բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս գործին մասնակցող անձանց բողոքարկելու դատարանի որոշումը այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, անկախ այն հանգամանքից` թե տվյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, թե` ոչ: Այլ կերպ ասած, վերը նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը ենթակա է հաշվարկման այն պահից սկսած, երբ անձն ստացել է այդ որոշումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքում կայացված դատարանի որոշումը ստանալուց հետո անձը պահպանել է յոթնօրյա ժամկետը, ապա նրա կողմից չպետք է ներկայացվի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ նման միջնորդությունը վերը նշված պատճառաբանությամբ արդեն իսկ առարկայազուրկ է:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 22.05.2020 թվականի որոշմամբ մերժել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Բանկի դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 103-109):
Դատարանի 22.05.2020 թվականի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 22.05.2020 թվականին (հիմք` «www.court.am» կայք):
Գործում առկա թիվ RL041108695AM փոստային անդորրագրի համաձայն` նշված որոշումը Բանկին ուղարկելու համար փոստին է հանձնվել 26.05.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 114): Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Դատարանի 22.05.2020 թվականի որոշումը Բանկի կողմից ստանալու փաստի վերաբերյալ:
Բանկի ներկայացուցչի կողմից 15.06.2020 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, հատոր 2-րդ, գ.թ. 19) ներկայացվել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ, ներկայացված վերաքննիչ բողոքով Բանկի ներկայացուցիչը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն, պատճառաբանելով, որ Դատարանի 22.05.2020 թվականի որոշումը Բանկում ստացվել է 04.06.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 3-9):
Վերաքննիչ դատարանը 02.07.2020 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, և վերաքննիչ բողոքի ընդունումը այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նշանակված օրը` 22.05.2020 թվականին, որը Բանկին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 26.05.2020 թվականին, (RL041108695AM գ.թ. 114)` երեք աշխատանքային օրվա ընթացքում (...)», և գտել է, որ «տվյալ դեպքում Դատարանի կողմից Բանկին բողոքարկվող դատական ակտն ուղարկելու առումով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները կատարվել են: Բանկը որոշման բովանդակությանը կարող էր ծանոթանալ դրա հրապարակման օրը, ուստի որոշման բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսել է 23.05.2020 թվականին և ավարտվել է 03.06.2020 թվականին: Այս պայմաններում բողոք բերած անձը կարող էր 23.05.2020 թվականից մինչև 03.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածում բողոքարկել որոշումը` անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից, որն անհարգելի պատճառներով չի իրականացվել» (հատոր 2-րդ, գ.թ. 22-23):
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննության առարկա է դարձվել Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդության իրավաչափությունը, ուստի առաջին հերթին պարզաբանման է ենթակա այն հարցը, թե որ պահից է սկսվել սույն գործով դատական ակտը բողոքարկելու ժամկետը, քանի որ սույն գործով դատական ակտը բողոքարկման է ենթակա կողմերի կողմից այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը` անտեսելով, որ սույն գործում բացակայում է դատական ակտը Բանկի կողմից ստացած լինելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց, իսկ Բանկի ներկայացուցիչն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանի որոշումը ստացվել է 04.06.2020 թվականին: Հետևաբար 15.06.2020 թվականին փոստային առաքմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելով` բողոք բերած անձի կողմից պահպանվել է օրենքով սահմանված յոթ աշխատանքային օրվա ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով նշանակված օրը` 22.05.2020 թվականին հրապարակվելու հանգամանքը չէր կարող ազդել սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման վրա, քանի որ սույն գործի նյութերում փաստացի բացակայում է վերաքննիչ բողոք բերած անձի կողմից Դատարանի որոշումը ստանալու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Նման պայմաններում առարկայազուրկ են Վերաքննիչ դատարանի կողմից Բանկի ներկայացրած միջնորդությունը քննության առարկա դարձնելու հետևությունները` կապված Բանկի կողմից վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա չէր քննարկման, առավել ևս` մերժման:
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն քննելով և մերժելով Բանկի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ առարկայազուրկ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով նրանց վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 ապրիլի 2021 թվական: