https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20231.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
9 օգոստոսի 2021 թվականի N 231
ՆԵՐՄՈՒԾՈՂ-ԻՐԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Բնապահպանության հարկով հարկման բազան հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ներմուծող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար` այդ ապրանքների արժեքը դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի: ՀՀ տարածքում նշված ապրանքատեսակների շրջանառությունը չի հարկվում ակցիզային հարկով, տվյալ դեպքում ՀՀ սահմանին վճարված ակցիզային հարկը դառնալու է ինքնարժեքի տարր: Արդյո՞ք սահմանին վճարված ակցիզային հարկը ներառվում է ՀՀ տարածքում բնապահպանական հարկով հարկման բազայի մեջ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 165-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում`
1) ՀՀ տարածք ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար`
ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` այդ ապրանքների մաքսային արժեքը,
բ. ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար` օրենսգրքով սահմանված կարգով որոշվող` ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի),
2) ներմուծող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար` այդ ապրանքների արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի,
- 171-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը` ըստ ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի և դրանց համառոտ անվանումների,
- 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ներմուծող-իրացնողների կողմից հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում օտարված` օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ` նույն հոդվածով ՀՀ ներմուծվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է ներմուծող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցումների (պակասեցումների) կատարման կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ներմուծող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում այդ ապրանքների արժեքը, որն իր մեջ չի ներառում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման ժամանակ հաշվարկվող բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի գումարները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