ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 օգոստոսի 2000 թվականի N 32
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ փոքր և միջին ձեռնարկության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթներին (կցվում է):
ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
1. ՓՄՁ ոլորտը Հայաստանում
2. ՓՄՁ հիմնախնդիրները Հայաստանում
3. ՓՄՁ զարգացման քաղաքականության և ռազմավարության նպատակները
4. ՓՄՁ զարգացման քաղաքականության և ռազմավարության իրականացման
հիմնական ուղղությունները
4.1. իրավական
4.2. ֆինանսական
4.3. արտադրության զարգացում
4.4. տարածաշրջանային զարգացում
4.5. ինովացիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում
4.6. տեղեկատվական և խորհրդատվական ապահովում
4.7. ձեռնարկատիրության սոցիալական վարկի բարձրացում
4.8. բիզնես ուսուցում և կադրերի վերապատրաստում
5. ՓՄՁ քաղաքականության իրականացման կառուցվածքային ապահովում
Հավելված N 1
Հավելված N 2
Հավելված N 3
Հավելված N 4
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխիքն են: ՓՄՁ-երը ներկայացնում են արտադրական և վերամշակող ձեռնարկությունները, արհեստները, մանրածախ և մեծածախ առևտուրը, ֆերմերային տնտեսությունները, ծառայությունների և սպասարկման ոլորտը:
Եվրոպական տնտեսական գոտում աշխատատեղերի 2/3-ը ապահովում են փոքր և միջին ձեռնարկությունները` տալով ՀՆԱ-ի 40-60 %-ը:
ՓՄՁ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռում մեղմել անցումային տնտեսություններին բնորոշ տնտեսական և սոցիալական դժվարությունները` կայուն պայմաններ ստեղծելով հետագա տնտեսական աճի համար: Վերջին տարիներին Կենտրոնական Եվրոպայի անցումային տնտեսությամբ երկրներում արդյունաբերական անկումն ու դրանով պայմանավորված գործազրկության աճը զգալիորեն մեղմացվեց ՓՄՁ ոլորտում նպատակային քաղաքականության շնորհիվ (տես հավելված 1):
Սակայն, ելնելով ՓՄՁ ոլորտի առանձնահատկություններից, այդ զարգացումը պայմանավորված է ոլորտի զարգացմանն ու աջակցմանն ուղղված պետական քաղաքականության և ռազմավարության առկայությամբ:
ՓՄՁ-երի ռազմավարական կարևորությունը պայմանավորված է հետևյալով.
. ՓՄՁ-երը առավել փոքր ներդրումների հաշվին և կարճ ժամանակահատվածում
կարող են ապահովել զգալի թվով նոր աշխատատեղեր, էապես բարելավելով
աշխատանքի շուկայում տիրող իրավիճակը` լուծելով մի շարք լուրջ
սոցիալական խնդիրներ,
. հաճախ նոր ՓՄՁ-երի ստեղծմամբ առավել արդյունավետ է ընթանում պարապուրդի
մատնված և ոչ շահութաբեր խոշոր ձեռնարկությունների վերակառուցման և
արդիականացման գործընթացը,
. ՓՄՁ-երն առավել արդյունավետությամբ են օգտագործում տեղական
հանքահումքային ռեսուրսները և նվազեցնում երկրի տնտեսության
կախվածությունը ներմուծումից,
. ՓՄՁ-երում համեմատաբար արագ և փոքր ծախսերով են ներդրվում նոր
տեխնոլոգիաները և նորարարությունները,
. ՓՄՁ-երում արտադրվող ապրանքատեսակները մրցակցության մեջ են մտնում
ներմուծվող ապրանքատեսակների հետ` դրանք փոխարինելով տեղական
արտադրատեսակներով,
. ՓՄՁ-երը, շնորհիվ իրենց ճկունության, շատ ավելի արագ են հարմարվում
շուկայի պահանջներին, յուրացնելով նոր ապրանքատեսակների արտադրությունը
և սպասարկման արդիական ձևերը,
. ՓՄՁ-երի զարգացումը տարածաշրջաններում էապես նպաստում է տվյալ երկրում
նպատակային տարածաշրջանային քաղաքականության իրականացմանը,
. ՓՄՁ-երի զարգացումը ժամանակակից հասարակության հիմքը կազմող միջին խավի
ձևավորման և կայացման գրավականն է:
Ի վերջո, իրենց ռազմավարական կարևորությունից և հետագա զարգացման
հնարավորություններից ելնելով ՓՄՁ-երը նպաստում են տնտեսության բոլոր
ճյուղերի և ոլորտների աշխուժացմանն ու վերակենդանացմանը, այդ թվում`
խոշոր ձեռնարկությունների հնարավորությունների ընդլայնմանը: Իրենց վրա
վերցնելով խոշոր ձեռնարկությունների որոշ արտադրական փուլեր
(իրականացնելով խոշոր ձեռնարկությունների պատվերները) առավել
շահութաբեր են դարձնում խոշոր արտադրություններն ու ճկունություն
հաղորդում վերջիններիս:
1. ՓՄՁ ՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում շուկայական տնտեսության անցման քաղաքականության իրականացմամբ է պայմանավորված 1991 թվականից սկսված սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը: Այն սկսվեց գյուղատնտեսական հողատեսքերի սեփականաշնորհմամբ և մասնավոր գյուղացիական տնտեսությունների ձևավորմամբ: Սեփականաշնորհման գործընթացը շարունակվեց առևտրի և սպասարկման օբյեկտների, այնուհետև` նաև արտադրական ձեռնարկությունների ապապետականացմամբ: Արդյունքում` Հայաստանում ձևավորվեց ձեռնարկատիրության մասնավոր հատվածը:
ՓՄՁ-երի տեսակարար կշիռը, առավել ևս նրանց տեղը և ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա դժվար է գնահատել: Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում ընդունված չէ ՓՄՁ սահմանում և, հետևաբար, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի իրականացվում այդ ոլորտի առանձնացված վիճակագրական հաշվառում (սակայն վերջինիս կողմից պարբերաբար իրականացվել են ոլորտի ձեռնարկություններին վերաբերող ընտրանքային հետազոտություններ): Այդուհանդերձ, համաձայն փորձագիտական գնահատականների ՓՄՁ-երը (վերջինիս հատուկ որակական ցուցանիշներով) կազմում են բոլոր գրանցված ձեռնարկությունների ավելի քան 95 %-ը:
ՓՄՁ վիճակագրության բացակայությամբ է պայմանավորված ընդհանուր ձեռնարկատիրական դաշտի տվյալների ներկայացումը, որն այս կամ այն չափով կարող է արտացոլել ՓՄՁ իրավիճակը (տես հավելվածներ II, III, IV):
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կենտրոնացված պարտադիր գրանցման համակարգի ներդրումից հետո (1994 թվականից` համաձայն «Պետական ռեգիստրի մասին» 1993 թվականին ընդունված ՀՀ օրենքի), 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական ռեգիստրում գրանցվել են 92993 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 49666-ը` անհատ ձեռներեցներ:
.______________________________________________________________.
|Միավոր |1994 թ.|1995 թ.|1996 թ.|1997 թ.|1998 թ.|1999 թ.|
|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Անհատ ձեռներեց|7048 |18846 |26994 |39952 |47223 |49666 |
|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ձեռնարկություն|5089 |21238 |29836 |37687 |41241 |43327 |
|______________|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ընդամենը |12137 |40084 |56830 |77639 |88464 |92993 |
.______________________________________________________________.
Ուսումնասիրություններն ու փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ գրանցված ձեռնարկությունների 40-50 %-ը չի գործում: Գրանցված ձեռնարկությունների կեսից ավելին (52.3 %-ը կամ 21551 տնտեսավարող սուբյեկտներ) զբաղված են մեծածախ և մանրածախ առևտրով: Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով իրենց գործունեությունը դադարեցրել են (համապատասխան գրանցում կատարելով ՀՀ պետական ռեգիստրում) 2398 անհատ ձեռներեցներ և 523 ձեռնարկություններ:
1994 թվականից սկսվեց ձեռնարկատիրական գործունեության ապահովմանն ուղղված իրավա-օրենսդրական դաշտի ձևավորման առավել ակտիվ գործընթացը: Սեփականաշնորհման գործընթացին զուգընթաց սկսեցին գրանցվել նոր ձեռնարկություններ, որոնք հիմնականում իրենց գործունեությունը ծավալեցին առևտրի և սպասարկման ոլորտներում:
2. ՓՄՁ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1997 թ. ստեղծված ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ՓՄՁ հիմնախնդիրներով զբաղվող ենթաոլորտի, ինչպես նաև մի շարք հասարակական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրություններն ու փորձագիտական հետազոտությունները հնարավորություն տվեցին ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի ՓՄՁ ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների մասին: Հաշվի առնելով վերոհիշյալ ուսումնասիրությունների արդյունքները, կարելի է առանձնացնել Հայաստանում ձեռնարկատիրության, և հատկապես փոքր բիզնեսի գլխավոր խնդիրները և զարգացման նախադրյալները.
. Հայաստանում բացակայում է փոքր և միջին բիզնեսի համար հարկային
քաղաքականության մասով որևէ հատուկ մոտեցում և հարկային արտոնություն`
նոր ստեղծվող ձեռնարկությունների համար:
. Կարևորագույն հիմնախնդիր է ձեռնարկությունների ֆինանսավորման հարցը;
Ֆինանսավորման հետ կապված հիմնական դժվարություններն են`
- վարկերի բարձր տոկոսադրույքները,
- միջին և երկարաժամկետ վարկերի գրեթե բացակայությունը,
- վարկային երաշխիքների և գրավի տրամադրման հարցերը,
- վարկատու կազմակերպություններում դիմումների և (կամ)
բիզնես-պլանների քննարկման ծանր ընթացակարգը:
Ձեռնարկությունների վարկային ֆինանսավորման կարևորությունը
պայմանավորված է նրանով, որ Հայաստանում, ինչպես անցումային տնտեսությամբ
այլ երկրներում, գրեթե բացակայում է ձեռնարկությունների ստեղծման և
գործարկման համար անհրաժեշտ նախնական կապիտալը:
. Ձեռնարկությունների զարգացման համար հաջորդ լուրջ խոչընդոտն է ներքին
շուկայի ցածր պահանջարկը: Չնայած այն բանին, որ Հայաստանի ներքին շուկան
դեռ հեռու է հագեցածության կետից, այնուամենայնիվ տնտեսության դինամիկ
զարգացման համար ձեռնարկությունների գործունեությունը հիմնականում պետք է
ուղղված լինի դեպի արտաքին շուկաներ: Սակայն արտահանման
հնարավորությունների զարգացումը պահանջում է նպատակային պետական
օժանդակություն, ժամանակ, ֆինանսներ և ուսուցում:
. Գոյություն չունի ազգային բիզնես տեղեկատվական և խորհրդատվական
համակարգ, որը ձեռնարկություններին կտրամադրեր ծառայություններ և
տեղեկատվություն` լիարժեք գործունեություն ծավալելու համար:
. Հայաստանում բացակայում է ձեռնարկատիրական կրթության և կադրերի
վերապատրաստման համակարգ, որն էական դեր պետք է խաղա շուկայական
տնտեսության պայմաններում աշխատանքի կազմակերպման նոր ձևերի կիրառման,
մասնավոր գործունեության ծավալման, նոր մտածողության ձևավորման
գործում:
. Փոքր և միջին ձեռնարկությունների չափորոշիչների բացակայությունը
հանգեցնում է վիճակագրության բացակայությունը: Տնտեսության ցանկացած, այդ
թվում ՓՄՁ ոլորտում, իրական քաղաքականություն մշակելու և իրականացնելու
համար անհրաժեշտ է հնարավորին չափ ճշգրիտ վիճակագրական տեղեկատվություն:
Այն կարևոր է ինչպես գործարարների, այնպես էլ գործարարության
հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին և
ձեռնարկատերերին բիզնես ծառայություններ մատուցող կենտրոնների
գործունեության համար:
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը պետք է ուղղվի նշված հիմնախնդիրների հաղթահարմանը և նպաստի ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: ՓՄՁ հիմնախնդիրների լուծումը զգալի քայլ կլինի երկրի սոցիալտնտեսական առաջընթացի գործում:
3. ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՓՄՁ ոլորտի յուրահատկությունները, նրա ընձեռած հնարավորությունները և միջազգային փորձը թույլ են տալիս վստահորեն խոսել Հայաստանում այդ ոլորտի զարգացման համակարգված պետական քաղաքականության անհրաժեշտության և հրատապության մասին:
ՓՄՁ զարգացման պետական քաղաքականությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքների վրա:
Ելնելով երկրի տնտեսական և սոցիալական առողջացման քաղաքականության մեջ ՓՄՁ-երին հատկացվող դերից, ՓՄՁ զարգացման պետական քաղաքականությունը կոչված է նպաստել հետևյալ նպատակների իրականացմանը`
Տնտեսական նպատակներ
Փոքր և միջին ձեռնարկության, որպես ժամանակակից տնտեսության կարևոր բաղկացուցիչ մասի, զարգացման նպատակները առաջին հերթին տնտեսական դաշտին են առնչվում:
Հայաստանում ՓՄՁ-երի զարգացման նպատակային քաղաքականության կիրառման արդյունքում կավելանա վերջիններիս քանակը, հատկապես արտադրության ոլորտում, հետևաբար և զգալիորեն կաճեն արտադրության ծավալները: Դա կփոխհատուցի խոշոր ձեռնարկություններում արտադրության ծավալների անկումը: Հայաստանի ներքին շուկայում գործող տնտեսավարող միավորների թվի աճը կբարձրացնի մրցակցությունը, որի հետևանքով էականորեն կբարձրանա հայրենական ապրանքների որակը: ՓՄՁ-երի քանակի աճը, խթանելով մրցակցությունը ներքին շուկայում, ի վերջո կբարձրացնի վերջինիս տարողունակությունը (ծավալները): Բարձրորակ ապրանքների արտադրությունը կնպաստի ներմուծման ծավալների զգալի կրճատմանը և արտահանման աճին, որի հետևանքով կմեղմվի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը:
Օրենսդրական, ֆինանսական և այլ կարգի օժանդակող միջոցառումների իրականացումով պետության աջակցությունը ձեռնարկատիրությանը կխրախուսի ձեռնարկատերերին գործել օրենքի սահմաններում, որպես հետևանք զգալիորեն կկրճատվի ստվերային տնտեսությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր ձեռնարկությունները խոշորների համեմատությամբ հիմնականում ներքին նյութատեխնիկական ռեսուրսներն են օգտագործում, ՓՄՁ-երի զարգացումը կնպաստի տեղական հումքի առավել արդյունավետ օգտագործմանը, միաժամանակ օպտիմալ և (կամ) նվազագույն ծավալների հասցնելով ներմուծվող հումքի և կիսաֆաբրիկատների ծավալները:
ՓՄՁ զարգացման քաղաքականությունը, պետական համակարգված տարածաշրջանային ծրագրերի իրականացումով կնպաստի մարզերի տնտեսական զարգացմանը, նրանց միջև գոյություն ունեցող անհամամասնությունների հաղթահարմանը, տարածաշրջանների միջև տնտեսական կոոպերացիայի զարգացմանը:
ՓՄՁ-երը կարող են օգտագործել Հայաստանում պարապուրդի մատնված արտադրական հզորությունները, վերագործարկել թերբեռնվածությամբ աշխատող ձեռնարկությունների (հիմնականում խոշոր) ոչ բազային արտադրական հզորությունները:
Փոքր և միջին արտադրությունների խրախուսմանն ու զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման արդյունքում տեղի կունենա առևտրի ոլորտից ֆինանսական միջոցների մի մասի հոսք արտադրության ոլորտ:
Արագ արձագանքելու համար շուկայի հարափոփոխ պահանջներին, փոքր ձեռնարկությունները, շնորհիվ իրենց բնորոշ տեխնոլոգիական ճկունության և կառավարման համակարգի պարզության, ավելի հեշտությամբ ու ավելի քիչ ներդրումներով կարող են դիվերսիֆիկացիայի ենթարկել (ընդլայնել) իրենց արտադրատեսակները:
Այսպիսով, Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման տնտեսական նպատակներն են`
* Արտադրության ծավալների զգալի աճը,
* Ստվերային տնտեսության կրճատումը,
* Ձեռնարկությունների մրցակցության բարձրացումը,
* Հայրենական ապրանքների որակի աճը,
* Ներմուծման կրճատումը, արտահանման ծավալների աճը,
* Ներքին նյութատեխնիկական ռեսուրսների առավելագույնս օգտագործումը,
* Մարզերի տնտեսական զարգացումը,
* Արդյունաբերական հզորությունների վերագործարկումը և վերակառուցումը,
* Ֆինանսական միջոցների հոսքը արտադրական ոլորտ,
* Ապրանքատեսակների դիվերսիֆիկացիան:
Սոցիալական նպատակներ
ՓՄՁ-երի վիճակն անմիջականորեն ազդում է երկրում տիրող սոցիալական վիճակի և պետության սոցիալական քաղաքականության վրա:
ՓՄՁ-երի թվաքանակի աճը զգալի թվով նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կընձեռի` կրճատելով ընդհանուր տնտեսական անկման հետևանքով առաջացած գործազրկությունը: Ձեռնարկատիրության զարգացումն երկրում անմիջականորեն կազդի բնակչության լայն խավերի դրամական եկամուտների աճի վրա և կբարձրացնի նրանց վճարունակությունը:
Փոքր ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում առավել լայն հնարավորություններ կստեղծի անհատի ունակությունների դրսևորման և դրա համար հավասար պայմանների ստեղծման համար, ինչն ի վերջո կնպաստի Սահմանադրության հիմնական դրույթներից մեկի` սոցիալական արդարության ամրապնդմանը:
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման համար նպաստավոր պայմանների առկայության դեպքում կնվազի բնակչության արտահոսքը, ինչպես նաև կխթանվի ներհոսքը, կբարելավվի երկրի ժողովրդագրական իրավիճակը:
ՓՄՁ զարգացումը, զգալիորեն նպաստելով երկրի տնտեսական աճին, բարերար ազդեցություն կունենա հասարակության բարոյա-հոգեբանական մթնոլորտի վրա:
Այսպիսով, Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման սոցիալական նպատակներն են`
* Նոր աշխատատեղերի ստեղծումը,
* Բնակչության եկամուտների աճը և վճարունակության բարձրացումը,
* Հասարակության մեջ սոցիալական արդարության ամրապնդումը,
* Բնակչության արտահոսքի նվազումը և ներհոսքի խթանումը,
* Հասարակությունում բարոյա-հոգեբանական մթնոլորտի բարելավումը,
* Երկրում ներքին միգրացիոն գործընթացների կարգավորումը:
Քաղաքական նպատակներ
Ցանկացած ոլորտում պետության վարած քաղաքականությունը նաև որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում և ունենում համապատասխան հետևանքներ:
ՓՄՁ ոլորտի զարգացումն անմիջականորեն կնպաստի Հայաստանում միջին խավի` որպես կայուն քաղաքացիական հասարակության գոյության երաշխիքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Ձեռներեցության զարգացումը, ամրապնդելով երկրի տնտեսական ներուժը, նաև կբարձրացնի պետության միջազգային վարկը:
Տարածաշրջանային նպատակային տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում կամրապնդվեն Հայաստանի սահմանամերձ շրջանները:
Այսպիսով` Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման քաղաքական նպատակներն են`
* Սահմանամերձ շրջանների ամրապնդումը,
* Միջին խավի ձևավորումն ու ամրապնդումը,
* Պետության միջազգային վարկի բարձրացումը:
4. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կենսունակ ՓՄՁ հատվածի զարգացման համար նախապայման է բարենպաստ մակրոտնտեսական միջավայրի առկայությունը, վերահսկվող սղաճը, առողջ մրցակցային դաշտի առկայությունը և մի շարք այլ պայմաններ, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով պետական համակարգված տնտեսական քաղաքականության արդյունք են: Մասնավոր հատվածի և մասնավորապես ՓՄՁ դինամիկ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել պետական հստակ քաղաքականություն հետևյալ հիմնական ուղղություններով.
4.1. Իրավական
Փորձը ցույց է տալիս, որ ձեռնարկատիրական գործունեության բարենպաստ միջավայրի կայացման համար, առավել ևս անցումային տնտեսությամբ երկրներում, անհնար է առանց դրա իրավա-օրենսդրական հիմքի: Դա բացատրվում է այդ երկրներում ձեռնարկատիրական գործունեության ավանդույթների բացակայությամբ և, որպես կանոն, չարաշահումների մեծ չափերով: Պետության առաջնահերթ խնդիրն է ապահովել բարենպաստ իրավա-օրենսդրական դաշտ` ձեռնարկատիրության բնականոն զարգացման համար: Իրավա-օրենսդրական դաշտի ձևավորումը պետք է իրականացվի ոլորտի զարգացման պետական քաղաքականության և ռազմավարության հիմքի վրա:
Վերջին տարիներին Հայաստանում մեծ աշխատանք է կատարվել շուկայական տնտեսության պայմաններում ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման ուղղությամբ: Հիմնականում ստեղծված է ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող իրավական դաշտը:
Մասնավորապես, բանկային գործունեությունը, ձեռնարկությունների կազմակերպաիրավական ձևերը սահմանող և կարգավորող օրենքները, ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակների լիցենզավորման կարգերը և այլն: Արմատավորված է տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված պետական գրանցման համակարգը: Օրենսդրության կատարելագործման իմաստով կարելի է առանձնացնել վերջին երեք տարիների, երբ ընդունվեցին հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների մասին նոր օրենքներ: 1991 թ. հունվարի 1-ից գործում է ՀՀ քաղաքացիական նոր օրենսգիրքը:
Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, դեռևս բացակայում է փոքր և միջին ձեռնարկատիրությանն (ՓՄՁ) ուղղակիորեն առնչվող օրենսդրությունը: Այս տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից մշակված «ՓՄՁ պետական օժանդակության մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքների ընդունումը: Սակայն կարևոր առաջընթաց է «Պարզեցված հարկի մասին» և «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքների ընդունումը, որը շոշափելի քայլ է փոքր բիզնեսի նկատմամբ հարկային բեռի ու վարչարարության թեթևացման, ձեռնարկությունների գործունեությանը անհարկի միջամտության և դրանցում ապօրինի գործողությունների վերացման ուղղությամբ:
«ՓՄՁ պետական օժանդակության մասին» ՀՀ օրենքը կհանդիսանա ՓՄՁ պետական օժանդակության իրավական հիմքը, կսահմանի Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ չափորոշիչները, ՓՄՁ պետական օժանդակության հիմնական ուղղությունները, ոլորտի զարգացման պետական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի իրականացման օրենսդրական հիմքը:
Միաժամանակ ձեռնարկատիրության և մասնավորապես ՓՄՁ ոլորտներում գերակա ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ է կիրառել հարկային խթաններ նոր ձեռնարկությունների ստեղծման, նոր տեխնոլոգիաների ներդրման, առևտրային բանկերի միջոցները ձեռնարկությունների ֆինանսավորմանն ուղղելու նպատակով:
4.2. Ֆինանսական
Հայաստանում ձեռնարկատերերին իրենց գործունեության և նոր ձեռնարկությունների ստեղծման ժամանակ բախվում են մի շարք հիմնախնդիրների: Այդ հիմնախնդիրների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ֆինանսականը: Փորձագիտական հետազոտությունները հաստատում են, որ ՓՄՁ-երի վարկային և ֆինանսական աջակցությունը խիստ սահմանափակ է և անբավարար: Հատկապես ակնհայտ է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հարցերում պետական օժանդակության բացակայությունը:
Միաժամանակ առկա է գործող ֆինանսական աղբյուրներին ՓՄՁ սուբյեկտների անհասանելիությունը: Դա հիմնականում բացատրվում է.
. Վարկերի տոկոսադրույքների բարձր լինելով,
. Միջինժամկետ և երկարաժամկետ վարկերի գրեթե բացակայությամբ,
. Վարկերի դիմաց տրամադրվող երաշխիքների բացակայությամբ,
. Վարկերի գրավային անբավարար ապահովվածությամբ,
. Բիզնես ծրագրերի ցածր որակով,
. Վարկի ձեռք բերման գործընթացին առնչվող խնդիրներով:
Փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ պետության կողմից իրականացվող ֆինանսավարկային քաղաքականության հիմնական նպատակը պետք է դառնա ֆինանսական շուկայում ՓՄՁ սուբյեկտների անբարենպաստ վիճակի բարելավումը, ինչպես նաև առանձին, արդյունավետության բարձր աստիճան և ռազմավարական կարևորություն ունեցող ծրագրերի ֆինանսավորումը:
ՓՄՁ ֆինանսավորման հետ կապված հիմնախնդիրների լուծման գործում կարևորագույն քայլ կհանդիսանա վարկերի երաշխավորման համակարգի ձևավորումը` ՓՄՁ վարկերի երաշխավորման կառույցի ստեղծման ճանապարհով: Անհրաժեշտ է ներդնել վարկային նոր` ավանդական և ոչ ավանդական սխեմաների կիրառման մեխանիզմներ ձեռնարկությունների ֆինանսավորման պայմանների բարելավման համար:
Ձեռնարկությունների ֆինանսավորման հիմնախնդրի հաղթահարման արդյունավետ և լայն տարածում գտած միջոցներից է վարկային երաշխիքների տրամադրման մեխանիզմը, որը հաջողությամբ կիրառվում է ինչպես զարգացած, այնպես էլ անցումային տնտեսությամբ երկրներում:
Վարկերի գրավային ապահովման գործում էական ներդրում կլինի հողի շուկայի ձևավորումը, որին կնպաստի նոր մեթոդաբանության հիման վրա հողային կադաստրի մշակումն ու ընդունումը: Այն էապես կմեղմի հատկապես առկա գրավադրման հիմնախնդիրը:
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ֆինանսական հիմնախնդիրների լուծման գործում անհրաժեշտ է պետական քաղաքականությունը կյանքի կոչել կայուն ենթակառույցների ստեղծման ճանապարհով, չսահմանափակվելով կարճաժամկետ միջոցառումներով:
ՓՄՁ-երի ֆինանսական հիմնախնդիրների լուծման և ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է նաև`
. հստակեցնել հարկային օրենսդրությունը և պարզեցնել հարկերի վճարման
համակարգը դրանք առավել մատչելի դարձնելու և տարամեկնաբանությունները
բացառելու համար.
. քանի որ անցումը միջազգային հաշվապահական (IAS) և աուդիտի միջազգային
(ISA) ստանդարտներին արդեն ներդրման փուլում են, ապա այդ գործընթացը
պետք է ուղեկցվի ձեռնարկատերերին համապատասխան տեղեկատվության
տրամադրմամբ, մեթոդաբանական և խորհրդատվական ծառայությունների
մատուցմամբ:
. ՓՄՁ-երի ֆինանսական կառավարման դժվարությունների հաղթահարման համար
անհրաժեշտ է հատուկ ուսուցողական դասընթացների կազմակերպում և
մասնագիտական խորհրդատվության որակի կատարելագործում:
4.3. Արտադրության զարգացում
Արտադրության ոլորտը և մասնավորապես արդյունաբերությունը, որպես երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը, իր արտացոլումը պետք է գտնի ՓՄՁ քաղաքականության մեջ և իրականացվի առանձին ծրագրերի և միջոցառումների ճանապարհով:
ՓՄՁ քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող արտադրական ոլորտի ընդլայնումն ու զարգացումը կնպաստի ՓՄՁ քաղաքականության հիմնական նպատակների իրագործմանը, այն է` արտադրության ծավալների աճ, առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատում, տեղական հումքի արդյունավետ օգտագործում, արտահանման ծավալների մեծացում, պարապուրդի մատնված արտադրական հզորությունների վերագործարկում, արտադրական հզորությունների և արտադրվող ապրանքների դիվերսիֆիկացիա և այլն:
Արդյունաբերական քաղաքականության տարբեր ուղղություններով արված առաջարկությունները հնարավորություն են տալիս բացահայտելու խոշոր և փոքր ու միջին ձեռնարկությունների միջև համագործակցության հետագա զարգացման, նրանց միջև փոխադարձ կապերի ընդլայնման հնարավորությունները և տնտեսական զարգացման գերակայությունները:
Արտադրական ոլորտի արդյունավետ գործող ՓՄՁ-երի քանակի և գործառույթների շրջանակի ընդլայնման համար անհրաժեշտ է պետական աջակցություն քաղաքականության իրականացման բոլոր հնարավոր մեխանիզմներով: Մասնավորապես պետական գերակա ուղղություններում արտադրական ՓՄՁ-երին տրվող վարկերի երաշխավորումը այդ մեխանիզմներից է:
ՀՀ ՓՄՁ քաղաքականությունն ու ռազմավարությունն իրականացնող կառույցները պետք է պարբերաբար արտադրության ոլորտի ՓՄՁ-երին ապահովեն նոր տեխնոլոգիաների, նորարարական նորամուծությունների, համաշխարհային շուկայում հայտնված նոր արտադրատեսակների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Մարզերում հիմնադրվող վերամշակող արտադրությունների համար անհրաժեշտ է ստեղծել առավել բարենպաստ ռեժիմ, որը հնարավորություն կտա բարձրացնել տնտեսապես թույլ զարգացած մարզերը և առավել արդյունավետ օգտագործել տեղական հանքահումքային ռեսուրսները: Արտադրական ՓՄՁ-երի ընդլայնումը մարզերում կլուծի ևս մի կարևոր հիմնահարց, այն է` գյուղմթերքների վերամշակման արտադրության զարգացում և երկրի պարենային ապահովության հիմնախնդրի մեղմացում: Արդեն այսօր նկատելի է սննդի վերամշակման փոքր և միջին արտադրությունների զարգացման հեռանկարները և դրա ազդեցությունը գյուղատնտեսությունում առկա հիմնախնդիրների լուծման և մեղմացման գործընթացին (գյուղատնտեսական մթերքների գնումների ապահովում, դրանց արդյունավետ վերարտադրություն, ճյուղի ամրապնդում և այլն):
Արտադրական ոլորտի զարգացման համար կարևորվում է նաև պարապուրդի մատնված և (կամ) անարդյունավետ աշխատող խոշոր ձեռնարկությունների վերակազմավորումը (ռեստրուկտուրիզացիան):
4.4. Տարածաշրջանային զարգացում
ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման կարևորագույն ուղղություններից է Հայաստանի մարզերի միջև գոյություն ունեցող սոցիալտնտեսական անհամամասնությունների հաղթահարումը: Հայաստանի յուրաքանչյուր մարզ առանձնանում է ինչպես աշխարհագրական առանձնահատկություններով, այնպես էլ տնտեսության (արդյունաբերության) որոշակի ճյուղերի առկայությամբ պայմանավորված յուրահատկություններով:
ՓՄՁ հիմնախնդիրները մարզերում կարելի է բաժանել.
