Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 ԵԴ/0756/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0756/01/18

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

    Դատավորներ`        Ա. Ազարյան

                       Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հունիսի 30-ին                       ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռոման Մուրադի Մուրադյանի պաշտպան Դ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2018 թվականի հունիսի 30-ին հարուցվել է թիվ 10187718 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Ռոման Մուրադի Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ Ռ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2018 թվականի հոկտեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Ռ.Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ:

Նույն որոշման համաձայն համաներում է կիրառվել նաև Աշոտ Աբրահամյանի նկատմամբ:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ռ.Մուրադյանի պաշտպան Դ.Ղազարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 18-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Ռոման Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) Նա 2018 թվականի հունիսի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աշոտ Անդրանիկի Աբրահամյանի հետ, այցելելով Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց և թիվ 18 շենքի մոտ նկատելով Նարեկ Վարդանի Սրապիոնյանին պատկանող «Դեյվու Նեքսիա» մակնիշի 33 PՏ 617 հաշվառման համարանիշի ավտոմեքենան` ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական հանցավոր համաձայնության գալով, նշված ավտոմեքենայից հափշտակել են 18.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ «DAEWOO NEXIA» մակնիշի ավտոմեքենայի առջևի թափարգել, ընդհանուրը` 16.000 ՀՀ դրամ արժողության 2 հատ «DAEW00 NEXIA» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ և ձախ լուսարձակ և թարթիչ լապտերներ, ընդհանուրը 350 ՀՀ դրամ արժողության 3 հատ հատակի ռետինե և 1 հատ գործվածքային բեռնախցիկի գորգեր, ընդհանուր 6000 ՀՀ դրամ արժողության 1 հատ «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայի պլաստմասե իրանով օդի ֆիլտրի տուփ` իր ռետինե զսպանակաձև խողովակով, 1 հատ պլաստմասյա տուփ` 17*15 սմ առավելագույն չափերի, մոտ 23 սմ երկարությամբ պլաստմասյա խողովակաձև ելուստով, վրան «96143 828» ապրանքանիշ գրառմամբ` 1000 ՀՀ դրամ արժողության, 2 հատ ռետինե խողովակներ 24 սմ և 56 սմ երկարությամբ, 3 սմ տրամաչափի, ամրացված` օդի գազի պտուտակային կարգավորիչի վրա` ձգողակների միջոցով` 800 ՀՀ դրամ արժողության, 11 հատ ավտոմեքենայի շարժիչի կայծամոմեր, որոնք արժեք չեն ներկայացնում, 1 հատ 22*10*30 սմ չափերով սև գույնի պայուսակ, 1 հատ 26*17*8 սմ չափերով պլաստմասյա կափարիչով տարա, որոնցում առկա են եղել` 1 հատ ռադիատորի մետաղական կափարիչ, 114 սմ երկարությամբ սև մեկուսիչով պղնձյա մալուխ, 26 հատ հեղույսներ, 4 հատ մանեկներ, գործիք բանալի` 19 համարի գլխիկի, 2 հատ ձեռքի արգելակման համակարգ մոտ 15.5 սմ երկարությամբ թաթիկներով, մոտ 180 գրամ կշռով պղնձյա հաղորդալարի փաթույթ, դռան ապակու պտուտակային բռնակ, թվով 58 հատ պլաստմասյա ապահովիչներ և կլոր մագնիս` ընդհանուր 5.000 ՀՀ դրամ արժողության` ընդհանուր Նարեկ Վարդանի Սրապիոնյանին պատճառելով զգալի չափերի` 47.150 ՀՀ դրամի գույքային վնաս: (...)»(1):

___________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 192-195:

 

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանը, հաշվի առնելով, որ արդեն իսկ որոշել է սույն քրեական գործով կիրառել արագացված դատական քննություն, քննարկել է Ռոման Մուրադի Մուրադյանի և Աշոտ Անդրանիկի Աբրահամյանի նկատմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի դրույթները կիրառելու հարցը:

Ռոման Մուրադի Մուրադյանը և Աշոտ Անդրանիկի Աբրահամյանը դատական նիստում նշել են, որ խորհրդակցել են իրենց պաշտպանի հետ և չեն առարկում, որ իրենց նկատմամբ կիրառվի համաներում:

Պաշտպան Դ.Ղազարյանը, հայտնել է, որ արագացված դատական քննության պայմաններում, երբ արդեն իսկ կանխորոշելի է մեղադրական դատավճռի դեպքում պատժի առավելագույն չափը, ուստի ինքը կարծում է, որ պետք է կիրառվի համաներում և քրեական գործի վարույթը կարճվի:

(...) Մեղադրողը դատական նիստում հայտնել է, որ ինքը ևս առարկություններ չունի ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ:

(...) Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով Ռոման Մուրադի Մուրադյանի և Աշոտ Անդրանիկի Աբրահամյանի նկատմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Համաներման օրենք) դրույթները կիրառելի են (...)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի հիմքով մեղադրական դատավճռի առկայության պայմաններում ազատազրկման ձևով նշանակվելիք առավելագույն պատիժը չի կարող գերազանցել հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը:

(...) Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի են նշված նորմի կանոնները: (...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ռոման Մուրադի Մուրադյանի և Աշոտ Անդրանիկի Աբրահամյանի նկատմամբ արագացված կարգով դատական քննության պայմաններում ազատազրկման ձևով ենթադրաբար նշանակվելիք պատիժների ժամկետը չի կարող գերազանցել երեք տարի չորս ամիսը: Մինչդեռ, Համաներման օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, ինչպես նաև քրեական հետապնդումը` դադարեցման, եթե անձը մեղադրվում է այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում: (...) Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Համաներման օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սահմանափակող հանգամանքներ առկա չեն:

Ինչ վերաբերում է Համաներման օրենքով նախատեսված այն արգելքին, որը վերաբերում է դրա կիրառման պահին նախորդած տաս տարիների ընթացքում համաներում կիրառված լինելուն, ապա հարկ է նշել, որ համաձայն ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից տրված տեղեկանք ձև 8-ի` երևում է, որ 03.07.2008թ. Ռոման Մուրադյանը դատապարտվել է ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով, 19.06.2009թ. Ռոման Մուրադյանի նկատմամբ կիրառվել է համաներում և 03.07.2009թ. վերջինս ազատվել է պատժի կրումից, մինչդեռ սույն դատական ակտը կայացվում է 2019 թվականի նոյեմբերի 1-ին, այսինքն` համաներումը կիրառելուց հետո սույն դատական ակտը կայացնելու պահի դրությամբ 10 տարին արդեն իսկ անցել է: Այլ խոսքով` Դատարանն արձանագրում է, որ Ռոման Մուրադյանի նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում համաներում հայտարարելու մասին որոշում չի կիրառվել, հետևաբար Դատարանը գտնում է, որ տվյալ պահին արդեն իսկ առկա չէ Համաներման օրենքով նշված սահմանափակումը (...)»(2):

____________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 26-31:

 

7. Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) Համաձայն գործի նյութերում առկա ՀՀ ոստիկանության «Ձև 8» տեղեկանքի` Ռոման Մուրադյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական քննության փուլում է գտնվում է մեկ այլ` թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ (...) առաջին ատյանի դատարանը չլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով թիվ ԵԴ/0756/01/18 և թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հարցը և անտեսելով Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն առ այն, որ հանցագործությունների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների համակցության կանոններով այն սահմանելուց հետո, Համաներման մասին օրենքի անհիմն կիրառմամբ` Ռոման Մուրադյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը, իսկ քրեական գործի վարույթը կարճել:

Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռոման Մուրադյանի նկատմամբ առերևույթ կարող են կիրառելի լինել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները, հետևաբար նրա նկատմամբ Համաներման մասին օրենքը կարող է կիրառվել թիվ ԵԴ/0756/01/18 և թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործերով հանցագործությունների համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակելուց հետո:

Հակառակ մոտեցման դեպքում չի պահպանվի Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իմպերատիվ կանոնը, ինչ էլ իր հերթին կհանգեցնի օրինականության սկզբունքի խախտման:

Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ եթե Ռոման Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործի քննության արդյունքներով նրա նկատմամբ կիրառելի չլինեն հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները (օրինակ` նա այդ մեղադրանքով արդարացվի), ապա այդ դեպքում կարող է կրկին քննարկվել սույն` թիվ ԵԴ/0756/01/18 քրեական գործով, Ռոման Մուրադյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը:

(...)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ (...) առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել քրեական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, դատական ակտը բեկանելու հիմք է, ուստի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը Ռոման Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, որպեսզի լուծվի թիվ ԵԴ/0756/01/18 և թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և հանցագործությունների համակցության կանոններով Ռոման Մուրադյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելու հարցը (...)»(3):

__________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 121-132:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, և արդյունքում կայացվել է չպատճառաբանված դատական ակտ:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում` դատաքննության ընթացքում, երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի կարգով մեկ վարույթում միացնելու միջնորդությամբ նույնիսկ մեղադրողը հանդես չի եկել, և դա այն պայմաններում, երբ դատաքննության ընթացքում ստացվել է իր պաշտպանյալի վերաբերյալ կազմված ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի «Ձև 8» տեղեկանքը, համաձայն որի` վերջինիս վերաբերյալ քննվում է նաև մեկ այլ քրեական գործ:

Բացի այդ, ըստ բողոքաբերի` վերոնշյալ երկու քրեական գործերը միմյանցից տարբերվում են նախ այն հանգամանքով, որ թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործով իր պաշտպանյալին սկզբում մեղադրանք է առաջադրված եղել զանգվածային անկարգություններ, այնուհետև խուլիգանություն կատարելու համար, և տվյալ գործով վերջինս իր մեղավորությունը ենթադրյալ կատարված արարքում չի ընդունել: Իսկ արդեն ԵԴ/0874/01/18 քրեական գործով նա ընդունել է իր մեղքը և միջնորդել, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննությունն իրականացվի արագացված դատական քննության կանոնների կիրառմամբ:

Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը անտեսել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանելու և գործը Ռ.Մուրադյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործին միացնելու համար նույն դատարան` նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործեր, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն»:

12. Մեջբերված նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Պետրոս Նազարյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` փաստելով հետևյալը. «(...) Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործերի միացման ինստիտուտի դատավարական նշանակության ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ամրագրում է կազմակերպական-տեխնիկական բնույթի դատավարական լիազորություն, որի միջոցով ապահովվում է քրեական գործերի քննության արդյունավետությունը: Մասնավորապես, նշված դատավարական լիազորությամբ քրեական գործի քննության սահմանների ընդարձակումը նպատակ է հետապնդում ապահովել դատավարական ռեսուրսների խնայողությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննությունը, ինչպես նաև նպաստել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը: Այսինքն` քրեական գործերի միացման դատավարական լիազորության կենսագործումը պայմանավորվում է քրեական գործերի քննության արդյունավետության ապահովման օբյեկտիվ չափանիշով:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված չափանիշի առկայության գնահատմամբ քրեական գործերի միացման` քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորությունը կրում է դիսպոզիտիվ բնույթ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող` «մեկ վարույթում կարող են միացվել» օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործերը միացնելու լիազորությունը հայեցողական է: Այսինքն` քրեական գործերի միացման հայեցողական լիազորությունն իրականացնելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել միացվող քրեական գործերի միջև գոյություն ունեցող կապը, և թե այդ միացումը որքանով կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քրեական գործերի միացմամբ քննության արդյունավետության բարձրացումը պետք է պայմանավորված լինի քրեադատավարական օրենքում մատնանշված` քրեական գործերի միացման հիմքերի շրջանակով: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել`

ա) մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը: Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործերի միացումը և նույն վարույթի շրջանակներում միաժամանակյա քննությունը պայմանավորվում է ինչպես in rem (արարքների), այնպես էլ in personae(անձանց) շրջանակով: Մասնավորապես, նշված հիմքով քրեական գործերի միացումը հնարավոր է`

- in personae-ի բազմակիության դեպքում` միևնույն in rem-ի նկատմամբ, երբ մեկ հանցագործության կատարման մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը միացվում են` քննության արդյունավետությունը բարձրացնելու համար,

