Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` «ԻՐՏԵԿ», ԻՐԱՎԱԿԱՆ, Տ ...

 

 

    ՀՀ քաղաքացիական գործերով                     ՀՀ վճռաբեկ դատարան

    վերաքննիչ դատարան                      Քաղաքացիական գործ N 3-147(ՎԴ)

    Դատավորներ` Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ                                      2002թ.

                Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

                Կ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Քաղաքացիական գործ N 01-1840

2001թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը

 

Նախագահությամբ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                         Դատավորներ`     Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ

                                         Օ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

                                         Վ. ԱԲԵԼՅԱՆ

                                         Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Մասնակցությամբ`

Հայցվոր` Ռ. Ավագյանի

Հայցվորի ներկայացուցիչ` Ա. Տեր-Տաճատյանի

Պատասխանողի ներկայացուցիչ` Ա. Քարամյանի

 

2002թ. փետրվարի 8-ին

Դռնբաց դատական նիստում քննեց «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.12.2001թ. վճռի դեմ ըստ հայցի Ռոբերտ Ավագյանի և Գևորգ Մալխասյանի ընդդեմ «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ ընկերության և «Մաստերս Կոնսալտինգ Գրուպ» ՍՊ ընկերության` հեղինակային իրավունքի ճանաչման և պաշտպանության պահանջի մասին:

Հայցվորները, դիմելով դատարան, հայտնել են, որ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերամշակմամբ ստեղծել են հավաքածո ստեղծագործություն` տվյալների բազա, որը համարվում է ածանցյալ ստեղծագործություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1118 և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածների համաձայն` իրենք համարվում են ածանցյալ ստեղծագործության հեղինակներ: Նշված հոդվածների համաձայն` ածանցյալ ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը պատկանում է իրենց, սակայն պատասխանողներն առանց իրենց համաձայնության, շահույթ ստանալու նպատակով, ապօրինի օգտագործում են իրենց ստեղծած և հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող տվյալների բազան: Պատասխանողներից «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ ընկերությունը շահույթ ստանալու նպատակով տարբեր կազմակերպությունների հետ կնքել է մոտ 50 պայմանագրեր, որի արդյունքում ստացել է 6.200.000 դրամ շահույթ: Պատճառաբանելով, որ պատասխանողները խախտել են իրենց հեղինակային իրավունքը, խնդրել են ճանաչել իրենց հեղինակային իրավունքներն ածանցյալ ստեղծագործության նկատմամբ, արգելել պատասխանողների կողմից հեղինակային ստեղծագործությունների օգտագործումը, բռնագրավել և ոչնչացնել պատասխանողների կողմից իրենց հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների բոլոր նմանակված օրինակները, «Ջոինթ Ֆայնենշլ Գրուպ» ՍՊ ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 6.200.000 դրամ որպես հեղինակային իրավունքի խախտման հետևանքով ստացած եկամուտ:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.09.2001թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.12.2001թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի և վճռվել է ճանաչել Ռոբերտ Ավագյանի և Գևորգ Մալխասյանի հեղինակային իրավունքները «Իրտեկ» իրավական, տեղեկատվական, որոնողական համակարգի, նրա տվյալների բազայի, իրավական ակտերի ժողովածուի, իրավական ակտերի մշակման, իրավական ակտերի ժողովածուից օգտվելու համակարգչային կիրառական ծրագրի, դասակարգիչի և ժողովածուում ընդգրկված տեքստերի ձևավորման նկատմամբ: Արգելել «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ և «Մաստերս Կոնսալտինգ Գրուպ» ՍՊ ընկերությունների կողմից Ռ. Ավագյանի և Գ. Մալխասյանի հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների օգտագործումը, բռնագրավել և ոչնչացնել պատասխանողների կողմից հայցվորների հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործություններին բոլոր նմանակված օրինակները: «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ ընկերությունից հօգուտ հայցվորների բռնագանձել 2.500.000 դրամ որպես հեղինակային իրավունքների խախտման հետևանքով ստացված եկամուտ:

Բողոքը բերվել է դատավարական և նյութական իրավունքի խախտման հիմքերով:

Բողոքում պատճառաբանվել է, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9, 21, 28, 31, 52, 53, 60, 122, 130 և 218 հոդվածների պահանջները: Բողոքում պատճառաբանվել է նաև, որ վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1114 և 1118 հոդվածները, սխալ է մեկնաբանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4, 5, 22 և 23 հոդվածները:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.12.2001թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Պալատը, վերանայելով դատարանի վճիռը, վերլուծելով գործի նյութերը և բողոքի փաստարկները, գտավ, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.12.2001թ. վճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ:

Գործի քննությամբ պարզվեց, որ հայցվորները, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերամշակմամբ, համատեղ ստեղծել են հավաքածո ստեղծագործություն, որն իրենից ներկայացնում է հեղինակային իրավունքի օբյեկտ համարվող համակարգչային ծրագիր` «Իրտեկ», իրավական, տեղեկատվական, որոնողական համակարգ, որը 20.01.97թ. թիվ 00120 համարի տակ գրանցվել է ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում և հայցվորներին տրվել է հեղինակային իրավունքի օբյեկտի գրանցման համապատասխան վկայական (հ. 1, գ.թ. 11-13): «Իրտեկ» ՓԲ ընկերությանը սահմանված կարգով տրվել է նաև օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման թույլտվություն (հ. 1, գ.թ. 84-86):

Վերաքննիչ դատարանը պարզելով վերը նշված հանգամանքները և պատճառաբանելով, որ «պատասխանողների կողմից թույլ է տրվել հայցվորների հեղինակային իրավունքի խախտումներ, այն է` պատասխանողներից «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ ընկերությունը վերցրել է «Իրտեկ» համակարգում ընտրված և տեղաբաշխված 13.000 և ավելի իրավական ակտերից թվով մոտ 10 հազարը և դրանք նույն ընտրությամբ և տեղաբաշխման նույն սկզբունքներով օգտագործել է «A-laws//» համակարգչային ծրագրում, ամբողջությամբ օգտագործել է «Իրտեկ» համակարգի առանձին դրույթներ, իրականացնելով նաև «Իրտեկ» համակարգի համակարգչային ծրագրի ապաբանաքաղում` (դեկոմպիլյացիա) այսինքն ծրագրի օբյեկտային կոդի վերափոխում դրա ելքային տեքստից: Հայցվորները իրենց համակարգում ընդգրկված իրավական ակտերի տեքստերը ձևավորել են առանձնահատուկ կարգով` հիմք ընդունելով իրավական ակտի տեսակը, դրանք ընդունող մարմինների առանձնահատկությունները, DOS ծրագրային համակարգի հնարավորությունները և այլ առանձնահատկություններ: Նշված այս սկզբունքները նույնությամբ կրկնվում են «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊ ընկերության համակարգում ընդգրկված այն իրավական ակտերում, որոնք վերցվել են «Իրտեկ» համակարգից, իսկ մնացած ակտերն ունեն այլ ձևակերպում: «Մաստերս Կոնսալտինգ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող համակարգչում հայտնաբերվել է հայցվորներին պատկանող համակարգչային ֆայլը, որի օգտագործման իրավունք նա չի ունեցել: Փաստորեն հարակից պատասխանողն ապօրինի օգտագործել է հայցվորների հեղինակային իրավունքի օբյեկտը» (հ. 8, գ.թ. 302), ինչպես նաև հիմք ընդունելով գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1137 հոդվածով, որի համաձայն առանց իրավատիրոջ հետ պայմանագիր կնքելու ստեղծագործությունն օգտագործող իրավախախտողը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները` ներառյալ բաց թողնված օգուտը, իրավացիորեն հայցը բավարարել է մասնակի` նկատի ունենալով դատաքննությամբ հաստատված ապացույցներով պատասխանող ընկերության 2000թ. ստացած հասույթը:

Դատավարական և նյութական իրավունքի խախտումների վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները հիմնավոր չեն, քանի որ վերաքննիչ դատարանի վճռով գնահատված են գործում առկա բոլոր ապացույցները, իսկ համապատասխան նորմատիվ ակտերից վճռում կատարված են բառացի մեջբերումներ` առանց որևէ մեկնաբանումների:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239 հոդվածներով, պալատը

 

ՈՐՈՇԵՑ

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.12.2001թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` ստորագրություն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` ստորագրություններ

 

Իսկականի հետ ճիշտ է` Ս. Գյուրջյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.02.2002
N 3-147(ՎԴ)
Որոշում