https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20228.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
5 օգոստոսի 2021 թվականի N 228
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԱՊՐԱՆՔԻ ԳՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է առևտրի ոլորտում և նպատակ ունենալով խրախուսել մանրածախ վաճառքը, թողարկում է կուտակային քարտեր, որոնցով նախատեսվում է բոնուս միավորների կուտակում` մատակարարված ապրանքի ընդհանուր արժեքի 1%-ի չափով: Բոնուս կուտակային քարտերը ապրանքի ձեռքբերման պահին ապահովում են հաճախորդին 1% զեղչ, իսկ զեղչի արդյունքում կուտակված միավորները հնարավոր է լինում օգտագործել միայն հաջորդ գնումների ժամանակ` օգտագործելով դրանք որպես տրված կանխավճար:
Արդյո՞ք եկամտային հարկի տեսանկյունից կուտակային քարտին որպես կանխավճար հաշվեգրված վաճառված ապրանքի 1% գումարը համարվում է եկամտային հարկով հարկման օբյեկտ և ենթակա է հարկման եկամտային հարկով:
Արդյո՞ք շրջանառության հարկի, ավելացված արժեքի հարկի և շահութահարկի տեսանկյունից նշված հարկատեսակով հարկման բազա է համարվում մատակարարվող ապրանքի համար հատուցման վերջնական արժեքը (հայտարարված վաճառքի գին հանած առևտրային 1% զեղչ)` առանց ԱԱՀ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներն ու գործառնությունները: Մասնավորապես, նույն մասի 1-ին կետի համաձայն ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,
- 62-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: Նույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում` համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ, մասնավորապես` ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը նույն ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում,
- 109-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների: Նույն կետի կիրառության իմաստով` պարտավորության զեղչումից ստացվող եկամուտ չի առաջանում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը,
- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,
- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
Հաշվի առնելով վերը նշված կարգավորումները` հայտնում ենք, որ եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը, ապա`
1) ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով: Ընդ որում, այն դեպքերում երբ ապահովված է օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջը, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ապրանքի օտարման զեղչված արժեքը (առանց ԱԱՀ-ի),
2) շահութահարկով և շրջանառության հարկով հարկման բազաները որոշելու նպատակով ապրանքների մատակարարումից ստացվող եկամուտ (իրացման շրջանառություն) է համարվում արդեն իսկ զեղչված գումարի չափը, միաժամանակ, վերոնշյալ դեպքում եկամտային հարկով հարկման օբյեկտ չի առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