- in personae-ի և in rem-ի բազմակիության դեպքում, երբ մի քանի հանցագործության կատարման մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը միացվում են քննության արդյունավետությունը բարձրացնելու համար,

բ) մի անձի կողմից մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեղադրանքով գործերը: Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործերի միացումը քննության արդյունավետության բարձրացման համար հնարավոր է միևնույն in personae-ի կողմից կատարված in rem-ի բազմակիության դեպքում,

գ) ցանկացած այլ քրեական գործեր, եթե դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն: Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործերի միացման հիմքն օրենսդիրը պայմանավորում է ոչ թե in personae-ի կամ in rem-ի քանակական, այլ որակական բաղադրիչով, այն է` բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության նկատառումներով գործի հանգամանքների պարզման արդյունավետության ապահովմամբ (...)»(4):

____________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Պետրոս Նազարյանի վերաբերյալ գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0056/01/16 որոշման 16-17-րդ կետերը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Ռ.Մուրադյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` հաշվի առնելով, որ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում Ռ.Մուրադյանի նկատմամբ նշանակվելիք առավելագույն պատիժը չի կարող գերազանցել երեք տարի չորս ամիս ժամկետով ազատազրկումը(5),

___________________

5) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության` փաստելով, որ Ռ.Մուրադյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող թիվ ԵԴ/0874/01/18 քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, ուստի Առաջին ատյանի դատարանը համաներման կիրառելիության հարցը պետք է լուծեր այդ քրեական գործը սույն քրեական գործի հետ մեկ վարույթում միացնելուց և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելուց հետո(6):

__________________

6) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե Առաջին ատյանի դատարանը համաներման կիրառելիության հարցը պետք է լուծեր սույն քրեական գործը Ռ.Մուրադյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործին միացնելուց և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելուց հետո, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական գործերը միացնելու օրենսդրական նպատակից: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործերը միացնելը վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորությունն է` հիմնված բացառապես քրեական գործի քննության արդյունավետության ապահովման պահանջի վրա, իսկ համաներման կիրառելիության հարցը նշված պահանջից չի բխում:

Ինչ վերաբերում է Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանն առ այն, որ հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո, եթե մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, այն չի կարող մեկնաբանվել որպես նույն անձին մեղսագրվող մի քանի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու ինքնուրույն հիմք: Նման մեկնաբանությունը չի համապատասխանում քրեական գործերի միացման ինստիտուտի դատավարական նշանակությանը և տվյալ դեպքում ուղղված չէ քրեական գործերի քննության արդյունավետության ապահովմանը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, երբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցը դատաքննության փուլում պայմանավորվում է անձի վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելու հետ, ողջամտորեն վտանգվում է անձի անմեղության կանխավարկածը: Տարբեր վարույթներով քննվելու դեպքում, հանցագործությունների համակցության կանոնների կիրառման անխուսափելիությունը չի կարող ի սկզբանե կանխորոշվել, քանի որ անձը կարող է ճանաչվել անմեղ և արդարացվել:

15. Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության նախատեսել է Համաներման մասին օրենքի կիրառման նոր սահմանափակում` հակասելով Վարուժան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված այն դիրքորոշմանը, որ համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն, այդ թվում` համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ(7): Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտով Համաներման մասին օրենքի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված` համաներումը չկիրառելու պայմանների բացակայության դեպքում Ռ.Մուրադյանը ոչ իրավաչափորեն կզրկվի համաներման իրավունքից:

________________

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը:

 

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանելու և գործը Ռ.Մուրադյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործին միացնելու համար նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում արձանագրել, որ կաշկանդված լինելով պաշտպանության կողմի ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, չի անդրադառնում ամբաստանյալ Ռ.Մուրադյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառման իրավաչափությանը, և գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ռոման Մուրադի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 6-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 30 հունիսի 2021 թվական:

 

Միասնական կայք` 26.07.21-08.08.21

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.06.2021
N ԵԴ/0756/01/18
Որոշում