Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.06.2007Թ. ԹԻՎ 955...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.06.2007Թ. ԹԻՎ 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի 7-ՐԴ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության                       Վարչական գործ թիվ ՎԴ/3848/05/20

վարչական դատարանի վճիռ

Նախագահող դատավոր` Գ.Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

«09» հունիսի 2021թ. ք.Երևան

 

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը

հետևյալ կազմով` (այսուհետ` Վերաքննիչ դատարան)

 

նախագահող դատավոր` Արման Թովմասյան
դատավոր` Քրիստինե Մկոյան
դատավոր` Կարեն Ավետիսյան

 

դռնբաց դատական նիստում քննելով Ռոբերտ Ավագյանի վերաքննիչ բողոքն` ըստ հայցի Ռոբերտ Ավագյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 19.03.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010977684 որոշումը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3848/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 08.10.2020 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Ռոբերտ Ավագյանը 01.07.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 19.03.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010977684 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ.Առաքելյան) 06.07.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել դատաքննության:

ՀՀ վարչական դատարանի 08.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

Նշված վճռի դեմ Ռոբերտ Ավագյանի կողմից 06.11.2020 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա.Թովմասյան, դատավորներ` Ք.Մկոյան, Կ.Ավետիսյան) 07.12.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 20.05.2021 թվականին, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 09.06.2021 թվականը:

 

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ և ենթակա է բեկանման:

Այսպես, դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետը, այնինչ դատարանը պետք է կիրառեր նույն որոշման Հավելված N 1-ի 93-րդ կետի դրույթները:

Դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության 28.06.2007 թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված նորմի խախտումը կատարվել է տեսանյութի 09:56:54-րդ վայրկյանին:

Նախ, փաստել են, որ «MERCEDES-BENZ» մակնիշի 15SL225 համարանիշի տրանսպորտային միջոցը կանգ է առել 09:56:47-րդ վայրկյանին: Տեսանյութում հստակ երևում է, որ ՏՄ-ն կանգ է առել ոչ թե կանգ-գծից առաջ, այլ 09:56:47-րդ վայրկյանին արդեն հատել է «Կանգ-գիծ» գծանշումը (ՏՄ-ի առաջնամասը հատել է «Կանգ-գիծ» գծանշումը):

Ոչ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ, ոչ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» 08.07.2005 թիվ ՀՕ-166-Ն ՀՀ օրենքով չի սահմանված, թե «Կանգ-գիծ» գծանշումը երբ է համարվում հատված տրանսպորտային միջոցի կողմից: Պարզ չէ, թե դատարանը որ իրավական ակտի որ դրույթով է առաջնորդվել «MERCEDES-BENZ» մակնիշի 15SL025 համարանիշի տրանսպորտային միջոցի կողմից կանգ-գիծ գծանշումը հատելու պահը որոշելու համար և որևէ իրավական հիմնավորում չի բերել թե ինչու 09:56:47-րդ վայրկյանին ՏՄ-ն չի համարել «Կանգ-գիծ» գծանշումը հատած, իսկ 09:56:54-րդ վայրկյանին ՏՄ-ն համարել է «Կանգ-գիծ» գծանշումը հատած: Այսինքն, «MERCEDES-BENZ» մակնիշի 15SL025 համարանիշի տրանսպորտային միջոցի կողմից կանգ-գիծ գծանշումը հատելու պահը որոշելու համար դատարանն առաջնորդվել է գոյություն չունեցող իրավական նորմով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի դրույթներին:

Հետևաբար, տվյալ իրավիճակի օրենսդրական կարգավորման բացակայությունը պետք է մեկնաբանվի հօգուտ անձի:

Դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության 28.06.2007 թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված նորմի խախտումը կատարվել է տեսանյութի 09:56:54-րդ վայրկյանին:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ստորև տրված տեսանյութից արված լուսանկարում 09:56:54-րդ վայրկյանին ՏՄ-ի դիրքը կանգ-գիծ գծանշման նկատմամբ ինչով է տարբերվում կանգ-գիծ գծանշման նկատմամբ ՏՄ-ի դիրքից 09:56:47-րդ վայրկյանին:

Եթե դատարանը գտել է, որ 09:56:54-րդ վայրկյանին ՏՄ-ն արդեն հատել է կանգ-գիծ գծանշումը, ապա ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել դատարանը, երբ գտել է, որ 09:56:47-րդ վայրկյանին, երբ լուսացույցի վրա վառվում է թույլատրող կանաչ ազդանշանը ՏՄ-ն դեռևս չի հատել կանգ-գիծ գծանշումը:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 26.12.2008 թիվ ՀՕ-238-Ն ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, եթե առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալից ելնելով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22 գլխի պահանջների համաձայն` խնդրում է բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3848/05/20 գործով 08.10.2020թ. վճիռը, այն փոփոխել և հայցը բավարարել: Պատասխանողից գանձել իր կողմից կատարված դատական ծախսերը 14000 (տասնչորս հազար) ՀՀ դրամի չափով` 4000 դրամ վարչական դատարան հայց ներկայացնելու տուրք և վերաքննիչ բողոք բերելու համար վճարված պետական տուրք 10000 դրամի չափով:

 

3. Գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանություններով.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 19.03.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010977684 որոշման համաձայն` «MERCEDES-BENZ» մակնիշի 15SL225 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 26.02.2020թ. ժամը 09:56-ին ք. Երևան, Ավետիսյան / Վաղարշյան խաչմերուկի հատվածում խախտել է ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետը, այսինքն` չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին, ինչի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ռոբերտ Ավագյանը տուգանվել է 25.000 ՀՀ դրամի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ` Կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` ՀՀ տարածքում` կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, (...) հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:

«Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Լուսացույցի և կարգավորողի ազդանշանները» բաժնի 4-րդ կետի համաձայն` լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

Նույն բաժնի 7-րդ կետի համաձայն` լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).

2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը:

3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.

4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.

5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև` թարթող, արգելում է երթևեկությունը (կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).

6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:

Նույն բաժնի 8-րդ կետի համաձայն` լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:

Նույն բաժնի 18-րդ կետի համաձայն` լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև:

Նույն բաժնի 19-րդ կետի համաձայն` դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

«Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման «Խաչմերուկների անցումը» բաժնի 93-րդ կետի համաձայն` լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշանով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը, իսկ կարմիր և դեղին ազդանշաններն արգելում է երթևեկությունը: Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշանով: Լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելը վարչական իրավախախտում է և առաջացնում է սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի (25.000 ՀՀ դրամ) չափով տուգանքի նշանակում:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների քննարկվող խախտումը հայտնաբերվել է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, իսկ 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն` առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը:

Օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ` իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկնման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև` ընթացիկ փուլի անհրաժեշտությունը:

Սույն վարչական գործի փաստերով հաստատվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը, համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, պարզել է, որ «MERCEDES-BENZ» մակնիշի 15SL225 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 26.02.2020թ. ժամը 09:56-ին ք. Երևան, Ավետիսյան / Վաղարշյան խաչմերուկի հատվածում խախտել է ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետը, այսինքն` չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին, և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 19.03.2020թ. թիվ 2010977684 որոշման համաձայն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Ռոբերտ Ավագյանը տուգանվել է 25.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ նախկինում կայացված իր որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ այս կամ այն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստի առկայությունը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում կարող է կասկած չհարուցել միայն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից ձեռքբերված լուսանկարը կամ տեսանյութը պարունակում է միանշանակ տվյալներ այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին: Այլ կերպ ասած` քննարկվող իրավիճակում վարչական մարմնի կողմից ձեռքբերված լուսանկարը կամ տեսանյութը պետք է բովանդակի այնպիսի տեղեկություններ, որոնք անառարկելիորեն վկայում են այն մասին, որ լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկվելու պահանջները ենթադրյալ իրավախախտման կատարման պահին տարածվել են տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի վրա, և վերջինս չի կատարել այդ ազդանշանի պահանջները:

Նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ լուսացույցի դեղին և կարմիր ազդանշաններն արգելում են երթևեկությունը, իսկ դրանցից որևէ մեկի միացման պարագայում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման առջև, իսկ ներկայացված տեսանյութից ակնհայտ է, որ նույն գործով հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը խաչմերուկ մուտք գործելիս չի կատարել նշված պահանջը` չենթարկվելով խաչմերուկի ձախ հատվածում գտնվող լուսացույցի` իր համար ողջամտորեն տեսանելի արգելող ազդանշանին (տե՛ս թիվ ՎԴ/9085/05/16 վարչական գործով 01.08.2019թ. կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութի ուսումնասիրությունից պարզ չէ, արդյո՞ք «MERCEDES-BENZ» մակնիշի 15SL225 համարանիշի տրանսպորտային միջոցը լուսացույցի արգելող դեղին ազդանշանի միանալուց առաջ հատած է եղել կանգ-գծից գծանշումը թե` ոչ:

Վերոգրյալից ելնելով, նկատի ունենալով, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի շրջանակներում վարչական մարմնի կողմից ձեռքբերված լուսանկարը կամ տեսանյութը տրանսպորտային միջոցի վարորդի կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու վերաբերյալ միանշանակ տվյալներ չեն պարունակում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը տվյալ դեպքում կասկած է հարուցում, ինչը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետք է մեկնաբանվի հօգուտ հայցվորի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Ամբողջ վերոնշյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 19.03.2020թ. թիվ 2010977684 որոշումն ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և Հանրապետության կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշման վերը նշված դրույթների խախտմամբ, հետևաբար նշված որոշումն իրավաչափ չէ, ուստի, ենթակա է անվավեր ճանաչման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռքբերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները և եկել է սույն գործի ելքի վերաբերյալ սխալ եզրահանգման, ինչը բավարար է Դատարանի 08.10.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` վերաքննիչ դատարանի լիազորությունը, հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Տվյալ դեպքում սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ Դատարանի հաստատած փաստական հանգամանքները բավարար են վերջնական դատական ակտ կայացնելու համար, և Դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի բաշխման հարցին, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 146-րդ հոդվածները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը բեկանելու պայմաններում, ՀՀ վարչական դատարանում գործի քննության հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Ռոբերտ Ավագյանի պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում: Իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Ռոբերտ Ավագյանի պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 141-րդ, 144-152-րդ և 156-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վերաքննիչ բողոքը բավարարել` թիվ ՎԴ/3848/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.10.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել` Ռոբերտ Ավագյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 19.03.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010977684 որոշումը վերացնելու պահանջի մասին, բավարարել:

2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 19.03.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010977684 որոշումը:

3. ՀՀ վարչական դատարանում և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված` կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Ռոբերտ Ավագյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

4. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`           ԴԱՏԱՎՈՐ`           ԴԱՏԱՎՈՐ`

    Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ                  Ք.ՄԿՈՅԱՆ           Կ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 12 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Վերաքննիչ դատարան
09.06.2021
N ՎԴ/3848/05/20
Որոշում