https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20230.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
9 օգոստոսի 2021 թվականի N 230
ՆԵՐՄՈՒԾՈՂ-ԻՐԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպության կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծված ապրանքների օտարման փուլում բնապահպանական հարկի բազան հաշվարկելիս այդ ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված և վճարված ակցիզային հարկը կազմակերպությունն իրավունք ունի արդյո՞ք նվազեցնել ապրանքների օտարման արժեքից և նոր հաշվարկել բնապահպանական հարկ` հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները, մասնավորապես` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում ներմուծող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար` այդ ապրանքների արժեքը դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 83-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկ վճարողների շրջանակները, մասնավորապես` նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ակցիզային հարկ վճարողներ են համարվում օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
- 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
- 84-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն,
- 87-րդ հոդվածի սահմանված են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա է քսայուղը,
- 164-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ՀՀ տարածք ներմուծումը, ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում օտարումը,
- 165-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում`
1) ՀՀ տարածք ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար`
ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` այդ ապրանքների մաքսային արժեքը,
բ. ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար` օրենսգրքով սահմանված կարգով որոշվող` ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի),
2) ներմուծող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար` այդ ապրանքների արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի,
- 171-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը` ըստ ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի և դրանց համառոտ անվանումների,
- 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ներմուծող-իրացնողների կողմից հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում օտարված` օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ` նույն հոդվածով ՀՀ ներմուծվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է ներմուծող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցումների (պակասեցումների) կատարման կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված քսայուղերի օտարումն ակցիզային հարկով հարկման օբյեկտ չի համարվում և այդ ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ չի հաշվարկվում ու չի վճարվում:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ներմուծող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում այդ ապրանքների արժեքը, որն իր մեջ չի ներառում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման ժամանակ հաշվարկվող բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի գումարները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