Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 օգոստոսի 2021 թվականի N 63-Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ` անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի իրավասությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի օգոստոսի 13-ի

թիվ 63-Ն հրամանի

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ` անգործության) նկատմամբ հասարակական դիտորդների խմբի (այսուհետ` Խումբ) կողմից հասարակական մշտադիտարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Խումբը զբաղվում է Կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձանց (այսուհետ` Պացիենտներ) իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ:

3. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:

4. Իր գործունեության շրջանակներում Խումբը առաջնորդվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:

5. Կազմակերպությունում մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով Խումբը կատարում է այցելություններ:

6. Այցելությունները կարող են լինել պլանային և ոչ պլանային:

7. Յուրաքանչյուր Կազմակերպությունում Խումբը տարեկան կատարում է առնվազն մեկ այցելություն:

8. Յուրաքանչյուր այցելություն կատարվում է Խմբի առնվազն հինգ անդամի կողմից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությունն այցելություններին:

9. Այցելությունները կարող են կատարվել առանց նախապես զգուշացման` չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը:

10. Համաճարակային իրավիճակից ելնելով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Պացիենտների կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով այցելությունները Կազմակերպություն սահմանափակվում են` Կազմակերպության տնօրենի կամ տնօրենի բուժական գծով տեղակալի հրամանով:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված սահմանափակման վերաբերյալ Կազմակերպության տնօրենը կամ տնօրենի բուժական գծով տեղակալը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկը տեղեկացնում է այցելություն կատարած Խմբին` ներկայացնելով սույն կարգի 10-րդ կետով նշված հրամանի պատճենը:

12. Այցելություն կատարած Խմբի յուրաքանչյուր անդամի կողմից այցի վերաբերյալ ստորագրված հաշվետվությունը ներկայացվում է Խմբի ղեկավարին:

13. Ներկայացված հաշվետվությունների հիման վրա Խմբի ղեկավարն ամփոփում է մշտադիտարկումների արդյունքով արձանագրված թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

14. Արձանագրված թերությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, ինչպես նաև թերությունները շտկելու վերաբերյալ առաջարկությունները Խմբի ղեկավարը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնին և առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

15. Խումբն իրավունք ունի այցելել Կազմակերպության ցանկացած տարածք` Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ` չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը: Կազմակերպության ներքին կանոնակարգով չեն կարող նախատեսվել Խմբի կողմից իրականացվող մշտադիտարկմանն ուղղակի կամ անուղղակի կերպով խոչընդոտող դրույթներ:

16. Խումբն իրավունք ունի առանձնազրույց ունենալ Պացիենտների հետ` Պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաև` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության դեպքում:

17. Խումբն իրավունք ունի ծանոթանալ Պացիենտների բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում Պացիենտների բժշկական փաստաթղթերին` Պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաև` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության դեպքում:

18. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված համաձայնության առկայության վերաբերյալ բժիշկ-հոգեբույժի կողմից կատարվում է գրառում Պացիենտի բժշկական փաստաթղթում, որը հաստատվում է բժիշկ-հոգեբույժի և Պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
13.08.2021
N 63-Ն
Հրաման