Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ՍԴ/0114/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0114/01/18

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

    Դատավորներ`        Ա. Ազարյան

                       Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   մասնակցությամբ պաշտպան`    Է. Աղաջանյանի

 

    2021 թվականի փետրվարի 12-ին                      ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վահան Ֆյոդորի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մարտի 23-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Տոմսկի մարզի վարչությունում ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է թիվ 2011/610 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2011 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ Վահան Սարգսյանը ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2011 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Վ.Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2011 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա քրեական գործի վարույթը կասեցվել է:

2016 թվականի սեպտեմբերի 15-ին Վ.Սարգսյանը հայտնաբերվել է ՀՀ Սիսիան քաղաքում, իսկ նույն թվականի նոյեմբերի 15-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է:

2017 թվականի հուլիսի 10-ին թիվ 2011/610 քրեական գործը քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ ՌԴ-ից ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որը հուլիսի 24-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ թիվ 2011/610 քրեական գործին շնորհվել է 51102217/2011/610 համարը, և կատարվել է նախաքննություն:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ Վ.Սարգսյանի կողմից կատարված արարքը` նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով, համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասին:

2018 թվականի մարտի 14-ին Վ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 14-ի որոշմամբ Վ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: 2018 թվականի նոյեմբերի 1-ին Վ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

2018 թվականի նոյեմբերի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճռով` դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Վ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 3 (երեք) տարի ժամկետով: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

3. Ամբաստանյալ Վ.Սարգսյանի պաշտպան Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը բեկանել և փոփոխել` ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակելով ազատազրկում` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 3 (երեք) տարի ժամկետով: Կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2018 թվականի նոյեմբերի 1-ի օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, և ամբաստանյալն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով հիմնական պատժից:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

5. Ամբաստանյալ Վ.Սարգսյանի պաշտպան Է.Աղաջանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով խնդրել է օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի դատական ակտը` մերժելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը:

Դատավարության այլ մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Վահան Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «2011 թվականի մարտի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, չունենալով տրանսպորտային միջոց շահագործելու իրավունքը հաստատող փաստաթղթեր, քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրական վկայական, վարելով Սեյրան Գևորգյանին պատկանող Տոյոտա Պրոբոքս մակնիշի 0 595 HH 70 պետհամարանիշի ավտոմեքենան, Ելիզարովիխ փողոցով Տոմսկ քաղաքի Արտյոմի փողոցից երթևեկել է Կրասնոարմեյսկ փողոցի ուղղությամբ: Երթևեկելով իր առաջին շարքով` տեսել է իր առջևից համընթաց ուղղությամբ երթևեկող ավտոմեքենա և խախտելով ՌԴ ՃԵԿ 10.1-րդ կետի 1-ին մասի պահանջները` այսինքն, գերազանցելով տվյալ ճանապարհահատվածի համար նախատեսված առավելագույն արագությունը, բացի այդ, խախտելով ՌԴ ՃԵԿ-ի 1.3-րդ և 1.5-րդ կետի պահանջները, համընթաց ընթացող «Կամազ» մակնիշի բեռնատարից առաջ անցնելու նպատակով կիրառել է տեղավորելու վտանգավոր մանևր դեպի ձախ, դուրս է եկել իր երթևեկության երկրորդ շարք, որտեղ բախվել է Կոնստանտին Միխայելի Ֆեդուլովի վարած Նիսան Տեանա մակնիշի M 549 OX 70 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, այնուհետև չկառավարելով ավտոմեքենան, խախտելով ՌԴ ՃԵԿ-ի 8.1-րդ և 8.4-րդ կետերի պահանջները` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ուղեմասի իր երթևեկության ընթացքով ձախ եզրից 4.5 մետր հանդիպակաց երթևեկության գոտու և Տոմսկ քաղաքի Ելիզարովիխ փողոցի 4-րդ շենքի անկյունից 5.6 մետր հեռավորության վրա բախվել է իր երթևեկելի գոտով երթևեկող Իգոր Անատոլիի Միրոնովի վարած Տոյոտա Կորոնա մակնիշի K 550 BE 70 պետհամարանիշի ավտոմեքենայի առաջամասին, որի հետևանքով, վերջինիս ուղևորներ` 2002 թվականին ծնված Վիկտորիա Եվգենիի Վոլոկիտինայի, 2004 թվականին ծնված Վերոնիկա Ալեքսեյի Վոլոկիտինայի և Սերգեյ Վասիլի Նիկիտինի առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ նույն ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի ուղևորուհի Իրինա Վոլոկիտինային և իր վարած ավտոմեքենայի սեփականատեր, ուղևոր Սեյրան Սերգեյի Գևորգյանին անզգուշությամբ պատճառել մահ»:

7. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճռով արձանագրել է. «Հիմնվելով գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների վրա, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վահան Ֆյոդորի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և որակվում է որպես ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտել, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ:

Այսինքն, ամբաստանյալի կատարած արարքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը` ճիշտ, որով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի:

Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող, ինչպես նաև գործի ողջ հանգամանքներով:

Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

Ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածների համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա ինքնությունը և գործի ողջ հանգամանքները:

Ամբաստանյալ Վահան Սարգսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին ու ընդգրկված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի

(Մարիաննա Վահանի Սարգսյան` ծնված 06.09.2007 թվականին և Էդիկ Վահանի Սարգսյան` ծնված 04.08.2009 թվականին) առկայությունը, կատարած հանցագործության

համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը»:

8. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 31-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության այն մասին, որ ամբաստանյալ Վահան Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 15 հոդվածի պահանջները:

Այսպես` ըստ գործի նյութերի, իրեն մեղսագրված արարքը ամբաստանյալը կատարել է ՌԴ-ում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն` առավելագույնը 7 տարի ժամկետով ազատազրկում:

Նրա կատարած արարքը հետագայում համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն` ազատազրկում 4-10 տարի ժամկետով:

Սույն գործով ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս և գործի արագացված քննության պայմաններում պատժաչափ հաշվարկելիս Դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քրեական օրենսգրքի 15 հոդվածի իրավակարգավորումներով` որպես առավել խիստ պատիժ հիմք ընդուներ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի վերին շեմը` այսինքն 7 տարի ժամկետով ազատազրկումը, ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի վերին շեմը` 10 տարի ժամկետով ազատազրկումը, քանի որ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիան ավելի բարենպաստ է ամբաստանյալի համար:

Իսկ նման իրավակարգավորումներով ղեկավարվելու պարագայում ամբաստանյալ Վահան Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը չի կարող գերազանցել 4 տարի 8 ամիս ազատազրկումը, որը կազմում է 7 տարվա ազատազրկման 2/3-ը:

Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ դատախազի փաստարկն այն մասին, թե դատավճիռը բեկանելու հիմք չկա, քանի որ ի վերջո ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում 7 տարվա ազատազրկման շեմը:

Վերը նշված դատողությունների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենքի) կիրառման հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վահան Սարգսյանը Համաներման մասին օրենքի կիրառման ուժով ենթակա է ազատման ազատազրկման ձևով նշանակված պատժից»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությամբ օրենսդիրը սահմանել է այլ պետությունում հանցանք կատարած անձանց նկատմամբ նշանակվող պատժի առավելագույն չափը` սահմանափակելով օտարերկրյա պետությունում տվյալ արարքի համար նախատեսված պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու հնարավորությունը: Մինչդեռ դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «առավելագույն պատիժը» որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` հանցագործության համար նախատեսված սանկցիայի վերին շեմ դիտարկելը չի բխում պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից: Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը միայն պահանջ է դնում, որ պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը, ինչն ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանի կողմից չի խախտվել:

9.1. Բողոքաբերը նշել է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում պատիժ նշանակելու կանոնի կիրառմամբ առավել խիստ պատժի երկու երրորդը հաշվարկելիս այլ պետությունում տվյալ արարքի համար նախատեսված առավելագույն պատժի չափը հիմք ընդունելու դատական պրակտիկան միասնական չէ, որպիսի պայմաններում բարձրագույն դատական ատյանի մեկնաբանությունների կարիքն առավել քան առկա է: Այս առումով պետք է հստակ չափանիշներ սահմանվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոնը կիրառելիս որպես պատժաչափի վերին շեմ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավելագույն պատիժը հիմք ընդունելու համար:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես առավել խիստ պատիժ պետք է հիմք ընդունվի ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի վերին շեմը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը»:

13. Մեջբերված քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գարեգին Հովսեփյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող շարադրված նորմերից բխում է, որ օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած անձինք, այդ թվում` ՀՀ քաղաքացիները (Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք) ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք քրեական պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում (չեն դատապարտվել այլ պետությունում): Այս դեպքում քրեական պատասխանատվության հարցը լուծելիս հաշվի է առնվում նաև այն պետության օրենսդրությունը, որի տարածքում կատարվել է հանցավոր ոտնձգությունը, և նման անձանց նկատմամբ չի կարող նշանակվել տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը գերազանցող պատիժ:

14. Վերահաստատելով և զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տարածության մեջ քրեական օրենքի գործողության քաղաքացիության սկզբունքից բխում է, որ այլ պետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ (Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի), ովքեր պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ամբողջությամբ կիրառելի են ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումները, իսկ օտարերկրյա պետության քրեական օրենսդրությունը հաշվի է առնվում միայն այն առումով, որ անձի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տվյալ պետության օրենսդրությամբ այդ արարքի համար նախատեսված պատժի վերին սահմանը: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` «ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» արտահայտությունը ենթադրում է, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս, պատիժ նշանակելիս, պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս, ինչպես նաև քրեաիրավական այլ հետևանքները որոշելիս ամբողջովին գործում են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված իրավադրույթները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամենևին խոսք չի գնում անձի համար առավել արտոնյալ կամ բարենպաստ նորմը կիրառելու մասին. ՀՀ քրեական օրենսդրությունը կիրառելու պայմանի միակ բացառությունն օտարերկրյա պետության քրեական օրենսգրքով կոնկրետ հանցավոր արարքի համար սահմանված պատժի առավելագույն չափն է, եթե, իհարկե, այն ավելի մեղմ է, քան ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժաչափը:

14.1. Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով պատիժ նշանակելու հատուկ կանոնների կիրառման առանձնահատկություններին (օրինակ` չավարտված հանցագործությունների, հանցագործությունների ռեցիդիվի կամ արագացված դատաքննության դեպքում)` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումները, արձանագրում է, որ տվյալ դեպքում որպես ելակետ պետք է դիտարկվեն ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված կոնկրետ պատժատեսակի նվազագույն և առավելագույն չափերը` այն պայմանի պահպանմամբ, որ անձի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չպետք է գերազանցի այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճռով, արագացված կարգի կիրառմամբ, ամբաստանյալ Վ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, և պատիժ է նշանակել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 3 (երեք) տարի ժամկետով:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակիորեն` պատժի մասով բեկանել և փոփոխել է` ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 3 (երեք) տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդգծել է, որ ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջները: Այսպես` Առաջին ատյանի դատարանը պետք է որպես առավել խիստ պատիժ հիմք ընդուներ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի վերին շեմը` 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, այլ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն չափը` 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկումը, քանի որ այն ամբաստանյալի համար ավելի բարենպաստ է: Իսկ նման իրավակարգավորումներով ղեկավարվելու պարագայում ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը չէր կարող գերազանցել 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը, որը կազմում է 7 (յոթ) տարվա երկու երրորդը:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14.1-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասում օրենսդիրը պարտադիր պահանջ է նախատեսել առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելիս պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգիրքը` այն միակ բացառությամբ, որ նշված անձանց նկատմամբ նշանակված պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը: Օրենքի նշված պահանջն Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս չի խախտվել, քանի որ նրա նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պատժի վերին սահմանը:

Մինչդեռ, Վ.Սարգսյանի նկատմամբ արագացված դատական քննության կանոններով պատժաչափը հաշվարկելիս, Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն սահմանը` պատճառաբանելով, որ ՌԴ քրեական օրենսդրությունն ամբաստանյալի համար նախատեսում է ավելի բարենպաստ նորմ: Այդպիսով, Վերաքննիչ դատարանը տարածական մեկնաբանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածին, արդյունքում արագացված դատական քննության կանոնների կիրառմամբ պատժաչափի հաշվարկման ընթացքում ՀՀ օրենսդրության հետ մեկտեղ, ամբաստանյալի նկատմամբ կիրառել է նաև ՌԴ քրեական օրենսդրությունը` որպես ավելի բարենպաստ նորմ պարունակող, որպիսի հնարավորություն ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածը չի ընձեռում: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածը չի նախատեսում երկու օրենսդրություններից անձի համար ավելի բարենպաստ նորմի միաժամանակյա ընտրություն կատարելու հնարավորություն:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում ամբաստանյալ Վ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես առավել խիստ պատիժ պետք է հիմք ընդունվի ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի վերին շեմը, հիմնավոր չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածը, թույլ տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը և օրինական ուժ տալ Վ.Սարգսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վահան Ֆյոդորի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հուլիսի 26-ին:

 

Միասնական կայք` 26.07.21-08.08.21

 

քրե

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.02.2021
N ՍԴ/0114/01/18
Որոշում