1. Ենթակառուցվածքային` կապված ճանապարհների, տրանսպորտային և
հեռահաղորդակցության միջոցների, թերզարգացվածությամբ և (կամ)
բացակայությամբ:
2. Հեռավորության գործոնը` բիզնես խորհրդատվության, մենեջմենտի,
մարկետինգի, ուսուցման և տեղեկատվության մատչելիության առումով:
3. Ֆինանսների անմատչելիության գործոնը, որն առավել զգալի է մարզերում:
4. Սպասարկման ոլորտի և հյուրանոցային տնտեսության բացակայությունը,
թույլ զարգացած լինելը:
Պետական քաղաքականությունը պետք է ապահովի յուրաքանչյուր մարզի նկատմամբ տարբերակված մոտեցում` պետական նպատակային ծրագրերի իրականացման առումով:
ՀՀ մարզերի տնտեսական զարգացման տեսակետից նպատակահարմար է մշակել զարգացման ծրագրեր որոշակի մարզերի կամ տարածաշրջանների համար:
Փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության պետական կարգավորումը և աջակցությունը հնարավորություն են ընձեռնում կարճ ժամանակում և համեմատաբար փոքր ներդրումներով զգալիորեն մեղմել մարզերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: ՓՄՁ զարգացման ծրագրերի մշակման ժամանակ առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան աղետի գոտին և սահմանամերձ բնակավայրերի, որտեղ գործող ձեռնարկությունների համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ:
Մարզերում ՓՄՁ զարգացման առաջնային ուղղություններից կարող է դառնա արհեստագործությունը: Հայաստանում արհեստագործությունը հարուստ է ավանդույթներով տեքստիլ, կարի, կաշվի-կոշիկի, քարի (նաև թանկարժեք և կիսաթանկարժեք) մշակման, ձեռագործ գորգագործության, փայտի փորագրության, հախճապակու, ճենապակու, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից զարդերի արտադրության և գեղանկարչության բնագավառում: Արվեստի նշումները, հատկապես հուշանվերները, ունենալով ազգային դիմագիծ, նաև պետք է կազմեն զբոսաշրջիկության զարգացման քաղաքականության և ռազմավարության բաղկացուցիչ մաս: ՀՀ կառավարության դերն այստեղ կայանալու է նրանում, որ խրախուսի արհեստագործական «կլաստերների» ստեղծումն ու զարգացումը: Նախկին, պարապուրդի մատնված արտադրական տարածքները, որոնք ներկայումս չեն օգտագործվում, կարող են հատկացվել արհեստագործական արհեստանոցներին:
4.5. Ինովացիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում
Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղություններ են համարվում բարձր տեխնոլոգիական, նորարարական ներդրումներով, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ օգտագործող ձեռնարկությունները: Սակայն առանձին վերցրած փոքր ձեռնարկությունների համար, հիմնականում իրենց թանկության պատճառով, այդպիսի գործունեության ծավալումը գրեթե անմատչելի է: Ձեռնարկության զարգացման համար այս հույժ կարևոր հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել բիզնես ինկուբատորներ, տեխնոպարկեր, արդյունաբերական գոտիներ: Դրանք կոլեկտիվ հնարավորություններ են ընձեռում այն դեպքերում, երբ առանձին ձեռնարկությունների համար այս կամ այն ծառայությունը մատչելի չէ:
Բիզնես ինկուբատորներն իրենից ներկայացնում է նոր ստեղծված ձեռնարկությունների մի խումբ, որոնք օգտվում են նույն միջոցներից և կենտրոնացված ծառայություններից, հաշվետվության համակարգից, ապրանք կամ հումք գնելու և մարկետինգի հնարավորություններից:
Մասնակից ընկերությունների միացյալ ուժը հնարավորություն է տալիս կիսելու ֆինանսական ծանրությունը այնքան ժամանակ, քանի դեռ ձեռնարկությունները չեն հասունացել ինքնուրույն գործելու համար:
Բիզնես ինկուբատորները սովորաբար ստեղծվում և աջակցվում են կառավարության կողմից և ֆինանսավորվում են դրամաշնորհների կամ ցածր տոկոսադրույքներով վարկերի միջոցով: Կառավարության կողմից օգնությունը հաճախ լինում է չօգտագործվող տարածքներն անվճար տրամադրելու ձևով, որը Հայաստանի համար գրավիչ և կիրառելի տարբերակ կարող է համարվել:
Ինկուբատորները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային զարգացման համար: Համագործակցության նման ձևը կնպաստի նաև ձեռնարկությունների միջև կոոպերացիայի ընդլայնմանը:
Ելնելով վերոհիշյալից կարելի է ասել, որ բիզնես ինկուբատորներն առանցքային դեր կարող են խաղալ ՓՄՁ-երի զարգացման և աջակցման քաղաքականության իրականացման գործում:
Փոքր և միջին ձեռնարկությունների տեխնոլոգիական և նորարարական աջակցության ձևերից է տեխնոպարկը: Այն գիտական կենտրոնի շուրջ համախմբված նորաստեղծ ձեռնարկությունների համախումբ է, որն առաջարկում է ժամանակակից բարձրորակ խորհրդատվություն և տեղեկատվություն` ուղղված ձեռնարկությունների տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի կատարելագործմանը, ինչպես նաև տրամադրում է իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ:
Տեխնոպարկերն ավելի հարմար են արդյունաբերական կամ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար, որտեղ արտադրանքի կամ արտադրական պրոցեսների կատարելագործման համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների կիրառումը: Սա փոխշահավետ է ինչպես գիտնականների, այնպես էլ ձեռնարկատերերի համար փորձի և հմտությունների փոխանակման առումով, երբ գիտական ծրագրերը կարող են զարգանալ գործարարության մեջ ներդրվելով, իսկ ձեռնարկատերերը կարող են օգտվել գիտական մշակումներից:
Այս մոդելը բավականին արդյունավետ կարող է գործել Հայաստանում, հաշվի առնելով վերջինիս գիտական ներուժը և համապատասխան գիտական կենտրոնների առկայությունը:
4.6. Տեղեկատվական և խորհրդատվական ապահովում
Այս ուղղության արդյունավետ օգտագործումը մեծապես պայմանավորված է մի շարք պետական և ոչ պետական կառույցների սերտ համագործակցությամբ: Տեխնիկական օժանդակությունը, որն իր մեջ ներառում է տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը, իրականացվում է ինչպես կառավարման պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, այնպես էլ առևտրային կազմակերպությունների կողմից: Այս մեխանիզմը մեծ արդյունքներ կարող է տալ, եթե պետական համապատասխան կառույցներ լրջորեն ընդգրկվեն ՓՄՁ աջակցության քաղաքականության իրականացման գործընթացին:
ՓՄՁ-երի տեղեկատվական ապահովումը նրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է:
Ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ է օպերատիվ տեղեկատվություն ընդհանուր տնտեսական կոնյունկտուրայի, արտաքին և ներքին շուկաներում, իրավա-օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի ու բարձր տեխնոլոգիաների կիրառման և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների վերաբերյալ:
Հայաստանում տնտեսական տեղեկատվությունը հիմնականում տարածվում է զանգվածային լրատվամիջոցներով, որոնք միշտ չէ, որ ամբողջական են և հավաստի չեն բավարարում ձեռնարկատիրական գործունեության պահանջներին:
Ինչ վերաբերում է Հայաստանում գործող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների գրասենյակներին, ԲՈՒՀ-երին և այլ ուսումնական հաստատություններին, կառավարման կենտրոնական և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա նրանց կողմից տրամադրվող բիզնես-տեղեկատվության մակարդակը ևս անբավարար է:
ՓՄՁ տեղեկատվական ապահովմանը նպաստող առավել արդիական և արդյունավետ միջոցներից է բիզնես-տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական կենտրոնների, ՓՄՁ տեղեկատվական ապահովման համակարգված ցանցի ստեղծումը, որը հնարավորություն կտա ձեռնարկատերերին և անհատ ձեռներեցներին օպերատիվ, ամփոփ և սպառիչ տեղեկատվություն ստանալ իրենց գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ:
ՓՄՁ սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության ապահովման կարևորագույն օղակներից է ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին կարճ ժամանակում ընդունվեն ՓՄՁ չափորոշիչները և իրականացվի ՓՄՁ սուբյեկտների ամփոփ վիճակագրական հաշվառում:
Բիզնես խորհրդատվությունը ևս հանդիսանում է ՓՄՁ սուբյեկտների աջակցության կարևոր բաղկացուցիչ տարրերից մեկը: Անհրաժեշտ է իրականացնել ՓՄՁ սուբյեկտների խորհրդատվական աջակցություն` գործող մասնագիտական բիզնես տեղեկատվական կառույցների (պետական և մասնավոր) միջոցով:
ՓՄՁ սուբյեկտների խորհրդատվական աջակցության անհրաժեշտությունից և հետագա զարգացման կարևորությունից ելնելով անհրաժեշտ է կիրառել խորհրդատվական աջակցություն հետևյալ ուղղություններով.
. Ձեռնարկությունների կառավարման,
. Ֆինանսների կառավարման,
. Շուկայի ուսումնասիրման,
. Ձեռնարկությունների ֆինանսավորման,
. Բիզնես ծրագրերի մշակման,
. Որակի կառավարման,
. Ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական և այլն:
ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական ապահովման գործում պետական աջակցության հիմնական ուղղություններից պետք է դառնա բիզնես ծառայություններ մատուցող կառույցների ուղղակի աջակցությունը և դրանց կողմից իրականացվող ծրագրերի համակարգումը:
4.7. Ձեռնարկության սոցիալական վարկի բարձրացում
Ձեռնարկության զարգացման համար առաջնային կարևորության խնդիր է վերջինիս նկատմամբ դրական հասարակական կարծիքի ձևավորումը: Այն հատկապես կարևորվում է անցումային տնտեսությամբ երկրների համար, որտեղ դեռ առկա է հին մտածողությունը, ըստ որի մասնավոր հատվածը ավելի շատ նույնացվում է անարդար եկամտի աղբյուրի հետ:
Երկրի տնտեսության զարգացման համար ձեռնարկատիրության զարգացումը առանցքային նշանակության հարց է և դրա վերաբերյալ դրական հասարակական կարծիքի ձևավորումը և բարելավումը պետք է դառնա պետական հոգածության առարկա:
Այս հիմնախնդրի լուծման համար առաջարկվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնք կնպաստեն ձեռնարկատիրական գործունեության վարկի բարձրացմանը: Առաջարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացման գործում իր հստակ դերն ունի չորրորդ իշխանությունը` զանգվածային լրատվամիջոցները:
Անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել «Տարվա լավագույն ձեռնարկատեր» տիտղոսի համար ՓՄՁ-երի տարեկան մրցույթ: Մրցույթի արդյունքներով հաղթողները պետք է խրախուսվեն, իսկ նրանց աշխատանքային փորձը պետք է լայնորեն լուսաբանվի և մատչելի դառնա հասարակությանը:
Անհրաժեշտ է հրատարակել պարբերական, որը կլուսաբանի ձեռնարկատիրության ոլորտում տիրող իրավիճակը, կունենա ճանաչողական նշանակություն, ձեռնարկատերերին կապահովի ոլորտի մասին տեղեկատվությամբ:
Անհրաժեշտ է ակտիվացնել գործունեությունը Հայաստանում գործող ցուցահանդեսների որակի բարելավման, աշխարհագրության ընդլայնման և նոր ոլորտների ընդգրկման ուղղությամբ:
4.8. Բիզնես ուսուցում և կադրերի վերապատրաստում
Այսօր Հայաստանում բիզնես-ուսուցման և կադրերի վերապատրաստման գործառույթը հիմնականում իրականացվում է հասարակական, և ոչ պետական (միջազգային, օտարերկրյա ու տեղական առևտրային) կազմակերպությունների կողմից: Այդ ծառայություններն իրենց նշանակալի դերն ունեն, սակայն հաճախ իրականացվում են կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում, համակարգված չէ, որն էապես թուլացնում է դրանց արդյունավետությունը:
Լինելով ՓՄՁ օժանդակության կարևորագույն բաղադրիչներից, բիզնեսի բնագավառում կադրերի պատրաստումը զգալի արդյունքներ կարող է տալ, եթե պետական համապատասխան կառույցները լրջորեն ընդգրկվեն այդ գործընթացին և համակարգեն իրականացվող կրթական ծրագրերը: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան կառույց, որը կիրականացնի նշված գործառույթը:
Այս գործում բավականին անելիքներ ունի ներկայիս գործող կրթական համակարգն ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԲՈՒՀ-երի, միջնակարգ մասնագիտական կրթության ու կադրերի վերապատրաստման այլ կառույցների:
Ժամանակակից գործարար միջավայրում հայ ձեռնարկատերերը ձեռնարկությունների կազմակերպման և կառավարման գիտելիքների խորացման, մարքետինգի, առաջավոր տեխնոլոգիաների յուրացման և այլ կարևոր մասնագիտական հմտությունների կատարելագործման կարիք են զգում, որը կարող է իրականացվել փոքր ձեռնարկությունների «կլաստերների» և բիզնես-աջակցման ասոցիացիաների, միությունների և այլ կառույցների միջև փոխհամագործակցության միջոցով:
Շուկայական տնտեսության մեջ կատարվող փոփոխությունները ստիպում և թելադրում են ձեռնարկատիրական գործունեության տարբեր ոլորտների աշխատողներին բարձրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, նրանցից պահանջում են մտքի ճկունություն և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հարմարվելու ընդունակություն, կարողություն:
Պետական կառույցների, կրթական հաստատությունների և ձեռնարկատիրության աջակցության կառույցների միջև համագործակցությունից բխող տարբերակված մասնագիտական կրթությունը գործարարներին մշտապես կապահովի համապատասխան մասնագիտական գիտելիքներով և փորձով:
Այդ նպատակով ՓՄՁ պետական քաղաքականությունն իրականացնող կառույցը պետք է իր գործունեությունը նպատակաուղղի.
