Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-4-րդ մասերի`

Ազգային ժողովը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրին` համաձայն հավելվածի:

 

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                 Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

2021 թվական, օգոստոսի 26

Երևան

ԱԺՈ-002-Ն

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 18-ի

N 1363-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (2021-2026 ԹԹ.)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՕԳՈՍՏՈՍ 2021 Թ.

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1.1 ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ 1.3 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 1.4 ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ 2. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 2.1 ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ 2.2 ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 2.3 ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ 2.4 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 2.5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ 2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ 2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 2.8 ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 3.1 ՏՐԱՆՍՊՈՐՏ 3.2 ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 3.3 ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 3.4 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ 4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 4.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 4.2 ՄԻԳՐԱՑԻԱ 4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 4.4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4.5 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 4.7 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ 4.8 ՍՊՈՐՏ 4.9 ՄՇԱԿՈՒՅԹ 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 5. ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ 5.1 ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 5.2 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 5.3 ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 5.4 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 5.5 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ 5.6 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 6. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ 6.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ 6.2 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 6.3 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 6.4 ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ 6.5 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ 6.6 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ 6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 6.8 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 6.9 ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 6.10 ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:

Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների` խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները` հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց:

Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը` ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային:

Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միաժամանակ, ժողովրդավարության թյուրընկալումը` որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը:

 

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են`

Հայոց արդիականացվող բանակը

Մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի:

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները:

Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը

Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումն սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք:

Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:

Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը:

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և (կամ) զարգացումը: Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը

Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում ևս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:

Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը

Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը:

Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես`

- սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում,

- սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,

- պետական սահմանի ինժեներական կահավորում,

- սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին:

 

Ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններ են շարունակում մնալ ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային և միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների` Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ահաբեկչական սպառնալիքները ժամանակին բացահայտելու ու չեզոքացնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը: Իրականացվելու են ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի, շահագրգիռ միջազգային և միջպետական այլ կառույցների, ինչպես նաև գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Միջոցառումներ են իրականացվելու Հայաստանի Հանրապետության կարևոր օբյեկտների և ենթակառուցվածքների հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, դրա իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, ընդունման, ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցման ու շարունակական կատարելագործման ուղղությամբ:

Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը

Իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում` կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության` ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Աղետներին դիմակայունության բարձրացումը

Տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրները` բնակլիմայական, տեխնածին ու մարդածին աղետները, պատերազմները, համաճարակներն ու ահաբեկչությունները, կլիմայական համընդհանուր (գլոբալ) փոփոխությունները, ինստիտուցիոնալ թույլ կառավարումը, ժողովրդագրական փոփոխությունները, պատճառ են դառնում ներքին անկայուն իրավիճակի առաջացման, որի կառավարումը լրացուցիչ ուժեր ու միջոցներ է պահանջում պետությունից: Այդ առումով ստեղծվելու է ներդաշնակ անվտանգ միջավայր` աղետներին դիմակայունության բարձրացման, ռիսկերի նվազեցման, իրազեկման ու կրթվածության արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:

Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում` Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա` խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից:

Աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու և ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր:

Տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը

Զարգացող և հարկունակ տնտեսությունը պիտի գոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական միջազգային չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսությունը: Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:

 

1.1 ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:

. Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը: Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը ևս կարևորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր` ռազմավարական երկխոսության մակարդակի: Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ` ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այդ թվում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի:

. Կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից: Քաղաքական ոլորտում առկա գործակցությանը զուգահեռ` հստակ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար: Կառավարությունը հատուկ կարևորություն է տալու Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում:

. Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը` հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը` ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունն սկսելու ուղղությամբ: Կառավարությունն իրականացնելու է առաջիկա հինգ տարիների համար Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ եվրո աջակցության ներքո նախատեսված ծրագրերը: Աջակցությունն ուղղվելու է Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթ յոթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի` որպես կանաչ և խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:

. Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին: Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը` տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

. Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է է՛լ ավելի զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ: Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում` ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը:

. Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն: Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը: Կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

. Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, որը կարող է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման խթան դառնալ: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով: Եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար: Այդ նպատակով Կառավարությունը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել: Միաժամանակ, Կառավարությունը կարծում է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի` հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին հայտարարության և դրանից բխող հետագա պայմանավորվածությունների, այդ թվում` բոլոր գերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձնելու պայմանի չկատարումը, ի հավելումն հումանիտար և միջազգային իրավական խնդիրների, առաջացնում է անկայունություն և նոր վտանգներ: Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններն ու նկրտումները, ուժի կիրառման սպառնալիք պարունակող ռազմաշունչ հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին: Հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ Կառավարությունը հանդես է եկել հրապարակային առաջարկներով և միջոցներ է ձեռնարկելու այդ առաջարկություններն իրագործելու ուղղությամբ:

. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա: Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Առաջ գնալով առանց նախապայմանների` կողմերը պետք է գործակցեն` ձևավորելու փոխվստահության մթնոլորտ` աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով:

. Կառավարությունը նախաձեռնող է լինելու Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների կայացման ուղղությամբ:

. Կառավարությունը նպաստելու է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ներառյալ հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովմանը:

. Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:

. ԵԱՏՄ-ի շրջանակներում Կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները` միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը:

. ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը` Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը` ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության:

. Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարևորվել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

. Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում` կարևորելով կառույցի դերն ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ համաշխարհային/համընդհանուր մարտահրավերների ձևակերպման և դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:

. Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:

. Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ-ի շրջանակներում ընթացող գործընթացներին` ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեագրման կարևոր հարթակ է, և որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

. Կարևորվելու են ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես միջազգային այն կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը, կամ որոնց հետ կան ձևավորված գործակցության ձևաչափեր:

Նոր մոտեցումներ դիվանագիտության մեջ

Հայաստանի դիվանագիտական ազգային համակարգը ձևավորված և ավանդույթներ ունեցող ինստիտուտ է: Միաժամանակ, անհրաժեշտ է արդի միտումներին ու զարգացումներին համահունչ բարեփոխումներ իրականացնել արտաքին քաղաքականության ձևակերպման, կառավարման ու իրականացման գործընթացներում: Այս առումով առաջիկա հինգ տարիներին Կառավարությունը շեշտադրելու է հատկապես տնտեսական և իրավական դիվանագիտության զարգացումը:

. Կառավարությունն արդիականացնելու է տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները, որը նպաստելու է Հայաստանի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներհոսքի զգալի աճին, արտաքին առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացի խթանմանը, հետազոտությունների ու մշակումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջության ծավալների աճին, հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:

. Միջազգային իրավունքն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումը կարևոր գործիք են արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Կառավարությունը զարգացնելու է իրավական դիվանագիտության գործիքակազմն արտաքին քաղաքականության մեջ և նպաստելու է նորմերի ու կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի առաջխաղացմանը: Իրավական գործիքակազմի համակարգված ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա միջազգային իրավական ռեժիմի շրջանակներում խթանելու և առաջ մղելու հայությանը մտահոգող հարցերն ու խնդիրները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը:

 

1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

 

Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ` հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում` ինքնորոշման իրավունքի հիման վրա:

. Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:

. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

. Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը:

 

1.3 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը: Ընդ որում, բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն և մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում:

Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է` հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները: Հաշվի են առնվում նաև ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և մարտավարության փոփոխություններն աշխարհում: Սրանով պայմանավորված` Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա: Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ:

Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը:

Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով` հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ` իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով: Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ` լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:

Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:

. Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները` առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը` ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները:

. Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ` ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում` պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների: Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման և որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:

. Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ է հետապնդում հասնելու արդյունավետության բարձրացման, մասնավորապես ձևավորվելու են մեծ շարժունակությամբ օժտված մարտական կազմավորումներ:

. Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:

. Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը: Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:

. Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Վերանայվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օպերատիվ, մարտական և զորահավաքային պատրաստության գործընթացները, որոնք համապատասխանեցվելու են Զինված ուժերին առաջադրված խնդիրներին և դրանց իրականացման պահանջներին: Ռազմական գործողությունների բնույթի կերպափոխման, տեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացի, տեղեկատվական ու հոգեբանական ազդեցությունների ավելացման պայմաններում ռազմական կրթությունը լինելու է ապագայամետ` նախապատրաստելով հնարավոր պատերազմներին պատրաստ արհեստավարժ զինվորականներ: Կառավարությունը հետամուտ է լինելու նաև ռազմական գիտության զարգացմանը, որի շրջանակներում վերանայվելու են պատերազմավարման հիմնադրույթները, մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը:

. Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը:

. Իրականացվելու են ծրագրեր` ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը: Այդ ծրագրերի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը:

. Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները: Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:

. Կառավարությունը կատարելագործելու է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու է Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և առավելագույն ջանքեր է գործադրելու ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ:

. Կառավարությունը բարձրացնելու է ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը:

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:

 

1.4 ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ

 

Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի` հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:

. Կառավարությունը սփյուռքի համայնքները չի դիտարկում որպես հայաստանյան և համահայկական խնդիրները լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների և դրանց լուծմանն ուղղված օրակարգերի ձևավորման գործուն մասնակից: Կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը սփյուռքի կառույցների և անհատների հետ: Սփյուռքի համայնքների հետ աշխատանքներում Կառավարությունը սերտորեն համագործակցելու է հայկական համայնքներ ունեցող երկրների կառավարությունների հետ:

. Կառավարությունը շարունակելու է իրականացնել թիրախային ուսումնասիրություններ` գնահատելու սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-սփյուռք գործակցությունից և մշակելու է հասցեական քաղաքականություն:

. Հայաստանի կյանքին առավել հաղորդակից, կապված և այդ կյանքում ներգրավված սփյուռք, ավելի շատ հայրենադարձ երիտասարդություն ունենալու նպատակով Կառավարությունը շարունակելու է մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ:

. Նախատեսվում է մշակել և իրագործել գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման ու զարգացման քաղաքականություններ և ծրագրեր:

. Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով նախատեսվում է շարունակել սփյուռքահայերի` հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելը դյուրացնելու գործընթացը:

. Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները, կազմակերպել արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և լրացուցիչ ուսումնական ծրագրերում:

. Նախատեսվում է սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն վարել` համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ: Սփյուռքում նախատեսվում է իրականացնել կրթական գործընթացի բարելավում և արդիականացում, կազմակերպել մանկապատանեկան և երիտասարդական համահայկական կրթական և մշակութային միջոցառումներ:

. Քայլեր են ձեռնարկվելու` շարունակաբար նպաստելու սփյուռքում մանկավարժական և համայնքային կադրային բազայի (մասնագիտական հենքի) ձևավորմանը, ուսուցչական կազմի կարողությունների հզորացմանը:

. Ընդլայնվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
26.08.2021
N ԱԺՈ-002-Ն
Որոշում