1. ձեռնարկատիրության բնագավառի կադրերի ուսուցմամբ զբաղվող կառույցների
համար մեթոդական նյութերի ուղեցույցների մշակմանը, համապատասխան
գրականության թարգմանությանը,
2. ՀՀ կառավարության հետ խորհրդատվական համագործակցության իրականացմանը`
մասնագիտական կրթության և վերապատրաստման հարցերի վերաբերյալ,
3. բիզնես-աջակցության համապատասխան կառույցների կողմից մասնագիտական
(բիզնես) ծառայությունների մատուցման օժանդակմանը,
4. բիզնես-ուսուցման բնագավառում առաջավոր փորձի ուսումնասիրմանն ու
կիրառմանը:
5. ՓՄՁ քաղաքականության իրականացման կառուցվածքային
ապահովումը
ՓՄՁ պետական քաղաքականության և ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ձևավորել ՓՄՁ զարգացման և աջակցության ամբողջական համակարգ: Այն պետք է ներառի ինչպես պետական կառույցները, այնպես էլ հասարակական, առևտրային և միջազգային կազմակերպությունները:
Եթե հասարակական, առևտրային և միջազգային կազմակերպությունները կարող են ունենալ քաղաքականությունն իրականացնող որոշ գործառույթներ, ապա պետական կառույցները պետք է իրականացնեն`
. Քաղաքականության ու զարգացման ծրագրերի մշակման,
. Քաղաքականության ու զարգացման ծրագրերի համակարգման ու իրականացման
գործառույթներ:
ՓՄՁ քաղաքականություն մշակող կառույց
ՓՄՁ քաղաքականության մշակման գործառույթն այժմ իրականացվում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից, որն իրականացնում է հետևյալ գործառույթները.
. ՓՄՁ պետական քաղաքականության և ռազմավարության մշակում,
. ՓՄՁ զարգացման ծրագրերի մշակում,
. ՓՄՁ ոլորտի պարբերական հետազոտում և մոնիտորինգի իրականացում,
. ՓՄՁ քաղաքականության մշակման ոլորտում համագործակցություն միջազգային,
հասարակական և առևտրային կազմակերպությունների հետ:
ՓՄՁ քաղաքականությունն իրականացնող կառույց
Հայաստանում բացակայում է ՓՄՁ քաղաքականության իրականացման համակարգ և մեխանիզմներ:
Միջազգային փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս նման համակարգի ստեղծման հրատապությունը: Հայաստանի ձեռնարկատիրական դաշտի և գործող կառավարման համակարգի ուսումնասիրությունները հանգեցնում են պետական մասնակցությամբ համապատասխան կառույցի ստեղծման անհրաժեշտությանը:
Այդ կառույցը լինելով ՓՄՁ պետական քաղաքականությունն իրականացնող մարմին, պետք է իրականացնի պետության կողմից մշակված ծրագրերը` սերտորեն համագործակցելով ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության (համապատասխան նախարարություն) հետ` հետադարձ կապ ապահովելով բիզնես համայնքի հետ:
Վերը նշված կառույցը, ելնելով տարածաշրջանային զարգացման առանձնահատկություններից և գերակայություններից (աղետի գոտի, սահմանամերձ շրջաններ և այլն), պետք է հիմնի ձեռնարկատիրության զարգացման տարածաշրջանային գրասենյակներ, որոնք ՓՄՁ զարգացման գործակալության տարածաշրջանային ծրագրերի իրականացնողները պետք է դառնան:
ՓՄՁ պետական քաղաքականությունն իրականացնող կառույցի գործառույթներն են.
. ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական ծառայությունների մատուցում,
. ՓՄՁ սուբյեկտներին բիզնես-խորհրդատվություն,
. Բիզնես-ֆորումների, կոնֆերանսների, ցուցահանդեսների կազմակերպում,
. ՓՄՁ զարգացման ծրագրերի կոորդինացում,
. Բիզնես-ուսուցողական ծրագրերի մշակում,
. Այլ բիզնես ծառայություններ:
ՓՄՁ զարգացման պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման ֆինանսավորման աղբյուրները պետք է լինեն`
- պետական բյուջեն,
- սեփականաշնորհումից ստացված միջոցները,
- միջազգային և օտարերկրյա դոնոր-կազմակերպությունների հատկացումները,
- նվիրատվությունները և այլն:
Համակարգի բաղկացուցիչ մաս պետք է կազմի ՓՄՁ-երին վարկային երաշխիքների տրամադրող համապատասխան կառույցը և փորձագետների խորհուրդը:
Այլ կառույցներ
ՓՄՁ քաղաքականություն ու ռազմավարություն իրականացնող կարևոր օղակներից պետք է լինի ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատը, որը կարող է դառնալ միջազգային տնտեսական համագործակցության դաշտում արդեն ստեղծված և զարգացած բիզնես ցանցի մի մաս` կապված Եվրոպալատների, Միջազգային առևտրի պալատի և նրանց անդամների հետ տնտեսական և առևտրական կոնվերգենցիայի (համաձուլման) վրա հիմնված պաշտոնական և ոչ պաշտոնական կապերով և օգտվել վերջինիս հնարավորություններից: Այսօր, երբ Հայաստանի տնտեսության համար մեծանում է արտահանման կարևորությունը, մեծ նշանակություն է ձեռք բերում նման միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն ու համագործակցությունը:
ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի և տարածաշրջանային պալատների ցանցի հիմնումը հնարավորություն կընձեռի ունենալ այնպիսի համակարգ, որը Հայաստանի գործարարներին պայմանագրային հիմունքներով առաջարկելով իր ծառայությունները` կնպաստի`
. ձեռնարկությունների ներքին կոոպերացիայի զարգացմանը,
. միջազգային բիզնես տեղեկատվության տարածմանը,
. ներքին և արտաքին կապերի ապահովմանն ու արտահանման խթանմանը:
Ձեռնարկատիրության ոլորտում գործող հասարակական, միջազգային ու մասնավոր կազմակերպությունները համապատասխան համագործակցության դեպքում, կարող են դառնալ ՓՄՁ քաղաքականության իրականացման մասնակիցներ: Դրանք են`
. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունները,
. Բիզնես կենտրոնները,
. Բիզնես ծառայություններ մատուցող կազմակերպությունների,
. Հասարակական կազմակերպությունները,
. Ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունները և այլն:
Դրանք կոչված են պաշտպանելու ձեռնարկատերերի շահերը պետական և ոչ պետական կազմակերպություններում, մատուցել բիզնես ծառայություններ:
Այս կազմակերպությունների մասնակցությունը ՓՄՁ քաղաքականության իրականացման գործընթացին չպետք է լինի պետական մարմինների կողմից պարտադրված և պետք է համապատասխանի իրենց (կազմակերպությունների) նպատակներին: Ինչ վերաբերում է դոնոր կազմակերպություններին, ապա, հաշվի առնելով այն, որ նրանք իրականացնում են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր, քաղաքականություն մշակող գործակալները հնարավորության սահմաններում պետք է մասնակցեն վերոհիշյալ ծրագրերի մշակմանը, իսկ դրանց իրականացման փուլում փոխհամաձայնության պայմաններում համակարգեն դրանք: Դա կապահովի դրանց առավելագույն արդյունավետությունը:
Հավելված N 1
Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության
և ռազմավարության հիմնադրույթների
Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների ոչ պետական հատվածի ցուցանիշները
.__________________________________________________________________________.
| Երկիրը |Տարին|Ոչ պետական հատվածի|Ոչ պետական հատվածում|Ոչ պետական հատվածի|
| | |տեսակարար կշիռը |ստեղծված արդյունքը, |տեսակարար կշիռը |
| | | ՀՆԱ-ի մեջ, % |մլրդ ԱՄՆ-ի դոլար |զբաղվածության |
| | | | | մեջ, % |
|_________|_____|__________________|____________________|__________________|
|Հունգարիա|1989 | 20 | 6 | 20 |
| |_____|__________________|____________________|__________________|
| |1995 | 70 | 31 | 66 |
|_________|_____|__________________|____________________|__________________|
|Լեհաստան |1989 | 28 | 23 | 47 |
| |_____|__________________|____________________|__________________|
| |1995 | 59 | 70 | 66 |
|_________|_____|__________________|____________________|__________________|
|Սլովակիա |1991 | 27 | 3 | 10 |
| |_____|__________________|____________________|__________________|
| |1995 | 62 | 11 | 55 |
|_________|_____|__________________|____________________|__________________|
|Չեխիա |1989 | 11 | 4 | 16 |
| |_____|__________________|____________________|__________________|
| |1995 | 60 | 27 | 65 |
.__________________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության
և ռազմավարության հիմնադրույթների
Պետ. ռեգիստրում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն ըստ սեփականության
ձևերի (01.01.2000 թ. դրությամբ)
.__________________________________________________________________________.
| Անվանումը | 1999 թ. | 2000 թ. |2000 թ. հունվարի-1 |
| |հունվարի 1-ի|հունվարի 1-ի|տվյալները նախորդ |
| |դրությամբ |դրությամբ |տարվա նկատմամբ %-ով |
|___________________________|____________|____________|____________________|
|Պետական սեփականություն | 2803 | 2802 | 99.9 |
|Կոլեկտիվ սեփականություն | 24326 | 27433 | 112.7 |
|Քաղաքացիների սեփականություն| 11495 | 10216 | 88.8 |
|Խառը սեփականություն | 1267 | 1233 | 97.3 |
|Օտարերկրյա սեփականություն | 564 | 743 | 131.7 |
|Համատեղ ձեռն. սեփականութ. | 786 | 914 | 116.3 |
| | | | |
|Ընդամենը | 41241 | 43341 | 105.1 |
.__________________________________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության
և ռազմավարության հիմնադրույթների
Պետական ռեգիստրում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն
ըստ գործունեության խոշորացված ճյուղերի
.__________________________________________________________________________.
| Գործունեության խոշորացված | 1999 թ. | 2000 թ. |2000 թ. |
| ճյուղերը |հունվարի 1-ի|հունվարի 1-ի|հունվարի 1-ի |
| |դրությամբ |դրությամբ |տվյալները |
| | | |նախորդ տարվա |
| | | |նկատմամբ %-ով|
|__________________________________|____________|____________|_____________|
|Գյուղատնտ., որսորդ. | | | |
|անտառաբուծություն |2208 |2335 |105.7 |
| | | | |
|Ձկնորսություն |134 |144 |107.5 |
| | | | |
|Լեռնահանքային արդ. բաց հանքերի | | | |
|շահագործում |54 |70 |129.6 |
| | | | |
|Վերամշակող արդյունաբերություն |7300 |7785 |106.6 |
| | | | |
|Էլեկտրաէներգիա, գազ և | | | |
|ջրամատակարարում |382 |380 |99.5 |
| | | | |
|Շինարարություն |2275 |2331 |102.5 |
| | | | |
|Մեծածախ, մանրածախ առևտուր, | | | |
|կենցաղ. իրերի նորոգում |21551 |22169 |102.9 |
| | | | |
|Հյուրանոցներ և ռեստորաններ |1042 |1178 |113.5 |
| | | | |
|Տրանսպորտ, պահեստային տնտեսություն| | | |
|և կապ |1147 |1318 |114.9 |
| | | | |
|Ֆինանսական միջնորդություն |123 |133 |108.1 |
| | | | |
|Անշարժ գույքի գործառույթներ, | | | |
|վարձակալություն և առևտրական | | | |
|(կոմերցիոն) գործունեություն |2136 |2373 |111.1 |
| | | | |
|Պետական կառավարում և | | | |
|պաշտպանություն, պարտադիր | | | |
|սոցիալական ապահովագրություն |58 |57 |98.3 |
| | | | |
|Կրթություն |465 |492 |105.8 |
| | | | |
|Առողջապահություն և սոցիալական | | | |
|ծառայություններ |781 |849 |108.7 |
| | | | |
|կոմունալ, սոցիալական և անհատական | | | |
|այլ ծառայություններ |1576 |1699 |107.8 |
| | | | |
|Ընդամենը |41232 |43313 |105.5 |
.__________________________________________________________________________.
Հավելված N 4
Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության
և ռազմավարության հիմնադրույթների
Պետական ռեգիստրում գրանցված տնտեսավարող սուբյեկտները
ըստ կազմակերպաիրավական տեսակների
(01.01.2000 թ. դրությամբ)
.__________________________________________________________________________.
| Անվանումը | 1999 թ. | 2000 թ. |2000 թ. |
| |հունվարի 1-ի|հունվարի 1-ի|հունվարի -ի |
| |դրությամբ |դրությամբ |տվյալները |
| | | |նախորդ տարվա |
| | | |նկատմամբ %-ով|
|__________________________________|____________|____________|_____________|
|Անհատական ձեռնարկություն |10558 |9319 |88.3 |
| | | | |
|Ընտանեկան ձեռնարկություն |766 |684 |89.3 |
| | | | |
|Լիակատար տնտեսական | | | |
|ընկերակցություն |2138 |1798 |84.1 |
| | | | |
|Կոմանդիտային տնտ. ընկերակցություն |19 |11 |57.9 |
| | | | |
|Ձեռն. առանձնացված ստորաբաժանում |505 |638 |126.3 |
| | | | |
|Դուստր ձեռնարկություն |1778 |1444 |81.21 |
| | | | |
|Արտադրական կոոպերատիվ |6007 |5991 |99.7 |
| | | | |
|Սպառողական կոոպերատիվ |71 |70 |98.6 |
| | | | |
|Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն|322 |286 |88.8 |
| | | | |
|Սահմանափակ պատ. ընկերություն |14956 |18656 |124.7 |
| | | | |
|Փակ բաժնետիրական ընկերություն |2500 |2838 |113.5 |
| | | | |
|այդ թվում` | | | |
| | | | |
|պետական փակ բաժնետիրական | | | |
|ընկերություն |1162 |1293 |111.3 |
| | | | |
|բոլոր բաժնետոմսերը համայնքինն են |301 |338 |112.3 |
| | | | |
|Բաց բաժնետիրական ընկերություն |1137 |1185 |104.2 |
| | | | |
|Պետական ձեռնարկություն |484 |407 |84.1 |
| | | | |
|Ընդամենը |41241 |43327 |105.1 |
| | | | |
|Անհատ ձեռներեց |47223 |49666 |105.2 |
| | | | |
|Ընդամենը տնտ. սուբյեկտներ |88464 |92993 |113.9 |
.__________________________________________________________________________.